ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

55/87

Գլուխ 55. - Դրսի նշանով չի գա

(Ղուկաս 17.20-22)

ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻՑ ոմանք, մոտենալով Հիսուսին, հարցրին. «Ե՞րբ պիտի գա Աստծո արքայությունը”: Ավելի քան երեք տարի էր անցել այն պահից, երբ Հովհաննես Մկրտիչը հռչակեց լուրը, որը փողի ձայնի պես հնչեց երկրով մեկ. «Մոտեցել է երկնքի արքայությունը” (Մատթեոս 3.2): Եվ մինչև այժմ այս փարիսեցիները արքայության հաստատման ոչ մի նշան չէին տեսել: Նրանցից շատերը, ովքեր մերժել էին Հովհաննեսի լուրը և ամեն քայլափոխի ընդդիմացել Հիսուսին, ժողովրդին ներշնչում էին, որ Նրա առաքելությունը ձախողվել է: ԴՓ 617.1

Հիսուսը պատասխանեց. «Աստծո արքայությունը դրսի նշանով չի գա: Ոչ էլ կասեն, թե ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, որովհետև Աստծո արքայությունը հենց ձեր ներսում է”: Աստծո արքայությունը սկսվում է սրտի մեջ: Երկրային իշխանության ոչ մի դրսևորման մեջ մի’ փնտրեք դրա գալուստը: ԴՓ 617.2

«Օրեր կգան,- ասաց Նա’ դիմելով Իր աշակերտներին,- որ դուք կցանկանաք մարդի Որդու օրերից մեկը տեսնել, բայց չեք տեսնի”: «Դուք վտանգի մեջ եք’ չտեսնելու Իմ առաքելության փառքը, որովհետև դրան բնորոշ չէ աշխարհիկ շքեղությունը: Ձեր մեջ է Նա, ով աշխարհի լույսը և կյանքն է’ թեև քողարկված մարդկային մարմնի մեջ, իսկ դուք չեք էլ գիտակցում, թե որքան մեծ է ձեր այդ ներկա առավելությունը: Կգան օրեր, երբ դուք կփափագեք վերադարձնել այն հնարավորությունները, որ հիմա վայելում եք’ քայլելով և խոսելով Աստծո Որդու հետ”: [507] ԴՓ 617.3

Իրենց եսասիրության և աշխարհիկ ձգտումների պատճառով նույնիսկ Հիսուսի աշակերտները չկարողացան տեսնել այն հոգևոր փառքը, որ Նա կամեմում էր հայտնել նրանց: Այն բանից հետո միայն, երբ Քրիստոսը համբարձվեց Իր Հոր մոտ և Սուրբ Հոգին հեղեց հավատացյալների վրա, աշակերտները լիովին ըմբռնեցին Փրկչի էությունն ու Նրա առաքելությունը: Ստանալով Հոգու մկրտությունը’ նրանք սկսեցին գիտակցել, որ գտնվել են անձամբ փառքի Տիրոջ ներկայության մեջ: Երբ Քրիստոսի խոսքերը վերակենդանացան նրանց հիշողության մեջ, նրանց մտքերը բացվեցին’ հասկանալու մարգարեություններն ու այն հրաշքները, որ Նա գործել էր: Նրա կյանքի հրաշքներն անցան նրանց առջևով, և նրանց թվաց, թե հենց նոր են արթնացել քնից: Նրանք գիտակցեցին, որ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և Նրա փառքը տեսանք, ինչպես Հորից եղած միածնի փառք’ շնորհով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.14): Քրիստոսն իրոք եկել էր Աստծուց այս մեղավոր աշխարհը, որպեսզի փրկի Ադամի ընկած որդիներին ու դուստրերին: Հիմա առաքյալներն իրենց աչքին շատ ավելի աննշան թվացին, քան մինչև այդ: Նրանք երբեք չէին հոգնում Նրա խոսքերի ու գործերի մասին պատմելուց: Նրա դասերը, որ նրանք այնքան աղոտ էին հասկացել, հիմա հառնեցին նրանց առջև որպես նոր հայտնություն: Սուրբ Գիրքը նրանց համար բոլորովին նոր դարձավ: ԴՓ 617.4

