ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

17/69

ԳԼՈՒԽ 13 - «Ի՞ՆՉ ՈՒՆԵՍ ԱՅՍՏԵՂ»

*****

Այս գլուխը հիմնված է Գ Թագավորաց 19.9-18 համարների վրա:

Եղիան կանգ առավ Քորեբ լեռան վրա, ու թեև նա թաքնված էր մարդկանցից, Աստված լավ գիտեր նրա տեղը: Հոգնատանջ ու թուլացած մարգարեն մենակ չէր թողնված իրեն ճնշող խավարի ուժերի դեմ պայքարում: Աստված դիմավորեց նրան նրա ապաստանած քարայրի մուտքի մոտ’ ուղարկելով մի հուժկու հրեշտակի, որ վերջինս պարզի, թե ինչ կարիքներ ունի Եղիան և նրա համար պարզ դարձնի աստվածային նպատակը Իսրայելի վերաբերյալ: ՄԹ 124.1

Մինչև Եղիան չսովորեր կատարելապես վստահել Աստծուն, նա չէր կարող կատարել իրեն տրված գործը Բահաղի երկրպագությամբ հրապուրված մարդկանց շրջանում: Կարմեղոսի բարձունքներում տարած փայլուն հաղթանակն ավելի մեծ հաղթանակների հնարա-վորություն էր բացել, սակայն Հեզաբելի ահից Եղիան փախել էր իր առջև բացված այդ հրաշալի հնարավորություններից: Աստծո մարդը պետք է սովորեր հասկանալ իր ներկա վիճակի թույլ կողմերը’ հա-մեմատած այն նպաստավոր հիմքի հետ, որի վրա Աստված պատ-րաստվում էր դնել նրան: [167] ՄԹ 124.2

Հանդիպելով իր փորձված ծառային’ Աստված հետաքրքրվեց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա: Ես ուղարկեցի քեզ Քերիթ հեղեղատ և հետո սարեփթացի որբևայրու մոտ: Հանձնարարեցի վերադառնալ Իսրայել և կանգնել Կարմեղոսի կռապաշտ քահանաների առջև, ուժ տվեցի, որ կարողանաս ուղեկցել թագավորի կառքը մինչև Հեզրայելի դարպասները: Իսկ ո՞վ դրդեց քեզ այս հապճեպ փախուստին դեպի անապատ: Ի՞նչ հանձնարարականով ես դու այստեղ»: ՄԹ 124.3

Հոգու տրտմությամբ, ողբալով’ Եղիան սիրտը բացեց Աստծո առաջ. «Ես մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են. Եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու»: ՄԹ 125.1

Մարգարեին քարայրից հեռանալու կոչ անելով’ հրեշտակը հրամայեց նրան կանգ առնել լեռան վրա’ Տիրոջ առաջ, և լսել Նրա խոսքը. «Եւ ահա Տէրը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տէրն այն հողմի մէջ չէր: Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր: Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. Եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն: Եւ եղաւ երբոր Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուովը եւ դուրս եկաւ ու կանգնեց քարայրի դռանը»: ՄԹ 125.2

Աստված Իր ծառային երևալու համար ընտրեց ոչ թե աստվածային ուժի հուժկու դրսևորումներ, այլ «մի մեղմ ու բարակ ձայն»: Նա ցանկանում էր սովորեցնել Եղիային, որ բուռն ակտիվությունը միշտ չէ, որ Նրա նպատակի իրականացման առավել հաջող միջոցն է: Մինչ Եղիան սպասում էր [168] Տիրոջ հայտնվելուն, փոթորիկ սահեց անցավ, կայծակներ ճայթեցին, այրող կրակ թափվեց երկնքից, սակայն Աստված նրանցից և ոչ մեկի մեջ չէր: Ապա լսվեց մի մեղմ ու ցածր ձայն, և մարգարեն երեսը ծածկեց’ Տիրոջ ներկայության առաջ կանգնած: Նրա բարկությունը մարեց, հոգին մեղմացավ ու հանդարտվեց: Հիմա նա գիտեր, որ անհրաժեշտ պահին ինքն անպայման օգնություն կստանա Աստծուց, եթե միայն անվարան վստահի Նրան: ՄԹ 125.3

