ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

17/87

Գլուխ 17. - Նիկոդեմոս

(Հովհաննես 3.1-17)

ՆԻԿՈԴԵՄՈՍԸ բարձր և պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում հրեա ազգի մեջ: Նա չափազանց կրթված և արտակարգ տաղանդների տեր մարդ էր, ազգային խորհրդի պատվավոր անդամ: Մյուսների նման նրան էլ հուզել էր Հիսուսի ուսմունքը: Համեստ Նազարեթցին զարմանալիորեն գերել էր այդ հարուստ, գիտուն և պատվարժան մարդուն: Փրկչի շուրթերից դուրս եկած դասերը մեծ տպավորություն էին թողել նրա վրա, և նա ցանկացավ ավելին իմանալ այդ հրաշալի ճշմարտությունների մասին: ԴՓ 181.1

Տաճարի մաքրման ժամանակ Քրիստոսի հեղինակությունն անհաշտ ատելություն էր առաջացրել քահանաների ու առաջնորդների մեջ: Նրանք վախենում էին այս օտարականի իշխանությունից: Անհանդուրժելի էր նման հանդգնությունն ինչ-որ անհայտ գալիլեացու կողմից: Եվ նրանք որոշում են վերջ դնել Նրա գործունեությանը: Բայց ոչ բոլորն էին համաձայն այս որոշման հետ: Կային մարդիկ, ովքեր վախենում էին ընդդիմանալ Մեկին, ով ակնհայտորեն գործում էր Աստծո Հոգու զորությամբ: Նրանք հիշում էին, թե ինչպես էին Իսրայելում սպանել մարգարեներին’ առաջնորդների մեղքերը հանդիմանելու համար: Նրանք գիտեին, որ հրեաները հեթանոս ազգի ստրուկն էին դար- ձել’ Աստծո հանդիմանությունները համառորեն մերժելու պատճառով: Նրանք վախենում էին, որ դավեր նյութելով Հիսուսի դեմ’ քահանաներն ու առաջնորդները հետևում են իրենց հայրերի օրինակին և նոր դժբախտություններ կարող են բերել ազգի գլխին: Այդ մարդկանցից մեկն էր Նիկոդեմոսը: Երբ ատյանում քննարկվում էր, թե ինչպես վարվեն Հիսուսի հետ, Նիկոդեմոսը խորհուրդ տվեց զգու- շություն և խոհեմություն ցուցաբերել: Նա պնդում էր, որ եթե Հիսուսն իրոք լիազորված է Աստծո կողմից, ապա վտանգավոր կլինի մերժել Նրա նախազգուշացումները: Քահանաները չհամարձակվեցին անտեսել այս խորհուրդը և որոշ ժամանակ բացահայտ միջոցներ չձեռնարկեցին Փրկչի դեմ: [168] ԴՓ 181.2

Լսելով Հիսուսի մասին’ Նիկոդեմոսը նոր եռանդով էր սկսել ուսումնասիրել Մեսիային վերաբերող մարգարեությունները, և որքան ավելի խորն էր ուսումնասիրում դրանք, այնքան ավելի հաստատ էր համոզվում, որ սա հենց Նա է, ով պիտի գար: Ինչպես շատերն Իսրայելում, նա էլ խիստ մտահոգված էր տաճարի սրբապղծության պատճառով: Նա ականատես էր եղել այն տեսարանին, երբ Հիսուսն այնտեղից դուրս էր վռնդել առուծախ անողներին, նա տեսել էր աստվածային զորության հրաշալի դրսևորումը, տեսել էր, թե ինչպես է Փրկիչն ընդունում աղքատներին և բուժում հիվանդներին: Նա տեսել էր նրանց բերկրանքով լի հայացքները, լսել նրանց փառաբանության խոսքերը և չէր կարող կասկածել, որ Հիսուս Նազովրեցին Աստծո Առաքյալն է: ԴՓ 182.1