Ուսումնասիրելով մարգարեությունները, որոնք վկայում էին Քրիստոսի մասին’ աշակերտները շփման մեջ էին մտնում Աստվածության հետ և սովորում Նրանից, ով համբարձվել էր երկինք’ ավարտելու այն գործը, որ սկսել էր երկրի վրա: Նրանք գիտակցեցին, որ Նրանում գիտության այնպիսի լիություն է բնակվում, որ ոչ մի մարդ առանց աստվածային օգնության չի կարող հասկա- նալ: Նրանք զգում էին Նրա օգնության կարիքը, ում մասին կանխագուշակել էին թագավորները, մարգարեները և արդար մարդիկ: Ասես հմայված’ նրանք նորից ու նորից կարդում էին Նրա էությունն ու ծառայությունը նկարագ- րող մարգարեությունները: Որքա՜ն աղոտ են նրանք հասկացել մարգարեական գրքերը, որքա՜ն դժվար են ըմբռնել այն մեծ ճշմարտությունները, որոնք վկայում էին Քրիստոսի մասին: Նայելով Նրան, որ քայլում էր մարդկանց մեջ’ մարդկային կերպարանք առած’ նրանք չէին հասկացել Նրա մարմնավորման խորհուրդը’ Նրա երկբնույթ էությունը: Նրանց աչքերը գոց էին այնպես, որ նրանք լիովին չճանաչեցին Աստվածությունը մարդկային էության մեջ: Սակայն, երբ նրանք լուսավորվեցին Սուրբ Հոգով, ինչպե՜ս էին ուզում կրկին տեսնել Նրան և ընկնել Նրա ոտքերը: Ինչպե՜ս էին ցանկանում Նրա մոտ լինել, որպեսզի Նա բացատրեր այն գրվածքները, որ իրենք չէին կարողացել հասկանալ: Որքա՜ն ուշադիր կլսեին Նրա խոսքերը: Ի՞նչ նկատի ուներ Քրիստոսը, երբ ասաց. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել” (Հովհաննես 16.12): Ինչպե՜ս էին փափագում նրանք իմանալ այդ բոլորը: Նրանք ցավում էին, որ իրենց հավատն այնքա՜ն թույլ է եղել, որ իրենք այնքա՜ն հեռու են եղել ճշմարտությունից և այնքա՜ն դժվար են ըմբռնել իրողությունը: [508] ԴՓ 618.1

Աստծուց լրաբեր էր ուղարկվել’ հռչակելու Քրիստոսի գալուստը և Նրա առաքելության վրա հրավիրելու հրեա ազգի և ամբողջ աշխարհի ուշադրությունը, որպեսզի մարդիկ պատրաստվեին ընդունել Նրան: Ավելի քան երեսուն տարի նրանց մեջ էր գտնվում մի զարմանալի Անձնավորություն, ում մասին ազդարարել էր Հովհաննեսը, իսկ նրանք այդպես էլ չճանաչեցին Նրան’ որպես Աստծո Առաքյալի: Խիղճը հանգիստ չէր տալիս աշակերտներին, որ թույլ էին տվել իշխող անհավատությանը ազդել իրենց հայացքների վրա և մթնեցնել իրենց բանականությունը: Այս խավար աշխարհի մեջ Լույս էր շողացել, իսկ նրանք չէին կարողացել ըմբռնել, թե որտեղից են ծագում դրա ճառագայթները: Նրանք իրենց հարց էին տալիս, թե ինչու էին այնպես վարվում, որ Քրիստոսը ստիպված էր լինում նախատել իրենց: Նրանք հաճախ կրկնում էին Նրա խոսքերը և ասում. «Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ աշխարհիկ ձգտումներն ու քահանաների ու վարդապետների ընդդիմությունը բթացնի մեր բանականությունը, և չկարողացանք գլխի ընկնել, որ Մովսեսից էլ մեծն էր մեր մեջ, որ Սողոմոնից ավելի ինաստունն էր սովորեցնում մեզ: Որքա՜ն խուլ էին մեր ականջները, որքա՜ն թույլ էր մեր հասկացողությունը»: ԴՓ 619.1

