ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 16. - Իր տաճարում
(Հովհաննես 2.12-22)
«ՍՐԱՆԻՑ հետո Հիսուսն իջավ Կափառնայում, Ինքը, իր մայրը, իր եղբայրները և իր աշակերտները. և շատ օրեր չմնացին այնտեղ: Հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուսը ելավ Երուսաղեմ”: ԴՓ 165.1
Այս ճամփորդության ժամանակ Հիսուսը միացավ մի մեծ բազմության, որը գնում էր մայրաքաղաք: Նա դեռ հրապարակավ չէր հայտարարել Իր առաքելության մասին, և աննկատելիորեն խառնվեց ամբոխին: Այսպիսի դեպքերում Մեսիայի գալուստը, որին այնքան մեծ նշանակություն էր տվել Հովհաննեսի ծառայությունը, հաճախ էր խոսակցության առարկա դառնում: Ազգային հզորության հույսը խանդավառություն էր առաջ բերել ժողովրդի մեջ: Հիսուսը գիտեր, որ այդ երազանքը չպետք է իրականանար, քանի որ հիմնված էր Գրքերի սխալ մեկնաբանության վրա: Մեծագույն լրջությամբ Նա բացատրում էր ժողովրդին մարգարեությունները և փորձում դրդել մարդկանց ավելի մանրամասն ուսումնասիրել Աստծո խոսքը: [155] ԴՓ 165.2
Հրեա առաջնորդներն ասում էին, որ ժողովուրդը Երու- սաղեմում պետք է սովորի երկրպագել Աստծուն: Զատկի շաբաթվա ընթացքում այստեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Պաղեստինի բոլոր ծայրերից և նույնիսկ հեռավոր երկըրներից: Տաճարի գավիթները լցված էին խառնամբոխով: Շատերն ի վիճակի չէին իրենց հետ զոհաբերության կենդանիներ բերել, որոնք պետք է խորհրդանշեին միակ մեծ Զոհը: Այս հարցը հեշտացնելու համար տաճարի արտաքին բակում կենդանիներ էին գնում և վա- ճառում: Այստեղ հավաքվել էին ամեն տեսակի մարդիկ, որպեսզի կենդանի գնեին զոհաբերության նպատակով: Օտարերկրյա փողերն այստեղ փոխում էին տաճարի մետաղադրամի հետ: ԴՓ 165.3
Յուրաքանչյուր հրեա պարտավոր էր տարեկան կես սիկղ արծաթ վճարել որպես «իր անձի փրկագին”, և այդպես հավաքված գումարն օգտագործվում էր տաճարի կարիքների համար (Ելից 30.12-16): Բացի դրանից, մեծ գումարներ էին նվիրաբերվում որպես կամավոր ընծաներ և պահվում տաճարի գանձարանում: Եվ պահանջվում էր, որ օտարերկրյա բոլոր փողերը փոխանակվեին տաճարի սիկղ կոչվող մետաղադրամով, որն ընդունվում էր սրբարանի ծառայության համար: Դրամափոխությունը պայմաններ էր ստեղծել խարդախության ու դրամաշորթութ- յան համար և վերածվել էր խայտառակ առևտրի’ եկամտի աղբյուր դառնալով քահանաների համար: ԴՓ 166.1
Առևտրականներն առասպելական գներ էին պահանջում վաճառվող կենդանիների համար և իրենց եկամուտը կիսում էին քահանաների ու առաջնորդների հետ, ովքեր, այսպիսով, հարստանում էին ժողովրդի հաշվին: Երկրպագուներին հավատացրել էին, որ եթե նրանք զոհ չմատուցեն, ապա Աստված չի օրհնի նրանց հողերն ու զավակներին: Այսպես մարդիկ ստիպված բարձր գներ էին վճարում կենդանիների համար. այդքան երկար ճանապարհ կտրելուց հետո հետ չէին դառնա առանց զոհ մատուցելու, որի համար էլ հենց եկել էին: ԴՓ 166.2
