ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 78. - Գողգոթա
(Մատթեոս 27.31-53, Մարկոս 15.20-38, Ղուկաս 23.26-46, Հովհաննես 19.16-30)
«ԵՎ երբ որ եկան այն տեղը, որ գագաթ էր կոչվում, այնտեղ խաչեցին նրան»: ԴՓ 917.1
«Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի բուն իր արյունով ժողովրդին սրբի, դռան դրսի կողմում չարչարվեց” (Եբրայեցիս 13.12): Աստծո օրենքը խախտելու պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմական պարտեզից: Քրիստոսը’ մեր փոխանորդը, պետք է չարչարվեր Երու- սաղեմի սահմաններից դուրս: Նա մեռավ դարպասներից դուրս, որտեղ պատժում էին ոճրագործներին և մարդասպաններին: Խորիմաստ են այս խոսքերը. «Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից’ մեզ համար անեծք լինելով” (Գաղատացիս 3.13): ԴՓ 917.2
Հսկայական մի բազմություն էր հետևում Հիսուսին դատարանից դեպի Գողգոթա: Նրա դատապարտության լուրը տարածվել էր ամբողջ Երուսաղեմով մեկ, և ամեն խավի ու պաշտոնի մարդիկ շտապում էին դեպի խաչելության վայրը: Քահանաներն ու իշխանները խոստացել էին չվնասել Քրիստոսի հետևորդներին, եթե Նրան անձամբ իրենց ձեռքը հանձնեն, և հավատացյալները քաղաքից ու մերձակա շրջաններից միացել էին Փրկչին հետևող ամբոխին: [742] ԴՓ 917.3
Երբ Հիսուսը դուրս եկավ Պիղատոսի պալատի դարպասներից, այն խաչը, որ պատրաստված էր Բարաբբա- յի համար, դրվեց Նրա ծեծված և արյունոտ ուսերին: Բա- րաբբայի հանցակիցներից երկուսը պետք է մահապատժի ենթարկվեին Հիսուսի հետ միաժամանակ, և նրանց վրա էլ խաչեր դրվեցին: Փրկչի բեռը չափազանց ծանր էր Իր հյուծված ու տանջված վիճակում: Զատիկի ընթրիքից հետո, որ նշել էր Իր աշակերտների հետ, Նա ոչ մի բան ոչ կերել էր, ոչ էլ’ խմել: Նա սոսկալի հոգեվարք էր ապրել Գեթսեմանի այգում’ պայքարելով սատանայական ուժերի դեմ: Նա դիմացել էր մատնության տառապանքին և տեսել էր, թե ինչպես աշակերտները լքեցին Իրեն ու փախան: Նրան տարել էին նախ Աննայի, Կայիափայի և ապա’ Պիղատոսի մոտ: Պիղատոսի մոտից Նրան Հերով- դեսի մոտ էին քարշ տվել, հետո նորից ետ բերել Պիղատո- սի մոտ: Անարգանքից հետո կրկին անարգանք, ծաղրից հետո’ ծաղր, երկու անգամ խարազանված’ այդ ամբողջ գիշերվա տեսարանները ծանրագույն փորձություն էին մարդկային հոգու համար: Քրիստոսը չէր ընկճվել: Աստծուն փառաբանելուց բացի, Նա ուրիշ ոչ մի խոսք չէր ասել, դատական այդ ամբողջ զավեշտախաղի ընթացքում Նա Իրեն պահել էր տոկուն և արժանապատվորեն: Բայց երբ երկրորդ անգամ խարազանելուց հետո խաչը դրվեց Նրա ուսերին, Նրա մարդկային բնությունն այլևս չդիմացավ: Նա ուժասպառ վայր ընկավ բեռան ծանրության տակ: ԴՓ 917.4
Փրկչին հետևող ամբոխը տեսավ Նրա թույլ և ճոճվող քայլերը, բայց ոչ մի խղճահարություն չդրսևորեց: Նրանք ծաղրում և հայհոյում էին Նրան, որ չի կարողանում կրել ծանր խաչը: Կրկին բեռը դրվեց Նրա ուսերին, և կրկին Նա թուլացած ընկավ գետնին: Նրա հալածողները տեսան, որ Նա այլևս անկարող է կրել Իր բեռը, և ստիպված սկսեցին փնտրել ինչ-որ մեկին, ով կկրեր այդ նվաստացուցիչ խա- չը: Իրենք հրեաները չէին կարող դա անել’ վախենալով պղծվել, ինչը թույլ չէր տա իրենց մասնակցելու Զատկին: Անգամ Նրան հետևող ամբոխի միջից ոչ մեկը չկռացավ վերցնելու խաչը: ԴՓ 918.1
Հենց այդ պահին մի օտարական’ Սիմոն Կյուրենացին, որ գյուղից քաղաք էր գալիս, հանդիպեց բազմությանը: Նա լսում է ծաղրանքի ու անարգանքի խոսքերը, լսում է, թե ինչպես են մարդիկ արհամարհանքով կրկնում. «Ճամ- փա՜ տվեք հրեաների Թագավորին”: Այս տեսնելով’ Նա զարմացած կանգ է առնում: Նկատելով նրա դեմքին կարեկցանքի արտահայտություն’ նրան բռնում են և խաչը դնում նրա ուսերին: ԴՓ 918.2
Սիմոնը լսել էր Հիսուսի մասին: Նրա որդիները հավատում էին Փրկչին, բայց ինքը անձամբ աշակերտ չէր: Այն, որ Սիմոնը կրեց խաչը մինչև Գողգոթա, օրհնություն էր նրա համար, և նա հետագայում միշտ շնորհակալ եղավ այս նախախնամության համար: Դա նրան դրդեց կամավոր ընտրելու Քրիստոսի խաչը և միշտ ուրախությամբ կրելու դրա ծանրությունը: [743] ԴՓ 919.1
Ամբոխի մեջ քիչ չէին կանայք, ովքեր հետևում էին Անդատապարտելի Մեկին դեպի Իր սոսկալի մահապատժի վայրը: Նրանց աչքերն ուղղված էին Հիսուսին: Նրանցից մի քանիսը ճանաչում էին Նրան, ոմանք Նրա մոտ էին տարել իրենց հիվանդներին, ոմանք էլ հենց իրենք էին բժշկվել Նրանից: Մարդիկ պատմում էին այն իրադարձությունների մասին, որ տեղի էին ունեցել, և կանայք զարմանում են ամբոխի ատելության վրա Մեկի հանդեպ, ում համար իրենց սրտերը հալվում և կսկծում էին: Հաշվի չառնելով խելագար ամբոխի տրամադրությունն ու քահանաների և իշխանների զայրացկոտ խոսքերը’ այս կանայք բացահայտ իրենց կարեկցանքն են արտահայտում: Երբ Հիսուսն ուժասպառ ընկնում է խաչի ծանրության տակ, նրանք դառնագին ողբում ու հեկեկում են: ԴՓ 919.2
