ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

3/87

Գլուխ 3. - «Ժամանակի լրումը”

«ԲԱՅՑ երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր Որդուն...օրենքի տակ լինողներին փրկելու, որպեսզի որդեգրությունն ընդունենք” (Գաղատացիս 4.4,5): ԴՓ 22.1

Փրկչի գալստյան մասին ասվել էր դեռևս Եդեմում: Առաջին անգամ լսելով խոստումը’ Ադամն ու Եվան սկսեցին սպասել դրա շուտափույթ կատարմանը: Նրանք ուրախությամբ ողջունեցին իրենց անդրանիկ որդուն’ հուսալով, որ հենց նա պետք է լինի այդ Ազատարարը: Բայց խոստման իրականացումը ուշանում էր: Նրանք, ովքեր առաջինը լսեցին այն, մահացան’ առանց տեսնելու Նրան: Ենոքի օրերից ի վեր խոստումը կրկնվում էր նահապետների և մարգարեների միջոցով’ վառ պահելով Նրա հայտնության հույսը, սակայն Նա չէր գալիս: Դա- նիելի մարգարեությունը բացահայտեց Նրա գալստյան ժամանակը, բայց ոչ բոլորը ճիշտ մեկնաբանեցին այն: Դարեր անցան իրար հետևից, մարգարեների ձայները լռեցին: Հարստահարիչի ձեռքը ծանրացել էր Իսրայելի վրա, և շատերը պատրաստ էին գոչելու. «Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է” (Եզեկիել 12.22): [32] ԴՓ 22.2

Սակայն ինչպես աստղերն իրենց նախասահմանված ուղու ընդարձակ պտույտի մեջ, այնպես էլ Աստծո մտադրությունները ոչ շտապել գիտեն, ոչ հապաղել: Մեծ խավարի և ծխացող հնոցի խորհրդանշանների միջոցով Աստված հայտնել էր Աբրահամին Եգիպտոսում Իսրայելի ժողովրդի ստրկության մասին և հայտարարել, որ նրանք այնտեղ գերության մեջ կմնան չորս հարյուր տարի: «Եվ դրանից հետո,- ասել էր Նա,- մեծ ստացվածքով դուրս կգան» (Ծննդոց 15.14): Զուր էին պայքարում այդ խոսքի դեմ փարավոնի ամբարտավան միապետության ողջ ու- ժերը: «Հենց նույն օրը»‘ նշված աստվածային խոստման մեջ, «Եհովայի բոլոր զորքերը Եգիպտոսի երկրից դուրս ելան» (Ելից 12.41): Նմանապես էլ երկնքի խորհուրդը որոշել էր Քրիստոսի գալստյան ժամը: Երբ ժամանակների մեծ ժամացույցի սլաքը նշեց այդ ժամը, Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում: ԴՓ 22.3

«Երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր Որդուն”: Նախախնամությունը ղեկավարել էր ազգերի տեղաշարժերը, մարդկային մղումների հոսքն ու ազդեցությունը, մինչև որ աշխարհը հասունանար Ազատարարի գալըստյան համար: Ազգերը միավորվել էին մեկ կառավարության ներքո: Մեկ լեզու էր լայն տարածում ստացել և ամենուրեք ճանաչված էր որպես գրական լեզու: Ցրված հրեաները բոլոր երկրներից Երուսաղեմ էին եկել’ մասնակցելու ամենամյա տոնակատարություններին: Վերադառնալով իրենց բնակության վայրերը’ նրանք կարող էին աշխարհով մեկ տարածել Մեսիայի գալստյան լուրը: ԴՓ 23.1

Այդ ժամանակ հեթանոսական կրոնն աստիճանաբար կորցնում էր իր ազդեցությունը ժողովրդի վրա: Մարդիկ հոգնել էին վեհաշուք արարողություններից և առասպել- ներից: Նրանք այնպիսի կրոնի կարիք էին զգում, որը կհա- գեցներ հոգու ծարավը: Մինչ թվում էր, թե ճշմարտության լույսը հեռացել է մարդկանցից, կային այնպիսիք, ովքեր տարակուսանքի ու վշտի մեջ լույս էին փնտրում: Նրանք ծարավ էին կենդանի Աստծո գիտությանը, մի ինչ-որ հավաստիացման, որ կյանք կա գերեզմանից անդին: ԴՓ 23.2

