ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

56/87

Գլուխ 56. - Երեխաների օրհնությունը

(Մատթեոս 19.13-15, Մարկոս 10.13-16, Ղուկաս 18.15-17)

ՀԻՍՈՒՍԸ շատ էր սիրում երեխաներին: Նա ընդունում էր նրանց մանկական մտերմությունը և պարզ, անկեղծ սերը: Նրանց շուրթերից հնչող գովասանքն ու փառաբանությունն ասես երաժշտություն լինեին Նրա համար, որ զվարթացնում էր Նրա հոգին, երբ ճնշված էր լինում նենգ ու կեղծավոր մարդկանց հետ շփումից: Ուր էլ գնար Փրկիչը, Նրա դեմքի բարությունը և ջերմ, քնքուշ վերաբերմունքը գրավում էին երեխաների սերն ու վստահությունը: ԴՓ 624.1

Հրեաների մեջ սովորություն կար երեխաներին բերել մի որևէ վարդապետի մոտ, որպեսզի նա օրհնելու համար ձեռքերը նրանց վրա դներ: Բայց Փրկչի աշակերտները կարծեցին, թե Նրա աշխատանքը չափազանց կարևոր էր, որպեսզի ընդհատվեր այդ ձևով: Երբ մայրերը մոտեցան Նրան իրենց փոքրիկների հետ, աշակերտները դժգոհութ- յամբ նայեցին նրանց: Մտածելով, որ այս երեխաները դեռ շատ փոքր են Նրանից որևէ օգուտ ստանալու համար’ նրանք եզրակացրին, թե նրանց ներկայությունը հաճելի չի լինի Հիսուսին: Բայց իրականում հենց աշակերտները դժգոհություն պատճառեցին Նրան: Փրկիչը հասկացավ մայրերի անհանգստությունն ու հոգատարությունը, ովքեր ուզում էին դաստիարակել իրենց փոքրիկներին Աստծո խոսքի համաձայն: Նա լսել էր նրանց աղոթքները: Նա Ինքն էր քաշել նրանց Իր մոտ: ԴՓ 624.2

Մի մայր իր երեխայի հետ դուրս էր եկել տնից’ գտնելու Հիսուսին: Ճանապարհին նա պատմեց իր հարևանուհուն, թե ում է փնտրում, և նրա հարևանուհին նույնպես ցանկացավ, որ Հիսուսն օրհնի իր երեխաներին: Այս- պես մի քանի մայրեր հավաքվեցին իրենց փոքրիկների հետ: Երեխաներից ոմանք արդեն մանկությունից անցել էին պատանեկության շրջանը: Երբ մայրերը հայտնեցին իրենց ցանկությունը, Հիսուսը կարեկցանքով լսեց նրանց երկչոտ, լացակումած խնդրանքը: Բայց Նա սպասեց, որ տեսնի, թե ինչպես կվարվեն աշակերտները: Երբ տեսավ, որ նրանք թույլ չեն տալիս մայրերին մոտենալ’ ցանկանալով հաճո լինել Իրեն, Նա մատնանշեց նրանց սխալը’ ասելով. «Թողե’ք այդ երեխաներին և նրանց մի’ արգելեք ինձ մոտ գալ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը”: Նա Իր գիրկն առավ երեխաներին, Իր ձեռքերը դրեց նրանց վրա և տվեց նրանց այն օրհնությունը, որի համար եկել էին: [512] ԴՓ 624.3

Մայրերը մխիթարված էին: Նրանք իրենց տները վերադարձան հուսադրված և օրհնված Քրիստոսի խոսքերով: Նրանք քաջալերված էին, պատրաստ նոր ուժերով կրելու իրենց բեռը և հույսով աշխատելու իրենց երեխաների համար: Այսօրվա մայրերը նույնպիսի հավատով պետք է ընդունեն Նրա խոսքերը: Քրիստոսն այսօր էլ նույն Փրկիչն է, ինչպես այն ժամանակ, երբ ապրում էր մարդկանց մեջ: Նա այսօր էլ մայրերի նույն օգնականն է, ինչ որ այն ժամանակ, երբ Իր գիրկն էր առել փոքրիկներին Հրեաս- տանում: Մեր երեխաներն այսօր նույնքան փրկագնված են Նրա արյունով, որքան մանուկներն այն հեռավոր անց- յալում: ԴՓ 625.1

