ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

41/87

Գլուխ 41. - Ճգնաժամ Գալիլեայում

(Հովհաննես 6.22-71)

ԵՐԲ Քրիստոսն արգելեց ժողովրդին թագավոր հռչակել Իրեն, Նա գիտեր, որ Իր կյանքի շրջադարձային պահը մոտեցել է: Այն բազմությունը, որն այսօր տենչում էր գահ բարձրացնել Նրան, վաղը երես էր դարձնելու Նրանից: Հիասթափված իրենց եսասիրական ծրագրերի ձախողումից’ նրանց սերն ատելության էր փոխվելու, իսկ փառաբանությունը’ նզովքի: Սակայն Նա, այս ամենն իմանալով հանդերձ, միջոցներ չձեռնարկեց’ ճգնաժամը կասեցնելու համար: Նա երբեք Իր հետևորդներին աշխարհիկ բարիքներ չի խոստացել: Իր աշակերտը դառնալու ցանկությամբ Իր մոտ եկած մեկին Նա ասել էր. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները’ բներ, բայց մարդի Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի” (Մատթեոս 8.20): Եթե մարդիկ կարողանային աշխարհն ունենալ Քրիստոսի հետ միասին, շատ բազմություններ իրենց հավատարմությունը կառաջարկեին Նրան, բայց այդպիսի ծառայությունն անընդունելի է Նրա համար: Շատերը հիմա միացել էին Նրան հենց աշխարհիկ թագավորության հույսով: Նրանց պետք էր դուրս բերել մոլորությունից: Հացերի հրաշքի խոր հոգևոր դասը չէր ընկալվել: Սա նույնպես պետք էր պարզաբանել: Եվ այս նոր հայտնությունն իր հետ ավելի լուրջ փորձություն էր բերելու: ԴՓ 459.1

Լուրերը հացերի հրաշքի մասին տարածվեցին մոտակա և հեռավոր վայրերում, և հաջորդ օրը վաղ առավոտյան ժողովուրդը խմբերով ուղղվեց դեպի Բեթսայիդա’ Հիսու- սին տեսնելու: Մարդիկ հեղեղի պես այստեղ էին հոսում թե’ ցամաքով և թե’ ծովով: Ովքեր հեռացել էին Նրանից նախորդ գիշերը, վերադարձան’ հույս ունենալով Նրան դեռևս այնտեղ գտնել, որովհետև այնտեղ ոչ մի նավ չկար, որով Նա կարողանար անցնել մյուս կողմը: Բայց նրանց որոնումներն ապարդյուն անցան, և շատերն ուղևորվեցին դեպի Կափառնայում’ շարունակելով փնտրել Նրան:[384] ԴՓ 459.2

Այդ ընթացքում’ ընդամենը մեկօրյա բացակայությունից հետո, Նա ժամանել էր Գեննեսարեթ: Հենց որ մարդիկ իմացան, որ Նա ափ է իջել, «գավառի կողմերը վազելով’ սկսեցին հիվանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին, թե այնտեղ է” (Մարկոս 6.55): ԴՓ 460.1

Որոշ ժամանակ անց Նա գնաց ժողովարան, և Բեթսա- յիդայից եկածները Նրան այնտեղ գտան: Նրանք իմացան աշակերտներից, թե ինչպես էր Նա անցել ծովը: Մոլեգին փոթորիկը, ժամեր շարունակ անբարենպաստ քամու դեմ անօգուտ թիավարումը, ջրերի վրայով քայլող Քրիստոսի հայտնվելը և աշակերտներին համակած սարսափը, Նրա հանդարտեցնող խոսքերը, Պետրոսի հետ կատարված դեպքը, փոթորկի հանկարծակի դադարեցումն ու նավի ցամաք հասնելը’ այս ամենը ճշգրտորեն պատմվեց զարմացած ամբոխին: Այսքանով չբավարարված’ շատերը հավաքվեցին Հիսուսի շուրջը’ հարցնելով. «Վարդապե’տ, ե՞րբ եկար այստեղ”: Նրանք հույս ունեին անձամբ Նրանից լրացուցիչ տեղեկություններ ստանալ հրաշքի մասին: ԴՓ 460.2

Հիսուսը չբավարարեց նրանց հետաքրքրասիրությունը: Նա տխուր ասաց. «Դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որ հացից կերաք և կշ- տացաք»: Ազնիվ նպատակով չէ, որ նրանք փնտրում էին Նրան, այլ հացերն ուտելով Նրան միացան’ հուսալով հետագայում էլ աշխարհիկ բարիքներ ստանալ Նրանից: Փրկիչը պատվիրեց նրանց. «Գործեցե’ք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքի մեջ»: Մի’ փնտրեք միայն նյութական բարիքներ: Ձեր բոլոր ուժերը մի’ վատնեք ժամանակավոր կարիքների բավարարման համար, այլ որոնեք հոգևոր սնունդ’ հենց այն իմաստությունը, որ կմնա հավիտենական կյանքի մեջ: Դա միայն Աստծո Որդին կարող է տալ, «որովհետև Աստված Հայրը կնքեց նրան»: [385] ԴՓ 460.3

