ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 45. - Խաչի ստվերի ներքո
(Մատթեոս 16.13-28, Մարկոս 8.27-38, Ղուկաս 9.18-27)
ՔՐԻՍՏՈՍԻ երկրային ծառայությունն արագորեն մոտենում էր իր ավարտին: Նա Իր առջև պարզորոշ տեսնում էր ապագայի այն իրադարձությունները, որոնց միջով պիտի անցներ: Նախքան Իր մարմնացումը’ Նա արդեն գիտեր այն ամենը, ինչ սպասվում էր Իրեն ողջ ճանապարհի ընթացքում, որով պիտի անցներ’ կորածը վերադարձնելու համար: Ամեն մի ցավ, որ պիտի խոցեր Նրա սիրտը, ամեն մի անարգանք, որ պիտի տեղար Նրա գլխին, ամեն մի զըրկանք, որ Նա ստիպված պիտի լիներ կրել. այս բոլորն արդեն հայտնի էր Նրան, երբ Նա, մի կողմ դնելով Իր թագն ու արքայական հանդերձները, թողեց Իր գահը, Իր աստվածության վրա առավ մարդկային բնությունը: Նրա առջև հըստակ պատկերված էր Իր կյանքի ողջ ճանապարհը’ մսուրից մինչև Գողգոթա: Նա քաջ գիտեր այն բոլոր չարչարանքների մասին, որ պիտի կրեր, և չնայած դրան’ ասել էր. «Ահա ես գալիս եմ. գրքի տոմսում գրված է ինձ համար: Քո կամքը կատարել կամեցա, ո’վ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.7,8): ԴՓ 500.1
Նա Իր առջև միշտ տեսնում էր Իր առաքելության պտուղները: Նրա երկրային կյանքը, որ լի էր ծանր աշխատանքով և անձնազոհությամբ, քաջալերվում էր այն հեռանկարով, որ այս բոլոր չարչարանքներն ապարդյուն չեն լի- նի: Զոհելով Իր կյանքը հանուն մարդկության’ Նա կրկին հնարավոր կդարձներ հնազանդությունն Աստծո նկատ- մամբ: Ու թեև նախ պիտի ընդուներ արյան մկրտությունը, թեև աշխարհի մեղքերը պիտի ծանրանային Նրա անմեղ հոգու վրա, թեև անասելի դժբախտությունների խավարը պիտի պատեր Նրան, Նա, այնուամենայնիվ, ամոթն ար- համարհեց և իր առջև դրված ուրախության փոխարեն ընտրեց խաչի ճանապարհը: [411] ԴՓ 500.2
Այն մասին, թե ինչ էր սպասվում Նրան, չգիտեին նույնիսկ Նրա աշակերտները, բայց մոտ էր ժամանակը, երբ նրանք պիտի ականատես լինեին Նրա հոգեվարքին: Պիտի տեսնեին, թե ինչպես է Նա, ում իրենք սիրում և հավատում էին, մատնվում Իր թշնամիների ձեռքը և գամվում Գողգոթայի խաչին: Շուտով Նա պիտի միայնակ թողներ նրանց աշխարհում’ զրկելով Իր տեսանելի ներկայության սփոփանքից: Նա գիտեր, թե ինչպիսի դաժան ատելությամբ ու կատաղությամբ պիտի հալածեին Իր աշակերտներին, ուստի ուզում էր նախապատրաստել նրանց իրենց գալիք փորձություններին: ԴՓ 501.1
Հիմա Հիսուսն ու Իր աշակերտները եկան Ֆիլիպպե’ Կե- սարիայի կողմերում գտնվող քաղաքներից մեկը: Նրանք Գալիլեայի սահմաններից դուրս էին և գտնվում էին մի տարածքում, որտեղ իշխում էր կռապաշտությունը: Այստեղ աշակերտները հեռու էին հուդայականության իշխող ազդեցությունից և կարող էին ավելի մոտիկից ծանոթանալ հեթանոսական պաշտամունքներին: Այստեղ նրանք ականատես եղան բոլոր այն սնոտիապաշտություններին, որ գոյություն ունեին աշխարհի բոլոր անկյուններում: Հիսուսն ուզում էր, որ տեսնելով այս ամենը’ նրանք գիտակցեին իրենց պարտքը հեթանոսների նկատմամբ: Այդ պատճառով էլ Նա աշխատում էր այստեղ գտնվելու ընթացքում Իր ժամանակն առավելապես հատկացնել աշա- կերտներին’ ձգտելով խուսափել ժողովրդին քարոզելուց: ԴՓ 501.2
