ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 22 - ՆԻՆՎԵՆ’ ԱՅՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԸ
*****
Պառակտված Իսրայելի օրերում հին աշխարհի մեծագույն քաղաքներից մեկն ասորական թագավորության մայրաքաղաք Նինվեն էր: Հիմադրվելով Տիգրիս գետի պարարտ ափին, Բաբելոնի աշտարակի կործանումից շատ կարճ ժամանակ անց’ այն դարեր շարունակ ծաղկունք էր ապրել և «մեծ քաղաք էր’ ...երեք օրուայ ճանապարհ»: Հովնան 3.3: ՄԹ 197.1
Այս անցողիկ ծաղկման շրջանում Նինվեն հանցանքի ու չարության կենտրոն էր: Մարգարեական հոգին բնութագրել է այն որպես «արիւնահեղութեանց քաղաք, ...լիքն ստութեամբ’ յափշտակութեամբ»: Նաում մարգարեն պատկերավոր լեզվով Նինվեի բնակիչներին համեմատում է դաժան, գիշատիչ առյուծի հետ: «Ո՞ւմ վերայ չէ անցել միշտ քո չարութիւնը»,հարցնում է նա: Նաում 3.1, 19: ՄԹ 197.2
Սակայն, որքան էլ Նինվեն չար էր, կատարելապես չէր տրվել չարությանը: Նա, Ով «տեսնում է մարդկանց ամեն որդիքը» (Սաղմոս 33.13) և «աչքը տեսնում է ամեն թանկագին բան» (Հոբ 28.10), այդ քաղաքում նկատում էր շատերին, ովքեր ձգտում էին [265] ավելի լավ ու վեհ ինչ-որ բանի և եթե հնարավորություն ունենային իմանալու կենդանի Աստծո մասին, կթողնեին իրենց չար արարքներն ու կերկրպագեին Նրան: Եվ այդպես, Իր իմաստությամբ Աստված հստակ կերպով բացահայտեց Իրեն, որպեսզի կարողանա ապաշխարության առաջնորդել նրանց: ՄԹ 197.3
Այս գործի համար ընտրված գործիքն Ամաթիի որդի Հովնան մար-գարեն էր: Աստծո Խոսքը նրան հասավ, որ ասում էր. «Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չա-րութիւնը վեր է եկել իմ առաջին»: Հովնան 1.1, 2: ՄԹ 197.4
Մտածելով իրեն հանձնարարված առաջադրանքի դժվարության և թվացյալ անհնարինության մասին՝ նա տարակուսանքով արձագանքեց կանչին: Մարդկային տեսանկյունից թվում էր՝ հնարավոր չէ ինչոր բանի հասնել՝ այդ հպարտ քաղաքում լուրն ազդարարելով: Նա մի պահ մոռացել էր, որ այն Աստվածը, Ում ինքը ծառայում է, ամենատես ու ամենակարող Աստված է: Մինչ նա տատանվում և շարունակում էր կասկածել, սատանան ճնշեց նրան հուսահատությամբ: Մեծ սարսափ էր պատել մարգարեին, և նա «վեր կացաւ, որ... Թարսիս փախչէ»: Գալով Հոպպե՝ գտավ մի նավ, որ պատրաստվում էր մեկնել, «նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ ... գնար»: Համար 3: ՄԹ 198.1
Նրան տրված այս բեռը ծանր պատասխանատվություն էր, սակայն Նա, Ով հրամայել էր գնալ, կարող էր պահպանել Իր ծառային և հաջողություն տալ նրան: Եթե մարգարեն ենթարկվեր առանց առարկության, նա կխուսափեր շատ ծանր փորձություններից և առատապես կօրհնվեր: Միևնույն է, Հովնանի հուսահատության պահին Տերը նրան չէր լքել: Մի շարք փորձությունների և արտասովոր [266] կանխատեսումների միջոցով պետք է վերականգնվեր մարգարեի վստահությունն Աստծո և Նրա անսահման ուժի հանդեպ: ՄԹ 198.2
Եթե առաջին կանչն ստանալու ժամանակ Հովանանը մի պահ կանգ առներ և սառը դատեր, կհասկանար, որ մեծ հիմարություն է որևէ ջանք գործադրել՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց նրան վիճակված չէր անխռով շարունակել իր խելահեղ փախուստը: «Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, և նաւը ուզում էր փշրուիլ: Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւում էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւպառկել ու խոր քնել»: Համարներ 4, 5: ՄԹ 198.3
