ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

37/87

Գլուխ 37. - Առաջին ավետարանիչները

(Մատթեոս 10, Մարկոս 6.7-11, Ղուկաս 9.1-6)

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ Հիսուսի ընտանիքի անդամներն էին և ուղեկցում էին Նրան, երբ Նա ճամփորդում էր Գալիլեա- յում: Նրանք կիսում էին Նրա ծանր աշխատանքներն ու դժվարությունները, լսում Նրա խոսքերը, քայլում և զրուցում Աստծո Որդու հետ և Նրա ամենօրյա խրատներից սովորում, թե ինչպես վեհացնեն անկյալ մարդկությանը: Երբ Հիսուսը ծառայում էր Իր շուրջը հավաքված հոծ բազմություններին, Նրա աշակերտներն ունկնդրում էին Նրան’ միշտ պատրաստ կատարելու Նրա պատվերները և թեթևացնելու Նրա աշխատանքը: Նրանք կարգի էին հրավիրում ժողովըրդին, օգնում տառապյալներին’ Փրկչի մոտ բերելով նրանց, և մխիթարում էին բոլորին: Առավել հետաքրքրասեր ունկնդիրներին նրանք բացատրում էին Գրքերը և ամեն կերպ աշխատում ծառայել նրանց հոգևոր բարօրությանը: Նրանք սովորեցնում էին այն, ինչ սովորել էին Հիսուսից, և օրեցօր հարուստ փորձ էին ձեռք բերում: Բայց նրանց նաև միայնակ աշխատելու փորձ էր հարկավոր: Նրանք դեռ շատ բան ունեին սովորելու և մեծ համբերություն ու քնքշություն ձեռք բերելու կարիք էին զգում: Հիմա, երբ Նա անձամբ նրանց հետ էր և կարող էր ցույց տալ նրանց սխալները, խորհուրդներ տալ և ուղղել, Փրկիչն ուղարկում է նրանց որպես Իր ներկայացուցիչներ: ԴՓ 417.1

Քանի դեռ աշակերտները Նրա հետ էին, նրանց հաճախ շփոթեցնում էր քահանաների և փարիսեցիների վարդապետությունը, բայց նրանք իրենց կասկածները հայտնում էին Հիսուսին: Նա ցույց էր տալիս նրանց Սուրբ Գրոց ճշմարտությունները’ հակառակ ավանդության: Այդպես Նա ամրացնում էր նրանց հավատն Աստծո խոսքի նկատ- մամբ և արդեն գրեթե ազատել էր նրանց վարդապետների վախից ու ավանդույթների գերությունից: Աշակերտների դաստիարակության մեջ Փրկչի կյանքի օրինակը շատ ավելի արդյունավետ էր, քան որևէ զուտ դավանաբանական ուսուցում: Երբ նրանք բաժանվեցին Նրանից, Նրա ամեն մի հայացքը, ձայներանգը և խոսքը վերակենդանացան նրանց հիշողության մեջ: Ավետարանի թշնամիների հետ բախվելիս’ նրանք հաճախ կրկնում էին Նրա խոսքերը և տեսնելով, թե ինչպես են դրանք ազդում մարդկանց վրա’ մեծ բերկրանք էին ապրում: [350] ԴՓ 417.2

Իր մոտ կանչելով տասներկուսին’ Հիսուսը պատվիրեց նրանց զույգ-զույգ գնալ և շրջել քաղաքներն ու գյուղերը: Ոչ ոք չէր ուղարկվում միայնակ, այլ եղբայրը եղբոր հետ, ընկերը’ ընկերոջ: Այդպես նրանք կարող էին քաջալերել մեկը մյուսին’ միասին խորհրդակցելով և աղոթելով, և մեկի ուժը կարող էր փոխարինել մյուսի թուլությանը: Նույն ձևով էլ Նա հետագայում ուղարկեց յոթանասուն աշակերտներին: Փրկչի նպատակն էր, որ հենց այսպես աշխատեին ավետարանի լրաբերները: Մեր օրերում ավե- տարանչական աշխատանքը շատ ավելի մեծ հաջողություններ կունենա, եթե միշտ հետևենք այս օրինակին: ԴՓ 418.1

