ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 77. - Պիղատոսի դատարանում
(Մատթեոս 27.2,11-31, Մարկոս 15.1-20, Ղուկաս 23.1-25, Հովհաննես 18.28-40, 19.1-16)
ՀՌՈՄԵԱԿԱՆ կառավարչի’ Պիղատոսի դատական սրահում կանգնած է Քրիստոսը’ կապկպված, ինչպես բանտարկյալ: Նրա կողքին պահապան զինվորներն են: Դահլիճն արագորեն լցվում է մարդկանցով: Հենց մուտքի մոտ’ դրսում, հավաքված են Ատյանի դատավորները, քահանաները, իշխանները, ծերերն ու բազմությունը: ԴՓ 891.1
Հիսուսին դատապարտելուց հետո Ատյանի խորհուրդը Պիղատոսի մոտ էր եկել, որպեսզի նա հաստատի և ի կատար ածի դատավճիռը: Բայց այս հրեա պաշտոնյաները չէին կամենում ներս մտնել հռոմեական դատարան: Նրանց ծիսական օրենքի համաձայն, այնտեղ նրանք կարող էին պղծվել, իսկ դա կխանգարեր նրանց մասնակցել Զատկի տոնակատարությանը: Իրենց կուրության մեջ նրանք չէին տեսնում, որ մահացու ատելությունն արդեն պղծել էր նրանց սրտերը: Նրանք չհասկացան, որ Քրիստոսն էր իսկական Զատկի գառը, և որ սկսած այն պահից, ինչ նրանք մերժել էին Նրան, մեծ տոնը նրանց համար կորցրել էր իր նշանակությունը: ԴՓ 891.2
Երբ Փրկչին ներս բերեցին դատարանի դահլիճ, Պիղա- տոսը թշնամանքով նայեց Նրան: Հռոմեական կառավարչին շտապ կանչել էին իր ննջասենյակից, և նա մտադիր էր հնարավորին չափ շուտ վերջացնել իր գործը: Բանտարկյալի հետ նա պատրաստ էր վարվել ամենայն խստությամբ: Խստագույն արտահայտություն տալով իր դեմքին’ նա դարձավ տեսնելու, թե այդ ի՞նչ տեսակ մարդու պետք է հարցաքննեին, որ այդքան վաղ ժամի խանգարել էին իր քունը: Նա գիտեր, որ դա պետք է լինի մեկը, ում հրեա պաշտոնյաներն ուզում էին, որքան հնարավոր է, շտապ դատել և ենթարկել մահապատժի: [724] ԴՓ 891.3
Պիղատոսը նայեց Հիսուսի պահապաններին, և ապա նրա զննող հայացքը կանգ առավ Նրա վրա: Նա ամեն տեսակ հանցագործների հետ գործ էր ունեցել, բայց դեռ երբեք այսպիսի վեհանձն ու ազնվաբարո արտաքինով մարդու չէին բերել նրա մոտ: Նրա դեմքին նա հանցանքի ոչ մի նշան, ոչ մի երկյուղ կամ արհամարհանք չտեսավ: Նրա առջև հանգիստ, վեհապանծ կեցվածքով մի մարդ էր, որի դեմքը ոչ թե հանցագործության նշաններ, այլ երկնային դրոշմ էր կրում: ԴՓ 892.1
Քրիստոսի արտաքինը բարերար ազդեցություն ունեցավ Պիղատոսի վրա: Նրա բնավորության լավագույն հատկանիշներն, ասես, կենդանացել էին: Նա լսել էր Հի- սուսի և Նրա զորավոր հրաշքների մասին: Նրա կինը որոշ բաներ պատմել էր նրան գալիլեացի մարգարեի հրաշք գործերից, որ բժշկել էր հիվանդներին և հարություն տվել մեռածներին: Այս ամենը հիմա երազի պես վերակենդանացավ Պիղատոսի հիշողության մեջ: Նա հիշեց մի քանի աղմկալի դեպքեր, որոնց մասին լսել էր տարբեր աղբյուր- ներից: Եվ նա որոշեց հրեաներից պահանջել, թե ինչում են մեղադրում այս բանտարկյալին: ԴՓ 892.2
Ո՞վ է այս Մարդը, և ինչո՞ւ եք Նրան բերել, հարցրեց նա: Ի՞նչ մեղադրանք ունեք Նրա դեմ: Հրեաները շփոթության մեջ ընկան: Իմանալով, որ չեն կարող հաստատել Քրիստոսի դեմ իրենց մեղադրանքները, նրանք ցանկանում էին խուսափել հրապարակային դատաքննությունից: Նրանք պատասխանեցին, որ Նա մի խաբեբա է’ անունը Հիսուս Նազովրեցի: ԴՓ 892.3
Պիղատոսը նորից հարցրեց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջ բերում”: Քահանաները չպատասխանեցին նրա հարցին, այլ ջղայնությամբ ասացին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան չէինք մատնի քեզ”: Եթե Ատյանի անդամները’ ազգի առաջին մարդիկ, քեզ մոտ են բերել մեկին, ում նրանք մահվան արժանի են համարում, կարիք կա՞ արդյոք հարցնելու, թե ինչու են նրան մեղադրում: Նրանք հույս ունեին իրենց պատկառելի տեսքով ազդել Պիղատոսի վրա և դրդել նրան ընթացք տալու իրենց հարցին’ առանց նախնական հարցաքննության: Նրանք միայն ուզում էին, որ իրենց դատավճիռը հապշտապ վավերացվի, որովհետև գիտեին, որ Քրիստոսի զարմանալի հրաշքների ականատեսները կարող էին այնպիսի բաներ պատմել, որ բոլորովին կտարբերվեին իրենց ճարպիկ հորինվածքներից: ԴՓ 892.4
Քահանաները հուսով էին, որ թուլակամ և անվճռական Պիղատոսի հետ առանց դժվարության կարող են իրագործել իրենց ծրագրերը: Մինչև այժմ նա հեշտությամբ էր ստորագրել նրանց դատավճիռները’ մահվան դատապարտելով այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես նրանք շատ լավ գիտեին, արժանի չէին մահվան: Նրա համար բանտարկյալի կյանքը ոչինչ չարժեր, մեղադրյալը հանցավոր էր, թե ոչ’ նրան չէր հետաքրքրում: Քահանաները հույս ունեին, որ Պիղատոսը հիմա, առանց լսելու Հի- սուսին, կստորագրի Նրա մահվան դատավճիռը: Նրանք խնդրեցին, որ նա այդ անի իրենց ազգային մեծ տոնախմբության առիթով: [725] ԴՓ 893.1
Բայց բանտարկյալի մեջ ինչ-որ բան կար, որ հետ էր պահում Պիղատոսին այդ քայլից: Նա չէր համարձակվում այդ անել: Նա կարդում էր քահանաների մտադրությունը, և հիշեց, թե ինչպես էր Հիսուսը, մի քանի ժամանակ առաջ, հարություն տվել Ղազարոսին, մի մարդու, ով չորս օր մեռած էր մնացել: Եվ նա, մինչև մահվան դատավճիռ կայացնելը, որոշեց իմանալ, թե ինչ մեղադրանք են ներկայացնում Նրա դեմ, և կարո՞ղ են արդյոք ապացուցել դա: ԴՓ 893.2
«Եթե ձեր դատը բավական է,- ասաց նա,- էլ ինչո՞ւ եք բանտարկյալին բերել ինձ մոտ”: «Դուք առեք նրան, և ձեր օրենքի համեմատ նրան դատեցեք»: Քահանաները ստիպված ասացին, որ իրենք արդեն կայացրել են Նրա դա- տավճիռը, մնում է միայն, որ Պիղատոսը հաստատի այն: «Ո՞րն է ձեր դատավճիռը”, հարցրեց Պիղատոսը: «Մահապատիժ», պատասխանեցին նրանք’ ասելով. «Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել»: Նրանք Պիղատոսին խնդրեցին հավատալ իրենց խոսքին և հաստատել դատավճիռը, իսկ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա: ԴՓ 893.3
Պիղատոսը արդար և բարեխիղճ դատավոր չէր, ու թեև թուլակամ էր բարոյապես, նա, այնուամենայնիվ, հրաժարվեց բավարարել այդ խնդրանքը: Նա չէր դատապարտի Հիսուսին, մինչև չպարզեր, թե ինչում է Նրա մեղքը: ԴՓ 894.1