Ոչ միշտ է, որ Աստծո ճշմարտության պերճախոս իմացությունն է համոզում և դարձի բերում հոգիներին: Պերճախոսությունն ու տրամա-բանությունը չեն, որ հասնում են մարդկանց սրտերին, այլ Սուրբ Հոգու քաղցր ազդեցությունը, որը, թեև հանդարտ ներգործությամբ, հիրավի վերափոխում և զարգացնում է բնավորությունը: Աստծո Հոգու հան-դարտ ու ցածր ձայնն է, որ սրտերը փոխելու ուժ ունի: ՄԹ 125.4

«Այստեղ ի՞նչ ունես, Եղիա»,հարցրեց ձայնը, և մարգարեն կրկին պատասխանեց. «Մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են, եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին էլ որոնում են սպանելու “: ՄԹ 126.1

Տերը պատասխանեց Եղիային’ ասելով, որ Իսրայելի չարագործներն անպատիժ չեն մնալու: Ընտրվելու են հատուկ մարդիկ, ովքեր կիրականացնեն կռապաշտ թագավորությանը պատժելու աստվածային նպատակը: Լուրջ աշխատանք է սպասվում. ճշմարիտ Աստծո կողմն անցնելու հնարավորություն բոլորին պետք է տրվի: Եղիան պետք է վերադառնա Իսրայել’ մյուսների հետ կիսելու բարեփոխությունների իրականացման բեռը: ՄԹ 126.2

«Ետ դարձիր գնա,հրամայեց Տերը Եղիային,քո ճանապարհովը անապատով Դամասկոս, եւ երբոր գաս’ [169] Ազայէլին Ասորիների վերայ թագաւոր օծիր: Եւ Նամեսսիի որդի Յէուին էլ թագաւոր օծիր Իսրայէլի վերայ, եւ Աբէլմաուլացի Սափատի որդի Եղիսէին էլ մարգարէ օծիր քո տեղը: Եւ կլինի որ Ազայէլի սուրիցն ազատուողին Յէուն կմեռցնէ, եւ Յէուի սուրիցն ազատուողին Եղիսէն կմեռցնէ»: ՄԹ 126.3

Եղիան կարծում էր, որ Իսրայելում միայն ինքն է մնացել, որ ճշմար-տապես երկրպագում է Աստծուն: Բայց սրտեր Կարդացողը մարգարեին հայտնեց, որ ուրիշ մարդիկ էլ կան, ովքեր ուրցության այդ երկար տարիներին էլ հավատարիմ են մնացել Աստծուն: «Ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ,ասաց Աստված,եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բահաղին եւ բոլորն էլ բերանով նորան չհամբուրեցին»: ՄԹ 126.4

Շատ դասեր կարելի է քաղել Եղիայի’ այն օրերի հուսահատության և առերևույթ պարտության կենսափորձից, դասեր, որոնք այսօր էլ մեծ արժեք են Աստծո ծառաների համար, երբ շատերն են հեռացել ճշմարտությունից: Այսօր ամենուր մեծ տարածում է գտել այն ուրացությունը, որ մարգարեի օրերում գոյություն ուներ Իսրայելում: Այսօր շատերն են հետևում Բահաղին’ մարդկայինը վեր դասելով աստվածայինից, հիանալով հանրահայտ առաջնորդներով, մամոնային երկրպագելով, գիտական տեսությունները հայտնության ճշմարտություններից գերադասելով: Կասկածն ու անհավատությունն իրենց կործանարար ազ-դեցությունն են ունենում մտքի ու սրտի վրա, և Աստծո պատգամները փոխարինվում են մարդկային տեսություններով: Հրապարակայնորեն ուսուցանվում է այն տեսակետը, որ եկել է ժամանակը, երբ մարդկային բանականությունը պետք է վերադասել Աստծո Խոսքի ուսմունքից: Աստծո օրենքը’ արդարության աստվածային չափանիշը, հայտա-րարվում է ոչ շահեկան: Ճշմարտության թշնամին [170] աշխատում է խաբեության ուժով ստիպել մարդկանց’ աստվածայինը փոխարինել մարդկային կանոններով և մոռանալ այն, ինչը տրվել է մարդուն’ եր-ջանկության ու փրկության համար: ՄԹ 126.5

