ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 46. - «Նա կերպարանափոխվեց”
(Մատթեոս 17.1-8, Մարկոս 9.2-8, Ղուկաս 9.28-36)
ԵՐԵԿՈՆ արդեն մոտենում էր, երբ Հիսուսն Իր մոտ է կանչում Իր աշակերտներից երեքին’ Պետրոսին, Հակոբո- սին ու Հովհաննեսին, և դաշտերի միջով ու խորդուբորդ արահետով առաջնորդում նրանց դեպի ամայի սարալանջը: Փրկիչն ու Իր աշակերտները օրն անց էին կացրել ճամփորդելով ու սովորեցնելով, և սար բարձրանալն ավելի է հոգնեցնում նրանց: Քրիստոսն ազատել էր բեռներից բազմաթիվ տառապյալների մտքերն ու մարմինները, Նա կյանք էր տվել նրանց թուլացած կազմվածքին, բայց Նա կրում էր մարդկության բեռը և Իր աշակերտների հետ միասին հոգնածություն էր զգում բարձունքը հաղթահարելիս: ԴՓ 513.1
Մայր մտնող արեգակի լույսը դեռ լուսավորում է սարի գագաթը և իր մարմըրող փայլով ոսկեզօծում նրանց արահետը: Բայց շուտով շողերն անհետանում են բլրից, ինչպես նաև հովտից, արեգակը թաքնվում է արևմտյան հորիզոնի հետևում, և միայնակ ճամփորդները սուզվում են գիշերվա խավարի մեջ: Շրջապատի մռայլությունը ներդաշնակ էր նրանց վշտալի կյանքին, որի շուրջ կուտակվում և թանձրանում էին ամպերը: ԴՓ 513.2
Աշակերտները չէին համարձակվում հարցնել Քրիստոսին, թե ուր է Նա գնում և ինչ նպատակով: Նա հաճախ էր ամբողջ գիշերներ սարերում անցկացրել աղոթքի մեջ: Նա, ում ձեռքը ստեղծել էր սարն ու հովիտը, բնության մեջ Իրեն ինչպես տանն է զգում և վայելում է նրա անդորրը: Աշակերտները հետևում էին Քրիստոսին, սակայն զարմացած էին, թե ինչու է Տերն իրենց առաջնորդում դեպի դժվարին այս բարձունքը, երբ իրենք հոգնած են, և Ինքն էլ հանգստի կարիք ունի: ԴՓ 513.3
Շուտով Քրիստոսը հայտնում է նրանց, որ այլևս առաջ գնալու հարկ չկա: Մի քանի քայլ հեռանալով նրանցից’ Վշ- տերի Մարդն Իր աղերսանքն է զեղում հեծեծանքի ու արտասուքի մեջ: Նա աղոթում է’ խնդրելով ուժ տալ Իրեն’ հանուն մարդկության կրելու փորձությունը: Նա Ինքը պետք է ավելի ուժգին կառչի Ամենակարողից, քանի որ միայն այդ կերպ կարող էր պատրաստվել ապագային: [420] Նա Իր սրտի ցանկություններն է հեղում Իր աշակերտների համար, որ խավարի իշխանության ժամին նրանց հավատը չնվազի: Ցողն ասես ծանրացել է Նրա խոնարհված կերպարանքի վրա, բայց Նա չի նկատում այդ: Գիշերվա ստվերները թաձրանում են Նրա շուրջը, բայց Նա չի զգում դրանց մռայլությունը: Եվ այսպես դանդաղ ժամեր են անցնում: Սկզբում աշակերտներն անկեղծ նվիրվածությամբ միանում են Նրան իրենց աղոթքներով, բայց որոշ ժամանակ անց հոգնածությունը համակում է նրանց, ու թեև նրանք փորձում են շարունակել հետևել տեսարանին, բայց ուժասպառ ընկնում են նիրհի մեջ: Հիսուսը պատմել էր նրանց Իր չարչարանքների մասին: Նա տարել էր նրանց Իր հետ, որպեսզի նրանք միանային Իր աղոթքին, և այժմ էլ Նա աղոթում է նրանց համար: Փրկիչը տեսել էր Իր աշակերտների վհատությունը և տենչացել թեթևացնել նրանց վիշտը’ հավաստիացնելով, որ նրանց հավատն իզուր չի եղել: Ոչ ոք, և ոչ էլ նույնիսկ տասներկուսը չէին կարող ընդունել այն հայտնությունը, որ Նա ցանկանում էր տալ: Սարի վրա Իր հետ լինելու համար Նա ընտրել էր միայն երեքին, ովքեր հետո ականատես պիտի լինեին Գեթսեմանի Իր հոգեվարքին: Հիմա Նա աղոթում է նրա համար, որ նրանք տեսնեն այն փառքի հայտնությունը, որՆա ուներ Հոր հետ աշխարհի ստեղծագործությունից առաջ, որ Նրա արքայությունը հայտնվի մարդկային աչքերին, և որ Իր աշակերտներն ուժ ստանան’ այն տեսնելու: Նա աղերսում էր, որ նրանք կարողանան վկա լինել Իր աստվածության դրսևորմանը, որը կսփոփեր նրանց Իր գերագույն հոգեվարքի ժամին այն հաստատուն գիտակցությամբ, որ Ինքն իրոք Աստծո Որդին է, և որ Իր ամոթալի մահը փրկության ծրագրի մի մասն է: [421] ԴՓ 514.1
Նրա աղոթքը լսված է: Մինչ Նա միայնակ խոնարհված է քարքարոտ գետնի վրա, անսպասելիորեն երկինքը բացվում է, Աստծո քաղաքի ոսկե դարպասները լայնորեն հետ են գնում, և սարի վրա սուրբ հրացոլք է իջնում’ պարուրելով Փրկչի կերպարանքը: Մարդկային բնության միջից փայլատակում է աստվածային փառքը և միանում բարձրից եկող փառքի հետ: Բարձրանալով’ Քրիստոսը կանգնում է աստվածանման վեհապանծությամբ: Հոգու խռովքն անհետացել էր: Նրա դեմքը փայլում է «ինչպես արեգակը», և Նրա հանդերձները «լույսի պես սպիտակ» են: ԴՓ 515.1
Աշակերտներն արթնանալով’ տեսնում են սարը լուսավորող փառքի հեղեղը: Սարսափահար, ու ապշած’ նրանք նայում են ճաճանչների մեջ ողողված իրենց Տիրոջը: Վերջապես ի վիճակի լինելով դիմանալու այդ զար- մահրաշ լույսին’ նրանք տեսնում են, որ Հիսուսը մենակ չէ: Երկու երկնային էակներ Նրա կողքին մտերմիկ զրուցում էին Նրա հետ: Նրանցից մեկը Մովսեսն էր, որ Սինայի վրա խոսել էր Աստծո հետ, իսկ մյուսը’ Եղիան, ում մեծ արտոնություն էր շնորհվել, որը, բացի նրանից, տրվել էր միայն Ադամի որդիներից ևս մեկին’ երբեք չընկնել մահվան իշխանության տակ: ԴՓ 515.2
Տասնհինգ դար առաջ, Փասգա սարի վրա կանգնած, Մովսեսը տեսել էր Ավետյաց Երկիրը: Սակայն Մերիբայի մոտ գործած իր մեղքի պատճառով նրան թույլ չէր տրվել այնտեղ մուտք գործել: Նրան թույլ չտրվեց նաև ճաշակելու Իսրայելի զորքերն իրենց հայրերի ժառանգության երկիրն առաջնորդելու ուրախությունը: Նրա տառապալից թախանձքը’ «Աղաչում եմ, թող անցնեմ և Հորդանա- նի այն կողմի բարի երկիրը, այն բարի սարը և Լիբանանը տեսնեմ» (Երկրորդ Օրինաց 3.25), մերժվել էր: Հույսը, որ լուսավորել էր անապատի քառասնամյա դեգերումների խավարը, պետք է մարեր: Անապատի գերեզմանը պետք է լիներ այդ տարիների ծանր աշխատանքի և սրտամաշ մտահոգության վերջնական հանգրվանը: Բայց Նա, ով «կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում” (Եփեսացիս 3.20), այս չափով պատասխանեց Իր ծառայի աղոթքին: Մովսե- սը մահվան իշխանության տակ անցավ, բայց նա չպետք է մնար գերեզմանում: Ինքը’ Քրիստոսը, կյանքի կոչեց նրան: Սատանան’ փորձիչը, պահանջել էր Մովսեսի մարմինը նրա մեղքի պատճառով, բայց Քրիստոսը’ Փրկիչը, դուրս էր բերել նրան գերեզմանից (Հուդա 9): [422] ԴՓ 515.3