Նա շատ էր ցանկանում զրուցել Հիսուսի հետ, բայց չհամարձակվեց բացահայտորեն փնտրել Նրան: Հրեա առաջնորդի համար չափազանց նվաստացուցիչ կլիներ համակրանք տածել դեռևս ոչ այնքան հայտնի մի ուսուցչի նկատմամբ: Իսկ եթե իր այցելության մասին իմանային ատյանում, դա միայն ծաղրուծանակի և արհամարհանքի կարժանացներ իրեն: Նա որոշեց Հիսուսի մոտ գնալ գիշերը’ ինքն իրեն արդարացնելով, որ եթե հայտնապես աներ դա, մյուսները կհետևեին իր օրինակին: Հետաքրքրվելով’ Նա պարզեց, որ Հիսուսը հանգստանում է Ձիթենյաց սարի վրա, և սպասելով, մինչև քաղաքը քուն մտնի’ սկսեց փնտրել Նրան: ԴՓ 182.2

Քրիստոսի ներկայությամբ Նիկոդեմոսը տարօրինակ երկչոտություն զգաց, որն աշխատում էր թաքցնել հան- դարտության և արժանապատվության քողի տակ: «Ռաբբի’,- ասաց նա,- գիտենք, որ Աստծուց վարդապետ ես եկել, որովհետև ոչ ոք չի կարող այդ նշաններն անել, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»: Խոսելով Քրիստոսի ուսուցչական հազվագյուտ շնորհի, ինչպես նաև հրաշքներ գործելու Նրա հիանալի զորության մասին’ նա մտադիր էր ճամփա հարթել իր զրույցի համար: Նրա խոսքերը վստահություն արտահայտելու և փոխադարձ վստահություն շահելու նպատակ ունեին, բայց իրականում դրանք անհավատություն էին արտահայտում: Նա Հիսուսին չընդունեց որպես Մեսիա, այլ որպես Աստծուց ուղարկված ուսուցիչ: [169] ԴՓ 182.3

Այս ողջույնին պատասխանելու փոխարեն’ Հիսուսն իր հայացքը հառեց խոսակցին’ ասես թափանցելով նրա հոգու խորքերը: Անսահման իմաստությամբ Նա Իր առջև տեսավ մեկին, ով ճշմարտությունն էր որոնում: Նա գիտեր այս այցելության նպատակը, և ցանկանալով խորացնել Իր ունկնդրի համոզմունքը’ անմիջապես անցավ հարցի բուն էությանը’ հանդիսավորությամբ, բայց և ջերմորեն ասելով. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել» (Հովհաննես 3.3): ԴՓ 183.1

Նիկոդեմոսը եկել էր Տիրոջ մոտ’ Նրա հետ բանավիճելու մտադրությամբ, բայց Հիսուսը միանգամից նրա առջև բացեց ճշմարտության հիմնական սկզբունքները: Նա, ըստ էության, ասաց Նիկոդեմոսին. «Դու կարիք ունես ոչ այնքան տեսական գիտելիքների, որքան հոգևոր վե- րածննդի: Դու պետք է ոչ թե բավարարես քո հետաքրքրասիրությունը, այլ նոր սիրտ ձեռք բերես: Դու պետք է նոր կյանք ստանաս վերևից, նախքան կկարողանաս գնահատել երկնայինը: Մինչև այս փոփոխությունը չկատարվի, մինչև ձեռք չբերես նոր կյանք, Իմ հեղինակության կամ առաքելության հարցի քննարկումը ոչ մի օգուտ չի տա քեզ փրկվելու համար”: ԴՓ 183.2