Քահանաները տարակուսանքի մեջ էին: Նրանք հասկացան, որ պետք է նրբորեն թաքցնեն իրենց կեղծավորությունը: Չպետք է հայտնի դառնա, որ Քրիստոսը ձերբակալվել է կրոնական նկատառումներով, հակառակ դեպքում նրանց մեղադրանքները ոչ մի կշիռ չէին ունենա Պիղատոսի մոտ: Անհրաժեշտ էր ձևացնել, որ Հիսուսը գործել է հասարակական օրենքին հակառակ, այդ դեպքում Նա կարող էր պատժվել որպես քաղաքական հանցագործ: Հրեաների մեջ շարունակ հուզումներ ու խռովություններ էին բարձրանում հռոմեական կառավարության դեմ: Այդ ապստամբների հետ հռոմեացիները շատ խիստ էին վարվում և միշտ պատրաստ էին ճնշելու խռովության ամեն մի փորձ: ԴՓ 894.2
Սրանից ընդամենը մի քանի օր առաջ փարիսեցիները փորձել էին ծուղակը գցել Քրիստոսին’ հարցնելով. «Ար- ժա՞ն է մեզ կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»: Բայց Քրիստոսը մերկացրել էր նրանց կեղծավորությունը: Հռոմեացիները, որ ներկա էին եղել այնտեղ, տեսել էին դավադիրների լիակատար պարտությունը և նրանց դժգոհությունը, երբ Նա պատասխանել էր. «Ուրեմն կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը’ Աստծուն” (Ղուկաս 20.22-25): [726] ԴՓ 894.3
Հիմա քահանաները փորձեցին ձևացնել, որ այս անգամ Քրիստոսը սովորեցրել էր այն, ինչ, նրանք հուսով էին, պետք է սովորեցներ: Տեսնելով, որ այլևս հնար չկա, նրանք դիմեցին սուտ վկաների օգնությանը «և սկսեցին ամբաստանել նրան ու ասել. Սրան գտանք, որ ազգին մոլորեցնում էր և արգելում էր կայսրին հարկ տալ’ ինքն իր մասին ասելով, թե Քրիստոս թագավորն է»: Երեք մեղադրանք’ բոլորն էլ անհիմն: Քահանաները գիտեին դա, բայց նրանք պատրաստ էին ստել, միայն թե հասնեին իրենց նպատակին: ԴՓ 894.4
Պիղատոսը հասկացավ նրանց մտադրությունը: Նա չէր հավատում, որ բանտարկյալը խռովություն է բարձրացրել կառավարության դեմ: Նրա հեզ և խոնարհ տեսքը բոլորովին չէր համընկնում մեղադրանքին: Պիղատոսը համոզվեց, որ խորամանակ դավադրություն էր նյութված’ կորցնելու համար մի անմեղ մարդու, ով համարձակվել էր կանգնել հրեա պաշտոնյաների ճանապարհին: Դառնալով Հիսուսին’ նա հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը”: Փրկիչը պատասխանեց. «Դու ասեցիր»: Այս խոսքերն ասելիս’ Նրա դեմքն այնպես լուսավորվեց, կարծես թե արեգակի շող ընկավ Նրա երեսին: ԴՓ 895.1
Լսելով Նրա պատասխանը’ Կայիափան ու նրա կողմնակիցները կոչ արեցին Պիղատոսին համոզվել, որ Հի- սուսն Ինքը խոստովանեց այն հանցանքը, որի համար Նրան մեղադրում էին: Աղմկոտ բացականչություններով նրանք պահանջեցին մահապատժի ենթարկել Նրան: Ամբոխը միացավ նրանց, և անտանելի մի ժխոր բարձրա- ցավ: Պիղատոսը շփոթվեց: Տեսնելով, որ Հիսուսը չի պատասխանում Իր թշնամիներին, նա հարցրեց Նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս, տես որքան են վկայում քեզ դեմ: Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց”: ԴՓ 895.2
Կանգնած Պիղատոսի հետևում’ ամբողջ դահլիճի առջև, Քրիստոսը, լսելով Իր դեմ ներկայացրած բոլոր սուտ մեղադրանքները, ոչ մի բառ չասաց: Նրա ողջ կերպարանքը անմեղություն էր արտահայտում: Նա անշարժ կանգնած էր Իր շուրջը մոլեգնող կատաղի ալիքների մեջ: Թվում էր, թե բարկության ծանր ալիքները’ բարձրանալով ավելի ու ավելի վեր, փոթորկոտ օվկիանոսի ալիքների պես’ փշրվում էին Նրա կողքին, բայց չէին դիպչում Նրան: Նա կանգնած էր լուռ, սակայն Նրա լռությունը պերճախոսություն էր: Նրա ներսից, կարծես, լույս էր շողում: ԴՓ 895.3
Պիղատոսը ցնցված էր Հիսուսի պահվածքից: Մի՞թե այս Մարդն այնքան անտարբեր է, որ նույնիսկ չի էլ ուզում փրկել Իր կյանքը, հարցնում էր նա ինքն իրեն: Նայելով Հիսուսին, ով անվրդով տանում էր ծաղրանքներն ու վիրավորանքները, նա զգաց, որ այս Մարդը չի կարող այնքան անիրավ ու անարդար լինել, որքան գոռգոռացող քահանաները: Հուսալով ճշմարտությունը լսել անձամբ Նրանից և խույս տալ ամբոխի ժխորից’ Պիղատոսը մի կողմ տարավ Հիսուսին և կրկին հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»: [727] ԴՓ 896.1
Հիսուսն ուղղակիորեն չպատասխանեց այս հարցին: Նա գիտեր, որ Սուրբ Հոգին պայքարում էր Պիղատոսի դեմ, և նրան հնարավորություն տվեց լսելու իր խղճի ձայ- նը: «Դու քեզանի՞ց ես ասում այդ, թե՞ ուրիշներն ասեցին քեզ իմ մասին»: Այսինքն’ քահանաների մեղադրա՞նքը, թե՞ Քրիստոսից լույս ստանալու ցանկությունը դրդեց Պի- ղատոսին տալու այդ հարցը: Պիղատոսը գլխի ընկավ, թե ինչ նկատի ուներ Քրիստոսը, բայց հպարտությունը թույլ չտվեց նրան ենթարկվելու իր խղճի ձայնին, որ ճնշում էր նրան: «Մի՞թե ես էլ հրեա եմ,- ասաց նա,- քո ազգը և քահանայապետերը քեզ մատնեցին ինձ. ի՞նչ ես արել”: ԴՓ 896.2
Պիղատոսը կորցրեց իր ոսկի հնարավորությունը, սակայն Հիսուսը չթողեց նրան առանց լույսի: Ուղղակիորեն չպատասխանելով կուսակալի հարցին’ Նա պարզորոշ բացատրեց Իր առաքելությունը’ փորձելով հասկացնել Պիղատոսին, որ աշխարհիկ գահի չի ձգտում: ԴՓ 896.3
«Իմ թագավորությունն այս աշխարհից չէ,- ասաց Նա,- եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվեմ Հրեաների ձեռ- քը. բայց հիմա իմ թագավորությունն այստեղից չէ: Պի- ղատոսն էլ ասաց նրան. Ապա ուրեմն դու թագավո՞ր ես: Հիսուսը պատասխանեց. Դու ես ասում, որ Ես թագավոր եմ: Ես դրա համար եմ ծնվել ու եկել աշխարհ, որ ճշմարտությանը վկայեմ: Ով որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»: ԴՓ 896.4
Քրիստոսը հաստատեց, որ Իր խոսքն ինքնին գաղտնիքներ հայտնող մի բանալի է նրանց համար, ովքեր պատրաստ են ընդունել այն: Դա ինքնահաստատող զորություն ունի, և հենց սա է Նրա արքայության տարածման գաղտնիքը: Նա ուզում էր հասկացնել Պիղատոսին, որ միայն ճշմարտությունն ընդունելով և յուրացնելով կարող էր վերականգնվել նրա քայքայված բնությունը: ԴՓ 897.1
