ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

59/87

Գլուխ 59. - Քահանայական դավեր

(Հովհաննես 11.47-54)

ԲԵԹԱՆԻԱՆ այնքան մոտ էր գտնվում Երուսաղեմին, որ Ղազարոսի հարության լուրը շուտով քաղաք հասավ: Հրաշքին ականատես լրտեսների միջոցով այդ փաստն արագորեն հայտնի դարձավ հրեա առաջնորդներին: Անմիջապես ատյանի նիստ հրավիրվեց’ որոշելու, թե ինչ պետք է արվի: Քրիստոսն այժմ լիովին բացահայտել էր Իր իշխանությունը մահվան և գերեզմանի վրա: Այդ հզոր հրաշքը Աստծո կողմից մարդկանց տրված մեծագույն ապացույցն էր, որ Նա աշխարհ էր ուղարկել Իր Որդուն’ նրանց փրկության համար: Աստվածային զորության այդ դրսևորումը լիովին բավարար էր’ համոզելու յուրաքանչյուրին, ով օժտված էր բանականությամբ և լուսավորված’ գիտակցությամբ: Ղազարոսի հարության շատ ականատեսներ սկսեցին հավատալ Հիսուսին, սակայն քահանաների ատելությունը Նրա նկատմամբ էլ ավելի սաստկա- ցավ: Նրանք մերժել էին Նրա աստվածության ավելի փոքր վկայությունները, իսկ այս նոր հրաշքը նրանց միայն մոլեգնության հասցրեց: Մահացածին հարություն էր տրվել օրը ցերեկով, ականատեսների ամբոխի առջև: Այսպիսի վկայությունը հնարավոր չէր բացատրել ոչ մի խորա- մանկությամբ: Այս պատճառով քահանաների թշնամանքը մահացու դարձավ: Ավելի վճռականորեն, քան երբևէ, նրանք որոշեցին վերջ դնել Քրիստոսի գործին: [538] ԴՓ 655.1

Սադուկեցիները, թեև ոչ այնքան բարյացակամ Քրիստոսի նկատմամբ, այնքան էլ ոխակալությամբ չէին լցված Նրա դեմ, որքան փարիսեցիները: Նրանց ատելությունն այնքան սաստիկ չէր, բայց այժմ նրանք էլ էին լրջորեն տագնապած: Նրանք չէին հավատում մեռածների հարությանը: Իրենց, այսպես կոչված, գիտական մոտեցումներով նրանք եզրակացրել էին, որ անհնար է կյանքի կոչել մեռած մարմինը: Բայց Քրիստոսը մի քանի խոսքով հերքեց նրանց տեսությունը’ ցույց տալով, որ նրանք անտեղյակ են թե’ Գրքերին և թե’ Աստծո զորությանը: Ժողովրդին հրաշքի գործած տպավորությունից ազատելու ոչ մի հնարավորություն նրանք չէին տեսնում: Ինչպե՞ս կարելի էր ստիպել մարդկանց երես թեքել Նրանից, ով կարող էր գերեզմանից դուրս բերել մահացածին: Նրանք սկսեցին սուտ լուրեր տարածել, բայց հրաշքը հնարավոր չեղավ հերքել, և նրանք չգիտեին, թե ինչպես չեզոքացնեն դրա ազդեցությունը: Մինչ այդ սադուկեցիները չէին խրախուսում Քրիստոսին մահվան մատնելու ծրագրերը: Սակայն Ղազարոսի հարությունից հետո նրանք որոշեցին, որ միայն նրա մահով վերջ կդրվեր իրենց դեմ ուղղված Նրա անվախ հանդիմանություններին: ԴՓ 655.2

