ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 35. - «Լռի ր, պապանձվի ր»
(Մատթեոս 8.23-34, Մարկոս 4.35-41, 5.1-20, Ղուկաս 8.22-39)
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ հարուստ մի օր էր դա Հիսու- սի կյանքում: Գալիլեայի ծովի ափին Նա պատմել էր Իր առաջին առակները’ ժողովրդին քաջածանոթ օրինակներով մեկ անգամ ևս բացատրելով Իր թագավորության բնույթը, և թե ինչպես պետք է այն հաստատվեր: Նա Իր աշխատանքը նմանեցրել էր սերմնացանի աշխատանքին, Իր թագավորության զարգացումը’ մանանեխի սերմի աճին և թթխմորի ներգործությանը ալյուրի մեջ: Արդարների ու ամբարիշտների վերջին մեծ զատումը պատկերել էր ցորենի ու մոլախոտի և ձըկնորսական ուռկանի առակների միջոցով: Իր սովորեցրած գերազանց ճշմարտությունների արժեքավորությունը Նա լուսաբանել էր թաքցրած գանձի և թանկարժեք մարգարիտի առակներով, իսկ տանտիրոջ առակով Իր աշակերտներին սովորեցրել էր, թե ինչպես նրանք’ որպես Իր ներկայացուցիչներ, պետք է աշխատեն: ԴՓ 399.1
Նա ամբողջ օրն ուսուցանել և բուժել էր, ու երբ իջավ երեկոն, ամբոխը դեռ շարունակում էր խմբվել Նրա շուր- ջը: Նա ծառայում էր նրանց օրեցօր և գրեթե դադար չէր առնում’ սնվելու կամ հանգստանալու համար: Նրան անընդհատ հետապնդող փարիսեցիների նենգ քննադատություններն ու զրպարտությունները շատ ավելի ծանր ու հոգնեցուցիչ էին դարձնում Նրա աշխատանքը, և այժմ, երբ օրն իր ավարտին էր մոտենում, Նա այնքան էր հոգնել, որ որոշեց առանձնանալ մի մեկուսի վայրում’ լճի մյուս ափին: [334] ԴՓ 399.2
Գեննեսարեթի արևելյան ափն անմարդաբնակ չէր, լճի ափին քաղաքներ կային, բայց արևմտյան ափի համեմատությամբ դա մի ամայի տարածք էր: Այնտեղ ավելի շատ հեթանոսներ էին բնակվում, քան հրեաներ, դրա համար էլ քիչ էին հաղորդակցվում գալիլեացիների հետ: Հուսալով հանգիստ առնել այնտեղ’ Նա պատվիրեց Իր աշակերտներին ուղեկցել Իրեն դեպի մյուս ափը: ԴՓ 399.3
Երբ Նա ազատ արձակեց բազմությանը, աշակերտները Նրան «ինչպես որ էր» նավը տարան և արագորեն հեռացան ափից: Բայց նրանք միայնակ չէին: Ափի մոտ կային այլ ձկնորսական նավեր, և Հիսուսին հետևող ժողովուրդը Նրան տեսնելու և լսելու բուռն ցանկությամբ շտապ տեղավորվեց այդ նավերի մեջ: ԴՓ 400.1
Փրկիչը վերջապես ազատվեց ճնշող բազմությունից և հոգնածությունից ու քաղցից ուժասպառ’ պառկեց նա- վախելի վրա և շուտով քնեց: Հաճելի, խաղաղ մի երեկո էր, լճի վրա անդորր էր իջել: Բայց հանկարծակի երկինքը սևացավ, արևելյան ափի լեռների կիրճերից մի վայրագ քամի փչեց, և լճի վրա կատաղի փոթորիկ բարձրացավ: ԴՓ 400.2
