ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

14/87

Գլուխ 14. - «Մեսիային գտել ենք»

(Հովհաննես 1.19-51)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Մկրտիչն այժմ քարոզում և մկրտում էր Բեթաբարայում’ Հորդանանից այն կողմ: Դա հեռու չէր այն տեղից, որտեղ Աստված կանգնեցրել էր գետի հոսքը, մինչև որ Իսրայելն անցներ գետը: Այստեղից քիչ հեռու’ երկնային զորքերի կողմից ավերվել էր Երիքով ամրոցը: Մարդկանց հիշողության մեջ վերակենդանացել էին այդ իրադարձությունները, որոնք աշխույժ հետաքրքրություն էին արթնացրել դեպի Մկրտչի լուրը: Արդյոք Նա, ով անցյալում այդքան հրաշքներ էր գործել, չէ՞ր դրսևորի կրկին Իր զորությունն Իսրայելի ազատագրման համար: Այս միտքն էր հուզում այն մարդկանց, ովքեր ամեն օր ստվար խմբերով հավաքվում էին Հորդանանի ափերին: ԴՓ 135.1

Հովհաննեսի քարոզը մի այնպիսի իրարանցում էր առաջացրել ամբողջ ազգի մեջ, որ գրավել էր հոգևոր առաջնորդների ուշադրությունը: Հռոմեացիները կասկածանքով էին նայում խռովության վտանգ ներկայացնող ամեն տեսակ հանրահավաքների, իսկ հրեա ղեկավարներին երկյուղ էր ներշնչում զանգվածային հուզումներ հարուցող յուրաքանչյուր երևույթ: Հովհաննեսը չէր ընդունում ատյանի հեղինակությունը և թույլտվություն չէր վերցրել քա- րոզելու: Նա հանդիմանում էր ինչպես իշխանավորներին ու ժողովրդին, այնպես էլ փարիսեցիներին և սադուկեցի- ներին: Սակայն ժողովուրդն ուրախությամբ էր հետևում նրան: Հետաքրքրությունը նրա գործի նկատմամբ կարծես թե գնալով աճում էր: Ու թեև նա հարգանք չէր տածում դեպի ատյանը, նրանք, այնուամենայնիվ, գտնում էին, որ նա’ որպես ժողովրդական ուսուցիչ, պետք է իրենց իրավասության տակ լինի: [133] ԴՓ 135.2

Ատյանի անդամներն ընտրվում էին քահանաներից, ազգի գլխավոր ղեկավարներից և ուսուցիչներից: Նախագահը, սովորաբար, քահանայապետն էր: Խորհրդի բոլոր անդամները պետք է լինեին տարիքով, բայց ոչ ծեր, կրթված տղամարդիկ’ իրազեկ ոչ միայն հրեական կրոնին և պատմությանը, այլև տարբեր գիտությունների: Նրանք պետք է լինեին առանց մարմնական արատի, ամուսնացած ու երեխաներ ունեցող, որովհետև այդպիսիք համարվում էին ավելի մարդկային և գիտակից: Նրանց հավաքատեղին Երուսաղեմի տաճարին կից մի սենյակ էր: Հրեաստանի անկախության օրերին դա ազգի գերագույն ատյանն էր’ օժտված ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր իշխանությամբ: Թեև հիմա այն ենթարկվում էր Հռոմին, բայցևայնպես, շարունակում էր ուժեղ ազդեցություն ունենալ ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական հարցերում: ԴՓ 136.1

Ատյանը չէր կարող հետաձգել Հովհաննեսի գործի քննությունը: Կային մարդիկ, ովքեր դեռ հիշում էին տաճարում Զաքարիային տրված հայտնությունը և նրա այն մարգարեությունը, որ մատնանշում էր իր զավակին’ որպես Մեսիայի նախակարապետի: Երեսուն տարվա անցուդարձի և փոփոխությունների ընթացքում այս ամենը գրեթե մոռացվել էր: Իսկ այժմ Հովհաննեսի ծառայությունն այնպիսի աղմուկ էր հանել, որ շատերը սկսել էին վերհիշել դրանք: ԴՓ 136.2

Արդեն երկար տարիներ Իսրայելը մարգարե չէր ունեցել, և մարդիկ վաղուց ականատես չէին եղել այնպիսի մի բարեփոխության, ինչպիսին տեղի էր ունենում հիմա: Մեղքի խոստովանության պահանջը նոր և ցնցող էր թվում: Ղեկավարներից շատերը չէին ցանկանում գնալ և լսել Հովհաննեսի կոչն ու հանդիմանությունը, որպեսզի չբացահայտվեին իրենց անձնական կյանքի գաղտնիքները: Նրա քարոզը, սակայն, ուղղակիորեն վերաբերում էր Մեսիայի գալստյանը: Քաջ հայտնի էր, որ Դանիելի մար- գարեության յոթանասուն յոթնյակները, որոնք մատնանշում էին Մեսիայի գալուստը, մոտենում էին իրենց ավարտին, և բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ պետք է սկսվի ազգային վերելքի դարաշրջանը: Համաժողովրդական խանդավառությունն այնքան մեծ էր, որ ատյանը շուտով հարկադրված պիտի լիներ վավերացնել կամ մեր- ժել Հովհաննեսի գործունեությունը: Նրանց ազդեցությունը ժողովրդի վրա արդեն սկսել էր նվազել, և պետք էր լրջորեն մտածել, թե ինչպես պահպանեն իրենց դիրքերը: Որպեսզի գան ինչ-որ եզրահանգման, նրանք Հորդանան են ուղարկում քահանաներից և ղևտացիներից կազմված մի պատվիրակություն’ նոր ուսուցչի հետ խորհրդակցելու նպատակով: [134] ԴՓ 136.3

