ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Կանայք գերեզմանի մոտ
Շաբաթվա առաջին օրը, առավոտյան, դեռ արևը չծագած, սուրբ կանայք եկան գերեզմանի մոտ’ անուշահոտ խնկեր բերելով, որպեսզի օծեն Հիսուսի մարմինը: Նրանք տեսան, որ ծանր քարը մի կողմ է գլորված գերեզմանի մուտքի մոտից, և Հիսուսի մարմինն այնտեղ չէ: Նրանց սրտերը թուլացան, և նրանք վախեցան, որ թշնամիները գողացել են մարմինը: Հանկարծ նրանք սպիտակ հագուստներով երկու հրեշտակ տեսան, որոնց դեմքերը փայլում էին պայծառ լույսով: Այդ երկնային էակները հասկացան, թե ում են փնտրում կանայք, և անմիջապես հայտնեցին, որ Հիսուսն այդտեղ չէ, հարություն է առել, սակայն կանայք կարող են տեսնել այն տեղը, որտեղ Նա պառկած է եղել: Հրեշտակները նրանց պատ- վիրեցին գնալ և ասել Հիսուսի աշակերտներին, որ Նա իրենցից առաջ կգնա Գալիլեա: Երկյուղածությամբ ու մեծ ցնծությամբ կանայք շտապեցին վշտաբեկ աշակերտների մոտ ու պատմեցին իրենց ամբողջ տեսածն ու լսածը: ՀՊ 83.3
Աշակերտները չհավատացին, որ Քրիստոսը հարություն է առել: Լուրը բերող կանանց հետ նրանք արագ վազեցին դեպի գերեզման և տեսան, որ Հիսուսն այնտեղ չէ, տեսան Նրա պատանը, սակայն չկարողացան հավատալ ուրախ լուրին, թե Նա հարություն է առել: Իրենց տեսածից և կանանց տված լուրից ապշահար՝ նրանք տուն վերադարձան: ՀՊ 84.1
Սակայն Մարիամը նախընտրեց հապաղել գերեզմանի մոտ’ մտածելով իր տեսածի մասին և վհատված այն մտքից, որ ինքը կարող է խաբված լինել: Նա զգում էր, որ իրեն նոր փորձություններ են սպասում: Նրա վիշտը կրկնապատկվեց, և նա սկսեց դառն արցունք թափել: Հետո նա իջավ, որպեսզի մի անգամ ևս նայի գերեզմանի ներսը, և տեսավ երկու սպիտակազգեստ հրեշտակների: Նրանցից մեկը նստած էր այնտեղ, որտեղ հանգչած էր եղել Հիսուսի գլուխը, իսկ մյուսը’ այնտեղ, որտեղ Հիսուսի ոտքերն էին եղել: Նրանք գորովալից դիմեցին Մարիամին’ հարցնելով, թե ինչո՞ւ է լալիս: Մարիամը պատասխանեց. «Իմ Տիրոջը վերցրին, և չգիտեմ, թե ուր դրին նրան» (Հովհաննես 20.13): ՀՊ 84.2