Արևը մայր մտավ, և փոթորկվող ծովի վրա կախվեց գիշերվա խավարը: Ալիքները կատաղորեն բախվում էին ոռնացող քամիներին և խելացնոր արագությամբ փշրվում աշակերտների նավի վրա’ սպառնալով խորտակել այն: Այդ խիզախ ձկնորսներն իրենց կյանքը լճի վրա էին անցկացրել և շատ փոթորիկներից էին անվտանգ դուրս բերել իրենց նավը, բայց հիմա նրանց ուժն ու հմտությունը ոչ մի արդյունք չէին տալիս: Անօգուտ էր նրանց պայքարն արհավիրքի դեմ, և նրանք բոլորովին հուսալքվեցին’ տեսնելով, որ նավը լցվում է ջրով: ԴՓ 400.3
Կլանված սեփական ուժերով իրենց փրկելու ջանքե- րով’ նրանք մոռացել էին, որ Հիսուսը նավի մեջ է: Այժմ տեսնելով, որ իրենց ջանքերն ապարդյուն են, և մահն էլ անխուսափելի է, նրանք հիշեցին, թե ում հրամանով էին ծով մտել: Նրանց միակ հույսը Հիսուսն էր: Անօգնական և հուսահատ’ նրանք գոչեցին. «Վարդապե՜տ, Վարդա- պե’տ”: Բայց թանձր խավարը թույլ չէր տալիս տեսնել Նրան: Նրանց ձայները խլանում էին փոթորկի մռնչյունի մեջ, և ոչ մի պատասխան չէր լսվում: Կասկած ու ահ պատեց նրանց: Մի՞թե Հիսուսը լքել էր իրենց: Մի՞թե Նա, ով հաղթել էր հիվանդություններն ու դևերին և նույնիսկ մահին, հիմա անզոր էր օգնել Իր աշակերտներին: Մի՞թե Նրան չէր մտահոգում իրենց դժբախտությունը: ԴՓ 400.4
Նրանք կրկին կանչեցին, բայց ոչ մի պատասխան չլսվեց՝ բացի մոլեգին տարերքի շաչյունից: Նավն արդեն սուզվում էր: Թվում էր, թե ևս մի ակնթարթ, և կատաղի ալիքները կուլ կտային նրանց: ԴՓ 401.1
Անսպասելիորեն կայծակի ցոլքը ճեղքում է խավարը, և նրանք տեսնում են, որ Հիսուսն անխռով քնած է’ անտեղյակ իրարանցումից: Զարմանքով ու հուսահատությամբ նրանք գոչում են. «Վարդապե՜տ, հոգդ չէ՞, որ կորչում ենք”: Ինչպե՞ս Նա կարող է այդպես անվրդով հանգստանալ, երբ իրենք վտանգի մեջ են’ պայքարելով մահվան դեմ: [335] ԴՓ 401.2
Նրանց աղաղակն արթնացնում է Հիսուսին: Կայծակի լույսի տակ նրանք տեսնում են Նրա դեմքի երկնային խա- ղաղությունը: Նրա հայացքն արտահայտում էր ինքնամոռաց, քնքուշ սեր, և նրանք ամբողջ սրտով աղերսում են. «Տե՜ր, փրկի՜ր մեզ, կորչում ենք»: ԴՓ 401.3
Հոգու այսպիսի ճիչը երբեք անլսելի չի մնում: Երբ աշակերտները վերջին ջանքերով փորձում են թիավարել, Հի- սուսը վեր է կենում: Նա կանգնում է Իր աշակերտների մեջ, փոթորիկը շարունակում է մոլեգնել, կատաղի ալիքները, բախվելով նավին, փշրվում են, և կայծակը լուսավորում է Նրա կերպարանքը: Բարձրացնելով Իր ձեռքը, որն այնքան հաճախ էր ողորմություն արել’ Նա դիմում է զայրացած ծովին. «Լռի՜ր, պապանձվի՜ր”: ԴՓ 401.4
Փոթորիկը դադարում է: Ալիքները հանդարտվում են: Գալարվելով նահանջում են ամպերը, և երկնքում երևում են պսպղուն աստղերը: Նավը լողում է հանդարտ ծովի վրա: Դառնալով Իր աշակերտներին’ Հիսուսը վշտացած հարցնում է. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք» (Մարկոս 4.40): ԴՓ 401.5
