ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 18. - «Նրան պետք է աճել”
(Հովհաննես 3.22-36)
ՈՐՈՇ ժամանակ Մկրտիչն ավելի ուժեղ ազդեցություն ուներ ժողովրդի վրա, քան առաջնորդները, քահանաներն ու իշխանները: Եթե նա իրեն հռչակեր որպես Մեսիա և ապստամբություն բարձրացներ Հռոմի դեմ, քահանաներն ու ժողովուրդը կհամախմբվեին նրա դրոշի տակ: Սատանան այս աշխարհի տիրակալներին բնորոշ ամեն տեսակի փառասիրական մտքեր էր ներշնչում Հովհաննես Մկրտչին’ փորձելով գայթակղել նրան: Բայց գիտակցելով, թե ով է իր զորության աղբյուրը’ նա համառորեն մերժում էր աշխարհային այդ փառահեղ հեռանկարը: Իր վրա սևեռված ուշադրությունը նա ուղղել էր դեպի Մեկ Ուրիշը: ԴՓ 194.1
Հիմա նա տեսավ, որ ժողովրդականության ալիքն իրենից շրջվում է դեպի Փրկիչը: Նրա շուրջը հավաքվող բազմությունն օրեցօր նվազում էր: Երբ Հիսուսը Երուսաղե- մից եկավ Հորդանան, ժողովուրդը հավաքվեց Նրա շուր- ջը: Նրա աշակերտների թիվն օրեցօր աճում էր: Շատերը գալիս էին մկրտվելու, և քանի որ Քրիստոսն անձամբ չէր մկրտում, Նա Իր աշակերտներին հանձնարարեց կատարել այդ արարողությունը: Դրանով Նա Իր կնիքը դրեց նախակարապետի առաքելության վրա: Բայց Հովհաննեսի աշակերտները նախանձով էին նայում Հիսուսի աճող ժո- ղովրդականությանը: Նրանք առիթ էին փնտրում քննադատելու Նրա գործը, և առիթը նրանց երկար սպասել չտվեց: Հրեաների և նրանց միջև վեճ բացվեց այն մասին, թե կարո՞ղ է արդյոք մկրտությունը մաքրել հոգին մեղքից: Նրանք պնդում էին, որ Հիսուսի մկրտությունն էապես տարբերվում է Հովհաննեսի մկրտությունից: Շուտով նրանք բանավեճի մեջ մտան Քրիստոսի աշակերտների հետ այն հարցի շուրջ, թե ինչ բառեր պետք է օգտագործել մկրտության ժամանակ, և վերջապես իրենց կասկածները հայտնեցին այն մասին, թե ընդհանրապես իրավունք ունի՞ Քրիստոսը մկրտելու: [179] ԴՓ 194.2
Հովհաննեսի աշակերտներն իրենց բողոքներով եկան նրա մոտ և ասացին. «Ռաբբի’, նա, ով Հորդանանի այն կողմում էր քեզ հետ, ում համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»: Այս խոսքերով սատանան փորձում էր Հովհաննեսին: Ու թեև Հովհաննեսի առաքելությունն արդեն մոտենում էր իր ավարտին, նա դեռևս հնարավորություն ուներ խանգարելու Քրիստոսի գործին: Եթե նա սկսեր կարեկցել ինքն իրեն կամ վշտանար ու հուսահատության մեջ ընկներ’ գերազանցված լինելու պատճառով, ապա անհամերաշխության սերմեր կցաներ, կխրախուսեր խանդն ու նախանձը և լուրջ վնաս կհասցներ ավետարանի առաջընթացին: ԴՓ 195.1
Հովհաննեսը, ինչպես բնորոշ է մարդկանց, նույնպես թերություններ և թուլություններ ուներ, բայց աստվածային սիրո հպումը վերափոխել էր նրան: Նա ապրում էր մի մթնոլորտում, որն ապականված չէր եսասիրությամբ ու փառամոլությամբ և շատ հեռու էր նախանձի վնասակար ազդեցությունից: Նա ոչնչով չխրախուսեց իր աշակերտների դժգոհությունը, այլ ցույց տվեց, թե որքան պարզ է հասկացել իր և Մեսիայի փոխհարաբերությունները և թե ինչպիսի ուրախությամբ է ողջունում Նըրան, ում համար ինքը ճանապարհ էր պատրաստել: ԴՓ 195.2
