ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 54. - Բարի սամարիացին
(Ղուկաս 10.25-37)
ԲԱՐԻ սամարիացու օրինակով Քրիստոսը լուսաբանում է ճշմարիտ կրոնի էությունը: Նա ցույց է տալիս, որ կրոնի իմաստը ոչ թե դավանության, ծեսերի և արարողությունների, այլ գթության գործերի, ուրիշների բարօրությանը ծառայելու և անկեղծ բարության մեջ է: ԴՓ 608.1
Երբ Քրիստոսը սովորեցնում էր ժողովրդին, «...մի օրինական վեր կացավ և փորձելով նրան’ ասաց. «Վարդապե՜տ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»“: Շունչը պահած’ մեծ բազմությունը սպասում էր պատասխանի: Հուսալով ծուղակը գցել Քրիստոսին’քա- հանաներն ու վարդապետները դրդել էին օրենսգետին տալու այս հարցը: Բայց Փրկիչը չսկսեց նրանց հետ վիճաբանել: Նա պատասխանը պահանջեց հենց հարցատուից: «Օրենքում ի՞նչ է գրված,- ասաց Նա,- ինչպե՞ս ես կարդում»: Հրեաները դեռևս մեղադրում էին Հիսուսին Սի- նայից տրված օրենքն անտեսելու մեջ, բայց Նա փրկության հարցը ուղղակիորեն կապեց Աստծո պատվիրանները պահելու հետ: ԴՓ 608.2
Օրենսգետն ասաց. «Սիրի՜ր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով. և քո ընկերոջը’ քո անձի պես»: Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ պատասխանեցիր, այդպես արա և կապրես”: [498] ԴՓ 608.3
Օրենսգետին չէին գոհացնում փարիսեցիների ուսմունքն ու գործերը: Նա Գրքերն ուսումնասիրում էր’ դրանց իսկական նշանակությունն իմանալու փափագով: Նրան, իրոք, խիստ հետաքրքրում էր դա, և նա անկեղծորեն հարցրեց. «Ի՞նչ գործեմ»: Օրենքի պահանջներին վերաբերող իր պատասխանում նա շրջանցեց ծիսական ու արարողական կանոնների ողջ շարքը: Ոչ մի նշանակություն չտալով այդ ամենին’ նա ներկայացրեց այն երկու մեծ սկզբունքները, որոնց վրա հիմնված էին ամբողջ օրենքն ու մարգարեները: Եվ Քրիստոսի հավանությանն արժանացած այդ պատասխանը Փրկչին առավելություն տվեց վարդապետների նկատմամբ: Նրանք չկարողացան մեղադրել Նրան’ հաստատելու համար այն, ինչ ասվել էր օրենքի մեկնաբանի կողմից: ԴՓ 608.4
«Այդպես արա և կապրես»,- ասաց Հիսուսը: Նա օրենքը ներկայացրեց որպես աստվածային միասնություն և դրանով իսկ սովորեցրեց, որ անհնար է պահել մեկ պատվիրանը, իսկ մյուսը’ խախտել, քանի որ բոլոր պատվիրանների հիմքում ընկած է միևնույն սկզբունքը: Մարդու ճակատագիրը վճռվելու է նրա հնազանդությամբ ամբողջ օրենքին: Գերագույն սերն առ Աստված և անաչառ սերը մարդու հանդեպ այն սկզբունքներն են, որ պիտի իրագործվեն կյանքում: ԴՓ 609.1
Օրենսգետը հասկացավ, որ ինքն օրինազանց է: Քրիստոսի խորաթափանց խոսքերը մերկացրին նրան: Կարծելով, թե հասկանում է օրենքի արդարությունը’ նա իրականում այն չէր իրագործում: Նա սեր չէր տածում իր դրացիների հանդեպ: Անհրաժեշտ էր ապաշխարել, բայց դրա փոխարեն նա փորձեց արդարացնել իրեն: Ճշմարտությունն ընդունելու փոխարեն’ նա ձգտեց ցույց տալ, թե որքան դժվար է պահել պատվիրանները: Այդպես նա հուսով էր մի կողմից հանգստացնել խիղճը, մյուս կողմից’ արդարացնել իրեն մարդկանց առջև: Փրկչի խոսքերը ցույց տվեցին, որ նրա հարցն անտեղի էր, քանի որ նա գիտեր դրա պատասխանը: Սակայն նա ուրիշ հարց տվեց’ ասելով. «Ո՞վ է իմ ընկերը”: ԴՓ 609.2