Այլակերպության սարի վրա Մովսեսը մեղքի և մահվան հանդեպ Քրիստոսի տարած հաղթանակի վկան էր: Նա ներկայացնում էր նրանց, ովքեր պետք է հառնեին գերեզմանից արդարների հարության ժամանակ: Եղիան, ով երկինք էր փոխադրվել առանց մահ տեսնելու, ներկայացնում էր նրանց, ովքեր ապրելիս կլինեն երկրի վրա Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, և կփոխվեն «հանկարծ, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակին», երբ «այս ապականացուն հագնի անապականությունը», և «այս մահկանացուն հագնի անմահությունը” (Ա Կորնթացիս 15.51-53): Հիսուսը երկնային փառքով էր լուսավորված, և այդպես էլ Նա պիտի հայտնվի, երբ «երկրորդ անգամ առանց մեղքի հայտնվի իրեն սպասողների փրկության համար»: Նա գալու է «Իր Հոր փառքով և սուրբ հրեշտակներով» (Եբրայեցիս 9.28, Մարկոս 8.38): Փրկչի խոստումն Իր աշակերտներին հիմա կատարվեց: Սարի վրա ներկայացվեց փառքի ապագա թագավորության փոքրացված պատկերը. Քրիստոս Թագավորը, Մովսեսը’ հարություն առած սրբերի ներկայացուցիչը, և Եղիան’ երկինք փոխադրվածների ներկայացուցիչը: ԴՓ 516.1
Աշակերտները, սակայն, դեռ չեն ըմբռնում տեսարանը, բայց հրճվում են, որ համբերատար Ուսուցիչը’ Հեզ ու Խոնարհ Մեկը, ով թափառում էր անօգնական օտարականի պես, փառավորվում է երկնքի սիրեցյալների կողմից: Նրանք կարծում են, թե Եղիան եկել է ազդարարելու Մեսիայի թագավորությունը, և որ Քրիստոսի թագավորությունը շուտով կհաստատվի երկրի վրա: Վախի և հիասթափության հիշողություններն ընդմիշտ մոռացության կտրվեն: Նրանք փափագում են մնալ այստեղ, որտեղ հայտնվել էր Աստծո փառքը: Պետրոսը բացականչում է. «Տե’ր, լավ է, որ մենք այստեղ լինենք. եթե կամենաս, այստեղ երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը’ Մովսեսի, և մեկը’ Եղիայի”: Աշակերտները վստահ են, որ Մովսեսն ու Եղիան ուղարկվել են’ իրենց Տիրոջը պաշտպանելու և Նրա արքայական իշխանությունը հաստատելու համար: ԴՓ 516.2
Բայց մինչև պսակը’ խաչը պիտի գար: Հիսուսի հետ նրանց խոսակցության նյութը, սակայն, ոչ թե Քրիստոսի թագադրությունն էր, այլ Երուսաղեմում կայանալիք մահը: Կրելով մարդկային բնության թուլությունը, դրա վշտերի ու մեղքերի ծանրությունն Իր ուսերին’ Հիսու- սը միայնակ էր մարդկանց մեջ: Վերահաս փորձության խավարը ճնշում էր Նրան, և Նա հոգու միայնություն էր զգում մի աշխարհում, որն Իրեն չէր ճանաչում: Նույնիսկ Իր սիրելի աշակերտները, կլանված իրենց կասկածներով, վշտերով ու փառասիրական հույսերով, չէին ըմբռնել Իր առաքելության խորհուրդը: Նա ապրել էր երկնքի սիրո և ընկերակցության մեջ, բայց աշխարհում, որն Ինքն էր ստեղծել, Նա միայնակ էր: Եվ Երկինքը Հիսուսի մոտ էր ուղարկել Իր լրաբերներին’ ոչ թե հրեշտակներին, այլ մարդկանց, ովքեր վիշտ ու