ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՎԱՐԸ ՑՐԵԼՈՎ ՄԱՅԻՍ 23
Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա: Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, և մառախուղն’ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, և Նրա փառքը երևում է քեզ վրա: Եսայիա 60.1, 2: YRPArm 154.1
Եկեղեցին նշանակվել է որպես միջնորդ, որի միջոցով աստվածային լույսը պետք է շողա այս աշխարհի բարոյական խավարի վրա, և ար-դարության Արևի խաղաղություն պարգևող շողերն ընկնեն մարդկանց սրտերի վրա: Անհատների և ընտանիքների հետ անձնական աշխատանքը կազմում է Աստծո բարոյական այգում կատարվելիք աշխատանքի մի մասը: Խոնարհությունը, համբերատարությունը, հանդուր-ժողականությունը, Քրիստոսի սերը պետք է բացահայտվեն տներում: Եկեղեցին պետք է վեր կենա և փայլի: ճառագելով Հոգով և ճշմարտության ուժով՝ Աստծո ժողովուրդը պետք է գնա խավարում խորտակված աշխարհ՝ ցույց տալու Աստծո փառքի լույսը: Աստված մարդկանց օժտել է մտքի ազնիվ ուժով, որպեսզի աշխատեն ի պատիվ Իրեն, և ավետարանչական աշխատանքում մտքի այս ուժերը կանչվում են ի գործ: Օրըստօրե իմաստության ավելացում ու Աստծո պարգևների զարգացում կնկատվի Նրա ծառաների մոտ, և կաճի Քրիստոսի գիտությունը: YRPArm 154.2
Նա, Ով խոսում էր այնպես, ինչպես երբեք ոչ ոք չի խոսել, Ով կրում էր մարդկության հանդերձը, մինչ օրս Մեծագույն Ուսուցիչն է: Ու հետևելով Նրա հետքերին՝ երբ փնտրեք կորուսյալներին, հրեշտակները ձեզ ավելի մոտ կլինեն, և Աստծո Հոգու լուսավորությամբ մեծ գիտելիք ձեռք կբերեք՝ լավագույն ձևով իրականացնելու այն աշխատանքը, որը ձեզ է վստահվել: YRPArm 154.3
Նրանք, ովքեր պետք է լինեին աշխարհի լույսը, տարածեցին միայն թշվառ և տկար շողեր: Ի՞նչ է լույսը: Դա բարեպաշտություն է, բարություն, ճշմարտություն, ողորմություն, սեր, դա ճշմարտության բացահայտումն է բնավորության մեջ և կյանքում: Ավետարանի եռանդուն իշխանությունը կախված է դրան հավատացողների անձնական բարեպաշտությունից, և Աստված Իր սիրելի Որդու մահվան միջոցով նախապատրաստեց յուրաքանչյուր մարդու ամեն բարի գործերի համար: Ամեն անհատ պետք է լինի պայծառ և փայլող լույս՝ ցույց տալով Նրա փառքը, Ով կանչեց մեզ խավարից դեպի Իր հրաշալի լույսը: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. մարտի 24: YRPArm 154.4