ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

206/367

ՕԺՏՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 23

Եվ Սամարացիների այն քաղաքից շատերը հավատացին Նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայում էր, թե’ Ասեց ինձ բոլորը, ինչ որ գործել էի: Արդ երբ որ Սամարացիները Նրա մոտ եկան, Նրան աղաչեցին, որ իրենց մոտ մնա, և երկու օր մնաց այնտեղ: Եվ էլ շատերը հավատացին Նրան’ Նրա խոսքի համար: Եվ այն կնոջն էլ ասում էին, թե’ Այլևս քո խոսքերի պատճառով չենք հավատում, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ ճշմարտապես Սա է աշխարհի Փրկիչը’ Քրիստոսը: Հովհաննես 4.39-42: YRPArm 217.1

Կանայք լավ գործ կարող են իրականացնել Աստծո համար, եթե նախ և առաջ սերտեն խոնարհության թանկագին, կարևորագույն դասերը Քրիստոսի դպրոցում: Նրանք կկարողանան օգուտ տալ մարդկությանը՝ նրանց ներկայացնելով Հիսուսի լիությունը: Երբ եկեղեցու յուրաքանչյուր անդամ գիտակցի իր սեփական անհատական պարտականությունը, երբ նա խոնարհաբար սկսի այն գործը, որը ներկայանում է իր առջև, գործը հաջող կգնա: Աստված ամեն մարդու աշխատանք է տվել համաձայն իր որոշ ունակությունների: YRPArm 217.2

Հեշտ առաջադրանք չի լինի Տիրոջ համար աշխատելը այս դարում: Բայց որքա՜ն մոլորություններից կարելի է խուսափել, եթե աշխատողները շարունակաբար ապավինեն Աստծուն և պարտաճանաչ կերպով հետևեն Նրա տված ուղիներին: Նա ասում է. «Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհի պես, որ մեզ տրված է. թե մարգարեություն՝ հավատի չափով մարգարեանանք, թե պաշտոն՝ պաշտոնում լինենք. թե մեկը սովորեցնող է՝ վարդապետության մեջ լինի: Թե մխիթարող է՝ մխիթարության մեջ, բաշխողը՝ զվարթությունով, վերակացու դրվածը՝ ջանքով, ողորմողը՝ հոժարությունով» (Հռոմեացիս 12.6-8): YRPArm 217.3

Սա մի թեմա է, որը պահանջում է մանրակրկիտ, քննադատական ուսումնասիրություն: Շատ սխալներ են թույլ տրվում, որովհետև մարդիկ չեն հետևում այս ցուցումներին: Շատերը, ում վստահված է Տիրոջ համար փոքրիկ աշխատանք կատարելը, շուտով հիասթափվում են և կարծում, թե պետք է լինեն ուսուցիչներ և առաջնորդներ: Նրանք ցանկանում են թողնել իրենց համեստ ծառայությունը, որն իր տեղում նույնքան կարևոր է, որքան ավելի մեծ պարտականությունները: Նրանք, ում հանձնարարված է այցելություններ անել, շուտով կարծում են, թե մեկ ուրիշը կարող է կատարել այդ գործը, մեկ ուրիշը կարող է ասել կարեկցանքի և քաջալերանքի խոսքեր և առաջնորդել մարդկանց խոնարհ և հանդարտ ճանապարհով դեպի Սուրբ Գրքի ճիշտ ընկալումը: Սակայն դա մի գործ է, որը պահանջում է ավելի շատ շնորհ, ավելի մեծ համբերություն և ընդմիշտ աճող իմաստության պաշար: Ձեռագրեր 11.278, 279: YRPArm 217.4