Մինչ նավաստիներն օգնություն էին աղերսում իրենց հեթանոսական աստվածներից, նավապետը, չափից դուրս հուսալքված, փնտրեց գտավ Հովնանին և ասաց. «Ի՞նչ ես մրափել. վեր կաց աղաղակիր քո Աստուծուն, գուցէ Աստուած յիշէ մեզ, եւ մենք չ’կորչենք»: Համար 6: ՄԹ 198.4
Սակայն նրա աղոթքները, ով շրջվել էր պարտականության ճանապարհից, ոչ մի օգուտ չունեցան: Այն համոզմամբ, թե փոթորկի արտասովոր սաստկությունը վկայում է իրենց աստվածների բարկության մասին, նավաստիներն առաջարկեցին վիճակ գցել՝ որպես վերջին հույս ու ապավեն: «Ու իմանանք,-ասացին նրանք,թէ ու՞մ պատճառով է եկել մեզ այս չարիքը. եւ վիճակ գցեցին, և վիճակը ընկավ Յովնանին: Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ու՞մ պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես»: [267] ՄԹ 199.1
«Եվ նա նորանց ասեց. Ես Եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստուծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը»: ՄԹ 199.2
«Եւ այն մարդիկը վախեցան մեծ վախով եւ ասեցին նորան. Դա ի՜նչ ես արել դու. Որովհետեւ այն մարդիկն իմացան որ նա փախչում է Տիրոջ երեսիցը, որովհետեւ պատմեց նորանց: ՄԹ 199.3
«Եվ ասեցին նորան. Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարէ մեզ վերայ. որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր: Եւ նա ասեց նորանց. Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ’դադարէ ձեզ վերայ. Որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ: Եւ այն մարդիկը թիաւարում էին որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում, որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր նորանց վերայ: Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Ո’հ, Եհովայ, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դնիր մեզ վերայ, որովհետեւ դու, ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես: Եւ առան Յովնանին եւ ծովը գցեցին նորան. Եւ ծովը դադարեց իր կատաղութիւնիցը: Եւ այն մարդիկը մեծ երկիւղով վախեցան Տէրիցը, եւ զոհեր մատուցին Տիրոջը եւ ուխտեր արին»: ՄԹ 199.4
«Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան, որ Յովնանին կուլ տայ. Եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր»: ՄԹ 199.5
«Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր
Աստուծուն ձկան փորիցը.
Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի
դէպի Տէրը,
եւ նա ինձ պատասխանեց.
Անդունդի փորիցը աղաղակեցի,
եւ դու լսեցիր իմ ձայնը:
Եւ դու ինձ գցեցիր անդունդը’
ծովերի մէջ. Եւ հեղեղներն ինձ պաշարեցին.
քո բոլոր կոհակները եւ ալիքները
անց էին կենում ինձ վերայով:
Եւ ես ասեցի’ Ես վռնտուած եմ քո
աչքի առաջից, սակայն էլի պիտի
նայեմ քո սուրբ տաճարին:
Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս,
անդունդն ինձ պաշարել էր, կնիւն
գլխիս փաթաթուեցաւ:
Ես սարերի հիմանց մօտն իջայ,
երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան.
Բայց դու իմ կեանքը հանեցիր
կորուստիցը, ով իմ Տէր Աստուած:
Հոգիս ինձ վերայ նուաղելիս’ յիշեցի
Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ
քո սուրբ տաճարը:
Փուչ ունայնութիւնների նայողները
իրանց լինելու ողորմութիւնը թողում են:
Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ
զոհ պիտի մատուցանեմ.