Աշակերտները զարմանքից պապանձվել էին: Նույնիսկ Պետրոսը չէր փորձում արտահայտել այն սարսափը, որ պատել էր իրեն: Աշակերտների նավի պես’ Հիսուսին ուղեկցելու համար ծով դուրս եկած մյուս նավերն էլ ընկել էին նույն վտանգի մեջ: Ահ ու սարսափ էր տիրել նրանց ուղևորներին, բայց Հիսուսի հրամանը սանձահարեց փոթորիկը: Ալեկոծությունն իրար էր մոտեցրել նավերը, և դրանց վրա գտնվող բոլոր մարդիկ տեսել էին հրաշքը: Երբ ամեն ինչ արդեն խաղաղվեց, վախը մոռացվել էր: ԴՓ 402.1
Մարդիկ շշնջում էին իրար. «Սա ինչպիսի՞ մեկն է, որ քամիներն ու ծովն էլ հնազանդվում են սրան»: [336] ԴՓ 402.2
Երբ Հիսուսն արթնացավ’ փոթորկին դիմավորելու, կատարյալ խաղաղության մեջ էր: Նրա խոսքի կամ հայացքի մեջ վախի նշույլ անգամ չկար, որովհետև վախ չկար Նրա սրտում: Բայց Նա չէր ապավինել Իր ամենակարող զորությանը: Նա Իր հանգիստը պահպանեց ոչ թե որպես «երկրի, ծովի և երկնքի Տեր»: Այդ զորությունից Նա հրաժարվել էր: Նա ասում է. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել» (Հովհաննես 5.30): Նա ապավինել էր Հոր զորությանը: Հավատի մեջ էր’ Աստծո սիրո և հոգատարության հանդեպ հավատի, որ Հիսուսը հանգիստ էր առել, և այն խոսքի զորությունը, որ հանդարտեցրել էր փոթորիկը, Աստծո զորությունն էր: ԴՓ 402.3
Ինչպես Հիսուսն էր հավատով իրեն հանձնել Հոր խնամքին, այնպես էլ մենք պետք է ապավինենք մեր Փրկչի հոգատարությանը: Եթե աշակերտները վստահեին Նրան, ապա չէին կորցնի ինքնատիրապետումը: Նրանց վախը վտանգի պահին վկայում էր նրանց անհավատության մասին: Իրենց փրկելու ջանքերով տարված’ նրանք մոռացան Հիսուսին և իրենց անզորությունը գիտակցելուց հետո միայն դիմեցին Նրա օգնությանը: ԴՓ 402.4
Որքա՜ն հաճախ ենք մենք կրկնում այդ նույն սխալը: Երբ վրա են հասնում փորձության փոթորիկները, փայլատակում են մոլեգին կայծակները, և ալիքները փշրվում են մեզ վրա, մենք մարտնչում ենք փոթորկի դեմ միայնակ’ մոռանալով, որ կա Մեկը, ով կարող է օգնել մեզ: Մենք վստահում ենք մեր ուժերին և հուսալքված’ պատրաստ ենք լինում խորտակվելու: Հետո հիշում ենք Հիսուսին ու երբ կանչում ենք Նրան’ մեզ փրկելու, մեր կանչն անպատասխան չի մնում: Թեև Նա դառնացած հանդիմանում է մեր անհավատությունն ու ինքնավստահությունը, բայց միշտ էլ օգնության ձեռք է մեկնում, ինչի կարիքը մենք շատ ենք զգում: Եթե Փրկիչը մեր սրտում է, թե’ ցամաքում, թե’ ծովում վախենալու կարիք չկա: Փրկչի հանդեպ կենդանի հավատը կխաղաղեցնի կյանքի ծովը և դուրս կբերի մեզ վտանգից այն ճանապարհով, որը, Նրա կարծիքով, ամենալավը կլինի մեզ համար: ԴՓ 403.1
