ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

27/87

Գլուխ 27. - «Կարող ես ինձ սրբել”

(Մատթեոս 8.2-4, 9.1-8, 32-34, Մարկոս 1.40-45, 2.1-12, Ղուկաս 5.12-28)

ԱՐԵՎԵԼՔՈՒՄ հայտնի բոլոր հիվանդություններից ամենասոսկալին բորոտությունն էր: Լինելով անբուժելի և վարակիչ’ իր զոհերի վրա ունեցած զարհուրելի ազդեցությամբ այն սարսափով էր լցնում նույնիսկ ամենախիզախ մարդուն: Հրեաներն այն դիտում էին որպես մեղքի պատիժ, ուստի այն անվանում էին «խարազան», «Աստծո մատը”: Խորապես արմատացած, անբուժելի և մահացու այդ հիվանդությունը համարվում էր մեղքի խորհրդանիշ: Ծիսական օրենքի համաձայն’ բորոտին հայտարարում էին անմաքուր: Նա արդեն մեռած էր համարվում հասարակության համար և վտարվում էր մարդկային բնակավայրերից: Ինչի որ նա դիպչեր, պիղծ էր դառնում: Նրա շունչը թունավորում էր օդը: Նա, ում կասկածում էին այդ հիվանդության մեջ, պարտավոր էր ներկայանալ քահանաներին, որպեսզի նրանք զննեին և վճռեին նրա ճակատագիրը: Եթե բորոտ էր հայտարարվում, մեկուսացվում էր իր ընտանիքից, հեռացվում Իսրայելի համայնքից և դատապարտվում շփվելու միմիայն իր նման դժբախտների հետ: Օրենքն անողոք էր իր պահանջներում: Բացառություն չէր արվում նույնիսկ թագավորների և իշխանավորների համար: Այս սարսափելի հիվանդությամբ վարակված միապետն անգամ պետք է հանձներ իր արքայական գավազանն ու վտարվեր հասարակությունից: ԴՓ 300.1

Հեռու իր բարեկամներից և հարազատներից’ բորոտը պետք է կրեր իր հիվանդության անեծքը: Նա պետք է հրապարակեր իր սեփական դժբախտությունը, պատառոտեր իր հագուստները և տագնապ հնչեցներ’ զգուշացնե- լով բոլորին հեռու փախչել իր ապականիչ ներկայությունից: Լքված տարագրի ողբալի ճիչը’ «անմաքու՜ր, անմաքու՜ր», մի ազդանշան էր, որը սարսափով և զզվանքով էր լսվում: [263] ԴՓ 300.2

Այն տարածքում, որտեղ ծառայում էր Քրիստոսը, շատ այսպիսի դժբախտներ կային, և Նրա հրաշագործությունների լուրը հասել էր նաև նրանց’ հույսի կրակ վառելով վերջիններիս սրտերում: Բայց Եղիսե մարգարեի ժամանակներից ի վեր ոչ ոք չէր լսել, որ սրբվեր այնպիսի մեկը, ում բաժին էր ընկել այս հիվանդությունը: Նրանք չէին համարձակվում հուսալ, որ Հիսուսը իրենց համար կանի այն, ինչ չէր արել ոչ մի մարդու համար: Սակայն կար մեկը, ում սրտում սկսեց հավատ ծագել: Բայց այդ մարդը չգիտեր’ ինչպես մոտենալ Հիսուսին: Զրկված իր ընկերների հետ շփվելու իրավունքից’ նա ինչպե՞ս կարող էր ներկայանալ Բժշկին: Եվ դեռ հարց էր’ կբուժի՞ արդյոք իրեն Քրիստո- սը: Ուշադրության կարժանացնի՞ արդյոք Նա մեկին, ով, ամենքի կարծիքով, կրում էր Աստծո պատիժը: Չի՞ անիծի արդյոք Նա իրեն փարիսեցիների և նույնիսկ բժիշկների նման և չի՞ վռնդի արդյոք մարդկանց բնակավայրից: Նա մտաբերում էր այն ամենը, ինչ լսել էր Հիսուսի մասին: Նրա օգնությունն աղերսող ոչ մի հոգի դեռ չէր մերժվել: Եվ այդ դժբախտ մարդը որոշեց գտնել Փրկչին: Քաղաքներից քշված’ նա հույս ուներ հանդիպել Նրան լեռնային ճանապարհների երկայնքով ձգվող շավիղների վրա, կամ էլ գուցե գտներ Նրան քաղաքներից դուրս’ սովորեցնելիս: Դժվարությունները մեծ էին, բայց դա էր միակ հույսը: ԴՓ 301.1