Ուրացությունը, որքան էլ լայն տարածում ունի, այնուամենայնիվ, համընդհանուր չէ: Աշխարհում ոչ բոլորն են անօրեն ու հավատուրաց, ոչ բոլորն են անցել թշնամու կողմը: Աստված ունի հազարավոր մարդիկ, ովքեր ծունկ չեն խոնարհել Բահաղի առաջ, շատերը, ովքեր ձգտում են ավելի խորը հասկանալ Քրիստոսին և օրենքը, շատերը, ովքեր չեն կորցնում հույսը, որ Հիսուսը կգա շուտով’ վերջ տալու մեղքի ու մահվան թագավորությանը: Եվ կան շատերը, ովքեր Բահաղին են երկրպագել անգիտությամբ, բայց ում համար Սուրբ Հոգին դեռ շարունակում է պայքարել: ՄԹ 127.1

Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է այն մարդկանց օգնությունը, ովքեր սովորել են ճանաչել Աստծուն և Նրա Խոսքի ուժը: Այսպիսի ժամանակներում Աստծո յուրաքանչյուր զավակ պետք է եռանդուն կերպով օգնի մյուսներին: Հրեշտակները կայցելեն նրանց, ովքեր քաջածանոթ են աստվածաշնչյան ճշմարտությանը և փորձում են գտնել մարդկանց, ովքեր ձգտում են լույսին: Եվ վախենալու կարիք չկա այնտեղ, որտեղ հրեշտակներն են: Նվիրված աշխատողների հավատարիմ ջանքերի արդյունքում շատերը կռապաշտությունից դեպի կենդանի Աստծուն կդառնան: Շատերը կհրաժարվեն հարգանքի տուրք մատուցել հորինված տեսություններին և քաջաբար կկանգնեն Աստծո և Նրա օրենքի կողմը: ՄԹ 127.2

Շատ բան է կախված անկեղծ ու հավատարիմ մարդկանց մշտական ակտիվությունից, որի պատճառով էլ սատանան գործադրում է ամեն հնարավոր ջանք’ կանխելու հավատարիմների կողմից իրականացվող աստվածային ծրագիրը: Նա ստիպում է ոմանց’ տեսադաշտից կորցնել [171] վեհ ու սուրբ առաքելությունը և բավարարվել այս կյանքի հաճույքներով: Ոմանց մղում է հանգիստ հարմարվել իրենց բնակության վայրերում կամ հանուն ավելի մեծ աշխարհային հնարավորությունների’ հեռանալ այն վայրերից, որտեղ կարող էին բարին գործել: Իսկ ովքեր հանդիպում են ընդդիմության և հետապնդումների, նա ստիպում է հուսալքված փախչել իրենց պարտքը կատարելուց: Երկինքը մեծագույն ցավ է ապրում բոլորի համար: Աստծո յուրաքանչյուր զավակին, ում ձայնը հոգիների թշմանուն հաջողվել է լռեցնել, ուղղվում է հետևյալ հարցը . «Այստեղ ի՞նչ ունես»: Ես հանձնարարել եմ քեզ գնալ և ավետարանել Ավետարանն ամբողջ աշխարհում’ պատրաստելով մարդկանց Աստծո գալիք օրվան: Ինչու՞ ես դու այստեղ: Ո՞վ է քեզ ուղարկել: ՄԹ 127.3