Նա պատրաստվում էր պատմել նրանց Իրեն սպասվող տառապանքների մասին: Բայց մինչ այդ Նա առանձնացավ և աղոթեց, որ նրանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու Իր խոսքերը: Վերադառնալով Նրանց մոտ’ Նա անմիջապես չխոսեց այն մասին, ինչ ցանկանում էր հաղորդել: Նախքան այդ անելը’ Նա հնարավորություն տվեց նրանց խոստովանելու իրենց հավատն Իր հանդեպ, որպեսզի կարողանան ամրապնդվել գալիք փորձության համար: Նա հարցրեց. «Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի»: ԴՓ 501.3
Աշակերտները ստիպված էին տխրությամբ խոստովանել, որ Իսրայելը չկարողացավ ճանաչել իր Մեսիային: Ոմանք, սակայն, տեսնելով Նրա հրաշքները, հռչակել էին Նրան որպես Դավթի Որդի: Ամբոխը, որ կերակրվեց Բեթսայիդայում, ուզում էր Իսրայելի թագավոր հռչակել Նրան: Շատերը պատրաստ էին ընդունելու Նրան որպես մարգարե, բայց չէին հավատում, որ Նա Մեսիան է: ԴՓ 502.1
Հիսուսն այժմ երկրորդ հարցը տվեց, որն արդեն վերաբերում էր իրենց’ աշակերտներին. «Իսկ դուք ո՞վ եք ասում ինձ համար, թե լինեմ”: Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը’ կենդանի Աստծո Որդին»: ԴՓ 502.2
Հենց սկզբից էլ Պետրոսը հավատացած էր, որ Հիսու- սը Մեսիան է: Մյուսներից շատերը, ովքեր Հովհաննես Մկրտչի քարոզներից համոզվել և ընդունել էին Քրիստոսին, սկսել էին կասկածել Հովհաննեսի առաքելությանը, երբ վերջինս բանտարկվել և մահվան էր դատապարտվել: Հիմա էլ նրանք կասկածում էին, որ Հիսուսն է Մեսիան, ում իրենք այդքան երկար սպասել էին: Աշակերտներից շատերը, ովքեր անհամբեր սպասել էին, թե երբ պիտի Հի- սուսը գրավի Դավթի աթոռը, լքեցին Նրան’ համոզվելով, որ Նա այդպիսի մտադրություն չունի: Բայց Պետրոսն ու նրա ընկերները հավատարիմ մնացին իրենց համոզմա- նը: Նրանց անկայունությունը, ովքեր երեկ փառաբանում, իսկ այսօր դատապարտում էին, չէր սասանել Փրկչի ճշմարիտ հետևորդի հավատը: Պետրոսը հայտարարեց. «Դու ես Քրիստոսը’ կենդանի Աստծո Որդին»: Նա չէր սպասել, որ արքայական փառքով պսակեն Իր Տիրոջը, այլ ընդունել էր Նրան Իր նվաստության մեջ: [412] ԴՓ 502.3
Պետրոսն արտահայտեց բոլոր տասներկուսի հավատը: Սակայն աշակերտները դեռևս հեռու էին Քրիստոսի առաքելությունն ըմբռնելուց: Թեև քահանաների ու իշխանա- վորների ընդդիմությունն ու սխալ մեկնաբանություննե- րը չկարողացան նրանց հեռացնել Քրիստոսից, սակայն դեռևս մեծ շփոթություն էին պատճառում նրանց: Նրանք հստակորեն չէին գիտակցում, թե ինչ ճանապարհի վրա են: Իրենց վաղ տարիների դաստիարակության, վարդապետների ուսմունքի և ավանդույթների զորության ազդեցությունը դեռևս խանգարում էր նրանց ըմբռնել ճշմարտությունը: Հիսուսից