Արած խոստմունքս պիտի կատարեմ.
փրկութիւնը Տիրոջն է»:
ՄԹ 199.6
Համար 1.7-2.9:
Վերջապես Հովնանը հասկացել էր, որ «Տիրոջն է փրկութիւնը»: Սաղմոս 3.8: Ազատագրումը եկավ ապաշխարությունից և Աստծո փրկարար շնորհն ընդունելուց հետո: Հովնանն ազատ արձակվեց վիթ-խարի խորության վտանգներից և դուրս նետվեց ցամաք: ՄԹ 200.1
Հանձնարարությունը կրկնվեց, Աստծո ծառան պետք է նախազգու-շացներ Նինվեին: «Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով. Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կասեմ»: Այս անգամ նա կանգ չառավ առարկելու կամ կասկածներ հայտնելու համար, այլ առանց վարանելու հնազանդվեց: [269] Նա «վեր կացաւ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ»: Հովնան 3.1-3: ՄԹ 200.2
Երբ Հովնանը մտավ քաղաք, նա անմիջապես սկսեց «քարոզել և ասել» նրա դեմ ուղղված լուրը. «Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի»: Համար 4: Անցնելով փողոցից փողոց՝ նա բարձրաձայն ազդարարում էր նախազգուշական լուրը: ՄԹ 200.3
Այն անարձագանք չմնաց: Անաստված քաղաքի փողոցներում հնչող տագնապալի լուրը անցնում էր բերնեբերան, մինչև բոլոր բնակիչները լսեցին ցնցող հայտարարությունը: Աստծո Հոգին լուրը հասցրեց յուրաքանչյուր սրտի և շատերին ստիպեց դողալ իրենց մեղքերի պատճառով և ապաշխարել խորին խոնարհությամբ: ՄԹ 201.1
«Եւ Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատա-րակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները: Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ. Եւ կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չճաշակեն, չարածեն եւ ջուր չխմեն. Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը: Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չկորչենք»: Համարներ 5-9: Երբ թագավորներն ու ազնվականները, հասարակ ժողովուրդը, վերիններն ու ստորինները, բոլորը «Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին» (Մատթեոս 12.41) և միաբանվեցին’ աղերսելու երկնքի Աստծուն, Նրա [270] ողորմությունը շնորհվեց նրանց: Նա «տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չարաւ»: Հովնան3.10: Նրանց դատավճիռը կասեցվեց, Իսրայելի Աստվածը բարձրացվեց ու մեծարվեց ամբողջ հեթանոսական աշխարհում, և Նրա օրենքը հարգվեց: Շատ տարիներ չէին անցել, որ Աստծուն մոռանալու և սնապարծ հպարտության պատճառով Նինվեն շրջապատող ազգերի զոհը դարձավ: (Ասորեստանի անկման մասին տե՜ս գլուխ 30): ՄԹ 201.2
Երբ Հովնանն իմացավ Աստծո՝ Նինվեն խնայելու մտադրության մասին, որը չնայած մեղանչել էր, բայց դրդվեց՝ ապաշխարելու քուրձով ու մոխրով, պետք է առաջինն ուրախանար Աստծո զարմանալի շնորհի համար, փոխարենը նա մտածեց՝ գուցե իրեն կեղծ մարգարե համարեն: Նախանձախնդիր իր հեղինակությանը՝ նա հայացքը հեռացրեց անհամեմատ ավելի մեծ արժեքից, դա հոգիների փրկությունն էր այդ թշվառ քաղաքում: Ապաշխարող նինվեացիների հանդեպ Աստծո կարեկցանքի պատճառով «Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ»: «Սա չէ՞ր իմ խօսքը,նա հարցրեց Աստծուն,քանի որ դեռ իմ երկրումն էի. Դորա համար էլ աճապարեցի որ փախչեմ Թարսիս. Որովհետեւ գիտէի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կզղջաս չարիքի համար»: Հովնան 4.1, 2: ՄԹ 201.3