Ունկնդիրների հետաքրքրությունը մի պահ շարժվեց, և նրանք գոչեցին. «Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք»: Նրանք կատարում էին շատ և խիստ ծանր գործեր, որպեսզի կարողանային հաճո լինել Աստծուն, և պատրաստ էին ընդունելու ցանկացած ծիսակատարություն, որն իրենց ավելի մեծ արժանիքներ կապահովեր: Նրանց հարցի իմաստն այս էր. «Ի՞նչ պետք է անենք, որպեսզի արժանանանք երկնքին: Ի՞նչ գին է պահանջվում վճարելու’ գալիք կյանքը ձեռք բերելու համար»: ԴՓ 461.1

«Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասաց. Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց»: Երկնքի գինը Հիսուսն է: Հավերժական կյանքը ձեռք է բերվում հավատով դեպի «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): ԴՓ 461.2

Բայց ժողովուրդը չկամեցավ ընդունել աստվածային ճշմարտության այս դրույթը: Հիսուսը կատարեց այն ամենը, ինչ Մեսիայի մասին կանխագուշակել էին մարգարեները, և նրանք այդպես էլ չտեսան իրենց փայփայած եսասիրական երազանքների իրականացումը: Քրիստոսն իրականում ընդամենը մեկ անգամ բազմությանը կերակ- րեց գարու հացերով, բայց Մովսեսի ժամանակ Իսրայելը քառասուն տարի սնվել էր մանանայով, և Մեսիայից շատ ավելի մեծ օրհնություններ էին սպասվում: Խիստ դժգոհ’ նրանք հարց էին տալիս. «Եթե Հիսուսը կարողանում է այնպիսի հրաշքներ գործել, որոնց իրենք ականատես են եղել, մի՞թե չի կարող առողջություն, ուժ և հարստություն տալ Իր ողջ ժողովրդին և ազատելով իր կեղեքիչներից’ փառքով ու իշխանությամբ պսակել նրան”: Այն փաստը, որ Նա Իրեն Աստծո Առաքյալն է կոչում’ հրաժարվելով, սակայն, դառնալ Իսրայելի թագավորը, մի գաղտնիք էր, որի մեջ նրանք անկարող էին թափանցել: Նրա հրաժա- րականը սխալ մեկնաբանվեց: Շատերն այն եզրակացության եկան, որ Նա չի համարձակվում պաշտպանել Իր իրավունքները, որովհետև Ինքն էլ է կասկածում Իր առաքելության աստվածային էությանը: Այդպես նրանք տեղ տվին անհավատությանը, և սատանայի ցանած սերմը պտուղ բերեց իր տեսակի պես, այն է’ թյուրիմացություն և ուրացություն: ԴՓ 461.3

Ահա մի վարդապետ ծաղրանքով հարցնում է. «Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք և հավատանք. ի՞նչ ես գործում: Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպես գրված է’ Երկնքից հաց տվավ նրանց ուտելու”: [386] ԴՓ 462.1

Հրեաները փառաբանում էին Մովսեսին’ կարծելով, թե նա էր իրենց մանանա տվողը: Իսկ Նրան, ով գործել էր այդ հրաշքը, աչքաթող էին արել: Նրանց հայրերը դժգոհել էին Մովսեսից, կասկածի ենթարկել և ժխտել նրա աստվածային առաքելությունը: Հիմա էլ նույն ոգով զավակներն էին մերժում Նրան, ով Աստծո լուրն էր բերել նրանց: Հիսուսն էլ նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Մովսեսը չէր, որ տվեց ձեզ այն հացը երկնքից”: Մանանա տվողը կանգնած էր նրանց մեջ: Հենց Ինքը’ Քրիստոսն էր առաջնորդել հրեաներին անապատում և ամեն օր կերակրել նրանց երկնային հացով: Այդ կերակուրն իսկական երկնային հացի խորհրդանշանն էր: Իսկական մանանան այն կենսատու Հոգին էր, որ բխում էր Աստծո անսահման լիությունից: Հիսուսն ասաց. «Աստծո հացը Նա է, որ երկնքից է իջնում, և որ աշխարհին կյանք է տալիս” (Հովհաննես 6.33): ԴՓ 462.2

Դեռևս կարծելով, թե սովորական հացն է Հիսուսն ակնարկում’ Նրա ունկընդիրներից ոմանք գոչեցին. «Տե’ր, ամեն ժամանակ տու’ր մեզ այդ հացը»: Այն ժամանակ Հի- սուսը պարզ ասաց. «Ես եմ կյանքի հացը»: ԴՓ 462.3

Քրիստոսի օգտագործած պատկերավոր արտահայտությունը ծանոթ էր հրեաներին: Մովսեսը, Սուրբ Հոգուց ներշնչված, ասել է. «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Իսկ Երեմիա մարգարեն գրել է. «Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ» (Երկրորդ Օրինաց 8.3, Երեմիա 15.16): Վարդապետներն իրենք էլ գտնում էին, որ հաց ուտելու հոգևոր նշանակությունը օրենքի ուսումնասիրությունն է և բարի գործերի կատարումը, և հաճախ ասում էին, թե Մեսիայի գալստյան ժամանակ ողջ Իսրայելը կկերակրվի: Մարգարեների ուսմունքը բացահայտեց հացերի հրաշքի հոգևոր խոր նշանակությունը: Այս դասի իմաստն էր Քրիստոսը ձգտում բացատրել Իր ունկնդիրներին ժո- ղովարանում: Եթե նրանք հասկացած լինեին Գրքերը, կհասկանային նաև Նրա խոսքերը, երբ Նա ասաց. «Ես եմ կյանքի հացը”: Ընդամենը մեկ օր առաջ էր ուժասպառ և հոգնած հսկայական բազմությունը կշտացել Նրա տված հացով: Ինչպես նրանք այդ հացից էին մարմնական ուժ և թարմություն ստացել, այնպես էլ Քրիստոսից կարող էին հոգևոր ուժ ստանալ հավիտենական կյանքի համար: «Ինձ մոտ եկողը չի սովի,- ասաց Նա,- և ինձ հավատացողը երբեք չի ծարավի»: Սակայն ավելացրեց. «Տեսաք էլ ինձ, և չեք հավատում»: ԴՓ 462.4

