ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

48/69

ԳԼՈՒԽ 41 - ԿՐԱԿՈՎ ԲՈՐԲՈՔՎԱԾ ՀՆՈՑԸ

*****

Ըստ Դանիել 3-րդ գլխի

Աշխարհի վերջին իրադարձությունները ներկայացնող մեծ արձանի երազը տրվել էր Նաբուգոդոնոսորին, որպեսզի նա կարողանա հասկանալ այն դերը, որն ինքը պետք է խաղա համաշխարհային պատմության մեջ, և պատկերացնի, թե ինչպիսի հարաբերություն պետք է պահի նրա թագավորությունը երկնքի թագավորության հետ: Երազի մեկնությամբ նրան հստակ ցույց էր տրվել, որ հաստատվելու է Աստծո հավիտենական թագավորությունը: «Եւ այն թագաւորների օրերումը,հայտարարել էր Դանիելը,երկնքի Աստուածը մէկ թագա-ւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրու-թիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս: ...Երազը հաս-տատ է եւ մեկնութիւնը ստոյգ»: Դանիել 2.44, 45: ՄԹ 371.1

Ընդունելով Աստծո իշխանությունը’ թագավորն ասաց Դանիելին. «Յիրաւի որ ձեր Աստուածն է աստուածների Աստուածը ... եւ գաղտնիքներ յայտնողը»: Համար 47: Հետագայում’ մի որոշ ժամանակ, Աստծո վախը տիրեց Նաբուգոդոնոսորին, [503] սակայն սիրտը դեռ չէր ձերբազատվել աշխարհային փառասիրությունից և ինքնամեծարման փափագից: Իր թագավորությանը շնորհված բարգավաճումը հպարտացրեց նրան: Որոշ ժամանակ անց նա հրաժարվեց պատվել Աստծուն և հետ դառավ կռապաշտությանը’ առավել նախանձախնդիր և մոլեռանդ կերպով: ՄԹ 371.2

«Դու ես նորա այն ոսկի գլուխը» արտահայտությունը խոր տպավո-րություն էր գործել կառավարչի մտքի վրա: Համար 38: Հիմք ընդունելով այս խոսքերը և օգտվելով առիթից, որ թագավորը կրկին կռապաշտու-թյանն է վերադարձել’ թագավորության իմաստուններն առաջարկեցին, որ նա մի արձան կառուցի երազում տեսածի պատկերով և կանգնեցնի այնպիսի տեղում, որտեղից բոլորը կարող են տեսնել ոսկե գլուխը, որը մեկնաբանվել էր որպես իր թագավորությունը ներկայացնող պատկեր: Այս շողոքորթ առաջարկից ոգևորված’ նա որոշեց իրականացնել այն և նույնիսկ ավելին. արձանն իր տեսածի համապատասխան վե-րարտադրելու փոխարեն, նա որոշեց գերազանցել բնօրինակին: Նրա արձանը չպետք է արժեզրկվեր, այն պետք է ոտքից գլուխ ամբողջովին ոսկուց լիներ’ խորհրդանշորեն ներկայացնելով ողջ Բաբելոնը’ որպես մի հավիտենական, անխորտակելի, ամենահզոր թագավորություն, որը ջարդուփշուր էր անելու բոլոր մյուս թագավորություններին և մնալու էր հավիտյան: ՄԹ 372.1

Հավիտենական կայսրություն և արքայատոհմ հաստատելու միտքը մեծապես գրավում էր հզոր կառավարչին, ում բանակներին անկարող էին եղել դիմակայել աշխարհի ազգերը: Անսահման փառասիրությունից և եսասեր հպարտությունից ծնված եռանդով նա խորհրդակցեց իմաստունների հետ, թե ինչպես իրականցնել դա: Մոռանալով երազի հետ կապված ուշագրավ կանխագուշակությունները’ մեծ արձանի վերաբերյալ, մոռանալով, որ Իսրայելի Աստվածն Իր Դանիել ծառայի միջոցով բացահայտել էր արձանի նշանակությունը, և որ այս մեկ-նությամբ [504] թագավորության երևելիները փրկվեցին խայտառակ մահից, մոռանալով ամեն ինչ, բացի սեփական իշխանությունն ու գե-րակայությունը հաստատելու փափագից’ թագավորը և նրա պետության խորհրդականները որոշեցին, որ բոլոր հնարավոր միջոցներով ձգտելու են բարձրացնել Բաբելոնը’ որպես գերագույն և համընդհանուր հավատարմության արժանի թագավորություն: Խորհրդանշական պատկերը, որի միջոցով Աստված թագավորին և ժողովրդին հայտնեց աշխարհի ազգերի վերաբերյալ Իր նպատակը, այժմ պետք է ծառայեր որպես մարդկային իշխանության փառաբանման միջոց: ՄԹ 372.2