Պիղատոսը ցանկություն էր ունեցել իմանալու ճշմարտությունը: Նրա հոգին խռովված էր: Նա անհամբեր կառ- չեց Փրկչի խոսքերից, և նրա սրտում ուժգին փափագ արթնացավ իմանալու, թե ինչ է իրականում ճշմարտությունը և ինչպես կարելի է այն ձեռք բերել: «Ի՞նչ է ճշմարտությունը”,- հարցրեց նա, բայց չսպասեց պատասխանին: Դր- սի աղմուկը հիշեցրեց նրան, թե ինչով պետք է նա հիմա զբաղվի, որովհետև քահանաները պահանջում էին, որ նա անհապաղ գործի անցնի: Դուրս գալով դեպի հրեաները’ նա արտահայտիչ կերպով հայտարարեց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում»: ԴՓ 897.2
Հեթանոս դատավորի այս խոսքերը սուր հանդիմանություն էին’ ուղղված Իսրայելի ուխտադրուժ և կեղծավոր իշխաններին, ովքեր մեղադրում էին Փրկչին: Երբ քահանաներն ու ծերերը լսեցին դա Պիղատոսից, նրանց հիասթափությանն ու զայրույթին սահման չկար: Նրանք երկար էին սպասել այս հնարավորությանը: Հասկանալով, որ Հիսուսը կարող է ազատվել, նրանք, ասես, պատրաստ էին հոշոտել Նրան: Նրանք բարձրաձայն կշտամբեցին Պիղատոսին և սպառնացին նրան հռոմեական կառավարության գերագույն դատարանով: Նրանք մեղադ- րեցին նրան, որ հրաժարվեց դատապարտել Հիսուսին, ով, պնդեցին նրանք, Իրեն վեր է դասել կայսրից: [728] ԴՓ 897.3
Հիմա բարկացած ձայներ էին լսվում, որոնք հայտարարում էին, թե Հիսուսի ապականիչ ազդեցությունն ամբողջ երկրում քաջ ծանոթ է ամենքին: Քահանաներն ասացին. «Ժողովրդին խռովեցնում է’ ամբողջ Հրեաստանի մեջ սովորեցնելով’ Գալիլեայից սկսած մինչև այստեղ»: ԴՓ 898.1
Այդ պահին Պիղատոսը Հիսուսին դատապարտելու միտք անգամ չուներ: Նա գիտեր, որ հրեաները մեղադրում էին Նրան իրենց ատելության ու նախապաշարումների պատճառով: Գիտեր նաև, թե որն է իր պարտքը: Արդարադատությունը պահանջում էր, որ Հիսուսն անմիջապես ազատ արձակվի: Բայց Պիղատոսը սարսափում էր ժողովրդի հիվանդագին չարակամությունից: Եթե նա հրաժարվեր Հիսուսին հանձնել նրանց ձեռքը, խռովություն կբարձրանար, իսկ դրանից նա վախենում էր: Լսելով, որ Քրիստոսը Գալիլեայից է, նա որոշեց ուղարկել Նրան Հերովդեսի’ այդ գավառի կառավարչի մոտ, ով այդ ժամանակ Երուսաղեմում էր: Դրանով Պիղատոսը հույս ուներ Հիսուսին դատապարտելու պատասխանատվությունը բարդել Հերովդեսի վրա: Նա մտածեց նաև, որ սա մի հրաշալի հնարավորություն է վերջ տալու իր և Հերովդեսի միջև եղած վաղեմի թշնամությանը: Եվ այդպես էլ եղավ: Փրկչի դատը բարեկամացրեց երկու կուսակալներին: ԴՓ 898.2
Պիղատոսը Հիսուսին կրկին հանձնեց զինվորներին, և նրանք, ծաղր ու ծանակի ու վիրավորանքների տարափի տակ, Նրան հրմշտելով տարան Հերովդեսի դատարանը: «Հերովդեսն էլ, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ»: Առաջ նա երբեք չէր հանդիպել Փրկչին, բայց «ուզում էր տեսնել նրան, որովհետև նրա մասին շատ բաներ էր լսել, և հույս ուներ, թե մի նշան կտեսնի նրանից»: Սա այն Հերովդեսն էր, ում ձեռքերը շաղախված էին Հովհաննես Մկրտչի արյունով: Երբ Հերովդեսն առաջին անգամ լսեց Հիսուսի մասին, սարսափահար եղավ’ ասելով. «Սա Հովհաննեսն է, որի գլուխը ես կտրեցի: Նա մեռելների միջից հարություն է առել”, «դրա համար զորություններ են գործվում նրանով» (Մարկոս 6.16, Մատթեոս 14.2): Բայց Հերովդեսն, այնուամենայնիվ, ցանկացավ տեսնել Հիսու- սին: Հիմա հնարավորություն կար փրկելու այս մարգարեի կյանքը, և թագավորը հույս ուներ ընդմիշտ ջնջել իր հիշողությունից այն արնաթաթախ գլխի զարհուրելի տեսարանը, որ նրա մոտ բերեցին սկուտեղի վրա: Նա ուզում էր նաև բավարարել իր հետաքրքրասիրությունը և մտածում էր, որ եթե ինչ-որ հնարավորություն լինի ազատելու Քրիստոսին, նա ամեն բան կանի, ինչ էլ որ Նրա համար խնդրեն իրենից: [729] ԴՓ 898.3
Քրիստոսին Հերովդեսի մոտ էր ուղեկցում քահանաների ու ծերերի մի մեծ բազմություն: Հենց որ ներս բերեցին Փրկչին, այս պաշտոնյաները բորբոքված սկսեցին մեղադրանքներ ներկայացնել Նրա դեմ: Բայց Հերովդեսը գրեթե ուշադրություն չդարձրեց դրանց վրա: Նա հրամայեց լռել’ ցանկանալով հարցեր տալ Քրիստոսին: Նա պատվիրեց արձակել շղթաները Քրիստոսի ձեռքերից’ կշտամբելով Նրա թշնամիներին դաժան վերաբերմունքի համար: Կարեկցանքով նայելով աշխարհի Փրկչի անխռով դեմքին’ նա այնտեղ միայն իմաստություն և մաքրություն կար- դաց: Նա, ինչպես և Պիղատոսը, համոզված էր, որ Քրիստոսին մեղադրել էին չարությունից ու նախանձից: ԴՓ 899.1
Հերովդեսը բազմաթիվ հարցեր տվեց Քրիստոսին, բայց Նա այդ ամբողջ ժամանակ խոր լռություն էր պահ- պանում: Թագավորի հրամանով ներս կանչեցին մի քանի զառամյալ հաշմանդամների, և Քրիստոսին պատվի- րեցին, որ հրաշք գործելով’ ապացուցեր Իր աստվածությունը: «Ասում են, որ դու կարող ես բժշկել հիվանդներին”,- ասաց Հերովդեսը: «Ես շատ կցանկանայի համոզվել, որ Քո լայնատարած համբավը կեղծիք չէ»: Հիսուսը չարձագանքեց, և Հերովդեսը շարունակեց պնդել. «Եթե դու հրաշքներ ես գործում ուրիշների համար, հիմա գոր- ծիր հենց քո շահի համար, և մեծ օգուտ կբերես Քեզ»: Նա կրկին հրամայեց. «Մեզ մի նշան ցույց տուր, եթե իրոք ունես այն իշխանությունը, որ մարդիկ Քեզ են վերագրում”: Բայց Քրիստոսը նման էր մեկին, ով ոչ լսում է, ոչ էլ’ տեսնում: Աստծո Որդին Իր վրա էր առել մարդկային բնությունը: Նման պարագաներում Նա պետք է այնպես վարվեր, ինչպես մարդը կվարվեր: Ուստի Նա հրաշք չի գործի, որպեսզի Իրեն փրկի այն ցավից ու անարգանքից, որ յուրաքանչյուր մարդ ստիպված պիտի կրեր, եթե հայտնվեր այդ նույն դրության մեջ: [730] ԴՓ 899.2
