ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 76. - Հուդան
ՀՈՒԴԱՅԻ պատմությունը տխուր վախճան է հանդիսանում մի կյանքի, որն Աստված կարող էր փառքով պսակել: Եթե Հուդան մեռներ մինչև Երուսաղեմ կատարած իր վերջին ճամփորդությունը, ապա նրան արժանի տեղ կհատ- կացնեին տասներկուսի մեջ, և նրա մահը մեծ կորուստ կհամարվեր: Նողկանքը, որ դարեր ի վեր տածում են նրա հանդեպ, բացատրվում է միայն այն հատկանիշներով, որ նա դրսևորեց իր կյանքի վերջում: Բայց պատահական չէ, որ նրա բնավորությունը բացահայտվեց աշխարհին: Դա պետք է նախազգուշացում լինի բոլորին, ովքեր, նրա պես, կչարաշահեն սրբազան վստահությունը: ԴՓ 880.1
Զատկից ոչ շատ առաջ Հուդան կրկին խոստացավ քահանաներին նրանց ձեռքը մատնել Հիսուսին: Որոշել էին Փրկչին բռնել այն վայրերից մեկում, որտեղ Նա առանձնանում էր մտորելու և աղոթելու: Սիմոնի տան խնջույքից ի վեր, Հուդան հնարավորություն էր ունեցել խորհելու այն արարքի մասին, որ ուխտել էր իրագործել, բայց նա չփոխեց իր մտադրությունը: Երեսուն կտոր արծաթի համար, որ ծառայի արժեքն էր, նա իր Տիրոջը մատնեց անարգանքի ու մահվան: ԴՓ 880.2
Հուդան բնավորությամբ խիստ դրամասեր մարդ էր, բայց միշտ չէ, որ կարող էր բավականաչափ ստորանալ այսպիսի մի արարք թույլ տալու համար: Սակայն նա այնքան ժամանակ էր փայփայել ագահության չար ոգին, մինչև որ այն դարձել էր նրա կյանքի գլխավոր շարժառի- թը: Սերը դեպի մամոնան դուրս էր մղել նրա սրտից սերը Քրիստոսի հանդեպ: Դառնալով մեկ արատի գերին’ նա անձնատուր եղավ սատանային և ընդունակ էր ամեն տեսակ մեղքի: ԴՓ 880.3
Հուդան միացավ աշակերտներին այն ժամանակ, երբ մարդկանց բազմությունները հետևում էին Քրիստոսին: Փրկչի ուսմունքը հուզում էր նրանց սրտերը, երբ նրանք հիացած լսում էին Նրա խոսքերը ժողովարանում, ծովափին կամ սարալանջին: Հուդան տեսավ, թե ինչպես են հիվանդները, կաղերը, կույրերը շտապում Հիսուսի մոտ քաղաքներից ու գյուղերից: Նա տեսավ, թե ինչպես են մեռնողներին դնում Նրա ոտքերի առաջ, տեսավ Փրկչի զորավոր հրաշքները, որ դուրս քշելով դևերին’ բուժում էր հիվանդ մարդկանց և հարություն էր տալիս մեռելներին: Նա հենց ինքն էլ անձամբ իր վրա զգաց Քրիստոսի զորության ազդեցությունը: Նա հասկացավ, որ Քրիստոսի ուսմունքը գերազանց է այն ամենից, ինչ նա երբևէ լսել էր: Նա սիրեց Մեծ Ուսուցչին և ցանկացավ միանալ Նրան: Նա ձգտեց փոխվել բնավորությամբ և կյանքով, և հույս ուներ հասնել դրան’ կապելով իրեն Հիսուսի հետ: [717] Փրկիչը չմերժեց Հուդային: Նա տեղ տվեց նրան տասներկուսի մեջ: Նա վստահեց նրան ավետարանչության