ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

12/87

Գլուխ 12. - Փորձությունը

(Մատթեոս 4.1-11, Մարկոս 1.12,13, Ղուկաս 4.1-13)

«ԵՎ Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից հետ դառավ և Հոգով տարվեց անապատ»: Մարկոսի խոսքերն էլ ավելի նշանակալից են: Նա ասում է. «Եվ շուտով Հոգին Նրան անապատ հանեց: Եվ նա այնտեղ’ անապատում էր’ քառասուն օր սատանայից փորձվելով. և գազանների հետ էր»: «Եվ այն օրերում ոչինչ չկերավ”: ԴՓ 111.1

Երբ Հիսուսն անապատ տարվեց փորձվելու, Նրան առաջնորդում էր Աստծո Հոգին: Նա Ինքը չէր փորձությունն Իր վրա բերել: Նա անապատ էր գնացել առանձնանալու, խորհելու Իր առաքելության և աշխատանքի մասին: Ծոմի և աղոթքի միջոցով Նա պետք է ուժ հավաքեր Իր արյունոտ ճանապարհն անցնելու համար: Բայց սատանան գիտեր, որ Փրկիչը անապատ է գնացել, և մտածեց, որ դա ամենահարմար պահն է Նրան մոտենալու հա- մար: ԴՓ 111.2

Լույսի Իշխանի և խավարի թագավորության առաջնորդի միջև մղվող պայքարի ելքից կախված էր ամբողջ աշխարհի ճակատագիրը: Մարդուն մեղքի մեջ գցելուց հետո սատանան, տիրանալով երկրին, իրեն հռչակել էր այս աշխարհի իշխան: Մեր նախածնողներին ենթարկելով իրեն’ նա մտադիր էր իր կայսրությունը հիմնել այստեղ: Նա հայտարարել էր, որ մարդիկ ընտրել են իրեն որպես գերիշխան: Իր կամքին հնազանդեցնելով մարդկանց’ նա տիրացավ աշխարհին: Քրիստոսը եկել էր հերքելու սատանայի այդ հավակնությունը: Որպես մարդու որդի’ Նա պետք է հավատարիմ մնար Աստծուն և դրանով ապացուցեր, որ սատանան կատարյալ իշխանություն չունի մարդկային ցեղի վրա, և որ նրա այդ հավակնությունը կեղծ է: Բոլոր նրանք, ովքեր ցանկանային, կարող էին ազատվել նրա իշխանությունից: Այն տիրապետությունը, որ կորցրել էր Ադամը մեղքի պատճառով, նորից պետք է վերականգնվեր: [115] ԴՓ 111.3

Սկսած այն պահից, երբ Եդեմական պարտեզում օձին հայտարարվեց’ «Եվ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև» (Ծննդոց 3.15), սատանան հասկացավ, որ բացարձակ իշխանություն չունի երկրի վրա: Մարդկանց մեջ նկատելի էր մի գործող ուժ, որն ընդդիմանում էր նրա իշխանությանը: Նա լարված հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչպես էին զոհ մատուցում Ադամն ու նրա որդիները: Այս արարողությունների մեջ նա տեսավ երկրի և երկնքի միջև հաղորդակցության խորհրդանիշը: Եվ նա որոշում է խզել այդ հաղորդակցությունը: Նա կեղծ լույսի տակ է ներկայացնում Աստծուն, և Փրկչին մատնանշող ծեսերը մեկնաբանում է սխալ: Նա դրդում է մարդկանց վախենալ Աստծուց’ իբրև մեկից, ում հաճույք է պատճառում իրենց կորուստը: Այն զոհաբերությունները, որոնք պետք է հայտնեին Նրա սերը, հիմա մատուցվում էին միայն Նրա զայրույթը մեղմացնելու համար: Սատանան չար կրքեր էր բորբոքում մարդկանց մեջ, որպեսզի ուժեղացներ իր իշխանությունը նրանց վրա: Երբ տրվեց Աստծո գրավոր խոսքը, սատանան սկսեց ուսումնասիրել Փրկչի գալստյանը վերաբերող մարգարեությունները: Սերնդեսերունդ նա աշխատում էր թաքցնել մարդկանցից այս մարգարեությունները, որպեսզի նրանք մերժեին Քրիստոսին Նրա գալստյան ժամանակ: ԴՓ 112.1

