ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

80/87

Գլուխ 80. - Հովսեփի գերեզմանում

ՎԵՐՋԱՊԵՍ Հիսուսը հանգիստ առավ: Տանջանքի և անարգանքի երկար օրն ավարտվեց: Երբ մայր մտնող արեգակի վերջին շողերն ազդարարեցին Շաբաթ օրվա սկիզբը, Աստծո Որդին խաղաղ ննջում էր Հովսեփի գերեզմանում: Նրա աշխատանքն ավարտված էր, Նրա ձեռքերը’ հանգիստ ծալված: Նա խաղաղ հանգչում էր Շաբաթ օրվա սուրբ ժամերին: ԴՓ 950.1

Ակզբում Հայրն ու Որդին հանգստացել էին Շաբաթ օրն արարչագործության Իրենց աշխատանքից: Երբ «կատարվեցին երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը” (Ծննդոց 2.1), Արարիչն ու բոլոր երկնաբնակները ցնծացին’ դիտելով այդ փառավոր տեսարանը’ «առավոտյան աստղերը միասին ցնծալիս, և Աստծո բոլոր որդիները երբ որ գովաբանում էին” (Հոբ 38.7): ԴՓ 950.2

Իսկ հիմա Հիսուսը հանգստանում էր փրկագնման աշխատանքից, ու թեև Նրա սիրելիներն այստեղ’ երկրում ողբում էին, երկնքում մեծ ուրախություն էր: Ապագան պայծառ ու փառավոր էր թվում երկնային էակների աչքին: Վերականգնված արարչությունը և փրկագնված մարդկային ցեղը, որ, հաղթելով մեղքին, այլևս երբեք չէր ընկնելու’ ահա սա էր Քրիստոսի ավարտած աշխատանքի արդյունքը, որ տեսան Աստված և հրեշտակները: Այս տեսարանը հավերժ կապված էր այն օրվա հետ, որում Հիսու- սը հանգչում էր, քանի որ «Աստծո գործը կատարյալ է», և «ամեն ինչ, որ Աստված անում է, այն հավիտենական է” (Երկրորդ Օրինաց 32.4, Ժողովող 3.14): Երբ որ գան «այն ամեն բաների հաստատվելու ժամանակները, որոնց մասին խոսեց Աստված Իր բոլոր սուրբ մարգարեների բերանով հավիտենից հետո» (Գործք 3.21), արարչության Շաբաթը, որում Հիսուսը հանգստանում էր Հովսեփի գերեզմանում, առաջվա պես հանգստի և բերկրանքի օր է լինելու: Երկինքն ու երկիրը միասին կցնծան, երբ «Շաբաթից Շաբաթ” (Եսայիա 66.23) փրկված ժողովուրդներն ուրախությամբ կխոնարհվեն երկըրպագելու Աստծուն և Գառանը: [770] ԴՓ 950.3

Խաչելության օրվա վերջում մարգարեության կատարման նոր վկայություն տրվեց, Քրիստոսի աստվածությունը հաստատող մի նոր ապացույց: Երբ խավարը ցրվեց խաչի շուրջ, և հնչեց Փրկչի վերջին աղաղակը, անմիջապես լսվեց մի ուրիշ ձայն’ «Ճշմարիտ, որ սա Աստծո Որդին էր» (Մատթեոս 27.54): ԴՓ 951.1

Այս խոսքերը չասվեցին շշուկով: Բոլորը շրջվեցին տեսնելու, թե ով արտահայտեց դրանք: Ո՞վ խոսեց: Դա հարյուրապետն էր’ հռոմեական զինվորը: Փրկչի աստվածային համբերությունը և Նրա անսպասելի մահը’ հաղթանակի ճիչն Իր շուրթերին, խորապես ցնցել էին այս հեթանոսին: Խաչից կախված վիրավոր և խոշտանգված կերպարանքի մեջ հարյուրապետը ճանաչեց Աստծո Որդուն: Նա չկարողացավ զսպել իր հավատի խոստովանությունը: Եվ այդպիսով’ կրկին վկայություն տրվեց, որ մեր Փրկիչը տեսնելու էր Իր հոգու աշխատության պտուղը: Նրա մահվան նույն օրը երեք հոգի’ մեկը մյուսից խիստ տարբեր, հռչակեցին իրենց հավատը’ հռոմեական բանակի հարյուրապետը, Փրկչի խաչը տանողը և Նրա կողքին խաչված ավազակը: ԴՓ 951.2