Զատկի ժամանակ արվում էին մեծ թվով զոհաբերություններ, և տաճարում մեծ առևտուր էր կատարվում: Այս մշտական իրարանցումն ու ժխորն ավելի շուտ անասունների շուկա էր հիշեցնում, քան Աստծո սուրբ տաճար: Այստեղ կարելի էր լսել խիստ արտահայտություններ, կովերի բառաչյուն, ոչխարների մայուն, աղավնիների ղունղունոց’ խառնված մետաղադրամների զրնգոցի և կրքոտ վիճաբանությունների հետ: Աղմուկն այնքան մեծ էր, որ խանգարում էր աղոթողներին, և Ամենաբարձրյալին ուղղ- ված խոսքերը կորչում էին տաճարում տիրող ժխորի մեջ: Հրեաները շատ էին հպարտանում իրենց բարեպաշտությամբ: Նրանք պարծենում էին իրենց տաճարով և դրա հասցեին ուղղված ամեն մի անհարգալից բառ հայհոյանք էին համարում, նրանք չափազանց բծախնդիր էին տաճարի հետ կապված բոլոր ծեսերի կատարման մեջ, բայց հարստության տենչը գերազանցել էր նույնիսկ նրանց բծախնդրությունը: Հազիվ թե նրանք գիտակցեին, թե որքան են հեռացել ծառայության այն սկզբական նպատակից, որ Աստված Ինքն էր սահմանել: [156] ԴՓ 166.3
Երբ Տերն իջավ Սինա լեռան վրա, Նրա ներկայությունը սրբեց այդ վայրը: Մովսեսը հրաման ստացավ սահմաններ դնել սարի շուրջը և սրբացնել այն: Հետո Աստված նախազգուշացրեց. «Զգուշացե’ք սարը վեր ելնելուց կամ նրա ծայրին դիպչելուց, ով որ սարին դիպչի, անպատճառ պիտի մեռնի: Նրան ձեռք չդիպչի, դիպչողն անպատճառ պիտի քարկոծվի կամ նետով սպանվի. թե’ անասուն և թե’ մարդ պիտի չապրի” (Ելից 19.12,13): Այսպիսով, խրատ տրվեց, որ սուրբ է այն վայրը, որտեղ ներկա է Աստված: Աստծո տաճարի շրջակայքը պետք է սուրբ համարվեր, բայց շահի համար մղվող պայքարում այս ամենը մոռացության էր մատնվել: [157] ԴՓ 167.1
Քահանաներն ու իշխանները կոչված էին Աստծո ներկայացուցիչները լինելու ազգի համար: Նրանք պետք է արգելեին տաճարի բակում կատարվող առուծախը և ազնվության ու կարեկցանքի օրինակ ցույց տային: Փոխանակ մտածելու իրենց շահերի մասին՝ նրանք պետք է հոգային երկրպագուների կարիքները և պատրաստ լինեին օգնելու նրանց, ովքեր ի վիճակի չէին սեփական մի- ջոցնելով մատուցել պահանջվող զոհը: Բայց նրանք այդպես չէին անում: Ագահությունը կարծրացրել էր նրանց սրտերը: ԴՓ 167.2
Այստեղ եկել էին նաև այնպիսիք, ովքեր տառապում էին, ովքեր կարիքի և վշտի մեջ էին: Այստեղ կային կույր, կաղ և խուլ մարդիկ: Ոմանց բերում էին պատգարակների վրա: Եկել էին այնպիսիք, ովքեր այնքան աղքատ էին, որ ամենահամեստ զոհն անգամ չէին կարող գնել Տիրոջ համար, այնքան աղքատ, որ նույնիսկ ուտելիք չէին կարող գնել’ հագեցնելու սեփական քաղցը: Այսպիսի մարդկանց շատ էին վշտացնում քահանաների պահանջները: Քահանաները պարծենում էին իրենց բարեպաշտությամբ: Նրանք իրենց ժողովրդի պահապաններ էին կոչում, սակայն զուրկ էին կարեկցանքի ու խղճահարության զգացումից: Աղքատները, հիվանդներն ու մահամերձները զուր էին ողորմություն աղերսում: Նրանց տառապանքը չէր շարժում քահանաների գութը: ԴՓ 167.3
Ահա թե ինչ տեսարան բացվեց Հիսուսի առջև, երբ Նա մտավ տաճար: Նա տեսավ խարդախ գործարքներ: Նա տեսավ թշվառ աղքատների, ովքեր կարծում էին, թե առանց արյուն թափելու’ իրենց մեղքերը չեն ներվի: Նա տեսավ, որ Իր տաճարի արտաքին բակը վերածվել է անսուրբ մի վաճառատեղի: Ցանկապատված սրբավայրը դարձել էր մի հսկայական շուկա: ԴՓ 168.1
Քրիստոսը տեսավ, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել: Ժողովրդին ստիպում էին զանազան արարողություններ կատարել’ առանց դրանց իմաստը պատշաճ կերպով բա- ցատրելու: Երկրպագուները մատուցում էին իրենց զո- հերը’ առանց հասկանալու, որ դրանք միակ կատարյալ Զոհի խորհրդանիշերն են: Եվ նրանց մեջ կանգնած էր Մեկը’ անճանաչելի և անարգված, ում խորհրդանշում էր նրանց ամբողջ արարողական ծառայությունը: Այդ Նա էր ժամանակին ցուցումներ տվել զոհաբերությունների վե- րաբերյալ: Նա հասկանում էր դրանց խորհրդանշական իմաստը, բայց տեսավ, որ դրանք այժմ խեղաթյուրված և արժեզրկված էին: Հոգևոր պաշտամունքն արագորեն վերանում էր: Քահանաներին ու առաջնորդներին ոչինչ չէր կապում իրենց Աստծո հետ: Քրիստոսի գործն էր’ սահմանել բոլորովին այլ մի ծառայություն: ԴՓ 168.2