Նրանք տեսել էին Քրիստոսին Սուրբ Հոգու վկայությամբ, իրենց տրված Աստծո հայտնությամբ: Նրանք ամեն օր տեսել էին Նրա զորության կենդանի ապացույցները, բայց էլի նշան էին պահանջում: Եվ եթե այդ նշանն էլ տրվեր նրանց, միևնույնն է, նրանք առաջվա պես անհա- վատ կմնային: Եթե նրանք չէին համոզվում այն ամենով, ինչ տեսել և լսել էին, ապա իմաստ չուներ այլևս ավելի մեծ հրաշքներ ցույց տալ նրանց: Անհավատությունը միշտ էլ արդարացում կգտնի կասկածանքի համար և կհերքի նույնիսկ ամենածանրակշիռ ապացույցները: [387] ԴՓ 463.1

Քրիստոսը կրկին դիմեց այդ քար սրտերին: «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի»: Բոլոր նրանք, ովքեր հավա- տով կընդունեն Նրան, ինչպես ասաց Նա, հավիտենական կյանք կունենան: Ոչ մեկը չի կորչի: Փարիսեցիներն ու սադուկեցիները կարիք չունեն իրար հետ վիճելու գալիք կյանքի մասին: Մարդիկ այլևս չպետք է անհույս ողբան իրենց մահացածների համար: «Սա է ինձ ուղարկող Հոր կամքը, որ ով որ տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք ունենա. և ես վերջին օրը հարություն կտամ նրան»: ԴՓ 463.2

Բայց ժողովրդի առաջնորդները վիրավորվեցին, և ասում էին. «Չէ՞ որ սա Հիսուսն է’ Հովսեփի որդին, որի հորը և մորը ճանաչում ենք, ապա սա ինչպե՞ս է ասում’ ես երկնքից եմ իջել”: Ծաղրանքով հիշատակելով Հիսուսի համեստ ծագումը’ նրանք փորձեցին արթնացնել ժողովրդի նախապաշարումները: Նրանք արհամարհանքով ակնարկեցին, որ Նա մի գալիլեացի արհեստավոր է’ խեղճ ու աղքատ ընտանիքից: Նրանք ասացին, որ այս անկիրթ հյուսնի պահանջները արժանի չեն ուշադրության: Նկատի ունենալով Նրա խորհրդավոր ծննդյան մարդկային պարագաները’ նրանք զրպարտեցին Նրան որպես ապօրինի զավակի’ փորձելով խայտառակ ստվեր գցել Նրա կենսագրության վրա: ԴՓ 464.1

Հիսուսը չփորձեց բացատրել Իր ծննդյան գաղտնիքը: Նա ոչ մի պատասխան չտվեց այն հարցերին, թե ինչպես է իջել երկնքից և ինչպես քայլել ծովի վրայով: Նա ուշադրություն չհրավիրեց Իր կյանքը նշանավորող հրաշքների վրա: Հոժարակամ հրաժարվելով մեծարանքից’ Նա ծառայի կերպարանք էր ընդունել: Բայց Նրա խոսքերն ու գործերը վկայում էին Իր աստվածային էության մասին: Բոլոր նրանք, ում սրտերը բաց էին աստվածային լուսավորության համար, Նրա մեջ կճանաչեին «Հորից եղած միածնին’... շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.14): ԴՓ 464.2

Փարիսեցիների նախապաշարումները շատ ավելի խորն էին, քան կարելի էր դատել նրանց հարցերից: Այն սկիզբ էր առնում նրանց սրտերի ապականվածությունից: Հիսուսի ամեն մի խոսքը կամ գործողությունը թշնամություն էր առաջացնում նրանց մեջ, որովհետև նրանց փայփայած ոգին ոչ մի արձագանք չէր գտնում Նրա սրտում: ԴՓ 464.3

«Ոչ ով չի կարող ինձ մոտ գալ, եթե Հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշի նրան. և ես վերջին օրը հարություն կտամ նրան: Գրված է մարգարեների մեջ’ և ամենքն Աստծուց սովորած կլինեն. արդ ամեն, ով որ Հորից լսում և սովորում է, գալիս է ինձ մոտ”: Ոչ ոք չի կարող Քրիստոսի մոտ գալ’ բացի նրանցից, ովքեր արձագանքում են Հոր սիրո կանչին: Բայց Աստված դեպի Իրեն է ձգում բոլորին, և միայն նրանք, ովքեր հակառակվում են Նրա ազդեցությանը, կհրաժարվեն գալ Քրիստոսի մոտ: [388] ԴՓ 465.1

