ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

58/87

Գլուխ 58. - «Ղազարո ս, դո ւրս եկ»

(Ղուկաս 10.38-42, Հովհաննես 11.1-44)

ԲԵԹԱՆԻԱՑԻ Ղազարոսը Քրիստոսի ամենանվիրված աշակերտներից մեկն էր: Նրա հավատն առ Քրիստոս ուժեղ էր առաջին իսկ հանդիպումից, նրա սերը’ խոր, և նա մեծապես սիրված էր Փրկչի կողմից: Եվ Ղազարոսի համար էր հենց կատարվել Քրիստոսի հրաշքներից մեծագույնը: Փրկիչն օրհնում էր բոլորին, ովքեր Նրա օգնության կարիքն էին զգում: Նա սիրում է մարդկային ողջ ընտանիքը, բայց ոմանց հետ Նա առանձնահատուկ քնքշությամբ է կապված: Նրա սիրտը սիրո ամուր թելերով էր կապված Բեթանիայի այդ ընտանիքի հետ, որի անդամներից մեկի համար էլ Նա գործեց Իր մեծագույն հրաշքը: ԴՓ 638.1

Հիսուսը հաճախ էր հանգստանում Ղազարոսի տանը: Նա սեփական տուն չուներ և կախված էր Իր ընկերների ու աշակերտների հյուրասիրությունից, և հաճախ, երբ հոգնում և մարդկանց հետ շփվելու կարիք էր զգում, ուրախությամբ հանգրվանում էր այս խաղաղ ընտանի- քում’ հեռու զայրացած փարիսեցիների կասկածներից ու նախանձից: Այստեղ Նրան միշտ սիրով էին ընդունում, և այս տան հետ Նրան կապում էր սուրբ և անկեղծ բարեկա- մությունը: Այստեղ Նա կարող էր խոսել պարզ և միանգամայն ազատ’ գիտենալով, որ Իր խոսքերը կհասկանան և կգնահատեն: [425] ԴՓ 638.2

Մեր Փրկիչը գնահատում էր խաղաղ տունը և հետաքրքրվող ունկնդիրներին: Նա կարոտ էր մարդկային ջերմության, քաղաքավարության և սիրո: Նրանք, ովքեր ընդունում էին երկնային դասերը, որ Նա սիրով պատրաստ էր տալ, առատորեն օրհնվում էին: Երբ մարդկանց բազ- մությունները հետևում էին Քրիստոսին բաց դաշտերում, Նա բացահայտում էր նրանց բնաշխարհի հրաշալիքները: Նա ձգտում էր բացել նրանց գիտակցության աչքերը, որպեսզի նրանք կարողանային տեսնել, թե ինչպես է Աստծո ձեռքը պահում աշխարհը: Աստծո բարությունն ու առատաձեռնությունը գնահատելու կարողություն արթնացնելու համար Նա Իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրում էր հանդարտ իջնող ցողի, անձրևի մեղմ կաթիլների և պայծառ արեգակի վրա, որը հավասարապես շողում է թե’ բարի և թե’ չար մարդկանց: Նա տենչում էր, որ մարդիկ լիովին գիտակցեն, թե որքան բարձր է Աստված գնահատում մարդկային ունակությունները, որոնք Ինքն է ստեղծել: Սակայն բազմությունները դժվար էին ըմբռնում դա, Բեթանիայի այս տանը Քրիստոսը հանգիստ էր գտնում հասարակական կյանքի հոգնեցուցիչ ընդհարումներից: Այստեղ՝ շնորհակալ լսարանի առջև Նա բացում էր Նախախնամության գիրքը: Այս առանձին զրույցներում Նա Իր ունկնդիրներին հայտնում էր այն, ինչը չէր փորձում հայտնել ամբոխին: Իր ընկերների հետ Նա կարիք չուներ առակներով խոսելու: ԴՓ 638.3

Հենց որ Քրիստոսը սկսեց տալ Իր հրաշալի դասերը, Մարիամը’ որպես մի ակնածալից և նվիրված ունկնդիր, նստեց Նրա ոտքերի մոտ: Մարթան’ կերակուր պատրաստելու հոգսերով զբաղված, գնաց Քրիստոսի մոտ’ ասելով. «Տեր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու. ուրեմն’ ասիր’ նրան, որ օգնի ինձ»: Սա Քրիստոսի Բեթանիա կատարած առաջին այցելության ժամանակ էր: Փրկիչն ու Նրա աշակերտները քիչ առաջ ոտքով դժվարին ճամփորդություն էին կատարել Երիքովից: Մարթան՝ մտահոգված նրանց հարմարության համար, իր վազվզոցի մեջ մոռացավ իր Հյուրին պատշաճ քաղաքավարություն ցուցաբերել: Հիսուսը պատասխանեց նրան մեղմ ու համբերատար խոսքով. «Մարթա’, Մարթա’, դու հոգս ես քաշում և շատ բաներով զբաղված ես£ Բայց մեկ բան է պետք. Մարիամը բարի բաժին ընտրեց, որ վեր չի առնվի նրանից”: Մարիամը լարված ուշադրությամբ կլանում էր Փրկչի շուրթերից դուրս եկող թանկարժեք խոսքերը, որոնք նրա համար ավելի թանկ էին, քան երկրի ամենա- թանկարժեք մարգարիտները: ԴՓ 639.1