Զննող հայացքով Քրիստոսը դիտում է Իր առջև բացված տեսարանը’ կանգնած տաճարի բակի աստիճանների վրա: Մարգարեական աչքերով Նա տեսնում է ապագան ոչ միայն տարիներ, այլև դարեր և հազարամյակներ հետո: Նա տեսնում է, թե ինչպես են քահանաներն ու առաջնորդները չքավորներին զրկելու իրենց իրավունքից, ինչպես են արգելելու, որ ավետարանը քարոզվի աղքատներին: Տեսնում է, թե ինչպես են Աստծո սերը թաքցնելու մեղավորներից, և մարդիկ առուծախի առարկա են դարձնելու Իր շնորհը: Մինչ Նա դիտում է այդ տեսարանը, վրդովմունքի, իշխանության և զորության արտահայտություն է հայտնվում Նրա դեմքին: Ժողովրդի ուշադրությունն ուղղվում է Նրա վրա: Խարդախ առևտրականները չեն կարողանում իրենց հայացքը կտրել Նրանից: Նրանք զգում են, որ այս Մարդը կարդում է իրենց ամենածածուկ մտքերը և գիտի դրանց գաղտնի մղումները: Ոմանք փորձում են թաքցնել իրենց դեմքը, կարծես նրանց երեսների վրա գրված էին իրենց չար գործերը: [158] ԴՓ 169.1
Իրարանցումը դադարում է: Առևտուրն ու գործարքները կանգ են առնում: Ճնշող լռություն է տիրում: Ակնածանքի մի զգացում է համակում ամենքին, ասես կանգնած լինեին Աստծո դատաստանի առջև’ պատասխան տալու իրենց արարքների համար: Նայելով Քրիստոսին’ նրանք տեսնում են մարդկային կերպարանքից ճառագող աստվածության փառքը: Երկնքի Վեհափառությունը կանգնած է այնպես, ինչպես Դատավորն է կանգնելու վերջին օրը, կանգնած է’ դեռևս չշրջապատված այն փառքով, որ այն ժամանակ կուղեկցի Նրան, սակայն օժտված է հոգիները կարդալու միևնույն զորությամբ: Նրա աչքերը սահում են բազմության վրայով’ թափանցելով յուրաքանչյուր անհատի հոգու խորքը: Նրա կերպարանքն ասես վեր է բարձրանում նրանցից ենթարկեցնող արժանապատվությամբ, և աստվածային մի լույս է հրավառվում Նրա դեմքին: Ահա Նա սկսում է խոսել, հնչում է Նրա հստակ, տաճարի կա- մարների տակ արձագանքող զրնգուն ձայնը, այն նույն ձայնը, որ Սինա լեռան վրա հռչակեց օրենքը, որ այժմ խախտում են քահանաներն ու առաջնորդները. «Դրանք վե’ր առեք այստեղից, Իմ Հոր տունը առևտրի տուն մի’ շինեք»: ԴՓ 169.2
Դանդաղ իջնելով աստիճաններով և բարձրացնելով խարազանը, որ պարաններից էր սարքել բակ մտնելու ժամանակ’ Նա առևտրականների բազմությանը հրամայում է հեռանալ տաճարի շրջակայքից: Մի այնպիսի վրդովմունքով ու խստությամբ, որը նախկինում երբեք չէր դրսևորել, Նա սկսում է շրջել դրամափոխների սեղանները: Մետաղադրամները սուր զրնգոցով թափվում են տաճարի մարմարե սալահատակին: Ոչ ոք չի համարձակվում հարցնել, թե ինչ իրավունքով է Նա այդպես վարվում: Ոչ ոք չի համարձակվում հավաքել իր անարդար եկամուտը: Հիսուսը չի հարվածում նրանց պարաններից սարքված մտրակով, բայց Նրա ձեռքում այդ հասարակ խարազանն այնքան ահազդու է թվում, կարծես բոցավառվող սուր լինի: Տաճարի սպասավորները, շահամոլ քահանաները, միջնորդ առևտրականները և անասուն վաճառողներն իրենց ոչխարների ու խոշոր եղջերավոր անասունների հետ միասին փախչում են այդտեղից’ մտածելով միայն այն մասին, թե ինչպես խույս տան Նրա դատապարտող ներկայությունից: ԴՓ 170.1