Դանիելի մեկնությունը պետք է մերժվեր և մոռացվեր, ճշմարտությունը’ սխալ մեկնաբանվեր և սխալ կերպով կիրառվեր: Մարդկանց ապագայի կարևոր իրադարձությունները բացելու նպատակով Երկնքի կողմից տրված խորհրդանիշը կիրառվելու էր, որպեսզի խոչընդոտի այն տեղեկության տարածմանը, որն Աստված էր ցանկանում տալ աշխարհին: Այսպես, փառասեր մարդկանց հնարքների միջոցով սատանան փորձում էր խափանել աստվածային նպատակը մարդկային ցեղի համար: Մարդկության թշնամին գիտեր, որ անեղծ ճշմարտությունը փրկություն գործող ուժ է, սակայն երբ այն կիրառվում է «ես»-ը մեծարելու և մարդկային ծրագրերն առաջ տանելու նպատակով, դառնում է ուժ’ չարիք գործելու համար: ՄԹ 372.3

Նադուգոդոնոսորն, օգտվելով իր գանձերի հարուստ պահուստից, պատրաստել տվեց տեսիլքում տրված արձանին ընդհանուր գծերով նման մի մեծ ոսկե արձան’ միայն մի տարբերությամբ, որ այն պետք է կազմված լիներ մեկ որոշակի նյութից: Քաղդեացիները սովոր էին իրենց հեթանոսական աստվածների վեհաշուք պատկերներին, այ-նուամենայնիվ, նախկինում երբեք չէին ստեղծել որևէ բան այնքան ազդեցիկ և վեհաշուք, որքան այս փառահեղ արձանն էր’ վաթսուն կանգուն բարձրությամբ և վեց կանգուն լայնությամբ: Եվ զարմանալի չէ, որ այն երկրում, որտեղ կուռքերի պաշտամունքը համընդհանուր երևույթ էր, Դուրայի դաշտում կանգեցված այս գեղեցիկ և թանկագին արձանը, որ ներկայացնում էր Բաբելոնի փառքը, շքեղությունն ու ուժը, պետք է նվիրաբերվեր որպես երկրպագության առարկա: Այս նպա-տակով էլ հրաման արձակվեց, որ նվիրաբերման օրը բոլորն իրենց կատարյալ նվիրվածությունը պետք է արտահայտեն բաբելոնյան իշխանությանը’ խոնարհվելով արձանի առաջ: ՄԹ 373.1

Նշանակված օրը մի հսկա խառնամբոխ բոլոր «ժողովուրդներից, ազգերից եւ լեզուներից» հավաքվեց Դուրայի դաշտում: Հնչեց երաժշ-տությունը, և թագավորի հրամանի համաձայն’ հավաքվածները «ընկ-նում էին ... եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին»: Թվում էր, այդ’ իրադարձություններով լի օրը խավարի ուժերը փայլուն հաղ-թանակ են տանելու. ոսկե արձանի երկրպագությունը լավագույն կեր-պով համաձայնեցված էր կռապաշտության’ որպես երկրի գլխավոր կրոնի հաստատված ձևերին: Այսպիսով, սատանան հույս ուներ ձա-խողել Աստծո նպատակը’ Իսրայելի գերիների ներկայությունը Բաբելոնում օրհնության միջոց դարձնել բոլոր հեթանոս ազգերի համար: ՄԹ 373.2