«Մեկ բան», որի կարիքը Մարթան ուներ, հանդարտ, նվիրված ոգին էր, ապագային, անմահ կյանքին և հոգևոր զարգացմանը անհրաժեշտ պարգևների վերաբերյալ ավելի խոր գիտելիքների փափագը: Նա պետք է ավելի քիչ մտահոգվեր այն ամենով, ինչն անցողիկ է, և ավելի շատ’ նրանով, ինչը հավերժական է: Հիսուսը կամենում է Իր զավակներին սովորեցնել օգտվել ամեն մի հնարավորությունից’ ձեռք բերելու գիտելիքներ, որոնք իմաստուն կդարձնեն նրանց փրկության համար: Քրիստոսի գործը հոգատար, եռանդուն աշխատավորների կարիք է զգում: Գործուն կրոնական աշխատանքում ջերմեռանդ մարթա- ների համար ընդարձակ ասպարեզ կա, բայց նախ թող նրանք Մարիամի հետ միասին նստեն Քրիստոսի ոտքերի մոտ: Թող ջանասիրությունը, ճարպկությունն ու եռանդը սրբագործվեն Քրիստոսի շնորհով, այն ժամանակ կյանքը անհաղթ մի ուժ կդառնա ի բարին: [526] ԴՓ 640.1

Վիշտ էր իջել այն տանը, ուր Հիսուսը սիրում էր հանգստանալ: Ղազարոսը անսպասելիորեն հիվանդացել էր, և նրա քույրերը լուր ուղարկեցին Փրկչին’ ասելով. «Տե’ր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է”: Նրանք տեսել էին, թե ինչ սատիկ հիվանդությամբ էր տառապում իրենց եղբայրը, բայց գիտեին, որ Քրիստոսն ի զորու է բուժել ամեն տեսակի հիվանդություն: Նրանք հավատում էին, որ Նա կկարեկցի իրենց վշտի պահին, ուստի չպնդեցին, որ Նա անհապաղ գար, այլ միայն վստահության լուր ուղարկեցին. «Նա, որին դու սիրում ես, հիվանդացել է”: Նրանք մտածեցին, թե Նա անմիջապես կարձագանքեր իրենց լուրին և իրենց մոտ կշտապեր, հենց որ հասներ Բեթանիա: ԴՓ 640.2

Նրանք անհամբեր պատսխան էին սպասում Հիսու- սից: Քանի դեռ կյանքի կայծը չէր մարել իրենց եղբոր մեջ, նրանք աղոթում և սպասում էին Հիսուսի գալուն: Բայց լրաբերը վերադարձավ միայնակ: Սակայն նա լուր էր բերել. «Այդ հիվանդությունը մեռնելու համար չէ», և նրանք կառչեցին այն հույսից, որ Ղազարոսը պիտի ապրի: Նրանք քնքշորեն փորձեցին հուսադրել և քաջալերել գրեթե անգիտակից տառապյալին: Երբ Ղազարոսը մահացավ, նրանք դառնագին հուսախաբվեցին, բայց նրանք զգում էին Քրիստոսի ուժ հաղորդող շնորհը, որը հետ էր պահում նրանց Փրկչին որևէ չափով մեղադրելուց: ԴՓ 641.1

Երբ Քրիստոսը լուրը ստացավ, աշակերտներին թվաց, թե Նա սառնությամբ ընդունեց այն: Նա վշտի նշաններ ցույց չտվեց, ինչպես Նրանից սպասում էին: Հայացքը նրանց ուղղելով’ Նա ասաց. «Այդ հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար. որ Աստծո Որդին նրանով փառավորվի”: Երկու օր Նա մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր: Այս հապաղումը մի գաղտնիք էր աշակերտների համար: «Որքա՜ն կսփոփեր Նրա ներկայությունը տառապյալ ընտանիքին”,- մտածում էին նրանք: Աշակերտները լավ գիտեին, թե ինչպիսի ուժգին սիրով էր Նա կապված Բեթանիայի այդ ընտանիքի հետ, և զարմացած էին, որ Նա չարձագանքեց’ լսելով տխուր լուրը. «Նա, որին դու սիրում ես, հիվանդացել է»: ԴՓ 641.2

Թվում էր, թե այդ երկու օրվա ընթացքում Քրիստոսն արդեն մոռացել էր այդ լուրը, քանի որ Նա չէր խոսում Ղազարոսի մասին: Աշակերտները հիշեցին Հովհաննես Մկրտչին’ Հիսուսի նախակարապետին: Նրանց զարմացրել էր, թե ինչու Հիսուսը, օժտված զորավոր հրաշքներ գործելու կարողությամբ, թույլ էր տվել Հովհաննեսին տառապել բանտում և մեռնել զարհուրելի մահով: Այդպիսի զորություն ունենալով’ Քրիստոսն ինչո՞ւ չփրկեց Հովհաննեսի կյանքը: Այս հարցը հաճախ բարձրացնում էին փարիսեցիները’ ներկայացնելով այն որպես անհերքելի փաստարկ Աստծո Որդին լինելու Քրիստոսի հավակնության դեմ: Փրկիչը նախազգուշացրել էր Իր աշակերտներին փորձությունների, զրկանքների և հալածանքի վերաբերյալ: Մի՞թե Նա կլքեր նրանց փորձության մեջ: Ոմանք արդեն կասկածում էին, թե արդյոք ճի՞շտ են հասկացել Նրա առաքելությունը: Բոլորը խորապես անհանգստացած էին: [527] ԴՓ 641.3