Աշակերտները նույն լուրն էին քարոզում, ինչ որ Հովհաննես Մկրտիչը և Ինքը’ Քրիստոսը. «Երկնքի արքայությունը մոտեցել է»: Նրանք չպետք է վիճեին մարդկանց հետ’ փորձելով ապացուցել, որ Հիսուս Նազովրեցին Մեսիան է, բայց Նրա անունով պիտի կատարեին ողորմութ- յան այն նույն գործերը, ինչ որ Նա էր արել: Նա պատվիրեց նրանց. «Հիվանդներին բժշկեցե’ք, բորոտներին սրբեցեք, մեռելներին հարուցե’ք, դևերին հանեցե’ք ձրի առել եք’ ձրի’ տվեք”: ԴՓ 418.2

Իր ծառայության ընթացքում Հիսուսն ավելի շատ ժամանակ նվիրում էր հիվանդներին բուժելուն, քան քարոզ- ներին: Նրա հրաշքները վկայում էին Իր խոսքերի ճշմարտացիությունը, թե Նա եկել էր ոչ թե կործանելու, այլ փրկելու: Նրա առջևից գնում էր Իր արդարությունը, իսկ հետևից’ Տիրոջ փառքը: Ուր էլ որ Նա գնար, Նրա ողոր- մության լուրերն Իրենից առաջ էին տեղ հասնում: Որտեղով էլ որ անցներ, Նրա կարեկցանքին արժանացածները հրճվում էին իրենց առողջությամբ և փորձում իրենց վերագտած ուժերը: Մարդիկ նրանց շուրջն էին հավաքվում’ լսելու նրանց շուրթերից Տիրոջ գործերի մասին: Շատերն իրենց կյանքում առաջին անգամ լսում էին հենց Նրա ձայնը, Նրա անունն էին արտասանում’ խոսելով կյանքում առաջին անգամ, և Նրա դեմքն էր շատերի տեսած առաջին պատկերը: Եվ ինչո՞ւ չպետք է սիրեին Հիսուսին և փառաբանեին Նրան: Գյուղերն ու քաղաքները շրջելով’ Նա նման էր մի կենարար հոսանքի, որ կյանք և ուրախություն էր տանում ամենուր: [351] ԴՓ 418.3

Քրիստոսի հետևորդները պետք է աշխատեն այնպես, ինչպես Նա էր աշխատում: Մենք պետք է կերակրենք քաղցածներին, հագցնենք մերկերին և սփոփենք տառապյալներին ու դժբախտներին: Մենք պետք է ծառայենք վհատներին և հույս ներշնչենք հուսահատվածներին: Այն ժամանակ մեզ էլ կվերաբերի այս խոստումը. «Քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ հետևից» (Եսայիա 58.8): Անշահախնդիր ծառայության մեջ դրսևորված Քրիստոսի սերն ավելի շուտ կվերափոխի չարագործին, քան սուրը կամ դատարա- նը: Սրանք անհրաժեշտ են հանցագործներին վախեցնելու համար, բայց սիրող ավետարանիչը ավելին կարող է անել: Հաճախ սիրտը ավելի է խստանում հանդիմանությունից, բայց Քրիստոսի սերը փափկացնում է այն: Ավետարանիչը պետք է ոչ միայն թեթևացնի մարմնական հիվանդությունները, այլև մեղավորին առաջնորդի դեպի Մեծ Բժիշկը, ով կարող է հոգին էլ սրբել մեղքի բորոտությունից: Աստված կամենում է, որ Իր ծառաների միջոցով բոլոր հիվանդները, դժբախտներն ու դիվահարները լսեն Իր ձայնը: Մարդկանց’ Իր աշխատակիցների օգնությամբ, Նա ուզում է այնպիսի Մխիթարիչ լինել, որպիսին աշխարհը երբեք չի ճանաչել: ԴՓ 419.1

Աշակերտներն իրենց առաքելական առաջին ուղևորության ժամանակ պետք է գնային միայն «Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»: Եթե նրանք ավետարանը սկզբում քարոզեին հեթանոսներին և սամարիացիներին, ապա կկորցնեին իրենց ազդեցությունը հրեաների վրա: Գրգռելով փարիսեցիների նախապաշարումները’ նրանք կներգրավվեին մի այնպիսի պայքարի մեջ, որը կվհատեց- ներ նրանց իրենց գործունեության հենց սկզբում: Նույնիսկ առաքյալները դժվար էին հասկանում, որ ավետարանը պետք է հռչակվեր բոլոր ազգերին: Մինչև նրանք չըմբռնեին այս ճշմարտությունը, չէին կարողանա աշխատել հեթանոսների համար: Եթե հրեաներն ընդունեին ավետարանը, Աստված Իր ավետաբերները կդարձներ նրանց հեթանոսների մեջ: Ահա թե ինչու նրանք պետք է առաջինը լսեին լուրը: ԴՓ 420.1