Քանի որ հրեաները հեռացել էին Աստծուց, նրանց հավատը թուլացել էր, իսկ հույսն ապագայի նկատմամբ’ գրեթե մարել: Մարգարեների խոսքերը չէին հասկացվել: Ժողովրդական զանգվածների համար մահը մի զարհուրելի գաղտնիք էր, որից այն կողմ միայն անորոշություն էր և խավար: Ոչ միայն Բեթլեհեմի մայրերի ողբը, այլև ողջ մարդկության մեծ սրտի աղաղակն է արտահայտված մարգարեի այս խոսքերում, որ հնչում են դարերի խոր- քից. «Ձայն լսվեց Ռամայի մեջ’ ողբ և լաց և կոծ. Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկան» (Մատթեոս 2.18): Մարդիկ անմխիթար նստած էին «խավարի և մահվան ստվերի երկրում»: Կարոտագին աչքերով նրանք սպասում էին Ազատարարի գալստյանը, երբ խավարը պիտի ցրվեր, և բացահայտվեր ապագայի առեղծվածը: [33] ԴՓ 23.3

Հրեաներից բացի’ կային այլազգիներ, ովքեր կանխագուշակել էին աստվածային Ուսուցչի գալուստը: Այս մարդիկ փնտրում էին ճշմարտությունը, և Աստված լուսավորել էր նրանց Իր Հոգով: Մեկը մյուսի հետևից, ինչպես աստղերը մութ երկնքում, այսպիսի ուսուցիչներ էին հայտնվում: Նրանց մարգարեական խոսքերը հույսի կրակ էին վառել հեթանոս աշխարհի հազարավոր մարդկանց սրտերում: ԴՓ 24.1

Հարյուրամյակների ընթացքում Սուրբ Գիրքը թարգմանվել էր հունարեն լեզվով, որն այն ժամանակ համատարած էր ամբողջ Հռոմեական կայսրության մեջ: Հրեաները ցրված էին ամենուրեք, և Մեսիայի գալստյան նրանց սպասումները որոշ չափով կիսում էին նաև հեթանոսները: Նրանց մեջ, ում հրեաները հեթանոս էին համարում, կային մարդիկ, ովքեր ավելի լավ էին հասկանում Սուրբ Գրության մարգարեությունները Մեսիայի վերաբերյալ, քան Իսրայելի ուսուցիչները: Կային նաև այնպիսիք, ովքեր հույս ունեին, որ Նա կգա’ ազատություն բերելու մեղքից: Փիլիսոփաները ջանում էին ըմբռնել հրեական կրո- նակարգի գաղտնիքը: Բայց հրեաների մոլեռանդությունը խոչընդոտեց լույսի տարածմանը: Համառորեն իրենց առանձնացնելով շրջակա ազգերից’ նրանք չէին կամենում մյուսներին հաղորդել խորհրդանշական ծառայությանը վերաբերող այն գիտելիքները, որ դեռևս պահպանել էին: Պետք է գար իսկական Մեկնիչը: Այն Մեկը, ում նախապատկերում էին այս բոլոր խորհրդանշանները, պետք է բացատրեր դրանց նշանակությունը: [34] ԴՓ 24.2

Աստված աշխարհին դիմել էր բնության, պատկերների ու խորհրդանշանների, նահապետների և մարգարեների միջոցով: Մարդկությանը խրատներ պետք է տրվեին մարդկային լեզվով: Պիտի խոսեր ուխտի Հրեշտակը: Նրա ձայնը պետք է լսվեր Իր իսկ տաճարում: Քրիստոսը պետք է գար խոսքեր ասելու, որոնք կլինեին պարզ ու հասկա- նալի: Նա’ ճշմարտության Հեղինակը, պիտի առանձնացներ ճշմարտությունը մարդկանց ասույթների մրուրից, որն իմաստազրկել էր այն: Պետք է ճշմարիտ լույսի տակ ներկայացվեին Աստծո կառավարման սկզբունքներն ու փրկության ծրագիրը: Մարդկանց պետք էր պարզ բացատրել Հին Կտակարանի դասերը: ԴՓ 25.1