չարչարանք էին կրել և կարող էին կարեկցել Փրկչին Իր երկրային կյանքի փորձության մեջ: Մովսեսն ու Եղիան Քրիստոսի համագործակիցներն էին եղել: Նրանք կիսել էին մարդկանց փրկության Նրա փափագը: Մովսեսն աղերսել էր Իսրայելի համար. «Բայց հիմա, եթե նրանց մեղքերը ներես, ների’ր, եթե ոչ, աղա- չում եմ, ջնջի’ր ինձ քո գրած գրքից” (Ելից 32.32): Եղիան ծանոթ էր հոգու միայնությանը, երբ երեքուկես տարի տևած սովի ժամանակ կրել էր իր ազգի ատելության բեռն ու նրա դժբախտությունը: Նա միայնակ էր կանգնել հանուն Աստծո Կարմեղոս սարի վրա, միայնակ էր փախուստի դիմել դեպի անապատ՝ տառապանքների ու հուսահատության մեջ: Այս մարդիկ, ընտրված առավել, քան գահը շրջապատող ամեն մի հրեշտակը, եկել էին խոսելու Հիսուսի հետ Նրա չարչարանքների մասին և սփոփելու Նրան երկնքի կարեկցանքի հավաստիքով: Նրանց զրույցի նյութը աշխարհի հույսը և յուրաքանչյուր մարդկային էակի փրկությունն էր: [423] ԴՓ 517.1
Քնելու պատճառով աշակերտները քիչ բան լսեցին Քրիստոսի և երկնային լրաբերների զրույցից: Չկարողանալով արթուն մնալ և աղոթել՝ նրանք չէին ստացել այն, ինչ Աստված ցանկացել էր տալ նրանց. այն է՝ գիտելիք Քրիստոսի չարչարանքների և դրան հետևող փառքի մա- սին: Նրանք կորցրին այն օրհնությունը, որ կարող էին ստանալ, եթե կիսեին Նրա անձնազոհությունը: Հավատը դանդաղ էր գործում այս աշակերտների սրտերում, և նրանք քիչ էին գնահատում այն գանձը, որով Երկինքը ձգտում էր հարստացնել իրենց: ԴՓ 518.1
Բայցևայնպես’ նրանք մեծ լույս ստացան: Նրանք համոզվեցին, որ ամբողջ երկինքը գիտեր Քրիստոսին մերժե- լու հրեա ազգի մեղքի մասին: Նրանք Փրկչի գործն ավելի խորաթափանց կերպով ըմբռնելու կարողություն ստա- ցան: Նրանք իրենց աչքերով տեսան և իրենց ականջներով լսեցին բաներ, որոնք մարդու հասկացողությունից վեր էին: Նրանք, «ականատես լինելով նրա մեծափառությանը» (Բ Պետրոս 1.16), գիտակցեցին, որ Հիսուսն իրոք այն Մեսիան է, ում մասին վկայել էին նահապետներն ու մարգարեները, և Նա ճանաչված է որպես այդպիսին երկնային տիեզերքի կողմից: ԴՓ 518.2
Մինչ նրանք դեռ ակնապիշ դիտում էին սարի վրա- յի տեսարանը, «մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա, և ահա մի ձայն եղավ այն ամպից և ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ. Նրա’ն լսեցեք»: Երբ նրանք տեսան փառքի ամպը, որն ավելի պայծառ էր, քան այն, որ գնում էր անապատում Իսրայելի ցեղերի առջևից, երբ լսեցին սոսկալի վեհափառությամբ խոսող Աստծո ձայնը, որը ցնցեց սարը, շանթահար ընկան գետ- նին: Նրանք մնացին գետնին փռված և դեմքերը թաքցրած, մինչև որ Հիսուսը մոտեցավ և դիպավ նրանց’ Իր քաջ ծանոթ ձայնով ցրելով նրանց վախը. «Վե’ր կացեք և մի’ վախենաք»: Համարձակվելով բարձրացնել իրենց աչքերը’ նրանք տեսան, որ երկնային փառքը հեռացել էր, և Մովսեսի ու Եղիայի կերպարանքներն անհետացել էին: Նրանք Հիսուսի հետ միայնակ էին սարի վրա: [426] ԴՓ 518.3