ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ջանացեք ունենալ գրավիչ տեսք
Կանանցից ու մայրերից շատերը հավանաբար գտնում են, որ նշանակություն չունի, թե իրենք ինչ տեսք ունեն, երբ աշխատում են տանը, որտեղ իրենց տեսնում են միայն տան անդամները, մինչդեռ ճաշակով են հագնվում, երբ տանից դուրս են գալիս։ Մի՞թե ամուսնու և երեխաների կարծիքն ու սերը պակաս կարևոր են, քան անծանոթ մարդկանց կամ ընկերների տեսակետները։ Յուրաքանչյուր կնոջ և մոր համար ամուսնու և երեխաների կարծիքը ավելի կարևոր պետք է լինի, քան մնացած մարդկանց կարծիքը։ ԸԵԳ 118.2
Եթե մայրերը թափթփված տեսք ունեն, երեխաներին սովորեցնում են լինել ոչ կոկիկ։ Շատ մայրեր գտնում են, որ տան համար հարմար է ցանկացած հագուստ, եթե նույնիսկ այն կեղտոտ է և մաշված։ Երեխաները համեմատում են իրենց մոր անհրապույր հագուստը մեկ ուրիշի մաքուր ու կոկիկ հագուստի հետ, և նրանց հարգանքը մոր հանդեպ նվազում է։ ԸԵԳ 118.3
Հագեք այն հագուստը, որը սազում է ձեզ։ Դրանով դուք ձեռք կբերեք ձեր երեխաների բուռն համակրանքն ու հարգանքը։ Հետևեք, որ նրանք ևս հագնվեն համապատասխան կերպով։ Թույլ մի տվեք, որ նրանք ընտելանան փնթի արտաքինին։ ԸԵԳ 118.4
Որքան հնարավոր է ջանացեք գրավիչ տեսք ունենալ, բայց ոչ զարդարանքների հաշվին, այլ մաքուր, խնամքով կարված զգեստի։ Այդպես դուք կվարժեցնեք ձեր երեխաներին մշտական կոկիկության ու մաքրության։ Երեխաների սերն ու հարգանքը յուրաքանչյուր մոր համար պետք է լինի բարձրագույն արժեքը։ Հագուստը, որ հագնում է մայրը, երեխաներին պիտի սովորեցնի մաքրասիրություն ու կարգուկանոն և նրանց պատկերացումներում մաքրության խորհրդանիշ լինի։ Նույնիսկ ամենափոքր երեխաներն ունեն ներդաշնակության զգացում և հասկացողություն իրերի համապատասխանության մասին, ուրեմն, ինչպե՞ս նրանց մեջ պահանջ կծնվի մաքրության և կոկիկության, եթե նրանք ամեն օր տեսնեն կեղտոտ հագուստներ և թափթփված սենյակներ։ Կարգուկանոն և մաքրություն պահպանելը երկնքի օրենքն է, և որպեսզի համապատասխանենք աստվածային այդ պահանջին, մենք պարտավոր ենք ունենալ գրավիչ ու կոկիկ տեսք։ ԸԵԳ 118.5