Մեծ բազմություն էր հավաքվել’ լսելու նրա խոսքը, երբ ժամանեց պատվիրակությունը: Մոտենալիս ինքնահավան վարդապետները հեղինակավոր տեսք ընդունեցին’ հուսալով տպավորություն գործել ժողովրդի վրա և պատկառանք ներշնչել մարգարեին իրենց հանդեպ: Հարգանքի և գրեթե վախի մի շարժումով ամբոխը ճամփա տվեց նրանց: Հպարտ իրենց զբաղեցրած պաշտոնով և իշխա- նությամբ’ թանկարժեք հագուստներով այդ բարձրաստիճան մարդիկ կանգ առան անապատի մարգարեի առջև: «Դու ո՞վ ես»,- հարցրին նրանք: ԴՓ 137.1

Հասկանալով’ թե ինչ կա նրանց մտքում, Հովհաննեսը պատասխանեց. «Ես չեմ Քրիստոսը»: ԴՓ 137.2

«Ապա ո՞վ, Եղիա՞ն ես”: ԴՓ 137.3

«Չեմ»: ԴՓ 137.4

«Մարգարե՞ն ես դու”: ԴՓ 137.5

«Ոչ”: ԴՓ 137.6

«Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քեզ համար»: ԴՓ 137.7

«Ես եմ անապատում կանչողի ձայնը, թե ուղղեցե՜ք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայիա մարգարեն ասաց”: [135] ԴՓ 137.8

Հովհաննեսը վկայակոչեց այն գեղեցիկ մարգարեությունը, որ գրված էր Եսայիայի գրքում. «Մխիթարեցե’ք, մխիթարեցե’ք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստվածը. Երուսաղեմի հետ սիրտ առնելով խոսեցե՜ք և կանչեցե՜ք նրան, թե նրա տառապանքը վերջացել է, թե նրա անօրենությունը թողվեց... Անապատի մեջ կանչողի ձայնը, պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը, և ուղի՜ղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար: Ամեն ձոր բարձրանա, և ամեն սար ու բլուր ցածրանա, և ծուռը ուղիղ դառնա, և խորդուբորդ տեղերը՝ հարթահատակ: Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիա 40.1-5): ԴՓ 138.1

Հնում, երբ թագավորն ուղևորվում էր իր տիրապետության հեռավոր գավառները, նախօրոք մարդկանց մի խումբ էր ուղարկվում արքայական շքախմբից առաջ’ խորդուբորդ տեղերը հարթելու և փոսերը լցնելու համար, որպեսզի թագավորը կարողանար ապահով և առանց խոչընդոտի ճամփորդել: Մարգարեն այս սովորույթն օգտագորեց՝ լուսաբանելու համար Ավետարանի աշխատանքը: «Ամեն ձոր բարձրանա, ամեն սար ու բլուր ցածրանա»: Երբ Աստծո Հոգին իր հրաշալի արթնացնող զորությամբ դիպչում է հոգուն, այն խոնարհեցնում է մարդկային հպարտությունը: Աշխարհիկ հաճույքները, պաշտոնն ու իշխանությունը կորցնում են իրենց արժեքը: «Եվ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ», դեն է գցվում, ամեն միտք գերի է բռնվում’ «Քրիստոսին հնազանդեցնելու համար” (Բ Կորնթացիս 10.5): Այն ժամանակ խոնարհությունն ու անձնազոհ սերը, որ այնքան քիչ են գնահատվում մարդկանց մեջ, ամենաարժեքավորն են դառնում: Սա է ավետարանի աշխատանքը, որի մի մասն էր կազմում Հովհաննեսի ծառայությունը: ԴՓ 138.2

Վարդապետները շարունակեցին իրենց հարցուփորձը. «Ապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՜չ Քրիստոսն ես, ո՜չ Եղիան և ո՜չ մարգարեն»: Մարգարե ասելով’ նկատի ու- նեին Մովսեսին: Հրեաները հավատացած էին, որ Մովսե- սը պիտի հարություն առներ մեռելներից և համբարձվեր երկինք: Նրանք չգիտեին, որ նա արդեն համբարձվել է: Երբ Մկրտիչը սկսեց իր ծառայությունը, շատերը մտածեցին, որ նա, հավանաբար, մեռելներից հարություն առած Մովսես մարգարեն է, որովհետև նա խոր գիտելիքներ էր ցուցաբերում մարգարեությունների և Իսրայելի պատմության մասին: ԴՓ 138.3