Երեկոյան դեմ արտասովոր մի խաղաղություն իջավ Գողգոթայի վրա: Ամբոխը ցրվեց, և շատերը Երուսաղեմ վերադարձան բոլորովին այլ տրամադրությամբ, քան ունեցել էին առավոտյան: Շատերը հետաքրքրասիրությունից էին եկել խաչելության վայրը, և ոչ թե Քրիստոսի հանդեպ ատելությունից: Բայց նրանք հավատացին քահանաների մեղադրանքներին և Քրիստոսին նայում էին որպես մի հանցագործի: Այդ անբնական իրարանցման մեջ նրանք միացել էին ամբոխին’ հայհոյելով Նրան: Բայց երբ երկիրը ծածկվեց խավարով, և նրանց խիղճը սկսեց տանջել, նրանք զգացին, որ մեծ հանցանք են գործել: Այդ սոսկալի մթության մեջ ոչ մի ծաղր և ոչ մի ծիծաղ չէր լսվում, ու երբ խավարը ցրվեց, նրանք լուռ ու տագնապած վերադարձան իրենց տները: Նրանք համոզվել էին, որ քահանաների մեղադրանքները կեղծ են եղել, որ Հիսուսը խաբեբա չէր, և մի քանի շաբաթ անց, երբ Պետրոսը քարոզեց Պենտեկոստեի օրը, նրանք այն հազարավորների թվում էին, ովքեր հավատացին Քրիստոսին: [771] ԴՓ 951.3

Բայց հրեա առաջնորդներն անփոփոխ մնացին այն իրադարձություններից հետո, որոնց ականատես եղան: Հիսուսի հանդեպ նրանց ատելությունը բնավ չէր անցել: Մթությունը, որ իջավ երկրի վրա խաչելության ժամանակ, ավելի թանձր չէր, քան այն խավարը, որն առաջվա պես պաշարել էր քահանաների ու իշխանների միտքը: Քրիստոսի ծննդյան ժամանակ արևելքում հայտնված աստղը, ճանաչելով Նրան, մոգերին առաջնորդել էր դեպի մսուրը, որտեղ Նա ծնվել էր: Երկնային զորքերը նույնպես ճանաչել էին Նրան, և փառքի օրհներգ էին երգել Բեթլեհեմի բլուրների վրա: Ծովը, ճանաչելով Նրա ձայնը, հնազանդվել էր Նրա հրամանին: Հիվանդությունն ու մահը, ճանաչելով Նրա իշխանությունը, Նրան էին հանձնել իրենց զո- հին: Արեգակը, ճանաչելով Նրան և տեսնելով Նրա մահվան հոգեվարքը, թաքցրել էր իր լուսավոր դեմքը: Ժայռերը ճանաչել էին Նրան, և Նրա աղաղակից փշրվելով’ բեկորների էին վերածվել: Անշունչ բնությունը, ճանաչելով Քրիստոսին, վկայել էր Նրա աստվածությունը: Բայց Իսրայելի քահանաներն ու իշխանները չճանաչեցին Աստծո Որդուն: ԴՓ 952.1

Բայցևայնպես, քանանաներն ու ազգի առաջնորդները հանգիստ չունեին: Ճիշտ է, նրանք հասել էին իրենց նպա- տակին’ մահվան մատնելով Քրիստոսին, բայց նրանց ակնկալած հաղթանակի զգացումը չկար: Նրանք, նույ- նիսկ իրենց թվացյալ հաղթանակի ժամին, տագնապում էին, թե ինչ է կատարվելու հաջորդ պահին: Նրանք լսել էին գոչյունը’ «Կատարված է», «Հա՜յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» (Հովհաննես 19.30, Ղուկաս 23.46): Նրանք տեսել էին, թե ինչպես են ժայռերը փշրվում, զգացել էին ավերիչ երկրաշարժը, և հիմա կորցրել էին իրենց հանգիստը: ԴՓ 952.2

Երբ Քրիստոսը կենդանի էր, նրանք նախանձում էին ժողովրդի վրա ունեցած Նրա ազդեցության համար, բայց հիմա, երբ Նա արդեն մեռած էր, էլի նախանձում էին Նրան: Մեռած Քրիստոսից նրանք ավելի շատ, անհամեմատ ավելի շատ էին զարհուրում, քան երբ որ Նա կենդանի էր: Նրանք սարսափում էին այն մտքից, որ ժողովուրդն ուշադրություն կդարձնի խաչելությանն ուղեկցած իրադարձություններին: Նրանք զարհուրում էին այդ օրվա իրենց արածի հետեվանքներից: Ոչ մի դեպքում նրանք չէին թողնի, որ Շաբաթ օրը Նրա մարմինը մնա խաչի վրա: Արդեն մոտենում էր Շաբաթը, և այդ օրվա սրբությունը կխախտվեր, եթե մեռած մարմինները խաչված մնային: Այս պատրվակով հրեա մեծավորները խնդրեցին Պիղատոսին արագացնել զոհերի մահը, որպեսզի մինչև մայրամուտ նրանց մարմինները հանվեին: Նրանց պես, Պիղատոսը նույնպես չէր ուզում թողնել Հիսուսի մարմինը խաչին: Երբ նա տվեց իր համաձայնությունը, երկու ավազակների սրունքները փշրեցին նրանց մահն արագացնելու համար, բայց Հի- սուսն, ինչպես պարզվեց, արդեն մեռած էր: Դաժան զինվորները փափկել էին այն բանից, ինչ լսել և տեսել էին այդ օրը, և որոշել էին չջարդել Նրա սրունքները: Այդպես Աստծո Գառան զոհաբերության ժամանակ կատարվեց Զատկի օրենքը. «Նրանից մինչև առավոտ մի բան չթողնեն, և նրա ոչ մի ոսկորը չկոտրեն, և Զատկի բոլոր կանոնների համեմատ անեն այն” (Թվոց 9.12): [772] ԴՓ 953.1