«Ամենքն Աստծուց սովորած կլինեն» խոսքերով Հիսու- սը վկայակոչում է Եսայիայի մարգարեությունը. «Եվ քո բոլոր որդիքը Տերից ուսված պիտի լինեն. և շատ պիտի լինի քո որդկանց խաղաղությունը” (Եսայիա 54.13): Այս տողերը հրեաները վերագրում էին իրենց: Նրանք պարծենում էին, որ Աստված իրենց ուսուցիչն է: Բայց Հիսուսը ցույց տվեց, թե որքան ունայն է այդ հավակնությունը’ ասելով. «Ամեն, ով որ Հորից լսում և սովորում է, գալիս է ինձ մոտ”: Միայն Քրիստոսի միջոցով նրանք կարող էին ճանաչել Հորը: Մարդկությունն անկարող է դիմանալ Նրա փառքի հայտնությանը: Ովքեր սովորել էին Աստծուց, լսում էին Նրա Որդու ձայնը, և Հիսուս Նազովրեցու մեջ կճանաչեին Նրան, ով բնության և հայտնության միջոցով ցույց էր տվել Հորը: ԴՓ 465.2

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի”: Սիրելի Հովհաննեսի միջոցով, ով անձամբ լսել էր այս խոսքերը, Սուրբ Հոգին հայտարարեց եկեղեցիներին. «Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այս կյանքը նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի» (Ա Հովհաննես 5.11,12): Եվ Հիսուսն ասաց. «Ես վերջին օրը հարություն կտամ նրան»: Քրիստոսը մեկ մարմին դարձավ մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք մեկ հոգի դառնալ Նրա հետ: Այս միության շնորհիվ է, որ մենք պիտի դուրս գանք գերեզմանից, և ոչ միայն այն պատճառով, որ Քրիստոսը կդրսևորի Իր զորությունը, այլ որովհետև հավատի միջոցով Նրա կյանքը դարձել է մերը: Նրանք, ովքեր ճանաչում են Քրիստոսին Իր ճշմարիտ էությամբ և ընդունում Նրան իրենց սրտի մեջ, հավիտենական կյանք ունեն: Հոգու միջոցով է, որ Քրիստոսը բնակվում է մեր մեջ, և հավատով սրտի մեջ ընդունված Աստծո Հոգին հավիտենական կյանքի սկիզբն է: ԴՓ 465.3

Ժողովուրդը Քրիստոսին հիշեցրեց մանանայի մասին, որն իրենց հայրերը կերել էին անապատում, կարծես այդ սննդի ապահովումն ավելի մեծ հրաշք էր, քան այն, ինչ Հիսուսն էր գործել: Բայց Նա ցույց է տալիս, թե որքան չնչին էր այդ պարգևն այն օրհնությունների համեմատ, որ Ինքն էր եկել շնորհելու: Մանանան կարող էր նպաստել միայն երկրային գոյությանը. այն չէր կարող հեռացնել մահը և ոչ էլ անմահություն էր ապահովում: Բայց երկնքի հացը կսնուցեր հոգին հավիտենական կյանքի համար: Փրկիչն ասաց. «Ես եմ կյանքի հացը: Ձեր հայրերը մանանան կերան անապատում և մեռան. Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտի, չի մեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել: Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի»: Այս պատկերավոր արտահայտությանը Քրիստոսն այժմ ավելացնում է մեկ ուրիշը: Միայն մահվան գնով Նա կարող է կյանք տալ մարդկանց և այն բառերով, որ հաջորդում են, Նա Իր մահը նշում է որպես փրկության միջոց: Նա ասում է. «Այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես այն աշխարհի կյանքի համար կտամ”: [389] ԴՓ 466.1

Հրեաները պատրաստվում էին Երուսաղեմում տոնելու Զատիկը’ ի հիշատակ Իսրայելի ազատագրման այն գիշերվա, երբ կործանող հրեշտակը ջախջախեց եգիպտա- ցիների տները: Աստված կամենում էր, որ նրանք Զատկի գառան մեջ տեսնեին Աստծո Գառին և նախակերպարի միջոցով ընդունեին Նրան, ով Իր կյանքը տվեց հանուն աշխարհի: Բայց հրեաները ողջ կարևորությունը տվել էին խորհրդանիշին, մինչդեռ դրա բուն նշանակությունն անտեսվել էր: Նրանք չնկատեցին Տիրոջ մարմինը: Քրիստոսի խոսքերում հնչեց այն նույն ճշմարտությունը, որ խորհրդանշված էր Զատկի արարողության մեջ: Բայց այն դեռևս չէր ընկալվել: ԴՓ 466.2

Այստեղ վարդապետները զայրացած բացականչե- ցին. «Սա ինչպե՞ս կարող է տալ մեզ ուտելու իր մարմինը”: Նրանք ձևացրեցին, թե Նրա խոսքերը տառացիորեն են հասկանում, ինչպես Նիկոդեմոսը, երբ հարցրել էր. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, որ ծեր է” (Հովհաննես 3.4): Նրանք որոշ չափով ըմբռնում էին Հիսուսի խոսքերի նշանակությունը, բայց չէին ուզում խոստովանել այն: Սխալ մեկնաբանելով Նրա խոսքերը’ նրանք հույս ունեին ժողովրդին հրահրել Նրա դեմ: ԴՓ 467.1

Քրիստոսը չմեղմացրեց Իր ավելի պատկերավոր ար- տահայտությունը: Նա կրկնեց ճշմարտությունն էլ ավելի խիստ բառերով. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մարդի Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում: Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը հարություն կտամ նրան: Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է: Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում, և ես’ նրանում»: ԴՓ 467.2