Հիսուսը գիտի յուրաքանչյուր մոր հոգսը: Նա, ում մայրը պայքարում էր աղքատության ու զրկանքների դեմ, կարեկցում էր ամեն մի մոր: Նա, ով երկար ճանապարհ կտրեց՝ թեթևացնելու քանանացի կնոջ դառը վիշտը, նույնը կանի նաև այսօրվա մայրերի համար: Նա, ով նային- ցի որբևայրուն վերադարձրեց իր միակ որդուն, ով խաչի վրա’ հոգեվարքի մեջ, հիշեց Իր մորը, ցավում է այսօր’ տեսնելով մայրերի վիշտը: Ամեն մի վշտի և ամեն մի կարիքի մեջ Նա կսփոփի և կօգնի: ԴՓ 625.2

Թող մայրերն իրենց բոլոր հոգսերով Հիսուսի մոտ գան: Նրանք բավարար շնորհ կգտնեն, որը կօգնի նրանց դաստիարակելու իրենց երեխաներին: Դռները բաց են յուրաքանչյուր մոր համար, ով իր բոլոր հոգսերը կբերի Փրկչի ոտքերի մոտ: Նա, ով ասաց. «Թողե’ք այդ երեխաներին և նրանց մի’ արգելեք ինձ մոտ գալ», այսօր էլ կոչ է անում մայրերին Իր մոտ բերել իրենց փոքրիկներին՝ օրհնության համար: Նույնիսկ մանկիկն իր մոր գրկում կարող է աղոթող մոր հավատով բնակվել Ամենակարողի շուքի տակ: Հովհաննես Մկրտիչն ի ծնե լցված էր Սուրբ Հոգով: Եթե մենք անընդհատ շփման մեջ լինենք Աստծո հետ, մենք նույնպես կարող ենք ակնկալել, որ աստվածային Հոգին կձևավորի մեր երեխաների բնավորությունը նրանց կյանքի առաջին օրերից: ԴՓ 626.1

Իր մոտ բերված երեխաների մեջ Հիսուսը տեսավ տղամարդկանց և կանանց, ովքեր պիտի լինեն Իր շնորհի ժառանգորդներն ու Իր արքայության հպատակները, և նրանցից ոմանք նույնիսկ պիտի նահատակվեին Իր անվան համար: Նա գիտեր, որ այդ երեխաներն ավելի պատրաստակամորեն կլսեն և կընդունեն Իրեն որպես իրենց Փրկչի, քան թե չափահաս մարդիկ, որոնցից շատերը կարծրասիրտ են և տարված աշխարհիկ իմաստությամբ: Խրատելով փոքրիկներին’ Նա իջավ նրանց մակարդակին: Նա’ երկնքի Պայծառափայլությունը, Իր արժանապատվությունից ցած չհամարեց պատասխանել նրանց հարցերին և պարզեցնել Իր խորիմաստ դասերը, որպեսզի դրանք մատչելի լինեն մանկական հասկացողությա- նը: Նա ճշմարտության սերմեր ցանեց նրանց սրտերում, որոնք հետագայում պիտի աճեին և պտուղ բերեին հավիտենական կյանքի համար: [513] ԴՓ 626.2

Այսօր էլ ճշմարտացի է այն փաստը, որ երեխաներն ամենազգայունն են ավետարանի ուսմունքի հանդեպ: Նրանց սրտերը բաց են աստվածային ներգործության համար և ուժեղ՝ մտապահելու յուրացրած դասերը: Փոք- րիկները կարող են քրիստոնյաներ լինել’ իրենց տարիքի փորձառությանը համապատասխան: Նրանց հոգևոր դաստիարակություն է անհրաժեշտ, և ծնողները պետք է ստեղծեն ամեն մի հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան կերտել իրենց բնավորությունը Քրիստոսի բնավորության նմանությամբ: ԴՓ 626.3

Հայրերն ու մայրերը պետք է նայեն իրենց երեխաներին որպես Տիրոջ ընտանիքի կրտսեր անդամների’ հանձնված իրենց’ դաստիարակելու երկնքի համար: Այն դասերը, որ մենք ինքներս ենք սովորում Քրիստոսից, պետք է փոխանցենք մեր երեխաներին այնքանով, որքանով կարող է ընկալել նրանց մանկական միտքը’ քիչ-քիչ հայտնելով նրանց երկնքի սկզբունքների գեղեցկությունը: Այդպես քրիստոնեական տունը դառնում է դպրոց, որտեղ ծնողները ծառայում են որպես կրտսեր դաստիարակներ, իսկ ավագ դաստիարակը Ինքը’ Քրիստոսն է: ԴՓ 627.1

