ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

42/87

Գլուխ 42. - Ավանդություն

(Մատթեոս 15.1-20, Մարկոս 7.1-23)

ԴՊԻՐՆԵՐՆ ու փարիսեցիները, հույս ունենալով տեսնել Հիսուսին Զատկի ժամանակ, թակարդ էին լարել Նրա համար: Բայց Հիսուսը, կռահելով նրանց մտադրությունը, չներկայացավ այս հավաքույթին: «Եվ ժողովվեցին նրա մոտ փարիսեցիները և դպիրներից ոմանք»: Եվ քանի որ Նա չէր գնացել նրանց մոտ, նրանք եկան Նրա մոտ: Որոշ ժամանակ թվում էր, թե Գալիլեայի ժողովուրդը կընդունի Հիսուսին որպես Մեսիա, և որ նվաճողների իշխանությունն այդ շրջանում կտապալվի: Տասներկուսի առաքելությունը, վկայելով Քրիստոսի աշխատանքի ընդլայնման մասին ու սաստկացնելով պայքարն աշակերտների ու վարդապետների միջև, խանդի մի նոր բռնկում առաջացրեց Երուսաղեմի առաջնորդների մեջ: Նրա առաքելության սկզբնական շրջանում Կափառնա- յում ուղարկված լրտեսները, որ փորձել էին մեղադրել Նրան շաբաթվա պատվիրանը խախտելու մեջ, դժվարին կացության մեջ էին հայտնվել, բայց վարդապետներն ամեն գնով ուզում էին հասնել իրենց նպատակին: Հիմա էլ մի ուրիշ պատվիրակություն ուղարկվեց’ հետևելու Նրա գործողություններին և որևէ մեղադրանք գտնելու Նրա դեմ: ԴՓ 477.1

Առաջվա պես դժգոհության հիմքը Նրա կողմից ավանդական ծիսակարգերի անտեսումն էր, որոնք ծանրաբեռնում էին Աստծո օրենքը: Այս ավանդույթները, նրանց կարծիքով, նախատեսված էին օրենքի կատարմանը նպաստելու համար, բայց դրանց ավելի մեծ սրբություն էին վերագրում, քան բուն օրենքին: Երբ դրանք հակասում էին Սինայից տրված պատվիրաններին, նախա- պատվությունը տրվում էր վարդապետների սահմանած կանոններին: [396] ԴՓ 477.2

Բոլոր արարողություններից ամենակարևոր նշանակությունը տրվում էր ծիսական մաքրությանը: Ուտելուց առաջ պահանջվող ծիսակարգի անտեսումը գարշելի մեղք էր համարվում, որը պետք է պատժվեր թե’ այս և թե’ գալիք աշխարհում, և այդ օրենքը խախտողին սպանելը պարկեշտություն էր համարվում: ԴՓ 478.1

Մաքրությանը վերաբերող բազմաթիվ կանոններ կային: Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում հազիվ թե կարողանար սովորել այդ բոլորը: Նրանց կյանքը, ովքեր փորձում էին կատարել վարդապետների պահանջները, մի հարատև պայքար էր ծիսական սրբապղծությունների դեմ, լվացումների և մաքրումների մի անվերջանալի շղթա: Եվ մինչ մարդիկ զբաղված էին անիմաստ խտրություններով և արարողություններով, որոնք Աստված չէր պահանջել, նրանց ուշադրությունը շեղվում էր Նրա օրենքի վսեմ սկզբունքներից: ԴՓ 478.2

Քրիստոսը և Նրա աշակերտները չէին հետևում ծիսական այս լվացումներին, և դրանց անտեսումն էլ հենց լրտեսներին մեղադրանքի հիմք տվեց: Նրանք, սակայն, ուղղակիորեն չգրոհեցին Քրիստոսի վրա, այլ Նրա մոտ եկան՝ քննադատելու Նրա աշակերտներին: Ժողովրդի ներկայությամբ նրանք ասացին. «Ինչո՞ւ համար են քո աշակերտները խախտում ծերերի ավանդությունը, որովհետև իրենց ձեռքերը չեն լվանում, երբ որ հաց են ուտում»: ԴՓ 478.3

Ամեն անգամ, երբ ճշմարտությունն առանձնահատուկ մի զորությամբ բացահայտվում է մարդկանց, սատանան գործի է դնում իր միջոցները, որպեսզի վիճաբանություն հարուցի որևէ դատարկ հարցի շուրջ: Այդպես նա ձգտում է շեղել ուշադրությունը իրական խնդրից: Երբ էլ մի բարի գործ սկսվի, միշտ էլ գտնվում են մանրախնդիր մարդիկ’ պատրաստ վիճաբանելու ձևականությունների շուրջ, որպեսզի շեղեն մտքերը կենդանի իրականությունից: Երբ որ Աստված պատրաստվում է որևէ կարևոր աշխատանք կատարել Իր ժողովրդի համար, մարդիկ չպետք է ներքաշվեն անիմաստ վեճերի մեջ, որոնց հետևանքը միմիայն հոգիների կործանումն է: Ահա այն հարցերը, որոնք ամենից շատ պետք է մեզ մտահոգեն. Հավատո՞ւմ եմ արդյոք ես Աստծո Որդուն փրկարար հավատով: Իմ կյանքը ներդաշնակո՞ւմ է աստվածային օրենքին: «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի»: «Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք» (Հովհաննես 3.36, Ա Հովհաննես 2.3): ԴՓ 478.4