Երբ Հիսուսը ծնվեց, սատանան իմացավ, որ եկել էր Մեկը աստվածային հանձնարարությամբ’ դիմակայելու իր տիրապետությանը: Նրան ցնցեց հրեշտակների վկայությունը նորածին Արքայի իշխանության մասին: Սատանան լավ գիտեր’ ինչ դիրք է գրավում Քրիստոսը երկնքում’ որպես Հոր Սիրելի: Այն, որ Աստծո Որդին պիտի գար այս երկիր որպես մարդ, զարմանք ու երկյուղ էր պատճառում նրան: Նա չէր կարողանում ներթափանցել այդ մեծ զոհաբերության խորհրդի մեջ: Նրա եսասեր հոգին չէր կարող հասկանալ նման սերը խաբված ցեղի հանդեպ: Մարդիկ միայն աղոտ պատկերացում ունեին երկնային փառքի, խաղաղության և Աստծո հետ հաղորդակցվելու բերկրանքի մասին: Բայց այդ բոլորին քաջատեղյակ էր Արուսյակը’ ծածկող քերովբեն: Սկսած այն պահից, երբ կորցրեց երկինքը, նա որոշեց վրեժ առնել’ ստիպելով մյուսներին կիսելու իր ճակատագիրը: Նա իրականացնում էր իր ծրա- գիրը’ դրդելով մարդկանց թերագնահատել երկնային արժեքները և կառչել երկրայինից: [116] ԴՓ 112.2

Առանց արգելքների չէ, որ երկնքի Հրամանատարը պիտի շահեր մարդկանց հոգիներն Իր թագավորության համար: Այն օրվանից, երբ ծնվեց Բեթլեհեմում, Նա շարունակ ենթարկվում էր չարագործի հարձակումներին: Քրիստոսի վրա դրոշմված էր Աստծո պատկերը, և սատանայի ժողովներում որոշում ընդունվեց, որ Նա անպայման պետք է պարտվի: Աշխարհում դեռ չի ծնվել որևէ մեկը, որ խուսափի այդ խաբեբայի ներգործությունից: Չարի դավադիր ուժերն ամենուրեք հետապնդում էին Հիսուսին’ փորձելով ներքաշել պատերազմի մեջ և հնարավորության դեպքում հաղթել Նրան: ԴՓ 113.1

Փրկչի մկրտության ժամանակ սատանան ականատեսների մեջ էր: Նա տեսավ Իր Որդուն շրջապատող Հոր փառքը: Նա լսեց Հիսուսի աստվածությունը վկայող Եհովայի ձայնը: Ադամի մեղքից ի վեր մարդկային ցեղը զրկված էր Աստծո հետ անմիջականորեն հաղորդակցվելու հնարավորությունից: Երկինքը երկրի հետ կապված էր Քրիստոսի միջոցով, բայց հիմա, երբ Քրիստոսը եկել էր «մեղքի մարմնի նմանությամբ” (Հռոմեացիս 8.3), Հայրն Ինքը խոսեց: Եթե առաջ Նա հաղորդակցվել էր մարդկության հետ Քրիստոսի միջոցով, ապա այժմ Նա մարդկության հետ հաղորդակցվում էր Քրիստոսի մեջ: Եվ քանի որ Աստված գարշում է մեղքից, սատանան հույս ուներ, որ դա հավերժ կբաժանի երկինքը երկրից: Բայց հիմա պարզվեց, որ կապն Աստծո և մարդու միջև վերականգնված էր: ԴՓ 113.2

Սատանան հասկացավ, որ ինքը պետք է կա’մ հաղթի, կա’մ պարտվի: Պայքարի ելքից չափազանց շատ բան էր կախված, որպեսզի այն վստահեր իր դաշնակից հրեշտակներին: Նա անձամբ պետք է վարի պատերազմը: Ապստամբների բոլոր ուժերը համախմբվել էին Աստծո Որդու դեմ: Քրիստոսը դարձել էր դժոխքի բոլոր զենքերի նշանակետը: ԴՓ 114.1

Շատերը կարծում են, թե Քրիստոսի և սատանայի միջև տեղի ունեցած այդ պայքարն առանձնապես ոչ մի առնչություն չունի իրենց կյանքի հետ և իրենց համար քիչ հետաքրքրություն է ներկայացնում: Այդ պայքարը, սակայն, կրկնվում է յուրաքանչյուր մարդու սրտում: Ոչ ոք Աստծուն ծառայելու նպատակով երբեք չի լքում չարի շարքերը’ առանց ենթարկվելու սատանայի գրոհներին: Քրիստոսը դիմադրել էր հենց այն գայթակղություններին, որոնց, մեր կարծիքով, այնքան դըժվար է ընդդիմանալ: Նրա համար դրանք նույնքան ավելի ճնշող էին, որքան Նրա բնավորությունը գերազանց է մեր բնավորությունից: Աշխարհի մեղքերի սոսկալի ծանրության տակ Քրիստոսը հաղթանակ տարավ որկրամոլության, աշխարհային սիրո և ցուցամոլության նկատմամբ: Սրանք այն փորձություններն էին, որոնց չդիմացան Ադամն ու Եվան, և որոնց այնքան հեշտությամբ տրվում ենք մենք: [117] ԴՓ 114.2