Երկու օր սպասելուց հետո Հիսուսն ասաց աշակերտներին. «Եկե’ք դարձյալ գնանք Հրեաստան»: Աշակերտները զարմացան, թե ինչու էր Հիսուսը երկու օր սպասել, եթե պետք է Հրեաստան գնար: Բայց ամենից շատ նրանք անհանգիստ էին Քրիստոսի և հենց իրենց համար: Նրանք վտանգից բացի՝ ուրիշ ոչինչ չէին սպասում այնտեղ, ուր Նա պատրաստվում էր գնալ: «Ռաբբի’,- ասացին նրանք,- հիմա հրեաներն ուզում էին քեզ քարկոծել, և դարձյալ այնտե՞ղ ես գնում”: Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ օրը տասներկու ժամ ունի»: «Ես Իմ Հոր հսկողության տակ եմ. քանի դեռ ես կատարում եմ Նրա կամքը, Իմ կյանքն ապահով է: Իմ օրվա տասներկու ժամերը դեռ չեն վերջացել: Ես մտել եմ Իմ օրվա վերջին ժամերի մեջ, բայց քանի դեռ այն չի ավարտվել, Ես ապահով եմ»: ԴՓ 642.1

«Եթե մեկը ցերեկը ման գա,- շարունակեց Նա«- չի սահի, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է»: Նա, ով կատարում է Աստծո կամքը, ով քայլում է այն արահետով, որն Աստված է նախանշել, չի կարող սայթաքել և ընկնել: Աստծո ուղեկցող Հոգու լույսը հստակորեն ցույց է տալիս նրան իր պարտականությունը և առաջնորդում նրան ճիշտ ուղիով մինչև իր աշխատանքի ավարտը: «Իսկ եթե մեկը գիշերը ման գա, կսահի, որովհետև լույս չկա նրանում”: Նա, ով քայլում է իր ընտրած ճանապարհով, ուր Աստված նրան չի կանչել, կսայթաքի: Նրա համար ցերեկը գիշեր է դառնում, և որտեղ էլ որ նա գտնվի, ապահով չի լինի: ԴՓ 642.2

«Սրանից հետո ասաց նրանց. «Մեր Ղազարոս բարեկամը քնեց, բայց կգնամ, որ զարթնեցնեմ նրան»»: «Մեր Ղազարոս բարեկամը քնեց”: Որքա՜ն հուզիչ են այս խոսքերը, որքա՜ն լի կարեկցանքով: Մտածելով այն վտանգի մասին, որի մեջ իրենց Տերը կարող էր ընկնել’ Երուսաղեմ գնալով, աշակերտները գրեթե մոռացել էին Բեթանիայի որբացած ընտանիքի մասին: Բայց Քրիստոսը չէր մոռացել: Աշակերտները հանդիմանություն զգացին: Նրանք հուսահատվել էին, քանի որ Քրիստոսն անմիջապես չէր արձագանքել լուրին: Նրանք գայթակղվել էին մտածելու, թե Նա այնքան էլ չի սիրում Ղազարոսին և նրա քույրերին, ինչպես իրենք կարծում էին, այլապես կշտապեր վերադառնալ լրաբերի հետ: Բայց «Մեր Ղազարոս բարեկամը քնեց» խոսքը ճիշտ զգացմունքներ արթնացրեց նրանց սրտերում: Նրանք համոզվեցին, որ Քրիստոսը չի մոռացել վշտի մեջ գտնվող Իր բարեկամներին: ԴՓ 642.3

Եվ նրա աշակերտներն ասացին նրան. ««Տե’ր, թե որ քնել է, կառողջանա»: Բայց Հիսուսը նրա մահվան համար էր ասել. նրանք էլ կարծում էին, թե քուն’ քնելու համար էր ասում»: Քրիստոսն Իր հավատացող զավակներին մահը ներկայացնում է որպես քուն: Նրանց կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ, և մինչև կհնչի վերջին փողի ձայնը’ մեռնողները կննջեն Նրանում: ԴՓ 643.1

«Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասաց նրանց. «Ղազարոսը մեռավ, և ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ. բայց գնանք նրա մոտ»»: Թովմասը մահից բացի’ ուրիշ ոչինչ չէր սպասում իր Տիրոջ համար, եթե Նա Հրեաստան գնար, բայց նա սրտապնդեց իրեն և ասաց մյուս աշակերտներին. «Մենք էլ գնանք նրա հետ մեռնենք”: Նա գիտեր Քրիստոսի հանդեպ հրեաների ատելությունը: Նրանք նպատակ ունեին սպանել Նրան, բայց դա նրանց դեռ չէր հաջողվել, քանի որ Նրա ժամանակը դեռևս չէր վերջացել: Այս ընթացքում Հիսուսը երկնային հրեշտակների հսկողության տակ էր, և նույնիսկ Հրեաստանի շրջաններում, որտեղ ռաբբիները դավեր էին նյութում Նըրան բռնելու և մահվան դատապարտելու համար, Նրան ոչ մի վնաս չէր կարող հասնել: [528] ԴՓ 643.2