գործը, օժտեց նրան զորությամբ’ բուժելու հիվանդներին և հանելու դևերին: Բայց Հուդան այդպես էլ ամբողջությամբ չհանձնվեց Քրիստոսին: Նա չթողեց իր աշխարհիկ փառասիրությունն ու արծաթասիրությունը: Թեև նա ընդունեց Քրիստոսի ծառայողի պաշտոնը, սակայն չենթարկվեց աստվածային ուժի ներգործությանը: Նրան թվաց, թե ամեն ինչում պետք է հետևի իր սեփական դատողությանն ու հայացքներին, և իր մեջ մեղադրանքի ու քննադատության հակում փայփայեց: ԴՓ 881.1
Հուդան խորապես հարգված էր աշակերտների կողմից և մեծ ազդեցություն ուներ նրանց վրա: Նա հենց ինքն էլ մեծ կարծիք ուներ իր արժանիքների մասին և համոզված էր, որ եղբայրները շատ թույլ դատողություն և ունակություններ ունեն իր համեմատ: Նրանք չեն տեսնում իրենց հնարավորությունները, մտածում էր նա, որպեսզի օգտվեն հանգամանքներից: Եկեղեցին երբեք չի բարգավա- ճի, եթե կարճամիտ մարդիկ ղեկավարեն այն: Պետրոսը դյուրագրգիռ է, նա գործում է առանց մտածելու: Հովհաննեսը, որ կուտակում էր Քրիստոսի շուրթերից թափվող ճշմարտության գանձերը, Հուդայի կարծիքով, մի խեղճ ֆինանսիստ էր: Մատթեոսը, որ ամեն ինչում սովոր էր ճշտապահ լինել, շատ բծախնդիր է ազնվության հարցում, միշտ խորհում է Քրիստոսի խոսքերի շուրջ և այնքան է տարված դրանցով, մտածում էր Հուդան, որ նրան չի կարելի որևէ լուրջ, հեռանկարային գործ վստահել: Այդպես Հուդան գնահատում էր բոլոր աշակերտներին’ շողոքորթելով իրեն, որ եկեղեցին հաճախ խառնաշփոթության ու դժվարությունների մեջ կընկներ, եթե չլինեին իր կազմակերպչական ունակությունները: Հուդան իրեն չափազանց ընդունակ մարդ էր համարում, ում անհնար է գերազան- ցել: Իր կարծիքով, նա ավետարանի գործի պատիվն էր և իրեն միշտ այդպիսին էր ներկայացնում: [718] ԴՓ 881.2
Հուդան չէր նկատում իր բնավորության թուլությունը, և Քրիստոսը հնարավորություն տվեց նրան տեսնելու և ուղղելու այն: Որպես աշակերտների գանձապահ’ նա կոչված էր հոգ տանելու այդ փոքրիկ խմբի կարիքների մասին և օգնություն ցույց տալու աղքատներին: Վեր- նատանը, Զատկի ժամանակ, երբ Հիսուսը նրան ասաց’ «Ինչ որ անում ես’ շուտով արա” (Հովհաննես 13.27), աշակերտներին թվաց, թե Նա պատվիրեց նրան գնումներ կատարել կամ տոնի, կամ էլ աղքատներին ինչ-որ բան տալու համար: Ծառայելով ուրիշներին’ Հուդան կարող էր անշահախնդիր բնավորություն զարգացնել: Բայց ամեն օր լսելով Քրիստոսի խրատները և տեսնելով Նրա անձնուրաց կյանքը’ Հուդան միայն բավարարում էր իր ագահությունը: Չնչին գումարները, որ նրա ձեռքն էին ընկնում, մշտապես գայթակղեցնում էին նրան: Հաճախ, երբ նա մի փոքր ծառայություն էր մատուցում Քրիստոսին կամ ժամանակ էր հատկացնում հոգևոր նպատակների համար, ինքն իրեն վարձատրում էր այդ խղճուկ բյուջեից’ կարծելով, թե այդ միջոցառումները իրավունք են տալիս իրեն արդարացնելու իր արարքը, բայց Աստծո աչքին նա պարզապես գող էր: ԴՓ 882.1