Վկայակոչելով Ադամի մեղքը’ սատանան պնդում էր, որ Աստծո օրենքն անարդար է, և դրան հնարավոր չէ հնազանդվել: Ընդունելով մեր մարդկային բնությունը’ Քրիստոսը պետք է փրկագներ այն, ինչ կորցրել էր Ադամը: Բայց երբ փորձիչը գայթակղեց Ադամին, վերջինս իր վրա չէր կրում մեղքի հետևանքները: Նա օժտված էր մարմնական, մտավոր և հոգևոր կատարելությամբ: Նա շրջապատված էր Եդեմի փառքով և ամեն օր հաղորդակցվում էր երկնային էակների հետ: Բայց այդպես չէր Հիսուսի հետ, երբ Նա անապատ գնաց’ պայքարելու սատանայի դեմ: Չորս հազար տարվա ընթացքում մարդու մարմնական, բարոյական և մտավոր ուժերը քայքայվել էին, և Քրիստոսն իր վրա առավ այլասերված մարդկության թուլությունները: Միայն այդպես Նա կարող էր փրկել մարդուն իր անկման ամենախոր անդունդից: ԴՓ 114.3

Շատերը պնդում են, թե Քրիստոսը չէր կարող չհաղթահարել փորձությունը: Բայց այդ դեպքում Նա չէր կարող զբաղեցնել Ադամի տեղը և հաղթել այն պայքարում, որում պարտվեց Ադամը: Եթե մենք որևէ առումով ավելի ծանր փորձությունների ենթարկվենք, քան Քրիստոսը, ապա Նա ի վիճակի չէր լինի օգնելու մեզ: Բայց մեր Փրկիչն ընդունեց մարդկային էությունն իր բոլոր թերություններով: Նա ընդունեց մարդու բնությունը’ փորձությանը տեղի տալու հնարավորությամբ: Մեզ երբեք չեն սպասվում դժվարություններ, որոնք Նա չի կրել: ԴՓ 115.1

Ինչպես Եդեմի սուրբ զույգի, այնպես էլ Քրիստոսի համար ախորժակն էր առաջին մեծ փորձության դաշտը: Ինչից սկսվել էր անկումը, նրանից էլ պիտի սկսվեր մեր փրկության գործը: Ինչպես Ադամն անկում ապրեց’ բա- վարարելով իր ախորժակը, այնպես էլ ախորժակը զսպե- լով’ Քրիստոսը պիտի հաղթեր: «Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո սովեց: Եվ փորձիչը Նրա մոտ գալով’ ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա’, որ այս քարերը հաց լինեն”: Նա էլ պատասխանեց. Գրված է’ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»»: ԴՓ 115.2

Ադամի ժամանակներից մինչև Քրիստոսի օրերը ցանկասիրությունը այնպես էր սաստկացրել ախորժակի և կրքերի ուժը, որ դրանք գրեթե անսահմանափակ իշխանություն էին ձեռք բերել մարդու վրա: Այդպիսով, մարդիկ ստորացել և թուլացել էին, և սեփական ուժերով անկարող էին հաղթահարել իրենց կրքերը: Հանուն մարդու Քրիստոսը հաղթեց’ դիմանալով այդ ծայրաստիճան դժվարին փորձությանը: Հանուն մեզ’ Նա այնպիսի ինքնատիրապետում դրսևորեց, որն ավելի զորեղ էր, քան սովը կամ մահը: Եվ այս առաջին հաղթանակի մեջ ամփոփված էին նաև մյուս բոլոր հարցերը, որոնք հանդիպում են խավարի ուժերի դեմ մղվող մեր ամենօրյա պայքարում: [118] ԴՓ 115.3