Փարիսեցիները հավատում էին հարությանը և չէին կարող չտեսնել, որ այս հրաշքը վկայում է այն մասին, որ Մեսիան իրենց մեջ է: Բայց նրանք միշտ ընդդիմացել էին Քրիստոսի աշխատանքին: Հենց առաջին օրվանից նրանք ատել էին Նրան, որովհետև Նա բացահայտել էր նրանց կեղծավորությունը: Նա պատռել էր խստապահանջ արարողությունների քողը, որի տակ նրանք թաքցնում էին իրենց բարոյական անկումը: Նրա սովորեցրած մաքուր կրոնը մերկացրել էր բարեպաշտության նրանց սին դա- վանանքը: Նրանք տենչում էին վրեժ առնել Նրանից՝ Իր սուր հանդիմանությունների համար: Նրանք փորձել էին հրահրել, որ Նա խոսեր կամ աներ ինչ-որ բան, որը առիթ կտար Նրան դատապարտելու: Մի քանի անգամ նրանք փորձել էին քարկոծել Նրան, բայց Նա հանգիստ հեռացել էր և անհետացել նրանց տեսադաշտից: ԴՓ 656.1

Հրաշքները, որ Նա գործել էր շաբաթ օրերը, հիվանդներին բժշկելու համար էին եղել, սակայն փարիսեցիները Նրան մեղադրել էին շաբաթը խախտելու մեջ: Նրանք փորձել էին Նրա դեմ գրգռել հերովդեսականներին: Նրանք ներկայացրել էին, թե իբրև Նա ձգտում է ընդդիմադիր թագավորություն հաստատել, և խորհրդակցել էին վերջիններիս հետ, թե ինչպես կործանեն Նրան: Հռոմեացիներին Նրա դեմ գրգռելու նպատակով նրանք վստահեցրել էին, թե իբր Նա փորձում է տապալել իրենց իշխանությունը: Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողել’ ժողովրդի վրա Նրա ազդեցությունը չեզոքացնելու համար: Սակայն մինչև հիմա նրանց ծրագրերը խափանվել էին: Նրա բարեգործություններին ականատես և մաքուր ու սուրբ Նրա քարոզները լսած բազմությունները գիտեին, որ դրանք չէին կարող շաբաթը խախտողի կամ Աստծուն հայհոյողի գործերն ու խոսքերը լինել: Փարիսեցիների կողմից ուղարկված սպա- սավորներն անգամ այնպես էին ազդվել Նրա խոսքերից, որ չէին կարողացել ձեռք բարձրացնել Նրա վրա: Հուսահատված’ հրեաներն ի վերջո հրամանագիր էին արձակել, որ Հիսուսին դավանող յուրաքանչյուր ոք պետք է վտարվի ժողովարանից: [539] ԴՓ 656.2

Այսպիսով, երբ քահանաները, իշխանավորներն ու ծերերը հավաքվեցին խորհրդակցության, նրանք լի էին վճռականությամբ’ լռեցնելու Նրան, ով Իր հրաշք գործերով զարմացնում էր բոլորին: Փարիսեցիներն ու սադուկեցիները երբեք այդքան միավորված չէին եղել նախկի- նում: Մինչև հիմա բաժանված’ այժմ նրանք միավորվել էին ընդդեմ Քրիստոսի: Նիկոդեմոսը և Հովսեփը նախկին խորհուրդների ժամանակ կանխել էին Հիսուսի դատապարտումը, և հենց այդ պատճառով էլ այս անգամ չէին հրավիրվել: Խորհրդին ներկա էին Հիսուսին հավատացող այլ ազդեցիկ մարդիկ, սակայն նրանց ազդեցությունը հա- մետաբար շատ ավելի թույլ էր, քան ոխակալ փարիսեցի- ներինը: ԴՓ 657.1

Այնուհանդերձ, խորհրդի ոչ բոլոր անդամներն էին համաձայն միմյանց հետ: Ատյանի նիստն այս անգամ օրինավոր չէր: Այն գումարվեց միայն հանդուրժողականութ- յամբ: Նրա մասնակիցներից մի քանիսը խելամիտ չէին համարում Քրիստոսին մահվան դատապարտելը: Նրանք վախենում էին, որ դա կարող է խռովություն առաջացնել ժողովրդի մեջ’ դրդելով հռոմեացիներին զրկել քահանայությանը հետագա արտոնություններից և իշխանությունից, որը նրանք դեռևս ունեին: Սադուկեցիներին նրանց հետ կապում էր Քրիստոսի հանդեպ ունեցած ատելությունը, սակայն նրանք հակված էին զգույշ լինել գործողություններում’ վախենալով, որ հռոմեացիները կզրկեին իրենց բարձր դիրքից: ԴՓ 657.2