Քահանաներն ու իշխանները զարմացան, երբ պարզվեց, որ Քրիստոսն արդեն մեռած էր: Մահը խաչի վրա, սովորաբար, վրա էր հասնում երկարատև տանջանքից հետո, և հաճախ դժվար էր լինում որոշել, թե որ պահին մեռնողը շունչը փչեց: Չլսված բան էր, որ ինչ-որ մեկը խաչվելուց վեց ժամ հետո մեռներ: Քահանաները կամեցան համոզվել, որ Հիսուսն իսկապես մեռած է, և նրանց առաջարկությամբ զինվորներից մեկն իր գեղարդով խոցեց Նրա կողը: Առաջացած վերքից երկու տարբեր հեղուկներ’ արյուն և ջուր շռռացին: Սա տեսան բոլոր ականատեսները, և Հովհաննեսը շատ ճշգրիտ է նկարագրում այդ եղելությունը’ ասելով. «Զինվորներից մեկը գեղարդով նրա կողը խոցեց, և շուտով արյուն և ջուր դուրս եկավ: Եվ նա, ով այս տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, և նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որ դուք հավատաք: Որովհետև այս բաները եղան, որ գրվածը կատարվի, թե’ Նրա ոսկորը չպիտի փշրվի: Եվ դարձյալ մեկ ուրիշ գրվածք ասում է’ Մտիկ կտան Նրան, ում խոցեցին” (Հովհաննես 19.34-37): ԴՓ 953.2

Հարությունից հետո քահանաներն ու իշխանները լուր տարածեցին, թե Քրիստոսը չէր մեռել խաչի վրա, այլ միայն ուշաթափվել էր, և հետո ուշքի էր եկել: Հայտարարում էին նաև, թե դա իսկական մարմին չէր’ մսից և ոսկորից, այլ միայն այն մարմնի նմանությունը, որ դրված էր գերեզմանում: Բայց հռոմեական զինվորների գործողությունը հերքում է այդ հերյուրանքները: Նրա ոտքերը չէին ջարդել, որովհետև Նա արդեն իսկ մեռած էր: Քահանաներին բավարարելու համար խոցեցին Նրա կողը: Եթե Նա կենդանի էլ լիներ, ապա այդ հարվածից անմիջապես կմեռներ: ԴՓ 954.1

Բայց գեղարդի հարվածից չէ, և ոչ էլ խաչելության ցավից, որ Հիսուսը մեռավ: Աղաղակը, որ մահվան պահին հնչեց «մեծ ձայնով» (Մատթեոս 27.50, Ղուկաս 23.46), և Նրա կողից թափված ջուրն ու արյունը վկայում էին, որ Նա մեռել էր սրտի պայթումից: Հոգեկան տառապանքն էր պատռել Նրա սիրտը: Նրան սպանեց աշխարհի մեղքը: ԴՓ 954.2

Քրիստոսի մահվան հետ մարեցին նաև Նրա աշակերտների հույսերը: Աննկարագրելի էր նրանց վիշտը, երբ նայեցին Փրկի փակված կոպերին և խոնարհված գլխին, Նրա արնաշաղախ մազերին, խոցված ձեռքերին ու ոտքերին: Մինչև վերջին պահը նրանք չէին հավատացել, թե Նա կմեռնի, և հիմա էլ չէին կարողանում հավատալ, որ Նա իրոք մեռած է: Վշտից ընկճված’ նրանք չհիշեցին, որ Նա իրենց նախազգուշացրել էր այդ ամենի մասին: Նախկինում Նրա ասածներից ոչինչ հիմա նրանց չէր մխիթարում: Նրանք տեսնում էին միայն խաչը և դրա արյունոտ Զոհին: Ապագան ծածկված էր հուսահատության խավարով: Նրանց հավատն առ Հիսուս մեռել էր, բայց երբեք նրանք այնպես չէին սիրել իրենց Տիրոջը, ինչպես հիմա: Առաջ նրանք երբեք այդքան թանկ չէին գնահատել Նրան և այդպես խիստ չէին զգացել Նրա ներկայության կարիքը: [773] ԴՓ 955.1

Նույնիսկ Քրիստոսի մեռած մարմինն էլ շատ թանկ էր Նրա աշակերտների համար: Նրանք ուզում էին պատվով թաղել Նրան, բայց չգիտեին, թե ինչպես դա անեն: Հի- սուսը դատապարտվել էր հռոմեական կառավարությանը դավաճանելու պատճառով, իսկ մահապատժի ենթարկված այդ կարգի հանցագործների համար հատուկ պատրաստված տեղ կար, որտեղ նրանց թաղում էին: Աշակերտ Հովհաննեսը գալիլեացի կանանց հետ մնացել էր խաչի մոտ: Նրանք չէին կարող թողնել, որ անխիղճ զինվորները հանեն իրենց սիրելի Տիրոջ մարմինը և թաղեն մի անպատիվ գերեզմանում: Բայց և չէին կարող խոչընդոտել դրան: Ոչ մի կերպ հնարավոր չէր շահել հրեա իշխանությունների բարեհաճությունը, իսկ Պիղատոսի վրա էլ որևէ ազդեցություն չունեին: ԴՓ 955.2

Այս անելանելի դրության մեջ աշակերտներին օգնության հասան Հովսեփ Արիմաթեացին և Նիկոդեմոսը: Այս երկուսն էլ Սինեդրիոնի’ դատական գերագույն խորհրդի անդամներ էին և ծանոթ էին Պիղատոսին, երկուսն էլ’ հարուստ և հեղինակավոր անձնավորություններ: Հենց նրանք էլ որոշեցին արժանավայել կերպով թաղել Հիսու- սին: ԴՓ 955.3

Հովսեփը համարձակորեն Պիղատոսի մոտ գնաց և խնդրեց նրանից Հիսուսի մարմինը: Պիղատոսը տեղեկացավ, որ Հիսուսն իրոք մեռել է: Խաչելությանը հաջորդած իրա- դարձություններիի մասին հակասական լուրեր էին հասել նրան, բայց Քրիստոսի մահվան մասին նրան դիտավորյալ կերպով չէին հաղորդել: Քահանաներն ու իշխանները Պիղատոսին նախազգուշացրել էին, որ Քրիստոսի աշակերտները կարող են խաբեություն սարքել Նրա մարմնի հարցով: Ուստի, լսելով Հովսեփի խնդրանքը, նա մարդ ուղարկեց հարյուրապետի մոտ, ով հերթապահում էր խաչի կողքին, և համոզվեց, որ Քրիստոսը մեռած էր: Նա տեղեկացավ նաև Գողգոթայում կատարված իրադարձությունների մասին, որոնք հաստատեցին Հովսեփի վկայությու- նը: ԴՓ 956.1

Հովսեփի խնդրանքը բավարարվեց: Մինչ Հովհաննեսը մտածում էր, թե ինչպես թաղի իր Ուսուցչին, Հովսեփը վերադարձավ Քրիստոսի մարմինը վերցնելու Պիղատոսի հրամանագրով, իսկ Նիկոդեմոսը զմուռսի և հալվեի մի թանկարժեք խառնուրդ բերեց’ մոտ հարյուր լիտրի չափ, Նրա մարմինն օծելու համար: Նույնիսկ Երուսաղեմի ամե- նահեղինակավոր մարդկանց այդպիսի շուքով չէին թաղում: Աշակերտները զարմացած էին’ տեսնելով, որ այս մեծահարուստ իշխանները նույնքան մտահոգված են իրենց Տիրոջ թաղման համար, որքան իրենք: [774] ԴՓ 956.2

Ո’չ Հովսեփը, ո’չ էլ Նիկոդեմոսը բացահայտ չէին ընդունել Փրկչին, քանի դեռ Նա կենդանի էր: Նրանք գիտեին, որ այդ քայլն անելով’ կհեռացվեին Ատյանից, և հույս ունեին իրենց ազդեցությամբ պաշտպանել Նրան Ատյանի խորհուրդներում: Որոշ ժամանակ թվում էր, թե դա նրանց հաջողվում է, բայց նենգ քահանաները, տեսնելով նրանց բարեհաճությունը Քրիստոսի հանդեպ, խափանել էին նրանց ծրագրերը: Նրանց բացակայությամբ էին Հիսուսին դատապարտել և մատնել խաչելության: Հիմա, երբ Նա արդեն մեռած էր, նրանք այլևս չէին թաքցնում իրենց համակրանքը Նրա հանդեպ: Մինչ աշակերտները վախենում էին ցույց տալ, որ Նրա հետևորդներն են, Հովսեփն ու Նի- կոդեմոսը համարձակորեն օգնության հասան նրանց: Այս հարուստ և մեծապատիվ մարդկանց օգնությունը խիստ անհրաժեշտ էր այդ պահին: Նրանք իրենց մեռած Ուսուցչի համար արեցին այն, ինչ անկարող էին աղքատ աշակերտները, և նրանց հարըստությունն ու ազդեցությունը մեծապես պաշտպանում էին այդ խեղճերին քահանաների ու իշխանների թշնամությունից: ԴՓ 956.3