Նա ասաց. «Մարդ չի կարող ոչինչ վեր առնել, եթե երկնքից տրված չլինի նրան: Դուք ինքներդ վկայում եք ինձ համար, որ ասացի ձեզ, թե ես Քրիստոսը չեմ, այլ թե նրա առաջից ուղարկված եմ: Հարս ունեցողն է փեսա, բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է և լսում է նրան, ուրախությունով ուրախանում է փեսայի ձայնի համար»: Հովհաննեսն իրեն ներկայացրեց որպես մի բարեկամ, ով լրաբերի դեր է կատարում նշանված երկու կողմերի միջև’ պատրաստելով ամեն ինչ ամուսնության համար: Երբ փեսան ընդունեց իր հարսին, բարեկամի առաքելությունն ավարտված էր: Նա ուրախացավ այն երկուսի երջանկությամբ, որոնց միությանն ինքը նպաստել էր: Այդպես Հովհաննեսը կոչված էր ժողովրդի հայացքն ուղղելու դեպի Հիսուսը, և նա երջանիկ էր’ տեսնելով Փրկչի գործի հաջողությունը: Նա ասաց. «Արդ, իմ այս ուրախությունը լցված է: Նրան պետք է աճել, իսկ ինձ’ փոքրանալ”: ԴՓ 195.3
Հավատով նայելով Փրկչին’ Հովհաննեսը հասավ ինքնուրացության գագաթնակետին: Նա ձգտեց ոչ թե դեպի իրեն գրավել մարդկանց, այլ բարձրացնել նրանց մտքերը վեր և է’լ ավելի վեր, մինչև որ կանգ առնեին Աստծո Գա- ռան վրա: Նա ինքը միայն ձայն էր’ մի ճիչ անապատում: Եվ հիմա ուրախությամբ համաձայնեց մնալ լռության ու անհայտության մեջ, որպեսզի բոլորի աչքերը դառնային դեպի կյանքի Լույսը: [180] ԴՓ 196.1
Նրանք, ովքեր հավատարիմ են իրենց կոչմանը’ որպես Աստծո լրաբերներ, չեն ձգտի փառավորել իրենց անունը: Եսասիրությունը կանհետանա Քրիստոսի սիրո մեջ: Ոչ մի մրցակցություն չի վնասի ավետարանի թանկագին գոր- ծին: Նրանք կգիտակցեն, որ Հովհաննես Մկրտչի նման իրենց գործն է միայն հռչակել. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Նրանք կմեծարեն Հիսուսին, և Նրա հետ ամբողջ մարդկությունը կվեհանա: «Որովհետև այսպես է ասում Բարձրը և Բարձրյալը, հավիտենականության մեջ բնակվողը, և որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ և կենդանացնեմ սրտով կոտրվածներին»” (Եսայիա 57.15): ԴՓ 196.2
Ազատված «ես”-ից’ մարգարեի հոգին լցվել էր աստվածային լույսով: Փրկչի փառքին վերաբերող նրա վկայության խոսքերը գրեթե կրկնօրինակը դարձան այն խոսքերի, որոնք հենց Ինքը’ Քրիստոսն էր ասել Նիկոդեմոսին: Հովհաննեսն ասաց. «Վերևից եկողն ամենից վեր է, երկրից լինողը երկրից է և երկրից է խոսում. երկնքից եկողն ամենից վեր է.... Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծո բանն է խոսում, որովհետև Աստված Հոգին չափով չի տալիս” Նրան: Քրիստոսը ասել է. «Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը” (Հովհաննես 5.30): Այդ Նրան է ասվել. «Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. սրա համար օծեց քեզ, ո’վ Աստված, քո Աստվածն ուրախության յուղով ավելի, քան թե քո ընկերներին» (Եբրայեցիս 1.9): Հայրը «Հոգին չափով չի տալիս” Նրան: [181] ԴՓ 196.3
Նույնն է տեղի ունենում նաև Քրիստոսի հետևորդների հետ: Մենք կարող ենք երկնային լույսն ընդունել միայն այն դեպքում, եթե կամենում ենք ազատվել մեր «ես»-ից: Մենք չենք կարող ըմբռնել Աստծո բնավորությունը կամ հավատով ընդունել Քրիստոսին, եթե չհամաձայնենք մեր մտքերը հնազանդեցնել Քրիստոսին: Բոլոր նրանց, ովքեր այսպես են վարվում, Սուրբ Հոգին տրվում է առանց չա- փի: Քրիստոսի մեջ «բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես: Եվ դուք նրանով լցված եք» (Կո- ղոսացիս 2.9,10): ԴՓ 197.1
Հովհաննեսի աշակերտներն ասում էին, որ բոլոր մարդիկ գնում են դեպի Քրիստոսը, բայց Հովհաննեսն ավելի վառ խորաթափանցությամբ ասաց. «Նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում”, այնպես որ քչերն էին պատրաստ ընդունել Նրան որպես մեղքերից ազատող Փրկիչ: Բայց «նրա վկայությունն ընդունողը կնքեց, թե Աստված ճշմարիտ է” (Հովհաննես 3.33): «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի»: Կարիք չկար քննարկելու այն, թե ում մկրտությունն է սրբում մեղքից’ Քրիստոսի՞նը, թե՞ Հովհաննեսինը: Քրիստոսի շնորհն է միայն, որ կյանք է տալիս հոգուն: Առանց Քրիստոսի’ մկրտությունը, ինչպես և ցանկացած այլ արարողություն, անարժեք ձևականություն է: «Որդուն չհնազանդողը կյանք չի տեսնի”: ԴՓ 197.2