Կասկածն ու հուսահատությունը կրկին պաշարեցին նրան: Անտեսելով այլոց շահերը’ նա մտածում էր, որ ավելի լավ է մեռնել, քան ապրել ու տեսնել քաղաքի փրկությունը, և տրտմած բացականչեց. «Եւ հիմա, ով Տէր, աղաչում եմ առ հոգիս ինձանից. Որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է»: [271] ՄԹ 202.1
«Մի՞թէ լաւ է որ բարկացել ես»,հարցրեց Աստված: «Եւ Յովնանը դուրս եկաւ քաղաքիցը եւ նստեց քաղաքի արեւելեան կողմին, եւ իրան համար այնտեղ մի հովանի շինեց եւ նորա տակին նստեց շուքի մէջ մինչեւ որ տեսնէ թէ ինչ է լինելու քաղաքին: Եւ Տէր Աստուածը հրամայեց մի դդմենու, որ նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխի վերայ, որ նորան ազատէ իր տառապանքիցը. Եւ Յովնանը ուրախացաւ դդմենու վերայ մեծ ուրախութիւնով»: Համարներ 3-6: Ապա Աստված Հովնանին տեսանելի դաս տվեց: Նա «հրամայեց մի որդնի առաւօտուայ արշալոյսը ծագելիս, եւ նա զարկեց դդմենուն, եւ սա չորացաւ: Եւ եղաւ երբոր արեգակը ծագեց, այն ժամանակ Աստուած հրամայեց արեւելեան խորշակահար քամուն, եւ արեւը զարկեց Յովնանի գլխին, եւ նա թուլացաւ, եւ իր անձի համար ուզում էր մեռնել, եւ ասեց. Մեռնելս լաւ է ապրելուցս»: ՄԹ 202.2
Աստված կրկին խոսեց Իր մարգարեի հետ’ ասելով. «Մի՞թէ լաւ է որ բարկացել ես դդմենու մասին»: Եվ նա ասաց. «Լաւ է, որ բարկացել եմ մինչեւ մահ»: ՄԹ 202.3
«Եւ Տէրն ասեց. Դու ափսոսում ես դդմենու մասին, որի վերայ աշխա-տութիւն չքաշեցիր եւ որին չմեծացրիր, որն որ մէկ գիշերուայ մէջ եղաւ եւ մէկ գիշերուայ մէջ փչացաւ: Իսկ ես չափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հաս-կանում իրանց աջ ու ձախ ձեռքը, եւ շատ անասուն:»: Համարներ 7-11: ՄԹ 202.4
Շփոթահար, նվաստացած և անկարող հասկանալու Աստծո’ Նինվեն փրկելու նպատակը, Հովնանն, այնուամենայնիվ, իրականացրել էր մեծ քաղաքին նախազգուշացնելու իր հանձնառությունը, ու թեև կանախգուշակված իրադարձությունը տեղի չունեցավ, [272] նախազգու-շացումն Աստծուց էր: Եվ այն իրագործեց Աստծո նպատակն այնպես, ինչպես պետք էր: Նրա շնորհի փառքը բացահայտվեց հեթանոսների մեջ: Նրանք, ովքեր երկար ժամանակ նստած էին «խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած», «դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը»: Եվ Նա «նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց»: «Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը»: Սաղմոս 107.10, 13, 14, 20: ՄԹ 202.5