Բազմությունը խուճապի է մատնվում’ զգալով Նրա աստվածության արտացոլումը: Սարսափի ճիչեր են պոկվում հարյուրավոր գունատ շուրթերից: Դողում են նույնիսկ աշակերտները: Նրանք սարսափել էին Հիսուսի խոսքերից ու վարմունքից, որն այնքան նման չէր Նրա սովորական վարվելաձևին: Նրանք հիշում էին, որ Նրա մասին գրված է. «Որովհետև քո տան նախանձը կերավ ինձ” (Սաղմոս 69.9): Խառնաշփոթ ամբոխն իր ապրանքներով արդեն բավականին հեռու էր Տիրոջ տաճարից: Բակերն ազատ էին պիղծ առևտրից, և մի խոր լռություն ու հան- դիսավորություն էր տիրում իրարանցման վայրում: Տիրոջ ներկայությունը, որ հնում սուրբ էր դարձրել սարը, այժմ սրբացրել էր Իր պատվին կանգնեցրած տաճարը: [161] ԴՓ 170.2
Մաքրելով տաճարը’ Հիսուսն Իրեն հռչակում է որպես Մեսիա և սկիզբ է դնում Իր ծառայությանը: Տաճարը, որ պետք է Աստծո մշտական ներկայության տեղը լիներ, նախատեսված էր ակնառու դաս լինելու ինչպես Իսրայելի, այնպես էլ աշխարհի համար: Հավիտենական ժամանակներից ի վեր Աստծո նպատակն էր, որ յուրաքանչյուր արարած’ պայծառ ու սուրբ սերովբեից մինչև մարդը, տաճար լինի Արարչի բնակության համար: Մեղքի պատճառով մարդկությունը դադարեց Աստծո համար տաճար լինելուց: Չարից խեղաթյուրված և ապականված’ մարդկային սիրտն այլևս չէր արտացոլում Աստվածայինի փառքը: Սակայն Երկնքի նպատակն իրագործվում է Աստծո Որդու մարմնավորման միջոցով: Աստված բնակվում է մարդկության մեջ, և փրկարար շնորհի օգնությամբ մարդու սիրտը կրկին Նրա տաճարն է դառնում: Աստված նախատեսել էր, որ Երուսաղեմի տաճարն անընդհատ հիշեցներ այն երկնային ժառանգության մասին, որը մատչելի էր ամեն մարդու: Բայց հրեաները չէին հասկացել այն շինության նշանակությունը, որով այնքան հպարտանում էին: Նրանք չէին ուզում սուրբ տաճարներ լինել Աստվածային Հոգու համար: Երուսաղեմի տաճարի գավիթները, որ վեր էին ածվել սովորական շուկայի, իրենց խարդախ առուծախով ճշտորեն խորհրդանշում էին սրտի տաճա- րը’ պղծված ստոր կրքերով ու անսուրբ մտքերով: Տաճարը մաքրելով առևտրականներից’ Հիսուսն ազդարարեց մեղքի պղծությունից, հոգին ապականող աշխարհիկ ցանկությունից, եսասիրական կրքերից և չար սովորություններից մարդկային սիրտը մաքրելու Իր առաքելության մա- սին: «Եվ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի Հրեշտակը, որին դուք հավանում եք, ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը, և ո՞վ է նրա գալու օրը տանողը, և ո՞վ է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնող կրակի պես է և թափիչների օճառի պես: Եվ Նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող, և մաքրելու է Ղևիի որդկանց և զտելու է նրանց ոսկու և արծաթի պես” (Մաղաքիա 3.1-3): ԴՓ 171.1
«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք» (Ա Կորնթացիս 3.16,17): Ոչ ոք չի կարող սեփական ուժերով իր սիրտը մաքրել արատներից և չարից: Միայն Քրիստոսը կարող է սրբել հոգու տաճարը: Բայց Նա բռնությամբ ներս չի մտնում: Նա սրտի մեջ չի մտնում այնպես, ինչպես հին տաճարն էր մտնում: Այլ ասում է. «Ահա ես դռան առաջին կանգնած թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ” (Հայտնություն 3.20): Նա կգա, բայց ոչ թե մեկ օրով, քանի որ ասում է. «Նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ, և նրանց Աստված կլինեմ, իսկ նրանք’ իմ ժողովուրդը»: «Նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները. մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը” (Բ Կորնթացիս 6.16, Միքիա 7.19): Նրա ներկայությունը կմաքրի և կսրբագործի հոգին, որպեսզի այն սուրբ տաճար լինի Աստծո համար և «Աստծո բնակարան’ Հոգով” (Եփեսացիս 2.21,22): [162] ԴՓ 172.1
