ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 2 - ԱՐԱՐՈՒՄԸ
Հայրը և Որդին սկսեցին նախօրոք ծրագրած աշխարհստեղծ- ման հզոր ու զարմանահրաշ գործը: Երբ երկիրը դուրս եկավ Արարչի ձեռքի տակից, այն չափազանց գեղեցիկ էր: Այն պատած էր լեռներով, բլուրներով ու հարթավայրերով, որոնց միջև տարածվում էին գետերն ու ջրային զանգվածները: Երկիրը մի ընդարձակ հարթավայր չէր: Նրա միօրինակությունը խախտվում էր լեռներով ու բլուրներով: Դրանք բարձր ու խորդուբորդ չէին, ինչպես հիմա են, այլ բարեգեղ ու գեղեցիկ էին: Նրանց վրա լերկ, բարձր ժայռեր չէին: Դրանք ընդերքում էին’ երկրի համար որպես կմախք ծառայելով: ՀՊ 10.1
Ջրերը հավասարաչափ էին բաշխված: Սարերը, լեռներն ու չքնաղ հարթավայրերը զարդարված էին բույսերով ու ծաղիկներով: Ինչ ծառ ասես որ չկար’ վեհանիստ, փառահեղ, որոնք ավելի մեծ և գեղեցիկ էին, քան այսօր: Օդը մաքուր էր ու առողջարար, և երկիրն, ասես, մի հոյակերտ պալատ լիներ: Հրեշտակները տեսնում էին Աստծո գեղեցիկ ու հրաշալի գործերն ու հրճվում: ՀՊ 10.2
Երկիրը և կենդանական աշխարհն ստեղծելուց հետո Հայրն ու Որդին իրականացրին Իրենց մտադրությունը’ ստեղծել մարդուն Իրենց պատկերով, որը նախատեսել էին մինչ սատանայի մեղսագործությունը: Նրանք միասին էին ստեղծել երկիրը և նրա վրա գտնվող բոլոր շնչավոր արարածներին: Այդ ժամանակ էր, որ Աստված ասաց Որդուն’ «Մեր պատկերով մարդ շինենք»: ՀՊ 10.3
Երբ Աստված ստեղծեց Ադամին, վերջինս բարձրահասակ էր ու բարետես: Նրա կազմվածքը կատարյալ էր: Դիմագծերը նույնպես կատարյալ էին ու գեղեցիկ: Դեմքի գույնը ոչ սպիտակ էր, ոչ դժգույն, այլ շառագունած էր’ առողջության ու եռանդի հորդումից: Եվան այնքան բարձրահասակ չէր, որքան Ադամը: Նրա գլուխը Ադամի ուսից մի փոքր էր բարձր: Նա նույնպես ազնվազարմ տեսք ուներ, համաչափ կազմվածքով ու շատ գեղեցիկ էր: ՀՊ 10.4
Այս գլուխը հիմնված է Ծննդոց 1-ի վրա:
Եվ թեև այն ամենն, ինչ Աստված ստեղծել էր, կատարյալ էր իր գեղեցկությամբ, ու կարծես ոչինչ չէր պակասում Աստծո ստեղծած երկրում Ադամի ու Եվայի լիակատար երջանկության համար, այնուամենայնիվ, Աստված Իր մեծ սերը նրանց հանդեպ ցուցաբերեց առանձնահատուկ կերպով’ նրանց համար մի պարտեզ տնկելով: Նրանք իրենց ժամանակի մի մասը պետք է անցկացնեին այն մշակելու վրա, իսկ մյուսը մասը’ հրեշտակներին հյուրընկալելու, նրանց հրահանգները լսելու և ուրախ մտորումների վրա: Նրանց աշխատանքը հոգնեցուցիչ չէր: Այն հաճելի ու կազդուրիչ էր: Այս չքնաղ պարտեզը պետք է նրանց տունը լիներ: ՀՊ 11.1
Պարտեզում Աստված ամեն տեսակի ծառեր տնկեց’ ինչպես օգտակարության, այնպես էլ գեղեցկության համար: Աչք էին շոյում անուշահամ ու բուրավետ պտուղները, որոնցով ծանրաբեռնված էին պտղատու ծառերը: Դրանք պետք է կերակուր ծառայեին սուրբ զույգի համար: Սքանչելի խաղողի որթերը, որ ուղղաձիգ դեպի վեր էին ձգվում, ծանրաբեռնված էին հյութալի ողկույզներով: Ադամի ու Եվայի սիրած զբաղմունքն էր’ տաղավարներ հյուսել խաղողի ճյուղերից ու մշակել դրանք: Նրանք իրենց համար բնական կացարաններ էին սարքում անուշահամ պտուղներով ծանրաբեռնված գեղեցիկ ծառերից ու սաղարթներից: ՀՊ 11.2
Երկիրը գեղեցիկ, կանաչ խոտով էր պատված: Նրանց շուրջբոլորն առատորեն աճում էին անթիվ, անհամար երփներանգ ծաղիկներ’ օդը լցնելով իրենց նուրբ բուրմունքով: Ամեն ինչ հիանալի ու ճաշակով էր դասավորված: Պարտեզի մեջտեղում վեր էր խոյանում կենաց ծառը, որն իր շքեղությամբ գերազանցում էր մնացած բոլոր ծառերին: Նրա պտուղները անմահություն էին պարգևում: Տերևները բուժիչ հատկություն ունեին: ՀՊ 11.3