Քրիստոսի հաճախակի արտահայտություններն այն մասին, որ Նրա թագավորությունն այս աշխարհից չէ, վիրավորում էին Հուդային: Նա ծրագիր էր մշակել, ըստ որի, ինչպես ինքն էր սպասում, պետք է գործեր Քրիստոսը: Նա ծրագրել էր, որ Հովհաննես Մկրտիչը պետք է ազատվի բանտից: Բայց ահա նրան թողեցին, որ գլխատվի: Իսկ Հիսուսը, Իր արքայական իրավունքը հաստատելու և Հովհաննեսի մահվան համար վրեժ առնելու փոխարեն’ աշակերտների հետ հանգստանում էր քաղաքից դուրս: Հուդան ծարավ էր ավելի ագրեսիվ գործողությունների: Նա կարծում էր, թե եթե Հիսուսը չխանգարեր աշակերտնե- րին’ իրագործելու իրենց ծրագրերը, գործն ավելի հաջող կընթանար: Նա նկատել էր հրեա առաջնորդների աճող թշնամությունը և տեսել, որ Քրիստոսը մերժեց երկընքից նշան ցույց տալու նրանց պահանջը: Նրա սիրտը բաց էր անհավատության առջև, և թշնամին կասկածանքի ու խռովության մտքեր ներշնչեց նրան: Ինչո՞ւ էր Հիսուսն անընդհատ խոսում այն մասին, ինչ հիասթափեցնում է: Ինչո՞ւ Նա նեղություն և հալածանք կանխագուշակեց Իր և աշակերտների համար: Նոր արքայության մեջ բարձր դիրք գրավելու հեռանկարն էր դրդել Հուդային պաշտպա- նելու Քրիստոսի գործը: Մի՞թե նրա բոլոր հույսերը պիտի խորտակվեին: Հուդան չէր որոշել, որ Հիսուսն Աստծո Որդին չէ, բայց կասկածում էր դրան’ փորձելով այլ կերպ բացատրել Նրա զորավոր հրաշքները: ԴՓ 883.1
Հակառակ Փրկչի ուսմունքին’ Հուդան շարունակ առաջ էր քաշում այն գաղափարը, որ Քրիստոսը պետք է իշխի Երուսաղեմում որպես թագավոր: Հինգ հազարի կերակրման ժամանակ նա փորձեց իրագործել այդ նպատակը: Այն ժամանակ Հուդան օգնում էր’ բաժանելու սնունդը սոված բազմությանը: Նա առավելություն էր ունեցել տեսնելու, թե ինչ մեծ օգուտ կարող է տալ ուրիշներին: Նա բավականություն էր ստանում’ ծառայելով Աստծուն: Նա օգնում էր, որ հիվանդներին ու տանջվողներին Քրիստոսի մոտ բերեն, տեսնում էր, թե ինչ թեթևությամբ, ցնծությամբ ու բերկրանքով էր լցնում մարդկանց սրտերը մեծ Բժշկի կենարար զորությունը: Նա կարող էր ըմբռնել Քրիստոսի մեթոդները, սակայն նրան կուրացրել էին իր իսկ եսասիրական ցանկությունները: Հուդան առաջինն օգտվեց այն խանդավառությունից, որ բորբոքվել էր հացերի հրաշքի հետևանքով: Այդ նա առաջարկեց վերցնել և ուժով թագավոր դարձնել Հիսուսին: Նա վսեմ երազանքներ էր փայփայում, Նրա հիասթափությունը, սակայն շատ դառն էր: [719] ԴՓ 883.2