Քահանաներն ու առաջնորդները սարսափահար փախուստի էին դիմել տաճարի բակից և այն զննող հայացքից, որ կարդում էր նրանց սրտերը: Փախչելիս, ճամփին հանդիպելով ուրիշների, ովքեր տաճար էին գալիս, նրանք պատվիրում էին հետ դառնալ’ պատմելով նրանց այն ամենը, ինչ տեսել և լսել էին: Քրիստոսը խղճահարությամբ էր նայում փախչողներին, ովքեր չգիտեին, թե որն է իսկական երկրպագությունը: Այս փախուստի մեջ Նա տեսավ ամբողջ հրեա ազգի տարագրության նախապատկե- րը’ որպես պատիժ իր ամբարշտության ու խստասրտութ յան համար: ԴՓ 172.2
Եվ ինչո՞ւ քահանաները փախան տաճարից: Ինչո՞ւ նրանք զիջեցին իրենց դիրքերը: Նա, ով հրամայեց նրանց հեռանալ, հյուսնի որդի էր’ մի աղքատ գալիլեացի, ով ո’չ երկրային բարձր պաշտոն ուներ, ո’չ էլ իշխանություն: Ինչո՞ւ նրանք չընդդիմացան Նրան: Ինչո՞ւ նրանք թողեցին անազնիվ ճանապարհով ձեռք բերված շահույթը և փախան Մեկի հրամանով, ով արտաքինից այնքան համեստ տեսք ուներ: ԴՓ 173.1
Քրիստոսը խոսում էր Արքայի հեղինակությամբ, և Նրա տեսքի ու ձայներանգի մեջ կար մի բան, որին նրանք անզոր էին դիմակայել: Լսելով հրամայական խոսքերը’ նրանք, ինչպես նախկինում երբեք, գիտակցեցին, որ կեղծավորներ ու կեղեքիչներ են: Երբ մարդկային էության միջից արտացոլվեց աստվածությունը, նրանք ոչ միայն տեսան վրդովմունքի արտահայտությունը Քրիստոսի դեմքին, այլև հասկացան Նրա խոսքերի նշանակությունը: Նրանց թվաց, թե կանգնած Հավիտենական Դատավորի գահի առջև’ լսում են իրենց սոսկալի դատավճիռը: Մի որոշ ժամանակ նրանք համոզված էին, որ Քրիստոսը մարգարե է, իսկ շատերն էլ հավատացած էին, որ Նա Մեսիան է: Սուրբ Հոգին հիշեցրել էր նրանց Քրիստոսին վերաբերող մարգարեական խոսքերը: Կդառնա՞ր արդյոք դա նրանց համոզմունքը£ ԴՓ 173.2
Ո’չ, նրանք չէին ապաշխարի: Նրանք գիտեին, որ Քրիստոսը կարեկցանքով է վերաբերվում աղքատներին: Գիտեին, որ կողոպտել են ժողովրդին: Նրանք ատում էին Հի- սուսին, որովհետև Նա կարդում էր իրենց մտքերը: Նրանց հպարտ սրտերի համար ստորացուցիչ էր բոլորի ներկայությամբ լսել Նրա խիստ հանդիմանությունը, և նախանձում էին, որ Նրա ազդեցությունը ժողովրդի վրա գնալով աճում է: Եվ նրանք որոշում են հարցնել, թե ինչ իշխանությամբ է Նա դուրս քշել իրենց, և ով է Նրան տվել այդ իշխանությունը: [163] ԴՓ 173.3
Դանդաղ և զգուշորեն, բայց ատելությունն իրենց սրտերում, նրանք վերադարձան տաճար: Որքա՜ն մեծ փոփոխություն էր տեղի ունեցել իրենց բացակայության ընթացքում: Նրանց փախչելու ժամանակ աղքատները մնացել էին տաճարում և հիմա իրենց հայացքներն ուղղել էին Հիսուսին, ում դեմքը կարեկցանք ու սեր էր արտահայտում: Արցունքներն աչքերին’ Նա ասում էր Իր շուրջը հավաքված դողդողացող մարդկանց. «Մ’ի վախեցեք, Ես կազատեմ ձեզ, և դուք կփառաբանեք Ինձ: Հենց դրա համար եմ Ես այս աշխարհը եկել»: ԴՓ 174.1
Ժողովուրդը սեղմվելով մղվում էր դեպի Քրիստոսը՝ թախանձագին, աղերսական խնդրանքներով. «Տե’ր, օրհնի՜ր ինձ»: Նա լսում էր յուրաքանչյուրի աղաչանքը: Նա խոնարհվում էր տանջվող փոքրիկների վրա մի այնպիսի խղճահարությամբ, որը կգերազանցեր նույնիսկ քնքշասիրտ մոր սերը: Ամենքն էլ ուշադրության էին արժանանում և ապաքինվում իրենց բոլոր հիվանդություններից: Համրերի շուրթերը բացվում էին փառաբանությամբ, կույրերը տեսնում էին իրենց Բժշկի դեմքը, տառապյալների սրտերը լցվում էին բերկրանքով: ԴՓ 174.2
