ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

91/367

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 30

Ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ։ Փիլիպպեցիս 3.12: YRPArm 98.1

Քրիստոնյայի առաջին սիրո փորձառությունը լի է պարզությամբ և թարմությամբ, սակայն երբ նրա հնարավորությունները բազմապատկվում են, նրա փորձառությունը պետք է ընդարձակվի, գիտելիքները’ աճեն: Պատասխանատվություն կրելու համար Նա պետք է դառնա ուժեղ, և նրա հասունությունը պետք է լինի համաչափ իր արտոնությունների հետ: YRPArm 98.2

Բայց քանի դեռ մեր կյանքում չկա ժամ առ ժամ կախվածություն Քրիստոսից, գիտության աճն ու արտոնությունները կհանգեցնեն ինք-նավստահության և ինքնարդարացման: Երիտասարդ քրիստոնյային սպառնում է այն իրողությունը մոռանալու վտանգը, որ Քրիստոսն է բարի գործ սկսել իրենում, և Քրիստոսն էլ ավարտին կհասցնի այն: Մարդը պետք է հրաժարվի իր բոլոր արժանիքներից և ամբողջովին վստահի Նրա արժանիքներին, Ով չափազանց իմաստուն է սխալվելու համար: Մարդն ինքնուրույն ոչ մի լավ բան չի կարող անել: Հիսուսն ասաց. «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել» (Հովհաննես 15.5): Մարդը պետք է հիմնվի Աստծո վրա: YRPArm 98.3

Քրիստոսի պարգևում ողջ երկինքը հեղվեց, և Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին խոստացվեց հավատացյալին: Հիսուսն Իր աշակերտներին ասաց. «Բայց Մխիթարիչը’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամենը, ինչ որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Հավատացող և ապաշխարող հոգուն Քրիստոսն առաջարկում է ոչ միայն ներում, այլև Սուրբ Հոգու մշտական օգնությունը: YRPArm 98.4

Հոգում սերմի աճելու ժամանակ մարդը չի կարող տեսնել անտեսանելի ուժերի ներգործությունը, որոնք բույսը հասցնում են կատարելության’ աճեցնելով նախ ցողունը, հետո’ տերևը, իսկ հետո’ հասկն ամ-բողջությամբ: Սակայն հավատի մեջ նոր լինելով’ դուք հասկանում եք, որ մահվանից կյանք եք եկել, եթե Հոգու պտուղը դրսևորվում է ձեր կյանքում: Եթե դուք աճում եք հավատի, հույսի և սիրո մեջ, կիմանաք, որ ձեր հոգևոր տեսողությունը պարզվել է: Եթե հաճույք եք ստանում փրկության ծրագրի, աստվածային բնավորության փառահեղ դրսևորումների մասին խորհելուց, եթե ձեր սիրտը, տեսնելով Աստծո սերը, փայլում է երախտագիտությամբ և ուրախությամբ, կարող եք վստահ լինել, որ լուսավորվել եք Սուրբ Հոգու շողերով, և երկնային ներգործությունը ձեր բնավորությունը բերում է քրիստոնեական կյանքի հասունությանը: ժա-մանակների նշանները, 1893թ. մարտի 27: YRPArm 98.5