Բորոտը փնտրում և գտնում է Փրկչին: Հիսուսը քարոզում էր լճի մոտ, և Նրա շուրջը մեծ բազմություն էր հավաքված: Հեռվում կանգնած’ բորոտը կարողանում է մի քանի խոսք լսել Փրկչի շուրթերից: Նա տեսնում է, թե ինչպես է Հիսուսն Իր ձեռքերը դնում հիվանդների վրա, ինչպես են կաղերը, կույրերը, անդամալույծներն ու տարբեր հիվանդություններից մեռնողներն առողջա- նում’ փառաբանելով Աստծուն իրենց ազատագրման համար: Հավատն ամրանում է նրա սրտում, և նա զգուշորեն սկսում է մոտենալ հավաքված ամբոխին: Մոռացվում են իր վրա դրված սահմանափակումները, ժողովրդի անվտանգությունն ու այն սարսափը, որ ինքը ներշնչում է բոլորին: Նա մտածում է միմիայն բուժվելու օրհնյալ հույսի մասին: ԴՓ 301.2

Նա նողկալի կերպարանք ուներ: Հիվանդությունը սարսափելի ավերածություններ էր գործել, և սոսկալի էր նայել նրա քայքայվող մարմնին: Նրան տեսնելով’ մարդիկ սարսափահար ընկրկում են: Նրանք հրմշտում են իրար’ ջանալով խուսափել նրան դիպչելուց: Մի քանիսը փորձում են հետ պահել նրան’ արգելելով մոտենալ Հիսուսին, բայց իզուր: Նա ոչ ոքի չի տեսնում և չի լսում: Մարդիկ ստորացուցիչ խոսքեր են նետում նրա հասցեին: Նա տեսնում է միայն Աստծո Որդուն: Նա լսում է միայն այն ձայնը, որ կյանք է տալիս մեռնողին: Մոտենալով Հիսուսին’ նա նետվում է Նրա ոտքերի առաջ’ գոչելով. «Տե’ր, թե որ կամենաս, կարող ես ինձ սրբել»: ԴՓ 302.1

Հիսուսը պատասխանում է. «Կամենում եմ, սրբվի’ր”, և Իր ձեռքը դնում է նրա վրա (Մատթեոս 8.3): Անմիջապես փոփոխություն է կատարվում բորոտի մեջ: Նրա մարմինն առողջանում է, նյարդերը վերակենդանանում, և մկաններն ամրանում են: Բորոտությանը բնորոշ կոպիտ, թեփուկավոր մաշկը փափկում, դառնում է բաց կարմիր, ինչպես լինում է առողջ երեխաների մոտ: [264] ԴՓ 302.2

Հիսուսն այդ մարդուն պատվիրում է ոչ ոքի չպատմել կատարվածի մասին, այլ անմիջապես ներկայանալ տաճար և զոհ մատուցել: Նրա զոհը չէր ընդունվի, մինչև քահանաները չզննեին նրան և չհայտարարեին, որ նա լիովին մաքրված է հիվանդությունից: Որքան էլ չկամենային այս ծառայությունը կատարել, նրանք չէին կարող խուսափել դեպքը քննության ենթարկելուց և որոշում կայացնելուց: ԴՓ 302.3