Այս հարցը հրեաների մեջ անվերջանալի վիճաբանութ- յուններ էր հարուցում: Ինչ վերաբերում էր հեթանոսներին ու սամարիացիներին, նրանք չէին կասկածում. Դրանք օտարականներ ու թշնամիներ էին: Բայց ինչպե՞ս տարբերել իրենց իսկ ազգի ներկայացուցիչներին, հասարակության տարբեր խավերին: Ո՞ւմ պետք է ընկեր համարի քահանան, վարդապետն ու ծերը: Նրանք իրենց կյանքն անց էին կացնում անվերջանալի ծիսակատարությունների մեջ, որպեսզի մաքրվեն: Շփումը տգետ ու անհոգ բազմության հետ, ինչպես սովորեցնում էին նրանք, պղծում է այնպես, որ մաքրվելու համար անասելի ջանքեր են հար- կավոր: Մի՞թե պետք է այդ «անմաքուրներին» նրանք ընկեր համարեին: ԴՓ 609.3
Հիսուսը կրկին հրաժարվեց վեճի մեջ մտնելուց: Նա չմեր- կացրեց նրանց մոլեռանդությունը, ովքեր ուզում էին մեղադրել Իրեն: Բայց պատմելով մի սովորական դեպք’ Նա Իր ունկնդիրներին նկարագրեց երկնածին սիրո դրսևորման մի այնպիսի պատկեր, որը հուզեց բոլոր ներկաներին և օրենսգետին ստիպեց խոստովանել ճշմարտությունը: ԴՓ 610.1
Խավարը ցրելու համար պետք է ընդունել լույսը: Մոլորությունը հերքելու ամենաճիշտ ձևն է’ ներկայացնել ճշմարտությունը: Աստծո սիրո հայտնությունն է, որ բացահայտում է եսասեր սրտի այլանդակությունն ու մեղքը: [499] ԴՓ 610.2
«Մի մարդ,- ասաց Հիսուսը,- Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ: Նրանք էլ, մերկացնելով ու խոցոտելով նրան, կիսամեռ թողեցին, հեռացան: Եվ դիպվածով մի քահանա իջնում էր նույն ճանապարհով և նրան տեսավ ու անցավ: Նույնպես էլ մի ղևտացի, հասնելով այն տեղը, տեսավ, անցավ” (Ղուկաս 10.30-32): Այս պատմությունը հորինված չէր, այն իրականում տեղի էր ունեցել և հայտնի էր բոլորին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը ներկայացրեց: Քահանան և ղևտացին, ովքեր անցել էին վիրավորի կողքով, գտնվում էին Քրիստոսի ունկնդիրների մեջ: ԴՓ 610.3
Երուսաղեմից Երիքով գնալիս’ ճամփորդը ստիպված էր անցնել Հրեաստանի անապատով: Ճանապարհն անցնում էր ավազակներով լցված ժայռոտ ու վայրի կիրճերով, որտեղ հաճախ բռնություններ էին կատարվում: Հենց այստեղ էր, որ հարձակվելով ճամփորդի վրա’ նրանից հափշտակել էին այն ամենը, ինչ արժեքավոր էր, վիրավորել և խոցոտել էին նրան’ կիսամեռ թողնելով ճամփեզրին: Մինչ նա այսպես ընկած էր, քահանան անցավ այդ ճամ- փով’ հազիվ նայելով վիրավորի կողմը: Հետո հայտնվեց ղևտացին: Ցանկանալով իմանալ, թե ինչ է պատահել’ նա կանգ առավ և նայեց տուժածին: Նա հասկացավ, թե ինչ է պահանջվում իրենից, սակայն դա անցանկալի պարտականություն էր: Նա ափսոսաց, որ եկել է այդ ճանապարհով և հանդիպել վիրավորին: Նա իրեն հավատացրեց, որ այդ գործն իրեն չի վերաբերում: ԴՓ 610.4
Այս երկու մարդիկ էլ սրբազան ծառայության մեջ էին և իրենց Սուրբ Գրոց մեկնաբաններ էին համարում: Նրանք այն մարդկանց դասին էին պատկանում, ովքեր հատուկ ընտրված էին’ լինելու Աստծո ներկայացուցիչները ժողովրդի մեջ: Նրանք պարտավոր էին «կարեկից լինել տգետներին ու մոլորվածներին” (Եբրայեցիս 5.2), որպեսզի նրանց օգնեին հասկանալու Աստծո մեծ սերը մարդկության հանդեպ: Նրանք կոչված էին կատարելու այն նույն աշխատանքը, որ Հիսուսը նկարագրեց որպես Իրենը’ ասելով. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ: Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին’ տեսություն, խոցվածներին ար- ձակելու’ ազատելով» (Ղուկաս 4.18): [500] ԴՓ 611.1