Այս խորհրդին, որ հավաքվել էր ծրագրելու Քրիստոսի մահը, ներկա էր մի Վկա, ով լսել էր Նաբուգոդոնոսորի պարծենկոտ խոսքերը, ականատես էր եղել Բաղդասարի կռապաշտական խնջույքին և ներկա էր եղել, երբ Քրիստոսը Նազարեթում Իրեն Օծյալ էր հռչակել: Այս Վկան այժմ ազդում էր պաշտոնյաների վրա’ հասկացնելու, թե ինչ են նրանք անում: ԴՓ 658.1

Քրիստոսի կյանքի իրադարձություններն այնպես պարզորոշ պատկերվեցին նրանց առջև, որ նրանք ցնցվեցին: Նրանք հիշեցին տաճարի տեսարանը, երբ Հիսուսը’ այն ժամանակ տասներկու տարեկան երեխա, օրենքի գիտուն վարդապետների առջև կանգնած’ այնպիսի հարցեր էր տալիս, որ նրանք զարմանում էին: Հենց նոր գործած հրաշքը վկայում էր, որ Հիսուսը ոչ այլ ոք է, եթե ոչ’ Աստծո Որդին: Քրիստոսին վերաբերող Հին Կտակարանի գրվածքները փայլատակեցին նրանց մտքում իրենց ճշմարիտ նշանակությամբ: Շփոթված ու անհանգստացած’ իշխանավորները հարցրին. «Ի՞նչ անենք”: Խորհուրդը շփոթության մեջ էր: Սուրբ Հոգու ազդեցության ներքո քահանաներն ու իշխանները չէին կարող իրենցից վանել այն համոզմունքը, որ իրենք պայքարում էին Աստծո դեմ: [540] ԴՓ 658.2

Երբ խորհուրդն իր շփոթության գագաթնակետին հասավ, վեր կացավ Կայիափա քահանայապետը: Կայիա- փան հպարտ ու դաժան մի մարդ էր’ գոռոզ և անհանդուրժող: Նա ընտանեկան կապեր ուներ սադուկեցիների հետ, ովքեր հպարտ, հանդուգն ու անխոհեմ մարդիկ էին’ շինծու բարեպաշտության քողի տակ: Կայիափան ուսումնասիրել էր մարգարեությունները, ու թեև անտեղյակ էր նրանց ճշմարիտ իմաստին, խոսեց մեծ հեղինակությամբ և վստահությամբ. «Դուք ոչինչ չգիտեք և չեք էլ մտածում, թե լավ է մեզ համար, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե բոլոր ազգը կորչի»: Եթե անգամ Հիսուսն անմեղ լիներ, պնդեց քահանայապետը, Նրան պետք է վերացնել մեջտեղից: Նա անհանգստություն էր պատճառում, դեպի Իրեն գրավում ժողովրդին և այդպիսով թուլացնում իշխանավորների հեղինակությունը: Նա միայն մի հոգի էր, ավելի լավ էր, որ Նա մեռնի, քան թե թուլանա իշխանների հեղինակությունը: Եթե ժողովուրդը կորցնի վստահությունն իր ղեկավարների նկատմամբ, ազգային իշխանությունը կխորտակվի: Կայիափան պնդեց, որ այս հրաշքից հետո Հիսուսի հետևորդները, հավանաբար, խռովություն կբարձրացնեն: Այդ դեպքում կգան հռոմեացիները, ասաց նա, կփակեն մեր տաճարն ու կվերացնեն մեր օրենքը’ ոչնչացնելով մեզ որպես ազգ: Ի՞նչ արժեք ունի այս Գալիլեացու կյանքն ամբողջ ազգի կյանքի համեմատությամբ: Եթե Նա կանգնած է Իսրայելի բարօրության ճանապարհին, մի՞թե Նրան հեռացնելը չի նշանակում ծառայություն մատուցել Աստծուն: Ավելի լավ է մեկ մարդ կորչի, քան ամբողջ ազգը վերանա: ԴՓ 658.3