Որտեղ էլ Քրիստոսն աշխատեր, ամենուր հանդիպում էին մարդիկ, ովքեր քաղցած և ծարավ էին ճշմարտության: Ժամանակը եկել էր Իր սիրո լուրն ուղարկելու այս ծարավ սրտերին: Հենց նրանց մոտ էլ պետք է գնային աշակերտները’ որպես Նրա ներկայացուցիչներ: Հավատացյալներն այդպիսով կընդունեին նրանց որպես ուսուցիչներ’ առաքված Աստծո կողմից, ու երբ Փրկիչը հեռանար նրանցից, նրանք առանց ուսուցիչների չէին մնա: ԴՓ 420.2

Աշակերտների այս առաջին շրջագայությունը պետք է կատարվեր միայն այն վայրերում, որտեղ Հիսուսն արդեն եղել էր իրենցից առաջ և ձեռք էր բերել բարեկամներ: Ճամփորդությանը նրանք պետք է նախապատրաստվեին ամենահամեստ ձևով: Ոչինչ չպետք է շեղեր նրանց ուշադրությունն իրենց մեծ գործից կամ որևէ ձևով ընդդիմություն առաջացնելով’ խանգարեր նրանց հետագա աշխատանքին: Նրանք չպետք է ընտրեին կրոնական ուսուցիչների հագուստը և ոչ էլ որևէ եկեղեցական զարդարանք կրեին’ համեստ գյուղացիներից տարբերվելու համար: Նրանք չպետք է մտնեին ժողովարանները և մարդկանց կանչեին պաշտամունքի: Նրանք պետք է ջանային այցելել մարդկանց տնից տուն: Նրանք չպետք է ժամանակ կորցնեին ավելորդ ողջույնների վրա կամ էլ մի տնից մյուսը գնային’ զվարճանալու համար: Բայց ամենուր նրանք պետք է ընդունեին արժանի մարդկանց հյուրասիրությու- նը, ովքեր սրտանց կողջունեին նրանց, ինչպես եթե անձամբ Քրիստոսին հյուրընկալեին: Նրանք պետք է տները մտնեին գեղեցիկ ողջույնով’ «Խաղաղություն այս տանը» (Ղուկաս 10.5): Այդ տունը կօրհնվեր նրանց աղոթքներով, փառաբանության երգերով և ընտանեկան շրջանակում Գրքերի ընթերցումով: [352] ԴՓ 420.3

Այս աշակերտները պետք է ճշմարտության ավետաբեր- ները լինեին, որպեսզի ճանապարհ հարթեին իրենց Տիրոջ գալստյան համար: Հավիտենական կյանքի խոսքն էր նրանց ավետիսը, և մարդկանց ճակատագիրը կախված էր նրանից’ կընդունեի՞ն արդյոք, թե՞ կմերժեին այն: Այդ խոսքի հանդիսավորությունը մարդկանց մեջ տպավորելու համար Հիսուսը պատվիրեց Իր աշակերտներին. «Եվ ով որ ձեզ չընդունի և ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ որ այն տնից կամ այն քաղաքից դուրս գնաք, ձեր ոտների փոշին թոթափեցեք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ սոդոմա- ցիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրում, քան թե այն քաղաքին»: ԴՓ 421.1

Եվ ահա Փրկչի հայացքը թափանցում է ապագան: Նա տեսնում է ավելի լայն տարածքներ, որտեղ Իր մահից հետո աշակերտները պետք է վկայություն տային Իր մասին: Նրա մարգարեական հայացքն ընդգրկում է Իր ծառանե- րի փորձառությունը բոլոր դարերի ընթացքում’ մինչև Իր երկրորդ գալուստը: Նա Իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչ պայքար է սպասվում նրանց, բացահայտում է այդ պայքարի բնույթն ու ծրագիրը, նկարագրում այն վտանգները, որոնց միջով պիտի անցնեն, և խոսում է իրենցից պահանջվող ինքնուրացության մասին: Նա ուզում է, որ նրանք գիտակցեն այդ ամենի արժեքը և թույլ չտան, որ թշնամին հանկարծակիի բերի իրենց: Նրանք չպետք է պատերազմեն մարմնի ու արյան դեմ, այլ «իշխանությունների և պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12): Նրանք պետք է պայքարեն գերբնական ուժերի դեմ, բայց նրանց գերբնական աջակցության խոստում է տրված: Նրանց տրամադրության տակ կլինեն երկնային բոլոր ուժերը, բայց խոսքը միայն հրեշտակների մասին չէ: Սուրբ Հոգին’ Տիրոջ զորահրամանատարի ներկայացուցիչը, պիտի իջներ’ վարելու ճակատամարտը: Մենք կարող ենք ծանր մեղքեր ունենալ և շատ թերություններ ու սխալներ, բայց Աստծո շնորհը տրվում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն որոնում են այն: Ամենակարողի զորությունն է տրվում նրանց, ովքեր ապավինում են Աստծուն: [353] ԴՓ 421.2