Փոթորիկը խաղաղեցնելու այս հրաշքը ևս մի դաս է պարունակում: Ամեն ոք իր կյանքի փորձից գիտի, թե որքան ճշմարտացի են աստվածաշնչյան այս խոսքերը. «Ամբարիշտները ալեծուփ ծովի նման են, որ չի կարող հանդարտվել... Խաղաղություն չկա, ասում է իմ Աստվածը, ամբարիշտների համար” (Եսայիա 57.20-21): Մեղքը կործանել է մեր խաղաղությունը: Մինչև «ես»-ը չսանձահարվի, մենք չենք կարող հանգիստ գտնել: Մարդկային ոչ մի ուժ չի կարող սանձել սրտում փոթորկվող կրքերը: Այստեղ մենք նույնքան անօգնական ենք, որքան աշակերտները’ մոլեգին փոթորիկը հանդարտեցնելիս: Բայց Նա, ով հանդարտեցրեց Գալիլեայի ծովի փրփրադեզ ալիքները, խաղաղություն է շնորհում ամեն մի հոգու: Բոլոր նրանք, ովքեր դառնալով Հիսուսին, բացականչում են. «Տե’ր, փրկի’ր մեզ”, ազատություն կստանան, որքան էլ կատաղի լինի փոթորիկը: Նրա շնորհը, որ հաշտեցնում է հոգին Աստծո հետ, զսպում է մարդկային կրքերի ալեկոծությունը, և Նրա սիրո մեջ սիրտը հանգիստ է գտնում: «Մրրիկ քամին հանդարտություն դարձրեց. և նրա ալիքները հանգստացան. Եվ նրանք ուրախացան, որ դադարեց, և նա առաջնորդեց նրանց դեպի նավահանգիստ, որ ցանկանում էին նրան» (Սաղմոս 107.29-30): «Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»: «Եվ արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը’ հանգիստ ու ապահովություն հավիտյան» (Հռոմեացիս 5.1, Եսայիա 32.17): [337] ԴՓ 403.2
Վաղ առավոտյան Փրկիչն ու Իր ուղեկիցները ափ եկան, և արշալույսի շողերն ասես խաղաղության օրհնությամբ դիպան ծովին ու ցամաքին: Հենց նոր էին ափ իջել, երբ նրանց առջև մի տեսարան բացվեց, որն ավելի սարսափելի էր, քան կատաղի փոթորիկը: Գերեզմաններում գտնվող իրենց թաքստոցից երկու խելագար, կարծես հոշոտելու մտադրությամբ, հարձակվեցին նրանց վրա: Այդ մարդկանցից շղթաների կտորներ էին կախված, որ կտրտել էին’ բանտարկությունից փախչելու համար: Նրանց մարմինը խոշտանգված ու արյունոտ էր այն վերքերից, որ իրենք էին բացել սուր քարերով: Գզգզված երկար մազերի արանքից կայծկլտում էին նրանց աչքերը: Թվում էր, թե դևերն իսպառ ոչնչացրել էին նրանց մարդկային կերպարանքը, և նրանք ավելի շուտ գազանների էին նման, քան մարդկանց: ԴՓ 404.1
Աշակերտներն ու նրանց ուղեկիցները ահաբեկված դիմեցին փախուստի, բայց շուտով նկատեցին, որ Հի- սուսն իրենց հետ չէ, և հետ դարձան’ Նրան փնտրելու: Նա կանգնած էր այնտեղ, որտեղ նրանք լքել էին Իրեն: Նա, ով սանձել էր փոթորիկը, իսկ ավելի վաղ հանդիպել և հաղթել սատանային, չփախավ այս դևերից: Երբ մարդիկ, ատամները կրճտացնելով և փրփուրը բերաններին, մոտեցան Նրան, Հիսուսը բարձրացրեց այն ձեռքը, որով նշան էր տվել ալիքներին հանդարտվել, և մարդիկ չկա- րողացան մոտ գալ: Նրանք կատաղած, բայց անօգնական կանգնած էին Նրա առջև: [338] ԴՓ 404.2