Թովմասը չէր կամեցել հավատալ, մինչև իր մատը չմտցներ հռոմեացի զինվորի բացած վերքի մեջ: Պետրոսն ուրացել էր Նրան, երբ Նա անարգվեց ու մերժվեց: Այս ցավալի հիշողությունները պարզորոշ պատկերվում էին նրանց առջև: Լինելով Նրա հետ’ նրանք չէին ճանաչել և գնահատել Նրան: Բայց հիմա, երբ նրանք գիտակցում էին իրենց անհավատությունը, ինչպե՜ս էին հուզվում նրանց սրտերը: ԴՓ 620.1

Երբ քահանաներն ու իշխանները միաբանվելով’ դատավորների առաջ էին կանգնեցնում կամ բանտ նետում Քրիստոսի հետևորդներին, նրանք ցնծում էին, որ «արժանի եղան անարգվել նրա անունի համար” (Գործք առաքե- լոց 5.41): Նրանք ուրախ էին’ վկայելու մարդկանց և հրեշտակներին, որ ճանաչել են Քրիստոսի փառքը, պատրաստ էին հետևել Նրան, եթե նույնիսկ կորցնեին ամեն ինչ: ԴՓ 620.2

Հիմա էլ, ինչպես առաքյալների օրերում, նույնքան ճշմարիտ է այն, որ առանց աստվածային Հոգու լուսավորության’ մարդկությունը չի կարող նկատել Քրիստոսի փառքը: Ճշմարտությունն ու Աստծո աշխատանքը չեն գնահատվում աշխարհասեր և անսկզբունքային քրիստոնեության կողմից: Հեշտասիրության, երկրային փառքի ու աշխարհի հետ համաձայնության ուղիները խորթ են Տիրոջ հետևորդներին: Նրանք անհամեմատ ավելի առջ- ևում են’ չարչարանքի, նվաստացման և նախատինքի ճամփաներին, «իշխանությունների և պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների և երկնավոր- ներում գտնվող չար հոգիների» դեմ մղվող պայքարի ճակատային գծում (Եփեսացիս 6.12): Եվ հիմա էլ, ինչպես Քրիստոսի օրերում, նրանց չեն հասկանում, նախատում և հալածում են մեր օրերի քահանաներն ու փարիսեցիները: [509] ԴՓ 620.3

Աստծո արքայությունն արտաքին նշանով չի գալիս: Տիրոջ շնորհի ավետարանն իր անձնուրացության ոգով երբեք չի կարող ներդաշնակ լինել այս աշխարհի ոգուն: Դրանք երկու հակադիր սկզբունքներ են: «Շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև դրանք հիմարություն են նրա համար, և չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում” (Ա Կորն- թացիս 2.14): ԴՓ 621.1

Բայց այսօր կրոնական աշխարհում կան հազարավոր մարդիկ, ովքեր համոզված են, որ աշխատում են Աստծո արքայության հաստատման համար, որը, նրանց կարծիքով, պիտի գա աշխարհիկ և ժամանակավոր տիրապետության տեսքով: Նրանք ուզում են մեր Տիրոջը դարձնել այս աշխարհի թագավորությունների տիրակալը, նրա դատարանների և բանտերի, պալատների և շուկաների, նրա օրենսդրական մարմինների գլուխը: Նրանք ակնկալում են, որ Նա պիտի իշխի քաղաքական իշխանությունների կողմից սահմանված օրենքներով: Քանի որ Քրիստոսն անձամբ հիմա այստեղ չէ, նրանք իրենք են որոշում փոխարինել Նրան’ իրագործելու Նրա արքայության սկզբունքները: Այդպիսի մի թագավորություն էլ ուզում էին կանգնեցնել Քրիստոսի ժամանակվա հրեաները: Նրանք կընդունեին Քրիստոսին, եթե Նա աշխարհիկ արքայություն հաստատեր’ կիրառելով այն, ինչը նրանք Աստծո օրենքն էին համարում, և իրենց դարձնելով Նրա կամքի մեկնաբաններն ու Նրա իշխանության գործակալները: Բայց Նա ասաց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհաննես 18.36): Նրան պետք չէր երկրային գահը: ԴՓ 621.2