Նիկոդեմոսը լսել էր ապաշխարության ու մկրտության վերաբերյալ Հովհաննես Մկրտչի քարոզները, և գիտեր, որ նա ժողովրդի համար մատնանշում էր այն Մեկին, ով պետք է մկրտեր Սուրբ Հոգով: Նա ինքն էլ զգացել էր, որ հրեաների մեջ պակասում էր հոգևորությունը, որ նրանք գլխավորապես առաջնորդվում էին մոլեռանդությամբ և աշխարհիկ փառասիրությամբ: Նա հույս ուներ, որ Մեսիայի գալուստը կբարեփոխի իրադրությունը: Բայց նույնիսկ Մկրտչի սրտեր քննող լուրը չէր կարողացել նրա մեջ մեղավորության զգացում արթնացնել: Նա մի բծախնդիր փարիսեցի էր և հպարտանում էր իր բարի գործերով: Նա համընդհանուր հարգանքի էր արժանացել տաճարի ծառայությանն աջակցելու իր շռայլության և առատաձեռնության համար, և համոզված էր, որ վաստակել է Աստծո բարեհաճությունը: Նրան սարսափեցրեց այն միտքը, որ երկնքի արքայությունը չափից ավելի սուրբ է, որպեսզի իր ներկա վիճակում նա կարողանար տեսնել այն: ԴՓ 184.1

«Նոր ծնունդ» հասկացությունը, որ Հիսուսն օգտագործեց, որոշ չափով ծանոթ էր Նիկոդեմոսին: Իսրայելի հավատին դարձի եկած հեթանոսներին հաճախ համեմատում էին նորածին երեխաների հետ, ուստի նա պետք է հասկանար, որ Հիսուսի խոսքերը չի կարելի ընկալել տառացիորեն: Բայց որպես զտարյուն իսրայելցի’ նա համոզված էր, որ իր համար տեղ է ապահովված Աստծո արքայության մեջ: Նրան թվում էր, թե կարիք չունի վերափոխվելու: Ահա թե ինչու նրան զարմացրին Փրկչի խոսքերը: Նա զայրացած էր, որ դրանք անմիջապես իրեն էին ուղղված: Փարիսեցու հպարտությունը պայքարում էր ընդդեմ ճշմարտությունը ճանաչելու անկեղծ ցանկության: Նա չէր հասկանում, թե ինչու պետք է Քրիստոսն այդպես խոսեր իր հետ’ չհարգելով Իսրայելի առաջնորդի իր դիրքը: ԴՓ 184.2

Կորցնելով ինքնատիրապետումը’ նա հեգնանքով պատասխանեց Քրիստոսին. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, որ ծեր է»: Ուրիշ շատերի նման, երբ խոցող ճշմարտությունը հասնում է գիտակցությանը, նա ևս բացահայտեց այն փաստը, որ սովորական մարդը չի կարող ընկալել Աստծո Հոգու բաները: Նրանում ոչինչ չկար, որ արձագանքեր հոգևորին, որովհետև հոգևոր երևույթները հոգևոր կերպով են քննվում: [172] ԴՓ 184.3

Բայց Փրկիչը չսկսեց նրա հետ վիճել: Բարձրացնելով ձեռքը’ հանգիստ, հանդիսավոր արժանապատվությամբ Նա էլ ավելի համոզիչ կերպով ընդգծեց ճշմարտությունը. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել”: Նիկոդեմոսը գիտեր, որ Քրիստոսն այստեղ նկատի ուներ ջրի մկրտությունը և սրտի նորոգումը Սուրբ Հոգով: Նա համոզվեց, որ իր առջև հենց Նա է, ում մասին կանխագուշակել էր Հովհաննես Մկրտիչը: ԴՓ 185.1