Սա միակ բանն էր, որ գրավեց Քրիստոսի ուշադրությունը: Աննկարագրելի տառապանքի մեջ, կրելով աշխարհի մեղքերի ծանրությունը’ Նա անտարբեր չմնաց այդ ցավակցությանը: Նա ջերմ կարեկցանքով նայեց այդ կա- նանց: Նրանք չէին հավատում Նրան: Քրիստոսը գիտեր, որ նրանք ողբում էին ոչ թե Նրա համար, ով ուղարկված էր Աստծուց, այլ արտասվում էին զուտ մարդկային խղճա- հարությունից: Նա չարհամարհեց կանանց կարեկցանքը, ընդհակառակը, դա Նրա սրտում ավելի խոր կարեկցանք արթնացրեց նրանց հանդեպ: «Երուսաղեմի աղջիկներ,- ասաց Նա,- լաց մի լինեք ինձ վրա, այլ լաց եղեք ձեզ վրա և ձեր որդկանց վրա»: Նայելով առաջ’ դեպի ապագան, Քրիստոսը տեսավ Երուսաղեմի կործանումը: Այդ ահավոր օրերին նրանցից շատերը, ովքեր հիմա ողբում էին Իր համար, պիտի կորչեին իրենց երեխաների հետ միասին: ԴՓ 919.3
Երուսաղեմի անկումից Հիսուսի մտքերը դարձան դեպի վերջին դատաստանի օրը: Անզեղջ քաղաքի ավերման մեջ Նա տեսավ վերջնական կործանման խորհրդանիշը, որ պիտի գար աշխարհի վրա: Նա ասաց. «Այն ժամանակ կսկսեն ասել սարերին’ մեզ վրա ընկեք, և բլուրներին’ ծածկեք մեզ: Որովհետև եթե կանաչ ծառին են անում այս բաները, ապա չորի՞ն ինչ կլինի”: Կանաչ ծառով Քրիստոսը ներկայացրեց Իրեն’ անմեղ Փրկչին: Աստված թույլ տվեց, որ անօրենության դեմ Իր բարկությունը թափվի Իր սիրելի Որդու վրա: Հիսուսը պիտի խաչվեր մարդկության մեղքերի համար: Որքա՜ն ավելի մեծ տառապանքներ, ուրեմն, պետք է կրի մեղավորը, ով չի ուզում հրաժարվել մեղքից: Բոլոր անզեղջ մեղավորներն ու անհավատները այնպիսի վիշտ ու տառապանք են կրելու, որ մարդկային լեզուն անկարող է նկարագրել: ԴՓ 920.1
Ամբոխի մեջ, որը հետևում էր Փրկչին դեպի Գողգոթա, կային շատերը, ովքեր արմավենու ճյուղերը թափահարելով և ցնծագին օվսաննաներով էին ուղեկցել Նրան, երբ Նա հաղթականորեն մուտք էր գործել Երուսաղեմ: Բայց նրանցից ոչ քչերն էլ, որ այն ժամանակ փառք էին տալիս Նրան, որովհետև բոլորն այդպես էին անում, հիմա աղաղակում էին’ «Խաչի՜ր դրան, խաչի՜ր դրան»: Երբ Քրիստոսը հաղթականորեն մտավ Երուսաղեմ, աշակերտների հույսերն իրենց գագաթնակետին էին հասել: Այն ժամանակ նրանք չէին հեռանում իրենց Ուսուցչից’ մտածելով, որ մեծ պատիվ է Նրա կողքին գտնվելը: Իսկ հիմա, երբ Նրան նվաստացնում էին, նրանք հեռվից էին հետևում Նրան: Հիմա խոր վիշտ էր իջել նրանց սրտերին, և նրանց բոլոր հույսերը հօդս էին ցնդել: Որքա՜ն ճըշմարտացի էին Հիսուսի խոսքերը. «Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից, որովհետև գրված է’ Հովվին կզարկեմ, և հոտի ոչխարները կցրվեն» (Մատթեոս 26.31): [744] ԴՓ 920.2
Երբ հասան մահապատժի վայրը, բանտարկյալներին կապեցին տանջանքի գործիքներին: Երկու ավազակները թպրտում էին նրանց ձեռքերում, ովքեր խաչում էին նրանց, բայց Հիսուսը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: Փրկչի մայրը Հովհաննեսի’ սիրելի աշակերտի աջակցությամբ հետևել էր իր Որդուն մինչև Գողգոթա: Նա տեսել էր Նրան ուժասպառ ընկնելիս խաչի ծանրության տակ, փափագել էր իր ձեռքը դնել Նրա վիրավոր գլխին և սրբել Նրա ճակատը, որ մի ժամանակ հանգչում էր իր կրծքին: Բայց նրան տրված չէր այդ ողբալի առավելությունը: Աշակերտների պես’ նա դեռ հույս էր փայփայում, որ Հիսուսը կդրսևորի Իր զորությունն ու Իրեն կազատի թշնամինե- րից: Նրա սիրտը նորից կսկծաց, երբ հիշեց այն խոսքերը, որ Հիսուսն ասել էր’ կանխագուշակելով այդ օրվա իրադարձությունները: Երբ ավազակներին խաչեցին, տանջալից անհանգստություն տիրեց նրան: Թույլ կտա՞ արդյոք Նա, ով կյանք էր տվել մեռածներին, որ Իրեն խաչեն: Կթողնի՞ արդյոք Աստծո Որդին, որ Իրեն այդպես դաժանորեն սպանեն: Մի՞թե նա պիտի թողնի իր հավատը, որ Հիսուսը Մեսիան է: Մի՞թե նա պետք է ականատես լինի իր Որդու խայտառակությանն ու տառապանքին, առանց, նույնիսկ, Նրան Իր վշտի մեջ ծառայելու հնարավորութ- յան: Նա տեսավ, թե ինչպես Նրա ձեռքերը տարածեցին խաչափայտին: Բերեցին մուրճն ու մեխերը, ու երբ մեխերը մխրճվեցին փափուկ մարմնի մեջ, սրտաբեկ աշակերտներն այդ դաժան տեսարանից մի կողմ տարան Հիսուսի ուշաթափված մորը: ԴՓ 921.1
Փրկիչը դժգոհության ոչ մի ձայն չհանեց: Նրա դեմքը հանդարտ էր ու պայծառ, բայց քրտինքի խոշոր կաթիլներ կային Նրա ճակատին: Ոչ մի բարեգութ ձեռք չգտնվեց, որ Նրա դեմքից սրբի մահացու քրտինքը, կարեկցանքի և անփոփոխ հավատարմության ոչ մի խոսք չասվեց, որ քաջալերի Նրա մարդկային սիրտը: Մինչ զինվորները կատարում էին իրենց զարհուրելի աշխատանքը, Հիսուսն աղոթեց Իր թշնամիների համար. «Հա՜յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում”: Նա մտածում էր ոչ թե Իր տառապանքների, այլ Իր հալածողների մեղքի և այն սոսկալի հատուցման մասին, որ նրանց պիտի հաս- ներ: Ոչ մի անեծք չթափվեց այն զինվորների վրա, ովքեր այնքան անխղճորեն վարվեցին Նրա հետ: Վրիժառության ոչ մի կոչ չարվեց քահանաների և իշխանների վրա, ովքեր ցնծում էին, որ հասել են իրենց նպատակին: Քրիստոսը խղճաց նրանց իրենց տգիտության ու մեղքի մեջ: Նա միայն աղոթք շշնջաց նրանց թողության համար’ «որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: [745] ԴՓ 921.2