Երկնային հրեշտակները, տեսնելով Աստծո զավակների տառապանքը երկրում, պատրաստ են համագործակցելու մարդկանց հետ’ ճնշվածների և դըժբախտների բեռը թեթևացնելու գործում: Աստծո նախախնամությամբ էին քահանան ու ղևտացին անցել այն ճանապարհով, որտեղ ընկած էր վիրավորը, որպեսզի գթային և օգնություն ցույց տային նրան: Ամբողջ երկինքը հետևում էր’ տեսնելու, թե մարդկային դժբախտությունը կարեկցանք կարթնացնի՞ արդյոք այդ երկուսի սրտերում: Հենց Ինքը’ Փրկիչն է, որ առաջնորդել էր հրեաներին անապատում: Ամպի և կրակի սյան միջից Նա սովորեցրել էր բոլորովին էլ ոչ այն, ինչ ժողովուրդը հիմա սովորում էր իր քահանաներից և ուսուցիչներից: Օրենքի գթառատ դրույթները վերաբերում էին նույնիսկ ամենախղճուկ կենդանիներին, որոնք խոսքերով չեն կարող արտահայտել իրենց կարիքն ու ցավը: Այդ հարցով Մովսեսը հատուկ ցուցումներ էր ստացել Իսրայելի որդիների համար. «Եթե քո թշնամու մոլորված եզին կամ էշին հանդիպելու լինես, անպատճառ հետ բեր նրան իր տիրոջը: Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած և չկամենաս նրան ազատել, անպատճառ նրա հետ էշն ազատես» (Ելից 23.4,5): Սակայն ավազակների կողմից վիրավորված մարդուն Հիսուսը ներկայացրեց որպես եղբայր’դժբախ- տության մեջ: Ուրեմն որքա՜ն ավելի շատ նրանք պիտի խղճային այդ մարդուն, քան բեռնակիր անասունին: Մովսեսի միջոցով նրանց պատգամ էր տրված, որ իրենց Տերն «այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է... որ որբին և որբևայրիին իրավունք է անում և պանդուխտին սիրում է”: Դրա համար էլ պատվիրում է. «Ուրեմն պանդուխտին սիրեցեք»: «Քո անձի պես սիրես նրան» (Երկրորդ Օրինաց 10.17-19, Ղևտացոց 19.34): ԴՓ 611.2
Հոբն ասել է. «Պանդուխտը դրսում չէր օթևանում, դռներս բացում էի ճանապարհորդին”: Ու երբ երկու հրեշտակները մարդկային կերպարանքով եկան Սոդոմ, Ղովտը խոնարհվեց մինչև գետին և ասաց. «Ի’մ տերեր, եկե’ք ձեր ծառայի տունը և գիշերը կացեք” (Հոբ 31.32, Ծննդոց 19.2): Այս բոլոր դասերը ծանոթ էին քահանային ու ղևտացուն, բայց նրանք չէին կիրառում դրանք առօրյա կյանքում: Դաստիարակված ազգային մոլեռանդության դպրոցում’ նրանք դարձել էին եսասեր, սահմանափակ և անմատչելի: Նայելով վիրավոր մարդուն’ նրանք չկարո- ղացան որոշել’ իրենց ազգակի՞ցն է նա, թե՞ ոչ: Մտածելով, որ նա, հավանաբար, սամարիացի է, նրանք թողեցին ու հեռացան: [501] ԴՓ 612.1
Նրանց վարքի մեջ, ինչպես նկարագրել էր Քրիստոսը, հակասող ոչինչ չկար այն բանին, ինչ իրենց սովորեցրել էին օրենքի պահանջների վերաբերյալ: Բայց ահա ներկայացվեց մի ուրիշ դրվագ: ԴՓ 613.1