Որքա՜ն մեծ էր քահանաների և տաճարի ծառայողների զարմանքը, երբ ականատես եղան այդ մեծ հրաշքներին և լսեցին թշվառների շուրթերից հնչող փառաբանության ձայները: Մարդիկ պատմում էին իրենց կրած տառապանքի, իրենց խորտակված հույսերի, վշտով լի օրերի և անքուն գիշերների մասին: Երբ հույսի վերջին շողն էլ արդեն կարծես մարել էր, Քրիստոսը բուժեց նրանց: «Բեռն այնքան ծանր էր,- ասաց մեկը,- բայց ես օգնական եմ գտել. Նա Աստծո Քրիստոսն է, ու ես իմ կյանքը նվիրելու եմ Նրա ծառայությանը»: Ծնողներն ասում էին երեխաներին. «Նա փրկել է ձեր կյանքը, բարձրացրե՜ք ձեր ձայնը և փառաբանեի Նրան»: Երեխաների և պատանիների, հայրերի և մայրերի, ընկերների և ականատեսների ձայները միախառնվել էին գովասանքով և փառաբանությամբ: Նրանց սրտերը լցվել էին հույսով և ուրախությամբ: Խաղաղություն էր իջել նրանց հոգուն: Նրանք ապաքինվել էին մարմնով ու հոգով և վերադառնում էին տուն’ պատմելով ամեն տեղ Հիսուսի անզուգական սիրո մասին: ԴՓ 174.3
Նրանք, ովքեր այսպես ապաքինվել էին, Քրիստոսի խաչելության ժամանակ չմիացան այն խառնամբոխին, որ գոչում էր. «Խաչի’ր նրան, խաչի’ր նրան»: Նրանք խղճում էին Հիսուսին, քանի որ զգացել էին Նրա մեծ սերն ու հրաշալի զորությունը: Նրանք ճանաչում էին Նրան որպես իրենց Փրկչի, որովհետև Նա առողջացրել էր իրենց մարմինն ու հոգին: Նրանք լսում էին առաքյալների քարոզները, և Աստծո խոսքը լուսավորում էր նրանց սրտերը: Նրանք Աստծո օգնականները դարձան՝ Նըրա ողորմությունն ու փրկությունը մարդկանց տանելու գործում: ԴՓ 175.1
Տաճարի բակից փախուստի դիմած ամբոխը որոշ ժամանակ անց սկսեց դանդաղ վերադառնալ: Նրանց համակած խուճապը աստիճանաբար տեղի էր տալիս, բայց նրանց դեմքերը դեռևս անվճռականություն ու երկչոտություն էին արտահայտում: Նրանք ապշահար հետևում էին Հիսուսի արարքներին և համոզվում, որ հանձին Նրա իրականանում են Մեսիայի վերաբերյալ մարգարեությունները: Տաճարի սրբապղծության մեղքը գլխավորապես ընկնում էր քահանաների վրա: Նրանց համաձայնությամբ էր բակը վերածվել շուկայի: Ժողովուրդն այնքան էլ մեղավոր չէր: Հիսուսի աստվածային հեղինակությունը մեծ տպավորություն էր թողել նրանց վրա, բայց քահանաների և իշխանների ազդեցությունն ավելի առաջնակարգ էր նրանց համար: Նրանք Քրիստոսի առաքելությունը նորարարություն էին համարում և կասկածանքով էին վերաբերվում Նրա այն իրավունքին, որով Նա միջամտում էր տաճարի ղեկավարության գործերին: Նրանք վիրավորված էին, որ առևտուրն ընդհատվել է, և խլացնում էին Սուրբ Հոգու ձայնը: [164] Առաջին հերթին քահանաներն ու իշխանները պետք է Հիսուսի մեջ ճանաչեին Տիրոջ Օծյալին, որովհետև նրանց մոտ էին գտնվում Նրա առաքելությունը նկարագրող սրբազան մագաղաթյա փաթեթները, և նրանք գիտեին, որ տաճարի մաքրումը միայն գերմարդկային զորության դրսևորում էր: Չնայած Հիսուսի նկատմամբ իրենց ատելությանը’ նրանք չէին կարողանում ազատվել այն մտքից, որ Նա կարող է մարգարե լինել’ ուղարկված Աստծո կողմից’ տաճարի սրբությունը վերականգնելու համար: Այս մտավախությամբ առաջնորդվելով’ նրանք հարգանքով մոտեցան Նրան և հարցրին. «Ի՞նչ նշան ես ցույց տալիս մեզ, որ անում ես այդ”: ԴՓ 175.2
