ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

12/25

Գլուխ 11—Եռանդ ծառայության մեջ

Եռանդ և ցանկություն։ Հաջողությունը կախված է ոչ այնքան տաղանդից, որքան եռանդից ու ցանկությունից: Հիանալի տաղանդներով օժտված լինելը չէ, որ մեզ թույլ է տալիս արժանի ծառայություն կատարել, այլ առօրյա պարտականությունների գի-տակցված կատարումը, բավարարված ոգին, այլոց բարօրության հանդեպ բնական, անկեղծ հետաքրքրությունը: Ամենահամեստ աշխատանքում կարելի է տեսնել ճշմարիտ գերազանցություն: Սիրով և հավատարմությամբ կատարված ամենասովորական հանձ-նարարություններն Աստծո աչքում հիանալի են (Մարգարեներ և թագավորներ, 219 [1916]): CMArm 74.1

Տեղ չկա պարապության համար։ Ոչ ոք չպետք է մտածի, թե ինքը կարող է ձեռքերը ծալած պարապ նստել: Բացարձակապես հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը փրկվի պարապության և անգործության մեջ: Մտածեք, թե ինչ կատարեց Քրիստոսն Իր երկրային ծառայության ժամանակ: Որքան անկեղծ, անդուլ էին Նրա ջանքերը: Ոչինչ չէր կարող Նրան կտրել Իրեն հանձնարարված գործից: Արդյո՞ք մենք Նրա հետքերով ենք գնում: Նա հրաժարվեց ամեն ինչից, որպեսզի կատարի ընկած մարդկության հանդեպ Աստծո ողորմած ծրագիրը: Երկնային նպատակներն իրագործելու համար Նա Իրեն հնազանդեցրեց անգամ մինչև խաչի մահ: Նա անմեղ էր, Նա մեղք չգիտեր, սակայն այս երկիր եկավ և Իր անմեղ հոգու վրա վերցրեց ընկած մարդկության հանցանքը, որպեսզի մեղավորները կարողանան Աստծո առաջ արդարացված կանգնել: Նա պայքարում էր գայթակղության դեմ’ այն հաղթահարելով հանուն մեզ: Մաքուր և անարատ Աստծո Որդին կրեց մեղքի պատիժը, մահվան հարվածն ընդունեց և մարդկային ցեղին ազատություն բերեց (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 20, 1903): CMArm 74.2

Անձնվեր աշխատանք։ «Ջանքի մեջ թույլ չլինե՜ք, հոգով ջերմեռա՜նդ եղեք, Տիրոջը ծառայե՜ք»: Այս խոսքերն ուղղված են Աստծո ծառաներին: Անտարբերությունն ու անհոգությունն ան-համատեղելի են բարեպաշտության հետ: Երբ գիտակցում ենք, որ Աստծո համար ենք աշխատում, պետք է ձեռք բերենք հոգևոր ծառայության սրբության բարձր զգացում: Այդ բանի գիտակցումը կյանք կներշնչի, ջանք ու անսպառ եռանդ’ ցանկացած պարտք կատարելու համար: Մաքուր և չապականված կրոնը չափազանց գործնական է: Ազնիվ, անձնվեր աշխատանքից բացի ոչինչ հոգիների փրկություն չի բերի: Յուրաքանչյուր պարտականություն մենք պետք է համարենք Աստծո ծառայություն, ինչը կնպաստի մեր մասնագիտական աճին, քանի որ մենք այն կտեսնենք հավի-տենության լույսի ներքո (Նամակ 43 [1902]): CMArm 75.1

Հետևողականություն և արագություն։ Ծույլերը պետք չեն Աստծո գործում, Աստծուն պետք են խոհուն, մեղմաբարո, գործի համար սրտացավ, ազնիվ աշխատողներ... Նրանք, ովքեր ձեռք չեն բերել տքնաջան աշխատանքի և ժամանակը տնտեսելու սո-վորություններ, պետք է կանոններ մշակեն, որոնք հետևողակա-նություն ու արագություն կսովորեցնեն իրենց (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 411 [1880]): CMArm 75.2

