ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՍՐԲԵՐԻ ՎԱՐՁՔԸ
Հետո մեծ թվով հրեշտակները, ովքեր քաղաքից փառապսակներ էին բերում, յուրաքանչյուր սրբին մի պսակ’ անունը վրան գրված: Երբ Հիսուսը պահանջեց պսակները, հրեշտակները դրանք տվեցին Նրան, ու Նա Իր աջ ձեռքով պսակները դրեց սրբերի գլխներին: Նույն կերպ հրեշտակները բերեցին քնարները, ու Հիսուսը դրանք հանձնեց սրբերին: Առաջինը լարերին զարկեցին հրամանատար հրեշտակները, ապա բոլորը միացան նրանց’ ուրախ ու երախտապարտ երգեցողությամբ Աստծո գովքն անելով: Նրանց մատները հմտորեն զարկում էին քնարների լարերին, ու չքնաղ մեղեդին տարածվում էր շուրջը: ՀՊ 120.3
Հետո Հիսուսը փրկվածներին տարավ դեպի քաղաքի դարպասները: Նա հրեց դարպասն ու բաց արեց, ապա հրամայեց ճշմար- տությունը պահածների բազմությանը, որ ներս մտնեն: Քաղաքի ներսում ամեն ինչ աչք էր շոյում: Ամենուր փառավոր շքեղություն էր: Հետո Հիսուսը նայեց իր փրկված սրբերին: Նրանց դեմքերը շողշողում էին փառքից: Իր գորովագութ հայացքը հառելով նրանց’ հարուստ, քաղցրալուր ձայնով Հիսուսն ասաց. «Տեսնում եմ տառապանքիս արդյունքն ու գոհ եմ: Ձերն է այս ամբողջ փառքը, վայելեցե՜ք հավերժ: Վերջ են գտել ձեր վշտերը: Չի լինի այլևս ոչ մահ, ոչ վիշտ ու արտասուք, և ոչ էլ ցավ”: Փրկվածները խոնարհվեցին ու Հիսուսի ոտքերի տակ նետեցին իրենց շողշողուն պսակները, իսկ հետո, երբ Հիսուսը բարձրացրեց նրանց, նրանք զարկեցին ոսկե քնարների լարերին ու ողջ երկինքը լցրեցին իրենց հարուստ մեղեդիով ու Գառանը նվիրված երգերով: ՀՊ 120.4
Հետո Հիսուսն Իր ժողովրդին տարավ կենաց ծառի մոտ, ու դարձյալ լսեցին Նրա անուշ ձայնը, որն ավելի հարուստ էր, քան երբևէ մահկանացուի լսած որևէ մեղեդի: Նա ասաց. «Այս ծառի տերևները ժողովուրդներին բժշկելու համար են: Կերե՜ք բոլորդ դրա պտուղը”: Կենաց ծառի վրա չքնաղ պտուղներ էին աճում, և սրբերը ազատ կարող էին ճաշակել դրանք: Քաղաքում փառահեղ մի գահ կար, որից կենաց ջրի զուլալ գետ էր սկիզբ առնում: Ջուրը բյուրեղապակու նման մաքուր էր: Գետի երկու կողմերում աճում էր կենաց ծառը, և ափերին ուրիշ գեղեցիկ ծառեր կային’ համեղ պտուղներով ծանրաբեռնված: ՀՊ 121.1
Մարդկային լեզուն չափազանց աղքատ է երկինքը նկարագրելու համար: Մենք միայն կարող ենք բացականչել. «Ինչպիսի՜ սեր, ի՜նչ զարմանալի սեր”: Ամենապերճախոս լեզուն անգամ անկարող է նկարագրել երկնքի փառքը կամ Փրկչի սիրո անհուն խորությունը: ՀՊ 121.2