ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պենտեկոստեի զորության ներքո
Հրեաները խառնվել էին համարյա բոլոր ազգերին և տարբեր լեզուներով էին խոսում: Նրանք հեռավոր վայրերից Երուսաղեմ էին եկել ու ժամանակավոր բնակություն հաստատել այնտեղ, որպեսզի մասնակցեն այն օրերին ընթացող կրոնական տոներին ու կատարեն դրանց հետ կապված պահանջները: Երուսաղեմում հավաքվածները խոսում էին համարյա բոլոր հայտնի լեզուներով: Լեզուների այս բազմությունը մեծ խոչընդոտ էր Աստծո ծառաների գործի համար և դժվարացնում էր Քրիստոսի վարդապետությունը երկրի հեռավոր ծայրերում տարածելը: Այն, որ Աստված հրաշագործ զորությամբ վերացրեց այս խոչընդոտը’ առաքյալների տարբեր լեզուներով խոսելու կարողություն շնորհելով, ժողովրդի համար ամենամեծ հաստատումն էր’ Քրիստոսի մասին նրանց արած վկայությունների: Սուրբ Հոգին նրանց փոխարեն արեց այն, ինչ իրենք անկարող էին անել ամբողջ կյանքի ընթացքում: Այժմ նրանք կարող էին ամենուր տարածել Ավետարանի ճշմարտությունը’ ճշմարիտ կերպով խոսելով այն մարդկանց լեզվով, ում համար նրանք ճիգ էին թափում: Այս զարմանահրաշ շնորհը մեծագույն ապացույցն էր այն բանի, որ նրանց առաքելությունը երկնքի կնիքն է կրում: ՀՊ 90.2
«Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ’ աստվածավախ մարդիկ’ երկնքի ներքո ամեն ազգերից: Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունն եկավ մեկտեղ և կիտվեցին, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին: Եվ ամենը հիանում էին և զարմանում, և իրար ասում էին. Չէ՞ որ ահա սրանք ամենը, որ խոսում են, գալիլեացի են: Եվ ինչպե՞ս մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք”: ՀՊ 91.1
Քահանաներն ու կառավարիչները մոլեգնել էին’ տեսնելով այդ զարմանահրաշ դրսևորումը, որի լուրն արագորեն տարածվեց ամբողջ Երուսաղեմով ու նրա շրջակայքով մեկ, սակայն նրանք, վախենալով ժողովրդի բարկությունից, չէին համարձակվում որևէ քայլի դիմել: Նրանք Տիրոջը մատնել էին մահվան, բայց ահա Նրա ծառաները’ անուս գալիլեացիներ, պատմում են աշխարհին մարգարեության զարմանահրաշ կատարումը և այն օրերին գոյություն ունեցող բոլոր լեզուներով ուսուցանում Հիսուսի վարդապետությունը: Նրանք մեծ զորությամբ պատմում էին Փրկչի հրաշագործությունների մասին և իրենց ունկնդիրների առաջ բացահայտում փրկության ծրագիրը, որն ի կատար էր ածվել Աստծո Որդու ողորմածությամբ ու զոհաբերությամբ: Նրանց խոսքերը համոզում և դարձի էին բերում նրանց լսող հազար հազարավորների: Նրանք մի կողմ էին նետում քահանաների կողմից ուսուցված սովորություններն ու սնոտիապաշտությունը և ընդունում Աստծո խոսքի մաքուր ուսմունքները: ՀՊ 91.2