Գրքի խոսքերը ցույց են տալիս, թե ինչպիսի համառությամբ է Քրիստոսը մարդուց պահանջում լռություն պահպանել և անհապաղ գործել: «Եվ նրան սաստելով’ շուտով դուրս հանեց նրան ու ասաց. «Զգու’յշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա’, քեզ ցու’յց տուր քահանային և քո սրբվելու համար մատուցի’ր այն, ինչ Մովսեսը հրամայեց, նրանց վկայություն լինելու համար»“: Եթե քահանաներն իմանային բորոտի բուժման հետ կապված փաստերը, Քրիստոսի հանդեպ ունեցած ատելությունը կդրդեր նրանց անազնիվ վճիռ կայացնել: Հիսուսը ցանկանում էր, որ մարդը տաճար ներկայանար ավելի շուտ, քան հրաշքի մասին լուրերը կհասնեին նրանց: Այսպիսով՝ կապահովվեր նրանց վճռի անկողմնակալությունը, և սրբված բորոտին կթույլատրվեր կրկին միանալ իր ընտանիքին ու ընկերներին: ԴՓ 303.1

Հիսուսը նաև այլ նպատակներ էր հետապնդում’ պատ- վիրելով մարդուն լռություն պահպանել: Փրկիչը գիտեր, որ Իր թշնամիներն անընդհատ փորձում են սահմանա- փակել Իր գործունեությունը, որպեսզի ժողովրդին հետ պահեն Իրենից: Նա գիտեր, որ եթե բորոտի ապաքինման լուրը տարածվեր շրջակայքում, այդ սոսկալի հիվանդությամբ տառապող մյուս հիվանդները կշտապեին Իր մոտ, և դժգոհություն կհայտնվեր, թե ժողովուրդը, նրանց հետ շփվելով, կարող է վարակվել: Բորոտներից շատերը չէին կարող առողջության պարգևն օգտագործել այնպես, որ այն օրհնություն լիներ իրենց և մյուսների համար: Եվ իր կողմը գրավելով բորոտներին’ Նա առիթ կտար Իրեն մեղադրելու ծիսական օրենքի սահմանափակումները խախտելու մեջ: Իսկ դա կխոչընդոտեր Ավետարանը քարոզելու Նրա գործին: [265] ԴՓ 303.2

Դեպքերն ապացուցեցին, որ Քրիստոսի նախազգուշացումը տեղին էր: Բորոտի բուժմանն ականատես էր եղել մարդկանց մի մեծ բազմություն, որն ուզում էր իմանալ, թե ինչ որոշում են կայացնելու քահանաները: Երբ մար- դը վերադարձավ իր բարեկամների մոտ, մեծ իրարանցում սկսվեց: Չնայած Հիսուսի նախազգուշացմանը’ նա այլևս չկարողացավ թաքցնել իր բուժման փաստը: Եվ իրոք անհնար կլիներ թաքցնել այն, և բորոտը ազդարարեց այդ մասին ամենուրեք: Մտածելով, որ Հիսուսը միայն համեստությունից դրդված էր կարգադրել իրեն լռել’ նա շրջում էր ամենուրեք’ հռչակելով այս Մեծ Բժշկի զորության մա- սին: Նա չէր հասկանում, որ ամեն մի նման երևույթ ավելի վճռական էր դարձնում քահանաների ու ծերերի’ Հի- սուսին սպանելու որոշումը: Ապաքինվածը հասկացավ, որ առողջությունը չափազանց թանկ արժե: Նա ցնծում էր, որ վերագտել է իր առնականությունը, վերադարձել իր ընտանիքի գիրկը, դարձել հասարակության լիարժեք անդամը, և կարծում էր, թե անհնար է չփառաբանել այն Բժշկին, ով առողջացրել է իրեն: Բայց ամենուրեք տարածելով այդ լուրը’ նա միայն վնաս հասցրեց Փրկչի աշխատանքին: Մարդկանց այնպիսի բազմություններ սկսեցին հավաքվել Նրա շուրջը, որ Նա ստիպված եղավ որոշ ժամանակ դադարեցնել Իր գործունեությունը: ԴՓ 303.3