«Ահա ես ուղարկում եմ ձեզ,- ասաց Հիսուսը,- ինչպես ոչխարներ’ գայլերի մեջ, ուստի խորագե’տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ’ ինչպես աղավնիները»: Քրիստոսն Ինքը ճշմարտության ոչ մի խոսք չէր թաքցնում, այլ միշտ հայտնում էր այն սիրով: Մարդկանց հետ հաղորդակցվե- լիս’ Նա չափազանց նրբանկատ էր, խոհեմ և ուշադիր: Նա երբեք կոպիտ չէր լինում, երբեք ավելորդ սուր խոսք չէր ասում ու երբեք անտեղի ցավ չէր պատճառում զգայուն հոգուն: Նա չէր քննադատում մարդկային թուլությունը: Նա համարձակ հանդիմանում էր կեղծավորությունը, անհավատությունն ու անօրենությունը, բայց խստորեն կշտամբելիս’ Նրա աչքերում արցունքներ էին երևում: Նա արտասվում էր Իր սիրած քաղաքի’ Երուսաղեմի համար, քաղաք, որը հրաժարվեց ընդունել Նրան’ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Նրանք մերժեցին Իրենց Փրկչին, բայց Նա ջերմ կարեկցանքով էր վերաբերվում նրանց և մի այնպիսի խոր վշտով, որը խոցում էր Նրա սիրտը: Յուրաքանչյուր հոգի թանկ էր Նրա համար: Թեև Նա միշտ աստվածային արժանապատվությամբ էր պահում Իրեն, բայց քնքշագույն հոգատարությամբ էր վերաբերվում Աստծո ընտանիքի ամեն մի անդամի հետ: Բոլոր մարդկանց մեջ Նա տեսնում էր ընկած հոգիներ, որոնց փրկելն Իր առաքելությունն էր: ԴՓ 422.1

Քրիստոսի ծառաները չպետք է գործեն իրենց մարմնավոր սրտի թելադրանքով: Նրանք պետք է սերտ հաղորդակցության մեջ լինեն Աստծո հետ, որպեսզի փորձության պահին «ես»-ը գլուխ չբարձրացնի, և նրանք անպատշաճ խոսքերի տարափ չտեղան, որոնք ցողի և անձրևի նման չեն կարող ոռոգել չորացող բույսերը: Սա հենց այն է, ինչ սատանան ուզում է, որովհետև նա է միշտ այդպես վար- վում: Վիշապն է, որ կատաղում է, սատանայի հոգին է դրսևորվում զայրույթի և մեղադրանքի մեջ: Բայց Աստծո ծառաները պետք է Նրա ներկայացուցիչները լինեն: Նա ցանկանում է, որ նրանք գործածեն միայն երկնային գան- ձը’ ճշմարտությունը, որ կրում է Իր սեփական պատկերն ու մակագրությունը: Այն զորությունը, որով նրանք պետք է հաղթեն չարին, Քրիստոսի զորությունն է: Քրիստոսի փառքն է նրանց ուժը: Նրանք միշտ պետք է իրենց աչքի առջև ունենան Նրա բնավորության գեղեցկությունը: Եվ ապա միայն կարող են ավետարանը ներկայացնել աստվածային նրբանկատությամբ և քաղաքավարությամբ: Եվ փորձության պահին դրսևորվող հեզությունն ավելի արդյունավետ կխոսի ճշմարտության օգտին, քան ամենա- ծանրակշիռ փաստարկը: ԴՓ 423.1

Նրանք, ովքեր պայքարում են ճշմարտության թշնամիների դեմ, գործ ունեն ոչ միայն մարդկանց, այլև սատանայի ու նրա գործակալների հետ: Թող նրանք հիշեն Փրկչի խոսքերը. «Ահա ես ուղարկում եմ ձեզ, ինչպես գառ- ներ’ գայլերի մեջ” (Ղուկաս 10.3): Թող նրանք ապավինեն Աստծո սիրուն, և հոգին չի կորցնի ինքնատիրապետումը նույնիսկ անձնական վիրավորանքի պահին: Տերն աստ- վածային սպառազինություն կհագցնի նրանց: Նրա Սուրբ Հոգին այնպես կներգործի նրանց մտքի և սրտի վրա, որ նրանց ձայները գայլերի ոռնոցի երանգ չեն ստանա երբեք: [354] ԴՓ 423.2