Հերովդեսը խոստացավ ազատել Քրիստոսին, եթե Նա Իր ներկայությամբ մի հրաշք գործի: Փրկչին մեղադրողները իրենց սեփական աչքերով էին տեսել այն մեծ հրաշքները, որ կատարվել էին Նրա զորությամբ: Նրանք լսել էին, թե ինչպես էր Նրա ձայնը կյանքի կոչել մեռա- ծին: Նրանք սարսափով լցվեցին այն մտքից, որ Նա հիմա հրաշք պիտի գործի: Նրանց համար Քրիստոսի զորության դրսևորումն ամենազարհուրելի բանն էր: Դա ամբողջովին կխորտակեր նրանց ծրագրերը, և, թերևս, նրանք զրկվեին նույնիսկ իրենց կյանքից: Կրկին քահանաներն ու իշխանները, խիստ տագնապած, սկսեցին կրկնել իրենց մեղադրանքները: Բարձրացնելով իրենց ձայնը’ նրանք հայտարարեցին. «Նա դավաճան է, հայհոյիչ: Նա Իր հրաշքները գործում է Բեհեզեբուղի’ դևերի իշխանի զորությամբ»: Սրահում խառնաշփոթություն սկսվեց, մեկը մի բան էր գոռում, մյուսը’ մեկ այլ բան: ԴՓ 900.1
Հերովդեսի խիղճը շատ ավելի հանգիստ էր, քան այն ժամանակ, երբ նա ցնցվեց սոսկումից’ լսելով, որ Հերով- դիան խնդրում է իրենից Հովհաննես Մկրտչի գլուխը: Որոշ ժամանակ նա խղճի սուր խայթոցներ էր զգացել իր ահավոր արարքի համար, բայց սանձարձակ կյանքը գնալով ավելի էր քայքայել նրա բարոյական զգացումները: Հիմա նրա սիրտն այնքան էր կարծրացել, որ նա կարողանում էր նույնիսկ պարծենալ, թե ինչպես է պատժել Հովհաննեսին, ով համարձակվել էր նախատել իրեն: Եվ հիմա էլ նա սպառնաց Հիսուսին’ անընդհատ կրկնելով, որ իշխանություն ունի ազատելու կամ դատապարտելու Նրան: Բայց Հիսուսը ոչ մի նշանով ցույց չտվեց, թե որևէ խոսք է լսել: ԴՓ 900.2
Այս լռությունը զայրացրեց Հերովդեսին: Նրան թվաց, թե անարգում են իր հեղինակությունը: Սնափառ և ամբարտավան թագավորի համար բացահայտ հանդիմանությունն ավելի պակաս վիրավորական կլիներ, քան թե այսպիսի արհամարհանքը: Կրկին նա զայրացած սպառնաց Հիսուսին, ով, սակայն, առաջվա պես լուռ էր ու անխ- ռով: ԴՓ 901.1
Այս աշխարհում Քրիստոսի առաքելությունը դատարկ հետաքրքրասիրություն բավարարելը չէր: Նա եկել էր բժշկելու կոտրված սիրտ ունեցողներին: Եթե կարողանար գեթ մի խոսք ասել’ մեղքից խոցված հոգիներին բժշկելու համար, Նա երբեք լուռ չէր մնա: Բայց Նա ոչինչ չուներ ասելու նրանց, ովքեր միայն կկոխրճեին ճշմարտությունն իրենց անսուրբ ոտքերով: ԴՓ 901.2
Քրիստոսը կարող էր այնպիսի խոսքեր ասել Հերովդե- սին, որոնք կպատռեին խստասիրտ թագավորի ականջները: Նա կարող էր ահով ու սարսափով լցնել նրա սիրտը’ բացահայտելով նրա կյանքի ողջ անօրենությունը և նրա մոտեցող սոսկալի վախճանը: Բայց լռությունն ամենասուր հանդիմանությունն էր, որ Քրիստոսը կարող էր անել: Հերովդեսը մերժել էր ճշմարտությունը, որը նրան ասել էր մարգարեներից մեծագույնը, և ոչ մի ուրիշ վկայություն նա չէր ընդունի: Երկնքի Վեհափառությունը խոսք չուներ նրան ասելու: Նա, ով միշտ լսում էր դժբախտ մարդկանց աղաղակը, հիմա խուլ էր Հերովդեսի հրամաններին: Այն աչքերը, որ միշտ կարեկից, ներողամիտ սիրով նայում էին զղջացող մեղավորին, հայացքի չարժանացրին Հերովդե- սին: Այն շուրթերը, որոնք խոսել էին ամենատպավորիչ ճշմարտությունները, որոնք ամենաքնքուշ ձայնով աղո- թել էին ամենամեղավոր և ամենաքայքայված հոգիների համար, փակ էին լպիրշ թագավորի առջև, ով Փրկչի կարիք չէր զգում: [731] ԴՓ 901.3
Հերովդեսի դեմքը մթնեց զայրույթից: Դառնալով դեպի ամբոխը’ նա բորբոքված հայտարարեց, որ Հիսուսը խաբեբա է: Հետո, դիմելով Քրիստոսին, ասաց. «Եթե Դու չապացուցես Քո հավակնությունը, ես Քեզ զինվորների ու ժողովրդի ձեռքը կհանձնեմ: Նրանք, թերևս, կստիպեն Քեզ խոսել: Եթե Դու խաբեբա ես, արժանի ես միայն մահվան նրանց ձեռքերով, իսկ եթե Աստծո Որդին ես, հրաշք գործիր, որ փրկես Ինքդ Քեզ»: ԴՓ 902.1
Հազիվ էր նա վերջացրել այս խոսքերը, երբ ամբոխը նետվեց դեպի Քրիստոսը: Վայրի գազանների պես նրանք ծվատում էին իրենց ավարը: Հիսուսին այս ու այն կողմ էին քարշ տալիս, իսկ Հերովդեսը միացել էր ամբոխին’ ձգտելով ստորացնել Աստծո Որդուն: Եթե հռոմեական զինվորները չմիջամտեին և ուժով հետ չպահեին խելագար բազմությանը, Փրկչին կտոր-կտոր կանեին: ԴՓ 902.2
«Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց Նրան, և ծաղր անելուց հետո’ Նրան մի փառավոր հանդերձ հագցրեց»: Այդ անարգանքին մասնակցեցին նաև հռոմեական զինվորները: Այն ամենը, ինչի միայն ընդունակ էին այս ամբարիշտ, պղծված զինվորները’ խրախուսված Հերով- դեսի և հրեա պաշտոնյաների կողմից, թափվեց Փրկչի գլխին: Բայց Նրա աստվածային համբերությունն այդպես էլ չսպառվեց: ԴՓ 902.3
Քրիստոսին հալածողները փորձում էին Նրա բնավորությունը համեմատել իրենց բնավորության հետ, նրանք նույնքան գարշելի էին պատկերացնում Նրան, որքան իրենք էին: Բայց այս ամբողջ ներկա իրողության հետևում մեկ այլ տեսարան էր երևում, տեսարան, որ նրանք մի օր պիտի տեսնեին իր ողջ փառքով: Կային այնպիսիք, ովքեր դողում էին Քրիստոսի ներկայությամբ: Մինչ կոպիտ ամբոխը ծաղրանքով խոնարհվում էր Նրա առջև, մի քանիսը, որ առաջ եկան անելու նույն բանը, հանկարծ, վախեցած ու անխոս, հետ ընկրկեցին: Հերովդեսի խիղճը տանջում էր: Ողորմության լույսի վերջին ճառագայթներն էին շողում մեղքից կարծրացած նրա սրտի վրա: Նա զգաց, որ սա հասարակ մարդ չէ, որովհետև աստվածությունն առկայծեց մարդկային էության խորքից: Հենց այն պահին, երբ Քրիստոսը շրջապատված էր ծաղրողներով, շնացողներով ու մարդասպաններով, Հերովդեսին թվաց, թե տեսնում է Աստծուն Իր գահի վրա: ԴՓ 902.4
Հերովդեսը, որքան էլ կարծրասիրտ էր, չհամարձակվեց հաստատել Քրիստոսի դատավճիռը: Նա գերադասեց ազատել իրեն սոսկալի պատասխանատվությունից, և Հի- սուսին հետ ուղարկեց հռոմեական դատարան: ԴՓ 903.1
Պիղատոսը խիստ դժգոհ էր ու հիասթափված: Երբ հրեաները վերադարձան իրենց բանտարկյալի հետ միասին, նա անհամբեր հարց տվեց, թե ինչ են ուզում: Նա հիշեցրեց, որ արդեն հարցաքննել է Հիսուսին և ոչ մի հանցանք չի գտել Նրանում, ասաց նաև, որ նրանք բողոք են ներկայացրել Նրա դեմ, բայց չեն կարողացել ապացուցել Նրա մեղքը: Նա ուղղարկել է Հիսուսին Գալիլեայի չորրորդապետի’ Հերովդեսի մոտ, որ իրենց ազգից է, բայց նա նույնպես մահվան արժանի ոչինչ չի գտել Նրանում: «Արդ պատժեմ նրան,- ասաց Պիղատոսը,- և արձակեմ”: [732] ԴՓ 903.2