Հավատում էին նաև, որ Մեսիայի գալստից առաջ պետք է հայտնվի անձամբ Եղիան: Հովհաննեսը հերքեց այդ սպասումները, բայց նրա խոսքերն ավելի խոր իմաստ ունեին: Հովհաննեսի վերաբերյալ Հիսուսը հետագայում ասել է. «Եվ եթե կամենում եք ընդունել, նա Եղիան է, որ գալու էր» (Մատթեոս 11.14): Հովհաննեսը եկավ Եղիայի հոգով և զորությամբ այնպիսի աշխատանքի համար, որը մի ժամանակ կատարել էր Եղիան: Եթե հրեաներն ընդունեին նրան, այդ գործը կկատարվեր նրանց համար: Բայց նրանք չընդունեցին նրա լուրը: Նրանց համար նա Եղիան չէր: Նա չէր կարող իրագործել այն առաքելությունը, որի համար եկել էր: [136] ԴՓ 139.1

Հորդանանի մոտ հավաքվածներից շատերը ներկա էին եղել Հիսուսի մկըրտությանը, բայց նրանցից միայն քչերն էին տեսել այն նշանը, որ տրվել էր այդ ժամանակ: Մկրտչի ծառայության հետագա ամիսների ընթացքում շատերը հրաժարվել էին ընդունել ապաշխարության կոչը: Այդպես նրանք կարծրացրել էին իրենց սրտերը և մթագնել իրենց բանականությունը: Դրա համար էլ չնկատեցին Երկնքի վկայությունը Հիսուսի մկրտության ժամանակ: Այն աչքերը, որոնք երբեք հավատով չէին դարձել դեպի Նա, ով աներևույթ էր, չնկատեցին Աստծո փառքի հայտնությունը: Այն ականջները, որոնք երբեք չէին ունկնդրել Նրա ձայնին, չլսեցին վկայության խոսքերը: Նույնն է տեղի ունենում նաև այսօր: Հաճախ, երբ Քրիստոսն ու ծառայող հրեշտակները ներկա են լինում մարդկանց հավաքներին, շատերը չեն նկատում այդ: Նրանք անսովոր ոչ մի բան չեն տեսնում: Բայց ոմանք զգում են Քրիստոսի ներկայությունը: Նրանք ոգևորվում, սրտապնդվում են’ լցվելով խաղաղությամբ ու բերկրանքով: Նրանք մխիթարվում են, քաջալերվում և օրհնվում: ԴՓ 139.2

Երուսաղեմից եկած պատվիրակները հարցրեցին Հովհաննեսին. «Ապա ինչո՞ւ ես մկրտում”, և սպասում էին նրա պատախանին: Հանկարծ, երբ նրա հայացքը սահեց հավաքված բազմության վրայով, նրա աչքերը փայլատակեցին, և դեմքը լուսավորվեց, նրա ամբողջ էությունը սկսեց դողալ խոր հուզմունքից: Առաջ պարզելով ձեռքերը’ նա գոչեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք: Նա է ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ, որ ես արժանի չեմ նրա կոշիկների կապն արձակելու” (Հովհաննես 1.26,27): ԴՓ 140.1

Վկայությունը հստակ էր և որոշակի’ ատյան հասցնելու համար: Հովհաննեսի խոսքերը չէին կարող վերաբերել մեկ ուրիշի, բացի վաղուց Խոստացվածից: Նըրանց մեջ էր Մեսիան: Ապշած քահանաներն ու իշխանավորներն սկսեցին իրենց շուրջը նայել’ հուսալով հայտնաբերել Նրան, ում մասին խոսում էր Հովհաննեսը: Բայց Նա աչքի չէր ընկնում բազմության մեջ: [137] ԴՓ 140.2

Երբ Հիսուսի մկրտության ժամանակ Հովհաննեսը մատնանշեց Նրան’ որպես Աստծո Գառի, նոր լույս սփռվեց Մեսիայի ծառայության վրա: Մարգարեն հիշեց Եսայիայի խոսքերը. «Ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում” (Եսայիա 53.7): Հաջորդ շաբաթների ընթացքում Հովհաննեսը նոր հետաքրքրությամբ սկսեց ուսումնասիրել մարգարեությունները և զոհաբերության ծառայության մասին ուսմունքը: Նա դեռևս հստակ չէր տարբերակում Քրիստոսի ծառայության երկու փուլերը’ որպես տառապող զոհ և հաղթող թագավոր, բայց հասկանում էր, որ Նրա գալուստը ավելի մեծ նշանակություն ունի, քան պատկերացնում էին քահանաները կամ ժողովուրդը: Երբ նա տեսավ Հիսուսին ամբոխի մեջ, անապատից վերադառնալուց հետո, համոզվեց, որ շուտով Նա ինչ-որ նշանով ժողովրդին կհայտնի Իր իսկական էությունը: Գրեթե անհամբերությամբ նա սպասում էր, թե երբ պետք է Փրկիչը հայտարարի Իր առաքելության մասին, բայց ոչ մի բառ չխոսվեց, և ոչ մի նշան չտրվեց: Հիսուսը չարձագանքեց Իր մասին արված Մկրտչի վկայությանը, այլ խառնվեց Հովհաննեսի աշակերտներին’ արտաքուստ ոչ մի ապացույց չտալով Իր հատուկ կոչման մասին և չանելով ոչինչ, որ Իրեն նկա- տեն: ԴՓ 140.3

Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին մոտենալիս: Աստծո փառքի լույսը հանգչում է մարգարեի վրա, և նա առաջ է պարզում իր ձեռքերը’ բացականչելով. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը: Սա է, որի համար ես ասում էի, թե ինձանից հետո մի մարդ է գալիս, որ ինձանից առաջ եղավ... Եվ ես նրան չգիտեի. այլ որ նա հայտնի լինի Իսրայելին, նրա համար ես եկա ջրով մկրտելու... Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես վայր էր գալիս երկնքից և նրա վրա մնում: Եվ ես չգիտեի նրան, բայց նա, որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ասաց ինձ, թե որի վրա որ տեսնես Հոգին վայր է գալիս և նրա վրա մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը: Եվ ես տեսա և վկայեցի, թե սա է Աստծո Որդին” (Հովհաննես 1.29-34): ԴՓ 141.1

Մի՞թե սա էր Քրիստոսը: Մարդիկ ակնածանքով և զարմանքով նայեցին Նրան, ում մասին հենց նոր հայտարարվեց, որ Աստծո Որդին է: Հովհաննեսի խոսքերը խորապես հուզել էին նրանց: Նա խոսել էր նրանց հետ Աստծո անունից: Օրեր շարունակ նրանք լսել էին նրա հանդիմանությունը իրենց մեղքերի համար, և այն համոզմունքը, որ նա Երկնքի առաքյալն է, գնալով ամրապնդվել էր: Բայց ո՞վ էր այս Մեկը’ ավելի մեծ, քան Հովհաննես Մկրտիչը: Նրա հագուստի և վարքագծի մեջ ոչինչ չկար, որ ցույց տար Նրա բարձր կոչումը: Արտաքուստ Նա մի հասարակ անձնավորություն էր’ իրենց նման, աղքատի հագուստով: ԴՓ 141.2

Ամբոխի մեջ կային մարդիկ, ովքեր Քրիստոսի մկրտության ժամանակ նկատել էին աստվածային փառքը և լսել Աստծո ձայնը: Բայց այդ պահից ի վեր Փրկչի կերպարանքը բոլորովին փոխվել էր: Մկրտության ժամանակ նրանք տեսել էին Նրա դեմքը’ այլակերպված երկնային լույսով, իսկ հիմա’ գունատ, հոգնած և հյուծված: Միայն Հովհաննես մարգարեն ճանաչեց Նրան: [138] ԴՓ 142.1

Բայց երբ մարդիկ նայեցին Նրան, տեսան մի դեմք, որն աստվածային գթասրտություն և արժանապատվություն էր արտացոլում: Նրա հայացքը, դեմքի արտահայտությունը վկայում էին հեզության և անզուգական սիրո մասին: Նա ասես շրջապատված լիներ հոգևոր ներգործության ոլորտով: Թեև Նրա շարժուձևերը համեստ էին և հարգա- լից, Նա ապշեցնում էր մարդկանց Իր մեջ քողարկված մի զորությամբ, որը, սակայն, հնարավոր չէր ամբողջովին թաքցնել: Մի՞թե սա էր Նա, ում այդքան երկար սպասել էր Իսրայելը: ԴՓ 142.2

Հիսուսը եկավ աղքատության և խոնարհության մեջ, որպեսզի օրինակ լիներ մեզ համար, ինչպես նաև լիներ մեր Փրկիչը: Եթե Նա հայտնվեր արքայական փայլով, ինչպե՞ս կարող էր խոնարհություն սովորեցնել, ինչպե՞ս կարող էր ներկայացնել այնպիսի խոր ճշմարտություններ, ինչպիսիք տրվեցին Լեռան քարոզում: Ո՞ւմ վրա պիտի դնեին իրենց հույսը խեղճերն ու թշվառները, եթե Հի- սուսը գար բնակվելու մարդկանց մեջ որպես թագավոր: ԴՓ 142.3

Ժողովրդին, սակայն, անհավանական էր թվում, որ Նա, ում Հովհաննեսը մատնանշեց, կարող էր լինել իրենց վսեմ երազանքների իրականացումը: Այդպես շատերը հուսախաբված և խիստ շփոթված էին: ԴՓ 142.4