Շարունակելով խրատներ տալ Իր աշակերտներին’ Հի- սուսն ասաց. «Եվ զգու’յշ կացեք մարդկանցից”: Նրանք չպետք է կուրորեն վստահեին նրանց, ովքեր չէին ճանաչում Աստծուն, և իրենց խորհուրդները հայտնեին նրանց, քանի որ դա կարող էր առավելություն տալ սատանայի գործակալներին: Մարդու մտահղացումը հաճախ չի համընկնում Աստծո ծրագրին: Նրանք, ովքեր զբաղված են Տիրոջ տաճարի շինությամբ, պետք է կառուցեն այն լեռան վրա ցույց տրված օրինակի համաձայն’ աստվածային նմանությամբ: Կախման մեջ ընկնելով այնպիսի մարդկանցից, ովքեր չեն առաջնորդվում Սուրբ Հոգով, Աստծո ծառաները դավաճանում են ավետարանին և անարգում Տիրոջը: Աշխարհիկ իմաստությունը հիմարություն է Աստծո առաջ: Նրանք, ովքեր ապավինում են դրան, անկասկած կմոլորվեն: ԴՓ 424.1

«Ձեզ դատաստանի կմատնեն... և կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք իմ պատճառով’ նրանց և հեթանոսներին վկայություն լինելու համար” (Մատթեոս 10.17,18): Հալածանքները կնպաստեն լույսի տարածմանը: Քրիստոսի ծառաները կբերվեն աշխարհի մեծավորների առջև, ովքեր, եթե ոչ այս կերպ, ապա երբեք չէին լսի բարի լուրը: Ճշմարտությունը սխալ է ներկայացվել այս մարդկանց: Նրանք կեղծ մեղադրանքներ են լսել Քրիստոսի աշակերտների հասցեին: Հաճախ ճշմարտությունն իմանալու նրանց միակ հնարավորությունն այն մարդկանց վկայությունն է լինում, ովքեր դատարան են բերվում իրենց հավատի համար: Հարցաքննության ժամանակ նրանցից պահանջվում է պատասխանել, և դատավորները ստիպված են լինում լսել նրանց վկայությունը: Աստծուց շնորհ կտրվի Իր ծառաներին հարկ եղած դեպ- քում: «Նույն ժամում կտրվի ձեզ,- ասում է Հիսուսը,- ինչ որ պիտի խոսեք: Որովհետև ոչ թե դուք եք խոսողները, բայց ձեր Հոր Հոգին, որ ձեզանում խոսում է”: Երբ Աստծո Հոգին լուսավորի Իր ծառաների մտքերը, ճշմարտությունը կներկայացվի իր աստվածային զորությամբ և արժեքավորությամբ: Նրանք, ովքեր չեն ընդունի ճշմարտությունը, կսկսեն մեղադրել ու ճնշել աշակերտներին: Սակայն զրկանքների ու տառապանքների և մինչև իսկ մահվան գնով Տիրոջ զավակները պետք է դրսևորեն իրենց աստվածային Օրինակի հեզությունը: Այսպես պարզորոշ կերևա սատանայի գործակալների և Քրիստոսի ներկայացուցիչների տարբերությունը: Փրկչի անունը կփառավորվի իշխանավորների և ժողովրդի առջև: ԴՓ 424.2

Աշակերտներն օժտված չէին մարտիրոսական քաջությամբ և ամրությամբ, քանի դեռ այդպիսի շնորհի կարիքը չկար: Փրկչի խոստումը հետո իրագործվեց: Երբ Պետրոսն ու Հովհաննեսը վկայություն էին տալիս ատյանի խորհրդի առջև, մարդիկ «զարմանում էին. միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին” (Գործք առաքելոց 4.13): Ստե- փանոսի մասին գրված է, որ «ատյանում բոլոր նստածները, երբ որ մտիկ տվին նրան, նրա երեսը հրեշտակի երեսի նման տեսան»: Մարդիկ «չէին կարողանում դեմ կենալ այն իմաստությանը և այն հոգուն, որով նա խոսում էր» (Գործք առաքելոց 6.15,10): Եվ Պողոսն էլ, գրելով Կայսեր ատյանում իր դատավարության մասին, ասում է. «Ատյանում առաջին անգամ պատասխանելիս ոչ ոք չկանգնեց իմ կողմը, այլ ամենքը թողեցին ինձ... Իսկ Տերն ինձ մոտ կանգնեց, և զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի, և բոլոր հեթանոսները լսեն. և ես ազատվեցի առյուծի բերանից” (Բ Տի-մոթեոս 4.16,17): [355] ԴՓ 425.1