Հայտարարելով, որ մի մարդ պետք է զոհվի ազգի համար’ Կայիափան ցույց տվեց, որ ինքը որոշ չափով տեղյակ է մարգարեություններից: Բայց Հովհաննեսը, նկարագրելով այս միջադեպը, հիշատակում է մարգարեությունը և ցույց տալիս նրա ընդարձակ ու խոր նշանակությունը: Նա ասում է. «Եվ ոչ թե միայն ազգի համար, այլ որ նա Աստծո ցրված որդիքն էլ մեկտեղ ժողովի»: Որքա՜ն կուրորեն գոռոզ Կայիափան հաստատեց Փրկչի առաքելությունը: ԴՓ 659.1

Կայիափայի շուրթերին այս ամենաթանկ ճշմարտությունը կեղծիքի վերածվեց: Նրա վարած քաղաքականությունը հիմնված էր հեթանոսությունից փոխառված սկզբունքի վրա: Հեթանոսների աղոտ պատկերացումը, թե մեկը պետք է մեռնի մարդկային ցեղի համար, դրդել էր զոհաբերելու մարդկանց: Այդպես էլ Կայիափան առաջարկեց Հիսուսին զոհաբերելով փրկել մեղավոր ազգը, սակայն ոչ թե անօրենությունից, այլ անօրենության մեջ, որպեսզի նրանք շարունակեին մեղք գործել: Եվ իր հիմ- նավորմամբ’ նա հույս ուներ լռեցնել բոլոր նրանց խղճի ձայնը, ովքեր կհամարձակվեին ասել, որ Հիսուսը ոչինչ չի արել’ մահվան արժանի: ԴՓ 660.1

Այս խորհրդում Քրիստոսի թշնամիները խորապես համոզվեցին իրենց մեղավորության մեջ: Սուրբ Հոգին ազդել էր նրանց մտքերի վրա: Սակայն սատանան ջանում էր իր հսկողության տակ պահել նրանց: Նա նրանց ուշադրությունը դարձրեց այն վիրավորանքների վրա, որ իրենք կրել էին Քրիստոսի պատճառով: Որքա՜ն քիչ էր Նա հարգում իրենց բարեպաշտությունը: Նա շատ ավելի վեհ բարեպաշտություն էր ներկայացնում, որը պետք է ունենան բոլոր նրանք, ովքեր կամենում են Աստծո զավակները լինել: Ուշադրություն չդարձնելով իրենց ծեսերի և արարողությունների վրա’ Նա խրախուսել էր մեղավորներին ուղիղ գնալ Աստծո’ իրենց ողորմած Հոր մոտ, և հայտնել իրենց կարիքները: Այսպես, նրանց կարծիքով, Նա մերժել էր քահանայությունը: Նա հրաժարվել էր ճանաչել ռաբբիական դպրոցների աստվածաբանությունը: Նա մերկացրել էր քահանաների չար սովորույթները և անուղղելի վնաս հասցրել նրանց հեղինակությանը: Նա չեզոքացրել էր նրանց վարքականոնների և ավանդույթների ազդեցությունը’ հայտարարելով, որ նրանք, թեև խստորեն հետևելով ծիսական օրենքին, անվավեր են դարձրել Աստծո օրենքը: Սատանան դրդեց նրանց մտաբերել այս ամենը: [541] ԴՓ 660.2