Աշակերտներն ապշեցին Քրիստոսի խոսքերի վրա, երբ Նա ասաց. «Ղազարոսը մեռավ: Եվ ես ուրախ եմ... որ ես այնտեղ չէի”: Մի՞թե Փրկիչն Ինքն էր կանխամտածված խուսափել Իր դժբախտ ընկերների տունը գնալուց: Թվում էր, թե Մարիամը, Մարթան և մեռնող Ղազարոսը մենակ էին մնացել: Բայց նրանք միայնակ չէին: Քրիստոսը տեսնում էր ողջ տեսարանը, և Ղազարոսի մահից հետո որբացած քույրերին պահում էր Նրա շնորհը: Հիսուսը տեսել էր նրանց փշրված սրտերի վիշտը, երբ նրանց եղբայրը մարտնչել էր ուժեղ թշնամու’ մահվան դեմ: Նա զգացել էր տառապանքի ամեն մի մորմոքը, երբ աշակերտներին ասել էր. «Ղազարոսը մեռավ»: Բայց միայն Բեթանիայի սիրելիների մասին չէ, որ Քրիստոսը պետք է մտածեր: Նա մտածում էր նաև Իր աշակերտների մասին: Նրանք պետք է Իր ներկայացուցիչները լինեին աշխարհում, որպեսզի Հոր օրհնությունը հասներ բոլորին: Հանուն նրանց էր Նա թույլ տվել, որ Ղազարոսը մեռնի: Եթե Նա առողջացներ նրան հիվանդությունից, ապա չէր կատարվի այն հրաշքը, որն Իր աստվածային էության ամենածանրակշիռ վկայությունն էր: ԴՓ 644.1

Եթե Քրիստոսը հիվանդի սենյակում լիներ, Ղազարոսը չէր մեռնի, քանի որ սատանան չէր կարող իշխանություն ունենալ նրա վրա: Կյանք Տվողի ներկայությամբ մահվան խայթը չէր խոցի Ղազարոսին: Այդ պատճառով էլ Քրիստոսը մոտ չեկավ: Նա թույլ տվեց, որ թշնամին գործադ- րի իր զորությունը, որպեսզի դուրս քշի նրան’ պարտված ոսոխին: Նա թույլ տվեց Ղազարոսին անցնել մահվան իշխանության տակ, և տառապյալ քույրերի աչքի առջև իրենց եղբայրը դրվեց գերեզմանի մեջ: Քրիստոսը գիտեր, որ իրենց մեռած եղբոր դեմքին նայելիս’ նրանց հավատը Փրկչի հանդեպ դաժան փորձության էր ենթարկվելու: Բայց Նա գիտեր, որ այն պայքարի շնորհիվ, որի միջով նրանք այժմ անցնում էին, նրանց հավատը շատ ավելի ուժգին կփայլատակեր: Նրանց սրտի ամեն կսկիծը Նա էլ էր կրել: Նրա ուշանալը չէր նշանակում, թե նրանց ավելի պակաս է սիրում: Նա գիտեր, որ նրանց, Ղազարոսի, Իր և Իր աշակերտների համար հաղթանակ է պետք: ԴՓ 644.2

«Ձեզ համար, որ դուք հավատաք ինձ”: Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են զգալ Աստծո առաջնորդող ձեռքը, մեծագույն վհատության պահը այն ժամանակն է, երբ ամենամոտն է աստվածային օգնությունը: Նրանք երախտագիտությամբ հետ կնայեն իրենց ճանապարհի ամենամութ հատվածին: «Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից” (Բ Պետրոս 2:9): Ամեն մի փորձությունից և ամեն մի նեղությունից Նա դուրս կբերի նրանց ավելի ամուր հավատով և ավելի հարուստ փորձով: [529] ԴՓ 645.1

Ղազարոսի մոտ գնալն ուշացնելով’ Քրիստոսը գթության նպատակ ուներ նրանց համար, ովքեր չէին ընդունել Իրեն: Նա հապաղեց, որպեսզի Ղազարոսին մեռելներից հարություն տալով’ Իր համառ, անհավատ ժողովրդին մեկ այլ վկայություն տար այն մասին, որ Ինքն է իրոք «հարությունը և կյանքը»: Նա չէր ցանկանում կորցնել Իր ժողովրդին’ Իսրայելի տան խեղճ ու կորած ոչխարներին փրկելու հույսը: Նրա սիրտը կտոր-կտոր էր լինում նրանց անզղջության պատճառով: Իր ողորմածությամբ Նա նպատակ ուներ ևս մեկ վկայություն տալ նրանց այն մասին, որ Ինքը Փրկիչն է’ Միակը, ով կարող է ի լույս բերել կյանքն ու անմահությունը: Սա պետք է վկայություն լիներ, որը քահանաները չէին կարողանա սխալ մեկնաբանել: Սա էր պատճառը, որ Նա հապաղեց Բեթանիա գնալ: Հրաշքների այս պսակը’ Ղազարոսի հարությունը, պետք է Աստծո կնիքը դներ Նրա գործունեության և աստվածային հեղինակության վրա: ԴՓ 645.2

Բեթանիա մեկնելու ճանապարհին Հիսուսը, Իր սովորության համաձայն, ծառայում էր հիվանդներին ու կարիքավորներին: Քաղաք հասնելուն պես’ Նա լրաբեր ուղար- կեց քույրերին’ տեղեկացնելու Իր ժամանման մասին: Քրիստոսն անմիջապես տուն չմտավ, այլ մնաց ճամփեզրի մի խաղաղ վայրում: Ցուցամոլությունը, որ դրսևորում էին հրեաներն իրենց ընկերների կամ ազգականների մահվան ժամանակ, ներդաշնակ չէր Քրիստոսի ոգուն: Նա լսեց վարձու ողբասացների լացուկոծը և չցանկացավ հանդիպել քույրերին նման աղմկոտ իրավիճակում: Սգացողների մեջ էին նաև ընտանիքի ազգականները, որոնցից մի քանիսը բարձրաստիճան պաշտոնյաներ էին Երուսա- ղեմում: Նրանցից մի քանիսը Քրիստոսի ամենաոխերիմ թշնամիներն էին: Քրիստոսը գիտեր նրանց նպատակները, ուստի Իրեն միանգամից չբացահայտեց: ԴՓ 645.3