Եթե նրանք իմանային, որ տառապանքի են մատնել Մեկին, ով եկել էր փրկելու մեղավոր ցեղը հավիտենական կորստից, սարսափով կլցվեին, և խիղճը հանգիստ չէր տա նրանց: Բայց տգիտությունը չէր կարող արդարացնել իրենց հանցանքը, քանի որ նրանց առավելություն էր տրված ճանաչելու և ընդունելու Հիսուսին որպես իրենց Փրկիչը: Նրանցից ոմանք, սակայն, պիտի գիտակցեին իրենց մեղքը, զղջային և դարձի գային, ոմանք էլ համառորեն չէին ապաշխարելու, և Փրկչի աղոթքը նրանց համար անպատասխան էր մնալու: Սակայն, ինչ էլ որ լիներ, Աստծո նպատակը շուտով պետք է իրագործվեր: Հիսուսն իրավունք էր ստանում մարդկության բարեխոս դառնալու Իր Հոր առջև: ԴՓ 922.1
Քրիստոսի աղոթքն Իր թշնամիների համար ընդգրկում էր ողջ աշխարհը: Այն վերաբերվում էր յուրաքանչյուր մեղավորի, ով ապրել էր կամ պետք է ապրեր աշխարհի սկզբից մինչև ժամանակի վերջը: Աստծո Որդու խաչելության մեղքը հանգչում է ամենքի վրա: Եվ ամենքին էլ ազատ թողություն է առաջարկվում: «Ով որ կամենում է», կարող է հաշտվել Աստծո հետ և ժառանգել հավիտենական կյանքը: ԴՓ 922.2
Հենց որ Հիսուսը գամվեց խաչափայտին, մի քանի աժդահա մարդիկ բարձրացրին այն և մեծ թափով մխրճեցին նախօրոք դրա համար պատրաստված փոսի մեջ: Սա անասելի ցավ պատճառեց Աստծո Որդուն: Պիղատո- սը մի գրություն գրեց եբրայերեն, հունարեն և լատիներեն ու կպցրեց խաչի վրա’ Հիսուսի գլխավերևում: Այնտեղ գրված էր. «Հիսուս Նազովրեցի’ Հրեաների Թագավոր”: Այս գրությունը զայրացրեց հրեաներին: Պիղատոսի պալատում նրանք գոռացել էին’ «Խաչիր դրան»: «Մենք թագավոր չունենք’ բացի կայսրից” (Հովհաննես 19.15): Նրանք հայտարարել էին, որ դավաճան է նա, ով որ ուրիշ թագավոր կճանաչի: Պիղատոսն էլ, հաստատելով նրանց հայտարարությունը, գրեց այդ խոսքերը: Ոչ մի վիրավորանք, բացի նրանից, որ Հիսուսը հրեաների Թագավորն է: Այդ գրությունը հռոմեական իշխանությանը հրեաների հավատարմության փաստացի վկայությունն էր: Այն հայտնում էր, որ ով որ իրեն Իսրայելի Թագավոր հռչակի, հրեաների կողմից կդատապարտվի մահվան: Քահանաները սխալվել էին իրենց հաշվարկներում: Երբ նրանք դավ էին նյութում Քրիստոսի դեմ, Կայիափան հայտարարել էր, որ ավելի լավ է մեկ մարդ մեռնի ազգի փրկության համար: Հիմա նրանց կեղծավորությունը բացահայտված էր: Քրիստոսին ոչնչացնելու համար նրանք պատրաստ էին զոհաբերելու նույնիսկ իրենց ազգի անկախությունը: ԴՓ 923.1
Քահանաները, գլխի ընկնելով իրենց արածը, Պիղա- տոսին խնդրեցին փոխել գրությունը’ ասելով. «Մի’ գրիր Հրեաների Թագավոր, այլ թե նա ասեց’ Հրեաների Թագավորն եմ”: Բայց Պիղատոսը, զայրացած իր թուլության վրա, խորապես արհամարհելով նախանձ ու կեղծավոր քահանաներին ու իշխանավորներին’ սառնորեն պատասխանեց. «Ինչ որ գրեցի’ գրեցի»: [746] ԴՓ 923.2
Այդ գրությունը Հիսուսի գլխավերևում կպցրել էին մի ավելի բարձր հեղինակության թելադրանքով, քան Պիղա- տոսն ու հրեաներն էին: Աստծո նախախնամությամբ այն պետք է արթնացներ մարդկանց միտքը և դրդեր նրանց քննելու Գրքերը: Քրիստոսի խաչելության վայրը մոտ էր քաղաքին: Այդ ժամանակ բոլոր երկրներից հազարավոր մարդիկ էին հավաքվել Երուսաղեմում, և նրանք կնկատեին այն գրությունը, որ Մեսիա էր հռչակում Հիսուս Նազովրեցուն: Դա կենդանի ճշմարտություն էր, գրված մի ձեռքով, որն Աստված Ինքն էր ղեկավարում: ԴՓ 923.3
Քրիստոսի չարչարանքները խաչի վրա գուշակված էին մարգարեության մեջ: Խաչելությունից հարյուրամյակներ առաջ Փրկիչը կանխագուշակել էր, թե ինչպես էին վարվելու Իր հետ’ ասելով. «Շները պատեցին ինձ, և չարագործների ժողովը շրջապատեց ինձ: Իմ ոտքերն ու ձեռքերը ծակեցին: Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, բայց նրանք նայում և դիտում են ինձ: Շորերս բաժանում են իրենց մեջ, և պատմուճանիս վրա վիճակ են գցում” (Սաղմոս 22.16-18): Խաչյալի հանդերձներին վերաբերող մարգարեությունն իրականացավ առանց Նրա բարեկամների կամ թշնամիների միջամտության: Նրա հագուստը տրվեց այն զինվորներին, ովքեր գամել էին Նրան խաչին: Քրիստոսը լսեց նրանց վիճաբանությունը, երբ Իր հանդերձները բաժանում էին իրար մեջ: Նրա պատմուճանը մի ամբողջական կտավից էր’ առանց կարի, և նրանք ասացին. «Եկեք չպատռենք դա, այլ վիճակ գցենք դրա վրա, թե ու- մը կլինի»: ԴՓ 924.1
Մեկ այլ մարգարեության մեջ Փրկիչն ասել էր. «Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես ուժասպառ եղա. ցավակցության սպասեցի, բայց չկար, մխիթարիչների’ բայց չեմ գտնում: Եվ կերակուրիս մեջ թույն են դնում, և ծարավությանս մեջ քացախ են խմեցնում ինձ” (Սաղմոս 69.20,21): Խաչվածներին թույլ էին տալիս թմրեցնող խմիչք տալ, որպեսզի մեռցնի ցավի զգացումը: Դրանից առաջարկեցին նաև Հիսուսին, բայց երբ Նա ճաշակեց’ հրաժարվեց խմել: Նա չէր ընդունի այն, ինչ կթմրեցներ Նրա ուղեղը: Նրա հավատը պետք է ամուր կառչեր Աստծուց: Սա էր Նրա միակ զորությունը: Նրա զգայարանների թմրեցումը սատանային առավելություն կտար: ԴՓ 924.2