ճառագայթող լույսի թանկարժեք շողերը ժամանակ առ ժամանակ լուսավորում էին նրանց, բայց հաճախ թվում էր, թե նրանք, միևնույնն է, խարխափում են խավարի մեջ: Այդ օրը, սակայն, նախքան նրանք ճակատ առ ճակատ կբախվեին իրենց հավատի մեծ փորձության հետ, Սուրբ Հոգին զորությամբ իջավ նրանց վրա: Որոշ ժամանակ նրանց աչքերը «երևացող բաներից” դարձել էին դեպի «աներևույթները» (Բ Կորնթացիս 4.18): Մարդկային կերպարանքի տակ նրանք նկատեցին Աստծո Որդու փառքը: ԴՓ 502.4
Հիսուսը պատասխանեց Պետրոսին’ ասելով. «Երանի քեզ, Սիմո’ն’ Հովնանի’ որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, բայց իմ Հայրը, որ երկնքում է”: ԴՓ 503.1
Այն ճշմարտությունը, որ Պետրոսը դավանեց, քրիստոնյայի հավատի հիմքն է: Հենց դա է, ինչպես Քրիստոսն Ինքն էր ասել, հավիտենական կյանքը: Սակայն այդ ճշմարտության գիտությունը ինքնափառաբանման հիմք չէր տալիս: Իր իմաստությամբ կամ բարությամբ չէ, որ Պետրոսը յուրացրեց այն: Մարդկությունը երբեք չի կարող ինքնուրույն հասնել աստվածային գիտությանը: «Նա երկնքի բարձրությունն ունի, ի՞նչ կանես դու, դժոխքից խոր է նա, ի՞նչ կհասկանաս” (Հոբ 11.8): Միայն որդեգրության Հոգին կարող է հայտնել մեզ Աստծո խոր բաները, որոնք «աչք չտեսավ, և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ»: «Բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով, որովհետև Հոգին ամեն բաները քննում է և Աստծո խորքն էլ» (Ա Կորնթացիս 2.9,10): «Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են նրանից», և այն փաստը, որ Պետրոսը տեսել էր Քրիստոսի փառքը, վկայում էր, որ Նա «Աստծուց էր սովորել” (Սաղմոս 25.14, Հովհաննես 6.45): Օ՜, իսկապես, «երանի քեզ, Սիմո’ն’ Հովնանի’ որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ”: [413] ԴՓ 503.2
Հիսուսը շարունակեց. «Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»: Պետրոս նշանակում է քար, գլորվող քար: Պետրոսը չէր այն վեմը, որի վրա հիմնվել էր եկեղեցին: Դժոխքի դռները հաղթեցին նրան, երբ նա երդումով ու անեծքով ուրացավ Տիրոջը: Եկեղեցու հիմքը Նա էր, ում դժոխքի դռները չկարողացան հաղթել: ԴՓ 504.1
Փրկչի գալուստից դարեր առաջ Մովսեսը մատնանշել էր Իսրայելի փրկության Վեմը: Սաղմոսերգուն գովերգել էր. «Իմ զորության վեմը”: Եսայիան գրել էր. «Այսպես է ասում Եհովա Տերը. «Ահա ես եմ, որ Սիոնում դրել եմ վեմը, ընտիր վեմ, պատվական անկյուն, հաստատ հիմունք»» (Երկրորդ Օրինաց 32.15, Սաղմոս 62.7, Եսայիա 28.16): Պետրոսն ինքը, Սուրբ Հոգով ներշնչված գրելով այս մարգարեությունը, կապում է այն Հիսուսի հետ: Նա ասում է. «Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է, որին մոտեցել եք, այն կենդանի Վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված և պատվական է, դուք էլ, կենդանի քարերի պես, շինվեցե՜ք հոգևոր տաճար” (Ա Պետրոս 2.3-5): ԴՓ 504.2
«Ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է’ Հիսուս Քրիստոսը» (Ա Կորնթացիս 3.11): «Այդ վեմի վրա,- ասաց Հիսուսը,- կշինեմ Իմ եկեղեցին»: Աստծո, երկնային բոլոր զորքերի և դժոխքի աներևույթ բանակի ներկայությամբ Քրիստոսը հիմնեց Իր եկեղեցին կենդանի Վեմի վրա: Այդ Վեմը հենց Ինքն էր’ Իր մարմինը, որ խոշտանգվեց և խոցվեց մեզ համար: Եկեղեցուն’ կառուցված այս հիմքի վրա, դժոխքի դռները չեն կարող հաղթել: ԴՓ 504.3
Որքա՜ն թույլ էր թվում եկեղեցին, երբ Քրիստոսն ասաց այս խոսքերը: Ընդամենը մի բուռ հավատացյալներ, որոնց դեմ պիտի ուղղվեին դևերի և չար մարդկանց ամբողջ ուժերը, սակայն Քրիստոսի հետևորդները չպետք է վախենային: Կանգնած իրենց զորության Վեմի վրա’ նրանք չէին կարող պարտվել: ԴՓ 505.1
Վեց հազար տարի շարունակ հավատը հիմնվել է Քրիստոսի վրա: Վեց հազար տարվա ընթացքում սատանայական ցասման հեղեղներն ու փոթորիկները զարկել են մեր փրկության Վեմին, բայց այն կանգնած է անսասան: ԴՓ 505.2
Պետրոսն արտահայտեց այն ճշմարտությունը, որ եկեղեցու հավատի հիմքն էր, և հիմա Հիսուսը պատվում է նրան որպես բոլոր հավատացյալների ներկայացուցչի, պատվում է’ ասելով. «Ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն, որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում”: ԴՓ 505.3
«Երկնքի արքայության բանալիները» Քրիստոսի խոսքերն են: Սուրբ Գըրքի բոլոր խոսքերը Նրանն են և ամփոփված են Նրանում: Այս խոսքերը զորություն ունեն բացելու կամ փակելու երկնքի դռները: Դրանք նշում են այն պայմանները, որոնց համաձայն մարդիկ ընդունվում կամ մերժվում են: Այսպիսով’ Աստծո խոսքը քարոզողների գործը կամ կյանքի հոտ է’ դեպի կյանք, կամ էլ մահվան հոտ’ դեպի մահ: Նրանց առաքելությունը հավիտենական հետևանքներով է չափվում: [414] ԴՓ 505.4
Փրկիչը չհանձնարարեց ավետարանի գործը միայն Պետրոսին: Ավելի ուշ, կրկնելով Պետրոսին ասված խոսքերը, Նա ուղղեց դրանք անմիջապես եկեղեցուն: Եվ, ըստ էության, նույն բանն ասվեց նաև տասներկուսին’ որպես բոլոր հավատացյալների ներկայացուցիչների: Եթե Հի- սուսն աշակերտներից որևէ մեկին մյուսներից ավելի մեծ իշխանություն տված լիներ, նրանք այնքան հաճախ չէին վիճի միմյանց հետ այն հարցի շուրջ, թե ով է իրենցից ամենամեծը: Նրանք կենթարկվեին Իրենց Տիրոջ կամքին և կպատվեին նրան, ում Նա ընտրել էր: ԴՓ 505.5
Նրանցից որևէ մեկին ղեկավար նշանակելու փոխարեն’ Քրիստոսն ասաց աշակերտներին. «Դուք Վարդապետ չկանչվեք», «ոչ էլ ուսուցիչներ կանչվեցեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը’ Քրիստոսը» (Մատթեոս 23.8«10): ԴՓ 506.1
«Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է”: Աստված, ամեն ինչ հնազանդեցնելով Փրկչին, «նրան գլուխ դրեց եկեղեցուն’ բոլոր բաների վրա, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամենն ամենի մեջ լրացնում է” (Ա Կորնթացիս 11.3, Եփե- սացիս 1.22,23): Եկեղեցին հիմնված է Քրիստոսի վրա: Այն պետք է հնազանդվի Քրիստոսին, քանի որ Նա է եկեղեցու գլուխը: Այն չպետք է կախման մեջ լինի մարդուց կամ գտնվի նրա հսկողության տակ: Շատերը հայտարարում են, որ եկեղեցում իրենց զբաղեցրած պատասխանատու դիրքը իրավունք է տալիս թելադրելու մյուսներին, թե ինչին պետք է նրանք հավատան և ինչ պետք է անեն: Ոչ ոքի Աստված նման իրավունք չի տվել: Փրկիչն ասում է. «Դուք բոլորդ եղբայրներ եք»: Բոլորն էլ ենթակա են փորձության, և բոլորն էլ կարող են սխալվել: Մենք չենք կարող ապավինել սահմանափակ մարդու առաջնորդությանը: Հավատի Վեմը Քրիստոսի կենդանի ներկայությունն է եկեղեցում: Ամենաթույլն անգամ կարող է ապավինել Նրան, իսկ ովքեր իրենց ուժեղագույն են համարում, շուտով կհամոզվեն, որ ամենաթույլն են, եթե Քրիստոսին չդարձնեն իրենց զորությունը: «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն է ապավինում, և մարմինն իրեն բազուկ շի- նում»: Տերն է «Վեմը, նրա գործը կատարյալ է”: «Երանի այն ամենին, որ նրան են հուսացած» (Երեմիա 17.5, Երկրորդ Օրինաց 32.4, Սաղմոս 2.12): ԴՓ 506.2
Պետրոսի խոստովանությունից հետո Հիսուսն աշակերտներին կարգադրեց ոչ ոքի չասել, որ Ինքը Քրիստոսն է: Այս կարգադրությունն արվեց դպիրների և փարիսե- ցիների վճռական ընդդիմության պատճառով: Դեռ ավելին, ժողովուրդը և նույնիսկ աշակերտներն այնքան սխալ պատկերացում ունեին Մեսիայի մասին, որ Նրա հանրային ճանաչումը չէր օգնի նրանց ճիշտ ըմբռնելու Նրա առաքելությունը: Բայց Նա օրեցօր Իրեն բացահայտում էր որպես Փրկիչ և անում ամեն բան, որ նրանք ճիշտ պատկերացում կազմեն Իր’ Մեսիայի մասին: [415] ԴՓ 506.3
Աշակերտները դեռևս սպասում էին, որ Քրիստոսը թագավորելու է որպես երկրային իշխան: Թեև Նա այդքան երկար թաքցրել էր Իր ծրագիրը, նրանք հավատացած էին, որ Նա միշտ չի մնա աղքատության և անհայտության մեջ, և որ մոտեցել է ժամանակը, երբ Նա պիտի հիմնի Իր թագավորությունը: Այն, որ քահանաների և վարդապետների ատելությունը երբեք չէր դադարելու, որ Քրիստոսը մերժվելու էր Իր սեփական ազգի կողմից’ դատապարտվելով որպես խաբեբա և խաչվելով որպես մի չարագործ, աշակերտների մտքով անգամ չէր անցնում: Բայց խավարի իշխանության ժամը մոտենում էր, և Հիսուսը պետք է հայտներ Իր աշակերտներին նրանց սպասվող պայքարի մասին: Նա տխուր էր’ կանխազգալով մոտեցող փոր- ձությունը: ԴՓ 507.1
Մինչև այժմ Նա խուսափել էր որևէ բան հայտնել նրանց Իր չարչարանքների և մահվան մասին: Նիկոդեմոսի հետ ունեցած Իր զրույցում Նա ասել էր. «Եվ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես պետք է մարդի Որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.14,15): Աշակերտները, սակայն, չէին լսել այս խոսքերը և եթե նույնիսկ լսած էլ լինեին, չէին հասկանա: Բայց հիմա նրանք Հիսուսի հետ էին’ լսելով Նրա խոսքերը, տեսնելով Նրա գործերը, մինչև որ, չնայած Նրա համեստ շրջապատին և քահանաների ու ժողովրդի ընդդիմությանը, կարողանային միանալ Պետրոսի վկայությանը. «Դու ես Քրիստոսը’ կենդանի Աստծո Որդին»: Հիմա ժամանակն էր բացելու այն վարագույրը, որ թաքցնում էր ապագան: «Այնուհետև Հիսուսը սկսեց աշակերտներին հայտնել, թե պետք է նրան Երուսաղեմ գնալ, ծերերից, քահանայապետերից ու դպիրներից շատ չարչարանքով չարչարվել, սպանվել և երրորդ օրը հարություն առնել”: ԴՓ 507.2