Քրիստոսի ծառաները չպետք է նախապես մտածեին, թե ինչ են խոսելու դատավարությունների ժամանակ: Նրանց պատրաստությունը պետք է լիներ այն, որ ամեն օր հավաքեին Աստծո խոսքի թանկարժեք ճշմարտության գանձերը և ամրացնեին իրենց հավատն աղոթքի միջոցով: Դատավարության ժամանակ Սուրբ Հոգին նրանց հիշողության մեջ կարթնացներ հենց այն ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ կլինեին տվյալ պահին: ԴՓ 425.2

Ամենօրյա ջերմեռանդ ջանքերը’ ճանաչելու Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում Նա ողարկեց, կզորացնեին հոգին: Գրքերի քրտնաջան ուսումնասիրությամբ ձեռք բերված գիտելիքները անհրաժեշտ պահին կփայլատակեին հիշողության մեջ: Բայց եթե որևէ մեկը չծանոթանար Քրիստոսի խոսքերին, եթե երբեք չճաշակեր Նրա շնորհի զորությունը փորձության մեջ, չէր կարող սպասել, որ Սուրբ Հոգին իրեն կհիշեցնի Նրա խոսքերը: Նրանք պետք է ամեն օր անմնացորդ սի-րով ծառայեին Աստծուն, իսկ հետո ապավինեին Նրան: ԴՓ 426.1

Այնքան սաստիկ կլինի ատելությունն ավետարանի դեմ, որ նույնիսկ երկրային ամենաջերմ կապերը հաշվի չեն առնվի: Քրիստոսի աշակերտները մահվան կմատնվեն իրենց իսկ ընտանիքների անդամների կողմից: «Եվ ամեն- քին ատելի կլինեք Իմ անվան համար,- ավելացրեց Նա,- բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մարկոս 13.13): Բայց Նա պատվիրեց նրանց ավելորդ տեղն իրենց հալածանքի չենթարկել: Նա Ինքը հաճախ մեկ տեղից մյուսն էր տեղափոխվում, որպեսզի խուսափի նրանցից, ովքեր Իր մահն էին ցանկանում: Երբ Նա մերժվեց Նազա- րեթում, և Նրա համաքաղաքացիները փորձեցին սպանել Նրան, Նա իջավ Կափառնայում, և այստեղի ժողովուրդը զարմացավ Նրա ուսմունքից, քանզի «Նրա խոսքը իշխանությունով էր» (Ղուկաս 4.32): Այդպես էլ Նրա ծառաները ոչ թե պետք է վհատվեին հալածանքից, այլ մի ուրիշ վայր փնտրեին, որտեղ կկարողանային շարունակել հոգիների փրկության գործը: ԴՓ 426.2

Ծառան իր տիրոջից մեծ չէ: Եթե երկնքի Արքայազնին Բեհեզեբուղ կոչեցին, Նրա աշակերտներին առավել ևս սխալ կներկայացնեին: Բայց ինչպիսի վտանգի մեջ էլ լինեն, Քրիստոսի հետևորդները չպետք է դավաճանեն իրենց սկզբունքներին: Նրանք պետք է արհամարհեն վախը: Նրանք չեն կարող սպասել այնքան, մինչև համոզվեն, որ ճշմարտությունը դավանելն անվտանգ է: Նրանք պահապաններ են նշանակված, որպեսզի զգուշացնեն մարդկանց վերահաս վտանգից: Քրիստոսից ստացած ճշմարտությունը պետք է ազատ և բացահայտ հաղորդվի բոլորին: Հիսուսն ասաց. «Ինչ որ ասում եմ ձեզ խավարում, լույսի մեջ ասացեք, և ինչ որ ականջում լսում եք, կտուրների վրա քարոզեցեք»: [356] ԴՓ 426.3