Այստեղ Պիղատոսը թուլություն հանդես բերեց: Նա հայտարարեց, որ Հիսուսն անմեղ է, սակայն ուզում էր պատժել Նրան, որպեսզի հանգստացնի Նրա թշնամիներին: Նա զոհաբերեց արդարադատությունն ու իրավունքը’ հանուն համաձայնության ամբոխի հետ: Սա զրկեց նրան առավելությունից: Բազմությունն, օգտվելով նրա անվճռականությունից, ավելի համառորեն սկսեց պահանջել բանտարկյալի կյանքը: Եթե հենց սկզբից Պիղատոսը կայունություն հանդես բերեր’ հրաժարվելով դատապարտել մի մարդու, ում անմեղ էր համարում, ապա կփշրեր իր անօրենության ու խղճի խայթոցների այն ճակատագ- րական շղթան, որ տանջելու էր նրան իր ողջ կյանքի ընթացքում: Եթե նա դրսևորեր արդարության իր համոզմունքները, հրեաները չէին համարձակվի իրենց կամքը թելադրել նրան: Քրիստոսին մահապատժի կենթարկեին, բայց մեղքը չէր ընկնի Պիղատոսի վրա: Պիղատոսը, սակայն, քայլ առ քայլ ճնշել էր իր խիղճը: Նա արդարացրել էր իրեն անարդար ու անիրավ դատավարության մեջ, և հիմա գտավ, որ գրեթե անզոր է քահանաների ու իշխանների ձեռքերում: Նրա տատանումն ու անվճռականությունը կործանեցին նրան: ԴՓ 903.3
Բայց նույնիսկ հիմա էլ Պիղատոսը չթողնվեց կուրության մեջ: Աստծուց լուր ուղարկվեց, որպեսզի նրան հետ պահի այն քայլից, որը նա արդեն պատրաստվում էր անել: Ի պատասխան Քրիստոսի աղոթքին’ երկնային մի հրեշտակ այցելեց Պիղատոսի կնոջը, և նա երազում տեսավ Փրկչին ու խոսեց Նրա հետ: Պիղատոսի կինը հրեա չէր, բայց երազում տեսնելով Հիսուսին’ նա չկասկածեց Նրա էությանն ու առաքելությանը: Նա հասկացավ, որ դա Աստծո Իշխանն է: Նա տեսավ Նրան դատարանում’ քննության ժամանակ, տեսավ Նրա ձեռքերը կապված, ինչպես հանցագործինը, տեսավ Հերովդեսին ու նրա զինվորներին’ կատարելիս իրենց սարսափելի գործը: Նա լսեց, թե ինչպես են չարությամբ ու նախանձով լցված քահանաներն ու իշխանները խելագարի պես մեղադրում Հի- սուսին: Նա լսեց այս խոսքերը. «Մենք օրենք ունենք, և մեր օրենքի համեմատ պետք է մեռնի”: Նա տեսավ, թե ինչպես Պիղատոսը մատնեց Նրան մտրակելու, իսկ հետո հայտարարեց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում”: Նա լսեց, թե ինչպես Պիղատոսը, հայտարարելով դատավճիռը, Քրիստոսին հանձնեց մարդասպանների ձեռքը: Նա տեսավ խաչը’ բարձրացած Գողգոթայի վրա, տեսավ եր- կիրը’ պատված խավարով, ու լսեց խորհրդավոր ձայնը. «Կատարված է»: Բայց ահա նրան հայտնվեց մի այլ տե- սարան: Նա տեսավ Քրիստոսին’ նստած սպիտակ մեծ ամպի վրա, երբ երկրագունդը ցնցվում էր օդում, և Նրա սպանողներին’ փախչելիս Նրա փառքի հայտնությունից: Սարսափի ճիչով նա արթնացավ, և անմիջապես նախազգուշացնող նամակ գրեց Պիղատոսին: ԴՓ 904.1
Մինչ Պիղատոսը տարակուսանքի մեջ էր’ չիմանալով, թե ինչ անի, մի լրաբեր, ճեղքելով ամբոխը, նրան մեկնեց իր կնոջ նամակը, որում գրված էր. ԴՓ 905.1
«Այդ արդար Մարդու հետ դու գործ չունես, որովհետև այսօր երազումս շատ բաներ քաշեցի նրա պատճառով»: [733] ԴՓ 905.2
Պիղատոսի դեմքը գունատվեց: Նրան շփոթեցնում էին իր իսկ հակասական զգացումները: Բայց մինչ նա հապաղում էր, քահանաներն ու իշխանները ավելի էին բորբոքում ժողովրդին: Պիղատոսը ստիպված էր գործել: Ահա նա հիշեց մի ավանդույթ, որի օգնությամբ կարելի էր ազատել Քրիստոսին: Ընդունված էր, որ այս տոնին ազատեն մի որևէ բանտարկյալի, ում որ ժողովուրդը կընտրեր: Այս սովորությունը հեթանոսական ծագում ուներ, դրանում արդարության նշույլ անգամ չկար, բայց խիստ դուր էր գալիս հրեաներին: Այդ ժամանակ հռոմեական իշխանությունները մի բանտարկյալ էին պահում’ անունը Բարաբբա, որը դատապարտված էր մահվան: Այս մարդն իրեն Մեսիա էր հռչակել: Նա հավատացնում էր, որ իշխանություն ունի հաստատելու այլ կարգավիճակ, որպեսզի աշխարհը ճիշտ հունով ընթանա: Սատանայական մոլորությամբ բռնված’ նա պնդում էր, թե այն, ինչ ձեռք էր բերել գողությամբ ու թալանով, իրեն էր պատկանում: Նա սատանայի զորությամբ մեծ հրաշքներ էր գործել և, ժողովրդի մեջ հետևորդներ ձեռք բերելով, ապստամբություն էր բարձրացրել հռոմեական կառավարության դեմ: Թաքնված կրոնական խանդավառության քողի տակ’ նա մի անխիղճ ու անուղղելի սրիկա էր’ բռնված խռովության ու դաժանության ոգով: Ժողովրդին առաջարկելով ընտրություն կատարել այս մարդու և անմեղ Փրկչի միջև’ Պիղատոսը հույս ուներ ժողովրդի մեջ արդարության զգացում արթնացնել: Նա մտադիր էր նրանց կարեկցանքը արթնացնել Հիսուսի հանդեպ’ ի հակադրություն քահանաների ու իշխանների: Եվ այդպես, դառնալով ժողովրդին, նա խիստ լրջորեն հարցրեց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում”: ԴՓ 905.3
Ի պատասխան’ ամբոխը մռնչաց’ վայրի գազանի նման. «Արձակիր մեզ համար Բարա՜բբային»: Գնալով ավելի ու ավելի բարձր էին աղաղակում. Բարա՜բբային, Բարա՜բբային: Կարծելով, թե ժողովուրդը չհասկացավ իր հարցը, Պիղատոսն ասաց. «Կամենո՞ւմ եք Հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար»: Բայց նրանք կրկին բղավեցին. «Վե՜ր առ դրան, և արձակիր մեզ համար Բարա՜բբային»: «Ապա ի՞նչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում”,- հարցրեց Պիղատոսը: Եվ նորից բորբոքված ամբոխը մռնչաց դևերի նման: Իրենք դևերն էլ, մարդկային կերպարանքով, բազմության մեջ էին, և ի՞նչ կարելի էր սպասել, բացի այս պատասխանից. «Թող խաչվի»: ԴՓ 906.1
Պիղատոսը տագնապեց: Նա չէր կարծում, որ բանը կհասնի դրան: Նա ցնցվեց այն մտքից, որ անմեղ մարդուն պետք է մատնի ամենադաժան ու խայտառակ մահապատժի, որը միայն կարելի էր պատկերացնել: Երբ ոռնոցը դադարեց, նա դարձավ ժողովրդին’ ասելով. «Ապա ի՞նչ չար բան է արել”: Բայց արդեն չափազանց ուշ էր փաստարկներ պահանջելու համար: Քրիստոսի անմեղության վկայությունը չէ, որ նրանց պետք էր, այլ Նրա դատապարտումը: [734] ԴՓ 906.2