Լուրը Մարթային հայտնեցին այնքան ցածրաձայն, որ սենյակում գտնըվողները չլսեցին: Իր վշտի մեջ խորասուզված’ Մարիամը չլսեց խոսքերը: Անմիջապես վեր կենալով’ Մարթան դուրս գնաց Իր Տիրոջը դիմավորելու, իսկ Մարիամը, մտածելով, թե նա գնաց այնտեղ, որտեղ Ղազարոսն էր թաղված, լուռ նստած մնաց իր վշտի մեջ’ առանց աղաղակ բարձրացնելու: ԴՓ 646.1

Մարթան շտապեց դիմավորել Հիսուսին. նրա սիրտը թրթռում էր հակասական հուզումներից: Նրա արտահայտիչ դեմքի վրա Մարթան կարդաց նույն գորովանքն ու սերը, որ միշտ տեսել էր: Մարթայի վստահությունը Նրա նկատմամբ անխախտ էր մնացել, բայց նա մտածում էր իր շատ սիրելի եղբոր մասին, ում Հիսուսը նունպես սիրում էր: Սրտի խոր ցավով, որ Քրիստոսն ավելի շուտ չէր եկել, բայց և հույսով, որ նույնիսկ հիմա էլ Նա մի բան կանի իրենց մխիթարելու համար, Մարթան ասաց. «Տե’ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»: Ողբասացների աղմուկի մեջ քույրերը քանի՜-քանի՜ անգամ էին կրկնել այս խոսքերը: [530] ԴՓ 646.2

Մարդկային և աստվածային գթասրտությամբ Հիսուսը նայեց նրա վշտահար, ցավատանջ դեմքին: Մարթան հակված չէր վերհիշելու անցյալը, ամեն ինչ արտահայտ- ված էր նրա սրտաճմլիկ խոսքերի մեջ. «Տե’ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»: Սակայն, նայելով Նրա սիրալիր դեմքին, Մարթան ավելացրեց. «Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ»: ԴՓ 646.3

Հիսուսը քաջալերեց նրա հավատը՝ ասելով. «Քո եղբայրը հարություն կառնի»: Նրա պատասխանը նպատակ չուներ անհապաղ փոփոխության հույս ներշնչելու: Նա Մար- թայի խոհերը շեղեց այդ պահին իր եղբոր կենդանացման մտքից՝ ուղղելով դեպի արդարների հարությունը: Նա այսպես վարվեց, որպեսզի Մարթան Ղազարոսի հարության մեջ տեսներ բոլոր արդար մեռյալների հարության գրավականը և այն հավաստիքը, որ դա իրագործվելու է Փրկչի զորությամբ: ԴՓ 647.1

Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարություն կառնի հարությունում’ վերջին օրը”: ԴՓ 647.2

Դարձյալ ձգտելով ճիշտ ուղղություն տալ նրա հավատին’ Հիսուսը հայտարարեց. «Ես եմ հարությունը և կյանքը»: Քրիստոսի մեջ է կյանքը’ նախասկզբնական, անփո- խառյալ և անածանցյալ’ «Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի» (Ա Հովհաննես 5:12): Քրիստոսի աստվածությունը հավիտենական կյանքի երաշխիքն է հավատացյալի հա- մար: «Ինձ հավատացողը,- ասաց Հիսուսը,- թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի, հավատո՞ւմ ես սրան”: Քրիստոսն այստեղ նայում է առաջ’ դեպի Իր երկրորդ գալստյան ժամանակը, երբ արդար մեռյալներն անապական հարություն կառնեն, իսկ ապրող արդարները երկինք կփոխադրվեն’ առանց մահ տեսնելու: Հրաշքը, որ Քրիստոսը պատրաստվում էր գործել’ Ղազարոսին մեռելներից հարություն տալով, պետք է ներկայացներ բոլոր արդար մեռյալների հարությունը: Իր խոսքով և Իր գործերով Նա իրեն հարության Հեղինակ հռչակեց: Նա, ով Ինքն էլ շուտով պիտի մեռներ խաչի վրա, կանգնած էր մահվան բանալիները ձեռքին’ պատրաստ խորտակելու գերեզմանը և հաստատելու հավիտենական կյանք պարգևելու Իր իրավունքն ու զորությունը: ԴՓ 647.3

Փրկչի խոսքերին’ «Հավատո՞ւմ ես սրան”, Մարթան արձագանքեց. «Այո’, Տե’ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ պետք է աշխարհ գայիր”: Նա լիովին չըմբռնեց Քրիստոսի խոսքերի ողջ նշանակությունը, բայց նա խոստովանեց իր հավատը Նրա աստվածությանը և իր վստահությունը, որ Նա ի զորու է անելու ինչ որ կամենա: ԴՓ 648.1

«Եվ երբ որ այս ասաց, գնաց թաքուն կանչեց իր քույր Մարիամին և ասաց. «Վարդապետը եկել է և կանչում է քեզ»»: Նա, որքան հնարավոր է, ցածրաձայն հայտնեց իր լուրը, որովհետև քահանաներն ու իշխանավորները պատրաստ էին ձերբակալել Հիսուսին հարմար առիթի դեպքում: Ողբասացների աղաղակների մեջ նրա խոսքերը չլսվեցին: [531] ԴՓ 648.2