Ուտել Քրիստոսի մարմինը և խմել Նրա արյունը’ նշանակում է ընդունել Նրան որպես անձնական Փրկիչ’ հավատալով, որ Նա ներում է մեր մեղքերը, և որ մենք կատարյալ ենք Նրանում: Նրա սերը տեսնելով, այդ սիրուն ապավինելով և այն խմելով է, որ մենք կարող ենք հաղորդակից լինել Նրա բնությանը: Ինչ որ կերակուրն է մարմնի համար, նույնն էլ Քրիստոսը պետք է լինի հոգու համար: Կերակուրը մեզ օգուտ չի տա, մինչև չուտենք այն, մինչև այն չդառնա մեր էության մասնիկը: Այդպես էլ Քրիստոսը ոչ մի արժեք չի ունենա մեզ համար, եթե չընդունենք Նրան որպես անձնական Փրկիչ: Տեսական գիտելիքները մեզ օգուտ չեն տա: Մենք պետք է սնվենք Նրանով, պետք է սրտի մեջ ընդունենք Նրան այնպես, որ Նրա կյանքը դառնա մերը: Մենք պետք է յուրացնենք Նրա սերը, Նրա շնորհը: ԴՓ 467.3

Բայց նույնիսկ այս խորհրդապատկերները չեն կարող լիարժեք պատկերացում ստեղծել Քրիստոսի հետ հաղորդակցվելու հավատացյալների առավելության մասին: Հի- սուսն ասաց. «Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր համար, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար»: Ինչպես Աստծո Որդին էր Հոր հավատով ապրում, այնպես էլ մենք պետք է ապրենք Քրիստոսի հավատով: Այնքան լիակատար էր Քրիստոսի հնազանդությունը Աստծո կամքին, որ միայն Հայրն էր արտացոլվում Նրա կյանքում: Ու թեև Նա ամեն ինչով փորձվեց մեր նման, բայց անարատ պահեց Իրեն աշխարհում տիրող համատարած ապականությունից: Ինչպես Քրիստոսը հաղթեց, այնպես էլ մենք պիտի հաղթենք: [390] ԴՓ 468.1

Դուք Քրիստոսի հետևո՞րդն եք: Այդ դեպքում այն ամենը, ինչ գրված է հոգևոր կյանքի մասին, գրված է ձեզ համար, և միանալով Հիսուսի հետ’ դուք կարող եք յուրացնել դրանք: Ձեր եռանդը նվազե՞լ է, ձեր առաջին սերը սառե՞լ է: Նորի’ց ընդունեք Քրիստոսի կողմից առաջարկվող սերը: Կերե’ք Նրա մարմինը, խմե’ք Նրա արյունը, և դուք մեկ կդառնաք Հոր և Որդու հետ: ԴՓ 468.2

Անհավատ հրեաները ցանկացան տառացիորեն հասկանալ Փրկչի խոսքերը և ոչ այլ կերպ: Ծիսական օրենքն արգելում էր նրանց արյուն օգտագործել սննդի մեջ, ուստի նրանք սրբապղծություն համարեցին Քրիստոսի խոսքերը և սկսեցին իրար մեջ քննարկել դրանք: Շատերը և նույնիսկ աշակերտներից ոմանք, ասացին. «Խիստ է այդ բանը. ո՞վ կարող է լսել դա»: ԴՓ 468.3

Փրկիչը պատասխանեց նրանց. «Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ: Ապա ի՞նչ եք մտածելու, եթե մարդի Որդուն տեսնեք վեր գնալիս, ուր որ առաջ էր: Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն բանը որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք»: ԴՓ 469.1

Քրիստոսի կյանքը, որ կյանք է տալիս աշխարհին, Նրա խոսքի մեջ է: Իր խոսքով էր Հիսուսը բուժում հիվանդությունը և հանում դևերին: Իր խոսքով Նա հանդարտեցրեց ծովը և հարություն տվեց մեռածներին, և մարդիկ իրենք էլ վկայեցին, որ Նրա խոսքը զորությամբ էր օժտված: Նա Աստծո խոսքն էր ասում, ինչպես որ խոսել էր Հին Կտակարանի բոլոր մարգարեների և ուսուցիչների միջոցով: Ամբողջ Աստվածաշունչը Քրիստոսի հայտնությունն է, և Փրկիչն ուզում էր Իր հետևորդների հավատն ուղղել խոսքի վրա: Երբ նրանք զրկվեին Նրա տեսանելի ներկայությունից, Խոսքը զորության աղբյուր պիտի դառնար նրանց համար: Իրենց Տիրոջ նման’ նրանք պիտի ապրեին «ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից” (Մատ- թեոս 4.4): ԴՓ 469.2

Ինչպես սնունդն է կյանք տալիս մեր մարմնին, այնպես էլ Աստծո խոսքն է կյանք տալիս մեր հոգուն: Եվ յուրաքանչյուր հոգի պետք է անձամբ կյանք ստանա Աստծո խոսքից: Ինչպես մենք ինքներս ենք ուտում, որպեսզի սնունդ ստանանք, այնպես էլ պիտի խոսքն ինքներս ստանանք: Մենք չպետք է ընդունենք այն մեկ ուրիշի մտքի միջնորդությամբ, այլ պետք է ինքներս ուշադիր ուսումնասիրենք Աստվածաշունչը’ խնդրելով Աստծուց Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի կարողանանք հասկանալ Նրա խոսքը: Մենք պետք է վերցնենք մի տեքստ և մեր ամբողջ միտքը կենտրոնացնենք դրա վրա, որպեսզի հասկանանք, թե դրանով ինչ է ուզում ասել մեզ Աստված: Մենք պետք է խորհենք այդ մասին այնքան ժամանակ, մինչև որ այն դառնա մերը, և մենք իմանանք, թե «ինչ է ասում Տերը”: ԴՓ 469.3