Այդպես էլ չասվեցին այն խոսքերը, որ այնքան շատ էին ցանկանում լսել քահանաներն ու վարդապետները, թե Հիսուսն այժմ կվերականգնի Իսրայելի թագավորությունը: Ահա թե ինչպիսի թագավորի էին նրանք սպասել և փափագել: Նման թագավորի նրանք պատրաստ էին ընդունել: Բայց մեկին, ով ձգտում էր արդարության և խաղաղության արքայություն հիմնել իրենց սրտերում, նրանք չէին ընդունի: ԴՓ 142.5

Հետևյալ օրը, երբ Հովհաննեսը կանգնած էր երկու աշակերտների հետ, նա կրկին տեսավ Հիսուսին ժողովրդի մեջ: Մարգարեի դեմքը կրկին լուսավորվեց Աներևույթի փառքով, երբ բացականչեց. «Ահա’ Աստծո Գառը”: Այս խոսքերը խորապես հուզեցին աշակերտների սրտերը, բայց նրանք լիովին չհասկացան դրանք: Ի՞նչ էր նշանակում այդ անունը, որով Հովհաննեսը կոչեց Նրան’ Աստծո Գառ: Հովհաննեսն անձամբ չէր բացատրել: ԴՓ 143.1

Հովհաննեսին թողնելով’ նրանք գնացին փնտրելու Հի- սուսին: Այդ երկուսից մեկը Անդրեասն էր’ Սիմոնի եղբայրը, մյուսը Հովհաննես ավետարանիչն էր: Սրանք Քրիստոսի առաջին աշակերտներն էին: Անդիմադրելի մի ներքին մղումով նրանք հետևեցին Հիսուսին’ Նրա հետ խոսելու բուռն ցանկությամբ: Ու թեև լուռ էին և երկյուղած, բայց նրանց անընդհատ տանջում էր այն միտքը, թե արդյոք Նա՞ է Մեսիան: ԴՓ 143.2

Հիսուսը գիտեր, որ աշակերտները հետևում էին Իրեն: Իր ծառայության առաջին պտուղներն էին նրանք, և աստվածային Ուսուցչի սիրտն ուրախությամբ լցվեց, երբ այս երկուսն արձագանքեցին Իր շնորհին: Սակայն շրջվելով’ Նա միայն հարցրեց նրանց. «Ի՞նչ եք ուզում»: Նա ազատություն տվեց նրանց’ թողնել ու հեռանալ, կամ էլ խոսել իրենց ցանկության մասին: ԴՓ 143.3

Նրանց միայն մի բան էր անհանգստացնում: Ամբողջովին կլանված Նրա ներկայությամբ’ նրանք հարցրին. «Վարդապե’տ,... որտե՞ղ ես կենում»: Ճանապարհին ունեցած կարճ զրույցը չէր կարող նրանց տալ այն, ինչ տենչում էին: Նրանք ուզում էին առանձնանալ Հիսուսի հետ, նստել Նրա ոտքերի մոտ և լսել Նրա խոսքերը: ԴՓ 143.4

«Նրանց ասաց’ եկե’ք և տեսե’ք. եկան և տեսան’ որտեղ էր կենում, և այն օրը նրա մոտ մնացին»: [139] ԴՓ 143.5

Եթե Հովհաննեսն ու Անդրեասն ունենային քահանաների և առաջնորդների անհավատ հոգին, նրանք չէին գա սովորելու Հիսուսի ոտքերի մոտ: Նրանք կգային Նրա մոտ որպես քննադատներ’ վիճաբանելու Նրա խոսքերի շուրջ: Այսպես շատերն են փակում դուռն ամենաթանկարժեք հնարավորությունների առջև: Բայց այդպես չվարվեցին այս առաջին աշակերտները: Նրանք արձագանքել էին Սուրբ Հոգու կանչին, որ հնչել էր Հովհաննես Մկրտչի քարոզների մեջ: Այժմ նրանք ճանաչեցին երկնային Ուսուցչի ձայնը: Նրանց համար Հիսուսի խոսքերը լի էին թարմությամբ, ճշմարտությամբ և գեղեցկությամբ: Աստվածային պայծառությամբ էր լուսաբանվում Հին Կտակարանի Գրքերի ուսմունքը: Նոր լույսով էին բացահայտվում ճշմարտության համապարփակ թեմաները: ԴՓ 144.1

Ապաշխարությունը, հավատը և սերը միայն կարող են օգնել հոգուն’ երկնքից իմաստություն ստանալու: Սիրով գործող հավատն է գիտության բանալին, և ով սիրում է, «ճանաչում է Աստծուն” (Ա Հովհաննես 4.7): ԴՓ 144.2

Հովհաննես աշակերտն անկեղծ ու հավատարիմ և, միևնույն ժամանակ, մտածող մի մարդ էր: Նա սկսել էր նկատել Քրիստոսի փառքը, ոչ թե այն աշխարհիկ շուքն ու իշխանությունը, որին նրան սովորեցրել էին ձգտել, այլ «Հորից եղած միածնի փառքը’ շնորհով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.14): Նա կլանված էր մտորումներով զարմանահրաշ թեմայի շուրջ: ԴՓ 144.3