Քրիստոսի զրույցը ժողովարանում կենաց հացի մասին բեկում մտցրեց Հուդայի կյանքում: Նա լսեց այս խոսքերը. «Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում» (Հովհաննես 6.53): Նա տեսավ, որ Քրիստոսն ավելի շուտ հոգևոր բարձունքներ է առաջարկում, քան աշխարհիկ: Նա իրեն հեռատես էր համարում’ մտածելով, որ Հիսուսը ոչ մի փառքի էլ չի հասնելու և չի կարողանալու բարձր պաշտոններ տալ Իր հետևորդներին: Նա որոշեց այդքան սերտորեն չկապվել Հիսուսի հետ, որպեսզի հետո կարողանա հեռանալ: Նա առայժմ կսպասի: Եվ նա սպասեց: ԴՓ 884.1
Այդ ժամանակից սկսած’ նա այնպիսի կասկածներ էր հայտնում, որոնք շփոթեցնում էին աշակերտներին: Նա, կրկնելով Քրիստոսի դեմ ուղղված փարիսեցիների և դպիրների փաստարկները, նրանց ուշադրությունը դարձնում էր Քրիստոսի ուսմունքի թվացյալ հակասությունների վրա: Բոլոր մեծ և փոքր նեղություններն ու դժվարությունները, անախորժություններն ու ենթադրյալ արգելքները Ավետարանի տարածման գործում Հուդան մեկնաբանում էր որպես փաստարկներ դրա ճշմարտացիության դեմ: Նա այնպիսի տեքստեր էր ներկայացնում Գրքերից, որոնք ոչ մի կապ չունեին Քրիստոսի ասած ճշմարտությունների հետ: Այս տեքստերը’ կտրված ընդհանուր բովանդակությունից, շփոթեցնում էին աշակերտներին’ խորացնելով այն հուսահատությունը, որ անընդհատ ճնշում էր նրանց: Սակայն այս բոլորը Հուդան այնքան ճարպկորեն էր անում, որ թվար, թե նա բարեխիղճ մարդ է: Եվ մինչ աշակերտները ապացույց էին փնտրում հաստատելու Մեծ Ուսուցչի խոսքերը, Հուդան աննկատելիորեն փոխում էր զրույցի թեման: Այդպես, խիստ հոգևոր և իմաստուն տեսք ընդունելով’ նա որոշ հարցեր բոլորովին էլ այնպես չէր մեկնաբանում, ինչպես Հիսուսը’ այնպիսի նշանակություն տալով Նրա խոսքերին, որ Նա երբեք նկատի չէր ունեցել: Նրա ենթադրությունները մշտապես աշխարհիկ փառքի հասնելու ձգտումներ էին բորբոքում աշակերտների մեջ’ շեղելով նրանց ուշադրությունն ավելի կարևոր բաներից: Վեճերն այն մասին, թե նրանցից ով է ամենամեծը, գլխավորապես հարուցվում էին Հուդայի կողմից: ԴՓ 884.2
Երբ Հիսուսը հարուստ երիտասարդ իշխանին ներկայացրեց աշակերտության պայմանները, Հուդան խիստ դժգոհ էր: Նրան թվաց, թե Փրկիչն այստեղ սխալ է թույլ տալիս: Եթե այս իշխանի պես մարդիկ միանային հավատացյալներին, ապա մեծապես կօգնեին Քրիստոսի գոր- ծին: Եթե միայն ինձանից խորհուրդ հարցնեին, մտածում էր Հուդան, ես շատ շահավետ ծրագրեր կառաջարկեի մեր փոքրիկ եկեղեցու զարգացման համար: Նրա ծրագրերն ինչ-որ տեղ տարբերվում էին Քրիստոսի սկզբունքներից ու մեթոդներից, բայց այս հարցերում Հուդան իրեն Փրկ- չից ավելի իմաստուն էր համարում: [720] ԴՓ 885.1