Իր երկրային ծառայության ժամանակ Քրիստոսը հիշատակեց Հովնանի քարոզության բարի արդյունքը Նինվեում և համեմատեց այդ հեթանոսական կենտրոնի բնակիչներին Իր օրերի’ Աստծուն դավանողների հետ [273]: «Նինուէացի մարդիկը,ասաց Նա,վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտեն սորան. որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ:»: Մատթեոս 12.41: Քրիստոսը եկել էր առևտրի ժխորով և վեճերով լի այս աշխարհը, որտեղ մարդիկ փորձում էին իրենց անձերի համար ձեռք բերել այն, ինչ միայն կարող էին: Եվ այդ խառնաշփոթությունից վեր, ինչպես Աստծո շեփոր, լսվում էր Նրա ձայնը. «Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ’ եւ իր անձը կորցնէ: Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար»: Մարկոս 8.36, 37: Ինչպես Հովնանի քարոզությունը նշան էր նինվեացիների համար, այնպես էլ Քրիստոսի քարոզությունն էր նշան Նրա սերնդի համար: Բայց ի՜նչ հակադրություն խոսքն ընդունելու մեջ: Այնուահանդերձ, անտարբերության և արհամարհանքի պայմաններում Փրկիչը շարունակեց գործել մինչև Իր առաքելության ավարտը: ՄԹ 203.1
Դասն Աստծո այսօրվա լրաբերների համար է, երբ ազգերի քաղաքներն իսկապես ճշմարիտ Աստծուն բնորոշ հատկանիշների և նպատակների իմացության կարիքն ունեն, ինչպես հին նինվեացիները: Քրիստոսի դեսպանները մարդկանց ավելի հրաշալի երկիր պետք է մատնացույց անեն, որը ընդհանրապես տեսադաշտից դուրս է մնացել: Սուրբ Գրքի ուսմունքի համաձայն’ միակ քաղաքը, որը կապրի հավիտյան, այն քաղաքն է, որի շինարարն ու ստեղծողն Աստված է: Մարդը հավատի աչքերով կարող է տեսնել երկնքի մուտքը’ Աստծո կենդանի փառքով լցված: Իր ծառայակիցների միջոցով Հիսուսը կոչ է անում մարդկանց՝ սրբագործված տենչով ձգտել հավերժական ժառանգության պահպանմանը: Նա հորդորում է գանձեր դիզել Աստծո գահի մոտ: [274] ՄԹ 203.2
Արագ և հաստատուն կերպով քաղաքների բնակիչներին պատում է գրեթե համընդհանուր մեղքը’ վճռական չարության կայուն աճի պատճառով: Մարդկային գրչի ուժից վեր է նկարագրել տիրող այլասերումը: Յուրաքանչյուր օր իր հետ բերում է կռիվների, կաշառքի և խարդախություն նորանոր բացահայտումներ, դաժանության և ապօ-րինության, մարդկային տառապանքի նկատմամբ անտարբերության, մարդկային կյանքերի դաժան, դիվային ավերման սրտամաշ վկայություններ: Յուրաքանչյուր օրը ականատես է լինում խելագարության, սպանության և ինքնասպանության աճին: ՄԹ 204.1
Սատանան դարեդար ձգտել է մարդուն անտեղյակ պահել Եհովայի բարի նպատակներից, ջանացել է նրա տեսադաշտից հեռացնել արդարության, ողորմության և սիրո մեծագույն սկզբունքները, որ պատվիրում է Աստծո օրենքը: Մարդկությունը պարծենում է մեր դարաշրջանի հրաշալի առաջընթացով և լուսավորությամբ, բայց Աստված տեսնում է երկիրը՝ լի անիրավությամբ և դաժանությամբ: Մարդկությունը հայտարարում է, որ Աստծո օրենքը վերացել է, որ Աստվածաշունչը արժանահավատ չէ, իսկ արդյունքը երկրի վրայով առաջ ընթացող չարիքի ուժգին ալիքն է, որպիսին չի եղել Նոյի և ուրացյալ Իսրայելի օրերից ի վեր: Հոգու ազնվությունը, քնքշությունը, բարեպաշտությունը հեռացվում են՝ տեղի տալով արգելված բաների ցանկությանը: Հանուն շահույթի կատարված հանցագործությունների սև ցուցակը բավական է՝ արյունը սառեցնելու և հոգին սարսափով լցնելու համար: ՄԹ 204.2