Սակայն Աստված այլ ծրագիր ուներ: Բոլ որը չէ, որ ծունկ խոնարհեցին մարդկային իշխանության կռապաշտական խորհրդանիշի առաջ: Երկրպագության համար հավաքված բազմության մեջ կային երեք հոգի, ովքեր հաստատապես որոշել էին չանարգել երկնքի Աստծուն: Նրանց Աստվածը թագավորների Թագավորն էր և տերերի Տերը, նրանք չէին պատրաստվում խոնարհվել ուրիշ որևէ մեկի առջև: ՄԹ 373.3

Հաղթանակից խանդավառված Նաբուգոդոնոսորին լուր հասավ այն մասին, թե իր ենթակաների մեջ կան մարդիկ, ովքեր համարձակվել են չհնազանդվել նրա հրամանին: Իմաստուններից ոմանք նախանձում էին Դանիելի անձնվեր ընկերներին’ նրանց շնորհված պատիվների պատճառով, այժմ նրանք թագավորին հաղորդում էին, որ նրա կամքը հանդգնել են խախտել: [506]: «Յաւիտեան կաց, արքայ,բացականչեցին նրանք,մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար’ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. Այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում»: ՄԹ 374.1

Թագավորը հրամայեց, որ այդ մարդկանց իր առջև բերեն: «Նպատակո՞վ է,հարցրեց նա,որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում»: Նա փորձում էր վախեցնելով ստիպել նրանց, որ միանան բազմությանը: Մատնացույց անելով կրակով բորբոքված հնոցը’ նա հիշեցրեց այն պատժի մասին, որ սպասվում է նրանց, եթե համառորեն մերժեն իր կամքը: Սակայն եբրայեցի երիտասարդներն անվարան վկայեցին, որ հավատարիմ են մնալու երկնքի Աստծուն և հավատում են Նրա փրկող ուժին: Արձանի առջև խոնահվելը բոլորի կողմից ընկալվում էր որպես երկրպագության գործողություն: Այսպիսի պատիվ նրանք պատրաստ էին մատուցել միայն Աստծուն: ՄԹ 374.2

Երբ երեք եբրայեցիները կանգնեցին թագավորի առաջ, նա համոզ-ված էր, որ նրանք ունեն ինչ-որ բան, որ իր թագավորության մյուս իմաս-տուն մարդիկ չունեն: Նրանք հավատարիմ են եղել իրենց յուրաքանչյուր պարտականության մեջ: Հարկավոր է նրանց այլ փորձության ենթարկել: Եթե միայն նրանք ցանկություն հայտնեն միանալու արձանին երկրպա-գող բազմությանը, նրանց հետ ոչինչ չի պատահի: «Բայց եթէ երկրպա-գութիւն չ’անէք,ավելացրեց նա,իսկոյն պիտի գցուիք կրակով բորբո-քուած հնոցի մէջը»: Ապա, ի նշան մարտահրավերի, ձեռքը պարզելով վեր’ պահանջեց. «Եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից»: ՄԹ 374.3

Իզուր էին [507] թագավորի սպառնալիքները: Նրան չհաջողվեց սասանել այս մարդկանց հավատարմությունը տիեզերքի Կառավարչի հանդեպ: Իրենց հայրերի պատմությունից նրանք սովորել էին, որ Աստծո նկատմամբ անհնազանդությունը հանգեցնում է անարգանքի, աղետի և մահվան, և որ Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է, ամեն իրական բարեկեցության հիմքը: Հանգիստ նայելով դեպի հնոցը’ նրանք ասացին. «Մենք պէտք չ’ունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր: Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ»: Նրանց հավատը հզորացավ, երբ նրանք հայտարարեցին, որ Աստված կփառավորվի իրենց փրկելով, և հաղթական համոզվածությամբ, որը Աստծուն վստահելու հետևանքն էր, ավելացրին. «Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում»: ՄԹ 375.1

Թագավորը խիստ բարկացած էր, նրա ցասումն անսահման էր, և «երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի»‘ արհամարհված և գերի ազգի ներկայացուցիչների վրա: Նա հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ուժեղ բորբոքեն, և որ մի քանի ուժեղ զինվորներ կապկպեն Իսրայելի Աստծուն երկրպագողներին’ նախապատրաստելով արագ մահապատժի: ՄԹ 375.2

«Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքնե-րովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը: Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը»: ՄԹ 375.3