Հիսուսը շարունակեց. «Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը’ հոգի”: Սիրտն էությամբ չար է, և «երանի՜ թե մեկ մաքուրն առաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկա” (Հոբ 14.4): Մարդիկ երբեք չեն կարող այնպիսի դեղամիջոց հայտնագործել, որը բուժեր մեղավոր հոգին: «Մարմնի խորհուրդն Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդում, և չի էլ կարող»: «Սրտից դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ» (Հռոմեացիս 8.7, Մատթեոս 15.19): Պետք է մաքրել սրտի աղբյուրը, որպեսզի վտակները մաքուր լինեն: Նա, ով պահելով օրենքն իր սեփական ուժերով’ փորձում է երկինք հասնել, ձգտում է անել անհնարինը: Ապահով չի կարող լինել նա, ով ընդունել է սոսկ օրինականների կրոնը և բարեպաշտության ձևը: Քրիստոնյայի կյանքը հին կյանքի փոփոխությունը կամ կատարելագործումը չէ, այլ նրա էության վերափո- խումը: Նոր կյանքը ձեռք է բերվում, երբ մարդը մեռած է իր «ես”-ի և մեղքի համար: Այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն Սուրբ Հոգու արդյունավետ ազդեցության շնորհիվ: ԴՓ 185.2

Նիկոդեմոսը դեռ ապշած էր, և Հիսուսը դիմեց քամու օրինակին’ պարզաբանելու Իր միտքը. «Քամին որտեղ ուզում’ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում, այսպես է ամեն Հոգուց ծնվածը»: ԴՓ 186.1

Քամու ձայնը լսվում է ծառերի ճյուղերի մեջ, և տերևներն ու ծաղիկները սոսափում են, բայց այն անտեսանելի է, և ոչ մի մարդ չգիտի, թե որտեղից է այն գալիս և ուր է գնում: Այդպես էլ Սուրբ Հոգու ներգործությունը սրտի վրա: Անհնար էր ավելի լավ բացատրություն տալ, քան քամու օրինակը: Մարդն ի վիճակի չէ ստույգ իմանալու, թե կոնկրետ որ ժամին, որտեղ կամ ինչ հանգամանքներում է դարձի եկել, բայց դա չի նշանակում, թե նա չի վերածնվել: Քամու նման անտեսանելիորեն Քրիստոսն անդադար աշխատում է սրտի վրա: Ընդունողի համար աննկատելիորեն, քիչ-քիչ կատարվում են այնպիսի ներգործություններ, որոնք դեպի Քրիստոսն են գրավում հոգին: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ խորհում ենք Նրա մասին, կարդում Սուրբ Գիրքը կամ լսում կենդանի քարոզչի խոսքերը: Հանկարծ, երբ Հոգին դիմում է ավելի ուղղակիորեն, մարդն իր սիրտն ուրախությամբ նվիրում է Հիսուսին: Շատերի կարծիքով’ այդ վերածնունդը կատարվում է ակնթարթորեն, բայց դա Աստծո Հոգու երկարատև, համբերատար և համառ աշխատանքի արդյունքն է: [173] ԴՓ 186.2

Թեև քամին աներևույթ է, նրա ազդեցությունը նկատելի է և զգալի: Այդպես էլ Հոգու աշխատանքը սրտի վրա կդրսևորվի այն մարդու ամեն մի գործողության մեջ, ով զգացել է դրա փրկարար զորությունը: Երբ Աստծո Հոգին տիրում է սրտին, այն վերափոխում է կյանքը: Մեղավոր մտքերն անհետանում են, չար արարքները’ վերանում, բարկությունը, նախանձն ու գժտությունը փոխարինվում են սիրով, հեզությամբ և խաղաղությամբ: Տխրությունը փոխարինվում է ուրախությամբ, և դեմքն արտացոլում է երկնային լույսը: Ոչ ոք չի տեսնում այն ձեռքը, որ վերցնում է բեռը, և չի նկատում այն լույսը, որ իջնում է երկնային պալատներից: Օրհնությունը գալիս է այն ժամանակ, երբ հոգին հավատով հանձնվում է Աստծուն: Եվ ապա այն ուժը, որն անտեսանելի է մարդկային աչքի համար, ստեղծում է նոր արարած’ Աստծո պատկերով: ԴՓ 186.3