Լուրը լսելուն պես’ Մարիամը արագորեն վեր կացավ և դեմքի անհամբեր արտահայտությամբ դուրս եկավ սենյակից: Կարծելով, թե նա գերեզմանն է գնում լաց լինելու, ողբասացները հետևեցին նրան: Հասնելով այնտեղ, որտեղ Հիսուսը սպասում էր, նա ծնկի իջավ Նրա ոտքերի առջև և դողդոջուն շուրթերով ասաց. «Տե’ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»: Ողբասացների լացը ցավ էր պատճառում նրան, քանի որ նա փափագում էր առանձին մի քանի խաղաղ խոսք լսել Հիսուսից: Բայց նա գիտեր, որ ներկաների մեջ մի քանիսն իրենց սրտում խանդ ու նախանձ էին տածում Քրիստոսի հանդեպ, ուստի զսպեց իրեն’ լիովին չարտահայտելով իր վիշտը: ԴՓ 648.3

«Հիսուսն էլ, երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, և նրա հետ եկած հրեաներն էլ, որ լաց էին լինում, իր հոգով խռովվեց և հուզվեց”: Նա կարդաց բոլոր հավաքվածների սրտերը: Նա տեսավ, որ շատերը ցուցադրում են իրենց վիշտը միայն շինծու կերպով: Նա գիտեր, որ հավաքվածների մեջ մի քանիսը, ովքեր իրենց վշտացած էին ձևաց- նում, շուտով ծրագրելու էին ոչ միայն հզոր հրաշագործի, այլ նաև նրա սպանությունը, ով պետք է հարություն առներ մեռյալներից: Քրիստոսը կարող էր ցած նետել նրանց վրայից շինծու վշտի հանդերձանքը, բայց Նա զսպեց Իր արդարացի վրդովմունքը: Նա չասաց այն խոսքերը, որ կարող էր ողջ ճշմարտությամբ ասել, այն սիրելի անձնավորության պատճառով, ով վշտացած ծնկի էր իջել Իր առջև, և ով ճշմարտապես հավատում էր Իրեն: ԴՓ 648.4

«Ու՞ր դրիք նրան”,- հարցրեց Նա: Նրան ասացին. «Տե’ր, ե’կ և տե’ս”: Նրանք միասին ճանապարհ ընկան դեպի գերեզմանը: Դա մի ողբալի տեսարան էր: Ղազարոսին շատերն էին սիրում, նրա քույրերը լալիս էին նրա համար վշտաբեկ սրտով, և նրանք, ովքեր նրա ընկերներն էին, իրենց արցունքները խառնում էին ողբացող քույրերի արցունքներին: Մարդկային այս դժբախտությունը տեսնելով, ինչպես նաև այն փաստը, որ վշտահար ընկերները կարող էին սգալ մահացածի վրա, մինչդեռ աշխարհի Փրկիչը կանգնած էր նրանց կողքին, «Հիսուսն արտասվեց”: Թեև Նա Աստծո Որդին էր, սակայն մարդկային բնություն էր վերցրել Իր վրա, և մարդկային վիշտը խորապես հուզեց Նրան: Նրա բարի, գթառատ սիրտը միշտ պատրաստ է կարեկցելու տառապյալներին: Նա լալիս է լացողների հետ և ուրախանում ուրախացողների հետ: ԴՓ 649.1

Սակայն Հիսուսն արտասվեց ոչ միայն Մարիամի ու Մարթայի նկատմամբ Իր կարեկցանքից: Նրա արցունքների մեջ կար մի վիշտ, որն այնքան վեր էր մարդկային վշտից, որքան երկինքն է վեր երկրից: Քրիստոսը չարտասվեց Ղազարոսի համար, որովհետև Նա պատրաստվում էր դուրս կանչել նրան գերեզմանից: Նա արտասվեց, որովհետև շատերը, ովքեր այժմ սգում էին Ղազարոսի համար, շուտով պետք է ծրագրեին Նրա մահը, ով հարությունն էր և կյանքը: Սակայն որքա՜ն անընդունակ էին անհավատ հրեաները ճիշտ հասկանալ Նրա արտասուքները: Ոմանք, ովքեր Նրա վշտի հիմքում չէին կարող տեսնել ավելին, քան շրջապատող իրողության արտաքին հանգամանքները, մեղմորեն ասացին. «Տե’ս, ինչպե՜ս էր սիրում նրան”: Մյուսները, ձգտելով անհավատության սերմեր գցել ներկաների սրտերը, ծաղրելով ասացին. «Մի՞թե սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող անել, որ սա էլ չմեռներ”: Եթե Քրիստոսը զորություն ուներ Ղազարոսին փրկելու, ինչո՞ւ այդ դեպքում թույլ տվեց, որ նա մեռնի: [534] ԴՓ 649.2