Աշխատելով մեր երեխաների վերափոխման համար’ մենք չպետք է կարծենք, թե նրանց կրքոտ հույզերը մեղքի գիտակցության էական ապացույց են: Ոչ էլ հարկ կա իմանալու նրանց վերափոխման ճշգրիտ ժամանակը: Մենք պետք է սովորեցնենք նրանց Հիսուսին խոստովանելու իրենց մեղքերը, Նրանից ներողություն խնդրելու և հավատալու, որ Նա ներում և ընդունում է իրենց, ինչպես ընդունեց երեխաներին, երբ անձամբ դեռ երկրի վրա էր: Երբ մայրը խրատում է իր երեխաներին սիրով ենթարկվել իրեն, նա, ըստ էության, սովորեցնում է նրանց քրիստոնեական կյանքի առաջին դասերը: Մոր սերը երեխային ներկայացնում է Քրիստոսի սերը, և այն փոքրիկները, ովքեր վստահում և ենթարկվում են իրենց մորը, սովորում են հավատալ և հնազանդվել իրենց Փրկչին: ԴՓ 627.2

Հիսուսը օրինակ էր ինչպես երեխաների,այնպես էլ’ հայրերի համար: Նա խոսում էր իշխանություն ունեցողի պես, և Նրա խոսքը զորությամբ էր հնչում, սակայն շփվելով կոպիտ և ամբարտավան մարդկանց հետ’ Նա երբեք ոչ մի տգեղ կամ անքաղաքավարի արտահայտություն չէր անում: Սրտում բնակվող Քրիստոսի շնորհը մարդուն կօժտի երկնածին արժանապատվությամբ և պատշաճության զգացողությամբ: Այն կմեղմացնի խստությունը և կսաստի կոպտությունն ու անգթությունը: Այն կդրդի հայրերին ու մայրերին վերաբերվել իրենց երեխաների հետ այնպես, ինչպես գիտակից էակների հետ, ինչպես նրանք կցանկանային, որ իրենց հետ վարվեն: [516] ԴՓ 627.3

Ծնողնե՜ր, դաստիարակելով ձեր երեխաներին’ սովորեցրեք նրանց այն դասերը, որ Աստված տվել է բնության մեջ: Դուք ինչպե՞ս կաճեցնեիք մեխակը, վարդը կամ շուշանը: Հարցրե՜ք պարտիզպանին, թե ինչպես է նա անում, որ ամեն մի ցողուն ու տերև այդքան գեղեցիկ ծաղկում է, աճում համաչափ ու նրբագեղ: Նա կպատմի ձեզ, որ դա չի արվում կոպիտ հպումով կամ բռնի ուժով, քանի որ այդպես միայն կկոտրվեն նուրբ ծաղկակոթերը: Մշտական ջերմ հոգատարություն է անհրաժեշտ: Նա փխրեցնում է հողը, աճող բույսերը պաշտպանում խստաշունչ քամիներից ու այրող արեգակից, իսկ Աստված ծաղկեցնում և աճեցնում է դրանք իրենց սքանչելի գեղեցկությամբ: Եթե ուզում եք ճիշտ դաստիարակել ձեր երեխաներին, հետ- ևե՜ք պարտիզպանի օրինակին: Քնքուշ վարմունքով ու սիրալիր խնամքով ձգտե՜ք կերտել նրանց բնավորությունը Քրիստոսի բնավորության նմանությամբ: ԴՓ 628.1

Խրախուսե՜ք Աստծո և մարդկանց հանդեպ սիրո դրսևորումները: Ի՞նչն է պատճառը, որ աշխարհում այդքան շատ են անսիրտ տղամարդիկ և կանայք: Այդ նրանից է, որ ճշմարիտ սերը թուլություն է համարվում և ամեն կերպ ճնշվում է: Այս մարդկանց լավագույն հատկանիշները խեղդվել են դեռ մանուկ հասակում, և եթե աստվածային սիրո լույսը չհալեցնի նրանց սառը եսասիրությունը, նրանք ընդմիշտ կկորցնեն իրենց երջանկությունը: Եթե կամենում ենք, որ մեր երեխաներն ունենան Հիսու- սի քնքուշ բնավորությունը և այն ջերմ կարեկցանքը, որ հրեշտակները տածում են մեր հանդեպ, պետք է խրախուսենք մանկական ազնիվ, սիրալիր մղումները: ԴՓ 628.2

Երեխաներին սովորեցրե՜ք բնության մեջ տեսնել Քրիստոսին: Վերցրե՜ք նրանց ձեզ հետ բնության գիրկը, տարե՜ք այգիները, ցո՜ւյց տվեք վեհասքանչ ծառերը և արարչության բոլոր հրաշքների մեջ սովորեցրե՜ք տեսնել Նրա սիրո դրսևորումը: Սովորեցրե՜ք նրանց, որ Նա օրենքներ է սահմանել, որոնք կառավարում են ողջ բուսական և կենդանական աշխարհը, որ Նա մեզ էլ է օրենքներ տվել, և որ այդ օրենքները մեր երջանկության համար են: Մի՜ ձանձրացրեք նրանց երկար աղոթքներով ու հոգնեցուցիչ հորդորներով, այլ բնության ակնառու դասերի միջոցով սովորեցրե՜ք նրանց հնազանդվել Աստծո օրենքին: [517] ԴՓ 629.1