Սահմանափակ միտքն անկարող է ըմբռնել փրկագնման աշխատանքը: Այդ գաղտնիքը վեր է մարդկային գիտությունից, բայց նա, ով մահից անցնում է դեպի կյանք, հասկանում է, որ դա Աստծո աշխատանքի արդյունքն է: Փրկության սկիզբը մենք կարող ենք նկատել այստեղ’ անձնական փորձառության միջոցով, դրա հետևանքները, սակայն, ձգվում են մինչև հավերժություն: ԴՓ 187.1

Մինչ Հիսուսը խոսում էր, ճշմարտությունը հետզհետե սկսեց լուսավորել առաջնորդի միտքը: Սուրբ Հոգու փափկացնող, հնազանդեցնող ազդեցությունը ջերմացրեց նրա սիրտը: Բայց նա դեռ մինչև վերջ չէր հասկանում Փրկչի խոսքերը: Նրան հուզում էր ոչ այնքան վերածննդի անհրաժեշտությունը, որքան դրա իրականացման ձևը: Նա զարմանքով հարցրեց. «Այդ ինչպե՞ս կարող է լինել”: ԴՓ 187.2

«Դու ես Իսրայելի վարդապետը և այս չգիտե՞ս»,- հարցրեց Հիսուսը: Նա, ում վստահված էր ժողովրդի կրոնական ուսուցումը, անշուշտ, պետք է որ անտեղյակ չլիներ այսքան կարևոր ճշմարտություններին: Նա ուզում էր խրատել, որ ճշմարտության պարզ խոսքերի վրա բարկանալու փոխարեն’ Նիկոդեմոսը պետք է շատ ավելի համեստ կարծիք ունենար իր մասին’ հաշվի առնելով իր հոգևոր տգիտությունը: Բայց Քրիստոսը խոսեց մի այնպիսի վսեմ արժանապատվությամբ, և Նրա հայացքն ու ձայներանգը այնպիսի անկեղծ սեր էին արտահայտում, որ Նիկոդեմոսը չվիրավորվեց’ գիտակցելով իր թշվառ վիճակը: Բայց երբ Հիսուսը բացատրեց, որ Իր առաքելությունն է երկրի վրա հիմնել ոչ թե աշխարհիկ, այլ հոգևոր թագավորություն, Նրա զրուցակիցն անհանգստացավ: Նկատելով դա’ Հիսուսն ավելացրեց. «Եթե երկրավոր բաներն ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնավոր բաներն ասեմ»: Եթե Նիկո- դեմոսը չէր հասկանում սրտի վրա Աստծո շնորհի աշխատանքը լուսաբանող Քրիստոսի ուսմունքը, ապա ինչպե՞ս կարող էր ըմբռնել Նրա փառավոր երկնային արքայության բնույթը: Առանց ըմբռնելու Քրիստոսի աշխատանքի բնույթը երկրի վրա’ նա չէր կարող հասկանալ Նրա ծառայությունը երկնքում: [174] ԴՓ 187.3

Հրեաները, որոնց Հիսուսը վտարել էր տաճարից, իրենց Աբրահամի զավակներն էին համարում, բայց նրանք փախան Փրկչի ներկայությունից, որովհետև չկարողացան տանել Աստծո փառքը, որ արտացոլվեց Նրանում: Այդպես նրանք վկայեցին, որ պիտանի չեն Աստծո շնորհի օգնությամբ մասնակցելու տաճարի սուրբ ծառայություններին: Նրանք ջանք չէին խնայում սրբության կերպարանք ընդունելու, բայց արհամարհում էին սրտի սրբությունը: Լինելով օրենքի տառը պահելու մոլի կողմնակիցներ’ նրանք շարունակ խախտում էին դրա հոգին: Նրանք այն մեծ փոփոխության կարիքն ունեին, որի մասին Քրիստոսն ասաց Նիկոդեմոսին, այն է’ նոր բարոյական ծնունդ, մաքրություն մեղքից, գիտելիքների և սրբության նոր ըմբռնում: ԴՓ 188.1

