ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՆՉՊԵՍ ՔԱՄԻՆ ՀՈՒՆՎԱՐ 7
Քամին որտեղ ուզում է’ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում, այսպես է ամեն Հոգուց ծնվածը։ Հովհաննես 3.8: YRPArm 13.1
Քամու ձայնը լսվում է, երբ սոսափում են ծառերի ճյուղերը, տերևներն ու ծաղիկները, բայց այն անտեսանելի է, և ոչ մի մարդ չգիտի, թե որտեղից է գալիս և ուր է գնում: Այդպես էլ Սուրբ Հոգու ներգործությունը սրտի վրա: Անհնար էր ավելի լավ բացատրություն տալ, քան քամու օրինակը: Մարդն ի վիճակի չէ ստույգ իմանալու, թե կոնկրետ ո՞ր ժամին, որտե՞ղ կամ ի՞նչ հանգամանքներում է դարձի եկել, բայց դա չի նշանակում, թե նա չի վերածնվել: YRPArm 13.2
Քամու նման անտեսանելիորեն Քրիստոսն անդադար աշխատում է սրտի վրա: Ընդունողի համար աննկատելիորեն, քիչ-քիչ կատարվում են այնպիսի ներգործություններ, որոնք դեպի Քրիստոսն են գրավում հոգին: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ խորհում ենք Նրա մասին, կարդում Սուրբ Գիրքը կամ լսում կենդանի քարոզչի խոսքերը: Հանկարծ, երբ Հոգին դիմում է ավելի ուղղակիորեն, մարդն իր սիրտն ուրախությամբ նվիրում է Հիսուսին: Շատերի կարծիքով’ այդ վերածնունդը կատարվում է ակնթարթորեն, բայց դա Աստծո Հոգու երկարատև, համբերատար և համառ աշխատանքի արդյունքն է: Թեև քամին աներևույթ է, նրա ազդեցությունը նկատելի է և զգալի: Այդպես էլ Հոգու աշխատանքը սրտի վրա կդրսևորվի այն մարդու ամեն մի գործողության մեջ, ով զգացել է դրա փրկարար զորությունը: Երբ Աստծո Հոգին տիրում է սրտին, այն վերափոխում է կյանքը: Մեղավոր մտքերն անհետանում են, չար արարքները’ վերանում, բարկությունը, նախանձն ու գժտությունը փոխարինվում են սիրով, հեզությամբ և խաղաղությամբ: Տխրությունը փոխարինվում է ուրախությամբ, և դեմքն արտացոլում է երկնային լույսը: Ոչ ոք չի տեսնում այն ձեռքը, որ վերցնում է բեռը, և չի նկատում այն լույսը, որ իջնում է երկնային պալատներից: Օրհնությունը գալիս է այն ժամանակ, երբ հոգին հավատով հանձնվում է Աստծուն: Եվ ապա այն ուժը, որն անտեսանելի է մարդկային աչքի համար, ստեղծում է նոր արարած’ Աստծո պատկերով: YRPArm 13.3
Սահմանափակ միտքն անկարող է ըմբռնել փրկագնման աշխատանքը: Այդ գաղտնիքը վեր է մարդկային գիտությունից, բայց նա, ով մահից անցնում է դեպի կյանք, հասկանում է, որ դա Աստծո աշխատանքի արդ-յունքն է: Փրկության սկիզբը մենք կարող ենք նկատել այստեղ’ անձնական փորձառության միջոցով, դրա հետևանքները, սակայն, ձգվում են մինչև հավերժություն: Դարերի Փափագը, 172, 173: YRPArm 13.4