Հիսուսն Ինքը երբեք զիջումների գնով խաղաղության չէր ձգտում: Նրա սիրտը լի էր սիրով ամբողջ մարդկության հանդեպ, բայց Նա երբեք չէր խրախուսում մարդկանց մեղքերը: Նա չափազանց շատ էր սիրում նրանց, որպեսզի լռեր’ տեսնելով, որ նրանք գնում են մի ճանապարհով, որը տանում էր նրանց հոգիների կորստյանը, հոգիներ, որոնք Նա Իր սեփական արյունով էր փրկագնել: Նա ամեն ինչ անում էր, որ մարդն անկեղծ լինի իր իսկ նկատմամբ և հավատարիմ’ իր վսեմ և հավերժական նպատակին: Քրիստոսի ծառաները կոչված են անելու նույնը, և նրանք պետք է զգույշ լինեն, որպեսզի տարաձայնությունները կանխելու ժամանակ չդավաճանեն ճշմարտությանը: Նրանք պետք է «խաղաղության և միմյանց շինության բաների ետևից” գնան (Հռոմեացիս 14.19), բայց իսկական խաղաղություն երբեք հնարավոր չէ ապահովել սկզբունքին դավաճանելու միջոցով: Եվ ոչ ոք չի կարող հավատարիմ մնալ սկզբունքին’ առանց գրգռելու թշնամու դիմադրությունը: Քրիստոնեությունը, եթե իսկապես հոգևոր է, կհանդիպի անհնազանդության զավակների ընդդիմությանը: Բայց Հիսուսն Իր աշակերտներին պատվիրեց. «Մի’ վախենաք նրանցից, որ մարմինն են սպանում և հոգին չեն կարող սպանել»: Ովքեր հավատարիմ են Աստծուն, չպետք է վախենան ո’չ մարդկանց իշխանությունից և ո’չ էլ սատանայի թշնամությունից: Նրանց հավիտենական կյանքն ապահովված է Քրիստոսում: Նրանք միայն պիտի զգուշանան, որ հանկարծ չզոհաբերեն ճշմարտությունը’ կորցնելով այն վստահությունը, որով Աստված պատվել էր նրանց: ԴՓ 427.1

Սատանայի գործն է’ կասկած սերմանել մարդկանց սրտերում: Նա դրդում է մարդկանց Աստծուն դիտել որպես մի անողոք դատավորի: Նա մղում է նրանց մեղքի, իսկ հետո ներշնչում է, թե չափազանց պիղծ են, որպեսզի մոտենան իրենց երկնային Հորը կամ շարժեն Նրա գութը: Տերը հասկանում է այս ամենը: Հիսուսը հավաստիացնում է Իր աշակերտներին, որ Աստված կարեկցում է նրանց իրենց թուլությունների և կարիքների մեջ: Չկա մի հառաչանք, ցավի մի զգացում, հոգին խոցող մի վիշտ, որից չհուզվի Հոր սիրտը: ԴՓ 428.1

Աստվածաշունչը ցույց է տալիս մեզ Աստծուն’ Իր բարձր ու սուրբ գահին ոչ թե անգործության, լռության կամ միայնության մեջ, այլ շրջապատված հազար-հազա- րավոր և բյուր-բյուրավոր սուրբ հրեշտակներով, ովքեր պատրաստ սպասում են’ կատարելու Նրա կամքը: Մեզ համար անտեսանելի ուղիներով Նա ակտիվորեն հաղորդակցվում է Իր տիրապետության ամեն մի տարածքի հետ: Բայց Նրա և ողջ տիեզերքի ուշադրությունը կենտրոնացած է մեր այս փոքրիկ աշխարհի վրա, որի փրկության համար Նա տվեց Իր միածին Որդուն: Աստված խոնարհվում է Իր գահից’ լսելու ճնշվածների աղաղակը: Ամեն մի անկեղծ աղոթքի Նա պատասխանում է. «Ահա ես»: Նա բարձրացնում է հուսալքվածներին և թշվառներին: Երբ մենք տխրում ենք, Նա էլ է տրտմում: Ամեն մի փորձության և ամեն մի փորձանքի մեջ Տիրոջ հրեշտակը մեր կողքին է’ պատրաստ օգնելու: [357] ԴՓ 428.2

Ճնճղուկն անգամ գետին չի ընկնում’ առանց Հոր կողմից նկատվելու: Աստծո հանդեպ սատանայի ատելությունը դրդում է նրան ատել նաև բոլոր նրանց, ում մասին հոգ է տանում Փրկիչը: Նա ձգտում է փչացնել Աստծո ձեռ- քի գործը և հաճույք է ստանում’ ոչնչացնելով նույնիսկ համր արարածներին: Աստծո հոգատարության շնորհիվ է միայն, որ թռչունները պահպանվում և ուրախացնում են մեզ իրենց զվարթ երգերով: Նա չի մոռանում նույնիսկ ճնճղուկներին: «Ուրեմն մի’ վախենաք, դուք շատ ճնճղուկներից ավելի լավ եք»: ԴՓ 428.3