Հրեաների մեջ դեռևս կային հաստատուն մարդիկ’ հետնորդներն այն սուրբ սերնդի, ում միջոցով պահպանվել էր Աստծո գիտությունը: Նրանք շարունակում էին սպասել հայրերին տրված խոստման իրականացմանը: Նրանք ամրացնում էին իրենց հավատը’ մշտապես հիշելով այն խոստումը, որ տրվել էր Մովսեսի միջոցով. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից մի մարգարե վեր կկացնի ինձ նման, նրան լսեցե’ք ամեն բանի համար, ինչ որ խոսի ձեզ” (Գործք 3.22): Նրանք շարունակ կարդում էին, թե ինչպես պետք է Տերն օծի Մեկին’ «աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրապարակելու» և հռչակելու «Տիրոջ համար... ընդունելի տարին” (Եսայիա 61.1,2): ԴՓ 25.2

Նրանք կարդում էին, թե ինչպես պետք է Նա «հաստատի իրավունքը երկրի վրա”, ինչպես պիտի կղզիները «սպասեն նրա օրենքին», ինչպես պիտի ազգերը գան դեպի Նրա լույսը, իսկ թագավորները’ դեպի Նրա վրա ծագած պայծառությունը (Եսայիա 42.4, 60.3): ԴՓ 25.3

Մեռնող Հակոբի վերջին խոսքերը հույսով լցրեցին նրանց սրտերը. «Չպակասի իշխանությունը Հուդայից, և օրենսդիրը’ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը գա» (Ծննդոց 49.10): Իսրայելի հանգչող զորությունը վկայում էր, որ Մեսիայի գալուստը մոտ է: Դանիելի մարգարեությունը պատկերում էր Նրա թագավորության փառքը, որը ջախջախելու էր երկրային բոլոր թագավորությունները, և, ինչպես ասում է մարգարեն, «ինքը կմնա հավիտյան» (Դանիել 2.44): Թեպետ քչերն էին հասկանում Քրիստոսի առաքելության էությունը, ամենուրեք սպասում էին մի զորեղ իշխանի, որն իր թագավորությունը պիտի հիմներ Իսրայելում և պետք է գար որպես ազգերի ազատարար: [35] ԴՓ 25.4

Վերջապես եկավ «ժամանակի լրումը»: Մարդկությունը, դարերի ընթացքում այլասերվելով անօրենության մեջ, փափագում էր Փրկչի գալուստը: Սատանան ջանում էր ավելի խոր ու անանցանելի դարձնել անդունդը երկրի և երկնքի միջև: Իր մոլորություններով նա մարդկանց համարձակ էր դարձրել մեղքի մեջ: Նա նպատակ ուներ սպառել Աստծո երկայնամտությունը և հանգցնել Նրա սերը մարդու հանդեպ, որպեսզի Նա լքի աշխարհը’ թողնելով այն սատանայի իշխանության տակ: ԴՓ 26.1

Սատանան ձգտում էր թաքցնել մարդկանցից Աստծո գիտությունը, շեղել նըրանց ուշադրությունն Աստծո տաճարից և հիմնել իր սեփական թագավորությունը: Գերիշխանության համար նրա պայքարը կարծես ամբողջովին հաջողվում էր: Ճիշտ է, որ յուրաքանչյուր սերնդի մեջ Աստված ունի Իր հետևորդները: Նույնիսկ հեթանոսների մեջ կային մարդիկ, ում միջոցով Քրիստոսն աշխատում էր մարդկանց բարձրացնել մեղքի և ապականության ան- դունդից: Բայց այս մարդկանց արհամարհում և ատում էին: Նրանցից շատերին տանջամահ արեցին: Մութ խավարը, որով սատանան պատել էր աշխարհը, գնալով ավելի ու ավելի էր թանձրանում: ԴՓ 26.2