Այն ամենի մեջ, ինչ Քրիստոսն ասում էր աշակերտներին, կար մի այնպիսի բան, որի հետ իր սրտի խորքում Հուդան համաձայն չէր: Նրա ազդեցության տակ դժգո- հության թթխմորն արագորեն իր գործն էր անում: Դրանում աշակերտները ոչ մի վտանգ չէին տեսնում, բայց Փրկիչը նկատեց, որ սատանան օժտում է Հուդային իր հատկանիշներով և դրանով ճանապարհ է բացում մյուս աշակերտների վրա ազդելու համար: Մատնությունից դեռ մեկ տարի առաջ Քրիստոսն ասել էր. «Չէ՞ որ ես տասներկուսիդ ընտրեցի, և ձեզանից մեկը սատանա է” (Հովհաննես 6.71): ԴՓ 885.2
Հուդան, սակայն, բացեիբաց չէր ընդդիմանում Փրկչին, ոչ էլ ցույց էր տալիս, որ կասկածում է Նրա ուսմունքին: Մինչև Սիմոնի տան խնջույքը, նա առերևույթ ոչ մի դժգոհություն չէր ցուցաբերել: Երբ Մարիամն օծեց Փրկչի ոտքերը, Հուդան դրսևորեց իր ագահությունը: Նա իր ներսում խիստ զայրացավ, երբ Փրկիչը հանդիմանեց նրան: Վիրավորված ինքնասիրությունն ու վրեժ առնելու ցանկությունը փշրեցին բոլոր արգելքները, և այնքան երկար փայփայված ագահությունն ամբողջովին իշխեց նրան: Սա կատարվում է յուրաքանչյուրի հետ, ով համառում է մեղքի մեջ: Արատավոր տարրերը, եթե դիմադրության չեն հանդիպում և հաղթահարվում, արձագանքում են սատանայի գայթակղությանը, և հոգին գերվում է նրա կամքին: ԴՓ 886.1
Բայց Հուդան դեռ լիովին չէր խստացրել իր սիրտը: Նույնիսկ այն բանից հետո, երբ նա երկու անգամ երդվել էր մատնել Փրկչին, դեռ հնարավորություն ուներ ապաշխարելու: Զատկի ընթրիքին Հիսուսն ապացուցեց Իր աստվածությունը’ բացահայտելով մատնիչի մտադրությունը: Նա ծառայեց Հուդային նույնպիսի ջերմությամբ, ինչպես մյուս աշակերտներին: Բայց սիրո այդ վերջին կոչը ևս անպատասխան մնաց: Հուդան կայացրեց իր վերջնական որոշումը, և նրա ոտքերը, որ Հիսուսը լվաց, շտապեցին կատարելու մատնության գործը: ԴՓ 886.2
Հուդան մտածում էր, որ եթե Հիսուսը պետք է խաչվի, ապա այդպես էլ կլինի, և իր մատնությունն, ըստ էության, ոչինչ չի կարող փոխել: Իսկ եթե Հիսուսը չպետք է մեռնի, ապա դա միայն կստիպի Նրան ազատել Իրեն: Երկու դեպ- քում էլ Հուդան ինչ-որ բան կշահի իր դավաճանությամբ: Նա կարծում էր, թե պայմանավորվելով մատնել Տիրոջը’ շահավետ գործարք է կնքել: ԴՓ 886.3
