ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

87/367

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 26

Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Եբրայեցիս 10.35: YRPArm 94.1

Հովհաննեսն ասում է. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նրան, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ: Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից» (Ա Հովհաննես 5.14, 15): Եկեք ավելի մանրամասնորեն արծարծենք այս կետերը մարդկանց մեջ, որպեսզի նրանց գաղափարները խորանան, հավատը՝ աճի: Նրանք պետք է քաջալերվեն մեծ բաներ խնդրել և առանց կասկածի ակնկալել Նրա շնորհի հարստությունները, քանի որ Հիսուսի միջոցով մենք կարող ենք մտնել Բարձրյալի սրահները: Նրա արժանիքների շնորհիվ մենք մեկ Հոգու միջոցով հասանելիություն ունենք Հորը: YRPArm 94.2

Օ՜, եթե մենք աղոթքի ավելի խորը փարձառություն ունենայինք: Վստահաբար կարող ենք գալ Աստծուն՝ իմանալով, թե ինչ է նշանակում ունենալ Նրա Սուրբ Հոգու ներկայությունն ու զորությունը: Մենք կարող ենք խոստովանել մեր մեղքերը, և հենց տեղում, մինչ ներում ենք խնդրում, իմանանք, որ Նա ներել է մեր մեղքերը, քանի որ խոստացել է ներել: Մենք պետք է կիրառենք հավատը և ի ցույց դնենք իսկական ջերմեռանդություն ու խոնարհություն: Մենք սա երբեք չենք կարող անել առանց Սուրբ Հոգու շնորհի: Պետք է ընկնենք Հիսուսի ոտքերի առաջ, չփայփայենք ոչ մի եսասիրություն, չբարձրացնենք մեր անձը, այլ պարզությամբ փնտրենք Տիրոջը՝ խնդրելով Նրա Սուրբ Հոգին, ինչպես փոքր երեխան հաց է խնդրում իր ծնողներից: YRPArm 94.3

Հարկավոր է, որ մենք անենք մեր հասանելիքը, ընդունենք Քրիստոսին որպես մեր Փրկիչ, և կանգնելով Գողգոթայի խաչի առաջ՝ «Նայենք և ապրենք»: Աստված Իր զավակներին առանձնացնում է Իր համար: Եվ երբ նրանք միանում են Նրան, ուժ են ունենում Աստծով և հաղթում են: Մենք ինքներս ոչինչ անել չենք կարող, սակայն Նրա Սուրբ Հոգու շնորհով մեզ տրվում է կյանք ու լույս, և հոգին լցվում է կարոտագին և ջերմագին ցանկությամբ առ Աստված ու սրբություն: Այնուհետև Քրիստոսն առաջնորդում է մեզ դեպի շնորհի գահն ու հագցնում Իր արդարությունը, քանի որ երկնային Տեր Աստվածը սիրում է մեզ: Մենք պետք է դիտմամբ կույր և կամակոր դառնանք, որպեսզի կասկածենք, որ Նրա սիրտը մեր կողմն է ուղղված: Մինչ Հիսուսը՝ մեր Միջնորդը, խնդրում է մեզ համար երկնքում, Սուրբ Հոգին աշխատում է մեր մեջ կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Ողջ երկինքն է հետաքրքրված մարդկանց փրկությամբ: Ապա ի՞նչ պատճառ ունենք մենք կասկածելու, որ Տերը կօգնի և օգնում է մեզ: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3: YRPArm 94.4