Քրիստոսի գործի հաջողության լուրը, որն այնքան ուրախությամբ էր ընդունել Մկրտիչը, հասավ նաև Երուսա- ղեմի իշխանություններին: Քահանաներն ու վարդապետները նախանձում էին Հովհաննեսի ազդեցությանը’ տեսնելով, թե ինչպես է ժողովուրդը թողնում ժողովարաններն ու հավաքվում անապատում, բայց հայտնվել էր Մեկը, ով է’լ ավելի մեծ ուժով էր դեպի Իրեն ձգում բազմությանը: Իսրայելի այդ առաջնորդները չէին կամենում Հովհաննեսի հետ մեկտեղ ասել. «Նրան պետք է աճել, իսկ ինձ’ փոքրանալ”: Այս անգամ նրանք հաստատ որոշեցին վերջ տալ այն գործին, որը ժողովրդին հեռացնում էր իրենցից: ԴՓ 198.1
Հիսուսը գիտեր, որ նրանք ջանք չէին խնայի երկպառակություն սերմանելու Իր և Հովհաննեսի աշակերտների միջև: Նա գիտեր վերահաս փոթորկի մասին, որին պիտի կուլ գնար աշխարհ եկած մեծագույն մարգարեներից մեկը: Չկամենալով տարաձայնության կամ գժտության որևէ տեղիք տալ’ Նա հետզհետե դադարեցրեց Իր աշխատանքը և հեռացավ Գալիլեա: Մենք նույնպես, ճշմարտությանը հավատարիմ մնալով, պետք է խուսափենք այն ամենից, ինչը կարող է անհամաձայնություն և թյուրիմացություն առաջացնել: Երբ էլ որ ծագեն դրանք, միշտ վերջանում են հոգիների կորստյամբ: Ամեն անգամ, երբ ստեղծվում են այնպիսի հանգամանքներ, որոնք սպառնում են երկպառակություն առաջացնել, մենք պետք է հետևենք Հիսուսի և Հովհաննես Մկրտչի օրինակին: ԴՓ 198.2
Հովհաննեսը կոչված էր լինելու բարենորոգիչ: Հետևապես, վտանգ կար, որ նրա աշակերտները կարող էին կենտրոնացնել իրենց ուշադրությունը նրա վրա’ մտածելով, որ միայն նրա ծառայությունից է կախված գործի հաջողությունը, և չնկատելով այն փաստը, որ նա լոկ գործիք էր, որի միջոցով աշխատում էր Աստված: Բայց Հովհաննեսի աշխատանքը բավական չէր, որպեսզի դրվեր քրիստոնեական եկեղեցու հիմքը: Նա ի վիճակի չէր իրագործելու մեկ այլ աշխատանք, որը պետք է սկսվեր նրա ծառայութ- յան ավարտից հետո: Նրա աշակերտները չհասկացան դա: Երբ Քրիստոսն անցավ Իր աշխատանքին, նրանք սկսեցին նախանձել և դժգոհել: [182] ԴՓ 198.3
Նույն վտանգը հիմա էլ գոյություն ունի: Աստված ինչ- որ մեկին մի որևէ գործ է հանձնարարում, ու երբ նա ուժերի ներածին չափով կատարում է այն, Տերն ուրիշներին է կանչում շարունակելու այդ գործը: Բայց, Հովհաննեսի աշակերտների նման, շատերը կարծում են, թե գործի հաջողությունը կախված է նրանից, ով առաջինն է սկսել այն: Երբ հայացքն Աստծուց դառնում է դեպի մարդը, առաջանում է նախանձ, և Աստծո գործը տուժում է: Եվ այդ մարդը, չափից ավելի մեծարվելով, կարող է ինքնավստահ ու ինքնահավան դառնալ: Նա չի գիտակցում իր կախումն Աստծուց: Մարդիկ հակվում են վստահելու մարդու առաջնորդությանը, և այդպիսով’ նրանք մոլորության մեջ են ընկնում և հեռանում Աստծուց: ԴՓ 199.1
Աստծո գործը չպետք է մարդկային կնիք կրի: Երբեմն Իր նպատակը լավագույնս իրականացնելու համար Տերը դիմում է տարբեր միջոցների: Երանի նրանց, ովքեր կամենում են խոնարհել իրենց «ես»-ը, և Հովհաննես Մկրտչի հետ ասում են. «Նրան պետք է աճել, իսկ ինձ’ փոքրանալ”: [183] ԴՓ 199.2