ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 38. - Եկե ք և մի քիչ հանգիստ առեք
(Մատթեոս 14.1,2,12,13, Մարկոս 6.30-32, Ղուկաս 9.7-10)
ԻՐԵՆՑ ավետարանչական շրջագայությունից վերադառնալով’ «...առաքյալները Հիսուսի մոտ ժողովվեցին և պատմեցին նրան բոլորը, ինչ որ արել էին, ինչ որ սովորեցրել էին: Եվ նա ասաց նրանց. «Դուք առանձին անապատ տեղ եկեք և մի քիչ հանգի՜ստ առեք», որովհետև եկող և գնացողները շատ էին, և հաց ուտելու էլ ժամանակ չունեին»: ԴՓ 431.1
Աշակերտները եկան Հիսուսի մոտ և ամեն բան պատմեցին Նրան: Նրանք այնքան սերտ էին կապված Նրա հետ, որ անկաշկանդ սկսեցին պատմել Նրան իրենց հաջողված և անհաջող փորձերի մասին, այն ուրախությունների մասին, որ զգացել էին’ իրենց աշխատանքի արդյունքը տեսնելով, և այն վշտերի մասին, որ ունեցել էին իրենց անհաջողությունների, սխալների և թուլությունների պատճառով: Որպես ավետարանիչներ’ նրանք սխալներ էին թույլ տվել իրենց առաջին աշխատանքի ընթացքում, և երբ նրանք անկեղծորեն պատմեցին Քրիստոսին իրենց փորձերի մասին, Նա տեսավ, որ նրանք դեռ շատ բան ունեն սովորելու: Նա տեսավ նաև, որ նրանք շատ են հոգնել իրենց աշխատանքից և հանգստի կարիք ունեն: ԴՓ 431.2
Բայց այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին, հնարավո- րութուն չկար առանձնանալու, «որովհետև եկող և գնացողները շատ էին, և հաց ուտելու էլ ժամանակ չունեին”: Ժողովուրդը հավաքվում էր Քրիստոսի շուրջը’ ապաքինվելու և Նրա խոսքերը լսելու բուռն ցանկությամբ: Շատերը, Նրա մեջ տեսնելով բոլոր օրհնությունների աղբյու- րը, մղվում էին դեպի Նա: Նրանցից շատերը, ովքեր այդ օրը հավաքվել էին Քրիստոսի մոտ’ հուսալով թանկագին առողջություն ստանալ, ընդունեցին Նրան որպես իրենց Փրկիչը: Շատ ուրիշներ էլ, որ փարիսեցիների պատճառով դեռ վախենում էին դավանել Նրան, դարձի եկան Սուրբ Հոգին հեղվելիս և ոգևորված’ քահանաների ու իշխանավորների առջև հռչակեցին Նրան որպես Աստծո Որդի: [360] ԴՓ 431.3
Բայց հիմա Քրիստոսը կարիք էր զգում առանձնանալու Իր աշակերտների հետ, որովհետև շատ բան ուներ նրանց ասելու: Իրենց աշխատանքի ընթացքում նրանք ճաշակել էին փորձության դառնությունը և ընդհարվել ընդդիմության հետ: Լինելով Քրիստոսի կողքին’ նրանք ամեն հարցում խորհրդակցում էին Նրա հետ, բայց որոշ ժամանակ մենակ մնալով’ հաճախ հուզմունքից չէին կողմնո- րոշվում, թե ինչպես վարվեն: Նրանք մեծ աջակցություն էին ստացել իրենց աշխատանքում, որովհետև Քրիստոսը չէր ուղարկել նրանց առանց Իր Հոգու, և հավատով նրանք շատ հրաշքներ էին գործել: Բայց հիմա նրանք կարիք ունեին սնվելու Կյանքի Հացով: Նրանց անհրաժեշտ էր միառժամանակ մեկուսանալ ինչ-որ տեղ, հաղորդակցվել Հիսուսի հետ և հրահանգներ ստանալ ապագա աշխատանքի վերաբերյալ: ԴՓ 432.1