Սատանան թելադրեց նրանց, որ իրենց հեղինակությունը պահպանելու համար նրանք պետք է մահվան մատնեն Հիսուսին: Նրանք հետևեցին այս խորհրդին: Այն փաստը, որ նրանք կարող էին կորցնել իրենց ունեցած իշխանությունը, իրենց կարծիքով, բավարար հիմք էր տալիս’ որևէ վճիռ կայացնելու համար: Բացառությամբ մի քանիսի, ովքեր չհամարձակվեցին արտահայտել իրենց մտքերը, ատյանը Կայիափայի խոսքերն ընդունեց որպես Աստծո խոսքեր: Հանգստություն իջավ խորհրդի վրա, տարաձայնությունները վերջացան: Նրանք վճռեցին մահվան մատնել Քրիստոսին առաջին իսկ հնարավորության դեպքում: Մերժելով Հիսուսի աստվածության ապացույցը’ քահանաներն ու իշխանները փակեցին իրենց անթափանցելի խավարի մեջ: Նրանք լիովին ընկան սատանայի իշխանության տակ’ շտապելով դեպի հավիտենական անդունդը: Սակայն նրանք այնպիսի մի խաբկանքի մեջ էին, որ իրենք իրենցից գոհ էին: Նրանք իրենց համարեցին հայրե- նասերներ, ովքեր մտածում են ազգի փրկության մասին: ԴՓ 661.1

Ատյանը, այնուամենայնիվ, վախեցավ հապճեպ միջոցներ ձեռք առնել Հիսուսի դեմ. չլինի՞ թե ժողովուրդը բարկանար և Նրա դեմ ծրագրված բռնությունը դեպի իրենց շրջվեր: Այս պատճառով խորհուրդը հետաձգեց իր կայացրած վճռի իրագործումը: Փրկիչը գիտեր քահանաների դավադրության մասին: Նա գիտեր, որ նրանք փափագում էին վերացնել Իրեն, և որ նրանց նպատակը շուտով պիտի իրականանար: Սակայն տեղին չէր արագացնել ճգնաժամը, և Նա հեռացավ այդ տարածքից’ Իր հետ վերցնելով աշակերտներին: Այսպիսով’ Իր անձնական օրինակով Հիսուսը կրկին հաստատեց այն խրատը, որ տվել էր աշակերտներին. «Երբ որ հալածեն ձեզ այս քաղաքում, փախե’ք ուրիշը» (Մատթեոս 10.23): Հոգիների փրկության համար աշխատելու լայն ասպարեզ կար, և քանի դեռ Նրան հավատարիմ լինելը այդ չէր պահանջում, Տիրոջ ծառաները չպետք է վտանգեին իրենց կյանքը: ԴՓ 661.2

Հիսուսն արդեն երեք տարի Իր հասարակական գործունեությունն էր ծավալում աշխարհի համար: Նրա անձնուրացության և անշահախնդիր բարեգործության օրինակը միշտ նրանց առջև էր: Բոլորին հայտնի էր չարչարանքներով լի Նրա նվիրված և մաքուր կյանքը: Այնուհանդերձ, երեք տարվա այս կարճ ժամանակամիջոցը ճիշտ այնքան էր, որքան աշխարհը կարողացավ տանել իր Փրկչի ներկայությունը: [542] ԴՓ 662.1

Նրա կյանքը լի էր հալածանքներով ու զրկանքով: Նախանձ թագավորի կողմից Բեթլեհեմից դուրս քշված, Նա- զարեթում Իր ժողովրդի կողմից մերժված և Երուսաղե- մում առանց պատճառի դատապարտված մահվան’ Հի- սուսը Իրեն հավատարիմ մի քանի հետևորդների հետ ժամանակավոր ապաստան գտավ մի օտար քաղաքում: Նա, ում միշտ հուզում էր մարդկային վիշտը, ով բուժում էր հիվանդներին, վերականգնում կույրերի տեսողությունը, խուլերի լսողությունը և համրերի խոսելու ունակությունը, ով կերակրում էր քաղցածներին և սփոփում դժբախտներին, մերժվեց մի ժողովրդի կողմից, ում Նա եկել էր փրկե- լու: Նա, ով քայլել էր փրփրադեզ ալիքների վրայով և մի խոսքով հանդարտեցրել կատաղի փոթորիկը, ով դուրս էր քշել դևերին, որոնք հեռանալով’ ճանաչել էին Նրան որպես Աստծո Որդի, ով խախտել էր մեռածի նիրհը, ով հազարավոր մարդկանց գերել էր Իր իմաստուն խոսքերով, անկարող էր շարժել նրանց սրտերը, ովքեր, կուրացած նախապաշարումներից ու ատելությունից, համառորեն մերժեցին լույսը: [543] ԴՓ 662.2