Ակնածանքով և զգուշությամբ նրանք իրենց իսկ ձեռքերով վայր բերեցին Հիսուսի մարմինը: Նրանց աչքերից արցունքներ թափվեցին, երբ տեսան Նրա ծեծված ու խոշտանգված մարմիը: Հովսեփը մի նոր գերեզման ուներ’ ժայռի մեջ փորված, որ պատրաստել էր իր համար: Եվ քանի որ դա մոտ էր գտնվում Գողգոթային, նա որոշեց այնտեղ թաղել Հիսուսին: Դիակը, Նիկոդեմոսի բերած խունկերի հետ միասին, զգուշորեն փաթաթեցին սպիտակ կտավներով և տարան գերեզման: Այնտեղ երեք աշակերտներն ուղղեցին Փրկչի ծալված ոտքերը, և Նրա ձեռքերը դրեցին անշունչ կրծքի վրա: Գալիլեացի կանայք եկան տեսնելու, թե արդյո՞ք ամեն բան արվել է այնպես, ինչպես հարկն է’ իրենց սիրելի Ուսուցչին թաղելու հա- մար: Հետո նրանք տեսան, թե ինչպես մի ծանր քար գլո- րելով’ փակեցին գերեզմանի մուտքը, և Փրկիչը թողնվեց հանգստի մեջ: Կանայք վերջինն էին հեռացել խաչի մոտից, և վերջինն էլ թողեցին Քրիստոսի գերեզմանը: Արդեն մոտենում էր երեկոն, բայց Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամները դեռ հապաղում էին իրենց սիրելի Տիրոջ հանգչարանի մոտ’ տխուր ողբալով Նրա ճակատագիրը: «Եվ ետ դառան, ...բայց շաբաթ օրը հանգիստ մնացին պատվիրանի համեմատ” (Ղուկաս 23.56): ԴՓ 957.1

Դա մի անմոռանալի Շաբաթ էր վշտաբեկ աշակերտների, ինչպես նաև քահանաների, իշխանների, դպիրների և ժողովրդի համար: Նախապատրաստության օրվա երեկոյան, երբ արևը մայր էր մտնում, հնչեցին շեփորները’ ազդարարելով Շաբաթ օրվա սկիզբը: Զատիկը, սովորականի պես, նշվում էր ինչպես անցյալ դարերի ընթացքում, մինչդեռ Նա, ում խորհրդանշում էր այն, արդեն մորթված էր ամբարիշտների ձեռքով և թաղված Հովսեփի գերեզմանում: Շաբաթ օրը տաճարի գավիթները լեփ-լեցուն էին երկրպագուներով: Քահանայապետը, որ վերադարձել էր Գողգոթայից, այստեղ էր’ իր պերճաշուք քահանայական հանդերձները հագին: Սպիտակ գլխարկներն իրենց գլուխներին’ քահանաներն աշխուժորեն իրենց գործն էին անում: Բայց ներկաներից ոմանք հանգիստ չէին գտնում, երբ թափվում էր հորթերի և այծերի արյունը’ որպես մեղքի պատարագ: Նրանք դեռ չգիտեին, որ նախակերպարը հանդիպել է կերպարին, և անսահման զոհաբերություն է կատարվել աշխարհի մեղքերի համար: Նրանք գլխի չընկան, որ ծիսական ծառայությունն արդեն կորցրել էր իր նշանակությունը: [775] Բայց դեռ երբեք մարդիկ չէին մասնակցել այդ ծառայությանը նման հակասական զգացումներով: Ահա, սովորականի պես, հնչեցին փողերի, երաժշտական գործիքների և երգողների ձայները’ բարձր և հստակ: Բայց տարօրինակ մի զգացում էր պաշարել ամենքին: Մեկը մյուսի հետևից հարցեր էին տալիս այն դեպքի վերաբերյալ, որ տեղի էր ունեցել: Մինչ այդ Սուրբ Սրբոցը հսկում էին սրբազան ակնածանքով, բայց հիմա այն բաց էր ամենքի առջև: Նկարագործ և ոսկեզարդ ծանր վարագույրը’ գեղեցիկ հյուսված ծիրանագույն և մուգ կարմիր թելերով, վերից վարպատռված էր: Այն տեղը, որտեղ Եհովան հանդիպում էր քահանայապետին’ հայտնելով Իր ներկայության փառքը, բաց էր բոլորի աչքերի առջև, տեղ, որը Տերն այլևս չէր ճանաչում: Մռայլ կանխազգացումներով’ քահանաներն իրենց պաշ- տոնն էին մատուցում զոհասեղանի մոտ: Այն, որ Սուրբ Սրբոցի սրբազան խորհրդավորությունը բացահայտվեց ամենքին, նրանց սրտերը լցրել էր մոտեցող աղետի սարսափով: ԴՓ 958.1

