ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

178/367

ՀԵՏԵՎԵԼ ՆԱՎԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՆ հունիս 25

Իսկ դու նեղությունները կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր: Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի: Բ Տիմոթեոս 2.3, 4: YRPArm 188.1

Մեզ պատերազմն անելու ընդամենը շատ քիչ ժամանակ է մնում, հետո Քրիստոսը կգա, և ապստամբության այս դրվագը կփակվի: Այնուհետև մեր վերջին ջանքերը կնախատեսվեն Քրիստոսի հետ աշխատելու և Նրա թագավորությունը մոտեցնելու համար: Ոմանք, ովքեր կանգնած են եղել պայքարի առաջնագծում’ եռանդուն կերպով ընդդիմանալով ներս եկող չարին, ընկնում են մարտի դաշտում, մյուսները վշտացած նայում են ընկած հերոսներին, սակայն աշխատանքը դադարեցնելու ժամանակ չունեն: Նրանք պետք է փակեն շարքերը, դրոշը խլեն մահից անդամալույծ եղած ձեռքից և նորոգված ուժով պաշտպանեն ճշմարտությունն ու Քրիստոսի պատիվը: Մեղքին’ խավարի ուժերին, պետք է դիմակայել, ինչպես երբեք նախկինում: Ժամանակը պահանջում է եռանդով լի և վճռական քայլեր այն մարդկանցից, ովքեր հավատում են ներկա ճշմարտությանը: Նրանք պետք է սովորեցնեն ճշմարտությունը և’ պատվիրաններով, և’ օրինակներով: YRPArm 188.2

Եթե մեր Ազատչի գալուն սպասելու ժամանակը երկար է թվում, եթե վշտերից և ծանր աշխատանքից կքած՝ մենք այլևս չենք համբերում, թե երբ պիտի մեր առաջադրանքն ավարտվի, և ստանանք պատվաբեր ազատում պայքարից, եկեք հիշենք, և թող որ հիշողությունն ստուգի յուրաքանչյուր տրտունջ, որ Աստված թողնում է մեզ հանդիպելու երկրի վրա փոթորիկների և հակամարտությունների՝ քրիստոնյայի բնավորությունը կատարելագործելու, Աստծո՝ մեր Հոր և Քրիստոսի’ մեր ավագ Եղբոր հետ ավելի լավ ծանոթանալու և Տիրոջ համար գործ անելու՝ Քրիստոսի մոտ հոգիներ բերելու համար, որպեսզի ուրախ սրտով կարողանանք լսել հետևյալ բառերը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա... մտիր քո տիրոջ ուրախությունը” (Մատթեոս 25.21): YRPArm 188.3

Եղի'ր համբերատար, քրիստոնյա’ զինվոր: Եվս մի քիչ, և Նա, Ով պետք է գար, կգա: Հոգնեցուցիչ սպասման, զգոնության և սգի գիշերը համարյա ավարտվել է: Պարգևատրումը շուտով կհանձնվի, հավերժական օրը կծագի: Այժմ քնելու, անօգուտ ափսոսանքի մեջ ընկղմվելու ժամանակ չկա: Նա, ով հիմա ձգտում է քնել, կկորցնի բարի գործեր անելու թանկարժեք հնարավորությունը: Մեզ տրված է մեծագույն բերքի կապոցները հավաքելու օրհնված առավելությունը, և փրկված յուրաքանչյուր հոգի հավելյալ աստղ կլինի Հիսուսի’ մեր պաշտելի Փրկչի թագի վրա: Ո՞վ է ցանկանում վայր դնել զենքը, եթե ընդամենը մի քիչ դիմանալով ճակատամարտին՝ կունենա նորանոր հաղթանակներ և կհավաքի նոր հաղթանշաններ հավիտենության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1881թ. հոկտեմբերի 25: YRPArm 188.4