Աշակերտները լուռ լսում էին’ վշտացած ու ցնցված: Քրիստոսն ընդունել էր Պետրոսի խոստովանությունը, որով վերջինս Աստծո Որդի էր ճանաչել Նրան, և հիմա Իր չարչարանքներին ու մահվանը վերաբերող Նրա խոսքերն անհասկանալի թվացին: Պետրոսը չկարողացավ լուռ մնալ: Նա կառչեց Հիսուսից’ կամենալով, ասես, հետ պահել Նրան վերահաս կորստից, և գոչեց. «Քավ լիցի քեզ, Տե’ր, այդ չլինի քեզ»: ԴՓ 508.1
Պետրոսը սիրում էր իր Տիրոջը, բայց Հիսուսը չդրվա- տեց նրան չարչարանքներից Իրեն հետ պահելու այս ցանկության համար: Պետրոսի խոսքերը չէին կարող օգնել կամ սփոփել Հիսուսին Իրեն սպասվող մեծ փորձության մեջ: Դրանք հակասում էին կորուսյալ աշխարհի հանդեպ Աստծո շնորհի նպատակին ու ինքնազոհության այն դասին, որ Հիսուսը եկել էր սովորեցնելու Իր անձնական օրինակով: Պետրոսը չէր ուզում տեսնել խաչը Քրիստոսի ծառայության մեջ: Նրա խոսքերը, Հիսուսի կամքին հակառակ, կարող էին բոլորովին այլ տպավորություն թողնել աշակերտների վրա, և Փրկիչը ստիպված էր անել այն խստաշունչ հանդիմանություններից մեկը, որ երբևէ հնչել էին Նրա շուրթերից: «Ե’տևս գնա, սատանա’, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները”: [416] ԴՓ 508.2
Սատանան փորձում էր վհատեցնել Հիսուսին ու հետ պահել Նրան Իր ճանապարհից, իսկ Պետրոսն իր կույր սիրով տեղի տվեց փորձությանը: Չարի իշխանն էր այդ մտքի հեղինակը: Այդ նրա ձայնը հնչեց պոռթկուն խնդրանքի մեջ: Անապատում սատանան Քրիստոսին առաջարկել էր աշխարհի տիրակալությունը’ անարգանքի ու զոհաբե- րության ուղուց հետ կանգնելու պայմանով: Եվ հիմա էլ այդ նույն ձևով նա փորձեց Քրիստոսի աշակերտին: Նա ջանում էր Պետրոսի հայացքը կենտրոնացնել աշխարհիկ փառքի վրա, որպեսզի նա, Քրիստոսի կամքին հակառակ, չկարողանար տեսնել խաչը: Եվ Պետրոսի միջոցով սատանան կրկին փորձության ենթարկեց Հիսուսին: Բայց Փրկիչն ուշադրություն չդարձրեց դրա վրա, Նա մտածում էր Իր աշակերտի մասին: Սատանան կանգնեց Պետրոսի և նրա Տիրոջ միջև, որպեսզի աշակերտի սիրտը չփոթորկվեր Քրիստոսի նվաստացման կանխատեսումից: Հիսու- սի խոսքերն ուղղված էին ոչ թե Պետրոսին, այլ նրան, ով փորձում էր բաժանել Պետրոսին իր Փրկչից: «Ե’տևս գնա, սատանա’»: «Այլևս մի’ կանգնիր Իմ և Իմ մոլորված ծառայի միջև: Թող Ես դեմառդեմ տեսնեմ Պետրոսին, որպեսզի կարողանամ բացահայտել նրան Իմ սիրո գաղտնիքը»: ԴՓ 508.3
