ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱԼ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ՄԱՅԻՍ 29
Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից: Հայտնություն 18.1: YRPArm 160.1
Հավիտենությունն օրեցօր մոտենում է’ հասցնելով մեզ փորձաշրջանի ավարտին: Այժմ, ինչպես երբեք, մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգու համար, որպեսզի Նա ավելի առատորեն հեղվի մեզ վրա: Ու մենք պետք է մշակների համար Նրա սրբագործող ազդեցությունը որոնենք, որպեսզի այն մարդիկ, ում հետ նրանք աշխատում են, իմանան, որ նրանք եղել են Հիսուսի հետ և սովորել են Նրանից: Այժմ, ինչպես երբեք, մենք հոգևոր տեսողության կարիք ունենք, որպեսզի կարողանանք տեսնել հեռուն, ի զորու լինենք տարբերակել թշնամու ծուղակներն ու ծրագրերը, և որպես հավատարիմ պահակներ’ հայտարարենք վտանգի մասին: Մենք հոգևոր ուժի կարիք ունենք, որպեսզի, ինչքան որ մարդկային միտքը կարող է, ընդունենք քրիստոնեության մեծագույն դասերը և հասկանանք, թե ինչքան համապարփակ են դրա սկզբունքները: YRPArm 160.2
Երբ Աստծո ժողովուրդը խոնարհեցնի սիրտը Նրա առաջ’ ամբողջ սրտով անհատապես որոնելով Սուրբ Հոգին, մարդկանց շուրթերից այնպիսի վկայություններ կլսվեն, ինչպիսին ներկայացված է այս տեքս-տում. «Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից» (Հայտնություն 18.1): Կլինեն Աստծո սիրով բոցավառված դեմքեր, կլինեն սուրբ կրակի դիպած շուրթեր, որոնք կասեն. «Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7): YRPArm 160.3
Նրանք, ովքեր Աստծո Հոգու ազդեցության տակ են, կլինեն հանգիստ, հաստատուն, զերծ անհեթեթություններից և մոլեռանդությունից: Եվ թող որ բոլոր նրանք, ում ճանապարհին պարզորոշ և հստակորեն փայլում է ստացված ճշմարտության լույսը, ուշադիր լինեն, թե ինչպես են խոսում խաղաղության և ապահովության մասին: Ուշադի'ր եղեք, թե ինչ ազդեցություն եք թողնում այս ժամանակներում: YRPArm 160.4
Հիսուսը ցանկանում է երկնային պարգևներն առատորեն հեղել Իր ժո-ղովրդի վրա: Ամեն օր առ Աստված են բարձրանում աղոթքներ խոստման իրականացման համար, և հավատքով արված ոչ մի աղոթք դատարկ տեղը չի կորչում: Քրիստոսը վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվեց: Երբ Քրիստոսի համբարձումից հետո, ինչպես և խոստացվել էր, երկիր եկավ Հոգին’ որպես ուժգին և հզոր քամի’ լցնելով աշակերտների զբաղեցրած ողջ տարածքը, ո՞րն էր արդյունքը: Մեկ օրում հազարավոր մարդիկ դարձի եկան: Մենք սովորեցրել ենք, մենք ակնկալել ենք, որ երկնքից հրեշտակ կիջնի, որ երկիրը կվառվի նրա փառքով, երբ նա տեսնի հոգիների այս միաբանությունը, ինչպես որ վկայվեց Պենտեկոստեի օրը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 160.5