Անդրեասը ցանկանում էր որևէ մեկի հետ կիսել իր սրտի ուրախությունը: Գտնելով իր եղբայր Սիմոնին’ նա գոչեց. «Մեսիային գտել ենք”: Սիմոնը ոչ մի վայրկյան չկորցրեց: Նա նույնպես լսել էր Հովհաննես Մկրտչի քարոզները, և շտապեց Փրկչի մոտ: Քրիստոսի հայացքը կանգ առավ նրա վրա’ կարդալով նրա բնավորությունը և կյանքի պատմությունը: Նրա կրակոտ խառնվածքը, սիրող և կարեկից սիրտը, նրա փառասիրությունն ու ինքնավստահությունը, նրա անկման պատմությունը, նրա ապաշխարությունը, նրա աշխատանքները և մարտիրոսական մահը’ այս ամենը կարդաց Փրկիչը և ասաց. «Դու Սիմոնն ես’ Հովնանի որդին. դու պիտի կոչվես Կեփաս (որ թարգմանվում է Պետրոս)”: ԴՓ 144.4

«Հետևյալ օրը կամեցավ Հիսուսը դուրս գնալ Գալիլեա. և գտնում է Փիլիպպոսին և ասում նրան. «Իմ ետևից եկ»»: Փիլիպպոսը հնազանդվեց հրամանին և անմիջապես դարձավ Քրիստոսի համագործակիցը: ԴՓ 145.1

Փիլիպպոսը կանչեց Նաթանայելին: Վերջինս ամբոխի մեջ էր եղել, երբ Մկրտիչը, մատնանշելով Հիսուսին, Աստծո Գառ էր անվանել Նրան: Երբ Նաթանայելը տեսավ Հիսուսին, հիասթափվեց: Ծանր աշխատանքի և աղքատության հետքեր կրող այս մարդը մի՞թե կարող էր Մեսիան լինել: Բայց Նաթանայելը նաև չկարողացավ մերժել Հիսուսին, որովհետև Հովհաննեսի խոսքերը համոզմունք էին առաջացրել նրա սրտում: [140] ԴՓ 145.2

Այն պահին, երբ Փիլիպպոսը կանչեց Նաթանայելին, վերջինս, առանձնացած մի խաղաղ պուրակում, խորհում էր Հովհաննեսի վկայության և Մեսիային վերաբերող մարգարեությունների մասին: Նա աղոթում էր, որ Աստված իրեն հայտնի, թե իրոք Նա՞ է Փրկիչը, ում մասին քարոզում էր Հովհաննեսը: Եվ Սուրբ Հոգին իջավ նրա վրա’ հավաստիացնելով, որ Աստված այցելել է Իր ժողովրդին և փրկության եղջյուր է կանգնեցրել նրա համար: Փիլիպ- պոսը գիտեր, որ իր ընկերն ուսումնասիրում է մարգարեությունները, և մինչ Նաթանայելն աղոթում էր թզենու տակ, նա հայտնաբերում է նրա պատսպարանը: Նրանք հաճախ էին միասին աղոթել սաղարթներով պաշտպանված այդ մենավոր վայրում: ԴՓ 145.3

«Նրան, որի մասին գրեց Մովսեսն օրենքում և մարգարեներն էլ, գտանք», այս լուրն ասես Նաթանայելի աղոթքի ճիշտ պատասխանը լիներ: Բայց Փիլիպպոսը, ում հավատը դեռևս կայուն չէր, երկմտանքով ավելացրեց. «Հով- սեփի որդի Հիսուսին’ Նազարեթից»: Նախապաշարումը կրկին գլուխ բարձրացրեց Նաթանայելի սրտում: Նա գոչեց. «Կարելի՞ է, որ Նազարեթից մի բարի բան լինի»: ԴՓ 145.4

Փիլիպպոսը չսկսեց վիճել նրա հետ, այլ ասաց. «Ե’կ և տե’ս”: Հիսուսը տեսավ Նաթանայելին Իր մոտ գալիս և ասաց. «Ահա ճիշտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Նաթանայելն ապշած բացականչեց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ”: Հիսուսը պատասխանեց. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած’ քեզ տեսա, որ թզենու տակն էիր”: ԴՓ 146.1

Սա բավական էր: Աստծո Հոգին, որ վկայություն էր տվել Նաթանայելին թզենու տակ նրա մեկուսի աղոթքի ժամանակ, այժմ խոսում էր նրա հետ Հիսուսի խոսքերով: Թեև կասկածանքով և փոքր-ինչ զիջելով նախապաշարմունքին’ Նաթանայելը, որ Քրիստոսի մոտ էր եկել ճշմարտությունն իմանալու անկեղծ փափագով, հիմա բավարարված էր: Նրա հավատը գերազանցեց այն մյուսի հավատին, ով իրեն բերել էր Հիսուսի մոտ: Նա պատասխանեց և ասաց. «Ռաբբի’, դու Աստծո Որդին ես, դու ես Իսրայելի թագավորը»: ԴՓ 146.2