Սա մի դառը խրատ էր Պետրոսի համար, որը, սակայն, նա դանդաղ էր յուրացնում: Նա պիտի հասկանար, որ Քրիստոսի ուղին երկրի վրա անցնում էր տառապանքների և անարգանքի միջով: Նա վախեցավ մասնակից լինել Իր Տիրոջ չարչարանքներին: Բայց կրակի փորձության մեջ նա պիտի ճաշակեր դրա օրհնությունը: Տարիներ անց, երբ նրա կրակոտ կերպարանքը խոնարհ տեսք ստացավ տարիների և աշխատանքի բեռան տակ, նա գրեց. «Սիրելիներ, օտար բան մի’ համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ: Այլ ուրա’խ եղեք, իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակում էլ ցնծալով ուրախանաք” (Ա Պետրոս 4.12,13): [417] ԴՓ 509.1
Հիսուսն այժմ բացատրեց Իր աշակերտներին, որ Իր անձնուրաց կյանքը օրինակ պետք է ծառայի նրանց, որպեսզի հետևեն Իր քայլերին: Կանչելով Իր մոտ աշակերտներին և մոտակայքում գտնվող ժողովրդին՝ Նա ասաց «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնի և իմ հետևից գա»: Խաչը նույնացվում էր Հռոմի իշխանության հետ: Այն ծառայում էր որպես ամենադաժան և ամենանվաստացուցիչ մահվան գործիք: Ամենաստոր ոճրագործներից պահանջվում էր կրել խաչը մինչև մահապատժի վայրը, և հաճախ խաչը նրանց ուսերին դնելու ժամանակ նրանք դիմադրում էին հուսահատ մոլեգնությամբ, մինչև որ ի վերջո ենթարկվում էին, և չարչարանքի այդ գործիքն ամրացվում էր նրանց ուսերին: Բայց Հիսուսն Իր հետևորդներին պատ- վիրեց վերցնել իրենց խաչը և հետևել Իրեն: Աշակերտներին ուղղված Նրա խոսքերը թեև դժվար ընկալվեցին, սակայն կոչ էին անում խոնարհությամբ կրելու ամենադառն անարգանքն ու մահը’ հանուն Քրիստոսի: Ավելի կատարյալ անձնազոհություն Փրկչի խոսքերը չէին կարող պատկերել: Բայց այս ամենը Նա կրեց հանուն նրանց: Հիսու- սի համար երկինքը ցանկալի չէր, քանի դեռ մենք կորած էինք: Նա թողեց երկնային ապարանքները, որպեսզի նախատինք ու անարգանք կրի և մեռնի խայտառակ մահով: Նա, ով հարուստ էր երկնային թանկարժեք գանձերով, աղքատացավ, որպեսզի Իր աղքատությամբ մենք հարս- տանանք: Մենք պետք է քայլենք այն ճանապարհով, որով Նա է անցել: ԴՓ 509.2
Սիրել այն հոգիներին, որոնց համար զոհվել է Քրիստոսը, նշանակում է խաչել «ես”-ը: Նա, ով Աստծո զավակ է, այսուհետև պետք է իրեն նայի որպես մի օղակ այն շղթայի մեջ, որն իջեցված է աշխարհի փրկության համար, պետք է մեկ լինի Քրիստոսի հետ Նրա ողորմության ծրագրում և քայլի Նրա հետ’ որոնելու և փրկելու կորածներին: Քրիստոնյան միշտ պետք է գիտակցի, որ իրեն նվիրաբերել է Աստծուն և որ իր կյանքում պետք է դրսևորի Քրիստոսի բնավորությունը: Աստծո ծառաների կյանքում պետք է կրկնօրինակվեն Փրկչի անձնազոհությունը, կարեկցանքն ու սերը: ԴՓ 510.1
«Ով որ կամենա իր անձն ապրեցնել, կկորցնի այն, և ով որ իր անձն ինձ համար և ավետարանի համար կորցնի, նա կապրեցնի այն»: Եսասիրությունը մահ է: Մարմնի ոչ մի օրգան չի կարող ապրել, եթե ծառայի միայն ինքն իրեն: Եթե սիրտը կենարար արյուն չմղի ձեռքերին և գլխին, շուտով կկորցնի իր զորությունը: Այդպես էլ Քրիստոսի սերը արյան նման թափանցում է նրա խորհըրդա- վոր մարմնի բոլոր մասերի մեջ: Մենք բոլորս մեկ մարմնի անդամներ ենք, և նա, ով հրաժարվում է տալ, և կմեռնի: Եվ «ի՞նչ օգուտ ունի մարդը,- ասաց Հիսուսը,- եթե ամբողջ աշխարհը ստանա, իսկ իր անձը կորցնի: Կամ ի՞նչ փրկանք կտա մարդն իր անձի համար»: ԴՓ 511.1