Քրիստոսի ուրախությունը մեղավորներին փրկված տեսնելն է, ու-րախություն, որը Նրան հնարավորություն տվեց տոկալու’ կրելով զո-հաբերություն և տառապանք: Սա պետք է լինի Նրա բոլոր հետևորդ-ների ուրախությունը, նրանց ձգտումների դրդապատճառը: Նրանք, ովքեր, նույնիսկ սահմանափակ չափով գիտակցում են, թե ինչ է նշա-նակում փրկագնումը իրենց և իրենց ընկերների համար, որոշ չափով կհասկանան մարդկության մեծաթիվ կարիքները: Նրանց սրտերը կշարժվեն կարեկցանքից, երբ տեսնեն հազարավորների բարոյալքումն ու հոգևոր աղքատությունը, ում սարսափելի դատավճիռ է սպասվում, որի համեմատ ֆիզիկական տառապանքները ոչինչ են: Ինչպես անհատ մարդկանց, այնպես էլ ընտանիքներին է ուղղվում հարցը. «Այստեղ ի՞նչ ունես»: Եկեղեցիներում կան ընտանիքներ, որոնք քաջածանոթ են Աստծո խոսքի ճշմարտություններին, որոնք կարող են ընդլայնել իրենց ազդեցության շրջանակները’ տեղափոխվելով այն վայրերը, որտեղ կա իրենց ծառայության կարիքը: Աստված կոչ է անում քրիստոնյա ընտանիքներին գնալ երկրի մթության մեջ գտնվող վայրերը և խելացի ու համբերատար կերպով աշխատել հոգևոր խավարում պարուրվածների համար: [172] Այս կոչին արձագանքելու համար պահանջվում է ինքնազոհաբերություն: Մինչ շատերը սպասում են, որ բոլոր խոչնդոտները հեռացվեն, մարդիկ մահանում են’ առանց հույսի և առանց Աստծո: Հանուն երկրային շահի, հանուն գիտական ճանաչման’ մարդիկ պատրաստ են գնալ ամենավտանգավոր շրջանները և դժվարություններ ու զրկանքներ կրել: Ու՞ր են նրանք, ովքեր պատրաստ են անել նույնը’ Փրկչի մասին մարդկանց պատմելու համար: ՄԹ 128.1

Զարմանալի չէ, երբ կյանքի ծանր հանգամանքների բերումով, չափից դուրս ճնշման ենթարկվելով, հոգևորապես ուժեղ մարդիկ հուսալքվում և վհատվում են, և երբեմն նրանց այլևս ոչինչ չի ուրախացնում այս կյանքում: Այսպիսիները թող հիշեն մեծագույն մարգարեներից մեկին, ով կյանքը փրկելու համար փախչում էր գազազած մի կնոջ կատաղությունից: Փախստական, հոգնած ու ճանապարհից վաստակած, հոգին տանջող խորը հիասթափության մեջ նա մահ էր աղերսում: Սակայն հենց այն պահին, երբ հույսը մարել էր, և թվում էր’ պարտություն է կրել կյանքի գործում, նրան տրվեց կյանքի ամենաարժեքավոր դասերից մեկը. ամենամեծ թուլության ժամին նա սովորեց Աստծուն վստահելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը նույ-նիսկ ամենածանր հանգամանքներում: ՄԹ 128.2

Նրանք, ովքեր իրենց եռանդն են ներդրել ինքնուրաց աշխատանքում և գայթակղվում են տեղի տալու ընկճվածությանն ու անվստահությանը, կարող են քաջալերվել Եղիայի փորձով: Աստծո զգոն հոգա-տարությունը, Նրա սերն ու ուժը դրսևորվում են հատկապես Իր այն ծառաների նկատմամբ, ում նվիրվածությունը կա’մ սխալ է ընկալվում, կա’մ չի գնահատվում, ում խորհուրդներն ու հանդիմանություններն արհամարվում են և բարենորոգումներին ուղղված ջանքերն արժանա-նում են ատելության և հակազդեցության: [173] ՄԹ 129.1