Նա իշխանությամբ հրամայեց պիղծ ոգիներին դուրս գալ նրանցից: Նրա խոսքերը թափանցեցին այդ դժբախտ մարդկանց մթագնած մտքի մեջ: Նրանք աղոտ կերպով սկսեցին հասկանալ, որ կանգնած են Մեկի առջև, ով կարող է իրենց փրկել տանջող դևերից: Նրանք ընկան Փրկչի ոտքերը’ Նրան երկրպագելու, բայց երբ նրանց շուրթերը բացվեցին’ ողորմություն աղերսելու, դևերը խոսեցին նրանց միջից’ զայրացած գոչելով. «Քեզ ի՞նչ բան կա ինձ հետ, Հիսու’ս, Որդի’ բարձրյալ Աստծո, աղաչում եմ քեզ, մի’ տանջիր ինձ”: ԴՓ 405.1
Հիսուսը հարցրեց. «Անունդ ի՞նչ է”: Եվ պատասխանը եղավ. «Լեգեոն է իմ անունը, որովհետև մենք շատ ենք”: Այդ թշվառներին օգտագործելով որպես միջնորդներ հաղորդակցության համար՝ նրանք աղաչեցին Հիսուսին չվտարել իրենց այդ երկրից: Նրանցից ոչ հեռու’ սարալանջին, խոզերի մի երամակ էր արածում: Դևերը խնդրեցին, որ իրենց թույլ տրվի մտնել այդ խոզերի մեջ, և Հիսուսը թույլ տվեց նրանց: Երամակն անմիջապես խուճապի մեջ ընկավ: Նրանք կատաղած ցած վազեցին ժայռից և չկարողանալով կանգ առնել ափի մոտ’ թափվեցին լճի մեջ և կործանվեցին: ԴՓ 405.2
Միևնույն ժամանակ զարմանահրաշ մի փոփոխություն տեղի ունեցավ դիվահարների հետ: Նրանց միտքը պայծառացավ, և գիտակցությունը վերականգնըվեց: Նրանց դեմքը, որ երկարատև աղավաղումից արտացոլում էր սատանայի պատկերը, հանկարծ փոխվեց, արյունոտված ձեռքերն ամոքվեցին, և ուրախ ձայներով նրանք սկսեցին փառաբանել Աստծուն իրենց ազատագրման համար: ԴՓ 405.3
Քարափի վրայից խոզապահները տեսել էին այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, և նրանք շտապեցին լուրը հայտնել իրենց տերերին և ամբողջ ժողովրդին: Սարսափած և ապշած’ տեղի բոլոր բնակիչները դուրս եկան’ Հիսուսին տեսնելու: Դիվահարները ահ ու սարսափ էին տարածել այդ երկրում: Ոչ ոք չէր կարող անվտանգ անցնել այն տեղերով, որտեղ նրանք էին գտնվում, որովհետև նրանք դիվային կատաղությամբ հարձակվում էին բոլոր ճամփորդների վրա: Հիմա այս երկուսը, հագնված ու լիովին գիտակից, նստել էին Հիսուսի մոտ, և լսելով Նրա խոսքերը’ փառաբանում էին Նրա անունը, ով առողջացրել էր իրենց: Բայց ժողովրդին, որ հավաքվել էր այստեղ, չու- րախացրեց այս հրաշալի տեսարանը: Խոզերի կորուստը նրանց համար շատ ավելի կարևոր էր, քան սատանայի այս գերյալների ազատագրումը: [339] ԴՓ 405.4
Խոզատերերի հանդեպ ողորմությունն էր պատճառը, որի համար թույլ տրվեց այդ կորուստը: Նրանք կլանված էին աշխարհիկ գործերով, և հոգևոր կյանքի վեհ սկզբունքները չէին հետաքրքրում նրանց: Հիսուսը կամեցավ փշրել եսասեր անտարբերության կախարդանքը, որպեսզի նրանք կարողանային ընդունել Իր շնորհը: Բայց իրենց նյութական կորստի ափսոսանքն ու վրդովմունքը թույլ չտվեցին նրանց տեսնել Փրկչի ողորմությունը: ԴՓ 406.1