Եվ Նա ասաց նրանց. «Դուք առանձին անապատ տե’ղ եկեք և մի քիչ հանգի՜ստ առեք”: Քրիստոսը քնքշությամբ և կարեկցանքով է լցված բոլոր Իրեն ծառայողների նկատմամբ: Նա ուզում էր հասկացնել Իր աշակերտներին, որ Աստված ոչ թե զոհ է պահանջում, այլ’ ողորմություն: Նրանք ամբողջ հոգով նվիրվել էին իրենց աշխատանքին և ծառայելով մարդկանց’ սպառել էին իրենց մարմնավոր և մտավոր ուժերը: Հիմա նրանց հանգիստ էր պետք: ԴՓ 432.2
Աշխատանքում հասնելով հաջողության’ աշակերտները կարող էին իրենց վերագրել այն և տրվել հոգևոր հպարտության, ուստի վտանգ կար ընկնելու սատանայի փորձությունների մեջ: Հսկայական աշխատանք էր սպաս- վում նըրանց, և ամենից առաջ նրանք պետք է սովորեին, որ իրենց ուժը ոչ թե իրենց, այլ Աստծո մեջ է: Ինչպես Մովսեսը Սինայի անապատում, ինչպես Դավիթը Հրեաս- տանի բլուրների մեջ կամ Եղիան Քերիթ հեղեղատի մոտ, այնպես էլ աշակերտները պետք է հանգիստ առնեին իրենց եռանդուն աշխատանքից, որպեսզի հաղորդակցվեին Քրիստոսի և բնության հետ, քննեին իրենց սրտերը: ԴՓ 432.3
Երբ աշակերտներն իրենց առաքելական շրջագայության մեջ էին, Հիսուսն այցելում էր այլ քաղաքներ և գյուղեր’ քարոզելով արքայության ավետարանը: Հենց այդ օրերին էր, որ Նրան հասավ Մկրտչի մահվան լուրը: Այս իրադարձությունը պարզորոշ ցույց տվեց այն վախճանը, որին տանում էին Նրա սեփական քայլերը: Մահվան ստվեր էր իջնում Նրա ճանապարհին: Քահանաներն ու վարդապետները հարմար առիթ էին փնտրում, որպեսզի սպանեն Նրան, լրտեսները կրնկակոխ հետևում էին Նրան և ամենուրեք դավեր էին նյութում’ Նրա կյանքին վերջ տալու համար: Գալիլեայում առաքյալների քարոզության լուրը հասավ Հերովդեսին’ նրա ուշադրությունն ուղղելով Հիսուսի և Նրա գործունեության վրա: «Հովհաննես Մկրտիչն է հարություն առել մեռելներից»,- ասաց նա և ցանկություն հայտնեց տեսնել Հիսուսին: Հերովդեսն անընդհատ վախենում էր, որ գաղտնի հեղաշրջում կարող է ծրագրվել’ իրեն գահընկեց անելու և հրեաներին հռոմեական լծից ազատագրելու նպատակով: Ժողովրդի մեջ հասունանում էր դժգոհության և խռովության ոգին: Ակնհայտ էր, որ Քրիստոսի հասարակական գործունեությունը Գալիլեայում չէր կարող երկար շարունակվել: Մոտենում էր Նրա չարչարանքների ժամը, և Նա ուզում էր որոշ ժամանակով առանձնանալ անկարգ և աղմկոտ բազմությունից: [361] ԴՓ 433.1