Քրիստոսի ծառայության յուրաքանչյուր քայլը հեռա- հար նպատակ էր հետապնդում: Այն ավելի խոր իմաստ էր պարունակում, քան գործողությունն ինքը: Այդպես էր նաև բորոտի դեպքում: Ծառայելով բոլոր նրանց, ովքեր գալիս էին Իր մոտ’ Հիսուսը կամենում էր օրհնել նաև նրանց, ովքեր չէին գալիս: Դեպի Իրեն գրավելով մաքսավորներին, հեթանոսներին և սամարիացիներին’ Նա փափագում էր շահել նաև քահանաներին և ուսուցիչներին, ովքեր ներփակվել էին իրենց նախապաշարումների և ավանդույթների մեջ: Նա ոչ մի ջանք չխնայեց, որպեսզի հասնի նրանց սրտերին: Առողջացած բորոտին ուղարկելով քահանաների մոտ’ Նա մի վկայություն տվեց նրանց, որով հույս ուներ ցրել նրանց նախապաշարումները: ԴՓ 304.1

Փարիսեցիները հայտարարել էին, թե Քրիստոսի ուսմունքը դեմ է այն օրենքին, որ Աստված տվել էր Մովսե- սի միջոցով, բայց այն փաստը, որ Նա սրբված բորոտին պատվիրել էր զոհ մատուցել օրենքի համաձայն, հերքում էր այս մեղադրանքը: Դա բավարար վկայություն էր բոլոր նրանց համար, ովքեր կամենում էին համոզվել դրանում: ԴՓ 304.2

Երուսաղեմի առաջնորդները լրտեսներ էին ուղարկել, որպեսզի պատճառ գտնեն’ Քրիստոսին մահվան դատապարտելու համար: Ի պատասխան’ Նա ապացուցեց Իր սերը մարդկության հանդեպ, Իր հարգանքը օրենքի նկատմամբ և մեղքից ու մահից ազատելու Իր զորությունը: Այսպես էր Նա վկայել նրանց մասին. «Եվ բարիի փոխարեն չար են հատուցում ինձ, և իմ սիրո փոխարեն’ ատելություն” (Սաղմոս 109.5): Նա, ով լեռան վրա պատվիրել էր. «Սիրեցե’ք ձեր թշնամիներին”, Իր անձնական օրինակով հաստատեց այդ սկզբունքը’ «չարի փոխարեն չար” չհատուցելով կամ «բամբասանքի փոխարեն’ բամբասանք, այլ, ընդհակառակը, օրհնելով» (Մատթեոս 5.44, Ա Պետրոս 3.9): [266] ԴՓ 305.1

Այն նույն քահանաները, ովքեր դատապարտել էին բորոտին տարագրության, հաստատեցին նրա բուժումը: Հրապարակավ հայտարարված և գրանցված այս վճիռն անհերքելի վկայություն էր’ հօգուտ Քրիստոսի: Եվ քանի որ բուժված մարդը վերականգնվել էր Իսրայելի համայնքի մեջ քահանաների այն վկայության հիման վրա, որ հիվանդության ոչ մի հետք չկա նրա վրա, ուստի նա ինքը մի կենդանի վկա էր իր Բարերարի օգտին: Նա ուրախությամբ մատուցեց իր զոհն ու մեծարեց Հիսուսի անունը: Քահանաները համոզվեցին Փրկչի աստվածային զորության մեջ: Նրանց հնարավորություն էր տրվել ճանաչելու ճշմարտությունը և օգտվելու լույսից: Չընդունելու դեպքում այն կհեռանար անվերադարձ: Շատերը մերժե- ցին լույսը, բայց այն իզուր չէր տրվել: Շատերի սրտերը շարժվեցին’ որոշ ժամանակ ոչ մի նշան ցույց չտալով: Փրկչի կյանքի ընթացքում Նրա առաքելությունը կարծես սիրո նշույլ անգամ չէր արթնացնում քահանաների և ու- սուցիչների մեջ, բայց Նրա համբարձումից հետո «քահանաներից էլ մի մեծ բազմություն հնազանդվում էր հավատին” (Գործք առաքելոց 6.7): ԴՓ 305.2