Մարգարեական հայացքով Քրիստոսը տեսավ փարիսեցիների և սադուկեցիների թշնամությունը: Նա գիտեր, որ նրանք կանխամտածում էին Իրեն մահվան մատնել: Նա գիտեր, որ ձևական ցավակցողներից ոմանք շուտով պիտի իրենց առջև փակեին հույսի դուռը և Աստծո քաղաքի դարպասները: Շուտով տեղի էր ունենալու Իր նվաստացման և խաչելության իրադարձությունը, որի հետևանքը պիտի լիներ Երուսաղեմի կործանումը, և այն ժամանակ ոչ ոք չէր ողբալու մեռածների վրա: Երուսաղեմին սպասվող արժանի պատիժը հստակորեն պատկերվեց Նրա առջև: Նա տեսավ Երուսաղեմը՝ շրջապատված հռոմեական լեգեոններով: Նա գիտեր, որ այժմ Ղազարոսի համար սգացողներից շատերը պիտի մեռնեին քաղաքի պաշարման ժամանակ, և նրանք մեռնելու էին առանց որևէ հույսի: ԴՓ 650.1

Քրիստոսի արտասվելու պատճառը Նրա առջև պատկերված տեսարանը չէր միայն: Դարերի վիշտն էր ծանրացած Նրա վրա: Նա տեսավ Աստծո օրենքի ոտնահարման սոսկալի հետևանքները: Նա տեսավ, որ աշխարհի պատմության մեջ, Հաբելի մահից ի վեր, չարի և բարու միջև ընթացող պայքարը դադար չէր ունենալու: Նայելով գալիք տարիներին’ Նա տեսնում էր, որ մարդկանց բաժինը պիտի միայն վիշտ ու տառապանք, արտասուք ու մահ լիներ: Բոլոր դարերում և բոլոր երկրներում ապրող մարդկային ընտանիքի ցավը խոցում էր Նրա սիրտը: Մեղավոր ցեղի ողբը ճնշում էր Նրա հոգին, և արցունքները թափվում էին Նրա աչքերից, երբ Նա տենչում էր ազատել նրանց բոլոր նեղություններից: ԴՓ 650.2

«Եվ Հիսուսը դարձյալ խռովված եկավ գերեզման”: Ղազարոսին դրել էին մի ժայռի քարայրում, որի մուտքը փակված էր վիթխարի քարով: «Այս քարը վե’ր առեք»,- ասաց Քրիստոսը: Կարծելով, թե Նա ցանկանում է միայն տեսնել մեռածին’ Մարթան առարկեց’ ասելով, որ արդեն չորս օր է անցել մարմինը թաղելուց հետո, և արդեն քայքայումը սկսվել է: Ղազարոսին հարություն տալուց առաջ արված այս հայտարարությունը Քրիստոսի թշնամիներին տեղ չթողեց ասելու, որ խաբեություն է կատարվել: Անցյալում փարիսեցիները կեղծ հայտարարություններ էին տարածել Աստծո զորության ամենահրաշալի դրսևորումների վերաբերյալ: Կյանքի կոչելով Հայրոսի աղջկան’ Քրիստոսն ասել էր. «Երեխան մեռած չէ, այլ քնած է” (Մարկոս 5:39): Քանի որ աղջիկը կարճ ժամանակով էր հիվանդ եղել և մահից անմիջապես հետո էր հարություն առել, փարիսեցիները հայտարարել էին, թե երեխան մահացած չի եղել, որ Քրիստոսն Ինքն է ասել, թե երեխան միայն քնած է: Նրանք փորձել էին կարծիք ստեղծել, թե Քրիստոսը չի կարողանում հիվանդություն բուժել, և Նրա հրաշքներն անազնիվ խաղեր են: Բայց այս դեպքում ոչ ոք չէր կարող ժխտել, որ Ղազարոսը մեռած էր: [535] ԴՓ 651.1

Երբ Տերը պատրաստվում է մի գործ անել, սատանան ինչ-որ մեկին դրդում է հակառակվել: «Այս քարը վե’ր առեք»,- ասաց Քրիստոսը: «Որքան հնարավոր է, ճանապարհ բացեք Իմ աշխատանքի համար”: Սակայն Մար- թայի ինքնավստահ, հպարտ խառնվածքն իրեն մատնեց: Նա չէր ցանկանում, որ ի տես հանվի քայքայվող մարմինը: Մարդկային սիրտը դանդաղ է հասկանում Քրիստոսի խոսքերը, և Մարթայի հավատը չէր ըմբռնել Նրա խոստման ճշմարիտ իմաստը: ԴՓ 651.2

Քրիստոսը հանդիմանեց Մարթային, սակայն Նրա խոսքերն ասվեցին ծայրահեղ մեղմությամբ: «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»: «Ինչո՞ւ պետք է դու կասկածես Իմ զորության վրա: Ինչո՞ւ Իմ պա- հանջներին հակառակ ես դատում: Դու ունես Իմ խոսքը: Եթե կամենաս հավատալ, դու կտեսնես Աստծո փառքը”: Բնական անհնարին բաները չեն կարող կասեցնել Ամենակարողի գործը: Կասկածամտությունն ու անհավատությունը հեզություն չեն: Քրիստոսի խոսքին անվերապահորեն հավատալն է ճշմարիտ հեզությունը և ճշմարիտ անձնուրացությունը: ԴՓ 651.3

«Այս քարը վե’ր առեք»: Քրիստոսը կարող էր հրամայել քարին մի կողմ շարժվել, և այն կհնազանդվեր Նրա ձայնին: Նա կարող էր Իր կողքին գտնվող հրեշտակներին պատվիրել այդ անել: Նրա պատվերով անտեսանելի ձեռքերը մի կողմ կտանեին քարը: Բայց այն պետք է մարդկային ձեռքերով գլորվեր: Քրիստոսն այսպիսով կամենում էր ցույց տալ, որ մարդկային ուժը պետք է համագործակցի աստվածայինի հետ: Աստվածային զորությունը կոչված չէ անելու այն, ինչ կարող է մարդկային զորությունը: Աստված չի հրաժարվում մարդու օգնությունից: Նա ուժեղացնում է նրան’ համագործակցելով նրա հետ նրան տրված կարողություններն ու ունակությունները գործի դնելու ընթացքում: ԴՓ 652.1