Հովհաննեսի աշակերտները վշտաբեկ սրտերով տարան թաղելու իրենց ուսուցչի խոշտանգված մարմինը: Հետո «եկան և պատմեցին Հիսուսին”: Այս աշակերտները նախանձում էին Քրիստոսին’ կարծելով, թե Նա հեռու է վանում ժողովրդին Հովհաննեսից: Նրանք միաբանվել էին փարիսեցիների հետ’ մեղադրելով Նրան, երբ Նա մաքսավորների հետ սեղան էր նստել Մատթեոսի խնջույքի ժամանակ: Նրանք կասկածում էին Նրա աստվածային առաքելությանը, որովհետև Նա չէր ազատել Մկրտչին: Բայց այժմ, երբ նրանց ուսուցիչն արդեն մեռած էր, և նրանք իրենց մեծ վշտի մեջ ծարավի էին մխիթարության, երբ առաջնորդության կարիք էին զգում իրենց հետագա աշխատանքի համար, եկել էին Հիսուսի մոտ’ իրենց ճակատագիրը կապելով Նրա հետ: Նրանք նույնպես հանգստի կարիք էին զգում’ Փրկչի հետ հաղորդակցվելու համար: ԴՓ 433.2
Բեթսայիդայի մոտ’ լճի հյուսիսային ափին, մի մենավոր վայր կար, որը ծածկված էր գարնանային զմրուխտե կանաչով և հաճելի առանձնավայր կարող էր լինել Հիսուսի և Նրա աշակերտների համար: Դեպի այս վայրն էլ նրանք ճամփա ընկան’ նավով կտրելով լիճը: Այստեղ նրանք հեռու կլինեին մարդաշատ ճանապարհների երթևեկությունից, քաղաքի իրարանցումից և ժխորից: Բնության տեսարաններն ինքնին հանգիստ էին ներշնչում և բարերար ազդեցություն թողնում զգայարանների վրա: Այստեղ նրանք հանգիստ կունկնդրեին Քրիստոսի խոսքը, որ չէր ընդհատվի դպիրների և փարիսեցիների զայրալից առարկումներով ու մեղադրանքներով: Այստեղ նրանք կարճ ժամանակով կվայելեին իրենց Տիրոջ թանկագին ընկերակցությունը: ԴՓ 434.1
Քրիստոսի և Նրա աշակերտների համար այս հանգիստը բավականություն ստանալու նպատակ չուներ: Առանձնության մեջ անցկացված ժամանակը նվիրված չէր հաճույքներին: Նրանք միմյանց հետ զրուցում էին այն մասին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել Աստծո գործը: Աշակերտները Քրիստոսի հետ էին և կարող էին հասկանալ Նրան: Նա կարիք չուներ նրանց հետ խոսելու առակներով: Նա ուղղեց նրանց սխալները և բացատ- րեց, թե որոնք են մարդկանց մոտենալու ճիշտ ուղիները: Նա է’լ ավելի հստակ ներկայացրեց նրանց աստվածային ճշմարտության թանկարժեք գանձերը: Նրանք կենարար ուժ ստացան աստվածային զորությունից և ոգեշնչվեցին հույսով ու արիությամբ: ԴՓ 434.2
Թեև Հիսուսը կարող էր հրաշքներ գործել և Իր աշակերտներին հրաշքներ գործելու զորությամբ էր օժտել, բայց Իր հոգնած ծառաներին պատվիրեց գնալ մի առանձին տեղ և հանգստանալ: Երբ Նա ասաց, որ հունձքն առատ է, իսկ մշակները’ քիչ, Նա չէր ուզում պնդել, որ Իր աշակերտներն անդադար աշխատեն, բայց ասաց. «Արդ’ աղաչեցե՜ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձի մեջ” (Մատթեոս 9.38): Աստված ամեն մարդու աշխատանք է տվել նրա կարողությունների համաձայն (Եփե- սացիս 4.11-13), և Նա չէր ծանրաբեռնի մի քանիսին պարտականություններով, իսկ մյուսներին թողներ առանց բեռի, առանց հոգու ծանր աշխատանքի: [362] ԴՓ 435.1