Իր խոստումներում և զգուշացումներում Հիսուսը նկատի ունի նաև ինձ: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն, որպեսզի ես, հավատալով Նրան, չկորչեմ, այլ հավիտենական կյանք ունենամ: Աստծո խոսքում զետեղված փորձերը պետք է իմ սեփականը դառնան: Իմն են աղոթքը և խոստումը, պատվիրանը և նախազգուշացումը: «Ես Քրիստոսի հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում, և որ հիմա կենդանի եմ մարմնով, Աստծո Որդու հավատով եմ կենդանի, որ ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատացիս 2.20): Երբ հավատն այսպի- սով ստանում և յուրացնում է ճշմարտության սկզբունքները, դրանք դառնում են գոյության անբաժանելի մասը և կյանքի շարժիչ ուժը: Հոգու մեջ ընդունված Աստծո խոսքը սկսում է կարգավորել մտքերը և զարգացնել բնավորությունը: [391] ԴՓ 470.1

Եթե հավատի աչքերով անդադար նայենք Հիսուսին’ կզորանանք: ԴՓ 470.2

Աստված Իր ամենաթանկ հայտնությունները կտա Իր քաղցած և ծարավ ժողովրդին: Մարդիկ կտեսնեն, որ Քրիստոսն իրենց անձնական Փրկիչն է: Երբ նրանք սնվում են Նրա խոսքով, հասկանում են, որ այն հոգի և կյանք է: Խոսքը ոչնչացնում է բնական, աշխարհիկ էությունը և նոր կյանք տալիս Հիսուս Քրիստոսով: Սուրբ Հոգին’ որպես Մխիթարիչ, բնակվում է սրտի մեջ: Նրա շնորհի վերափո- խիչ զորությամբ հավատացյալի մեջ վերականգնվում է Աստծո պատկերը, և նա դառնում է նոր արարած: Սերը փոխարինում է ատելությանը, և սիրտն աստվածային նմանություն է ձեռք բերում: Ահա թե ինչ է նշանակում ապրել «ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Հենց սա է նշանակում ուտել այն հացը, որ երկնքից է իջնում: ԴՓ 470.3

Քրիստոսը հայտնեց սրբազան և հավիտենական մի ճշմարտություն, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Իր և Իր հետևորդների միջև: Նա գիտեր նրանց բնավորությունը, ովքեր իրենց Իր աշակերտներն էին համարում, և Նրա խոսքերը փորձում էին նրանց հա- վատը: Նա հայտարարեց, որ նրանք պետք է հավատային և գործեին Իր ուսմունքի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր կընդունեին Նրան, պետք է հաղորդակից լինեին Նրա էությանը և ձեռք բերեին Նրա բնավորությունը: Դա նշանակում է, որ նրանք պետք է հրաժարվեին իրենց փառասիրական ձգտումներից և ամբողջությամբ անձնատուր լինեին Հիսուսին: Նրանք կոչված էին դառնալու անձնազոհ, հեզ և սրտով խոնարհ: Նրանք պիտի քայլեին այն նեղ արահետով, որով անցել էր Գողգոթայի Հերոսը, եթե ուզում էին ժառանգել երկնային փառքը և ստանալ հավիտենական կյանքի պարգևը: ԴՓ 470.4

Փորձությունը չափազանց ծանր էր: Նրանք, ովքեր կամենում էին բռնությամբ Նրան թագավոր կարգել, կորցրին իրենց խանդավառությունը: Ժողովարանում տեղի ունեցած այն զրույցը, նրանց ասելով, բացեց իրենց աչքե- րը: Հիմա նրանք մոլորված չէին: Նրանց կարծիքով’ Նրա խոսքերն ուղղակիորեն վկայում էին, որ Նա Մեսիան չէ, և որ կապվելով Նրա հետ’ հազիվ թե կարողանային աշխարհիկ բարիքներ ստանալ: Նրանք ջերմորեն ողջունում էին Նրա հրաշագործ զորությունը և փափագում էին ազատվել հիվանդություններից ու տառապանքներից, բայց նրանց դուր չէր գալիս Նրա անձնազոհ կյանքը: Նրանց չէր հե- տաքրքրում այն խորհրդավոր հոգևոր թագավորությունը, որի մասին Նա խոսում էր: Կեղծ ու եսասեր մարդիկ, ովքեր միշտ ձգտել էին Նրա հետ լինել, այլևս չէին ցանկանում ճանաչել Նրան: Եթե Նա չէր բանեցնելու Իր զորությունն ու ազդեցությունը’ հռոմեացիներից իրենց ազատագրելու համար, Նա այլևս պետք չէր իրենց: [392] ԴՓ 471.1

Հիսուսը նրանց պարզ ասաց. «Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում», և ավելացրեց. «Դրա համար ասացի ձեզ, թե ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե իմ Հորից տրված չլինի նրան”: Նա ուզում էր հասկացնել նրանց, որ նրանք չեն կամենում ընդունել Իրեն միայն այն պատճառով, որ նրանց սրտերը բաց չեն Սուրբ Հոգու համար: «Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև դրանք հիմարություն են նրա համար, և չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում” (Ա Կորնթացիս 2.14): Հոգին միայն հավատով կարող է տեսնել Հիսուսի փառքը: Այս փառքն անտեսանելի է, քանի դեռ Սուրբ Հոգին հավատ չի բոցավառել հոգու մեջ: ԴՓ 471.2