Հիսուսը չփորձեց պաշտպանել Իրեն կամ Իր աշակերտներին: Նա չառարկեց Իր դեմ ուղղված մեղադրանքներին, բայց շարունակեց ցույց տալ, թե ինչ ոգով էին լցված մարդկային դրվածքների այս մոլի պաշտպանները: Նա մի օրինակ բերեց’ ներկայացնելով այն, ինչ նրանք բազմիցս անում և արել էին Իրեն փնտրելուց անմիջապես առաջ: «Լավ եք անարգում Աստծո պատվիրանը,- ասաց Նա,- որ ձեր ավանդությունը պինդ պահեք, որովհետև Մովսեսն ասաց. «Պատվի’ր քո հորը և քո մորը, և նա, որ հորից կամ մորից չարախոսություն անի, թող մահով մեռնի”: Բայց դուք ասում եք’ եթե մարդս հորը կամ մորն ասի Կորբան է (այսինքն’ պատարագ), այն, որ ինձանից պետք է շահվես, ազատ է լինում: Եվ այլևս թույլ չեք տալիս նրան, որ մի բան անի իր հորը կամ իր մորը”: [397] Նրանք մի կողմ էին դրել հինգերորդ պատվիրանը’ կարևորություն չտալով դրան, մինչդեռ մեծագույն բծախնդրությամբ պահում էին ծերերի ավանդույթները: Նրանք սովորեցնում էին ժողովրդին, թե իրենց ունեցվածքի նվիրատվությունը տաճարին ավելի սուրբ պարտականություն է, քան նույնիսկ իրենց ծնողներին խնամելը, և թե ինչքան էլ խիստ լիներ անհրաժեշտությունը, սրբապղծություն էր հորը կամ մորը բաժին հանել նրանից, ինչ որ արդեն նվիրաբերվել էր: Անշնորհակալ որդուն բավական էր, որ մեկ անգամ իր ունեցվածքի վրա արտասաներ «Կորբան” բառը’ նվիրաբերելով այն Աստծուն, և նա ինչպես ուզեր, կարող էր օգտագործել դա իր կյանքի ընթացքում, իսկ նրա մահից հետո այն հատկացվում էր տաճարի ծառայությանը: Այդ- պիսով’ նա և’ կյանքով, և’ մահով ազատ կարող էր անարգել և կողոպտել իր ծնողներին’ Աստծուն շինծու նվիրվածության քողի տակ: ԴՓ 479.1

Հիսուսը երբեք ո’չ խոսքով և ո’չ էլ գործով չէր նվազեցնում Աստծուն զոհեր և ընծաներ մատուցելու մարդու պարտավորությունը: Քրիստոսն Ինքն էր տվել տասնորդների և ընծաների վերաբերյալ օրենքի բոլոր ցուցումները: Իր երկրային կյանքի ժամանակ Նա գովաբանել էր այն աղքատ կնոջը, որ տաճարի գանձարանին տվել էր իր ողջ ունեցվածքը: Բայց արտաքուստ նախանձախնդրություն ցուցաբերելով Աստծո գործում’ քահանաներն ու վարդապետները ձգտում էին թաքցնել ինքնամեծարման փափագը: Ժողովուրդը խաբված էր նրանցից: Նա հեծում էր մի այնպիսի ծանր բեռան տակ, որն Աստված չէր պարտադ- րել: Քրիստոսի աշակերտներն անգամ լիովին ազատ չէին նախնիների նախապաշարումներից և այն լծից, որ նրանց վրա էին դրել վարդապետները: Հիմա բացահայտելով այդ ուսուցիչների իսկական ոգին’ Հիսուսը փորձում էր ավանդույթների գերությունից ազատել բոլոր նրանց, ովքեր, իրոք, ուզում էին ծառայել Աստծուն: ԴՓ 480.1

«Կեղծավորնե՜ր,- ասաց Նա,- լավ մարգարեացավ ձեր մասին Եսայիան’ ասելով’ այս ժողովուրդն իր բերանով է մոտենում ինձ, և շրթունքներով է ինձ պատվում, բայց իրենց սիրտն ինձանից հեռացած, ջոկված է: Զուր տեղն են պաշտում ինձ’ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են»: Այս խոսքերով Քրիստոսը դատապարտեց փարիսեցիության ողջ համակարգը: Նա հայտարարեց, որ իրենց պահանջները վեր դասելով աստվածային պատվիրաններից’ վարդապետներն իրենց իսկ Աստծուց ավելի բարձր էին դասում: ԴՓ 480.2