Բորոտի ապաքինումն իր սոսկալի հիվանդությունից խորհրդանշում է հոգին մեղքից մաքրելու Քրիստոսի աշխատանքը: Հիսուսի մոտ եկած մարդը «բորոտությունով լիքն» էր: Հիվանդության մահացու թույնը տարածվել էր նրա ամբողջ մարմնով: Աշակերտները ձգտում էին հետ պահել իրենց Տիրոջը նրան դիպչելուց, քանի որ բորոտին դիպչողը ինքն էլ էր պղծվում: Բայց Իր ձեռքը դնելով բորոտի վրա’ Հիսուսը չպղծվեց: Նրա հպումը կենարար ուժ հաղորդեց նրան: Բորոտությունը մաքրվեց: Այդպես էլ մեղքի բորոտությունն է’ խորապես արմատացած, մահացու, որն անհնար է մաքրել մարդկային ուժերով: «Ամբողջ գլուխը հիվանդ է, և ամբողջ սիրտը նվաղել է: Ոտքի թաթից մինչև գլուխը ողջ տեղ չկա նրա վրա. հարվածներ և վերքեր և թարախոտ խոցեր” (Եսայիա 1.5«6): Բայց Հիսուսը, գալով և ապրելով մարդկանց մեջ, չի պղծվում: Նրա ներկայությունը բուժիչ զորություն ունի մեղավորի համար: Ով էլ որ ընկնի Նրա ոտքերը և հավատով խնդրի. «Տե’ր, թե որ կամենաս, կարող ես ինձ սրբել”, կլսի այս պատասխանը. «Կամենում եմ, սրբվի’ր” (Մատթեոս 8.2,3): ԴՓ 306.1

Բուժելիս’ առանձին դեպքերում Հիսուսն անմիջապես չէր շնորհում ցանկալի օրհնությունը: Բայց բորոտության այս դեպքում հազիվ էր արտահայտվել խնդրանքը, երբ այն բավարարվեց: Երբ մենք աղաչում ենք երկրային օրհնությունների համար, մեր աղոթքի պատասխանը կարող է ուշանալ, կամ էլ Աստված կարող է մեզ տալ ոչ այն, ինչ մենք խնդրել ենք: Բայց բոլորովին այլ է, երբ մենք ազատություն ենք խնդրում մեղքից: Այդ Նրա կամքն է’ մաքրել մեզ մեղքից, Իր զա-վակները դարձնել մեզ և ուժ տալ’ ապրելու սուրբ կյանքով: Քրիստոսն «իր անձը մեր մեղքերի համար տվեց, որ մեզ այս չար աշխարհից փրկի’ Աստծո և մեր Հոր կամքի պես” (Գաղատացիս 1.4): Եվ «սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ: Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրածները, որ խնդրեցինք նրանից» (Ա Հովհաննես 5.14,15): «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից” (Ա Հովհաննես 1.9): [267] ԴՓ 306.2

Կափառնայումում անդամալույծին բուժելիս’ Քրիստոսը դարձյալ նույն ճըշմարտությունը սովորեցրեց: Մեղքեր ներելու Իր զորությունը դրսևորելու համար Նա գործեց այս հրաշքը: Եվ անդամալույծի բուժումը նույնպես թանկարժեք ճըշմարտություններ է լուսաբանում: Այն լի է հույսով ու ոգեշնչմամբ, և նախազգուշացնող մի դաս է’ ուղղված մանրախնդիր փարիսեցիներին: ԴՓ 307.1

Բորոտի նման այս անդամալույծը ևս կորցրել էր ապաքինվելու բոլոր հույսերը: Նրա հիվանդությունն իր մեղավոր կյանքի հետևանքն էր, և նրա տառապանքներն ավելի էին սաստկանում խղճի խայթից: Նա շատ վաղուց էր դիմել փարիսեցիներին և բժիշկներին’ հուսալով ազատվել հոգեկան տառապանքներից ու մարմնավոր ցավերից: Բայց նրանք սառնասրտորեն անբուժելի էին հայտարարել նրան և թողել Աստծո բարկությանը: Փարիսեցիները դժբախտությունն աստվածային միջամտության վկայություն էին համարում և իրենց հեռու պահում հիվանդներից ու կարիքավորներից: Սակայն հաճախ հենց նրանք, ովքեր իրենց սուրբ են ձևացնում, ավելի հանցավոր են լինում, քան թե թշվառները, որոնց նրանք մեղադրում են: ԴՓ 307.2