Իսրայելի կուրությունը վերածննդի անհրաժեշտության նկատմամբ ոչ մի կերպ հնարավոր չէր արդարացնել: Սուրբ Հոգու ազդեցության տակ Եսայիան գրել է. «Մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել, և դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը»: Դավիթն աղոթում էր. «Սուրբ սիրտ ստեղծի’ր ինձանում, ո’վ Աստված, և ուղիղ հոգի’ նորոգիր իմ ներսում”: Իսկ Եզեկիելի միջոցով խոստում էր տրվել. «Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, և վեր պիտի առնեմ ձեր մարմ- նից քարեղեն սիրտը, և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ: Իմ հոգին պիտի դնեմ ձեր միջում, և պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք» (Եսայիա 64.6, Սաղմոս 51.10, Եզեկիել 36.26,27): ԴՓ 188.2

Նիկոդեմոսն այս գրքերը կարդացել էր մթագնած բանականությամբ, բայց հիմա նա սկսել էր հասկանալ դրանց իմաստը: Նա հասկացավ, որ արտաքուստ ճշտորեն հնազանդվելով օրենքի տառին’ ոչ ոք չէր կարող իրավունք ստանալ’ մտնելու երկնքի արքայությունը: Մարդկային տեսակետից նրա կյանքն արդար և պատվավոր էր, բայց Քրիստոսի ներկայությամբ նա զգաց, որ իր սիրտն անմաքուր է, և կյանքը’ անսուրբ: ԴՓ 189.1

Նիկոդեմոսին ինչ-որ բան քաշում էր դեպի Քրիստոսը: Երբ Փրկիչը բացատրեց նրան, թե ինչ է նշանակում վերածնունդ, նրա մեջ բուռն ցանկություն առաջացավ, որ իր մեջ կատարվի այդ փոփոխությունը: Բայց ինչպե՞ս կարելի է դա իրականացնել: Հիսուսը պատասխանեց այդ չարտահայտված հարցին. «Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: ԴՓ 189.2

Այս պատմությունը քաջ ծանոթ էր Նիկոդեմոսին: Բարձրացված օձի խորհըրդանիշը նրան օգնեց հասկանալ Փրկչի առաքելությունը: Երբ իսրայելցիները մեռնում էին թունավոր օձերի խայթոցներից, Աստված Մովսեսին պատվի- րեց պղնձե օձ սարքել և մի բարձր տեղ կանգնեցնել բանակի մեջ: Հետո ամբողջ բնակավայրում հայտարարվեց, որ ով նայի այդ օձին, ողջ կմնա: Ժողովուրդը լավ գիտեր, որ օձն ինքնին զորություն չուներ իրենց օգնելու: Դա Քրիստոսի խորհրդանիշն էր: Ինչպես թունավոր սողունների նմանությամբ պղնձե օձն էր բարձրացվել’ մարդկանց բուժելու համար, այնպես էլ Մեկը’ «մեղքի մարմնի նմանությամբ», պետք է լիներ նրանց Փրկիչը (Հռոմեացիս 8.3): Իսրայելցիներից շատերը կարծում էին, թե զոհաբե- րության ծառայությունն ինքնին կարող է ազատել իրենց մեղքերից: Աստված կամենում էր սովորեցնել նրանց, որ դրա արժեքն ավելի մեծ չէր, քան այն պղնձե օձինը: Դա պետք է ընդամենը նրանց հայացքը դարձներ դեպի Փրկիչը: Սեփական ուժերով նրանք չէին կարող բուժել իրենց վերքերը կամ մեղքերի թողություն ստանալ: Մնում էր միայն հավատալ Աստծո Պարգևին: Նրանք պետք է նայեին և ապրեին: [175] ԴՓ 189.3

