ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 4. - Փրկիչ’ ձեզ համար
(Ղուկաս 2.1-20)
ՓԱՌՔԻ թագավորը ցած իջավ’ ընդունելով մարդկային բնություն: Նրա երկրային շրջապատը կոպիտ էր և վանող: Նրա փառքը քողարկված էր, որպեսզի մարդիկ չհրապուրվեին Նրա վեհաշուք արտաքինով: Նա ամեն կերպ խուսափում էր այդպես աչքի ընկնելուց: Հարստությունը, աշխարհիկ փառքը և մարդկային վեհությունը երբեք չեն կարող մահից փրկել հոգին: Հիսուսի նպատակն էր, որ երկրային ոչ մի բան Իր կողմը չգրավի մարդկանց: Միայն երկնային ճշմարտության գեղեցկությունը պետք է գերի նրանց, ովքեր կհետևեն Իրեն: Մեսիայի բնավորությունը վաղուց կանխագուշակված է եղել մարգարեության մեջ, և Նա ցանկանում էր, որ մարդիկ ընդունեին Իրեն Աստծո խոսքի վկայությամբ: ԴՓ 30.1
Հրեշտակները հիացած էին փրկության փառավոր ծրագրով: Նրանք ուշադիր հետևում էին, թե ինչպես է Աստծո ժողովուրդը ընդունելու Նրա Որդուն’ մարդկային բնություն հագած: Հրեշտակները եկան ընտրյալ ժողովրդի երկիրը: Մյուս ազգերը զբաղված էին առասպելներով և պաշտում էին կեղծ աստվածների: Հրեշտակները եկան այն երկիրը, որտեղ հայտնվել էր Աստծո փառքը, և ծագել մարգարեության լույսը: Նրանց այցը աննկատելի մնաց Երուսաղեմի, Սրբազան Մարգարեությունների պահապանների և Աստծո տան ծառայողների համար: Զաքա- րիա քահանային զոհասեղանի առջև ծառայելիս’ արդեն ազդարարվել էր Քրիստոսի մոտալուտ գալուստը: Արդեն ծնվել էր նախակարապետը, ում առաքելությունը հաստատվել էր հրաշքով ու մարգարեությամբ: Նրա ծննդյան լուրը և առաքելության հրաշալի նշանակությունն արդեն տարածվել էին երկրի սահմաններից դուրս: Երուսաղեմը, սակայն, չէր պատրաստվում ողջունել իր Փրկչին: [44] ԴՓ 30.2
Երկնային լրաբերներն ապշեցին’ տեսնելով այն ժողովրդի անտարբերությունը, որին Աստված կանչել էր’ աշխարհին հաղորդելու սրբազան ճշմարտության լույսը: Հրեա ազգը պահպանվել էր որպես վկայություն այն բանի, որ Քրիստոսը պետք է ծնվեր Աբրահամի սերնդից և Դավթի ցեղից, սակայն նրանք այդպես էլ չիմացան, որ Նրա գալուստն արդեն շատ մոտ է: Տաճարում ամեն օր մատուցվող առավոտյան և երեկոյան զոհը մատնանշում էր Աստծո Գառին, բայց նույնիսկ այստեղ Նրան ընդունելու ոչ մի պատրաստություն չէին տեսնում: Ազգի քահանաներն ու ուսուցիչները չգիտեին, որ ուր որ է տեղի է ունենալու դարերի մեծագույն իրադարձությունը: Նրանք կրկնում էին իրենց անիմաստ աղոթքները և իրենց պաշտամունքներն անց կացնում ի ցույց մարդկանց, սակայն հարստության և աշխարհիկ փառքի հասնելու պայքարի մեջ նրանք պատրաստ չէին Մեսիայի հայտնությանը: Նույն անտարբերությամբ էր լցված նաև ամբողջ Իսրայելի երկիրը: Այն ուրախությունը, որ հուզել էր ամբողջ երկնքին, եսամոլ և աշխարհով տարված սրտերի մեջ ոչ մի արձագանք չէր գտել: Միայն քչերն էին փափագում տեսնել Անտեսանելիին: Հենց նրանց մոտ էլ ուղարկվեց երկնքի պատվիրակությունը: ԴՓ 31.1
Հրեշտակներն ուղեկցում էին Հովսեփին ու Մարիամին, երբ նրանք Նազարեթի իրենց տնից ճամփա ընկան դեպի Դավթի քաղաքը: Իր հսկայական տերության ժողո- վուրդների ցուցակագրման մասին Հռոմի կայսեր հրամանագիրը հասել էր մինչև Գալիլեայի բլուրների բնակիչներին: Ինչպես Կյուրոսն էր անցյալում կանչվել’ տիրելու համաշխարհային կայսրության գահին, որպեսզի ազատ արձակեր Տիրոջ գերիներին, այնպես էլ Օգոստոս կայսրը միջոց դարձավ Հիսուսի մորը Բեթլեհեմ բերելու’ Աստծո նպատակն իրագործելու համար: Մարիամը Դավթի ցեղից էր, և Դավթի Որդին պետք է ծնվեր Դավթի քաղաքում: Բեթլեհեմից, ինչպես ասել էր