Եթե դուք’ որպես Քրիստոսի հետևորդներ, շահեք նրանց վստահությունը, այն ժամանակ հեշտ կլինի սովորեցնել նրանց այն մեծ սերը, որով Նա սիրել է մեզ: Երբ դուք փորձեք բացատրել փրկության ճշմարտությունները և երեխաներին ցույց տաք Քրիստոսին’ որպես իրենց անձնական Փրկչի, հրեշտակները ձեր կողքին կլինեն: Տերը շնորհ կտա հայրերին ու մայրերին, որ նրանք կարողանան հետաքրքրություն արթնացնել իրենց փոքրիկների մեջ դեպի Բեթլեհեմի Մանկան հրաշալի պատմությունը և սովորեցնել, որ Նա է աշխարհի միակ հույսը: Երբ Հիսուսն աշակերտներին ասաց, որ չարգելեն երեխաներին Իր մոտ գալ, Նա դիմում էր բոլոր դարերի Իր հետևորդներին’ եկեղեցու ղեկավարներին, ծառայողներին, սպասավորներին և բոլոր քրիստոնյաներին: Հիսուսը ձգում է երեխաներին Իր մոտ, իսկ մեզ պատվիրում է. «Թողե՜ք նրանց գալ”, ասես ուզում է ասել. «Նրանք կգան, եթե դուք չարգելեք”: ԴՓ 629.2

Թող ձեր ոչ քրիստոսանման բնավորությունը կեղծ լույսի տակ չներկայացնի Հիսուսին: Ձեր սառնությամբ ու կոպտությամբ մի՜ վանեք փոքրիկներին Նրանից: Երբեք առիթ մի՜ տվեք նրանց մտածելու, որ երկինքը հաճելի տեղ չի լինի նրանց համար, եթե դուք այնտեղ լինեք: Կրոնը մի’ ներկայացրեք որպես այնպիսի մի բան, որ երեխաները չեն կարող հասկանալ: Այնպես արեք, որ նրանք դեռ վաղ մանկությունից ընդունեն Քրիստոսին: Սխալ տպավորություն մի’ ստեղծեք նրանց մոտ, թե իբր քրիստոնեությունը մռայլ կրոն է, և գալով Փրկչի մոտ՝ նրանք պետք է հրաժարվեն այն ամենից, ինչ կյանքը երջանիկ է դարձնում: ԴՓ 629.3

Երբ Սուրբ Հոգին դիպչում է երեխաների սրտերին, նպաստե’ք Նրա աշխատանքին: Սովորեցրե’ք, որ Փրկիչը կանչում է նրանց, որ ոչինչ Նրան այնքան բերկրանք չի պատճառում, որքան այն, երբ նրանք հանձնվում են Նրան իրենց ամենածաղկուն և փթթուն տարիներին: ԴՓ 630.1

Փրկիչն անսահման գորովանքով է վերաբերվում այն հոգիներին, ում Նա փրկագնել է Իր սեփական արյունով: Նրանք Իր սիրո առարկան են: Նա անասելի կարեկցանքով է նայում նրանց: Նրա սրտին մոտ են ոչ միայն խելացի և հնազանդ երեխաները, այլև նրանք, ովքեր բնավորության բացասական գծեր են ժառանգել: Շատ ծնողներ չեն հասկանում, թե որքան մեծ է իրենց պատասխանատվությունը բնավորության այդ գծերի համար: Նրանք սիրալիր և խելացի չեն վարվում իրենց սխալվող զավակների հետ, որոնց հենց իրենք են այդպիսին դարձրել: Բայց Հիսուսը կարեկցանքով է նայում այս երեխաներին: Նա գիտի պատճառն ու հետևանքը: ԴՓ 630.2

Քրիստոնյա ծառայողը կարող է օգնել այս երեխաներին գալ Փրկչի մոտ: Իմաստությամբ և նրբանկատորեն նա կարող է կապել նրանց իր սրտի հետ, կարող է սփոփել և հուսադրել նրանց և Քրիստոսի շնորհի միջոցով կարող է տեսնել նրանց բնավորությունը վերափոխված, այնպես որ նրանց մասին հնարավոր լինի ասել. «Այդպիսիներինն է Աստծո արքայությունը»: [518] ԴՓ 630.3