Հիսուսի թշնամիներն իրենց զայրույթը Նրա վրա թափեցին, երբ Նա կախված էր խաչից: Քահանաները, իշխաններն ու դպիրները, ամբոխի հետ միասին, ծաղրում էին մեռնող Փրկչին: Նրա մկրտության և այլակերպության ժամանակ լսվել էր Աստծո ձայնը’ Իր Որդին հռչակելով Քրիստոսին: Եվ դարձյալ, Հիսուսի մատնությունից անմիջապես առաջ, Հայրը խոսել էր’ վկայելով Նրա աստվածությունը: Բայց հիմա լուռ էր երկնային ձայնը: Քրիստոսի օգտին ոչ մի վկայություն չլսվեց: Նա միայնակ կրեց անարգանքն ու ծաղրը ամբարիշտ մարդկանցից: [747] ԴՓ 925.1
«Եթե Աստծո Որդին ես,- ասացին նրանք,- իջիր խա- չից”: «Թող իրեն փրկի, եթե Քրիստոսն է’ Աստծո ընտրյալը”: Փորձության անապատում սատանան ասել էր. «Եթե Աստծո Որդին ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն»: «Եթե Աստծո Որդին ես, քեզ վայր գցիր» տաճարի աշտարակից (Մատթեոս 4.3,6): Եվ սատանան, իր հրեշտակների հետ միասին, մարդկային կերպարանք առած, այստեղ էր’ խաչի մոտ: Վաղեմի չարագործը և նրա զորքը համագործակցում էին քահանաների ու իշխանների հետ: Ժողովրդի ուսուցիչները դրդել էին տգետ բազմությանը դատապարտել Մեկին, ում նրանցից շատերը երբեք չէին էլ տեսել մինչև այն օրը, երբ նրանց ստիպել էին վկայություն տալ Նրա դեմ: Քահանաները, իշխանները, փարիսեցիներն ու խաժամուժը’ բոլորը միասին բռնվել էին սատանայական կատաղությամբ: Կրոնական առաջնորդները դաշինքի մեջ էին մտել սատանայի և նրա հրեշտակների հետ’ կատարելով նրանց կամքը: ԴՓ 925.2
Չարչարվող և մեռնող Հիսուսը լսեց քահանաների ամեն մի խոսքը, որ ասում էին. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել: Քրիստոսը’ Իսրայելի Թագավո- րը, թող հիմա իջնի խաչից, որ տեսնենք և հավատանք»: Քրիստոսը կարող էր իջնել խաչից: Բայց եթե Նա փրկեր Իրեն, մեղավորն այլևս հույս չէր ունենա թողության և չէր կարող հաշտվել Աստծո հետ: ԴՓ 925.3
Ծաղրելով Փրկչին’ մարդիկ, ովքեր իրենց մարգարեության մեկնաբաններ էին համարում, կրկնում էին նույն խոսքերը, ինչ որ պետք է ասեին այս դեպքում’ ըստ ոգեշունչ Գրքերի: Իրենց կուրության մեջ, սակայն, նրանք չէին տեսնում, որ կատարում են մարգարեությունը: Նրանք, ովքեր ծաղրանքով ասում էին’ «Աստծուն հուսաց, հիմա թող Նա փրկի դրան, եթե ուզում է դրան, որովհետև ասաց, թե Աստծո Որդին եմ», չէին գիտակցում, որ իրենց վկայությունը պետք է արձագանքի գալիք բոլոր դարերի ընթացքում: Բայց այս խոսքերը, թեև ասված ծաղրանքով, դրդեցին մարդկանց այնպես ուսումնասիրել Գրքերը, ինչպես երբեք նախկինում: Իմաստունները լսում էին, ուսումնասիրում, խորհում և աղոթում: Կային նաև այնպիսիք, ովքեր չհանգստացան, մինչև որ տեքստը տեքստի հետ համեմատելով’ չհասկացան Քրիստոսի առաքելության նշանակությունը: Առաջ երբեք Հիսուսն այնքան մեծ ճանաչում չէր ունեցել, ինչպես հիմա, երբ կախված էր խաչից: Շատերի սրտում, ովքեր տեսան խաչելության տեսարանը և լսեցին Քրիստոսի խոսքերը, շողաց ճշմարտության լույսը: ԴՓ 926.1
Խաչի վրա Իր հոգեվարքի մեջ սփոփանքի մի ցոլք շողաց Հիսուսին: Դա զղջացող ավազակի աղոթքն էր: Սկզբում երկուսն էլ, որ խաչված էին Հիսուսի հետ, նախատում էին Նրան, իսկ մեկն ավելի անուղղելի ու հանդուգն դարձավ իր տառապանքներում: Բայց բոլորովին այլ էր նրա ընկերը: Այդ մարդն անուղղելի հանցագործ չէր: Նրան ճամփից շեղել էր վատ շրջապատը, բայց նրա մեղքն ավելի մեծ չէր, քան նրանցը, ովքեր, կանգնած խաչի մոտ, հայհոյում էին Փրկչին: Նա տեսել և լսել էր Հիսուսին, համոզվել էր Նրա խոսքերում, բայց քահանաներն ու իշխանները մո- լորեցրել էին նրան: Ձգտելով խլացնել իր խղճի ձայնը’ նա ավելի ու ավելի խորն էր ընկղմվել մեղքի մեջ, մինչև որ ձերբակալվել, դատվել էր որպես հանցագործ և դատապարտվել խաչելության: Դատարանում և Գողգոթայի ճամփին Նա Հիսուսի կողքին էր եղել: Նա լսել էր Պիղատո- սի հայտարարությունը. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում” (Հովհաննես 19.4): [750] Նա նկատել էր Փրկչի աստվածային պահվածքը և Իր թշնամիների հանդեպ Նրա կարեկից ներողամտությունը: Խաչի վրա նա տեսնում է, թե ինչպես են շատ անվանի հոգևորականներ, գլուխները թափահարելով, ծաղրում և անարգում Հիսուսին: Նա լսում է իր հանցակցի հանդուգն խոսքերը. «Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը և մեզ”: Նա լսում է, որ անցորդների մեջ շատերը պաշտպանում են Հիսուսին’ կրկնելով Նրա խոսքերն ու պատմելով Նրա գործերը: Եվ նա կրկին համոզվում է, որ սա Քրիստոսն է: Դիմելով իր ընկերոջը’ նա ասում է. «Եվ դու չե՞ս վախենում Աստծուց, որ հենց նույն պատժի մեջ ես»: Մեռնող ավազակներն այլևս մարդկանցից վախենալու ոչինչ չունեին, բայց նրանցից մեկը գիտակցում է, որ պետք է վախենալ Աստծուց, և մտածելով ապագայի մասին’ նա ցնցվում է: Հիմա մեղքով արատավորված նրա կյանքը մոտենում է իր ավարտին: «Ու մենք արդարացի ենք պատըժված,- հառաչում է նա,- որովհետև մեր արած գործերի արժանի հատուցումն ենք առնում, բայց այս Մարդը ոչ մի անտեղի բան չգործեց”: ԴՓ 926.2