Սակայն Աստված չէր մոռացել Իր վկաներին: Երբ նրանց գցեցին հնոցը, Փրկիչն անձամբ հայտնվեց [508] նրանց, և նրանք միասին քայլում էին կրակի մեջ: Տապի և սառնամանիքի Տիրոջ ներկայությամբ կրակի բոցերը կորցրին իրենց լափող ուժը: ՄԹ 375.4

Արքայական գահին բազմած’ թագավորը սպասում էր’ ակնկալելով կատարելապես ոչնչացված տեսնել իրեն անհնազանդ մարդկանց: Սակայն հաղթանակի զգացումը տեղի տվեց հանկարծ: Մոտ կանգնած իշխանները տեսան, թե ինչպես գունատվեց նրա դեմքը, երբ վեր կացավ գահից և ուշադիր նայեց պայծառ վառվող կրակի բոցերի մեջ: Տագնապահար շրջվելով դեպի իր խորհրդականները’ թագավորը հարցրեց. «Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը’ կապուած: ...Ահա ես չորս մարդ եմ տեսնում’ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման»: ՄԹ 375.5

Ի՞նչ գիտեր հեթանոս թագավորը, թե ինչպիսին է Աստծո Որդին: Բաբելոնում մեծ պաշտոններ զբաղեցնող եբրայեցի գերիներն իրենց կյանքով և բնավորությամբ էին վկայել ճշմարտության մասին: Երբ հարցրել էին նրանց հավատի մասին, նրանք առանց վարանման ներ-կայացրել էին այն: Նրանք պարզ և հասկանալի ներկայացրել էին արդարության սկզբունքները’ իրենց շուրջը գտնվողներին վկայելով այն Աստծո մասին, Ում իրենք երկրպագում են: Նրանք պատմել էին Քրիստոսի’ իրենց Փրկչի գալուստի մասին, և կրակի մեջ գտնվող չորս կերպարանքների մեջ թագավորը ճանաչեց Աստծո Որդուն: ՄԹ 376.1

Եվ այժմ, մոռանալով իր մեծությունն ու արժանապատվությունը, Նաբուգոդոնոսորը բարձրացավ գահից և մոտենալով հնոցի դռանը’ բացականչեց. «Ով ... բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք»: Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը դուրս եկան այն հոծ բազմության առաջ’ բոլորովին անվնաս: Փրկիչն Իր ներկայությամբ անվնաս պահպանել էր նրանց, և միայն կապանքներն էին այրվել: «Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, [509] եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ»: ՄԹ 376.2

Մոռացության մատնվեց այն հսկա ոսկե արձանը, որ այնպես վե-հաշուք կանգնած էր: Մարդիկ ահով լցվեցին և դողդողացին կենդանի Աստծո ներկայության մեջ: «Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը,ստիպված էր ընկրկել թագավորը,որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ՛երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից»: ՄԹ 376.3

Այդ օրվա փորձառություններից դրդված’ Նաբուգոդոնոսորը հրա-ման արձակեց, «որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ»: «Չ’կայ մի ուրիշ աստուած,շտապեց հրամանի պատճառը հիմնավորել նա,որ կարող լինի այսպէս ազատել»: ՄԹ 376.4

Նման խոսքերով Բաբելոնի թագավորը աշխարհի բոլոր մարդկանց առաջ խոստովանեց, որ եբրայեցիների Աստծո իշխանությունն ու հեղինակությունը արժանի է մեծագույն երկրպագության: Եվ Աստված փառավորվեց’ տեսնելով, թե ինչպես է թագավորը ջանում երկյուղա-ծություն ցուցաբերել Իր հանդեպ և հավատարմության թագավորական խոստովանությունը հայտնի դարձնել Բաբելոնյան թագավորության տարածքներով մեկ: ՄԹ 377.1