Շատերի միտքը դեռևս զբաղված էր Գողգոթայի իրադարձություններով: Խաչելությունից մինչև հարություն շատերն անքուն աչքերով ուսումնասիրում էին մարգարեությունները. ոմանք’ այն տոնակատարության նշանակությունն իմանալու համար, որ իրենք այդ ժամանակ նշում էին, ոմանք’ հաստատելու, որ Հիսուսն ինքնակոչ էր, մյուսներն էլ, անասելի թախիծը սրտերում, քննում էին’ համոզվելու, որ Նա իրոք Մեսիան էր: Ու թեև տարբեր նպատակներ էին հետապնդում, բոլորն էլ համոզվեցին միևնույն ճշմարտության մեջ, որ այդ մարգարեությունները կատարվեցին վերջին մի քանի օրերի իրադարձություններում, և որ Խաչյալն աշխարհի Փրկիչն էր: Նրանցից շատերը, ովքեր այդ ժամանակ մասնակցում էին ծառայությանը, այլևս երբեք չէին նշելու Զատկի արարողությունը: Նույնիսկ քահանաներից շատերն էլ ըմբռնել էին Հիսուսի ճշմարիտ էությունը: Մարգարեական գրքերի նրանց ուսումնասիրությունն իզուր չէր անցել, և հարությունից հետո նրանք ճանաչեցին Նրան որպես Աստծո Որ- դի: ԴՓ 959.1

Տեսնելով Հիսուսին խաչին գամված’ Նիկոդեմոսը հիշեց Նրա խոսքերը, որ ասվել էին գիշերը Ձիթենյաց Սարի վրա. «Ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.14,15): Այն Շաբաթ օրը, որ Քրիստոսը հանգչում էր գերեզմանում,Նիկոդեմոսն ամբողջ ժամանակ խորհում էր այդ մասին: Հիմա նրա միտքն ավելի պայծառ լուսավորվեց, և իրեն ասված Հիսուսի այդ խոսքերն այլևս խորհրդավոր չէին թվում նրան: Նա զգաց, որ շատ բան է կորցրել’ չկապելով իր կյանքը Փրկչի հետ, երբ Նա դեռ կենդանի էր: Հիմա նա վերհիշեց Գողգոթայի դեպքերը: Քրիստոսի աղոթքն Իր դահիճների համար և Նրա պատասխանը մեռնող ավազակի խնդրանքին հստակ դիմում էին կրթված խորհրդականի սրտին: Նա կրկին նայեց տանջվող Փրկչին, կրկին լսեց վերջին աղաղակը’ «Կատարված է», որ հաղթողի կանչ էր հիշեցնում: Ահա դարձյալ նա տեսավ ցնցվող երկիրը, խավարած երկինքը, պատռված վարագույրն ու ճեղքվող ժայռերը, և նրա հավատն ընդմիշտ հաստատվեց: Նույն իրադարձությունը, որ խորտակեց աշակերտների հույսերը, Հովսեփին ու Նիկոդեմոսին համոզեց Հիսուսի աստվածության մեջ: Նրանց վախը հաղթահարվեց ամուր և անսասան հավա- տով: [776] ԴՓ 959.2

Քրիստոսը երբեք այնպես չէր գրավել բազմության ուշադրությունը, ինչպես հիմա, երբ դրված էր գերեզմանում: Սովորականի պես մարդիկ տաճար էին բերել իրենց հիվանդներին ու տառապյալներին’ հարցնելով, թե որտեղ է Հիսուս Նազովրեցին: Շատերը եկել էին հեռու երկրներից’ տեսնելու նրան, ով բժշկել էր հիվանդներին և հարություն տվել մեռածներին: Ամեն կողմից բացականչում էին. «Ուզում ենք տեսնել Քրիստոս Բժշկի՜ն»: Հենց այդ ժամանակ քահանաները ստուգում էին նրանց, ում կասկածում էին բորոտության մեջ: Շատերը ստիպված էին լսել, թե ինչպես են բորոտած հայտարարում իրենց ամուսիններին, իրենց կանանց և երեխաներին, ովքեր պարտավոր էին թողնել իրենց տներն ու բարեկամներին և ողբագին աղա- ղակելով’ նախազգուշացնել անցորդներին. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»: Հիսուս Նազովրեցու կարեկից ձեռքերը, որ երբեք չէին հրաժարվում դիպչելով բժշկել զզվելի բորոտածին, ծալված էին Նրա անշունչ կրծքի վրա: Շուրթերը, որ բորոտ մարդու խնդրանքին պատասխանեցին հու- սադրող խոսքերով’ «Կամենում եմ, սրբվիր» (Մատթեոս 8.3), հիմա լուռ էին: Շատերը դիմել էին քահանայապետե- րին ու իշխաններին կարեկցանքի և օգնության հույսով, բայց իզուր: Եվ նրանք, հուսալով կրկին տեսնել կենդանի Քրիստոսին, համառորեն հարցուփորձ էին անում, որպեսզի գտնեն Նրան: Նրանք հեռանալու միտք չունեին, բայց դուրս քշվեցին տաճարի սահմաններից, և դարպասների մոտ կանգնած պահապան զինվորները հրաման ստացան այլևս ներս չթողնել այն մարդկանց, ովքեր բերում էին իրենց հիվանդներին ու մեռնողներին: ԴՓ 960.1