Նրանք, ում խայթել էին օձերը, կարող էին հապաղել և չնայել, կարող էին հարցնել, թե ինչ օգուտ կտա այդ պղնձե խորհրդանիշը: Նրանք կարող էին գիտական բացատրություն պահանջել: Սակայն ոչ մի բացատրություն չէր տրվել: Նրանք պետք է ընդունեին Մովսեսի միջոցով տրված Աստծո խոսքը: Հրաժարվել նայելուց’ կնշանակեր մեռնել: ԴՓ 190.1

Բանավեճերն ու քննարկումները չէ, որ լուսավորում են հոգին: Մենք պետք է նայենք և ապրենք: Նիկոդեմոսին խրատ տրվեց, և նա յուրացրեց այն: Նա բոլորովին այլ կերպ սկսեց ուսումնասիրել Գրքերը’ ոչ թե տեսությունը քննարկելու, այլ նոր կյանք ստանալու համար: Հանձնվելով Սուրբ Հոգու առաջնորդությանը’ նա սկսեց տեսնել երկնքի արքայությունը: ԴՓ 190.2

Այսօր կան հազարավոր մարդիկ, ովքեր կարիք ունեն յուրացնելու այն նույն ճշմարտությունը, որ պղնձե օձի միջոցով բացատրվեց Նիկոդեմոսին: Նրանք կարծում են, թե հնազանդվելով Աստծո օրենքին’ կարող են արժանանալ Աստծո բարեհաճությանը: Երբ նրանց պատվիրում են նայել Հիսուսին և հավատալ, որ Նա փրկում է իրենց միմիայն Իր շնորհի միջոցով, նրանք բացականչում են. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»: ԴՓ 190.3

Նիկոդեմոսի նման մենք էլ պետք է պատրաստ լինենք կյանք մտնել’ որպես մեղավորներից ամենաառաջինը: Բացի Քրիստոսից’ «էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ մարդկանց տրված, որով հնարավոր լինի մեզ փրկվել» (Գործք առա- քելոց 4.12): Հավատով մենք ստանում ենք Աստծո շնորհը, բայց հավատը չէ մեր Փրկիչը: Հավատով ոչինչ չենք վաստակում: Հավատը մի ձեռք է, որով մենք կառչում ենք Քրիստոսից և մեր սեփականն ենք դարձնում Նրա արժանիքները’ մեղքի դեմ միակ դեղամիջոցը: Մենք նույնիսկ ապաշխարել չենք կարող’ առանց Աստծո Հոգու օգնության: Ահա թե ինչ է ասում Սուրբ Գիրքը Քրիստոսի մասին. «Աստված նրան Առաջնորդ և Փրկիչ բարձրացրեց Իր աջով, որ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա» (Գործք առաքելոց 5.31): Ուրեմն’ ապաշխարությունն էլ, ինչպես թողությունը, գալիս է Քրիստոսից: [176] ԴՓ 190.4

Ապա ուրեմն’ ինչպե՞ս պետք է մենք փրկվենք: «Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում”, այնպես էլ մարդու Որդին է բարձրացվել, և ամեն ոք, ում խաբել և խայթել է օձը, կարող է նայել և ապրել: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Խաչից շողացող լույսի ներքո բացահայտվում է Աստծո սերը: Նրա սերը գրավում է մեզ դեպի Իրեն, ու եթե մենք չհակառակվենք այդ սիրուն,ապա կառաջնորդվենք դեպի խաչը’ նրա առջև ապաշխարելով մեր բոլոր մեղքերից, որոնք խաչել են Փրկչին: Այն ժամանակ Աստծո Հոգին հավատի միջոցով նոր կյանք է ստեղծում հոգու մեջ: Մտքերն ու ցանկությունները հնազանդվում են Քրիստոսի կամքին: Սիրտն ու բանականությունը վերստեղծվում են Նրա պատկերի նմանությամբ, ով աշխատում է ամեն բան մեր մեջ Իրեն հնազանդեցնել: Ու երբ Աստծո օրենքը դրոշմվում է մեր հոգում և սրտում, այն ժամանակ Քրիստոսի հետ միասին կարող ենք ասել. «Քո կամքը կատարել կամեցա, ո’վ Աստված» (Սաղմոս 40.8): ԴՓ 191.1

