ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ադամն ու Եվան նախազգուշացվում են
Աստված իր մոտ հավաքեց հրեշտակներին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն սպառնացող չարիքը կանխելու համար: Երկնային խորհուրդը որոշեց, որ հրեշտակները գնան Եդեմ և զգուշացնեն Ադամին, որ նրան վտանգ է սպառնում ոսոխից: ՀՊ 15.3
Հրեշտակները պատմեցին զույգին սատանայի ապստամբության և անկման տխուր պատմությունը: Հետո պարզորոշ կերպով տեղեկացրին, որ բարու և չարի իմացության ծառը պարտեզում է գտնվում որպես գրավական նրանց հնազանդության և սիրո’ առ Աստված, և որ սուրբ հրեշտակների վեհ ու երջանիկ կյանքը պայմանավորված է նրանց հավատարմությամբ, և որ նրանց համար էլ են գործում նույն պայմանները, այսինքն’ նրանք կարող են ենթարկվել Աստծո օրենքին ու աննկարագրելի երջանկություն վայելել, կամ չենթարկվել և կորցնել իրենց բարձր դիրքը և մատնվել անհույս վհատության: ՀՊ 15.4
Հրեշտակներն ասացին Ադամին ու Եվային, որ ամենաբարձր դիրք զբաղեցնող հրեշտակը, ով Քրիստոսին էր միայն զիջում, հրաժարվեց հնազանդվել Աստծո օրենքին, որ Նա սահմանել էր երկնային արարածներին կառավարելու համար, որ այդ ապստամբությունը պատերազմ ծնեց երկնքում, ինչի հետևանքով ապստամբները վտարվեցին երկնքից՝ յուրաքանչյուր հրեշտակ, ով միացել էր այս առաջնորդին և կասկածի տակ առել մեծ Եհովայի հեղինակությունը: Այս ընկած հրեշտակն այժմ թշնամանքով է լցված այն ամենի հանդեպ, ինչը թանկ է Աստծո և Նրա Որդու համար: ՀՊ 16.1
Նրանք հայտնեցին Ադամին ու Եվային, որ սատանան մտադիր է վնասել նրանց, և հարկավոր է զգոն լինել, քանի որ նա կարող է փորձել շփման մեջ մտնել նրանց հետ: Բայց սատանան նրանց ոչ մի վնաս չի կարող պատճառել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հնազանդ են Աստծո խոսքին, որովհետև եթե անհրաժեշտ լինի, երկնքի յուրաքանչյուր հրեշտակ նրանց օգնության կգա և թույլ չի տա, որ ոսոխը վնասի նրանց: Բայց եթե նրանք չհնազանդվեն Աստծո պատվերին, այդ ժամանակ սատանան իշխանություն կունենա նրանց միշտ անհանգստացնելու, շփոթեցնելու և նեղե- լու: Եթե նրանք կայուն մնան ու դիմադրեն սատանայի առաջին զրպարտություններին, նրանք ապահով կլինեն ինչպես երկնային հրեշտակները: ՀՊ 16.2
Սակայն եթե ենթարկվեն գայթակղիչին, Նա, Ով չխնայեց վեհապանծ հրեշտակներին, չի խնայի և իրենց: Նրանք պատիժ կկրեն իրենց գործած մեղքի համար, քանի Աստծո օրենքը նույնքան սուրբ է, որքան Ինքը’ Տերը, և Նա անվերապահ հնազանդություն է պահանջում բոլորից’ լինի դա երկնքում, թե երկրի վրա: ՀՊ 16.3
Հրեշտակները զգուշացրին Եվային, որ պարտեզում աշխատելիս չհեռանա ամուսնուց, քանի որ այդ ընկած ախոյանը կարող էր շփման մեջ մտնել նրա հետ: Առանձին նրանք ավելի մեծ վտանգի մեջ կլինեն, քան միասին: ՀՊ 16.4
Ադամն ու Եվան հավաստիացրին հրեշտակներին, որ իրենք երբեք չեն խախտի Աստծո հրամանը: Ավելին՝ իրենց համար գերագույն հաճույք է Նրա կամքը կատարելը: ՀՊ 16.5