Այդ դժբախտները, որ եկել էին Փրկչից բժշկվելու հույսով, խիստ հիասթափված էին: Փողոցներում լսվում էին նրանց ողբագին աղաղակները: Հիվանդները մեռնում էին’ փափագելով Հիսուսի բուժիչ հպումը: Զուր էին բժիշկների խորհուրդները. ոչ մեկը չուներ Նրա զորությունը, ով հանգչում էր Հովսեփի գերեզմանում: ԴՓ 961.1

Լսելով տառապյալների ողբն ու վայնասունը’ հազարավոր մարդիկ հասկացան, որ մի մեծ լույս էր հեռացել աշխարհից: Առանց Քրիստոսի երկիրը մռայլ էր ու խավար: Նրանցից շատերը, ովքեր աղաղակել էին «Խաչի՜ր դրան, խաչի՜ր դրան», հիմա գիտակցում էին, թե ինչ չարիք են բերել իրենց գլխին, և, եթե Նա դեռ կենդանի լիներ, ինչպե՜ս կբացականչեին’ «Մեզ տվեք Հիսուսի՜ն»: [777] ԴՓ 961.2

Երբ ժողովուրդն իմացավ, որ քահանաները մահվան են մատնել Նրան, սկսեցին հարցուփորձ անել այդ մասին: Թեպետև Նրա դատավարության մանրամասնություններն աշխատում էին հնարավորին չափ ծածուկ պահել, բայց այն ընթացքում, երբ Նա գերեզմանում էր, Նրա անունը հազարավորների շուրթերին էր, և ամենուրեք լուրեր էին պտտվում Նրա խայտառակ դատավարության և քահանաների ու իշխանների անմարդկային արարքների մասին: Մտավորականները պահանջում էին, որ քահանաներն ու առաջնորդները բացատրեն Հին Կտակարանի Մեսիային վերաբերող մարգարեությունները, նրանք էլ, փորձելով ինչ-որ կեղծիք հորինել, ցնորվածի պես էին իրենց պահում: Նրանք չկարողացան բացատրել Քրիստոսի տառապանքներն ու մահը մատնանշող մարգարեութ- յունները, և շատ հարցատուներ համոզվեցին, որ Գրքերում գրվածը կատարվել էր: ԴՓ 961.3

Վրեժը, որ քահանաներին այնքան քաղցր էր թվում, դառնության վերածվեց նրանց համար: Նրանք հասկացան, որ ժողովրդի վրդովմունքն են առաջացնում, և որ նույն մարդիկ, ում իրենք հրահրել էին Հիսուսի դեմ, հիմա սարսափում էին իրենց իսկ խայտառակ գործերից: Այս մարդկանց քահանաները փորձել էին համոզել, որ Հիսուսը խաբեբա է, բայց ապարդյուն: Նրանցից մի քանիսը, կանգնած Ղազարոսի գերեզմանի մոտ, տեսել էին, թե ինչպես էր մեռածը կենդանացել: Նրանք սարսափեցին այն մտքից, որ Քրիստոսը կարող է հարություն առնել մե- ռելներից և կրկին հայտնվել իրենց: Նրանք լսել էին Նրան հռչակելիս, որ իշխանություն ունի զոհելու Իր կյանքը և դարձյալ առնելու այն: Նրանք հիշեցին, որ Նա ասել էր. «Քանդեցեք այս տաճարը, և երեք օրում կկանգնեցնեմ այն” (Հովհաննես 2.19): Հուդան նրանց հայտնել էր այն խոսքերը, որ Հիսուսը Երուսաղեմ կատարած Իր վերջին ճամփորդության ժամանակ ասել էր աշակերտներին. «Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ, և մարդու Որդին կմատնվի քահանայապետերին ու դպիրներին, և Նրան կդատա- պարտեն մահվան, և կմատնեն հեթանոսներին’ խայտառակելու, ծեծելու և խաչ հանելու. և երրորդ օրը հարություն կառնի” (Մատթեոս 20.18,19): Լսելով այս խոսքերը’ նրանք ծաղրել ու ծիծաղել էին: Բայց հիմա հիշեցին, որ Քրիստոսի ասածները մինչև այժմ կատարվել էին: ԴՓ 962.1