Անդամալույծը միանգամայն անօգնական էր, և ոչ մի տեղից աջակցություն ստանալու հեռանկար չտեսնելով’ վհատվել էր: Հետո նա լսել էր Հիսուսի հրաշալի գործերի մասին: Նրան պատմել էին, որ իր նման մեղավոր և անօգնական շատ ուրիշներն են բուժվել, և նույնիսկ բորոտներն են մաքրվել: Եվ այս լուրերը հասցնող նրա բարեկամները հույս էին տալիս նրան, որ ինքն էլ կարող է բուժվել, եթե նրան տանեն Հիսուսի մոտ: Բայց նա հուսահատվում էր’ հիշելով, թե ինչպես է ձեռք բերել այդ հիվանդությունը: Նա վախենում էր, որ այդ սուրբ Բժիշկը չի հանդուրժի իրեն Իր ներկայությամբ: ԴՓ 307.3

Սակայն նա տենչում էր ոչ այնքան ապաքինվել մարմնով, որքան ազատվել իր մեղքի ծանրությունից: Եթե նա կարողանար Հիսուսին տեսնել և համոզվել, որ ներված է և հաշտված Երկնքի հետ, նա կհամաձայներ ապրել կամ մեռնել, ինչպես Աստված կամենար: Մեռնողի հոգու ճիչն էր. «Օ՜, եթե ես կարողանայի հանդիպել Նրան»: Ժամանակ չկար. նրա հյուծված մարմնի վրա արդեն քայքայման նշաններ էին երևում: Նա խնդրեց իր բարեկամներին մահճի վրա տանել իրեն Հիսուսի մոտ, և նրանք ուրախությամբ կատարեցին այդ: Բայց այն տանը, որտեղ Հիսուսն էր, և նրա շուրջն այնքան խիտ բազմություն էր հավաքվել, որ անհնար էր հասնել Հիսուսին կամ գոնե մոտենալ այնքան, որ լսվեր Նրա ձայնը: ԴՓ 308.1

Հիսուսը սովորեցնում էր Պետրոսի տանը: Իրենց սովորության համաձայն’ աշակերտները նստել էին Նրա կողքին, այստեղ էին «փարիսեցիները և օրենքի վարդապետները... որ Գալիլեայի ամեն գյուղաքաղաքներից, Հրեաս- տանից ու Երուսաղեմից էին հավաքվել”: Սրանք եկել էին որպես լրտեսներ’ Հիսուսի դեմ մեղադրական փաստեր գտնելու: Այս պաշտոնյաներից բացի’ ամեն տեսակ մարդիկ էին հավաքվել’ նախանձախնդիրներ, պատվարժաններ, հետաքրքրասերներ և անհավատներ: Այստեղ կային տարբեր ազգությունների և հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներ: «Եվ Տիրոջ զորությունը կար նրանց բժշկելու համար”: Կյանքի Հոգին էր թևածում հավաքվածների վրա, բայց փարիսեցիներն ու վարդապետները չէին նկատում Նրա ներկայությունը: Նրանք բուժման կարիք չէին զգում: «Սովածներին բարիքներով լցրեց, և հարուստներին դատարկ արձակեց” (Ղուկաս 1.53): [268] ԴՓ 308.2