Պիղատոսը դարձյալ փորձեց փրկել Նրան: «Եվ նա երրորդ անգամ ասեց նրանց. Ապա ի՞նչ չար բան գործեց սա: Մահացու ոչ մի հանցանք չգտա սրանում. կպատ- ժեմ սրան և կարձակեմ»: Բայց միայն Նրան ազատելու հիշատակումը տասնապատիկ անգամ ավելի կատաղեցրեց ժողովրդին: «Խաչի՜ր դրան, խաչի՜ր դրան»,- գոռում էին նրանք: Փոթորիկը, որ բարձրացավ Պիղատոսի անվճռականության պատճառով, գնալով ավելի ու ավելի էր սաստկանում: ԴՓ 906.3
Եվ բռնելով հյուծված ու վիրավոր Հիսուսին’ ամբոխի առջև սկսեցին մտրակել: «Եվ զինվորները նրան տարան սրահի ներսը’ այսինքն պալատը, և բոլոր գունդը մեկտեղ կանչեցին: Եվ նրան ծիրանի հագցրին, ու փշերից շինած պսակ հագցրին նրա գլխին, և սկսեցին ողջույն տալ’ Բարև՜, հրեաների թագավոր: Եվ... նրա վրա թքում էին ու, ծունկ դնելով, երկրպագում նրան»: Հանկարծ մի ամբարիշտ, խլելով այն գավազանը, որ Նրա ձեռքն էին տվել, այնպես հարվածեց Նրա գլխին հագցրած փշե պսակին, որ փշերը մխրճվեցին Նրա քունքերի մեջ, և արյունը ծորաց Նրա դեմքին ու մորուքին: ԴՓ 907.1
Զարմացե՜ք, երկինքներ, և ցնցվի’ր, ո՜վ աշխարհ: Ահա ճնշողը և ճնշվողը: Խելագար ամբողը շրջապատել էր աշխարհի Փրկչին: Ծաղրն ու անարգանքը խառնվում են գռեհիկ անեծքների ու հայհոյանքների հետ: Անզգամ բազմությունը ծաղրանքով մեկնաբանում է Նրա սուրբ ծնունդն ու խոնարհ կյանքը: Քրքջում են Նրա այն հայտարարության վրա, որ Ինքն Աստծո Որդին է, և լկտի կատակներն ու անպատիվ վիրավորանքներն անցնում են բերանից բերան: ԴՓ 907.2
Ինքը սատանան էր ներշնչում դաժան ամբոխին անարգել Փրկչին: Նրա նպատակն էր դրդել Նրան վրիժառության, եթե հնարավոր է, կամ էլ ստիպել Նրան որևէ հրաշք գործել Իրեն ազատելու համար և այդպիսով խափանել փրկության ծրագիրը: Մեկ բիծ Նրա մարդկային կյանքում, Իր մարդկային բնության մեջ սոսկալի փորձությանը դիմանալու մեկ թերացում’ և Աստծո Գառը չէր կարող կատարյալ զոհ լինել, իսկ մարդու փրկագնումը կձախող- վեր: Բայց Նա, ով մեկ հրամանով կարող էր օգնության կանչել երկնային զորքերը, Նա, ով կարող էր, դրսևորելով Իր աստվածային վեհափառությունը, սարսափահար փախուստի մատնել այդ խաժամուժին, կատարյալ համբերությամբ կրում էր ամենագռեհիկ վիրավորանքներն ու հայհոյանքները: ԴՓ 907.3
Քրիստոսի թշնամիները հրաշք էին պահանջում ի նշան Նրա աստվածության, բայց նրանց շատ ավելի մեծ ապացույց էր տրվել, քան այն, ինչ նրանք պահանջում էին: Ինչպես Նրա դաժան տանջողները, կորցնելով իրենց մարդկային պատկերը, ստորացել էին մինչև սատանայի նմանությունը, այնպես էլ Հիսուսի հեզությունն ու համբերությունը բարձրացրին Նրան մարդկայինից վեր’ բացա- հայտելով Նրա նույնությունն Աստծո հետ: Նրա նվաստացումը Նրա փառավորման գրավականն էր: Արյան կաթիլները, որ Նրա վիրավոր քունքերից ծորում էին Նրա դեմքի ու մորուքի վրա, Նրան’ որպես մեր մեծ քահանայապետի, «ուրախության յուղով» (Եբրայեցիս 1.9) օծելու գրավականն էին: [735] ԴՓ 908.1
Սատանան խիստ կատաղել էր’ տեսնելով, որ բոլոր անարգանքները չկարողացան ստիպել Փրկչին տրտնջալ: Թեև Նա մարդկային կերպարանք էր առել, Նրան աջակցում էր աստվածային տոկունությունը, և Նա չնչին անգամ չշեղվեց Իր Հոր կամքից: ԴՓ 908.2
Թողնելով, որ Հիսուսին մտրակեն ու անարգեն, Պիղա- տոսը մտադիր էր առաջացնել ամբոխի խղճահարությունը: Նա հուսով էր, որ նրանք դա բավարար պատիժ կհամարեն: Նույնիսկ քահանաների չարությունը, նրա կարծիքով, դրանով կբավարարվեր: Բայց հրեաներն անմիջապես զգացին Պիղատոսի թուլությունը, որ հրամայեց պատժել մի մարդու, ում անմեղ էր համարում: Նրանք գիտեին, որ Պիղատոսը փորձում է փրկել բանտարկյալի կյանքը, և հաստատ վճռեցին, որ Հիսուսը չպետք է ազատվի: Մեզ հաճոյանալու և բավարարելու համար Պիղատոսը Նրան մտրակեց, մտածեցին նրանք, ու եթե մենք ավելի վճռականորեն պահանջենք մեր ուզածը, ապա, անշուշտ, կհասնենք մեր նպատակին: ԴՓ 908.3
Պիղատոսը մարդիկ ուղարկեց, որ Բարաբբային բերեն պալատ: Հետո նա, կողք կողքի կանգնեցնելով երկու բանտարկյալներին, մատնացույց արեց Փրկչին և հանդիսավոր ձայնով ասաց. «Ահա՜ այն մարդը”: «Ահա նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որ գիտենաք, թե ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում”: ԴՓ 909.1
Ահա կանգնած է Աստծո Որդին’ ծաղրական հանդերձ հագած և փշե պսակը գլխին: Մինչև գոտկատեղը մերկ, Նրա մեջքին’ պատռված հագուստի տակից, երևում են հարվածներից առաջացած վերքերը, որոնցից արյուն է հոսում: Նրա արյունոտված դեմքը ցավի ու սաստիկ հոգնածության նշաններ էր կրում, սակայն երբեք այնքան գեղեցիկ չէր թվացել, որքան հիմա: Փրկչի տեսքը չէր մթնել Իր թշնամիների առջև: Ամեն մի դիմագիծը հեզություն, հնազանդություն և քնքշագույն կարեկցանք էր արտահայտում Իր դաժան թշնամիների հանդեպ: Նրա պահվածքում վախկոտության կամ թուլության նշույլ անգամ չկար, Նա ամբողջովին ուժի, արժանապատվության ու երկայնամտության մարմնացում էր: Սակայն բոլորովին այլ էր Նրա կողքին կանգնած բանտարկյալը: Բարաբբայի յուրաքանչյուր դիմագիծը մատնում էր նրանում անխիղճ ոճրագործին: Այդ տարբերությունն ակնհայտ էր ամեն- քին: Ականատեսներից ոմանք արտասվում էին: Փրկչին նայելիս’ նրանց սրտերը կարեկցանքով էին լցվում: Եվ նույնիսկ քահանաներն ու իշխաններն էլ համոզվեցին, որ այդ Մարդը հենց Նա է, ինչ Իրենից ներկայացնում է: ԴՓ 909.2
Քրիստոսին շրջապատող հռոմեական զինվորներից ոչ բոլորն էին կարծրասիրտ, նրանցից ոմանք ուշադիր նայում էին Հիսուսի դեմքին’ ցանկանալով իմանալ. հանցագո՞րծ է Նա, թե՞ ոչ: Ժամանակ առ ժամանակ նրանք շրջվում և արհամարհանքով նայում էին Բարաբբային: Սուր խորաթափանցություն պետք չէր նրա ներաշխարհը տեսնելու համար: Եվ կրկին նրանք դառնում են Դատապարտվածին: Նրանք խոր կարեկցանքով են նայում աստվածային տառապյալին: Քրիստոսի անխոս հնազանդությունը խորապես հուզել էր նրանց, և այդ տեսարանը չէր ջնջվելու նրանց հիշողությունից, մինչև որ կա’մ ճանաչեին Նըրան որպես Քրիստոս, կա’մ էլ’ մերժելով Նրան, վճռեին իրենց ճակատագիրը: [736] ԴՓ 909.3