մարգարեն, «պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց’ հավիտենական օրերից է” (Միքիա 5.2): Բայց իրենց թագավորանիստ քաղաքում Հովսեփին ու Մարիա- մին չճանաչեցին և չպատվեցին: Հոգնած և անօթևան’ նրանք անցնում են քաղաքի դարպասներից մինչև արևելյան ծայրամասն ընկած նեղ փողոցով’ ապարդյուն տեղ փնտրելով գիշերելու համար: Լեփ-լեցուն հյուրանոցում նրանց համար տեղ չկար: Ի վերջո նրանք ապաստան են գտնում մի կոպիտ շինության մեջ, որտեղ կենդանիներ էին պահում, և հենց այստեղ էլ ծնվում է աշխարհի Փրկիչը: [47] ԴՓ 31.2
Մարդիկ չգիտեն այդ մասին, բայց լուրը ցնծությամբ է լցնում երկինքը: Ավելի խոր և ավելի ջերմ հետաքրքրությամբ են սուրբ էակները լույսի աշխարհից ձգվում դեպի երկիր: Համայն աշխարհն ավելի է պայծառանում Նրա ներկայությունից: Հրեշտակների անհամար բազմություն է հավաքվել Բեթլեհեմի բլուրների վրա: Նրանք սպասում են ազդանշանի, որպեսզի աշխարհին հայտնեն բարի լուրը: Եթե Իսրայելի առաջնորդները նվիրված լինեին իրենց հավատին, նրանք կկիսեին Հիսուսի ծննդյան ավետիսի ուրախությունը: Բայց հրեշտակներն անցնում են նրանց կողքով: ԴՓ 32.1
Աստված ասում է. «Ջուր պիտի թափեմ ծարավի վրա, և հեղեղներ’ չորության վրա», «Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար” (Եսայիա 44.3, Սաղմոս 112.4): Պայծառ ճառագայթներ կշողան Աստծո գահից նրանց ճամփին, ովքեր լույս են փնտրում և ընդունում այն ուրախությամբ: ԴՓ 32.2
Այն դաշտերում, որտեղ պատանի Դավիթն արածեցնում էր իր հոտը, հովիվները դեռ արթուն էին գիշերով: Խաղաղ ժամերին նրանք զրուցում էին խոստացված Փրկչի մասին և աղոթում այն Թագավորի գալստյան համար, որ պիտի նստեր Դավթի աթոռին: «Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, և Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց. և մեծ վախով վախեցան: Եվ հրեշտակն ասաց նրանց. «Մի’ վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. թե այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որն է Քրիստոս Տերը»»: ԴՓ 32.3
Այս խոսքերի վրա հովիվների մտքերը լցվում են փառքի տեսիլքներով: Ազատարարը եկե՜լ է Իսրայել: Իշխանության, փառքի և հաղթանակի հույսեր էին կապում Նրա գալստյան հետ: Բայց հրեշտակը պետք է նախապատրաստեր նրանց’ ճանաչելու իրենց Փրկչին չքավորության ու նվաստացման մեջ: «Եվ այս լինի ձեզ նշան,- ասում է նա,- մի երեխա կգտնեք’ խանձարուրներով պատած և մսուրի մեջ դրած”: [48] ԴՓ 33.1
Երկնային լրաբերը ցրեց նրանց վախը: Նա հայտնեց նրանց, թե ինչպես գտնեն Հիսուսին: Նրբորեն հաշվի առնելով նրանց մարդկային թուլությունը’ նա ժամանակ տվեց նրանց վարժվելու աստվածային փայլին, որից հետո այլևս հնարավոր չէր թաքցնել ուրախությունն ու հրճվան- քը: Ամբողջ հովիտը լցված էր Աստծո զորքերի պայծառ լույսով: Երկիրը սսկվել, իսկ երկինքը խոնարհվել էր’ լսելու երգը. «Փա՜ռք Աստծուն բարձրերում և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն»: ԴՓ 33.2
Օ՜, եթե այսօր մարդկային ընտանիքը կարողանա ճանաչել այդ երգը, ապա այն նշանավոր օրն արված հայտարարությունը կտարածվի մինչև երկրի ծայրերը և կթնդա մինչև աշխարհի վերջը: Երբ ծագի Արդարության Արե- գակը’ բժշկությունն Իր թևերին, այդ երգի արձագանքը նորից կհնչի մեծ բազմության կողմից հորդահոս ջրերի ձայնի պես’ ասելով. «Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց” (Հայտնություն 19.6): ԴՓ 33.3
