ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՂՈԹՔՆ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ դեկտեմբեր 8
Որովհետև ամեն, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհը, և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը: Ա Հովհաննես 5.4: YRPArm 360.1
Մինչ Հիսուսը’ մեր Բարեխոսը, խնդրում է մեզ համար երկնքում, Սուրբ Հոգին աշխատում է մեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Ողջ երկինքն է հետաքրքրված հոգիների փրկությամբ: Ապա ի՞նչ պատճառ ունենք մենք կասկածելու, որ Տերը կօգնի և օգնում է մեզ: Մենք, որ սովորեցնում ենք մարդկանց, պետք է ինքներս Աստծո հետ կենսական կապ ունենանք: Հոգում և Խոսքում մենք մարդկանց համար պետք է լինենք ինչպես աղբյուր, որովհետև Քրիստոսը մեզանում աղբյուր է, որ հավիտենական կյանքի համար է բխում: Վիշտն ու ցավը կարող են ստուգել մեր համբերությունն ու հավատը, սակայն Անտեսանելիի ներկայության պայծառությունը մեզ հետ է, և մենք պետք է ես-ը թաքցնենք Հիսուսի հետևում: YRPArm 360.2
Խրախուսեք եկեղեցին, բարձրացրեք այն աղոթքում Աստծո առաջ: Ասեք նրանց, որ երբ զգում են, որ մեղք են գործել և չեն կարող աղոթել, դա աղոթքի ճիշտ ժամանակն է: Շատերն իրենց ստորացված են զգում իրենց ձախողումների պատճառով, որ հաղթվել են թշնամուց՝ նրան հաղթելու փոխարեն: Աշխարհը, եսասիրությունը և մարմնական ցանկությունները թուլացրել են նրանց, և նրանք կարծում են, թե ոչ մի օգուտ չկա Աստծուն մոտենալուց, սակայն այդ միտքը թշնամու առաջարկներից մեկն է: Նրանք կարող են լինել ամոթահար և խորապես ընկճված, սակայն պետք է աղոթեն և հավատան: Երբ նրանք խոստովանեն իրենց մեղքերը, Նա հավատարիմ է և արդար, որ նրանց մեղքերը թողնի նրանց և սրբի նրանց ամեն անիրավությունից (տե'ս Ա Հովհաննես 1.9): Թեև միտքը կարող է շեղվել աղոթքից, մի հուսալքվեք, հետ բերեք այն գահի առաջ, և մինչև հաղթանակ չտանեք, մի լքեք ողորմության նստավայրը: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ձեր հաղթանակը պետք է դրսևորվի ուժգին հույզով: Ոչ, «սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Տերը գիտի ձեր ցանկությունները, մնացեք Նրան մոտ հավատով և ակնկալեք ստանալ Սուրբ Հոգին: YRPArm 360.3
Սուրբ Հոգու գործը մեր բոլոր հոգևոր փորձառությունները վերահսկելն է: Հայրն Իր Որդուն տվեց մեզ համար, որպեսզի Որդու միջոցով Սուրբ Հոգին կարողանա մոտենալ մեզ և առաջնորդել դեպի Հայրը: Աստվածային ներգործության շնորհիվ մենք ունենք բարեխոսության հոգին, որի միջոցով կարող ենք խնդրել Աստծուն, ինչպես մարդն է խնդրում իր ընկերոջը: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3: YRPArm 360.4