Իրենց անհավատության բացահայտ հանդիմանությունն այս աշակերտներին ավելի օտարացրեց Հիսուսից: Նրանք անչափ դժգոհ էին: Կամենալով վիրավորել Փրկչին ու խրախուսել փարիսեցիների չարակամությունը’ նրանք արհամարհանքով շուռ եկան և հեռացան Նրանից: Նրանք արդեն կատարել էին իրենց ընտրությունը’ անշունչ ձևականությունը’ մղեղը, գերադասել էին հատի- կից: Նրանց որոշումն այլևս երբեք չփոխվեց, որովհետև նրանք արդեն լքել էին Հիսուսին: ԴՓ 472.1

«Որ հոսելին նրա ձեռքին է, և նա կսրբի իր կալը և իր ցորենը կհավաքի շտեմարանը” (Մատթեոս 3.12): Սա մաղելու ժամանակներից մեկն էր: Ճշմարտության խոսքերը բաժանեցին ցորենը հարդից: Եվ քանի որ չափազանց մեծամիտ և ինքնահավան էին’ հանդիմանությունն ընդունելու, և չափազանց նյութապաշտ’ համեստ ապրելու համար, շատերը երես թեքեցին Հիսուսից: Այսօր էլ շատերը նույն կերպ են վարվում: Մարդիկ այսօր էլ փորձվում են նույն ձևով, ինչպես աշակերտները Կափառնայումի ժողովարանում: Երբ ճշմարտությունը դիպչում է սրտին, մարդիկ տեսնում են, որ իրենց կյանքը չի համապատասխանում Աստծո կամքին: Նրանք հասկանում են, որ պետք է ամբողջովին փոխեն իրենց կյանքը, սակայն չեն ուզում ուրանալ իրենց անձը: Դրա համար էլ բարկանում են, երբ բացահայտվում են իրենց մեղքերը: Աշակերտների պես վիրավորված’ նրանք լքում են Հիսուսին’ տրտնջալով. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դա”: ԴՓ 472.2

Նրանք հաճույքով կլսեին գովասանքի ու շողոքոր- թության խոսքեր, բայց ճշմարտությունն անցանկալի էր. նրանք չէին կարող լսել այն: Երբ ամբոխները, հետևելով Նրան, կերակրվում էին, և լսվում էին ցնծության աղաղակները, նրանք բարձրացնում էին իրենց ձայնը’ գովեր- գելու Նրան, բայց երբ Աստծո զննող Հոգին բացահայտում էր նրանց մեղքը և դրդում հրաժարվել դրանից, նրանք երես էին թեքում ճշմարտությունից և թողնում Հիսուսին: ԴՓ 473.1

Երբ այդ դժգոհ աշակերտները հեռացան Քրիստոսից, մի ուրիշ հոգի սկըսեց իշխել նրանց: Նրանք հրապուրիչ ոչ մի բան չտեսան Նրանում, ով բոլորովին վերջերս այդքան հետաքրքրել էր իրենց: Նրանք միացան Հիսուսի թշնամիներին, որովհետև նույն մտքերն ու ոգին ունեին, ինչ որ նրանք: Սխալ մեկնաբանելով Նրա խոսքերը’ նրանք կեղծեցին և աղավաղեցին Նրա պընդումներն ու շարժառիթները: Հավաքելով ամեն տեսակի լուրեր, որոնք կարող էին վկայել Նրա դեմ’ նրանք արդարացնում էին իրենց վարքը, և այդ կեղծ լուրերն այնպիսի զայրույթ էին առաջացնում, որ Նրա կյանքը վտանգի մեջ էր: [393] ԴՓ 473.2

Արագորեն լուրեր տարածվեցին, որ Հիսուս Նազովրե- ցին անձամբ խոստովանել է, որ Ինքը չէ Մեսիան: Եվ այդ- պիսով’ Գալիլեայում, ինչպես Հրեաստանում մեկ տարի առաջ, հասարակական կարծիքը փոխվեց Նրա դեմ: Վա՜յ Իսրայելին: Նրանք մերժեցին իրենց Փրկչին, որովհետև սպասում էին մի նվաճողի, ով աշխարհիկ իշխանություն կտար իրենց: Նրանք ուզում էին կորչող կերակուրը և ոչ այն, որը հավիտենական կյանք է տալիս: ԴՓ 473.3

Սրտի կսկիծով Հիսուսը տեսավ, թե ինչպես նրանք, որ Իր աշակերտներն են եղել, հեռանում են Իրենից’ մարդկության Կյանքից և Լույսից: Մի աննկարագրելի վիշտ պատեց Նրան, երբ զգաց, որ Իր կարեկցանքը չի գնահատվել, Իր սերն անպատասխան է մնացել, Իր ողորմությունն արհամարհվել, և Իր փրկությունը մերժվել է: Հենց այսպիսի դեպքերն էին, որ Նրան դարձրին վշտերի մարդ’ ցավի տեղյակ: ԴՓ 473.4

Առանց փորձելու հետ պահել նրանց, ովքեր լքում էին Իրեն’ Հիսուսը դիմեց տասներկուսին և ասաց. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ”: ԴՓ 474.1

Պետրոսը պատասխանեց հարցով. «Տե’ր, ո՞ւմ մոտ գնանք”: «Հավիտենական կյանքի խոսքեր ունես դու,- ավելացրեց նա,- և մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը’ կենդանի Աստծո Որդին»: ԴՓ 474.2