Քրիստոսի կարեկից խոսքերն այսօր էլ նույնքան հաստատապես են ուղղված Իր ծառայողներին, որքան այն ժամանակ, երբ ասվեցին աշակերտներին: «Դուք առանձին... եկե՜ք, և մի քիչ հանգի՜ստ առեք”,-ասում է Նա նրանց, ովքեր հոգնած են և ուժասպառ: Խելամիտ չէ անընդհատ լարված աշխատանքի և հուզմունքի մեջ լինել նույնիսկ մարդկանց հոգևոր պահանջներին ծառայելիս, որովհետև այդպես անուշադրության է մատնվում անձնական բարեպաշտությունը, և գերծանրաբեռնվում են մտավոր, հոգևոր և մարմնական կարողությունները: Քրիստոսի աշակերտներից պահանջվում է անձնուրացություն և զոհողություն, բայց նրանք միաժամանակ պետք է նաև խնայեն իրենց, որովհետև գերլարվածության դեպքում սատանան կարող է օգտվել նրանց մարդկային թուլությունից, որից էլ Աստծո գործը կտուժի: ԴՓ 435.2
Վարդապետները կարծում էին, թե կրոնի իմաստը անընդհատ, անհանգիստ գործունեության մեջ է: Նրանք արտաքին ձևականություններով ցանկանում էին ցուցադրել իրենց գերազանց բարեպաշտությունը: Այդ կերպ նրանք բաժանեցին իրենց Աստծուց և ընկան ինքնավստահության մեջ: Այսօր էլ գոյություն ունի այդ նույն վտանգը: Երբ գործունեությունն աճում է, և մարդիկ հաջողության են հասնում Աստծո համար արվող որևէ աշխատանքում, մարդկային ծրագրերին և մեթոդներին ապավինելու վտանգ է առաջանում: Այդ դեպքում, սովորաբար, աղոթքները նվազում են, և հավատը թուլանում է: Աշակերտների նման’ մենք հայտնվում ենք Աստծուց մեր կախվածությունը չնկատելու և փրկությունը մեր գործունեության մեջ տեսնելու վտանգի առջև: Մենք պետք է անընդհատ նայենք Հիսուսին’ գիտակցելով, որ Նրա զորությամբ է գործը կատարվում: Ջերմեռանդ աշխատելով կորածների փրկության համար’ մենք պետք է նաև խորհելու, աղոթելու և Աստծո խոսքն ուսումնասիրելու ժամանակ ունենանք: Միայն այն աշխատանքը կարող է բարի ավարտ ունենալ, որն ուղեկցվում է անդադար աղոթքներով և սրբագործվում Քրիստոսի արժանիքներով: ԴՓ 435.3
Երբևէ չի եղել մի կյանք, որն ավելի ծանրաբեռնված լիներ աշխատանքով ու պատասխանատվությամբ, քան Հիսուսի կյանքը, և, այնուհանդերձ, որքա՜ն հաճախ էին Նրան գտնում աղոթելիս: Որքան հաստատուն էր Նրա հաղորդակցությունն Աստծո հետ: Նրա երկրային կյանքի պատմության մեջ կրկին ու կրկին հանդիպում ենք այսպիսի տողերի. «Եվ լուսաբացին’ առավոտանց շատ կանուխ, վեր կացավ, դուրս եկավ գնաց մի անապատ տեղ և այնտեղ աղոթք էր անում”: «Շատ ժողովուրդներ ժողովվում էին, որ լսեն և իրենց հիվանդություններից բժշկվեն նրանով: Իսկ նա քաշվում էր անապատ տեղեր և աղոթք էր անում»: «Եվ այն օրերում եղավ, որ ելավ սարն աղոթք անելու և ամբողջ գիշեր անցկացրեց աղոթք անելով դեպի Աստված» (Մարկոս 1.35, Ղուկաս 5.15,16, 6.12): [363] ԴՓ 436.1