Գերբնական ուժի դրսևորումն արթնացրեց ժողովրդի սնահավատությունը և երկյուղ առաջացրեց նրանց մեջ: Այս Օտարականը մեծ վնաս կարող է հասցնել, եթե շարունակի մնալ իրենց երկրում: Վախենալով սնանկանալ’ նրանք որոշեցին ազատվել Նրանից: Հիսուսի հետ լիճն անցած մարդիկ պատմեցին նրանց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նախորդ գիշերը, թե ինչպես էր վտանգի ենթարկվել իրենց կյանքը փոթորկի ժամանակ, և ինչպես էին քամին ու ծովը հանդարտեցվել: Բայց նրանց խոսքերը ոչ մի ներգործություն չունեցան: Ահաբեկված ժողովուրդը հավաքվեց Հիսուսի շուրջը’ աղերսելով Նրան հեռանալ իրենց սահմաններից: Նա համաձայնեց և անմիջապես նավ նստելով’ ուղևորվեց դեպի դիմացի ափը: ԴՓ 406.2
Գերգեսացիներին տրվեց Քրիստոսի զորության և ողոր- մության կենդանի վկայությունը: Նրանք տեսան այն մարդկանց, որոնց բանականությունը վերականգնվել էր, բայց այնքան էին վախենում վտանգի ենթարկել իրենց երկրային շահերը, որ անկոչ հյուրի տեղ դրեցին Նրան, ով իրենց աչքերի առջև պարտության էր մատնել խավարի իշխանին: Եվ երկնքի Պարգևը հեռացավ նրանց դռներից: Մենք հնարավորություն չունենք երես թեքելու անձամբ Քրիստոսից, ինչպես գերգեսացիներն արեցին, բայց շատերն այսօր էլ հրաժարվում են հնազանդվել Նրա խոսքին, որովհետև դա կապված է աշխարհիկ շահերի զոհաբերման հետ: Շատերը մերժում են Նրա շնորհը և իրենցից վանում Նրա Հոգին, որպեսզի Նրա ներկայությունը նյութական կորուստ չպատճառի իրենց: ԴՓ 406.3
Բայց բոլորովին այլ էր ապաքինված դիվահարների կարծիքը: Նրանց հաճույք էր պատճառում իրենց ազատարարի ընկերակցությունը: Նրա ներկայությամբ նրանք իրենց ապահով էին զգում դևերից, որոնք տառապանքի էին վերածել նրանց կյանքը և կործանել երիտասար- դությունը: Երբ Հիսուսը պատրաստվում էր նավ մտնել, նրանք, չկամենալով բաժանվել Նրանից, ծնկի իջան Նրա ոտքերի առջև և աղաչեցին, որ Իր մոտ պահի իրենց, որպեսզի միշտ կարողանան լսել Նրա խոսքերը: Բայց Հիսու- սը պատվիրեց նրանց վերադառնալ տուն և պատմել, թե ինչ մեծ բաներ է Տերն արել իրենց համար: ԴՓ 407.1
Ահա այն գործը, որ նրանք պետք է անեին. գնալ իրենց հեթանոս տունը և պատմել այն օրհնության մասին, որն իրենք ստացել էին Հիսուսից: Շատ ծանր էր բաժանվել Փրկչից: Նրանց, անկասկած, մեծ դժվարություններ էին սպասվում իրենց հեթանոս հայրենակիցների մեջ: Երկար ժամանակ մեկուսացած հասարակությունից’ նրանք, թվում էր, անընդունակ են այն գործի համար, որ Հիսուսը հանձնարարել էր: Բայց երբ Նա մատնանշեց նրանց պարտականությունը, նրանք պատրաստ էին հնազանդվելու: Եվ նրանք Հիսուսի մասին պատմեցին ոչ միայն իրենց ընտանիքի անդամներին ու հարևաններին, այլև շրջելով Դե- կապոլիսում’ ամեն տեղ հայտարարեցին Նրա փրկարար զորության մասին’ նկարագրելով, թե ինչպես է Նա ազատել իրենց դևերից: Այսպես նրանք ավելի մեծ օրհնություն կարող էին ստանալ, քան եթե մնացած լինեին Նրա մոտ միայն իրենց օգտի համար: Փրկության բարի լուրը տարածելով է, որ մենք մոտենում ենք Փրկչին: [340] ԴՓ 407.2