Հիսուսն արդեն նրանց նշան էր ցույց տվել: Լույս շողացնելով նրանց սրտերում և կատարելով այն գործերը, որ Մեսիան պիտի աներ’ Նա համոզիչ վկայություն էր տվել Իր էության մասին: Հիմա, երբ նրանք հրաշք էին պահանջում, ցույց տալով, որ գուշակում է նրանց չարակամությունն ու տեսնում, թե այն ուր կարող է հասցնել նրանց’ Նա պատասխանեց առակով. «Քանդեցե՜ք այս տաճարը, և երեք օրում կկանգնեցնեմ այն»: ԴՓ 176.1
Երկիմաստ էին Նրա այս խոսքերը: Նա նկատի ուներ ոչ միայն հրեական տաճարի ու երկրպագության համակարգի ավերումը, այլև Իր սեփական մահը’ Իր մարմնի տաճարի կործանումը: Այս նպատակով հրեաներն արդեն սկսել էին դավեր նյութել: Տաճար վերադառնալիս’ քահանաներն ու առաջնորդները մտադրվել էին սպանել Հիսուսին և այդպիսով ազատվել խռովարարից: Բայց երբ Նա բացահայտեց նրանց նպատակը, դարձյալ չհասկացան Նրան: Նրա խոսքերը վերագրեցին միմիայն Երու- սաղեմի տաճարին և զայրացած գոչեցին. «Այս տաճարը քառասունվեց տարում շինվեց, և դու երեք օրում կկանգ- նեցնե՞ս այն”: Զգալով, որ Հիսուսն իրենց անհավատության առիթ տվեց’ նրանք հաստատ որոշեցին մերժել Նրան: ԴՓ 176.2
Քրիստոսը համոզված էր, որ այդ պահին Իր խոսքերը չեն հասկանա ոչ միայն անհավատ հրեաները, այլ նույնիսկ Իր աշակերտները: Նա գիտեր, որ Իր թշնամիները դրանք սխալ կմեկնաբանեն և շուռ կտան Իր դեմ: Դատավարության ժամանակ դրանք կներկայացնեն որպես մեղադրանք, և ծաղրանքով Իր վրա կշպրտեն Գողգոթայում: Բայց եթե այդ ժամանակ Նա բացատրեր ամեն ինչ, ապա աշակերտները կիմանային Իր տառապանքների մասին, և դա նրանց այնպիսի վիշտ կպատճառեր, որը նրանք դեռևս ի վիճակի չէին տանելու: Եվ բացատրությունը ժամանակից շուտ հրեաներին կբացահայտեր իրենց նախապաշարումների և անհավատության հետևանքները: Նրանք արդեն բռնել էին այն ճանապարհը, որից միտք էլ չունեին շեղվելու, մինչև որ Նա, ինչպես մի Գառ, տարվեր մորթ- վելու: [165] ԴՓ 177.1
Քրիստոսի այս խոսքերն ասվեցին հանուն նրանց, ովքեր պիտի հավատային Նրան: Նա գիտեր, որ դրանք պիտի կրկնվեն, որովհետև ասվել էին Զատկին, և հազարավոր մարդիկ, լսելով այդ խոսքերը, պիտի տարածեին աշխարհի բոլոր ծայրերում: Դրանց իմաստը կպարզվեր այն ժամանակ, երբ Նա հարություն առներ: Շատերի համար դրանք Իր աստվածության համոզիչ վկայությունը պիտի լինեին: ԴՓ 177.2
Հոգևոր խավարի պատճառով հաճախ նույնիսկ Հիսուսի աշակերտները չէին կարողանում հասկանալ Նրա դասերը: Բայց հետագա իրադարձությունները լույս էին սփռում դրանց վրա: Երբ Նա այլևս նրանց հետ չէր, Նրա խոսքերը հնչում էին նրանց սրտերում: ԴՓ 177.3
Ինչ վերաբերում է Երուսաղեմի տաճարին, Փրկչի խոսքերը’ «Քանդեցե’ք այս տաճարը, և երեք օրում կկանգնեց- նեմ այն”, ավելի խոր իմաստ ունեին, քան կարող էին ընկալել լսողները: Քրիստոսն էր տաճարի հիմքը և կյանքը: Դրանում կատարվող ծառայությունները խորհրդանշում էին Աստծո Որդու զոհաբերությունը: Քահանայությունը սահմանված էր’ ներկայացնելու Քրիստոսի միջնորդական ծառայությունը: Զոհաբերությունների ամբողջ համակարգը խորհրդանշում էր Փրկչի մահը հանուն աշխարհի փրկության: Այդ զոհաբերությունները պիտի կորցնեին իրենց նշանակությունն այն ժամանակ, երբ կատարվեր այն մեծ իրադարձությունը, որին դրանք դարեր շարունակ մատնանշել էին: ԴՓ 177.4