Այլևս ո’չ մի հարց, ո’չ մի կասկած, ո’չ մի նախատինք: Դատապարտված իր հանցագործության համար’ ավազակը վհատվել և կորցրել էր հույսը, բայց հիմա նրա մեջ տարօրինակ ջերմ մտքեր են արթնանում: Նա սկսում է հիշել այն ամենն, ինչ լսել էր Հիսուսի մասին, հիշում է, թե ինչպես էր Նա բժշկել հիվանդներին և մեղքերի թողություն տվել: Նա լսել էր նրանց խոսքերը, ովքեր հավատում էին Հիսուսին և արտասվելով հետևում էին Նրան: Նա տեսավ և կարդաց այն գրությունը, որ կպցրին Փրկչի գլխա- վերևում: Նա լսեց, թե ինչպես էին անցորդները կարդում դա’ ոմանք վշտացած և դողդոջուն շուրթերով, մյուսներն արհամարհանքով ու ծաղրով: Սուրբ Հոգին լուսավորում է նրա միտքը, և ապացույցները մեկ առ մեկ հառնում են նրա հիշողության մեջ: Խոցված, անարգված և խաչից կախված Հիսուսի մեջ նա տեսնում է Աստծո Գառանը, ով Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը: Ե’վ հույս, և’ տառապանք է արտահայտում նրա ձայնը, երբ նրա անօգնական, մեռնող հոգին հանձնվում է մեռնող Աստվածամար- դուն: «Տեր, հիշիր ինձ,- բացականչում է նա,- երբ որ գաս քո թագավորությունով»: ԴՓ 927.1
Իսկույն ևեթ լսվում է պատասխանը: Նրա խոսքերը քաղցրահնչյուն են, սիրալիր, կարեկից և հանդիսավոր. «Ճշմարիտ եմ ասում քեզ այսօր, դու ինձ հետ դրախտում կլինես»: ԴՓ 928.1
Իր երկարատև տառապանքի մեջ Հիսուսը լսում է մարդկանց վիրավորանքներն ու ծաղրը: Նույնիսկ հիմա էլ, երբ Նա գամված է խաչին, անեծքներն ու հայհոյանքները չեն դադարում: Նրա սիրտը փափագում էր հավատի գեթ մի քանի խոսք լսել Իր աշակերտներից, բայց Նա լսեց միայն այս վշտալի արտահայտությունը. «Իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ փրկելու էր Իսրայելը”: Որքա՜ն սփոփիչ էր, ուրեմն, մեռնող ավազակի սիրո և հավատի խոս- տովանությունը: Այն ժամանակ, երբ հրեա առաջնորդները մերժեցին Նրան, և նույնիսկ աշակերտները կասկածեցին Նրա աստվածությանը, թշվառ ավազակը հավերժության շեմին Հիսուսին Տեր է դավանում: Շատերը, երբ Նա հրաշքներ էր գործում, և հետո, երբ հարություն առավ գերեզմանից, պատրաստ էին Տեր կոչելու Նրան, բայց ոչ ոք չճանաչեց Նրան, երբ Նա գամված էր խաչին, բացի զղջացող ավազակից, որ փրկության հավաստիք ստացավ ժամը տասնմեկին: [751] ԴՓ 928.2
Մոտ կանգնածները որսացին ավազակի խոսքերը, երբ նա Հիսուսին Տեր անվանեց: Զղջացողի ձայնի տոնը գրա- վեց նրանց ուշադրությունը: Նրանք, ովքեր խաչի պատվանդանի մոտ բաժանում էին Քրիստոսի հանդերձները և վիճակ էին գցում Նրա պատմուճանի համար, կանգ առան լսելու: Նրանց զայրացկոտ ձայները լռեցին: Շունչները պահած’ նրանք նայեցին Քրիստոսին’ սպասելով, թե ինչ կպատասխանեն Նրա մեռնող շուրթերը: ԴՓ 928.3
Հենց որ Նա ասաց խոստումի խոսքերը, մի պայծառ և շլացուցիչ լույս ցրեց այն խավարը, որ կարծես շրջապատել էր խաչը: Այն մտքից, որ Աստված ընդունեց իրեն, զղջացող ավազակի սրտին կատարյալ խաղաղություն իջավ: Քրիստոսը փառավորվեց նույնիսկ Իր նվաստացման մեջ: Նա, ով բոլոր մյուսների աչքին պարտված էր թվում, Հաղթող դուրս եկավ: Նա ճանաչվեց որպես Մեղսակիր: Մարդիկ կարող են ճնշել Նրա մարդկային մարմինը, կարող են խոցել Նրա սուրբ ճակատը’ փշե պսակ դնելով Նրա գլխին, կարող են Նրանից պոկել Նրա հանդերձները և բաժանել դրանք իրար մեջ: Բայց նրանք երբեք չեն կարող խլել Նրանից մեղքեր ներելու Նրա իշխա- նությունը: Մեռնելիս անգամ Նա վկայություն է տալիս Իր աստվածության և Հոր փառքի մասին: Նրա ականջը չի ծանրացել այնքան, որ չկարողանա լսել, Նրա բազուկը չի կարճացել այնպես, որ չկարողանա փրկել: Մինչև վերջ փրկել բոլորին, ովքեր Իրենով կգան Աստծո մոտ’ ահա Նրա արքայական իրավունքը: ԴՓ 929.1
«Ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ դրախտում կլինես»: Քրիստոսը չխոստացավ ավազակին, որ հենց այդ նույն օրը նա Իր հետ դրախտում կլինի: Նա Ինքն էլ այդ օրը դրախտ չգնաց: Նա ննջեց գերեզմանում և հարության առավոտը հայտարարեց. «Ես դեռ չեմ բարձրացել իմ Հոր մոտ” (Հովհաննես 20.17): Բայց խաչելության օրը, որ խավարի հաղթության օրն էր թվում, խոստում տրվեց. «Այսօր», խաչի վրա մեռնելիս որպես ոճրագործ’ Քրիստոսը հավաստիացնում է խեղճ մեղավորին, «Ինձ հետ դրախտում կլինես»: ԴՓ 929.2
Հիսուսի հետ խաչեցին նաև ավազակներին’ «աջ կողմում և ձախ կողմում, իսկ Հիսուսին’ մեջտեղում»: Դա արվեց քահանաների և իշխանների թելադրանքով: Քրիստոսի դիրքը ավազակների մեջտեղում պետք է ցույց տար, որ Նա երեքից ամենամեծ հանցագործն է: Այդպես կատարվեց մարգարեությունը. «Եվ հանցավորների հետ հաշվվեց” (Եսայիա 53.12): Բայց իրենց արածի ամբողջ նշանակությունն, իհարկե, քահանաները չէին հասկանում: Ինչպես Հիսուսին խաչեցին ավազակների «մեջտեղում”, այնպես էլ Նրա խաչը դրվեց մեղքի մեջ թաղված աշխարհի մեջտեղում: Եվ զղջացող ավազակին ասված ներման խոսքերը վառեցին մի լույս, որը պիտի լուսավորեր երկրի ամենահեռավոր անկյունները: [752] ԴՓ 930.1