Կանո'ւխ վեր կացեք, անդուլ կերպով աշխատե'ք։ Գրական ավետարանչի աշխատանքը այն դեպքում նրան կբարձրացնի և հաջողություն կբերի, եթե նա իր գործը ազնիվ, անկեղծ, համբերատար ու անդուլ կերպով կատարի: Նա իր սիրտը պետք է ներդնի աշխատանքի մեջ: Նա պետք է կանուխ վեր կենա և աշխատի’ ճիշտ օգտագործելով Աստծուց իրեն տրված ընդունակությունները: Ճանապարհին դժվարություններ կհանդիպեն, որոնք հարկ կլինի հաղթահարել անխոնջ հաստատակամությամբ: Գործի մեջ աստիճանաբար հավասարակշռված բնավորություն կձևավորվի: Վեհ բնավորությունները ձևավորվում են փոքր գործերի և ջանքերի շնորհիվ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 18 [1902]): CMArm 75.3

Հավատարիմ պարտքին։ Նրանք, ովքեր հանձն են առել գրական ավետարանչի գործը, զերծ չեն լինի վտանգներից, եթե իրենց աշխատանքի մեջ բարեխիղճ ու հետևողական չլինեն: Շար-ժուձևի անփությունը, մտքով ծուլանալն ու մակերեսային գիտե-լիքներով բավարարվելու վտանգը միշտ առկա է: Գրական ավետարանչի աշխատանքը պահանջում է պարտքի հավատարիմ կատարում, քանի որ այն կարևոր է և սրբազան (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 20,1890): CMArm 75.4

Հստակություն և ջերմեռանդություն։ Հիշե'ք. որ ոլորտում էլ ծառայեք, գործի մեջ դուք բացահայտում եք ձեր բնավորությունը կերտող դրդապատճառները: Ինչով էլ որ զբաղվեք, ձեր գործը հստակ ջերմեռանդ կատարե՜ք, պայքարե՜ք հեշտ առաջադրանքներ փնտրելու հակման դեմ (Ապաքինման ծառայություն, 499 [1905]): CMArm 76.1

Երբ ջերմեռանդությամբ գործենք մեր եղբայրների փրկության համար, Աստված կօրհնի մեր յուրաքանչյուր ջանքը (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 89 [1909]): CMArm 76.2

Գործի անցնելով’ գրական ավետարանիչը չպետք է շեղվի, նա պետք է խոհեմաբար և ջանադիր ձգտի իր նպատակին: Գրականությունը տարածելիս նա չպետք է բաց թողնի այն հոգիներին օգնելու հնարավորությունը, ովքեր լույս են փնտրում և մխիթարության խոսքերի կարիք ունեն Սուրբ Գրքից: Եթե գրական ավետարանիչը Աստծո հետ է քայլում, եթե նա աղոթում է երկնային իմաստնության համար, որպեսզի իր աշխատանքով միմիայն օրհնություն բերի, նա արագորեն կզանազանի իր հնարավորություն ները և այն հոգիների կարիքները, որոնց հետ շփվում է: Նա մինչև վերջ կօգտագործի ցանկացած հնարավորություն’ հոգիներին Քրիստոսի մոտ բերելու համար: Քրիստոսի հոգով նա պատրաստ կլինի խոսքով զորացնելու ուժասպառին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 339 [1900]): CMArm 76.3

Կիսվեք քաջալերող փորձառությամբ։ Նրանք, ովքեր Տիրոջ համար աշխատելով, այդպիսի փորձառություն են ձեռք բերել, թող մեր թերթերում գրեն դրա մասին, որպեսզի ուրիշներն էլ կարողանան քաջալերվել: Թող գրական ավետարանիչը պատմի ուրախության և օրհնության մասին, որոնք ստացել է իր ավետարանչական ծառայության ժամանակ: Մեր թերթերում պետք է տեղ գտնվի այդ պատմությունների համար, քանի որ դրանց ազդեցությունը շատ խորն է: Դրանք քաղցր անուշահոտության նման կլինեն եկեղեցում, «կյանքի հոտ դեպի կյանք»: Այդպիսով կարելի է համոզվել, որ Աստված աշխատում է նրանց հետ, ովքեր համագործակցում են Իր հետ (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 336 [1900]): CMArm 76.4