Ամենամեծ թուլության այս ժամանակներում սատանան մարդկանց գլխին է թափում ամենակատաղի փորձությունները: Այդպիսի մի պահի էլ նա հույս ուներ հաղթել Աստծո Որդուն, քանի որ, այդ կերպ վարվելով, նա շատ հաղթանակներ էր տարել մարդկության հանդեպ: Երբ կամքի ուժը թուլանում է, և հավատը տապալվում, նրանք, ովքեր երկար ու քաջ պայքար են մղել հանուն արդարության, տրվում են գայթակղությանը: Քառասուն տարվա դեգերումներից և անհավատությունից հոգնած’ Մովսեսը միայն մի պահ իր տեսադաշտից կորցրեց անսահման Ուժին: Նա ձախողվեց հենց խոստացված երկրի սահմանների մոտ: Նույնը տեղ ունեցավ նաև Եղիայի դեպքում: Նա, ով երաշտի ու սովի տարիներին վստահություն էր դրսևորել Եհովայի հանդեպ, նա, ով անվեհեր կանգնել էր Աքաաբի առջև, նա, ով այն փորձության օրը Կարմեղոսի վրա կանգնել էր ողջ Իսրայել ազգի առաջ’ որպես ճշմարիտ Աստծո միակ վկա, հոգնածության պահին թույլ տվեց, որ վախի սարսափը հաղթի Աստծո հանդեպ ունեցած իր հավատին: ՄԹ 129.2

Այդպես է և այսօր: Երբ մեզ կասկածներն են պատում, հանգամանքները’ շփոթեցնում, կամ աղքատությունն ու դժբախտությունը’ տանջում, սատանան փորձում է խաթարել Եհովայի հանդեպ մեր վստահությունը: Այդ պահին նա մեր առջև է ներկայացնում մեր սխալները և մղում չվստահել Աստծուն’ կասկածի ենթարկելով Նրա սերը: Նա հույս է փայփայում վհատեցնել մարդուն և խաթարել հավատն Աստծո հանդեպ: ՄԹ 129.3

Սուրբ Հոգին պայքարի առաջնակետում կանգնած մարդկանց դրդում է կատարել հատուկ աշխատանք, և նրանք հաճախ զգում են, թե ինչպես է ճնշվածությունը պատում իրենց: Հուսահատությունը կարող է խաթարել նույնիսկ ամենահերոսական հավատը և թուլացնել ամենաանսասան կամքը, սակայն Աստված հասկանում է, դեռևս կա-րեկցում ու սիրում: Նա կարդում է սրտի դրդապատճառներն ու նպատակները: Պետք է համբերատար սպասել և վստահել, երբ ամեն ինչ մռայլ է թվում. սա է այն դասը, որ Աստծո գործի ղեկավարներին անհ-րաժեշտ է սովորել: Երկինքը նրանց հուսախաբ չի անի թշվառության օրը: [174] Արտաքուստ ոչինչ այնքան անհույս չի թվում, բայց միևնույն ժամանակ այնքան անպարտելի չէ, որքան այն անձը, ով զգում է իր ոչնչությունը և ամբողջովին վստահում Աստծուն: ՄԹ 130.1

Եղիայի փորձառությունը’ այն, որ փորձության ժամին նորովի սո-վորեց վստահել Աստծուն, դաս է ոչ միայն պատասխանատու պաշ-տոններ զբաղեցնող մարդկանց համար: Նա, Ով Եղիայի ամրությունն էր, ուժեղ է’ պաշտպանելու Իր յուրաքանչյուր պայքարող զավակի, որքան էլ թույլ լինի նա: Նա նվիրվածություն է ակնկալում բոլորից և բոլորին շնորհում անհրաժեշտ ուժը: Իր սեփական ուժով մարդն անուժ է, իսկ Աստծո զորությամբ նա կարող է ձեռք բերել ուժեր’ չարին հաղթելու և մյուսներին այդ գործում օգնելու համար: Սատանան երբեք չի կարող առավելություն ձեռք բերել նրա նկատմամբ, ով իր պահապանն է դարձրել Աստծուն: «Միմիայն Տէրովը կայ ինձ համար արդարութիւն եւ զօրութիւն, պիտի ասէ»: Եսայիա 45.24: ՄԹ 130.2