Հրեշտակներին ցնցեց Հիսուսի անսահման սերը, որ հոգու և մարմնի ամենասոսկալի հոգեվարքի մեջ մտածում էր ուրիշների մասին և քաջալերեց հավատալ ապաշխարող հոգուն: Իր նվաստացման ժամանակ Նա դիմեց Երու- սաղեմի աղջիկներին որպես մարգարե, որպես քահանա և բարեխոս’ Նա աղաչեց Հորը ներել ապաշխարողներին և որպես սիրող Փրկիչ’ Նա ներեց ապաշխարող ավազակի մեղքերը: ԴՓ 930.2
Երբ Հիսուսի հայացքը սահեց խաչի պատվանդանի մոտ հավաքված բազմության վրայով, մի անձնավորություն գրավեց Նրա ուշադրությունը: Այստեղ Հովհաննե- սի’ սիրելի աշակերտի աջակցությամբ, կանգնած էր Նրա մայրը: Նա չէր կարողացել հեռու մնալ իր Որդուց, և Հովհաննեսը, իմանալով, որ վերջը մոտ է, նրան կրկին խա- չի մոտ էր բերել: Քրիստոսը մեռնելիս անգամ չմոռացավ Իր մորը: Նայելով նախ կնոջ վշտից այլայլված դեմքին և ապա Հովհաննեսին’ Նա ասաց Իր մորը’ «Ով կին, ահա քո որդին”, հետո Հովհաննեսին’ «Ահա քո մայրը»: Հովհաննեսը հասկացավ Քրիստոսի խոսքերը, և ընդունեց այդ վստահությունը: Նա այդ օրվանից իր տունը տարավ Մարիամին և քնքշորեն խնամեց նրան: Օ՜ կարեկից և սի- րալիր Փրկիչ. ֆիզիկական ցավի և հոգեկան տառապանքի մեջ Նա ջերմորեն հոգ տարավ Իր մոր մասին: Նա փող չուներ’ թողնելու նրան իր հետագա կարիքները հոգալու համար, բայց Նա լավ գիտեր Հովհաննեսի ազնիվ սիրտը, և նրան հանձնեց Իր մորը’ որպես թանկարժեք գանձ: Այդ- պիսով’ Նա ապահովեց նրան այն ամենով, ինչի կարիքը նա ամենաշատն էր զգում’ մեկի ջերմ կարեկցանքը, ով կսիրեր նրան, քանի որ նա սիրում էր Հիսուսին: Եվ ընդունելով խնամակալի իր սրբազան պարտականությունը’ Հովհաննեսը մեծ օրհնություն ստացավ: Կինը նրան մշտապես հիշեցնում էր իր սիրելի Ուսուցչին: ԴՓ 930.3
Քրիստոսի որդիական սիրո կատարյալ օրինակը պայծառ ջահի պես շողում է մեզ դարերի խորքից: Շուրջ երեսուն տարի Քրիստոսն Իր ամենօրյա ծանր աշխատանքով օգնել էր’ կրելու ընտանիքի բեռը: Եվ հիմա, նույնիսկ մահամերձի Իր հոգեվարքի մեջ, Նա հոգ է տանում Իր դժբախտ, այրիացած մոր մասին: Այդ նույն ոգին պետք է դրսևորվի մեր Տիրոջ ամեն մի աշակերտի կյանքում: Քրիստոսի հետևորդները պետք է զգան, որ հարգանքն իրենց ծնողների հանդեպ և նրանց խնամքը իրենց կրոնի անբաժանելի մասն է կազմում: Այն սիրտը, որտեղ փայփայվում է Նրա սերը, երբեք չի թերանա մշտապես հոգ տանել հոր և մոր մասին և ջերմորեն կարեկցել նրանց: [753] ԴՓ 931.1
Ահա մեռնում է փառքի Տերը’ որպես փրկագին մարդկային ցեղի համար: Քրիստոսի զոհը չուղեկցվեց հաղթական բացականչություններով: Ճնշող խավար էր տիրում ամենուրեք: Մահվան սարսափը չէ, որ ճնշում էր Նրան: Ցավն ու խաչի ամոթանքը չէ, որ անարտահայտելի տառապանք էր պատճառում Նրան: Քրիստոսը տանջվածներից մեծագույնն էր, բայց Նրան ճնշում էր մեղքի հրեշավորությունը, այն բանի գիտակցումը, որ մարդ, ճաշակելով մեղքը, այլևս չէր տեսնում դրա նողկալիությունը: Քրիստոսը տեսավ, թե որքան խորն է մեղքը արմատներ գցել մարդկային սրտում, և որքան քչերը կկամենան ազատվել դրա իշխանությունից: Նա գիտեր, որ առանց Աստծո օգնության մարդկությունը պիտի կործանվեր, և տեսավ, որ հազարավորները կորչում են’ մերժելով իրենց առաջարկված առատ օրհնությունները: ԴՓ 931.2
Քրիստոսի վրա’ որպես մարդու փոխանորդի և երաշխավորի, դրվեց մեր ամենքիս անօրենությունը: Նա օրինազանց համարվեց, որպեսզի ազատի մեզ օրենքի պատ- ժից: Ադամի հետևորդներից ամեն մեկի մեղքը ճնշում էր Նրա սիրտը: Մեղքի հանդեպ Աստծո բարկությունը, Նրա սարսափելի դժգոհությունը անօրենության պատճառով, ահով էին լցնում Նրա Որդու հոգին: Իր ողջ կյանքի ընթացքում Քրիստոսը հռչակել էր անկյալ աշխարհին Հոր գթասրտության և ներողամիտ սիրո բարի լուրը: Նա միշտ խորհել էր մեղավորների փրկության մասին: Բայց հիմա’ մեղքի սարսափելի բեռն Իր ուսերին, Նա չէր կարողանում տեսնել Հոր դեմքը: Գերագույն չարչարանքի այս պահին Աստված երես թեքեց Փրկչից, և դա մի այնպիսի խոր վիշտ պատճառեց Նրան, որ մարդը երբեք չի կարող լիովին հաս- կանալ: Այնքան մեծ էր այս տառապանքը, որ Նա գրեթե ֆիզիկական ցավ չէր զգում: ԴՓ 932.1
Սատանան իր կատաղի փորձություններով խոցում էր Հիսուսին: Փրկիչը չէր կարողանում տեսնել գերեզմանից այն կողմ: Հույսը Նրան ցույց չէր տալիս Նրա հաղթական ելքը գերեզմանից, և Հայրն էլ չէր վկայում, որ ընդունել է Նրա զոհը: Գիտենալով, թե որքան նողկալի է մեղքն Աստծո համար, Նա երկյուղում էր, որ այն ընդմիշտ կբաժանի Իրեն Հորից: Քրիստոսն այնպիսի տառապանք կրեց, որը պիտի կրեն բոլոր մեղավորները, երբ Տերն այլևս չի բարեխոսի մեղավոր ցեղի համար: Մեղքի գիտակցումն էր, որ Նրա վրա’ որպես մարդու փոխանորդի, բերեց Հոր զայրույթը և այնքան դառը դարձրեց Նրա խմած բաժակը: Հենց դա էր, որ փշրեց Աստծո Որդու սիրտը: ԴՓ 932.2