Փրկչի անտրտունջ համբերությունը ցնցել էր Պիղատո- սին: Նա չէր կասկածում, որ այս Մարդու տեսքը, ի հակադրություն Բարաբբայի, կշարժի հրեաների գութը: Բայց նա չէր հասկանում քահանաների մոլեռանդ ատելությունը Նրա հանդեպ, ով լինելով աշխարհի Լույսը’ ի հայտ էր բերել նրանց տգիտությունն ու մոլորությունը: Նրանք էին ամբոխին խելացնոր կատաղության հասցրել: Եվ ահա քահանաները, իշխաններն ու ժողովուրդը նորից սարսափելի աղաղակ բարձրացրին. «Խաչի՜ր դրան, խաչի՜ր դրան»: Ի վերջո, նրանց խելակորույս դաժանությունից համբերությունը կորցնելով, Պիղատոսը հուսահատված բացականչեց. «Դուք առեք նրան և խաչեցեք, որովհետև ես հանցանք չեմ գտնում նրանում”: ԴՓ 910.1
Հռոմեական կառավարիչը թեև ծանոթ էր նման տեսարանների, խղճահարությամբ էր լցվել տանջվող բանտարկյալի հանդեպ, որը, դատապարտված և խարազանված, արնաշաղախ ճակատով ու բզկտված մեջքով, առաջվա պես պահպանել էր Իր արքայական կեցվածքը: Իսկ քահանաները հայտարարեցին. «Մենք օրենք ունենք, և մեր օրենքի համեմատ պետք է մեռնի, որովհետև իր անձն Աստծո Որդի արավ”: ԴՓ 910.2
Պիղատոսը ցնցվեց: Նա ճիշտ պատկերացում չուներ Քրիստոսի և Նրա առաքելության մասին, բայց անորոշ կերպով հավատում էր Աստծո և գերմարդկային արարածների գոյությանը: Այն միտքը, որ մի անգամ արդեն ծագել էր նրա գլխում, հիմա ավելի հստակ պատկերվեց նրան: Նա իրեն հարց տվեց, թե կարո՞ղ է պատահել, որ իր առջև աստվածային մի էակ կանգնած լինի’ ծաղրական ծիրանի հագած և գլխին փշե պսակ դրած: ԴՓ 910.3
Կրկին մտնելով դատարանի դահլիճ’ նա ասաց Հիսու- սին. «Դու ի՞նչ տեղից ես”: Բայց Հիսուսը չպատասխանեց նրան: Փրկիչը Պիղատոսին պարզ ասել էր, որ Իր առաքելությունն է’ վկայել ճշմարտության մասին: Պիղատոսն արհամարհել էր լույսը: Նա անարգել էր դատավորի իր պաշտոնը’ իր սկզբունքներն ու հեղինակությունը զոհելով ամբոխի պահանջներին: Հիսուսն ուրիշ լույս չուներ նրա համար: Զայրացած Նրա լռությունից’ Պիղատոսը մեծամտորեն ասաց. ԴՓ 911.1
«Ինձ հետ չե՞ս խոսում, մի՞թե չգիտես, որ ես իշխանություն ունեմ քեզ խաչելու, և իշխանություն ունեմ քեզ արձակելու»: ԴՓ 911.2
Հիսուսը պատասխանեց. «Դու ոչ մի իշխանություն չէիր ունենա ինձ վրա, եթե վերևից տրված չլիներ քեզ. դրա համար ով որ ինձ մատնեց քեզ, նրա մեղքն ավելի մեծ է”: ԴՓ 911.3
Այդպես կարեկից Փրկիչն, Իր ծայրագույն տառապանքի ու վշտի պահին, որքան հնարավոր է, արդարացրեց հռոմեական կառավարչի արարքը, ով խաչելության էր մատնել Նրան: Աշխարհին տրված ի՜նչ զարմանալի օրինակ է սա բոլոր դարերի համար: Ինչպիսի՜ լույս է դա սփռում Նրա բնավորության վրա, ով ամբողջ երկրի Դատավորն է: [737] ԴՓ 911.4
«Ով որ ինձ մատնեց քեզ,-ասաց Հիսուսը,-նրա մեղքն ավելի մեծ է»: Քրիստոսը նկատի ուներ Կայիափային, ով, որպես քահանայապետ, ներկայացնում էր հրեա ժողովր- դին: Նրանք գիտեին, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում հռոմեական իշխանությունները: Նրանց լույս էր տրված Քրիստոսի մասին վկայող մարգարեությունների, ինչպես նաև Նրա ուսմունքի և հրաշքների մեջ: Հրեա դատավորներն անսխալ վկայություն էին ստացել Նրա աստվածության մասին, ում դատապարտել էին մահվան: Եվ իրենց տրված լույսի համաձայն էլ նրանք պիտի դատվեն: ԴՓ 911.5
Ամենամեծ հանցանքն ու ծանրագույն պատասխանատվությունն ընկնում էր նրանց վրա, ովքեր ամենա- բարձր դիրքերն էին զբաղեցնում ժողովրդի մեջ: Նրանց էր վստահված սրբազան ճշմարտությունը, որին նրանք այդքան անազնվորեն դավաճանում էին: Պիղատոսը, Հե- րովդեսն ու հռոմեական զինվորները համեմատաբար անտեղյակ էին Հիսուսի մասին: Անարգելով Նրան’ նրանք ուզում էին գոհացնել քահանաներին ու իշխաններին: Նրանք չունեին այն լույսը, որ առատորեն տրվել էր հրեա ազգին: Եթե զինվորներին տրվեր այդ լույսը, նրանք այնքան դաժանորեն չէին վարվի Քրիստոսի հետ, որքան հրեաները: ԴՓ 911.6
Պիղատոսը կրկին փորձեց ազատել Փրկչին: «Բայց Հրեաներն աղաղակում էին և ասում. Եթե դրան արձակես’ կայսրի բարեկամը չես»: Այդպիսով այս կեղծավորները ձևացնում էին, թե պաշտպանում են կայսեր հեղի- նակությունը: Հրեաները հռոմեական կառավարության ամենաոխերիմ թշնամիներն էին: Երբ նրանց ձեռնտու էր, նրանք բռնությամբ ու դաժանությամբ առաջ էին քաշում իրենց ազգային և կրոնական պահանջները, բայց երբ ուզում էին հասնել ինչ-որ նենգ նպատակի, նրանք մեծարում էին կայսեր իշխանությունը: Քրիստոսին կործանելու համար նրանք պատրաստ էին հավատարմության երդում տալ օտարերկրյա այն իշխանությանը, որին ատում էին: ԴՓ 912.1
«Ով որ իրեն թագավոր է կոչում,- շարունակեցին նրանք,- նա կայսրին հակառակ է խոսում”: Սա դիպչում էր Պիղատոսի թույլ կողմին: Նա կասկածի տակ էր վերցված հռոմեական կառավարության կողմից, և գիտեր, որ նման զեկուցումը կկործաներ իրեն: Նա գիտեր նաև, որ եթե հրեաների ծրագիրը ձախողվի, նրանց կատաղությունը շուռ կգա իր դեմ: Նրանք վրեժ լուծելու համար ոչ մի բանի առջև կանգ չէին առնի: Նա արդեն տեսել էր այն համառությունը, որով նրանք ձգտում էին խլել Մեկի կյանքը, ում նրանք, առանց որևէ պատճառի, ատում էին: ԴՓ 912.2
Ահա Պիղատոսը նստեց դատավորի իր աթոռին, և նորից Հիսուսին ցույց տվեց ժողովրդին’ ասելով. «Ահա՜ ձեր թագավորը»: Եվ կրկին լսվեց խելագար ամբոխի ոռնոցը. «Վե՜ր առ, վե՜ր առ և խաչի՜ր դրան»: Մի այնպիսի ձայնով, որ լսվեց և’ հեռվում, և’ մոտակայքում, Պիղատոսը հարցրեց. «Ձեր թագավորի՞ն խաչեմ”: Բայց պիղծ և հայհոյիչ շուրթերից դուրս թռան այս խոսքերը. «Մենք թագավոր չունենք, բացի կայսրից»: [738] ԴՓ 912.3