Եթե Նաթանայելին առաջնորդեին վարդապետները, նա երբեք չէր գտնի Հիսուսին: Անձամբ տեսնելով և դատելով էր միայն, որ նա աշակերտ դարձավ: Այսօր էլ կան շատերը, որոնք հրաժարվում են ընդունել բարին’ իրենց նախապաշարումների պատճառով: Ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլիներ, եթե նրանք ընդամենը «գային և տես- նեին»: [141] ԴՓ 146.3

Քանի դեռ նրանք վստահում են հեղինակավոր մարդկանց առաջնորդությանը, նրանցից ոչ ոք չի գտնի ճշմարտության փրկարար գիտությունը: Նաթանայելի նման մենք պետք է ինքնուրույն ուսումնասիրենք Աստծո խոսքը և աղոթենք Սուրբ Հոգու լուսավորության համար: Նա, ով տեսավ Նաթանայելին թզենու տակ, կտեսնի նաև մեզ ծածուկ աղոթելիս: Լույսի աշխարհից իջած հրեշտակները չեն թողնի նրանց, ովքեր խոնարհությամբ հանձնվում են աստվածային առաջնորդությանը: ԴՓ 146.4

Հովհաննեսը, Անդրեասը, Սիմոնը, Փիլիպպոսը և Նա- թանայելը կանչվեցին ու դարձան քրիստոնեական առաջին եկեղեցու հիմքը: Հովհաննեսն իր երկու աշակերտներին ուղարկեց Քրիստոսի մոտ: Հետո նրանցից մեկը’ Անդրեասը, գտավ իր եղբորը և կանչեց նրան Փրկչի մոտ: Այնուհետև կանչվեց փիլիպպոսը, ով էլ գնաց փնտրելու Նաթանայելին: Այս օրինակները պետք է սովորեցնեն մեզ, թե որքան կարևոր են մեր ազգականներին, ընկերներին և հարևաններին ուղղակիորեն դիմելու մեր անձնական ջանքերը: Կան մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում քրիստոնյա են անվանվում, բայց անձամբ ոչինչ չեն անում, որպեսզի գեթ մի հոգի բերեն Փրկչի մոտ: Նրանք այդ ամբողջ գործը թողնում են ծառայողին: Նա կարող է անթերի լինել իր աշխատանքում, բայց երբեք չի կարող անել այն, ինչ Աստված հանձնարարել է եկեղեցու անդամներին: ԴՓ 147.1

Կան շատերը, ովքեր քրիստոնեական սիրող սրտերի ծառայության կարիքն են զգում: Շատ կորած հոգիներ կարող էին փրկվել, եթե նրանց հարևանները’ հասարակ տղամարդիկ ու կանայք, անձնական ջանքեր գործադ- րեին նրանց համար: Շատերը սպասում են, թե երբ պետք է իրենց անձնապես դիմեն: Բայց որպես Քրիստոսի ավետարանիչներ’ մենք շատ բան ունենք անելու հենց այն ընտանիքում, այն հարևանների շրջապատում, այն քաղաքում, որտեղ մենք ապրում ենք: Եթե մենք քրիստոնյա ենք, ապա հաճույքով կկատարենք այդ գործը: Հենց որ մարդը դարձի է գալիս, նրա մեջ իսկույն ցանկություն է առաջանում հաղորդելու մյուսներին, թե որքան թանկագին ընկեր է գտել հանձին Հիսուսի: Փրկարար և սրբագործող ճշմարտությունն անհնար է թաքցնել սրտի մեջ: ԴՓ 147.2

Բոլոր նրանք, ովքեր նվիրվում են Աստծուն, պետք է լուսակիրներ լինեն: Աստված նրանց Իր գործակալներն է դարձնում, որպեսզի մյուսներին հաղորդեն Իր շնորհի հարստությունները: Նա խոստանում է. «Եվ նրանց և իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնություն շինեմ, և անձրևը պիտի ցած թափեմ իր ժամանակին, անձրևները պիտի օրհնություն լինեն” (Եզեկիել 34.26): [142] ԴՓ 147.3

Փիլիպպոսն ասաց Նաթանայելին. «Ե’կ և տե’ս”: Նա չխնդրեց նրան ընդունել ուրիշի վկայությունը, այլ առաջարկեց գալ և անձամբ տեսնել Քրիստոսին: Հիմա, երբ Հի- սուսը համբարձվել է երկինք, Նրա աշակերտներն են Իր ներկայացուցիչները մարդկանց մեջ, և Քրիստոսի համար հոգիներ շահելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը Նրա բնավորության արտացոլումն է մեր առօրյա կյան- քում: Մեր ազդեցությունն ուրիշների վրա կախված է ոչ այնքան նրանից, թե ինչ ենք ասում, որքան նրանից, թե ինչպիսին ենք մենք: Մարդիկ կարող են վիճարկել կամ հերքել մեր փաստարկները, կարող են ընդդիմանալ մեր խնդրանքներին, սակայն անշահախնդիր սիրով լցված կյանքը մի այնպիսի ապացույց է, որն անհնար է ժխտել: Այն կյանքը, որում մշտապես դրսևորվում է Քրիստոսի հեզությունը, ամենահզոր ուժն է աշխարհում: ԴՓ 148.1

