ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿՆԱՅԻՆ ԱՂԱՎՆԻՆ ՀՈՒՆՎԱՐ 6
Եվ վկայեց Հովհաննեսը և ասաց, թե’ Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես վայր էր գալիս երկնքից և Նրա վրա մնում։ Հովհաննես 1.32: YRPArm 12.1
Քրիստոսը մեր օրինակն է ամեն ինչում: Իր Հորն ուղղած Նրա աղոթքին ի պատասխան’ երկինքը բացվեց, և Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա: Աստծո Սուրբ Հոգին պետք է շփվի մարդու հետ և բնակվի հնազանդների և հավատարիմների սրտերում: Լույս և ուժ կստանան նրանք, ովքեր համառորեն փնտրում են Նրան’ սատանային դիմակայելու իմաստություն ձեռք բերելու և գայթակղությունները հաղթահարելու համար: Մենք պետք է հաղթահարենք դրանք այնպես, ինչպես դա անում էր Քրիստոսը: YRPArm 12.2
Հիսուսն իր հասարակական ծառայության բացումն արեց եռանդուն աղոթքով, և Նրա օրինակը ցույց է տալիս, որ աղոթքը կարևոր է հաջողված քրիստոնեական կյանք վարելու համար: Նա մշտապես հաղորդակցության մեջ էր Իր Հոր հետ, և Նրա կյանքը ներկայացնում է մի կատարյալ օրինակ, որը մենք պետք է ընդօրինակենք: Նա բարձր էր գնահատում աղոթքի առավելությունը, և Նրա աշխատանքը ցույց տվեց Աստծո հետ հաղորդակցության արդյունքը: Ուսումնասիրելով Նրա կյանքը’ մենք տեսնում ենք, որ բոլոր կարևոր պահերին Նա հեռանում էր դեպի պուրակ կամ առանձնանում լեռան վրա և անկեղծ ու համառ աղոթք անում Աստծուն: Նա հաճախ էր ողջ գիշերն անցկացնում աղոթքի մեջ, երբ պետք է որևէ հրաշք գործեր: Գիշերային այս աղոթքների ընթացքում կամ օրվա աշխատանքից հետո Նա կարեկցաբար ազատ էր արձակում Իր աշակերտներին, որպեսզի նրանք վերադառնային իրենց տներն ու հանգիստ առնեին, մինչդեռ աղաղակով և արցունքներով Նա Աստծուն էր ներկայացնում անկեղծ միջնորդություն մարդկության համար: YRPArm 12.3
Հիսուսը նախապատրաստվեց Իր պարտքը կատարելուն և ուժ ստացավ փորձությանը դիմակայելու համար Աստծո շնորհի միջոցով, որը Նրան տրվեց Իր աղոթքին ի պատասխան: Քրիստոնեական կյանքը հաջողված ապրելու համար մենք կախված ենք Աստծուց, և Քրիստոսի օրինակը մեր առջև բացում է այն ճանապարհը, որով մենք կարող ենք գալ երբեք չթուլացող զորության աղբյուրին’ շնորհ և ուժ ստանալու թշնամուն դիմակայելու և հաղթանակած դուրս գալու համար: Հորդանանի ափերին Քրիստոսն աղոթք բարձրացրեց որպես մարդկության ներկայացուցիչ, և բացված երկինքն ու հավանության ձայնը մեզ վստահեցնում են, որ Աստված ընդունում է մարդուն Իր Որդու արժանիքների միջոցով: Ժամանակների նշանները, 1893 թ. հուլիսի 24: YRPArm 12.4