Մեր Աստվածը ողորմության Աստված է: Նա համբերատար է և քնքուշ կարեկցանքով է վարվում Իր օրենքը խախտողների հետ: Սակայն մեր օրերում, երբ տղամարդիկ և կանայք այնքան շատ հնարավորություններ ունեն ծանոթանալու Սուրբ Գրքում բացահայտված աստվածային օրենքին, տիեզերքի մեծ Ղեկավարը չի կարող բավականությամբ նայել այլասերության [275] մեջ թաթախված քաղաքներին, ուր դաժանությունն ու հանցագործությունն են իշխում: Արագորեն սպառվում է Աստծո համբերությունը նրանց համար, ովքեր անդրդվելի են իրենց անհնազանդության մեջ: ՄԹ 204.3
Արդյո՞ք մարդիկ պետք է զարմանան Գերագույն ղեկավարի’ ընկած աշխարհի բնակիչների հանդեպ վերաբերմունքի հանկարծակի ու անակնկալ փոփոխությունից: Պե՞տք է զարմանան, երբ պատիժը հետևում է մեղքին և աճող հանցագործությանը: Միթե՞ պետք է զարմանան, որ Աստված ավերում ու մահ է բերելու նրանց վրա, ում անարգ շահույթները ձեռք են բերվել խաբեությամբ ու կեղծիքով: Չնայած այն փաստին, որ Աստծո պահանջների վերաբերյալ աճող լույսը փայլել է նրանց ճանապարհին, շատերը հրաժարվել են ընդունել Եհովայի իշխանությունը’ գերադասելով մնալ երկնքի կառավարման դեմ ուղղված ապստամբությունը նախաձեռնողի սև դրոշի ներքո: ՄԹ 205.1
Աստծո համբերությունը այնքա՜ն մեծ է եղել, այնքան շատ, որ հաշվի առնելով Նրա սուրբ պատվիրանների շարունակական անարգումը, մենք զարմանում ենք: Ամենակարողը զսպող ուժ է գործադրում Իր սեփական հատկությունների վրա: Սակայն կգա օրը, երբ Նա կբարձրանա’ պատժելու չարերին, ովքեր այնքան համարձակորեն արհամարհում են Տասնաբանյայի արդար պահանջները: ՄԹ 205.2
Աստված փորձնական ժամանակաշրջանի հնարավորություն է տվել մարդկանց, բայց կա մի կետ, որից այն կողմ աստվածային համ-բերությունն սպառվում է, և դրան անպայման կհետևեն Աստծո դատաստանները: Տերը երկար է համբերում մարդկանց և քաղաքներին’ ողորմածաբար տալով նախազգուշացումներ’ նրանց աստվածային բարկությունից փրկելու համար, բայց կգա ժամանակ, երբ գթասրտու-թյուն ակնկալող խնդրանքներն այլևս չեն լսվի: Մարդկանց ապստամբ հատվածը, որ շարունակում է մերժել ճշմարտության լույսը, կոչնչացվի’ ի ողորմություն իրենց և նրանց, ովքեր, հակառակ դեպքում, ազդեցություն կկրեին նրանց օրինակից [276] ՄԹ 205.3
Ժամանակը մոտեցել է, երբ աշխարհում այնպիսի ցավ կլինի, որ մարդկային ոչ մի ամոքիչ միջոց չի կարող բուժել: Աստծո Հոգին հեռանում է: Ծովային և ցամաքային աղետները արագորեն հերթագայում են մեկը մյուսին: Որքան հաճախ ենք լսում երկրաշարժերի և ուժգին փոթորիկների, հրդեհների ու ջրհեղեղի մասին, որոնք ուղեկցվում են մարդկային կյանքերի և ունեցվածքի ահռելի կորստով: Այս աղետներն առաջին հայացքից բնության անկազմակերպ, անկարգ ուժերի քմահաճ բռնկումներ են թվում, բոլորովին վեր մարդկային վերահսկողությունից, սակայն դրանցում կարելի է կարդալ Աստծո նպատակը: Դրանք այն ուժերն են, որոնցով Նա ձգտում է վտանգի զգացողություն արթնացնել տղմարդկանց և կանանց մեջ: ՄԹ 205.4