«Ո՞ւմ մոտ գնանք”: Իսրայելի վարդապետները ձևամոլության ստրուկներ էին: Փարիսեցիներն ու սադուկեցիները մշտական վեճի մեջ էին: Լքել Հիսուսին’ կնշանակեր միանալ ծեսերի և արարողությունների մոլի կողմնակից և գոռոզ մարդկանց, ովքեր միայն իրենց փառքն էին որո- նում: Քրիստոսին ընդունելուց հետո աշակերտներն ավելի շատ խաղաղություն և ուրախություն էին գտել, քան իրենց ողջ անցյալ կյանքում: Ինչպե՞ս կարող էին վերադառնալ նրանց մոտ, ովքեր արհամարհել և հալածել էին մեղավորների Բարեկամին: Նրանք երկար էին սպասել Մեսիային, հիմա Նա եկել էր, և իրենք չէին հեռանա Նրանից, որպեսզի գնան նրանց մոտ, ովքեր ուզում են վերջ տալ Նրա կյանքին և հալածում են իրենց’ Նրա հետևորդները դառնալու պատճառով: ԴՓ 474.3

«Ո՞ւմ մոտ գնանք”: Քրիստոսի ուսմունքից, Նրա սիրո և ողորմության դասերից նրանք չէին հեռանա դեպի անհավատության խավարն ու աշխարհի ամբարշտությունը: Մինչ շատերը, ովքեր ականատես էին եղել Նրա հրաշքներին, լքեցին Փրկչին, Պետրոսն արտահայտեց աշակերտների հավատը. «Դու ես Քրիստոսը»: Միտքն անգամ, որ կարող էին կորցնել իրենց հոգիների խարիսխը, սարսափ ու ցավ էր պատճառում նրանց: Զրկվել Փրկչից’ կնշանակեր հայտնվել խավար և կատաղած ծովի ալիքների մեջ: ԴՓ 474.4

Հիսուսի խոսքերից ու գործողություններից շատերը խորհրդավոր են թվում սահմանափակ մտքի տեր մարդկանց, բայց ամեն մի խոսքն ու քայլը որոշակի նպատակ ունեին մեր փրկության գործում, ամեն ինչ կշռադատված էր և իր որոշակի արդյունքը պիտի տար: Եթե մենք ընդունակ լինեինք հասկանալու Նրա ծրագրերը, ապա կտեսնեինք, որ դրանք բոլորն էլ կարևոր ու կատարյալ են և լիովին համապատասխանում են Նրա առաքելությանը: [394] ԴՓ 475.1

Թեև այժմ անկարող ենք ըմբռնել Աստծո գործերն ու ճանապարհները, մենք ի վիճակի ենք տեսնելու Նրա մեծ սերը, որն ընկած է մարդկանց հետ Նրա բոլոր հարաբերությունների հիմքում: Նա, ով ապրում է Հիսուսի հետ, կսկսի հասկանալ աստվածապաշտության խորհուրդը: Նա կճանաչի այն ողորմությունը, որ հանդիմանում է, փորձում է բնավորությունը և բացահայտում սրտի խորհուրդները: ԴՓ 475.2

Երբ Հիսուսը ներկայացրեց այն փորձող ճշմարտությունը, որն Իր աշակերտներից շատերին ստիպեց թողնել Իրեն, Նա գիտեր, թե ինչ հետևանք պիտի ունենային Իր խոսքե- րը: Բայց Նա ողորմության նպատակ ուներ իրագործելու: Նա կանխատեսում էր, որ նեղության ժամին Իր սիրելի աշակերտներից ամեն մեկը պետք է դաժան փորձության ենթարկվի: Նրա հոգեվարքը Գեթսեմանում, Նրա մատնությունն ու խաչելությունը ամենածանր փորձությունը պիտի լինեին նրանց համար: Եթե նախնական փորձություն չլիներ, նրանցից շատերը, ովքեր զուտ եսասիրական նպատակներ էին հետապնդում, կմնային նրանց հետ: Երբ նրանց Տերը մեղադրվեր դատարանի դահլիճում, երբ այն բազմությունը, որ ուզում էր Նրան թագավոր հռչակել, սուլոցներով անարգեր և խայտառակեր Նրան, երբ խուժան ամբոխը բղավեր. «Խաչե’ք դրան», այս եսասեր մարդիկ, հիասթափված իրենց փառասիրական ձգտումներում, Հիսուսի հանդեպ իրենց հավատարմությունն ուրանալով՝ դառը և սրտամաշ վիշտ կպատճառեին աշակերտներին’ սաստկացնելով նրանց ամենավսեմ երազանքների խորտակման կսկիծն ու հուսախաբությունը: Փորձության այդ ժամին շատերը կհետևեին նրանց օրինակին, ովքեր լքեցին Նրան: Բայց Հիսուսն այս ճգնաժամը թույլ տվեց այն ժամանակ, երբ Իր անձնական ներկայությամբ դեռևս կարող էր ամրապնդել Իր ճշմարիտ հետևորդների հավատը: ԴՓ 475.3

Բարեգութ Փրկիչը, քաջ գիտենալով, թե ինչ է սպասվում Իրեն, հոգատար կերպով հարթեցրեց աշակերտների ճանապարհը, նախապատրաստեց նրանց վերջնական քննությանը և զորացրեց նրանց ամենավճռական փորձության համար: [395] ԴՓ 476.1