Նիկոդեմոսի հետ ունեցած զրույցի մեջ Հիսուսն աշխարհին հայտնեց փրկության ծրագիրն ու Իր առաքելության նպատակը: Իր հետագա քարոզներից և ոչ մեկում Նա այդպես մանրամասն ու ամբողջական բացատրություն չի տվել այն աշխատանքի վերաբերյալ, որ պիտի կատարվեր բոլոր նրանց սրտերում, ովքեր պետք է ժառանգեին Աստծո արքայությունը: Իր ծառայության ամենասկզբում Նա հայտնեց ճշմարտությունը ժողովրդի նշանավոր ուսուցչին, ով ատյանի անդամ էր, դյուրընկալ մտքի տեր մի մարդ: Բայց Իսրայելի առաջնորդները չողջունեցին այդ լույսը: Նիկոդեմոսն իր սրտում թաքցրեց ճշմարտությունը, և երեք տարվա ընթացքում այն նկատելի քիչ պտուղներ բերեց: ԴՓ 191.2

Բայց Հիսուսը գիտեր, թե ինչ հողի մեջ է գցում Իր սերմը: Այն խոսքերը, որ ասվեցին միակ զրուցակցին Ձիթեն- յաց սարի գիշերային լռության մեջ, անպտուղ չկորան: Նիկոդեմոսը որոշ ժամանակ չէր շտապում հրապարակավ դավանել Քրիստոսին, բայց հետևում էր Նրա կյանքին և խորհրդածում Նրա ուսմունքի շուրջ: Ատյանի խորհրդում նա բազմիցս խափանեց Նրան ոչնչացնելու քահանաների ծրագրերը: Երբ ի վերջո Քրիստոսին խաչ բարձրացրին, նա հիշեց Ձիթենյաց սարի վրա իրեն ասված խոսքերը. «Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա”: Այդ գաղտնի զրույցը լույս սփռեց Գողգոթայի խաչի վրա, և Նիկոդեմոսը Հիսուսի մեջ տեսավ աշխարհի Փրկչին: [177] ԴՓ 192.1

Տիրոջ համբարձվելուց հետո, երբ աշակերտները հալածանքների պատճառով ցրվեցին, Նիկոդեմոսը համարձակորեն ասպարեզ դուրս եկավ: Նա իր հարստությամբ օժանդակեց նորածին եկեղեցուն, որը, հրեաների կարծիքով, Քրիստոսի մահից հետո պետք է դադարեր գոյություն ունենալուց: Նա, ով այնքան զգույշ ու երկչոտ էր, վտանգի ժամին դարձավ ժայռի պես ամուր’ խրախուսելով աշակերտների հավատը և միջոցներ տրամադրելով ավետարանի գործն առաջ տանելու համար: Նա արհամարհվեց և հալածվեց նրանց կողմից, ովքեր մի ժամանակ պատվում էին նրան: Նա աղքատացավ և զրկվեց այս աշխարհի բա- րիքներից, բայց չսասանվեց իր հավատի մեջ, որի սկիզբը դրվել էր Հիսուսի հետ այն գիշերային խորհրդակցության ժամանակ: ԴՓ 192.2

Նիկոդեմոսն այդ զրույցի մասին պատմեց Հովհաննեսին, վերջինս էլ գրի առավ այն’ որպես խրատ միլիոնավոր մարդկանց համար: Այդ պատմության մեջ նշված ճշմարտություններն այսօր էլ նույնքան կարևոր են, որքան այն հանդիսավոր գիշերը մշուշապատ լեռան վրա, երբ հրեա առաջնորդը գալիլեացի համեստ Ուսուցչի մոտ եկավ’ կյանքի ճանապարհն իմանալու համար: [178] ԴՓ 193.1