Երբ Քրիստոսն անապատ եկավ, Նրան շրջապատում էր Հոր փառքը: Կլանված Աստծո հետ հաղորդակցությամբ’ Նա մոռացել էր մարդկային տկարությունը: Բայց փառքը հեռացավ, և Նա միայնակ մնաց’ պայքարելու փորձության դեմ: Դա Նրան ճնշում էր ամեն վայրկյան: Նրա մարդկային էությունն ընկրկում էր սպասվող բախումից: Քառասուն օր Նա ծոմ էր պահել և աղոթել: Սովից թուլացած և հյուծված, հոգեվարքից հոգնած և տանջահար’ «այնպե՜ս խանգարված էր նրա տեսքը մարդու տեսքից և կերպարանքը’ մարդու որդկանց կերպարանքից” (Եսայիա 52.14): Բացառիկ հնարավորություն էր ստեղծվել սատանայի համար, և նա կարծեց, թե հիմա կկարողանա հաղթել Քրիստոսին: ԴՓ 116.1

Եվ ահա, ասես ի պատասխան Փրկչի աղոթքներին, Նրան է մոտենում մեկը’ երկնային հրեշտակի կերպա- րանքով: Նա հայտնում է, որ Աստծուց Քրիստոսին լուր է բերել’ դադարեցնելու ծոմը: Ինչպես Աստված ուղարկել էր Իր հրեշտակին, որպեսզի արգելի Աբրահամին զոհաբերել Իսահակին, այնպես էլ, բավարարված Իր արյունոտ ճանապարհն անցնելու Քրիստոսի պատրաստակամութ- յամբ, Հայրը հրեշտակ է ուղարկել’ ազատելու Նրան: Ահա այս էր լուրը, որ բերվեց Հիսուսին: Փրկիչը թուլացած էր սովից և սաստիկ ուտել էր ուզում, երբ անսպասելիորեն վրա է հասնում սատանան: Ցույց տալով անապատում ցրիվ եկած քարերը, որ հացի բոքոններ էին հիշեցնում’ փորձիչն ասում է. «Եթե Աստծո Որդին ես, ասա’, որ այս քարերը հաց լինեն”: ԴՓ 116.2

Թեև նա հայտնվում է լույսի հրեշտակի կերպարանքով, նրան մատնում են առաջին իսկ խոսքերը. «Եթե Աստծո Որդին ես”: Դրանք կասկածանք են ներշընչում: Եվ եթե Հիսուսն աներ այն, ինչ առաջարկում էր սատանան, դա կնշանակեր, որ Նա ընդունում է կասկածանքը: Փորձիչը մտադրվում է հաղթել Քրիստոսին նույն ձևով, ինչպես դա նրան հեշտությամբ հաջողվեց մարդկային ցեղի պատմության սկզբում: Ինչպիսի՜ խորամանկությամբ սատանան մոտեցավ Եվային Եդեմում. «Իրա՞վ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք» (Ծննդոց 3.1): Ինչ որ տեղ փորձիչի խոսքերը ճշմարիտ են, բայց նրա խոսելու եղանակը քողարկված արհամարհանք է արտահայտում Աստծո խոսքերի նկատմամբ: Դրանցում կասկած կար, աստվածային ճշմարտության մի ծածուկ ժխտում: Սատանան ձգտում էր Եվային ներշնչել այն միտքը, որ Աստված չի անի այն, ինչ խոստացել է, Նա չի արգելի ճաշակել այդ գեղեցիկ պտուղը, որովհետև դա հակասում է մարդու հանդեպ ունեցած Նրա սիրուն և կարեկցանքին: Այդպես էլ հիմա խաբեբան նույն միտքը փորձում է ներշնչել Քրիստոսին. «Եթե Աստծո Որդին ես”: Այս խոսքերը դառն ու ցավալի հուշեր են արթնացնում նրա մտքում: Նրա ձայներանգը բացարձակ անվստահություն է արտահայտում: Մի՞թե Աստված այդպես կվարվեր Իր Որդու հետ: Մի՞թե Նա կթողներ Նրան անապատում’ վայրի գազանների մեջ’ առանց սննդի, առանց ընկերների, առանց մխիթարության: Նա անուղղակիորեն ակնարկում է, որ Աստված երբեք չէր կամենա Իր Որդուն գցել նման վիճակի մեջ: «Եթե Աստծո Որդին ես”, ցու՜յց տուր Քո զորությունը’ ազատելով Քեզ այս ճնշող սովից: Հրամայի՜ր, որ այս քարը հաց դառնա: [119] ԴՓ 117.1