Եվ քանի որ ամբողջ ծիսական համակարգը խորհրդանշում էր Քրիստոսին, առանց Նրա’ այն ոչ մի արժեք չուներ: Երբ հրեաները վերջնականապես մերժեցին Քրիստոսին’ մահվան մատնելով Նրան, նրանք մերժեցին այն ամենը, ինչն իմաստ էր հաղորդում տաճարին և նրանում կատարվող ծառայություններին: Տաճարը դադարեց սուրբ լինելուց և պետք է դատապարտվեր կործանման: Այդ օրվանից զոհաբերություններն ու դրանց հետ կապված ծառայություններն անիմաստ դարձան: Կայենի զոհի նման դրանք այլևս հավատ չէին արտահայտում Փրկչի հանդեպ: Մահվան մատնելով Քրիստոսին’ հրեաներն, ըստ էության, ավերեցին իրենց տաճարը: Երբ Քրիստոսը խաչվեց, տաճարի ներքին վարագույրը վերևից ներքև բաժանվեց երկու մասի, իսկ դա նշանակում էր, որ իսկական մեծ զոհաբերությունը կատարված է, և որ վերջ դրվեց զոհաբերությունների ամբողջ համակարգին: [166] ԴՓ 178.1
«Երեք օրում կկանգնեցնեմ այն”: Փրկչի մահով խավարի ուժերը կարծես գերազանցության հասան և սկսեցին տոնել իրենց հաղթանակը: Բայց Հովսեփի գերեզմանից Հիսուսը դուրս եկավ որպես Հաղթող: «Իշխանություններին և պետություններին մերկացնելով’ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց Իրենում” (Կողոսացիս 2.15): Իր մահվան և հարության շնորհիվ’ Նա ծառայող դարձավ «ճշմարիտ խորանին, որը որ Տերը կանգնեցրեց, և ոչ թե մարդ» (Եբրայեցիս 8.2): Մարդիկ էին կանգնեցրել հրեական խորանը, մարդիկ էին կառուցել հրեական տաճարը, բայց երկնային սրբարանը, որի խորհրդանիշն էր երկրայինը, մարդ-ճարտարապետը չէր կառուցել: «Ահա մի մարդ’ անունը Շառավիղ... Եվ նա կշինի Տիրոջ տաճարը, և նա մեծափառություն է կրելու, և պիտի բազմի ու իշխի իր աթոռի վրա, և նա քահանա է լինելու իր աթոռի վրա” (Զաքարիա 6.12,13): ԴՓ 178.2
Քրիստոսին մատնանշող զոհաբերության ծիսակատարությունը վերացավ, բայց մարդկանց հայացքը դարձավ դեպի այն ճշմարիտ զոհը, որ մատուցվեց աշխարհի մեղքերի համար: Երկրային քահանայությունն ավարտվեց, բայց մենք նայում ենք Նոր Կտակարանի միջնորդ Հիսու- սին և «այն արյունի սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբելի արյունը”: «Սրբությունների ճանապարհը դեռ հայտնված չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր... բայց Քրիստոսը, որ եկավ, հանդերձյալ բարիքների քահանայապետը, ավելի մեծ և կատարյալ և անձեռագործ խորանով... բուն իր արյունով, մեկ անգամ մտավ այն սրբատեղին և հավիտենական փրկություն գտավ» (Եբրայեցիս 12.24, 9.8-12): ԴՓ 179.1
«Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի” (Եբրայեցիս 7.25): Թեև ծառայությունը պետք է երկրային տաճարից փոխադրվեր երկնայինը, թեև սրբարանն ու մեր մեծ քահանայապետն անտեսանելի պիտի լինեին մարդկային տեսողության համար, աշակերտները, այնուամենայնիվ, ոչ մի կորուստ չպետք է կրեին դրանից: Փրկչի բացակայությունը չէր խզի նրանց կապը Աստծո հետ և չէր թուլացնի նրանց ուժը: Թեև Հիսուսը ծառայում է վերին սրբարանում, Նա Իր Հոգով շարունակում է ծառայել եկեղեցուն երկրի վրա: Նա անտեսանելի է մարդկային աչքի համար, բայց Նրա հրաժեշտի խոստումն ուժի մեջ է. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.20): Չնայած Նա Իր զորությունը հանձնում է ստորադաս ծառայողներին, Նրա կենդանարար ներկայությունն Իր եկեղեցու հետ է: ԴՓ 179.2
«Արդ, որովհետև մեծ Քահանայապետ ունենք... Աստծո Որդի Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը: Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի: Ուրեմն համարձակությամբ մոտենանք շնորհի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու” (Եբրայեցիս 4.14-16): [167] ԴՓ 180.1