Մի սամարիացի ճամփորդելով եկավ այն տեղը, որտեղ տուժածն էր, և տեսնելով նրան’ խղճաց: Նա չփորձեց էլ իմանալ’ ով է անծանոթը’ հրեա՞, թե՞ հեթանոս: Եթե հրեա է, սամարիացին լավ գիտեր, որ եթե իրենց դերերը փոխվեին, այդ մարդը կթքեր իր երեսին և արհամարհանքով կթողներ ու կհեռանար: Բայց նա չտատանվեց, թե ինչպես վարվի: Նա չէր էլ մտածում, որ ինքն էլ կարող է բռնության զոհ դառնալ’ հապաղելով այդտեղ: Չէ՞ որ նրա առջև մի մարդ էր’ կարեկցանքի և օգնության կարոտ: Նա իր հանդերձը հանեց, որպեսզի ծածկի վիրավորին: Իր ճամփորդության համար վերցրած ձեթն ու գինին ածեց խոցերի վրա ու փաթաթեց դրանք: Հետո դնելով տուժածին իր անասունի վրա’ դանդաղ, որպեսզի ավելորդ ցավ չպատճառի նրան, շարժվեց առաջ: Նա բերեց նրան մի իջևանատուն, արթուն մնալով ամբողջ գիշեր’ ջերմորեն հոգ տարավ նրա մասին: Առավոտյան, երբ հիվանդն արդեն ուշքի էր եկել, սամարիացին հանձնեց նրան իջևանատիրոջ խնամքին և դրա համար կանխավճար թողեց: Եվ չբավարարվելով նույնիսկ այդքանով’ հետագա ծախսերի համար դիմեց տանտիրոջը’ ասելով. «Խնամի’ր դրան, և ինչ որ ավելի ծախս անես, մյուս անգամ հետ դառնալիս կվճարեմ քեզ»: ԴՓ 613.2
Պատմությունն ավարտվեց, Հիսուսը մի զննող հայացք նետեց օրենսգետի վրա և ասես կարդալով նրա սիրտը’ ասաց. «Հիմա այն երեքից ո՞ր մեկն էր, քո կարծիքով, ավազակների ձեռքն ընկած մարդու ընկերը» (Ղուկաս 10.36): ԴՓ 613.3
Նույնիսկ հիմա էլ, չկամենալով օգտագործել «սամա- րիացի” բառը, օրենսգետը պատասխանեց. «Նա, որ ողոր- մություն արեց նրան»: Հիսուսն էլ ասաց. «Գնա’ և դու էլ այդպես արա»: ԴՓ 614.1
«Ո՞վ է իմ ընկերը» հարցի պատասխանը, այսպիսով, տրվեց բոլոր ժամանակների համար: Քրիստոսը ցույց տվեց, որ մեր ընկերը միայն նա չէ, ով պատկանում է մեր եկեղեցուն կամ հավատին: Ռասայական, ազգային կամ դասակարգային տարբերությունը ոչ մի նշանակություն չունի: Մեր ընկերը նա է, ով մեր օգնության կարիքն է զգում: Յուրաքանչյուր մարդ, ով վիրավորված և խոցված է սատանայից, մեր ընկերն է: Մեր ընկերները բոլորն են, որովհետև նրանք ամենքն էլ Աստծո սեփականությունն են: [504] ԴՓ 614.2
Բարի սամարիացու օրինակով Հիսուսը նկարագրեց Իրեն և Իր առաքելությունը: Մարդկային ցեղը խաբվել, խոցվել, կողոպտվել ու խոշտանգվել էր սատանայի կողմից և հանձնվել բախտի քմահաճույքին, բայց Փրկիչը խղճահարվեց’ տեսնելով մեր անօգնական վիճակը: Թողնելով Իր փառքը’ Նա եկավ մեզ փրկելու: Նա մեզ գտավ մահվան մահճում և հանձն առավ մեր փրկության գործը: Նա կապեց մեր վերքերը: Նա ծածկեց մեզ Իր արդարության հանդերձով: Նա մեզ համար ապահով ապաստան գտավ և Իր վրա վերցրեց մեր բոլոր ծախսերը: Նա մեռավ, որպեսզի փրկագնի մեզ: Ցույց տալով Իր անձնական օրինակը’ Նա ասաց Իր հետևորդներին. «Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք”: «Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ իրար սիրեք” (Հովհաննես 15.17,13.34): ԴՓ 614.3
Օրենսգետը հարցրել էր Հիսուսին. «Ի՞նչ գործեմ”: Հի- սուսն էլ, հաստատելով, որ արդարության էությունը հենց սերն է առ Աստված և մարդու հանդեպ, ասաց. «Այդպես արա, և կապրես”: Սամարիացին ենթարկվել էր բարի և սիրող սրտի թելադրանքին և դրանով իրեն դրսևորել որպես օրինակատար: Հիսուսն ասաց օրենսգետին. «Գնա’, և դու էլ այդպես արա”: Աստծո զավակներից ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր են ակնկալվում: «Ով որ ասում է’ նրանում եմ բնակվում, պետք է, ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա” ( Ա Հովհաննես 2.6): ԴՓ 614.4