Հրեշտակները ցնցված էին’ տեսնելով Փրկչի սոսկալի հոգեվարքը: Երկնքի զորքերը փակել էին իրենց աչքե- րը, որպեսզի չտեսնեն այդ ահավոր տեսարանը: Անշունչ բնությունն, ասես, ողբում էր իր անարգված և մեռնող Արարչի վրա: Արեգակն անգամ հրաժարվեց դիտել այդ տեսարանը: Նրա պայծառ շողերը լուսավորում էին երկիրը կեսօրին, երբ, անսպասելիորեն, մթագնեցին: Անթափանցելի խավարը, թաղման քողի պես, պատեց խաչի շուրջը: «Խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը իննը”: Այս խավարումը բնական երևույթ չէր, մութն այնքան անթափանցելի էր, ինչպես կեսգիշերն առանց լուսնի և աստղերի: Դա մի հրաշք վկայություն էր, որ տվեց Աստված’ գալիք սերունդների հավատն ամրապնդելու համար: [754] ԴՓ 932.3
Այդ թանձր խավարում ծածկված էր Աստծո ներկայությունը: Նա խավարն Իրեն ծածկոց է շինում, և թաքցնում է Իր փառքը մարդկային աչքերից: Աստված Իր սուրբ հրեշտակների հետ խաչի մոտ էր: Հայրը չէր լքել Իր Որդուն, բայց Նրա ներկայությունն անտեսանելի էր: Եթե Նրա փառքն արտացոլվեր ամպի միջից, ապա բոլոր ականատեսները կոչնչանային: Եվ այդ ահավոր ժամին Քրիստոսը չպետք է մխիթարվեր Հոր ներկայությամբ: Նա միայնակ կոխրճեց հնձանը, և մարդկանցից ոչ ոք չկար Նրա հետ: ԴՓ 933.1
Աստված այդ թանձր խավարով ծածկեց Իր Որդու վերջին մարդկային տառապանքները: Բոլոր նրանք, ովքեր ականատես եղան Քրիստոսի չարչարանքներին, համոզվեցին Նրա աստվածության մեջ: Մեկ անգամ տեսնելով Նրա դեմքը’ մարդ երբեք չէր մոռանա այն: Ինչպես Կայենի դեմքն էր վկայում նրա սպանության մեղքի մասին, այնպես էլ Քրիստոսի դեմքն արտացոլում էր անմեղություն, խաղաղություն և բարություն’ Աստծո պատկերը: Բայց Նրա թշնամիները չէին ուզում ուշադրություն դարձնել երկնային նշանի վրա: Մի քանի ժամ շարունակ ծաղրող բազմությունը հետևել էր Քրիստոսի հոգեվարքին: Հիմա Նա գթասրտորեն ծածկվեց Աստծո շղարշով: ԴՓ 933.2
Մեռելային լռություն իջավ Գողգոթայի վրա: Արտասովոր մի սարսափ պատեց խաչի մոտ հավաքված բազմությանը: Անեծքներն ու հայհոյանքները կեսից ընդհատվեցին: Տղամարդիկ, կանայք և երեխաները’ ամենքն էլ փռվեցին գետնին: Ժամանակ առ ժամանակ լույսի բռնկումները ճեղքում էին խավարը’ լուսավորելով խաչն ու խաչյալ Փրկչին: Քահանաները, իշխանները, դպիրները, դահիճներն ու խառնամբոխը’ բոլորն էլ մտածեցին, թե եկել է իրենց հատուցման ժամը: Քիչ հետո ամբոխի միջով շշուկ անցավ, թե հիմա Հիսուսը վայր կիջնի խաչից: Ոմանք փորձեցին խարխափելով վերադառնալ քաղաք’ ծեծելով իրենց կուրծքն ու դողալով սարսափից: ԴՓ 934.1
Ժամը իննին խավարը ցրվեց ժողովրդից, բայց դեռ ծածկում էր Փրկչին: Դա այն սոսկալի տառապանքի խորհրդանիշն էր, որ ծանրացել էր Նրա սրտին: Ոչ մի աչք չկարողացավ թափանցել խաչը շրջապատող մթության մեջ, և ոչ ոք չկարողացավ ցրել այն թանձր խավարը, որ պարուրել էր Քրիստոսի տանջված հոգին: Կայծակի բռնկումներն, ասես, զայրացած հարվածում էին Նրան, երբ Նա կախված էր խաչից: Այն ժամանակ «Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց’ ասելով. Էլի, Էլի, լա՞մա սաբաքթանի»: «Իմ Աստվա՜ծ, իմ Աստվա՜ծ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: Երբ մութ ամպը շրջապատեց Փրկչին, շատերը բացականչեցին. «Երկնքի պատիժն է Նրա վրա, Աստծո բարկության նետերն են հարվածում Նրան, որովհետև Իրեն Աստծո Որդի անվանեց”: Նրան հավատացողներից շատերը լսեցին Նրա հուսահատ ճիչը, և հույսը լքեց նրանց: Եթե Աստված թողել էր Հիսուսին, ապա էլ ինչի՞ վրա հույս դնեն Նրա հետևորդները: [755] ԴՓ 934.2
Երբ Քրիստոսի հոգին ճնշող խավարը ցրվեց, Նա, կարծես զգալով Իր մարմնական տառապանքը, ասաց. «Ծարավ եմ»: Հռոմեական զինվորներից մեկը, խղճահարությամբ նայելով Նրա ցամաքած շուրթերին, վերցրեց մի սպունգ’ զոպայի ծայրին կապած, թաթախեց քացախով լի ամանի մեջ և տվեց Հիսուսին: Իսկ քահանաները ծիծաղում էին Նրա չարչարանքի վրա: Երբ խավարը ծածկեց երկիրը, նրանք ահով լցվեցին, ու երբ որ վախն անցավ, սկսեցին զգուշանալ, թե Հիսուսը կարող է թաքնվել իրենցից: Նրա այս խոսքերը’ «Էլի, Էլի, լա՞մա սաբաքթանի», նրանք սխալ մեկնաբանեցին: Սուր ծաղրանքով ու արհամարհանքով նրանք ասացին. «Եղիային է կանչում դա»: Վերջին անգամ նրանց հնարավորություն տրվեց թեթևացնելու Փրկչի տառապանքը, բայց նրանք հրաժարվեցին այդ անել: «Թող տեսնենք,- ասացին նրանք,- Եղիան կգա՞ դրան փրկելու»: ԴՓ 934.3