Հիսուսն Իր աշակերտների հայացքը ներկայի աղքատությունից ու անարգանքից դարձրեց դեպի Իր փառավոր գալուստը ոչ թե երկրային արքայի պայծառափայլությամբ, այլ Աստծո փառքով և երկնային զորքերի ուղեկցությամբ: Հետո Նա շարունակեց. «Ամեն մեկին կհատուցի իր գործերի համեմատ»: Այնուհետև նրանց ոգևորելու համար Նա խոստացավ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակի, մինչև որ մարդի Որդուն տեսնեն իր թագավորությունով գալիս”: Բայց աշակերտները չհասկացան Նրա խոսքերը: Փառքը շատ հեռու էր թվում: Նրանց հայացքն ուղղված էր դեպի ավելի մոտակա պատկերները’ աղքատությունը, անարգանքն ու տառապանքով լի երկրային կյանքը: [418] Մի՞- թե իզուր էին Մեսիայի արքայության իրենց փայլուն սպա- սելիքները: Մի՞թե նրանք չէին տեսնելու Իրենց Տիրոջը’ բազմած Դավթի աթոռին: Մի՞թե Քրիստոսը պետք է ապրեր համեստ, անտուն թափառականի կյանքով, որպեսզի միայն արհամարհվեր, մերժվեր և մահվան մատնվեր: Խոր թախիծ էր իջել նրանց սրտերին, որովհետև նրանք սիրում էին իրենց Ուսուցչին: Կասկածները տանջում էին նրանց, քանզի անհավանական էր թվում, որ Աստծո Որդին ենթարկվեր այդպիսի դաժան անարգանքի: Նրանք զարմանում էին, թե ինչու պիտի Նա հոժարակամ գնար Երուսաղեմ, որտեղ Նրա հետ այնպես պետք է վարվեին, ինչպես Ինքն էր նկարագրել: Ինչպե՞ս կարող էր Նա Իրեն արժանացնել այդպիսի մի ճակատագրի և թողնել նրանց է’լ ավելի մութ խավարի մեջ, քան այն, որի մեջ նրանք խարխափում էին, մինչև այն օրը, երբ Նա Իրեն բացա- հայտեց նրանց: ԴՓ 511.2
Աշակերտները մտածում էին, որ Ֆիլիպպե Կեսարիայի տարածքում Քրիստոսն անհասանելի էր Հերովդեսի և Կա- յիափայի համար: Հրեաների ատելությունից կամ հռոմեացիների իշխանությունից Նա վախենալու ոչինչ չուներ: Ինչո՞ւ չաշխատել այնտեղ’ փարիսեցիների աչքից հեռու: Ինչո՞ւ էր Նա Իրեն մահվան մատնում: Եթե Նա պետք է մեռներ, ուրեմն ինչպե՞ս պետք է Նրա թագավորությունն այնքան ամուր հաստատվեր, որ դժոխքի դռները չկարողանային հաղթել նրան: Սա մի իսկական առեղծված էր աշակերտների համար: ԴՓ 512.1
Եվ ահա նրանք Գալիլեայի ծովի ափով ուղևորվում են դեպի քաղաքը, որտեղ պիտի խորտակվեին նրանց բոլոր հույսերը: Չհամարձակվելով առարկել Քրիստոսին’ նրանք ցածրաձայն ու վշտաբեկ զրուցում էին միմյանց հետ գալիք դեպքերի մասին: Սակայն նույնիսկ իրենց կասկածների մեջ էլ նրանք կառչում էին այն մտքից, որ թերևս ինչ- որ անկանխատեսելի հանգամանք կփրկի իրենց Տիրոջը սպասվող կորստից: Այդպես նրանք վշտացան ու կասկածեցին, հուսացին և սարսափեցին վեց երկար ու մռայլ օրերի ընթացքում: [419] ԴՓ 512.2