Իմ քրիստոնյա’ եղբայր, սատանան գիտի քո թուլությունները, այդ իսկ պատճառով կառչի’ր Քրիստոսից: Դու կարող ես հաղթահարել ամեն փորձություն’ մնալով Աստծո սիրո մեջ: Քրիստոսի արդարու-թյունը միայն կարող է ուժ տալ քեզ’ դիմագրավելու չարին, որը տիրել է աշխարհին: Կյանքի’ կոչիր հավատը: Հավատը թեթևացնում է ամեն բեռ, վերացնում ամեն հոգնածություն: Աստծո կանխատեսումները, որոնք հիմա անհասկանալի են քեզ համար, կարող են ընկալվել Աստծուն անընդմեջ վստահելու արդյունքում: Հավատո՜վ քայլիր Նրա նախանշած ճանապարհով: Փորձությունները կգան, բայց դու շարժվի’ր առաջ: Այն կամրացնի քո հավատը և կհաստատի քեզ ծառայու-թյան մեջ: Սուրբ պատմությունները Աստվածաշնչում գրի են առնվել ոչ միայն նրա համար, որ կարողանաք կարդալ և հիանալ, այլև ունենաք այն նույն հավատը, որ գործում էր Աստծո ծառաների մեջ հին ժամանակներում: Այսօր էլ Աստված ոչ պակաս չափով ցանկանում է գործել հավատի այն մարդկանց միջոցով, որքեր պատրաստ են դառնալու Նրա ուժի փոխանցողները: ՄԹ 130.3

Ինչպես Պետրոսին, այնպես էլ մեզ է ասվում. «Ահա սատանան ձեզ ուզեց, [175] որ մաղէ ցորենի պէս. Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի»: Ղուկաս 22.31, 32: Քրիստոսը երբեք չի թողնի նրանց, ում համար կյանքն է տվել: Մենք կարող ենք թողնել Նրան և զոհ գնալ փորձությանը, բայց Քրիստոսը երբեք երես չի թեքի նրանցից, ում համար Նա Իր կյանքն է վճարել որպես փրկագին: Եթե մեր հոգևոր տեսողությունն ավելի սրվեր, մենք կտեսնեինք այն հոգիներին, ովքեր խրձով լի սայլերի նման կռացել են կեղեքման ու վշտի բեռան տակ և պատրաստ են մեռնել հուսահատության մեջ: Մենք պետք է տեսնենք հրեշտակներին, ովքեր հապշտապ օգնության են հասնում փորձության մեջ գտնվողներին’ հետ մղելով նրանց շրջապատող չարի ուժերը և օգնելով, որ կանգնեն ամուր հիմքի վրա: Երկու բանակների միջև ընթացող պայքարն այնքան իրական է, որքան այս աշխարհի բանակների պայքարը, և այս հոգևոր հակամարտության ելքն էլ կորոշի հավիտենական ճակատագրերը: ՄԹ 131.1

Եզեկիել մարգարեն տեսիլքի մեջ ձեռք է տեսնում քերովբեի թևերից ներքև: Սա սովորեցնում է Աստծո ծառաներին, որ հաջողության կարելի է հասնել աստվածային ուժի շնորհիվ: Նրանք, ում Աստված օգտագործում է որպես իր լրաբերներ, չպետք է կարծեն, թե Նրա գործն իրենցից է կախված: Մահկանացու էակները թողնված չեն կրելու պատասխանատվության բեռը: Նա, Ով չի ննջում, Ով անընդհատ գործում է Իր նպատակների իրագործման համար, դրանք կհասցնի ավարտին: Նա կկործանի չարերի նպատակները և կխափանի նրանց խորհուրդները, ովքեր ծրագրում են վնասել Նրա ժողովրդին: Նա’ Թագավորը, զորաց Տերը, նստում է քերովբեների մեջտեղում, հսկում է Իր զավակներին’ ազգերի միջև այդ ողջ կռիվների ու իրարանցման մեջ: Երբ թագավորների ամրոցները քանդվեն, երբ ցասումի նետերը խոցեն Նրա թշնամիների սրտերը, Նրա ժողովուրդը ապահով կլինի Նրա ձեռքերի մեջ: [176] ՄԹ 131.2