Նա ասել էր, որ հարություն է առնելու երրորդ օրը, և ո՞վ կարող էր ասել, որ սա նույնպես չի պատահի: Նրանք փորձում էին չմտածել այդ մասին, բայց իզուր: Ինչպես իրենց հայրը’ սատանան, նրանք հավատում և սարսափում էին: Հիմա, երբ բորբոքված կատաղությունն անցավ, Քրիստոսի պատկերը ներխուժեց նրանց գիտակցության մեջ: Նրանք տեսան Նրան’ անվրդով ու անտրտունջ կանգնած Իր թշնամիների առջև’ համբերությամբ տանելիս նրանց վիրավորանքներն ու ծաղրը: Նրանք վերհիշեցին Նրա դատի և խաչելության հետ կապված բոլոր իրադարձությունները և համոզվեցին, որ Նա Աստծո Որդին էր: Նրանք զգացին, որ ցանկացած պահի Նա կարող է կանգնել իրենց առջև, մեղադրյալը կդառնա մեղադրող, դատապարտվածը կդատապարտի, սպանվածը արդար դատաստան կտեսնի’ մահվան մատնելով Իր դահիճներին: [778] ԴՓ 962.2

Նրանք գրեթե հանգիստ չունեին Շաբաթ օրը: Թեև նրանք պղծվելու ահից ոտք չէին դնի հեթանոսի շեմին, սակայն խորհուրդ հրավիրեցին որոշելու, թե ինչ անեն Քրիստոսի մարմնի հետ: Մահն ու գերեզմանը պետք է պահեին Նրան, ում իրենք խաչել էին: «Քահանայապետերը և Փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասեցին. Տեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը, երբ կենդանի էր, ասում էր’ Երեք օրից հետո հարություն կառ- նեմ: Ուրեմն հրամայիր, որ մինչև երրորդ օրը գերեզմանը զգուշությամբ հսկեն, միգուցե աշակերտները գիշերը գան Նրան գողանան և ժողովրդին ասեն’ Մեռելներից հարություն առավ, և վերջին մոլորությունն ավելի չար լինի, քան առաջինը: Պիղատոսն էլ ասեց նրանց. Ունեք պահապան զինվորներ, գնացեք, զգույշ պահեցեք, ինչպես գիտեք” (Մատթեոս 27.62-65): ԴՓ 963.1

Եվ քահանաները կարգադրեցին հսկել գերեզմանը: Մի մեծ քար դրվեց մուտքի առջև, հետո պարաններով կապեցին քարը, և դրանց ծայրերը կպցրին ժայռին ու կնքեցին դրանք հռոմեական կնիքով: Քարն անհնար էր շարժել’ առանց պոկելու կնիքը: Հարյուր զինվորներից կազմված մի պահակախումբ նշանակվեց հսկելու գերեզմանը, որպեսզի ոչ ոք չկարողանա մոտենալ դրան: Քահանաներն արին այն ամենն, ինչ կարող էին’ պահելու Քրիստոսի մարմինն այնտեղ, որտեղ դըրված էր: Նրան այնպես էին փակել գերեզմանում, կարծես նա հավերժ այնտեղ էր մնալու: ԴՓ 963.2

Որքա՜ն անհեթեթ էին նրանց մտադրություններն ու ծրագրերը: Այս մարդասպանները հազիվ թե գիտակցեին իրենց ջանքերի անտեղիությունը: Բայց նրանց գործողություններով Աստված փառավորվեց: Հենց այն միջոցները, որ ձեռնարկվեցին Քրիստոսի հարությունը կանխելու համար, դրա ամենահամոզիչ ապացույցը հանդիսացան: Որքան ավելի շատ էր գերեզմանի մոտ պահապան զինվորների թիվը, այնքան ավելի ծանրակշիռ կլիներ վկայությունը, որ Նա հարություն է առել: Քրիստոսի մահից դարեր առաջ Սուրբ Հոգին հռչակել է սաղմոսերգուի միջոցով. «Ինչո՞ւ համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը’ ունայն մտածում: Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ և Նրա Օծյալի դեմ: ...Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց” (Սաղմոս 2.1,4): Հռոմեական պահապաններն ու զորքերը անզոր էին գերեզմանում պահելու կյանքի Տիրոջը: Նրա հարության ժամը մոտենում էր: [779] ԴՓ 964.1