Քրիստոսի ուսմունքը ներքին համոզմունքի և փորձառության արտահայտությունն էր, և նրանք, ովքեր սովորում են Նրանից, դառնում են Աստծո կողմից կարգված ուսուցիչներ: Աստծո խոսքը՝ ասված որևէ մեկի կողմից, ով ինքն էլ սրբված է այդ խոսքով, կյանք տվող զորություն ունի, որն այն գրավիչ է դարձնում լսողների համար և համոզում նրանց, որ այն կենդանի իրականություն է: Եթե ճշմարտությունը սիրով ընդունվել է որևէ մեկի կողմից, ապա այն կդրսևորվի նրա շարժուձևում և նույնիսկ ձայնի երանգի մեջ: Նա հայտնում է այն, ինչ ինքն անձամբ լսել, տեսել և գործածել է կյանքի խոսքից, որպեսզի մյուսներն էլ, ճանաչելով Քրիստոսին, կարողանան ընկերակցել իրեն: Վկայությունը’ արված նրա շուրթերից, որոնց դիպել է կրակի կայծը զոհասեղանից, ճշմարտություն է՝ ընկալունակ սրտի համար և սրբագործող ազդեցություն է ունենում բնավորության վրա: ԴՓ 148.2

Եվ նա, ով ձգտում է լույս տալ ուրիշներին, ինքն անձամբ կօրհնվի: «Անձրևները պիտի օրհնություն լինեն»: «Ոռոգողն ինքն էլ կոռոգվի” (Առակաց 11.25): Աստված առանց մեր օգնության էլ կարող էր փրկել մեղավորներին, բայց որպեսզի մեր մեջ քրիստոսանման բնավորություն ձևավորվի, պետք է մասնակցենք Նրա աշխատանքին: Որպեսզի ճաշակենք Նրա ուրախությունը, Նրա զոհաբերության շնորհիվ փրկված հոգիներին տեսնելու ուրախությունը, մենք պետք է համագործակցենք Նրա հետ այդ հոգիների փրկության գործում: ԴՓ 149.1

Նաթանայելի հավատի առաջին արտահայտությունը’ այնքան ջերմ, սըրտանց և անկեղծ, ասես երաժշտություն լիներ Հիսուսի համար: Եվ Նա «...պատասխանեց ու ասաց նրան. «Որովհետև ես ասացի քեզ, թե թզենու տակ տեսա քեզ, հավատու՞մ ես. սրանցից էլ ավելի մեծ բաներ կտեսնես»“: Փրկիչն ուրախությամբ էր սպասում, թե երբ պիտի ավետարաներ աղքատներին, բժշկեր սրտաբեկներին և թողություն քարոզեր սատանայի գերիներին: Խորհելով այն թանկագին օրհնությունների մասին, որ Ինքը բերել էր մարդկանց, Հիսուսն ավելացրեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետև կտեսնեք երկինքը բացված, և Աստծո հրեշտակներին մարդի Որդու վրա ելնելիս և իջնե- լիս»: ԴՓ 149.2

Այստեղ Քրիստոսը, ըստ էության, ասում է. «Հորդանա- նի ափին երկինքները բացվեցին, և Հոգին աղավնու նման իջավ Ինձ վրա: Այդ տեսարանը ոչ այլ ինչ էր, եթե ոչ նշանն այն բանի, որ Ես Աստծո Որդին եմ: Եթե դուք հավատում եք, որ Ես իրոք Աստծո Որդին եմ, ձեր հավատը կաճի: Դուք կտեսնեք, որ երկինքը բացվել է, և այլևս երբեք չի փակվի: Ես բացել եմ այն ձեզ համար: Աստծո հրեշտակները բարձրանում են’ կարիքավորների և թշվառների աղոթքները հասցնելով Հորը, և ցած են իջնում’ օրհնություն, հույս, արիություն, օգնություն և կյանք բերելով մարդկանց որ- դիներին»: [143] ԴՓ 149.3

Աստծո հրեշտակներն անընդհատ շարժման մեջ են’ երկրից երկինք և երկնքից երկիր: Քրիստոսն Իր հրաշքները նեղվածների և տառապյալների համար գործում էր Աստծո զորությամբ’ հրեշտակների ծառայության միջոցով: Եվ Քրիստոսի շնորհիվ Աստծուց ուղարկված օրհնությունները նույնպես հրեշտակների ծառայության միջոցով են հասնում մեզ: Մարդկային բնություն ընդունելով’ մեր Փրկիչն Իր հետաքըրքրությունները կապում է Ադամի անկյալ որդիների և դուստրերի շահերի հետ, մինչդեռ Իր աստվածային էությամբ Նա ամուր կառչում է Աստծո գահից: Այդպես, մարդկանց և Աստծո միջև հաղորդակցությունն իրականացվում է միայն Քրիստոսի միջնորդությամբ: [144] ԴՓ 150.1