Այս դասն այսօր ոչ պակաս անհրաժեշտ է աշխարհին, քան այն ժամանակ, երբ հնչեց Հիսուսի շուրթերից: Եսասիրությունն ու անշունչ ձևականությունը գրեթե մարել են սիրո կրակը և ցրել այն շնորհները, որոնք անուշահոտ են դարձնում բնավորությունը: Փրկչի անունը դավանողնե- րից շատերն անտեսում են այն փաստը, որ քրիստոնյաները պետք է ներկայացնեն Քրիստոսին: Մինչև ընտանիքում, ընկերության մեջ, եկեղեցում և ցանկացած այլ տեղ գործնական անձնազոհություն չդրսևորենք մյուսների բարօրության համար, մենք քրիստոնյաներ չենք, ինչպի- սին էլ լինի մեր դավանությունը: ԴՓ 615.1
Քրիստոսն Իր կյանքը կապեց մարդկության շահերի հետ և մեզ խնդրում է մեկ դառնալ Իր հետ’ մարդկությանը փրկելու համար: «Ձրի առել եք,- ասում է Նա,- ձրի էլ տվեք» (Մատթեոս 10.8): Մեղքը բոլոր չարիքներից մեծագույնն է, և մեր պարտքն է’ խղճալ ու օգնել մեղավորին: Շատերը, ովքեր մոլորված են, հաճախ գիտակցում են իրենց ամոթն ու հիմարությունը: Նրանք կարոտ են մխիթարության խոսքերի: Նրանք նայում են իրենց սխալներին ու մոլորությանն այնքան ժամանակ, մինչև որ ընկնում են հուսահատության մեջ: Այս հոգիներին մենք չպետք է անտեսենք: Եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա անտարբեր չենք անցնի նրանց կողքով, ովքեր մեր կարիքն ամենից շատ են զգում: Տեսնելով մարդկանց վհատության մեջ’ վշտի կամ մեղքի պատճառով’ երբեք չպետք է ասենք. «Սա ինձ չի վերաբերում”: [505] ԴՓ 615.2
«Դուք, որ հոգևոր եք, այդպիսիներին հաստատե՜ք հեզության հոգով” (Գաղատացիս 6.1): Հավատով ու աղոթքով հե՜տ մղեք թշնամու զորությունը: Հավատի և հուսո խոսքե՜ր ասեք, որոնք սպեղանու պես կլինեն խոցված ու վիրավոր մարդու համար: Շատ շատերը թուլացել և հուսահատվել են կյանքի մեծ պայքարում, սակայն ջերմ սիրո միակ խոսքն անգամ կարող է ուժ տալ նրանց հաղթելու: Մենք երբեք չպետք է անտարբեր անցնենք վշտաբեկ հոգու կողքով’ առանց փորձելու մխիթարել նրան այնպես, ինչպես Աստված է մեզ մխիթարում: ԴՓ 615.3
Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի սկզբունքի կատարում, սկզբունք, որ լուսաբանված է ողորմած սամա- րիացու պատմության մեջ և դրսևորվեց Հիսուսի կյանքում: Նրա բնավորությունը բացահայտում է օրենքի իսկական իմաստը և ցույց տալիս, թե ինչ է նշանակում «սիրի’ր քո ընկերոջը քո անձի պես”: Ու երբ Աստծո զավակները գթասիրտ, բարի ու սիրառատ են լինում բոլոր մարդկանց հանդեպ, նրանք նաև վկայում են, որ իրենց բնավորությունը համապատասխանում է երկնային չափանիշներին: Նրանք գործով են ապացուցում այն փաստը, որ «Տիրոջ օրենքը անարատ է, վերափոխում է հոգին” (Սաղմոս 19.7): Եվ ով էլ որ թերանում է սիրո հարցում, խախտում է այն օրենքը, որն, իր կարծիքով, պահում է: Որովհետև մեր վերաբերմունքը մեր եղբայրների նկատմամբ ցույց է տալիս, թե ինչպիսին են մեր հարաբերություններն Աստծո հետ: Աստծո սերը սրտի մեջ. ահա ընկերոջ նկատմամբ սիրո միակ աղբյուրը: «Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել»: «Սիրելինե՜ր, եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, և նրա սերը կատարյալ է մեզանում» (Ա Հովհաննես 4.20,12): [506] ԴՓ 616.1