Հեթանոսության միջոցով սատանան դարեր շարունակ հեռու էր պահել մարդկանց Աստծուց, բայց նա իր մեծագույն հաղթանակը տարավ այն ժամանակ, երբ խեղաթյուրեց Իսրայելի հավատը: Հիմնվելով իրենց գաղափարների վրա և պաշտելով դրանք’ հեթանոսները կորցրել էին Աստծո գիտությունը և ավելի ու ավելի ապականվել: Նույնը կատարվեց նաև Իսրայելի հետ: Հեթանոսական ամեն մի կրոնի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ մարդը կարող է փրկվել իր սեփական գործերով, և դա հիմա դարձել էր հրեաների կրոնի հիմքը: Այս սկզբունքը ներդրել էր անձամբ սատանան: Որտեղ էլ որ կիրառվում է այն, մարդն անպաշտպան է մնում մեղքի դեմ: [36] ԴՓ 26.3

Փրկության լուրը մարդկանց հաղորդվում է հենց մարդկանց միջոցով: Բայց հրեաներն ուզում էին հավերժական կյանքի ճշմարտությունն իրենց մենաշնորհը դարձնել: Նրանք թաքցրել էին կենսատու մանանան, և այն փչացել էր: Այն կրոնը, որը նրանք փորձում էին միայն իրենցը դարձնել, վերածվել էր վիրավորանքի: Նրանք կողոպտել էին Աստծո փառքը և խաբել աշխարհին’ կեղծելով ավետարանը: Նրանք հրաժարվել էին նվիրվել Աստծուն’ աշխարհի փրկության համար, և հիմա դարձել էին սատանայի գործակալները’ այն կործանելու համար: ԴՓ 27.1

Այն ժողովուրդը, որին Աստված ընտրել էր’ լինելու ճշմարտության սյունն ու հաստատությունը, դարձել էր սատանայի ներկայացուցիչը: Աղավաղելով Աստծո բնավորությունը և աշխարհին ներկայացնելով Նրան որպես մի բռնակալի’ նրանք կատարում էին այն աշխատանքը, որը ցանկանում էր սատանան: Նույնիսկ տաճարում ծառայող քահանաները չէին հասկանում իրենց ծառայության նշանակությունը: Նրանք այլևս չէին տեսնում պատկերներից այն կողմ թաքնված իմաստը: Զոհաբերության արարողության ժամանակ նրանք կարծես թատրոնի դերասաններ լինեին: Այն ծեսերը, որ Ինքն Աստված էր սահմանել, միջոց էին դարձել միտքը կուրացնելու և սիրտը խստացնելու համար: Նրանց միջոցով Աստված այլևս ոչինչ չէր կարող անել մարդու համար: Պետք էր վերացնել այդ ամբողջ համակարգը: ԴՓ 27.2

Մեղքի խաբեությունը հասել էր իր գագաթնակետին: Գործի էին դրվել մարդկանց հոգիներն ապականելու բո- լոր միջոցները: Նայելով աշխարհին’ Աստծո Որդին միայն տառապանք և թշվառություն էր տեսնում: Նա խղճահարությամբ տեսավ, թե ինչպես էին մարդիկ սատանայական դաժանության զոհերը դարձել: Նա կարեկցանքով էր նայում նրանց, ովքեր ապականվում էին, սպանվում և կորչում: Նրանք ընտրել էին մի ղեկավար, ով իրենց գերիների պես շղթայել էր իր մեքենային: Մոլորված և խաբված’ նրանք մռայլ թափորով ընթանում էին դեպի հավիտենական կորուստ’ դեպի մահ, որի մեջ կյանքի հույս չկա, դեպի մի գիշեր, որից հետո չկա առավոտ: Սատանայի գործակալները միավորվել էին մարդկանց հետ: Մարդկային արարածների մարմինները’ ստեղծված Աստծո կացարանը լինելու, դևերի բնակավայր էին դարձել: Մարդկանց զգացմունքերը, նյարդերը, կրքերը և օրգաններն օգտագործվում էին գերբնական ուժերի կողմից’ ամե- նաստոր ցանկությունների բավարարման համար: Մարդկանց երեսներին դևերի կնիքն էր դրոշմված: Նրանց դեմքի արտահայտությունից երևում էր, որ գտնվում են չարի լեգեոնների իշխանության տակ: Այսպիսին էր պատկերը, որը բացվեց աշխարհի Փրկչի առջև: Ի՜նչ սոսկալի տեսարան էր դա Անսահման Մաքրության համար: [37] ԴՓ 27.3