Երկու ապաքինված դիվահարներն առաջին ավետարանիչներն էին, որոնց Քրիստոսն ուղարկել էր’ ավետարանը քարոզելու Դեկապոլիսի շրջանում: Շատ կարճ ժամանակ էին միայն այս մարդիկ շնորհ ունեցել լսելու Քրիստոսի խոսքերը: Ոչ մի քարոզ Նրա շուրթերից նրանք երբևէ չէին լսել: Նրանք չէին կարող այնպես սովորեցնել ժողովրդին, ինչպես աշակերտները, ովքեր ամեն օր Քրիստոսի հետ էին: Բայց նրանք իրենց մեջ կրում էին այն վկայությունը, որ Հիսուսը Մեսիան է: Նրանք կարող էին պատմել այն, ինչ գիտեին, ինչ իրենք անձամբ տեսել, լսել ու զգացել էին Քրիստոսի զորությունից: Ահա թե ինչ կարող է անել ամեն ոք, ում սրտին դիպել է Աստծո շնորհը: Հովհաննեսը’ սիրելի աշակերտը, գրել է. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին’ կյանքի Բանի համար... Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ” (Ա Հովհաննես 1.1-3): Որպես Քրիստոսի վկաներ’ մենք պետք է պատմենք’ ինչ որ գիտենք, ինչ որ ինքներս տեսել, լսել և զգացել ենք: Եթե մենք քայլ առ քայլ հետևել ենք Հիսուսին, ապա, հարկ եղած դեպքում, կարող ենք ինչ-որ բան պատմել այն մասին, թե ինչպես է Նա առաջնորդել մեզ: Մենք կարող ենք պատմել, թե ինչպես ենք սեփական փորձով համոզվել, որ Նրա խոստումները ճշմարիտ են: Մենք կարող ենք վկայել այն, ինչ գիտենք Քրիստոսի շնորհի մա- սին: Ահա այն վկայությունը, որին մեզ կոչ է անում մեր Տերը, և որի պակասությունից աշխարհը կործանվում է: ԴՓ 408.1
Թեև գերգեսացիները չընդունեցին Հիսուսին, Նա չթողեց նրանց այն խավարի մեջ, որն իրենք ընտրել էին: Երբ Նրան խնդրեցին հեռանալ իրենցից, նրանք չէին լսել Նրա խոսքերը: Նրանք չգիտեին, թե ինչից են հրաժարվում: Դրա համար էլ Նա նորից լույս ուղարկեց նրանց այն մարդկանց միջոցով, ում նրանք չէին հրաժարվի լսել: ԴՓ 408.2
Խոզերին կործանելով’ սատանան նպատակ ուներ հեռացնել ժողովրդին Փրկչից և կանխել ավետարանի քարոզն այդ շրջանում: Բայց հենց այս դեպքը ոտքի հանեց ամբողջ երկիրը, ինչպես ոչ մի ուրիշ բան չէր կարող դա անել, և բոլորի ուշադրությունը հրավիրեց Քրիստոսի վրա: Ու թեև Փրկիչն անձամբ հեռացավ, բայց այն մարդիկ, որոնց Նա բուժել էր, մնացին որպես Իր զորության վկաներ: Նրանք, ովքեր խավարի իշխանի միջնորդներն էին, դարձան լույսի անոթներ’ Աստծո Որդու լրաբերները: Մարդիկ ապշում էին’ լսելով այդ հրաշալի լուրը: Ավետարանի