Հուդան, այնուհանդերձ, չէր հավատում, որ Քրիստոսը թույլ կտա Իրեն ձերբակալել: Դավաճանելով Փրկչին’ նա մտադիր էր դաս տալ Նրան: Նա նպատակ ուներ այնպիսի դեր խաղալ, որը կստիպեր Նրան այսուհետև ավելի հար- գալից վերաբերմունք ցուցաբերել իր հանդեպ: Բայց Հուդան չգիտեր, որ Քրիստոսին մատնում է մահվան: Որքա՜ն հաճախ էին փարիսեցիներն ու դպիրները հրապուրվել Քրիստոսի ապշեցուցիչ օրինակներով, երբ Նա սովորեցնում էր առակներով: Որքա՜ն հաճախ էին նրանք կայացրել իրենց իսկ դատավճիռը: Հաճախ, երբ ճշմարտությունը հասցվում էր նրանց գիտակցությանը, նրանք լցվում էին կատաղությամբ, և քարեր վեր առնելով’ շպրտում էին Նրա վրա, բայց Նա ամեն անգամ ծածկվում էր նրանցից: Եթե Նա խուսափել է այդքան որոգայթներից, մտածում էր Հուդան, ապա, անշուշտ, հիմա էլ թույլ չի տա, որ Իրեն բռնեն: [721] ԴՓ 887.1
Հուդան որոշեց ստուգել դա: Եթե Հիսուսն իրոք Մեսիան է, ապա ժողովուրդը, որի համար նա այնքան շատ բան էր արել, կհամախմբվի Նրա շուրջը և թագավոր կհռչա- կի Նրան: Սա արդեն ընդմիշտ կցրեր բոլոր կասկածները: Հուդան մեծ պատվի կարժանանար, որ թագավորին նստեցրել է Դավթի աթոռին: Եվ դա նրան կապահովեր առաջին տեղը նոր թագավորության մեջ’ Քրիստոսից հե- տո: ԴՓ 887.2
Կեղծ աշակերտն իր դերը խաղաց Հիսուսի մատնության գործում: Պարտեզում, բազմության առաջնորդներին ասելով’ «Ում որ համբուրեմ’ նա է, նրան բռնեցեք” (Մատթեոս 26.48), նա հաստատ համոզված էր, որ Քրիստոսը դուրս կպրծնի նրանց ձեռքից: Այն ժամանակ եթե մեղադրեին իրեն, նա կարող էր ասել’ Չասացի՞ ձեզ, որ պինդ բռնեք Նրան: ԴՓ 887.3
Հուդան տեսավ, թե ինչպես են, իր ասածի պես, պինդ կապկպում Հիսուսին: Նա զարմացավ’ տեսնելով, որ Փրկիչը թույլ տվեց Իրեն տանել: Անհանգստացած’ նա հետևեց Նրան պարտեզից մինչև այնտեղ, որտեղ հրեա առաջնորդները պետք է դատեին Նրան: Ամեն քայլափոխի նա սպասում էր, որ Նա կապշեցնի Իր թշնամիներին’ Իրեն հայտնելով նրանց որպես Աստծո Որդի և խափանելով նրանց դավերն ու չեզոքացնելով նրանց ուժը: Բայց երբ ժամերն անցնում էին իրար հետևից, և Հիսուսը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները, դավաճանի սիրտը սոսկումով լցվեց, որ իր Ուսուցչին մատնել է մահվան: ԴՓ 888.1
Երբ դատն արդեն մոտեցավ իր ավարտին, Հուդան այլևս չկարողացավ դիմանալ իր հանցավոր խղճի խայթոցներին: Հանկարծ մի խռպոտ ձայն հնչեց ամբողջ սրահով մեկ’ սարսափով լցնելով բոլորի սրտերը. Նա անմե՜ղ է, խնայիր Նրան, ով Կայիափա: [722] Ահա Հուդայի բարձրահասակ կերպարանքը ճեղքում է վախեցած ամբոխը: Նրա դեմքը գունատ է և տանջահար, և քրտինքի խոշոր կաթիլներ կան նրա ճակատին: Շտապ մոտենալով դատական տրիբունային’ նա քահանայապետի ոտների մոտ գցեց այն արծաթե դրամները, որ իր Տիրոջ մատնության գինն էր: Կառչելով Կայիափայի հագուստից’ նա աղաչեց նրան բաց թողնել Հիսուսին’ ասելով, որ Նա մահվան արժանի ոչինչ չի արել: Կայիափան զայրացած հետ քաշվեց նրանից, սակայն շփոթված էր, և չգիտեր, թե ինչ ասի: Քահանաների դավադրությունը բացահայտվեց: Պարզ դարձավ, որ նրանք կաշառել էին աշակերտին’ մատնելու իր Ուսուցչին: ԴՓ 888.2