Թագավորը ճիշտ վարվեց’ հրապարակավ խոստովանելով, որ երկնքի Աստվածը վեր է բոլոր աստվածներից: Սակայն Նաբուգոդոնոսորը’ որպես ժամանակավոր միապետ, չարաշահեց իր իրավունքը’ ստիպելով իր ենթականերին նույնանման հավատ [510] և երկյուղածություն ցուցաբերել: Նա չուներ ո’չ քաղաքացիական, ո’չ էլ բարոյական իրավունք’ մահվան սպառնալիքով մարդկանց ահաբեկելու, որ երկրպագեն Աստծուն, ինչպես որ չուներ այդ իրավունքը, երբ հրաման արձակեց կրակի բոցերին հանձնել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն երկրպագել ոսկե արձանին: Աստված երբեք հնազանդություն չի պարտադրում մարդկանց: Նա ազատություն է տվել բոլորին’ ընտրելու, թե ում ծառայեն: ՄԹ 377.2

Ազատագրելով Իր հավատարիմ ծառաներին’ Տերը հայտարարեց, որ կանգնած է ի պաշտպանություն նեղյալների և հանդիմանում է Երկնքի հեղինակության դեմ [511] ապստամբող բոլոր երկրային իշխանություններին: Բաբելոնի ողջ ազգի առաջ երեք եբրայեցիները վկայեցին իրենց հավատի մասին Նրա հանդեպ, Ում իրենք երկրպագում են: Նրանք ապավինեցին Աստծուն: Փորձության ժամին նրանք հիշեցին խոստումը. «Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը’ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ’վառէ»: Եսայիա 43.2: Եվ կենդանի Խոսքի նկատմամբ նրանց հավատը հրաշալի կերպով փառավորվեց բոլորի աչքի առաջ: Նվիրաբերման արարողությանը հրավիրված տարբեր ազգերի ներկայացուցիչների միջոցով նրանց ապշեցուցիչ ազատագրման լուրը հասավ շատ երկրներ: Իր զավակների հավատարմության միջոցով Աստված փառավորվեց ամբողջ աշխարհում: ՄԹ 377.3

Դուրայի դաշտում հրեա երիտասարդների փորձառությունից պետք է կարևոր դասեր քաղել: Մեր օրերում Աստծո շատ ծառաներ’ թեև հեռու մեղք գործելուց, նվաստացում և վիրավորանք կկրեն նրանց կողմից, ովքեր սատանայից ոգեշնչված’ լցված են ատելությամբ և կրոնական մոլեռանդությամբ: Մարդկանց բարկությունը վեր կկենա հատկապես նրանց դեմ, ովքեր պահում են չորրորդ պատվիրանի շաբաթը: Ի վերջո, համընդհանուր հրաման կարձակվի, ըստ որի’ նրանք մահվան արժանի կհայտարարվեն: ՄԹ 378.1

Աստծո մարդկանց սպասվող տառապանքի ժամն անսասան հա-վատի կկոչի: Նրա զավակները պետք է ցույց տան, որ Նա է իրենց երկրպագության միակ առարկան, և որ ոչինչ, նույնիսկ կյանքը, չի կա-րող կեղծ երկրպագություն պարտադրել իրենց: Նվիրյալ հոգու համար մեղավոր, սահմանափակ մտքի տեր մարդկանց հրամանները կկորցնեն իրենց [512] նշանակությունը հավիտենական Աստծո Խոսքի առաջ: Չնայած սպառնացող բանտարկությանը, աքսորին կամ մահվանը’ նրանք կհնազանդվեն ճշմարտությանը: ՄԹ 378.2

Ինչպես Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի օրերում, այնպես էլ աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանում, Տերը հզոր կերպով կգործի ի շահ նրանց, ովքեր ամուր կանգնած են արդարության դիրքերում: Նա, Ով կրակով բորբոքված հնոցում քայլում էր այս անվանի եբրայեցի մարդկանց հետ, ամենուր Իր հետևորդների հետ կլինի: Նրա մշտական ներկայությունը կմխիթարի և կպահպանի: Փորձության ժամին, որպիսին երբևէ չի եղել ազգերի պատմության մեջ, Նրա ընտրյալներն աննկուն կմնան: Չարի ողջ բանակով հանդերձ’ սատանան չի կարող ոչնչացնել Աստծո ամենաթույլ սուրբերին անգամ: Գերազանց ուժով օժտված հրեշտակները կպաշտպանեն նրանց, և ի շահ նրանց’ Եհովան կբացահայտի Իրեն որպես «աստվածների Աստված», Ով կարող է կատարյալ փրկություն պարգևել Իրեն վստահողներին: [513] ՄԹ 378.3