Աստծո անարատ Որդին կախված է խաչից, Նրա մարմինն ամբողջովին բզկտված է. ձեռքերը, որ միշտ պարզվել էին օրհնելու, մեխված են խաչափայտին, ոտքերը, որ միշտ շտապում էին սիրո ծառայության, սեպված են գերանին, Նրա արքայական գլուխը խեղված է փշե պսակից, և Նրա դողդոջուն շուրթերից ուր որ է կպոկվի դառնագին աղաղակը: Արյան կաթիլները, որ թափվում էին Նրա ճակատից, ձեռքերից և ոտքերից, Նրա խոշտանգված մարմինը և այն աննկարագրելի տառապանքը, որ խոցեց Նրա հոգին, երբ Հայրը երես թեքեց Նրանից, մի խոսքով’ այն ամենն, ինչ Նա կրեց, հիշեցնում է մարդկանց որդիներից յուրաքանչյուրին. այդ քեզ համար է Աստծո Որդին կրում հանցանքի բեռը, քեզ համար է Նա խորտակում մահվան իշխանությունը և բացում Դրախտի դարպասները: Նա, ով հանդարտեցրեց մոլեգնած ծովը և քայլեց փրփրադեզ ալիքների վրայով, ով սարսափեցնում էր դևերին և հեռացնում հիվանդությունը, ով բացում էր կույրի աչքերը և կյանքի կոչում մեռածին’ Իրեն զոհ է մատուցում խա- չի վրա, և այդ ամենը’ հանուն քեզ: Նա’ Մեղսակիրը, Իր վրա կրում է աստվածային արդարադատության զայրույթը, և հանուն քեզ դառնում է հենց մեղք: [756] ԴՓ 935.1
Ականատեսները լուռ հետևում էին, թե ինչով կավարտվի այդ սարսափելի տեսարանը: Արեգակը շողում էր, բայց խաչը դեռ պարուրված էր խավարով: Քահանաներն ու իշխանները նայեցին Երուսաղեմի կողմը, և ահա մի մութ ամպ էր կախված քաղաքի և Հրեաստանի հարթավայրերի վրա: Արդարության Արեգակը’ աշխարհի Լույսը, հետ էր քաշում Իր ճառագայթները երբեմնի ընտրյալ Երուսաղեմ քաղաքից: Աստծո բարկության վայրագ փայլատակումներն ուղղված էին դեպի դատապարտված քաղաքը: ԴՓ 935.2
Հանկարծ խավարը խաչի շուրջ ցրվեց, և հստակ, շե- փորանման ձայնով, որն, ասես, արձագանքեց երկրի բոլոր ծայրերում, Հիսուսը բացականչեց. «Կատարված է”: «Հա՜յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում»: Լույսի մի շող ընկավ խաչի վրա, և Փրկչի դեմքը փայլեց արեգակի նման: Հետո Նա գլուխը կախեց Իր կրծքին և մեռավ: ԴՓ 936.1
Սոսկալի խավարի մեջ Քրիստոսը, ում, ասես, Աստված լքել էր, վերջին ումպն արեց մարդկային վշտի դառը բաժակից: Այդ վերջին սոսկալի ժամերին Նա ապավինեց Իրեն տրված այն վկայությանը, որ Հայրն ընդունում է Իրեն: Նա ծանոթ էր Իր Հոր բնավորությանը, և հասկացավ Նրա արդարադատությունը, Նրա գթասրտությունը և Նրա մեծ սերը: Հավատով Նա ապավինեց Նրան, ում հնազանդվելը Նրա մշտական ուրախությունն էր: Ու երբ Նա խոնարհությամբ անձնատուր եղավ Աստծուն, Հոր բարեհաճությունը կորցնելու միտքը չքացավ: Քրիստոսը հաղթեց հավատով: ԴՓ 936.2
Աշխարհը երբեք ականատես չէր եղել նման տեսարա- նի: Շանթահարված մարդիկ կանգնել էին և շունչները պահած’ նայում էին Փրկչին: Կրկին խավար իջավ երկրի վրա, և լսվեց մի դղրդյուն’ կայծակի որոտմունքի պես: Դա մի հուժկու երկրաշարժ էր: Մարդիկ վայր ընկան մեկը մյուսի վրա: Մի վայրի խուճապ և իրարանցում սկսվեց: Ժայռերը, պոկվելով մերձակա լեռներից, որոտաձայն սկսեցին ցած գլորվել’ փշրելով ամեն ինչ իրենց ճանապարհին: Գերեզմանները բացվեցին, և մեռելները դուրս եկան իրենց տեղերից: Թվաց, թե ողջ արարչությունը փո- շու է վերածվում: Քահանաները, իշխանները, զինվորները, դատավորները և ժողովուրդը’ բոլորն էլ սարսափից պապանձված, փռվեցին գետնին: [757] ԴՓ 936.3
Երբ Քրիստոսի շուրթերից լսվեց բարձր աղաղակը’ «Կատարված է», քահանաները ծառայություն էին անում տաճարում: Երեկոյան պատարագի ժամն էր: Հիմա պիտի մորթվեր գառը, որ խորհրդանշում էր Քրիստոսին: Քահանան իր խորհրդանշական շքեղ հանդերձներով կանգնած էր’ վեր բարձրացած ձեռքում դանակը բռնած, ինչպես անցյալում Աբրահամը, երբ պատրաստվում էր որդուն զոհաբերել: Ժողովուրդը լարված հետաքրքրությամբ հետևում էր նրան: Բայց ահա երկիրը ցնցվում և երերում է, որովհետև Տերն Ինքն է մոտենում: Հանկարծ, անտեսանելի մի ձեռք, մեծ աղմուկով վերից վար պատռում է տաճարի ներքին վարագույրը’ բացելով մարդկանց առջև այն տեղը, որ մի ժամանակ լցվում էր Աստծո ներկայության փառքով: Այստեղ էր բնակվում Շեքինան’ Աստծո փառքը: Այստեղ’ ողորմության աթոռի վրա, հայտնվում էր Աստծո փառքի լույսը: Քահանայապետից բացի’ ուրիշ ոչ ոք չէր կարող բացել այդ վարագույրը, որն այս տեղը բաժանում էր տաճարի մյուս մասից: Տարին մեկ անգամ նա մտնում էր այստեղ’ քավություն անելու ժողովրդի մեղքերի հա- մար: Բայց ահա այդ վարագույրը պատռվում է մեջտեղից: Երկրային խորանի Սուրբ Սրբոցն այսուհետև դադարում է սուրբ լինելուց: ԴՓ 937.1
Բոլորը սարսափի և խուճապի մեջ են: Քահանան պատրաստ է մորթելու զոհին, բայց դանակը վայր է ընկնում նրա թուլացած ձեռքից, և գառը փախչում է: Աստծո Որդու մահվան ժամանակ կերպարը հանդիպում է նախակեր- պարին: Մեծ զոհաբերությունն արված է: Ճանապարհը դեպի Սուրբ Սրբոց բաց էր: Նոր և կենդանի ճանապարհ է բացվում ամենքի համար: Մեղավոր, վշտաբեկ մարդկությունն այլևս կարիք չունի սպասելու քահանայապետին: Այսուհետև Փրկիչն է ծառայելու որպես քահանա և բարե- խոս երկնից երկնքում: Մի կենդանի ձայն, կարծես, խոսեց երկրպագուների հետ. «Հիմա վերջ տրվեց մեղքի համար բոլոր զոհերին ու պատարագներին”: Աստծո Որդին գալիս է Իր խոսքի համաձայն. «Ահա գալիս եմ, գրքի տոմսում գրված է իմ մասին, քո կամքն անելու, ով Աստված”: «Բուն իր արյունով» Նա «մեկ անգամ մտավ այն սրբատեղին, և հավիտենական փրկություն գտավ» (Եբրայեցիս 10.7, 9.12): [758] ԴՓ 937.2