Այդպես ընտրելով հեթանոս տիրակալին’ հրեա ազգը հրաժարվեց աստվածային կառավարությունից: Նրանք մերժեցին Աստծուն’ իրենց թագավորին: Այսուհետև նրանք այլևս փրկիչ չունեին: Նրանք ուրիշ թագավոր չունեին’ բացի կայսրից: Ահա թե ժողովրդին ուր հասցրին քահանաներն ու վարդապետները: Եվ սրա համար, դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքների հետ միասին, նրանք պատասխան պիտի տային: Ազգի մեղքն ու ժողովրդի կործանումը ընկնում էր կրոնական առաջնորդների վրա: ԴՓ 913.1
«Պիղատոսն էլ տեսնելով, որ ոչ մի օգուտ չկա, այլ խռովությունն ավելի է սաստկանում, ջուր առավ, ձեռքերը լվաց ժողովրդի առաջին և ասեց. ես այդ արդարի արյունից անմեղ եմ, դուք տեսեք”: Վախեցած և ինքն իրեն դա- տապարտելով’ Պիղատոսը նայեց Փրկչին: Դեմքերի այդ հսկայական ծովի մեջ միայն Նրանն էր հանդարտ: Նրա գլխի շուրջ, կարծես, թեթև լույս էր շողում: Պիղատոսն ասեց իր սրտում. «Նա Աստված է»: Դիմելով բազմութ- յանը’ նա հայտարարեց. «Ես մաքուր եմ Նրա արյունից: Դուք վերցրեք և խաչեք Նրան: Բայց հաշվի առեք, դուք’ քահանաներ և իշխաններ, ես հայտարարում եմ ձեզ, որ այս Մարդն արդար է: Թող Նա, ում Նա Իր Հայրն է անվանում, այսօրվա համար դատի ոչ թե ինձ, այլ ձեզ»: Հետո նա ասաց Հիսուսին. «Ներիր ինձ այս բանի համար, ես չեմ կարող փրկել Քեզ”: Ու նա կրկին մատնեց Նրան մտրակելու, հետո հանձնեց, որ խաչվի: ԴՓ 913.2
Պիղատոսը փափագում էր ազատել Հիսուսին: Բայց նա տեսավ, որ չի կարող այդ անել և, միաժամանակ, պահ- պանել իր դիրքն ու պատիվը: Նա, որպեսզի չկորցնի իր աշխարհիկ իշխանությունը, գերադասեց զոհաբերել անմեղ մի կյանք: Որքա՜ն շատերն են նույն ձևով զոհաբերում իրենց սկզբունքները, որպեսզի խուսափեն զրկանքներից ու դժվարություններից: Խիղճն ու պարտքի զգացումը մի բան են թելադրում, իսկ սեփական շահը’ մեկ այլ բան: Հոսանքն ուժգնորեն տանում է սխալ ուղղությամբ, և նա, ով համաձայնվում է չարի հետ, կորչում է մեղքի մռայլ հորձանուտներում: ԴՓ 913.3
Պիղատոսը ենթարկվեց ամբոխի պահանջներին: Որպեսզի չկորցնի իր պաշտոնը, նա գերադասեց խաչելության մատնել Հիսուսին: Բայց չնայած նրա զգուշությանը, այն, ինչից նա զարհուրում էր, հետագայում եկավ նրա գլխին: Նրա պատիվն առնվեց նրանից, նա զրկվեց իր բարձր պաշտոնից, և, խղճի խայթոցներից ու վիրավորված հպարտությունից խոցված, խաչելությունից կարճ ժամանակ անց’ նա վերջ տվեց իր կյանքին: Այդպես էլ բոլոր նրանք, ովքեր զիջում են մեղքին, միայն վշտի ու կործանման կհասնեն: «Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջին, բայց դրա վերջը մահվան ճանապարհներ են» (Առակաց 14.12): ԴՓ 914.1
Երբ Պիղատոսն իրեն անմեղ հայտարարեց Քրիստոսի արյունից, Կայիափան նենգորեն պատասխանեց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա»: [739] ԴՓ 914.2
Իսրայելի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Ցույց տալով Հիսուսին’ նրանք ասացին. «Ոչ թե դրան, այլ Բարաբբային»: Բարաբբան’ մի ավազակ և մարդասպան, սատանայի ներկայացուցիչն էր, իսկ Քրիստոսը’ Աստծո: Քրիստոսը մերժվեց, և ընտրվեց Բարաբբան: Եվ նրանք ստացան Բարաբբային: Կատարելով այս ընտրությունը’ նրանք ընդունեցին այն մեկին, որ հենց սկզբից խաբեբա էր ու մարդասպան: Սատանան էր նրանց առաջնորդը: Որպես ազգ’ նրանք նախընտրեցին կատարել նրա թելադրանքը: Նրանք ծառայեցին սատանային և պետք է դիմանային նրա իշխանությանը: Այն ժողովուրդը, որ Քրիստոսի փոխարեն ընտրեց Բարաբբային, իր վրա պիտի զգար Բարաբբայի դաժանությունը մինչև ժամանակների վերջը: ԴՓ 914.3
Նայելով Աստծո խոշտանգված Գառանը’ հրեաները բացականչեցին. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա»: Այդ սոսկալի աղաղակը հասավ Աստծո գահին: Դատավճիռը, որ նրանք կայացրին իրենց վրա, գրանցվեց երկընքում: Այդ աղոթքը լսվեց: Աստծո Որդու արյունը’ որպես մշտնջենական անեծք, մնաց նրանց որդիների և նրանց որդիների որդկանց վրա: ԴՓ 915.1
Դա իր սոսկալի իրականացումը գտավ Երուսաղեմի կործանման ժամանակ: Այդ սարսափելի անեծքը ուղեկցեց հրեա ժողովրդին տասնութ հարյուրամյակների ընթացքում: Ճյուղը կոտրվեց որթից, մեռած, անպտուղ մի ճյուղ, որպեսզի կրակը գցվի’ այրվելու: Երկրից երկիր’ ամբողջ աշխարհով մեկ, դարից դար, մեռա՜ծ անօրենությունների ու մեղքերի մեջ: ԴՓ 915.2
Սոսկալի կլինի այդ աղոթքի պատասխանը դատաստանի մեծ օրը: Երբ Քրիստոսը վերադառնա երկիր, մարդիկ կտեսնեն Նրան ոչ թե որպես բանտարկյալի’ շրջապատված խաժամուժով: Նա կգա որպես երկնքի Արքա: Քրիստոսը կգա Իր փառքով, Հոր փառքով և սուրբ հրեշտակների փառքով: Հազար հազարավոր և բյուր բյուրավոր հրեշտակներ’ Աստծո գեղեցիկ և հաղթական որդիները, անգերազանցելի փառքով ու վայելչությամբ կուղեկցեն Նրան Իր ճանապարհին: Այն ժամանակ Նա կնստի Իր փառաց աթոռին, և բոլոր ազգերը կհավաքվեն Նրա առջև: Եվ ամեն աչք կտեսնի Նրան, և նրանք էլ, ովքեր խոցեցին Նրան: Փշե պսակի փոխարեն’ Նա հագած կլինի Իր փառքի պսակը’ պսակ պսակի մեջ: Այն հին թագավորական կարմիր հանդերձի փոխարեն’ Նա հագած կլինի Իր ճերմակ, լուսափայլ բեհեզը, «որ երկրի վրա ոչ մի թափիչ չի կարող այնպես սպիտակացնել” (Մարկոս 9.2): Եվ Նրա հանդերձի վրա և Նրա ազդրի վրա մի անուն կլինի գրված’ «թագավորների Թագավոր և տերերի Տեր” (Հայտնություն 19.16): Այստեղ կլինեն նրանք, ովքեր ծաղրել և հարվա- ծել են Նրան: [740] Քահանաներն ու իշխանները նորից կտեսնեն այն տեսարանը դատարանի դահլիճում: Ամեն մի դրվագ կհայտնվի նրանց առջև’ գրված, ասես, հրե տառերով: Եվ նրանք, ովքեր աղոթեցին’ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա”, կստանան իրենց աղոթքի պատասխանը: Այն ժամանակ ամբողջ աշխարհը կտեսնի և կհասկանա: Նրանք կգիտակցեն, թե ում դեմ են իրենք’ խեղճ, թշվառ ու սահմանափակ արարածները, պատե- րազմել: Ահով ու սարսափով նրանք կաղաղակեն սարերին ու ժայռերին. «Վայր ընկեք մեզ վրա և ծածկեք մեզ աթոռի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից, որ Նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել” (Հայտնություն 6.16,17): [74l] ԴՓ 915.3