Երուսաղեմից եկած պատվիրակները ցասումով լցվեցին: Նրանք չկարողացան մեղադրել Քրիստոսին Սինա- յից տրված օրենքի խախտման մեջ, որովհետև Նա պաշտպանում էր այն իրենց ավանդույթներից: Օրենքի վեհ սկզբունքները, որոնք Նա ներկայացրեց, կտրուկ տարբերվում էին մարդկային սին պատվիրաններից: ԴՓ 481.1

Նախ բազմությանը, իսկ հետո ավելի մանրամասն նաև Իր աշակերտներին Հիսուսը բացատրեց, որ պղծությունը ոչ թե դրսից է գալիս, այլ ներսից: Մաքրությունն ու պղծությունը վերաբերում են միայն սրտին: Ոչ թե մարդու կողմից հորինված ծիսակարգերի անտեսումն է պղծում հոգին, այլ չար արարքը, չար խոսքը, չար միտքը և Աստծո օրենքի ոտնահարումը: ԴՓ 481.2

Աշակերտները նկատեցին, թե ինչպես կատաղեցին լրտեսները, երբ բացահայտվեց նրանց կեղծ ուսմունքը: Նրանք տեսան զայրացած հայացքները և լսեցին կիսաձայն արտասանված դժգոհության ու վրեժխնդրության խոսքերը: Մոռանալով, թե որքան հաճախ էր Քրիստոսն ապացուցել, որ բաց գրքի պես կարդում է սրտերը’ աշակերտներն ասացին Նրան, թե ինչ ազդեցություն են ունեցել Նրա խոսքերը: Հուսալով, որ Նա կհաշտվի զայրացած փարիսեցիների հետ, նրանք ասացին Հիսուսին. «Գիտե՞ս, որ փարիսեցիներն այն խոսքը լսելով գայթակղվեցին”: [398] ԴՓ 481.3

Նա պատասխանեց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չտնկեց, կպոկվի”: Սովորույթներն ու ավանդույթները, որոնք այնքան բարձր էին գնահատվում վարդապետների կողմից, այս աշխարհից էին և ոչ թե երկնքից: Որքան էլ մեծ էր նրանց ազդեցությունը ժողովրդի վրա, նրանք չկարողացան դիմանալ Աստծո քննությանը: Մարդկային ամեն մի հորինվածք, որով փոխարինվում են Աստծո պատվիրանները, անարժեք կգտնվի այն օրը, երբ «Աստված բոլոր գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ’ թե’ բարի, թե’ չար” (Ժողովող 12.14): ԴՓ 481.4

Աստծո պատվիրանների փոխարինումը մարդկային դրույթներով այսօր էլ չի դադարել: Նույնիսկ քրիստոնյաների մեջ կան այնպիսի կանոններ ու սովորույթներ, որոնք նույնքան անհիմն են, որքան հայրերի ավանդույթները: Այս դրույթները, հիմնված սոսկ մարդկային հեղինակության վրա, զբաղեցրել են Աստծո պատվիրանների տեղը: Մարդիկ կառչում են իրենց ավանդույթներից և ակնածում իրենց սովորույթներից, բայց ատելությամբ են լցված նրանց հանդեպ, ովքեր փորձում են ցույց տալ իրենց սխալը: Այսօր, երբ մեզ կոչ են անում ուշադրություն դարձնել Աստծո պատվիրանների և Հիսուսի հավատի վրա, մենք տեսնում ենք այն նույն թշնամությունը, որ դրսևորվում էր Քրիստոսի օրերում: Աստծո մնացորդ ժողովրդի մասին գրված է. «Վիշապը բարկացավ այն կնոջ վրա, և գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանները պահում են և Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն” (Հայտնություն 12.17): ԴՓ 482.1

Բայց «ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չտնկեց, կպոկվի”: Եկեղեցու այսպես կոչված հայրերի հեղինակության փոխարեն Աստված պատվիրում է մեզ ընդունել հավերժական Հոր, երկնքի և երկրի Տիրոջ խոսքը: Միայն այստեղ է, որ ճշմարտությունը խառնված չէ կեղծիքի հետ: Դավիթն ասել է. «Ավելի իմաստուն եղա, քան թե իմ բոլոր վարժապետները, որովհետև քո վկայություններն են իմ մտածմունքը: Ավելի խելացի եղա, քան թե ծերերը, որովհետև քո պատվիրանները պահում եմ» (Սաղմոս 119.99,100): Թող բոլոր նրանք, ովքեր ընդունում են մարդկային հեղինակությունը, եկեղեցու սովորույթներն ու հայրերի ավանդույթները, ուշադրություն դարձնեն Քրիստոսի նախազգուշացման վրա. «Զուր տեղն են պաշտում ինձ’ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են»: [399] ԴՓ 482.2