Հրամանը կատարվում է: Քարը մի կողմ է տարվում: Ամեն ինչ արվում է բացահայտ և մտածված կերպով: Բոլորին հնարավորություն է տրվում տեսնելու, որ ոչ մի խաբեություն չկա: Ժայռե գերեզմանում դրված է Ղազարոսի մարմինը’ մահվան սառնության ու լռության մեջ: Սգացողների լացուկոծը դադարել է: Գերեզմանի շուրջը հավաքված բազմությունը, զարմացած և շունչը պահած, սպասում է, որ տեսնի, թե ինչ է լինելու: ԴՓ 652.2

Քրիստոսը հանդարտ կանգնում է գերեզմանի դիմաց: Սրբազան հանդիսավորություն է իջել բոլոր ներկաների վրա: Քրիստոսը մոտենում է դամբարանին: Աչքերը դեպի երկինք բարձրացնելով’ Նա ասում է. «Հա’յր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր»: Շատ չէր անցել այն դեպքից, երբ Քրիստոսի թշնամիները մեղադրել էին Նրան հայհոյության մեջ և պատրաստվել քարկոծելու Նրան այն պատճառով, որ Իրեն Աստծո Որդի էր հռչակել: Նրանք մեղադրել էին Նրան սատանայի զորությամբ հրաշքներ գործելու մեջ: Բայց այստեղ Քրիստոսը Աստծուն Իրեն Հայր է կոչում և կատարյալ վստահությամբ հայտարարում, որ Ինքն Աստծո Որդին է: [536] ԴՓ 652.3

Քրիստոսն Իր բոլոր քայլերում համագործակցում էր Հոր հետ: Նա միշտ զգուշությամբ վկայել էր, որ Ինքն ինքնուրույն չի աշխատում: Հավատով և աղոթքով էր Նա գործում Իր հրաշքները: Քրիստոսը ցանկանում էր, որ բոլորն իմանային Հոր հետ ունեցած Իր կապի մասին: «Հա’յր,- ասաց Նա,- գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր: Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս ժողովրդի համար ասացի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»: Այստեղ աշակերտներին ու ժողովրդին պիտի տրվեր Քրիստոսի և Աստծո միջև գոյություն ունեցող կապի ամենահամոզիչ վկայությունը: Նրանց պետք է ցույց տրվեր, որ Քրիստոսի հայտարարությունը խաբեություն չէ: ԴՓ 653.1

«Եվ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց’ Ղազարո’ս, դո’ւրս եկ»: Նրա ջինջ ու սրաթափանց ձայնը հասնում է մեռածի ականջներին: Մինչ Նա խոսում է, աստվածությունը փայլատակում է մարդկային կերպարանքի միջից: Աստծո փառքով լուսավորված Նրա դեմքին մարդիկ տեսնում են Նրա զորության երաշխիքը: Բոլորի աչքերը գամված են քարայրի մուտքին: Բոլորի ականջները սպասում են’ որսալու ամենաթույլ ձայնը: Լարված ու ցավոտ հետաքրքրությամբ բոլորը սպասում են Քրիստոսի աստվածության քննությանը, վկայությանը, որ պիտի հաստատի Աստծո Որդին լինելու Նրա հավակնությունը կամ խորտակի հույսն առհավետ: ԴՓ 653.2

Լուռ գերեզմանում ինչ-որ շարժում է կատարվում, և նա, ով մեռած էր, կանգնում է գերեզմանի դռան առջև: Պատանը, որով նա փաթաթված էր եղել գերեզմանում, խանգարում էր նրա շարժումներին, և Քրիստոսն ասում է զարմանքից քարացած ականատեսներին. «Արձակեցե՜ք դրան և թողե՜ք գնա»: Նրանց կրկին ցույց է տրվում, որ մարդը պետք է համագործակցի Աստծո հետ: Մարդկությունը պետք է աշխատի մարդկության համար: Ղազարոսն ազատ է արձակվում և կանգնում հավաքվածների առջև’ ոչ թե որպես մեկը’ հիվանդությունից հյուծված, թույլ ու երերուն ոտքերով, այլ որպես մարդ’ իր ուժերի ծաղկման շրջանում և բարեկազմ, հասուն մարդուն վայել կորովով: Նրա աչքերը փայլում են խելամտությամբ և իր Փրկչի հանդեպ ունեցած սիրով: Նա երկրպագում է’ Իրեն գցելով Հիսուսի ոտքերի առջև: ԴՓ 653.3

Ականատեսները սկզբում զարմանքից պապանձվում են: Այնուհետև ցնծության և գոհության աննկարագրելի տեսարան է բացվում: Քույրերը որպես Աստծո պարգև են ընդունում կյանքի կոչված իրենց եղբորը և ուրախության արցունքներով կցկտուր իրենց գոհությունն են հայտնում Փրկչին: Բայց մինչ եղբայրը, քույրերն ու բարեկամները հրճվում են կրկին միասին լինելու համար, Հիսուսը հեռանում է այդ վայրից: Երբ նրանք փնտրում են Կյանք տվողին, չեն կարողանում գտնել Նրան: [537] ԴՓ 654.1