«Ես մեղք գործեցի,- կրկին բացականչեց Հուդան,- անմեղ արյուն մատնելով»: Բայց քահանայապետը, վերագտնելով իր ինքնատիրապետումը, արհամարհանքով պատասխանեց. «Մե՞զ ինչ. դու տես” (Մատթեոս 27.4): Քահանաներն իրենց գործիքն էին դարձրել Հուդային, բայց նույնիսկ նրանք նողկանք զգացին նրա ստորությունից: Երբ նա դիմեց նրանց խոստովանությամբ, նրան արհամարհանքով հետ մղեցին: ԴՓ 888.3
Հիմա Հուդան փլվեց Հիսուսի ոտքերին’ հռչակելով Նրան Աստծո Որդի և աղաչելով, որ ազատի Իրեն: Փրկիչը չնախատեց Իր մատնիչին: Նա գիտեր, որ նա չի ապաշխարել: Դատաստանի ահավոր տեսարանն էր նրա մեղավոր հոգուց դուրս կորզել խոստովանությունը, բայց նա խորը, սրտամորմոք ցավ չէր զգում, որ մատնել է Աստծո անարատ Որդուն և ուրացել Իսրայելի Սուրբին: Հիսուսն, այնուամենայնիվ, մեղադրանքի ոչ մի խոսք չասաց: Նա ափսոսանքով նայեց Հուդային և ասաց. Այս ժամի համար Ես աշխարհ եկա: ԴՓ 889.1
Զարմանքի մի շշնջոց անցավ ամբոխի միջով: Նրանք ցնցված էին’ տեսնելով Քրիստոսի երկայնամտությունն Իր մատնիչի հանդեպ: Կրկին համոզմունք իջավ նրանց վրա, որ այս Մարդն ավելին է, քան մահկանացու: Բայց եթե Նա Աստծո Որդին է, հարցնում էին նրանք, ինչո՞ւ չի ազատում Իրեն կապանքներից և հաղթանակ տոնում Իր թշնամիների նկատմամբ: ԴՓ 889.2
Հուդան հասկացավ, որ իր աղաչանքներն իզուր են, և դուրս վազեց սրահից’ բացականչելով. Արդեն ո՜ւշ է, շա՜տ ուշ: Նա զգաց, որ չի կարող ապրել’ տեսնելով Հի- սուսի խաչելությունը, և հուսահատված գնաց ու կախեց իրեն: ԴՓ 889.3
Նույն օրը ավելի ուշ, Պիղատոսի պալատից դեպի Գողգոթա տանող ճանապարհին, աղաղակող և ծաղրող ամբարիշտների աղմուկը, որ Հիսուսին տանում էին խաչելության վայրը, հանկարծ ընդհատվեց: Մի ամայի տեղով անցնելիս’ նրանք չորացած մի ծառի տակ տեսան Հուդայի մարմինը: Դա մի նողկալի տեսարան էր: Մարմնի ծանրությունից պարանը, որով Հուդան կախել էր իրեն ծառից, կտրվել էր, և դիակը, ընկնելով գետնին’ սոսկալիորեն այլանդակվել էր: Հիմա շները հոշոտում էին այն: Նրա մնա- ցորդներն անմիջապես թաղեցին, բայց հիմա ավելի քիչ ծաղր էր լսվում բազմության մեջ, և շատերի դեմքի գունատությունը վկայում էր ներքին պայքարի մասին: Հատուցումն, ասես, արդեն այցելում էր նրանց, ովքեր հանցավոր էին Հիսուսի արյան մեջ: [723] ԴՓ 889.4