ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

10/100

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԿՈՒՄԸ

Սատանան օձի կերպարանք ընդունած մտավ Եդեմ: Նա դիրք գրավեց բարու և չարի իմացության ծառի վրա’ սկսելով անշտապ ուտել նրա պտուղը: ՀՊ 17.1

Եվան, զբաղված լինելով, սկզբում անգիտակցաբար հեռացավ ամուսնուց: Երբ նկատեց, որ հեռացել է, զգաց, որ կարող է իրեն վտանգ սպառնալ, բայց հետո հանգստացրեց իրեն’ մտածելով, որ ինքն առանց նրա էլ է ապահով: Նա այնքան իմաստություն ու զորություն ունի, որ կճանաչի, երբ հանդիպի չարին ու կկարողանա դիմադրել դրան: Հենց սա էր, որի համար հրեշտակները զգուշացել էին նրան: Հանկարծ Եվան սթափվեց և բռնեց իրեն այն բանում, որ հետաքրքրասիրության ու հիացմունքի խառը զգացումով հայացքը սևեռել է արգելված ծառի պտուղին: ՀՊ 17.2

Նա տեսավ, թե ինչ հաճելի տեսք ունի այն, և մտորում էր ինքն իրեն, թե ինչո՞ւ է Աստված այդքան կտրականապես արգելել իրենց ուտել դրա պտղից: Հենց դրան էլ սպասում էր սատանան: Նա դիմեց Եվային’ ասես կարդալով նրա մտքերը. «Իրա՞վ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»: Այս քաղցր ու հաճելի բառերով ու երգեցիկ ձայնով նա դիմեց զարմացած Եվային: Եվան ցնցվեց’ լսելով, որ օձը խոսում է, քանի որ գիտեր, որ Աստված օձին խոսելու կարողություն չի տվել: ՀՊ 17.3

Եվայի հետաքրքրասիրությունը բորբոքվեց: Փոխանակ անմիջապես փախուստի դիմելու’ նա ոտքը կախ գցեց ու սկսեց լսել, թե ինչ է օձը խոսում: Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ դա կարող է չարագործը լինել, որ նա կարող է օձին օգտագործել որպես իր միջնորդը: Բայց խոսողը սատանան էր, ոչ թե օձը: Նա գլխահան էր արել Եվային իր քաղցր հաճոյախոսություններով: Եթե Եվային հանդիպեր հրեշտակներին նման մի հզոր անձնավորության, նա չէր կորցնի զգոնությունը: ՀՊ 17.4

Օձի տարօրինակ ձայնը լսելով’ նա պիտի վազեր ամուսնու մոտ և հարցներ, թե ինչպե՞ս կարող է նրանից զատ որևէ մեկն այդքան ազատ խոսել իր հետ: Բայց նա բանավեճի մեջ մտավ օձի հետ: Նա պատասխանեց. «Պարտեզի ծառերի պտղից ուտում ենք. Բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասաց. մի կերեք նրանից, և նրան մի դիպչեք, որ չմեռնեք”: Օձն ասաց. «Բնավ չեք մեռնի: Քանզի Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք’ բարին և չարը գիտացող”: ՀՊ 17.5

Սատանան ցանկանում էր նրան այն միտքը ներշնչել, որ ճաշակելով արգելված պտուղը’ նրանք ձեռք կբերեն նոր ու ավելի վեհ գիտություն, քան այն, ինչ ունեին մինչ այդ: Սա նրա հատուկ աշխատանքն է, որ նա մեծ հաջողությամբ կատարում է իր մեղանչելու պահից սկսած. նա մղում է մարդկանց այն բանին, որ անընդհատ փորձեր անեն թափանցելու ամենակարող Աստծո գաղտնիքների մեջ’ չբավարարվելով նրանով, ինչ Նա բացահայտել է, և չհնազանդվելով Նրա հրամաններին: Նա մղում է մարդկանց չենթարկվելու Աստծո հրահանգներին, այնուհետև այն տպավորությունն է ստեղծում նրանց մոտ, թե իբր մուտք են գործում գիտելիքներով լի հրաշալի աշխարհը: Սա պարզապես պատրանք էր, ողորմելի կեղծիք: ՀՊ 18.1

Նրանք չեն կարողանում հասկանալ այն, ինչն Աստված բացա- հայտել է, անուշադրության են մատնում Նրա պարզ ու որոշակի պատգամները և տենչում են իմաստության’ Աստծուց անկախ: Նրանք փորձում են հասու լինել այն գաղտնիքներին, որոնք Տերը ծածուկ է պահել մահկանացուներից: Նրանք խանդավառված են առաջընթացի իրենց գաղափարներով, հմայված են իրենց ունայն իմաստությամբ, բայց խարխափում են գիշերվա խավարում’ ինչ վերաբերում է ճշմարիտ գիտելիքին: Աստված չէր ցանկանում, որ այս անմեղ զույգը ճանաչի չարիքը: Նա նրանց առատորեն բարիք էր շնորհել’ զերծ պահելով չարիքից: Եվային շատ իմաստուն թվացին օձի խոսքերը և նա հալած յուղի տեղ ընդունեց նրա հայտարարությունը. «Բնավ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք’ բարին և չարը գիտեցող”: Սա Աստծուն ստախոս էր դարձնում: Սատանան հանդգնորեն ակնարկում էր, որ Աստված խաբել է նրանց, որպեսզի թույլ չտա մարդկանց իմաստությամբ հավասարվելու Աստծուն: Աստված ասում էր. Եթե ուտես’ անպատճառ կմեռնես: Օձն ասում էր. Եթե ուտես’ բնավ չես մեռնի: ՀՊ 18.2

Սատանան հավատացրեց Եվային, որ պտուղն ուտելուն պես նա նոր ու խոր գիտելիքներ ձեռք կբերի, որոնք նրան հավասար կդարձնեն Աստծուն: Նա իր վրա հրավիրեց Եվայի ուշադրությու- նը: Նա նշեց, որ հենց այս արգելված պտուղն ուտելով է ինքը խո- սելու կարողություն ձեռք բերել, ասաց, որ Աստված չի կատարի իր սպառնալիքը, որ Նա միայն վախեցրել է զույգին, որպեսզի հեռու պահի նրանց այդ մեծագույն բարիքից: Նա նաև ասաց, որ նրանք բնավ չեն մեռնի: Մի՞թե նրանք չեն կերել կյանքի ծառի պտղից, որն անմահություն է պարգևում: Նա ասաց, որ Աստված պարզապես խաբում է, չցանկանալով, որ նրանք ավելի բարձր զարգացած էակներ դառնան և լինեն ավելի երջանիկ: ՀՊ 18.3

Սատանան քաղեց պտուղն ու տվեց Եվային: Եվան վերցրեց այն իր ձեռքերի մեջ: Տե’ս,- ասաց սատանան,- չէ՞ որ պիտի մեռնեիր, եթե անգամ դիպչեիր դրան: Նա հավաստիացրեց, որ պտուղն ուտելն ավելի մեծ չարիք կամ մահ չէր բերի, քան նրան դիպչելը, կամ ձեռքում պահելը: Եվան քաջալերվեց, քանի որ չզգաց Աստծո բարկության անմիջական նշանները: Նա հավատաց, որ ճշմարիտ են օձի խոսքերը և իմաստուն: Նա կերավ պտուղն ու մեծ հաճույք ստացավ: Այն շատ համեղ թվաց նրան և նա երևակայեց, թե զգում է իր վրա պտղի հրաշագործ ազդեցությունը: ՀՊ 19.1