Հիսուսը շարունակում է. «Եթե դուք դավանեք Ինձ մարդկանց առջև, Ես էլ ձեզ կդավանեմ Աստծո և հրեշտակների առջև: Դուք պետք է Իմ վկաները լինեք երկրի վրա, անոթներ, որոնց միջով Իմ շնորհը կհոսի’ աշխարհին բժշկություն լինելու համար: Ես էլ կլինեմ ձեր ներկայացուցիչը երկնքում: Հայրը չի նայում ձեր սխալական էությանը, այլ տեսնում է ձեզ’ հագած Իմ կատարելությունը: Ես այն Միջնորդն եմ, ում միջոցով ձեր վրա կթափվեն երկնային օրհնությունները: Եվ ամեն ոք, ով դավանում է Ինձ’ մասնակից լինելով Իմ զոհաբերությանը կորածների համար, Ես էլ կդավանեմ նրան որպես մասնակից փրկվածների փառքին և ուրախությանը»: ԴՓ 429.1

Նա, ով դավանում է Քրիստոսին, պետք է Նրան պահի իր սրտում: Ինչպե՞ս կարելի է ուրիշին տալ այն, ինչ ինքդ չունես: Աշակերտները կարող էին հստակ խոսել ուսմունքի մասին, կարող էին կրկնել Քրիստոսի խոսքերը, բայց մինչև չունենային Քրիստոսի սերն ու հեզությունը, չէին կարող դավանել Նրան: Ինչպիսին էլ լինի դավանությունը, Քրիստոսի Հոգուն հակադիր հոգին կմերժի Քրիստոսին: Մարդիկ կարող են ուրանալ Քրիստոսին չարախոսությամբ, դատարկաբանությամբ, ոչ բարի և սուտ խոսքերով: Նրանք կարող են ուրանալ Նրան’ խուսափելով կյանքի դժվարություններից, տրվելով մեղավոր հաճույքներին: Նրանք կարող են ուրանալ Նրան’ համակերպվելով աշխարհին, անքաղաքավարի վարքով, ինքնագոհությամբ, արդարացնելով եսասիրությունը, կասկածների մեջ ընկնելով, հոգսեր կուտակելով և մնալով խավարի մեջ: Այս ամենը վկայում է, որ Քրիստոսը նրանցում չի բնակվում: «Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին,- ասում է Նա,- ես էլ կուրանամ նրան իմ Հոր առաջին, որ երկնքում է»: ԴՓ 429.2

Փրկիչը պատվիրեց Իր աշակերտներին չհուսալ, որ ավետարանի դեմ աշխարհի թշնամությունը երբևէ վերջ կունենա, և որ ժամանակի ընթացքում դիմադրությունը կդադարի: Նա ասաց. «Չեկա խաղաղություն գցելու, այլ սուր”: Այս պայքարը ոչ թե ավետարանի գործունեության հետևանքն է, այլ դրան ընդդիմանալու արդյունքը: Բոլոր հալածանքներից ամենածանրը տան մեջ ծայր առած գժտությունն է, երկրային ամենաթանկ բարեկամների օտարացումը: Բայց Հիսուսն ասում է. «Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, և ով որ իր որդուն կամ աղջկան ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ: Եվ ով որ չի առնում իր խաչը և հետևում ինձ, նա ինձ արժանի չէ”: [358] ԴՓ 430.1

Քրիստոսի ծառաների առաքելությունը մեծ պատիվ և սրբազան վստահություն է: «Ով որ ձեզ ընդունում է,- ասում է Նա,- ինձ է ընդունում, և ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում”: Հանուն Քրիստոսի նրանց ցուցաբերած ամեն բարի արարք կնկատվի և կվարձատր- վի: Եվ այդ նույն քնքուշ վերաբերմունքն է Նա տածում Աստծո ընտանիքի ամենափոքր և ամենահամեստ անդամի հանդեպ: «Եվ ով որ այս փոքրերից մեկին”‘ նրանց, ովքեր երեխաներ են հավատքի և Քրիստոսին ճանաչելու մեջ, «միայն մի աման ցուրտ ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա չի կորցնի իր վարձքը»: ԴՓ 430.2

Այսպես ավարտեց Փրկիչն Իր խրատը: Ինչպես որ Նա էր եկել, այնպես էլ տասներկու ընտրյալները գնացին Քրիստոսի անունով’ «աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու” (Ղուկաս 4.18,19): [359] ԴՓ 430.3