Մեծ քաղաքների Աստծո լրաբերները չպետք է հուսալքվեն չարության, անարդարության, անառակության առկայությունից, որին կանչված են դիմակայելու փրկության բարի լուրը ազդարարելու ժամանակ: Տերը կուրախացնի յուրաքանչյուր այսպիսի աշխատողի միևնույն լուրով, որը Նա հայտնեց Պողոս առաքյալին չարություններով լի Կորնթոսում. «Մի վախենար’ այլ խօսիր’ եւ լուռ մի կենար: Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ’ քեզ վնասելու. Որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը»: Գործք 18.9, 10: Հոգիների փրկության գործում ներգրավված ծառայողները թող հիշեն’ միգուցե, շատերը մերժեն Աստծո Խոսքում տրված խորհուրդը, սակայն ամբողջ աշխարհը չի շրջվի լույսից և ճշմարտությունից, Փրկչի ներողամիտ ու համբերատար հրավերներից: Յուրաքանչյուր քաղաքում, որքան էլ շատ լինեն բռնությունն ու հանցագործությունը, կան մարդիկ, ովքեր համապատասխան ուսուցման դեպքում կարող են դառնալ Հիսուսի հետևորդները: Այդպիսով, հազարավորներին կարող է հասնել փրկող ճշմարտությունը’ դրդելով Քրիստոսին ընդունել որպես անձնական Փրկիչ: [277] ՄԹ 206.1
Այսօր Աստծո ուղերձը սա է երկրի բնակիչներին. «Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ»: Մատթեոս 24.44: Հասարակության մեջ տիրող իրավիճակները, հատկապես մեծ քաղաքներում, որոտալից ազդարարում են, որ Աստծո դատաստանի ժամը և երկրային ամեն ինչի վերջն է մոտենում: Մենք կանգնած ենք դարաշրջանի ճգնաժամի շեմին: Աստծո պատիժները’ հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, պատերազմներ ու արյունահեղություններ, արագ կհերթագայեն մեկը մյուսին: Մեզ չպետք է զարմացնեն ժամանակի այս իրադարձությունները, որոնք և’ մեծ են, և’վճռական, քանի որ ողորմության հրեշտակները այլևս չեն կարող պատսպարել ապաշխարելու ցանկություն չունեցողներին: «Ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չծածկէ այլ եւս իր սպանուածներին»: Եսայիա 26.21: Աստծո ցասման փոթորիկը բարձրանում է, և կդիմակայեն միայն նրանք, ովքեր պատասխանում են ողորմության կանչերին, ինչպես դա արեցին Նինվեի բնակիչներն’ ի պատասխան Հովնանի քարոզությանը, և սրբագործվեցին’ հնազանդվելով աստվածային Կառավարչի օրենք-ներին: Միայն արդարները Քրիստոսի հետ կպատսպարվեն Աստծո մեջ, մինչև որ ավերումն անցնի: Թող հոգու խոսքը հետևյալը լինի. ՄԹ 206.2
«Ես այլ ապաստան չունեմ.
Իմ անօգնական անձը Քեզ վրա է
հանգչում,
Մի՜ թողնիր, օ՜, մի՜ թողնիր ինձ մենակ:
Պաշտպանի ՜ր ինձ և մխիթարի ՜ր:
Թաքցրո՜ւ ինձ, օ՜, ի՜մ Փրկիչ, թաքցրո՜ւ,
Մինչև կյանքի փոթորիկն անցնի,
Ապահով դեպի երկի՜նք առաջնորդիր,
Օ՜, վերջապես ընդունի՜ր իմ անձը»: [278]
ՄԹ 207.1