Մեղքը դարձել էր գիտություն, իսկ արատը’ կրոնի անբաժանելի մասը: Խռովությունը խոր արմատներ էր գցել սրտի մեջ, և մարդու թշնամությունն ընդդեմ երկնքի հասել էր իր գագաթնակետին: Ողջ տիեզերքին ակնհայտ դարձավ, որ առանց Աստծո’ մարդկությունը չէր կարող բարձրանալ իր ընկած վիճակից: Կյանքի մի նոր տարր և ուժ պետք է մտցվեր Նրա կողմից, ով ստեղծել էր աշխար- հը: ԴՓ 28.1

Չընկած աշխարհները լարված հետաքրքրությամբ սպասում էին’ տեսնելու, թե ինչպես է Եհովան ելնում’ բնաջնջելու երկրի բնակիչներին: Ու եթե Աստված այդպես վարվեր, սատանան պատրաստ էր իրագործելու երկնային էակներին իր դաշնակիցները դարձնելու ծրագիրը: Նա հայտարարել էր, որ Աստծո կառավարման սկզբունքներն անհնար են դարձնում ներումը: Եթե աշխարհը ոչնչացվեր, նա կներկայացներ դա որպես ապացույց իր մեղադրանքների արդարացիության: Նա պատրաստ էր մեղքը գցելու Աստծո վրա և իր խռովությունը տարածելու վերին աշխարհներում: Սակայն, աշխարհը կործանելու փոխարեն, Աստված ուղարկեց Իր Որդուն’ փրկելու այն: Թեև ապականություն ու անհնազանդություն էր տիրում այդ խորթացած գավառի բոլոր մասերում, դրա վերականգնման համար ելք էր նախատեսված: Վերջին պահին, երբ թվում էր, թե սատանան ուր որ է կհաղթի, եկավ Աստծո Որդին’ աստվածային ողորմության առաքելությամբ: Աստծո սերը բոլոր դարերի ընթացքում մի ժամ անգամ չի լքել ընկած մարդկությանը: Չնայած մարդկանց այլա- սերվածությանը’ ողորմության ազդանշանները երբեք չեն ընդհատվել: Ու երբ եկավ ժամանակի լրումը, Աստվածությունը փառավորվեց’ աշխարհը ողողելով բուժիչ շնորհի մի հեղեղով, որը երբեք չպետք է սպառվեր կամ դադարեր, մինչև չիրագործվեր փրկության ծրագիրը: [38] ԴՓ 28.2

Սատանան հրճվում էր, որ իրեն հաջողվել է աղավաղել Աստծո պատկերը մարդկության մեջ: Դրա համար էլ Հի- սուսը եկավ’ մարդու մեջ վերականգնելու իր Ստեղծողի պատկերը: Քրիստոսից բացի’ ուրիշ ոչ ոք չէր կարող վե- րաձևավորել այն բնավորությունը, որն այլանդակված էր մեղքով: Նա եկավ’ դուրս քշելու դևերին, որոնք տիրել էին մարդու կամքին: Նա եկավ’ վեր բարձրացնելու մեզ փոշու միջից, Իր բնավորության նմանությամբ վերակերտելու մեր փչացած բնավորությունը և գեղեցկացնելու այն Իր փառքով: ԴՓ 29.1