Ամբողջապես ուրիշների բարօրությանը նվիրված Իր կյանքում Փրկիչն անհրաժեշտ էր համարում հեռանալ մարդաշատ ճանապարհներից և Իրեն օրեցօր հետևող ամբոխից: Նա հաճախ ստիպված էր լինում դադարեցնել մարդկանց կարիքներին ծառայելու Իր լարված գործունեությունը, որպեսզի առանձնանար և անխզելի հաղորդակցության մեջ մտներ Իր Հոր հետ: Իբրև Մեկը, ով կիսել է մեր կարիքներն ու տկարոթյունները, Նա ամբողջովին ապավինում էր Աստծուն և գաղտնի աղոթքներում աստվածային զորություն էր ստանում, որպեսզի շարժվեր առաջ’ կատարելով Իր պարտքը, և հաղթահարեր բոլոր փորձությունները: Մեղքի աշխարհում Հիսուսը հոգեկան պայքարի և տառապանքի մեջ էր: Հաղորդակցվելով Աստծո հետ’ Նա կարող էր թեթևացնել Իրեն ճնշող վշտերը: Այդպես Նա սփոփանք և ուրախություն էր գտնում: ԴՓ 436.2
Մարդկության ճիչը Քրիստոսի միջոցով հասավ անսահմանորեն գթառատ Հորը: Որպես մարդ’ Նա այնքան ժամանակ էր աղոթում Աստծուն, մինչև Իր մարդկային էությունը լիցքավորվեր երկնային մի հոսանքով, որ մարդկայինը կկապեր աստվածայինի հետ: Հարատև հաղորդակցության միջոցով Նա կյանք էր ստանում Աստծուց, որպեսզի կարողանար կյանք տալ աշխարհին: Մենք պետք է յուրացնենք Նրա փորձը: ԴՓ 437.1
«Դուք առանձին տե’ղ եկեք»,- պատվիրում է Նա մեզ: Եթե ուշադրություն դարձնենք Նրա խոսքին, մենք ավելի ուժեղ և ավելի օգտակար կլինենք: Աշակերտները փնտրեցին Հիսուսին և պատմեցին Նրան ամեն ինչ, և Նա քաջալերեց ու խրատեց նրանց: Եթե մենք էլ այսօր ժամանակ գտնենք գնալու Հիսուսի մոտ և պատմելու Նրան մեր կարիքները, երբեք չենք հիասթափվի: Նա մեր աջ կողմում կլինի մեզ օգնելու համար: Մենք պետք է ավելի պարզ լինենք, ավելի շատ ապավինենք և վստահենք մեր Փրկչին: Նա, ում անունն է «Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան», Նա, ում մասին գրված է. «Իշխանությունը կլինի նրա ուսի վրա”, նաև Սքանչե- լի Խորհրդական է: Մեզ առաջարկվում է իմաստություն խնդրել Նրանից: Նա «ամենին տալիս է առատությամբ և չի նախատում» (Եսայիա 9.6, Հակոբոս 1.5): ԴՓ 437.2
Բոլոր նրանք, ովքեր սովորում են Աստծո դպրոցում, պիտի ապրեն այնպիսի կյանքով, որը ներդաշնակ չէ այս աշխարհի և նրա սովորությունների կամ դրվածքի հետ, և ամեն ոք պետք է Աստծո կամքը ճանաչելու իր անձնական փորձն ունենա: Մենք պետք է անձամբ լսենք մեր սրտի հետ խոսող Նրա ձայնը: Երբ լռում են բոլոր մյուս ձայները, և մենք անխոս կանգնում ենք Նրա առջև, հոգու լռությունն ավելի պարզորոշ է դարձնում Աստծո ձայնը: Նա պատվիրում է մեզ. «Կա’նգ առեք և ճանաչեցե՜ք, որ ես եմ Աստված» (Սաղմոս 46.10): Միայն այսպես կարելի է իսկական հանգիստ գտնել: Եվ սա է ամենաարդյու- նավետ նախապատրաստությունը բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Աստծուն: Այն հոգին, որ մարդկային անցուդարձի և ամենօրյա լարված գործունեության մեջ այս կերպ նորոգում է իր ուժերը, շրջապատված կլինի լույսի և խաղաղության մթնոլորտով: Աստվածային զորությամբ լցված կյանքի բուրմունքը կհասնի մարդկանց սրտերին: [364] ԴՓ 438.1