Երկնքից ասված խոսքը’ «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի» (Մատթեոս 3.17), դեռևս հնչում էր սատանայի ականջներում: Բայց նա որոշել էր ստիպել Քրիստոսին չհավատալ այս վկայությանը: Աստծո խոսքը Քրիս տոսի համար Իր աստվածային առաքելության երաշխիքն էր: Նա եկել էր ապրելու մարդկանց մեջ որպես մարդ, և խոսքն էր, որ հաստատեց Նրա կապը երկնքի հետ: Սատանայի նպատակն էր կասկած հարուցել Նրա մեջ այդ խոսքի նկատմամբ: Բանսարկուն գիտեր, որ եթե հնարավոր լիներ սասանել Քրիստոսի հավատն առ Աստված, ապա այդ ամբողջ հակամարտությունը կավարտվեր իր օգտին, և ինքը կկարողանար հաղթել Հիսուսին: Նա հուսով էր, որ վհատության և ծայրահեղ սովի ճնշման տակ Քրիստոսը կկորցնի հավատն Իր Հոր հանդեպ և հրաշք կգործի Իր համար: Եթե միայն Նա այդպես վարվեր, փրկության ծրագիրը ձախողված կլիներ: ԴՓ 117.2

Երբ սատանան և Աստծո Որդին առաջին անգամ բախվեցին, Քրիստոսը երկնային զորքերի հրամանատարն էր, և սատանան’ երկնքում ծագած խռովության ղեկավարը, դուրս գցվեց: Հիմա նրանց դերերն ակնհայտորեն փոխվել էին, և սատանան իր ողջ ուժով փորձում էր օգտվել թվացյալ առավելությունից: «Ամենահզոր հրեշտակներից մեկը,- ասում է նա,- արտաքսվել է երկնքից: Հիսուսի տեսքը ցույց է տալիս, որ հենց Ինքն է այդ ընկած հրեշտակը’ լքված Աստծուց և մարդկանցից”: Աստվածային էակն ի զորու կլիներ հաստատել իր պնդումը, եթե հրաշք գործեր. «Եթե Աստծո Որդին ես, ասա’, որ այս քարերը հաց լինեն”: «Ստեղծագործ ուժի նման դրսևորումը,- համոզում է փոր- ձիչը,- աստվածության անհերքելի ապացույց կլինի: Այն վերջ կդնի վիճաբանությանը”: ԴՓ 118.1

Հիսուսը լուռ, բայց ոչ առանց ներքին պայքարի, լսեց մեծագույն խաբեբային: Սակայն Աստծո Որդին չպետք է Իր աստվածությունն ապացուցեր սատանային կամ բացատրեր Իր նվաստացման պատճառը: Խռովարարի պահանջներին զիջելով’ անհնար էր որևէ բան ձեռք բերել մարդու բարօրության կամ Աստծո փառքի համար: Եթե Քրիստոսը համաձայներ թշնամու առաջարկին, սատանան, միևնույնն է, կասեր. «Ինձ մի նշան ցո’ւյց տուր՝ հավատամ, որ դու ես Աստծո Որդին»: Ոչ մի ապացույց չէր կարող նրանում փշրել խռովության ոգին: Եվ Քրիստոսը չպետք է աստվածային զորությունն օգտագործեր Իր սեփական շահի համար: Նա եկել էր կրելու փորձությունն այնպես, ինչպես մենք պետք է կրենք, և հավատի ու հնազանդության օրինակ թողնելու մեզ: Ո’չ այստեղ, ո’չ էլ Իր հետագա ամբողջ երկրային կյանքի ընթացքում Նա ոչ մի հրաշք չգործեց Իր բարօրության համար: Նրա բոլոր հրաշքներն արվեցին ի բարօրություն ուրիշների: Թեև Հիսուսը հենց սկզբից էլ ճանաչեց սատանային, Նա չենթարկվեց նրա հետ բանավեճի մեջ մտնելու սադրանքին: Նա գոտեպնդվեց’ հիշելով երկնքից լսված ձայնը, և ապավինեց Իր Հոր սիրուն: Նա չպետք է զիջեր փորձությանը: [120] ԴՓ 118.2

Հիսուսը սատանային պատասխանեց Աստվածաշն- չի խոսքերով: «Գրված է”,- ասաց Նա: Յուրաքանչյուր փորձության մեջ Նրա զենքն Աստծո խոսքն էր: Սատանան հրաշք պահանջեց Քրիստոսից’ որպես ապացույց Իր աստվածության: Սակայն, բոլոր հրաշքներից առավել, հաստատուն ապավինությունն Աստծո խոսքին’ «Այսպես է ասում Տերը”, մի նշան էր, որն անկարելի էր վիճարկել: Եվ քանի դեռ Քրիստոսն առաջնորդվում էր այդ սկզբունքով, փորձիչը ոչ մի առավելության չէր կարող հասնել: ԴՓ 119.1