Այն կառավարությունը, որի օրոք ապրում էր Հիսուսը, կեղեքող էր և ապականված: Ամեն քայլափոխի իշխանությունների ճչացող չարաշահումներ էին’ դրամաշոր- թություն, անհանդուրժողականություն և սոսկալի դաժանություն: Բայց Քրիստոսը չնախաձեռնեց քաղաքացիական բարեփոխումներ: Նա չդատապարտեց ազգամոլությունը և չմեղադրեց ազգի թշնամիներին: Նա չընդհարվեց իշխանությունների և կառավարությունների հետ: Նա, ով մեր Օրինակն է, Իրեն հեռու էր պահում երկրային իշ- խանություններից: Ոչ թե այն պատճառով, որ Նրան չէր հետաքրքրում մարդկային վիշտը, այլ որովհետև զուտ մարդկային ու արտաքին միջոցառումները ոչ մի օգուտ չէին տա: Անհրաժեշտ էր մարդկանց մոտենալ անհատապես, թափանցել նրանց ներաշխարհը և վերափոխել սիր- տը: ԴՓ 621.3

Քրիստոսի արքայությունը հաստատվում է ոչ թե դատարանների, խորհըրդարանների կամ օրենսդրական մարմինների որոշումների համաձայն, ոչ թե աշխարհիկ մեծավորների հովանավորությամբ, այլ Քրիստոսի պատկերը մարդու մեջ վերականգնելու Սուրբ Հոգու աշխատանքի շնորհիվ: «Բայց ովքեր որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ հավատում են նրա անունին: Որոնք ո’չ արյունից և ո’չ մարմնի կամքից և ո’չ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին” (Հովհաննես 1.12,13): Ահա այն միակ ուժը, որ կարող է վեհացնել մարդուն: Իսկ մարդկանց դերն այս աշխատանքում Աստծո խոսքը սովորեցնելն ու կենսագործելն է: [510] ԴՓ 622.1

Երբ Պողոս առաքյալն իր ծառայությունը սկսեց Կորն- թոսում’ այդ մարդաշատ, հարուստ և փչացած քաղա- քում’ պղծված հեթանոսության նողկալի արատներով, նա ասաց. «Միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին, և այն էլ խաչվածին» (Ա Կորնթացիս 2.2): Հետագայում գրելով նրանցից մի քանիսին, ովքեր մի ժամանակ գտնվում էին ամենազազրելի մեղքերի գերության մեջ’ նա կարող էր ասել. «Բայց լվաց- վեցիք, բայց սրբվեցիք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունով և մեր Աստծո Հոգով”: «Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստծուց ձեր մասին, Աստծո այն շնորհքի համար, որ տրված է ձեզ Քրիստոս Հիսուսում” (Ա Կորնթացիս 6.11, 1.4): ԴՓ 622.2

Այսօր էլ, ինչպես Քրիստոսի օրերում, Աստծո արքայության գործը կատարում են ոչ թե նրանք, ովքեր բարձրաձայն ճանաչում են պահանջում երկրային իշխանություններից և ապավինում մարդկային օրենքների աջակցությանը, այլ նրանք, ովքեր Նրա անունից ժողովրդին հայտնում են այն հոգևոր ճշմարտությունները, որոնք ընդունողների վրա նույն ազդեցությունն են ունենում, ինչ որ Պողոսի վրա. «Ես Քրիստոսի հետ խաչված եմ, և կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում» (Գաղատացիս 2.19«20): Նրանք մարդկանց բարօրության համար կաշխատեն այնպես, ինչպես Պողոսը: Նա ասել է. «Արդ, Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով. աղաչում ենք Քրիստոսի տեղ, հաշտվեցե’ք Աստծո հետ” (Բ Կորնթացիս 5.20): [511] ԴՓ 623.1