ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

93/100

ԳԼՈՒԽ 14 - ԴԱՏԱՎՃԻՌԸ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ

Ամբարիշտները կործանվել էին, ու նրանց դիակները ընկած էին երկրի վրա: Աստծո ցասումն իջել էր երկրի վրա յոթ պատուհասների տեսքով’ ստիպելով երկրի բնակիչներին ցավից կրծել սեփական լեզուներն ու անիծել Աստծուն: Երբ սրբերն ազատագրվեցին Աստծո ձայնով, ամբարիշտները սկսեցին միմյանց հոշոտել: Երկիրն ասես արյամբ էր հեղեղվել ու ծայրեծայր պատված էր դիակներով: ՀՊ 122.1

Երկիրն անմարդաբնակ անապատի էր նման: Նրա մակերևույթին կույտ-կույտ դիզվել էին երկրաշարժից ավերված քաղաքներն ու գյուղերը: Լեռները տեղաշարժվել էին, ու նրանց նախկին տեղում այժմ հսկա խոռոչներ էին: Խորդուբորդ ժայռաբեկորները, որոնք ծովը դուրս էր նետել, կամ հենց երկրից էին պոկվել, ցիրուցան էին եղել երկրի մակերևույթին: Ամենուր արմատախիլ եղած հսկա ծառեր էին ընկած: Այստեղ պետք է ապրի սատանան իր չար հրեշտակների հետ’ հազար տարի: Այստեղ նա պիտի բանտարկվի: Նա պիտի թափառի երկրի քարուքանդ մակերևույթի վրա ու տեսնի Աստծո օրենքի դեմ իր խռովության արդյունքները: Հազար տարի նա պիտի վայելի այն անեծքի պտուղները, որի պատճառն ինքն է եղել: ՀՊ 122.2

Նրա գործունեության ոլորտը երկրով պիտի սահմանափակվի: Նա այլևս հնարավորություն չի ունենա այլ մոլորակներ մեկնելու, որպեսզի գայթակղեցնի, անհանգստություն պատճառի նրանց, ովքեր չեն մեղանչել: Այս ընթացքում սատանան անասելի տառապանք է կրելու: Իր անկումից հետո նա միշտ հնարավորություն էր ունեցել դրսևորելու իր չարությունը: Սակայն այժմ նա պետք է զրկվի իր զորությունից ու հարկադիր միայնության մեջ խորհի այն ամենի մասին, ինչ արել է իր անկումից հետո, ահ ու սարսափով նայի ապագային, երբ պիտի պատիժ կրի այն ամբողջ չարիքի համար, որ գործել է, և բոլոր այն մեղքերի համար, որոնք գործվել են իր դրդմամբ: ՀՊ 122.3

Լսվեց հրեշտակների ու փրկված սրբերի հաղթական ճիչը: Ասես տասը հազար երաժշտական գործիք միասին թնդացրե- ցին օդը: Նրանք ցնծում էին, որովհետև սատանան այլևս չէր կարող վնասել, գայթակղել իրենց, որովհետև այլ աշխարհների բնակիչներն ազատվել էին նրա ներկայությունից ու գայթակղութ- յուններից: ՀՊ 123.1

Գահերի վրա բազմել էին Հիսուսն ու փրկված սրբերը: Սրբերն իշխում էին որպես թագավորներ և Աստծո քահանաներ: Քրիստոսը’ Իր ժողովրդի հետ միասին, դատում էր ամբարիշտ մեռյալներին’ համեմատելով նրանց արարքները Օրենսգրքի’ Աստծո խոսքի հետ, յուրաքանչյուր դեպք առանձին քննելով (տե’ս Հայտնություն 20.4-6): Հետո նրանք սահմանեցին յուրաքանչյուր ամբարիշտի պատիժը’ իր գործերի համապատասխան, ու գրեցին նրանց անունների առաջ’ մահվան գրքում: Սատանան ու նրա հրեշտակները նույնպես դատվեցին Հիսուսի ու սրբերի կող- մից: Սատանայի պատիժը պիտի շատ ավելի մեծ լիներ, քան այն մարդկանցը, ում նա մոլորեցրել էր: Անհնար է անգամ համեմատության եզրեր գտնել նրա ու իր զոհերի տառապանքի միջև: Երբ բոլոր նրանք, ում նա մոլորեցրել է, արդեն մեռած կլինեն, սատանան դեռ պիտի ապրի ու տանջանքներ կրի: ՀՊ 123.2

Երբ հազար տարին լրացավ, ու ամբարիշտ մեռյալների դատավորությունն ավարտվեց, Հիսուսը դուրս եկավ քաղաքից, և սրբերն ու հրեշտակների բազմությունը հետևեցին Նրան: Հիսուսն իջավ մի մեծ լեռան վրա: Հենց որ Նրա ոտքը դիպավ լեռանը, լեռը երկու կես եղավ ու դարձավ մի ընդարձակ հարթավայր: Հետո երևաց մեծ, գեղեցիկ քաղաքը’ տասներկու հիմքերով ու տասներկու դարպասներով’ յուրաքանչյուր կողմում երեք դարպաս և յուրաքանչյուր դարպասի վրա’ մի հրեշտակ: Սրբերն աղաղակեցին. «Քաղա՜քը, մեծ քաղա՜քը: Այն իջնում է երկնքից, Աստծո մոտից»: Քաղաքը իջավ իր ամբողջ շուքով ու շլացուցիչ փառքով և հաստատվեց այն ընդարձակ հարթավայրի վրա, որը Հիսուսը պատրաստել էր դրա համար: ՀՊ 123.3