Իր ծայրագույն տկարության պահին էր, որ Քրիստոսը ենթարկվեց ամենադաժան փորձություններին: Այդպես սատանան մտադիր էր հաղթել Նրան: Նման մոտեցումով նա արդեն հաղթել էր մարդուն: Երբ ուժերը սպառվում են, կամքի ուժը’ թուլանում, իսկ հավատը դադարում է ապավինել Աստծուն, ապա նրանք, ովքեր երկար ժամանակ խիզախորեն պայքարել էին հանուն արդարության, պարտության են մատնվում: Մովսեսը հոգնել էր Իսրայելի քառասնամյա թափառումներից, երբ նրա հավատը մի պահ կորցրեց իր կապն անսահման զորության հետ: Նա ուժասպառ եղավ Ավետյաց Երկրի հենց սահմանների մոտ: Նույնը կատարվեց նաև Եղիայի հետ: Նա անվախո- րեն դուրս էր եկել Աքաաբ թագավորի և Իսրայելի ամբողջ ազգի դեմ, որոնց գլխավորում էին Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեները: Այդ սոսկալի օրվանից հետո Կար- մեղոսի մոտ, երբ սպանվել էին սուտ մարգարեները, և ժողովուրդն իր հավատարմությունն էր հայտնել Աստծուն, Եղիան, վախենալով իր կյանքի համար կռապաշտ Հեզա- բելի սպառնալիքներից, դիմեց փախուստի: Այսպես սատանան առավելության հասավ մարդկային թուլության նկատմամբ և նույն կերպ էլ շարունակում է գործել մինչև այժմ: Երբ խավար է մեր շուրջը, շփոթված ենք հանգամանքներից կամ տառապում ենք աղքատությունից և վշտից, անմիջապես վրա է հասնում սատանան’ իր փորձություններով ու անախորժություններով: Նա գրոհում է մեր բնավորության թույլ կողմերի վրա: Նա ձգտում է սասանել մեր հավատն առ Աստված, ով թույլ է տալիս այսպիսի իրավիճակները: Նա ջանում է խաբել մեզ, որպեսզի չվստահենք Աստծուն և կասկածենք Նրա սիրուն: Ինչպես Քրիստոսին էր մոտեցել փորձիչը, այնպես էլ հաճախ մոտենում է մեզ’ ներկայացնելով մեր թուլություններն ու թերությունները: Նա փորձում է հուսահատության մեջ գցել մեզ, որ այլևս չապավինենք Աստծուն: Նա վստահ է, որ հաջողության դեպքում ավարն իրենն է: Եթե մենք դիմավորեինք նրան այնպես, ինչպես Հիսուսն էր անում, ապա շատ պարտություններից խույս կտայինք: Վիճաբանության մեջ մտնելով թշնամու հետ’ մենք առավելություն ենք տալիս նրան: [121] ԴՓ 119.2

Երբ Քրիստոսն ասաց փորձչին. «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից”, Նա կրկնեց այն խոսքերը, որ ավելի քան հազար չորս հարյուր տարի առաջ ասել էր Իսրայելին. «Քո Եհովա Աստվածն այս քառասուն տարվա ընթացքում քեզ ման ածեց անապատի մեջ... Եվ քեզ խոնարհեցրեց, և սոված պահեց, և մանանա ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը, որ քեզ իմացնի, թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Եհովայի բերանից դուրս եկած ամեն խոսքով» (Երկրորդ օրինաց 8.2,3): Անապատում, երբ սննդի բոլոր պաշարները սպառվել էին, Աստված երկնքից մանանա ուղարկեց Իր ժողովրդին’ ում ինչքան որ հարկավոր էր: Սննդի այս ապահովումը պետք է սովորեցներ նրանց, որ եթե իրենք վստահեն Աստծուն և քայլեն Նրա ճանապարհներով, Նա չի լքի իրենց: Փրկիչն այժմ կրկնում էր այն խրատը, որ տվել էր Իսրայելին: Աստծո խոսքով էր օգնություն տրվել հրեաների բազմությանը, և հենց նույն խոսքով էլ այն պիտի տրվեր նաև Հիսուսին: Նա սպասում էր, որ Աստված իր ժամանակին օգնություն կուղարկի Իրեն: Անապատ գնալով’ Նա Աստծո կամքին էր հնազանդվել և սնունդ չէր ընդունի’ հետևելով սատանայի դրդումներին: Ամբողջ տիեզերքի առջև Նա վկայեց, որ ավելի լավ է կրել ցանկացած դժվարություն, քան թե ինչ-որ կերպ շեղվել Աստծո կամքից: ԴՓ 120.1

«Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից”: Հաճախ Քրիստոսի հետևորդը հայտնվում է այնպիսի դրության մեջ, որ չի կարողանում միաժամանակ և’ ծառայել Աստծուն, և’ զբաղվել իր աշխարհիկ գործերով: Եվ նրան թվում է, որ կզրկվի ապրուստի միջոցներից, եթե հնազանդվի Աստծո պարզ պահանջներից որևէ մեկին: Սատանան հավատացնում է նրան, թե ոչինչ չի պատահի, եթե նա դեմ գնա իր խղճի թելադրանքին: Բայց միակ բանն այս աշխարհում, որին կարելի է վստահել, Աստծո խոսքն է: «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ” (Մատթեոս 6.33): Նույնիսկ այս կյանքում մեզ օգուտ չի բերում անհնազանդությունը մեր Երկնային Հոր կամքին: Եթե մենք զգում ենք Նրա խոսքի զորությունը, ապա չենք հետևի սնունդ հայթայթելու կամ մեր կյանքը փրկելու սատանայի առաջարկություններին: Մեզ միայն այս հարցերը կհետաքրքրեն. «Ի՞նչ է հրամա յում Աստված, ի՞նչ խոստում է տվել Նա»£ Իմանալով պատասխանները’ մենք կհնազանդվենք առաջինին և կվստահենք երկրորդին: [122] ԴՓ 121.1

Նրանք, ովքեր հավատարիմ են Աստծուն, սատանայի դեմ մղվող պատերազմի վերջին մեծ պայքարում կհասկանան, որ աշխարհիկ ոչ մի բան չի կարող իրենց օգնել: Եվ քանի որ նրանք, չենթարկվելով երկրային իշխանություններին, կհրաժարվեն խախտել Աստծո օրենքը, նրանց կարգելեն գնել կամ վաճառել: Եվ վերջապես հրաման կարձակեն, որ նրանք դատապարտվեն մահվան (տե’ս Հայտնություն 13.11-17): Բայց նրան, ով հավատարիմ կմնա Տիրոջը, խոստում է տրված. «Նա բարձրերում պիտի բնակվի, նրա բերդը վեմերի ամրություններն են, նրա հացը տրվում է, նրա ջրերն ապահով են» (Եսայիա 33.16): Աստծո զավակները կապրեն այս խոստումով: Երբ երկիրն ուժասպառ կլինի սովից, նրանք կուշտ կլինեն: «Նրանք չեն ամաչի չար ժամանակում, և սովի օրերում կկշտանան» (Սաղմոս 37.19): Նեղության այդ ժամանակն էր տեսնում Ամբակում մարգարեն, և նրա խոսքերն արտահայտում են եկեղեցու հավատը. «Թեև թզենին չծաղկի, և որթերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից, և արջառ չլինի գոմերում, սակայն ես Տերով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ” (Ամբակում 3.17,18): ԴՓ 122.1

Բոլոր խրատներից, որոնք կարելի է առնել մեր Տիրոջ առաջին մեծ փորձությունից, ամենակարևորն ախորժակի և կրքերի սանձահարումն է: Բոլոր դարերում մարդկության քայքայման և այլասերման համար ամենաարդ- յունավետ միջոցները եղել են մարմնական հաճույքներին վերաբերող փորձությունները: Անզսպության միջոցով սատանան ջանում է ոչնչացնել մարդու մտավոր և բարոյական այն կարողությունները, որ Աստված շնորհել է նրան որպես անգնահատելի պարգև: Այդպես մարդն ի վիճակի չի լինում գնահատելու հավիտենական արժեքները: Զգայական հաճույքների միջոցով սատանան ձգտում է հոգու միջից ջնջել Աստծո նմանության բոլոր հետքերը: [123] ԴՓ 122.2

Անզուսպ կրքերն ու դրանց հաջորդող հիվանդություններն ու այլասերումը, որոնք գոյություն ունեին Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, էլ ավելի կսաստկանան Նրա երկրորդ գալուստից առաջ: Քրիստոսը հայտնում է, որ ամբողջ աշխարհն այդ օրերին կնմանվի Սոդոմին ու Գոմորին, ինչպես ջրհեղեղից առաջ էր: Մարդկանց սրտի խորհուրդներն ու գաղափարները չար են լինելու ամեն ժամանակ: Հիմա մենք ապրում ենք հենց այդ սոսկալի օրերի նախաշեմին և պետք է լավ յուրացնենք Փրկչի ծոմի խրատը: Քրիստոսի կրած աննկարագրելի տառապանքների միջոցով միայն կարող ենք գնահատել անսանձ բավականության բերած չարիքը: Նրա օրինակը ցույց է տալիս, որ հավիտենական կյանքի մեր միակ հույսը ախորժակն ու կրքերն Աստծո կամքին ենթարկելու մեջ է: ԴՓ 123.1