համար մի դուռ էր բացվել այդ ամբողջ շրջանում: Երբ Հիսուսը վերադարձավ Դեկապոլիս, ժողովուրդը խմբերով հավաքվեց Նրա շուրջը, և երեք օր շարունակ փրկության լուրը լսեցին ոչ միայն այդ մի քաղաքի բնակիչները, այլև մոտակա շրջաններից եկած հազարավոր մարդիկ: Դևերի իշխանությունն անգամ մեր Փրկչի հսկողության տակ է գտնվում, և չարի ծրագրերը շրջվում են ծառայելու ի բարին: [341] ԴՓ 409.1
Գերգեսացի դիվահարների դեպքը խրատական էր աշակերտների համար: Այն ցույց տվեց, թե սատանան քայքայման ինչ աստիճանի է ուզում հասցնել ողջ մարդկային ցեղը, ինչպես նաև’ նրա իշխանությունից մարդկանց ազատագրելու Քրիստոսի առաքելությունը: Գերեզմանոցներում բնակվող, դևերով բռնված և անզուսպ կատաղությանն ու նողկալի կրքերին ստրուկ դարձած այս թշվառ արարածները ցույց են տալիս, թե ինչի կարող է վերածվել մարդկությունը, եթե հանձնվի սատանայի իրա- վասությանը: Սատանան անընդհատ գործի է դնում իր ազդեցությունը, որպեսզի, բթացնելով մարդկանց ուղեղը, նրանց միտքը ծառայեցնի չարին և դրդի նրանց բռնութ- յան և հանցագործության: Նա թուլացնում է մարմինը, մթնեցնում բանականությունը և այլասերում հոգին: Ամեն անգամ, երբ մարդիկ մերժում են Փրկչի հրավերը, անձնատուր են լինում սատանային: Հազարավոր մարդիկ այսօր այդպես են վարվում կյանքի ամեն մի բնագավառում’ տանը, աշխատանքի մեջ և նույնիսկ եկեղեցում: Սա է պատճառը, որ ամբողջ երկրում տարածվել են բռնությունն ու հանցանքը, իսկ բարոյական խավարը մահվան քողի պես պատել է մարդկանց բնակավայրերը: Հնարամիտ փորձությունների միջոցով սատանան մարդկանց մղում է ավելի ու ավելի վատ հանցանքների, մինչև հասցնի ծայրահեղ զրկանքների ու կործանման: ԴՓ 409.2
Նրա զորության դեմ միակ պաշտպանությունը Հիսու- սի ներկայությունն է: Մարդկանց և հրեշտակների առջև սատանան բացահայտվեց որպես թշնամի և կործանիչ, իսկ Քրիստոսը’ որպես մարդու բարեկամ և ազատարար: Նրա Հոգին մարդու մեջ զարգացնում է այն ամենը, ինչ ազնվացնում է բնավորությունն ու վեհացնում էությունը, վերականգնում մարդու մարմինը, հոգին և շունչը’ Աստծո փառքի համար: «Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության” (Բ Տիմոթեոս 1.7): Նա կանչել է մեզ’ ստանալու «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի» փառքը’ Նրա բնավորությունը, կանչել է’ «իր Որդու պատկերին կերպարանակից լինելու” (Բ Թե- սաղոնիկեցիս 2.14, Հռոմեացիս 8.29): ԴՓ 410.1
Եվ այն հոգիները, ովքեր մի ժամանակ ծառայում էին սատանային, այսօր էլ Քրիստոսի զորությամբ վերափոխվում, դառնում են արդարության լրաբերներ, և Աստծո Որդին ուղարկում է նրանց պատմելու, «թե Տերն ինչ բաներ արավ քեզ և քեզ ողորմեց”: [342] ԴՓ 410.2