Հենց որ հրեշտակներն անհետացան, լույսը չքացավ, և Բեթլեհեմի բլուրների վրա կրկին իջան գիշերային ստվեր- ները: Բայց ամենափայլուն տեսարանը, որ երբևէ տեսել էր մարդկային աչքը, դրոշմվել էր հովիվների հիշողության մեջ: «Եվ եղավ երբ որ հրեշտակները նրանցից վերացան երկինք, այն հովիվ մարդիկ իրար ասացին. «Եկե’ք գնանք մինչև Բեթլեհեմ և տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տվեց մեզ»: ԴՓ 33.4
Եվ շտապելով եկան ու գտան Մա- րիամին ու Հովսեփին և երեխային’ մսուրի մեջ դրած»: Վերադառնալով’ նրանք մեծ ուրախությամբ պատմեցին այն ամենը, ինչ տեսել ու լսել էին: «Եվ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նրանց հետ խոսեցին: Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր և իր սրտում մտածում էր: Եվ հովիվները ետ դառան. Աստծուն փառաբանում և օրհնում էին»: ԴՓ 34.1
Երկինքն ու երկիրն այսօր իրարից ավելի հեռու չեն, քան այն օրը, երբ հովիվները լսեցին հրեշտակների եր- գը: Երկինքն այսօր նույնքան մտահոգված է մարդկության համար, որքան այն ժամանակ, երբ հասարակ զբաղմունքի տեր մարդիկ օրը ցերեկով հանդիպում էին հրեշտակներին և խոսում երկնային լրաբերների հետ խաղողի այգիներում ու դաշտերում: Առօրյա կյանքի արահետներում երկինքը կարող է շատ մոտ լինել մեզ: Հրեշտակները երկնային պալատներից կիջնեն’ պաշտպանելու բոլոր նրանց, ովքեր շարժվում են Աստծո հրամանով: [49] ԴՓ 34.2
Բեթլեհեմի պատմությունը մի անսպառ նյութ է, որի մեջ թաքնված է «Աստծո մեծության, իմաստության և գիտության խորությունը” (Հռոմեացիս 11.33): Մենք հիանում ենք Փրկչի զոհաբերությամբ, ով երկնքի գահը փոխարինում է մսուրով, իսկ երկրպագող հրեշտակների ընկերակցությունը’ գոմի կենդանիներով: Նրա ներկայությունն իրական կշտամբանք է մարդկային հպարտությանն ու ինքնագո- հությանը: Սակայն սա Նրա զարմանահրաշ ներողամտության սկիզբն էր միայն: Աստծո Որդու համար մարդու էությունն ընդունելը գրեթե անսահման նվաստացում կլիներ նույնիսկ այն ժամանակ, երբ Ադամը դրախտում էր և դեռ չէր մեղանչել: Բայց Հիսուսը մարմնավորվեց, երբ մարդկային ցեղը թուլացել էր չորս հազար տարվա մեղքի ծանրության տակ: Ադամի ամեն մի զավակի նման Նա էլ ընդունեց ժառանգականության մեծ օրենքի ներգործության հետևանքները: Թե ինչպիսին էին այդ հետևանքները, ցույց է տրված Նրա երկրային նախահայրերի պատմության մեջ: Այսպիսի մի ժառանգությամբ Նա եկավ մեր վշտերն ու փորձությունները կիսելու և մեզ անարատ կյանքի օրինակ ցույց տալու համար: ԴՓ 34.3
Սատանան երկնքում ատում էր Քրիստոսին’ Աստծո արքունիքում Նրա զբաղեցրած դիրքի համար: Նա ավելի ատեց Նրան, երբ ինքն անձամբ պաշտոնազրկվեց: Նա ատեց Նրան, ով Իր կյանքով փրկագին վճարեց մեղավոր ցեղի համար: Եվ չնայած դրան, Աստված թույլ տվեց Իր Որդուն’ անօգնական մի մանկան’ ենթակա մարդկային թուլությանը, գալու այն աշխարհը, որը սատանան իրենն էր համարում: Նա թույլ տվեց Նրան ամեն մարդու նման հավասարապես բախվել կյանքի բոլոր վտանգներին, պայքարել այնպես, ինչպես պետք է պայքարի մարդկության յուրաքանչյուր զավակ’ պարտվելու և հավերժ կորչելու վտանգի տակ: ԴՓ 35.1
Յուրաքանչյուր երկրային հայր անհանգստանում է իր որդու համար: Նա նայում է իր մանկան դեմքին և ցնցվում այն մտքից, որ կյանքում նրան վտանգներ են սպասվում: Նա ձգտում է պաշտպանել իր սիրելիին սատանայի զորությունից, հետ պահել նրան փորձությունից և ընդհարումներից: Իսկ Աստված Իր միածին Որդուն ավելի դառը փորձության և ավելի սոսկալի վտանգի ենթարկեց, որպեսզի անվտանգ դարձնի մեր փոքրիկների կյանքի ճանապարհը: «Սա է սերը”: ԴՓ 35.2
Զարմացե՜ք, երկինքնե՜ր: Ապշի՜ր, օ՜ երկիր: [50] ԴՓ 35.3