Սեփական ուժերով մենք անկարող ենք մերժել մեր անկյալ բնության համառ պահանջները: Օգտվելով դրանից’ սատանան փորձության է ենթարկում մեզ: Քրիստոսը գիտեր, որ թշնամին հանգիստ չի թողնի ոչ մի մարդու և օգտվելով նրա ժառանգական թուլությունից’ կեղծ բարեհաճությամբ ծուղակը կգցի բոլոր նրանց, ովքեր չեն վստահում Աստծուն: Անցնելով այն ուղին, որով պիտի քայլի մարդը’ Տերը մեզ համար ճամփա է պատրաստել դեպի հաղթանակ: Նրա կամքը չէ, որ սատանայի հետ պայքարում մենք անբարենպաստ դիրքում գտնվենք: Նա չի ուզում, որ մենք վախենանք և հուսահատվենք օձի սպառնալիքներից: «Քաջացե’ք,- ասում է Նա,- ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33): ԴՓ 123.2

Ով պայքարում է ախորժակի դեմ, թող հայացքն ուղղի Փրկչին փորձության անապատում: Հիշե’ք Նրա հոգեվարքը խաչի վրա, երբ բացականչեց. «Ծարա՜վ եմ»: Այն ամենը, ինչ Նա կրեց, կարող ենք կրել նաև մենք: Նրա հաղթանակը մերն է: ԴՓ 123.3

Հիսուսն ապավինեց Իր երկնային Հոր ուժին և իմաստությանը: Նա ասում է. «Տեր Եհովան օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի... և գիտեմ, որ պիտի չամաչեմ... Ահա Տեր Եհովան օգնում է ինձ»: Մատնանշելով Իր սեփական օրինակը’ Նա դիմում է մեզ. «Ո՞վ կա ձեզանում Տերից վախեցող... որ գնում է խավարում և ճառագայթ չունի, թող նա ապավինի Տիրոջ անվանը և իրեն գցի իր Աստծո վրա” (Եսայիա 50.7-10): ԴՓ 124.1

«Այս աշխարհի իշխանը գալիս է,- ասաց Քրիստոսը,- և ինձանում ոչինչ չունի” (Հովհաննես 14.30): Նրանում ոչինչ չկար, որ արձագանքեր սատանայի ճարպիկ խա- բեություններին: Նա երբեք տեղի չտվեց մեղքին: Նույնիսկ մտքով Նա չտրվեց փորձությանը: Մենք ևս կարող ենք այդպես վարվել: Քրիստոսի մարդկային էությունը միացած էր աստվածության հետ. Նրա մեջ բնակվող Սուրբ Հոգին էր նախապատրաստել Նրան պայքարի համար: Եվ Նա եկավ, որ մասնակից դարձնի մեզ աստվածային բնությանը: Քանի դեռ մենք հավատով կապված ենք Նրա հետ, մեղքը չի կարող իշխել մեզ վրա: Աստված բռնում է մեր հավատի ձեռքը և ուղղում այն կառչելու Քրիստոսի աստվածային էությունից, որպեսզի հասնենք Նրա բնավորության կատարելությանը: ԴՓ 124.2

Իսկ թե ինչպես հասնել դրան, Քրիստոսը ցույց է տվել մեզ: Ինչո՞վ Նա կարողացավ պայքարում հաղթել սատա- նային: Աստծո խոսքով: ԴՓ 124.3

Միայն խոսքով Նա ընդդիմացավ փորձությանը: «Գրված է»,- ասաց Նա: «Ամենամեծ և պատվական խոստումներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը’ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով» (Բ Պետրոս 1.4): Աստծո խոսքի ամեն մի խոստում մերն է: Մենք պիտի ապրենք «ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բե- րանից”: Երբ դուք փորձության մեջ եք, նայե’ք ոչ թե հանգամանքներին կամ ձեր անձի թուլությանը, այլ խոսքի զորությանը: Նրա ամբողջ ուժը ձերն է: «Իմ սրտում,- ասում է սաղմոսերգուն,- թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ”: «Քո շուրթերի խոսքերով եմ ես զգուշանում բռնավորի ճանապարհներից” (Սաղմոս 119.11, 17.4): [124] ԴՓ 124.4