Անդամալույծին բերողները կրկին ու կրկին փորձում էին ճանապարհ բացել ամբոխի միջով, բայց ապարդյուն: Հիվանդն իր շուրջն էր նայում աննկարագրելի տառապանքով: Ինչպե՞ս կարող էր նա հուսահատվել, երբ բաղձալի օգնությունն այդքան մոտ էր: Իր առաջարկությամբ նրա ընկերները բարձրացրին նրան տան կտուրը և այն քանդելով’ իջեցրին Հիսուսի ոտքերի առջև: Զրույցն ընդհատվեց, Փրկիչը նայեց վշտալի դեմքին և տեսավ Իրեն նայող աղերսալի աչքերը: Նա հասկացավ, թե ինչ էր կատարվել. Նա դեպի Իրեն էր քաշել դժբախտ և կասկածող այդ հոգուն: Անդամալույծը դեռ իր տանն էր եղել, երբ Փրկիչն արթնացրել էր նրա խիղճը: Երբ նա ապաշխարել էր իր մեղքերի համար և հավատացել, որ Հիսուսի զորությունը կառողջացնի իրեն, Փրկչի կենսատու ողորմությունն առաջինն էր շտապել հագեցնելու ծարավ սիրտը: Հիսուսը նկատել էր, թե ինչպես է հավատի առաջին շողը հանգեցրել նրան այն համոզման, որ միայն Նա է մեղավորի նեցուկը, և տեսել էր, որ նրա հավատը գնալով ավելի էր ամրացել Իրեն գտնելու ամեն մի ջանքի հետ: ԴՓ 309.1

Փրկչի խոսքերն ասես երաժշտություն լինեին տառապյալի համար. «Քաջացի’ր, որդյա’կ, քո մեղքերը ներված են քեզ”: ԴՓ 309.2

Վհատության բեռը վայր է ընկնում հիվանդի սրտից, և հոգու վրա հանգչող խաղաղությունն արտացոլվում է նրա դեմքին: Ֆիզիկական ցավն անհետանում, և նրա ամբողջ էությունը վերափոխվում է: Անօգնական անդամալույծը բուժվա՜ծ է, հանցավոր մեղսագործը ներվա՜ծ է: ԴՓ 309.3

Պարզ հավատով նա ընդունեց Հիսուսի խոսքերը որպես նոր կյանքի պարգև: Նա այլևս ոչ մի խնդրանք չուներ, և պառկած էր երանելի լռության մեջ’ երջանկությունից չկարողանալով որևէ բան ասել: Երկնային լույս էր շողում նրա դեմքի վրա, և ժողովուրդն ակնածանքով դիտում էր այս տեսարանը: ԴՓ 309.4

Վարդապետներն անհամբերությամբ էին սպասել, որ տեսնեն, թե այս դեպքում ինչպես կվարվի Քրիստոսը: Նրանք հիշում էին, թե ինչպես էր այդ մարդն իրենցից օգնություն խնդրել, իսկ իրենք հրաժարվել էին կա- րեկցել կամ հուսադրել նրան: Եվ դա դեռ քիչ է, նրանք հայտարարել էին, որ նա տառապում է Աստծո անեծքից’ իր մեղքերի պատճառով: Երբ նրանք իրենց առջև տեսան հիվանդին, այս բոլորը վերակենդանացավ նրանց հիշողության մեջ: Նրանք նկատեցին այն հետաքրքրությունը, որով բոլորը հետևում էին տեսարանին, և սոսկալի վախ զգացին, որ կարող են կորցնել իրենց ազդեցությունը ժողովրդի վրա: [269] ԴՓ 310.1

Այդ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի խոսք չփոխանակեցին միմյանց հետ, բայց, մեկը մյուսի դեմքին նայելով, նույն միտքը կարդացին, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել’ հուզմունքի պոռթկումը կասեցնելու հա- մար: Հիսուսը հայտարարել էր, որ անդամալույծի մեղքերը ներված են: Փարիսեցիները կառչեցին այս խոսքերից’ դրանք դիտելով որպես հայհոյություն, և մտածեցին, որ կարող են սա որպես մահվան արժանի մեղք ներկայաց- նել: Նրանք ասացին իրենց մտքում. «Հայհոյություններ է խոսում, ո՞վ կարող է մեղք թողնել, եթե ոչ մեկը’ Աստված» (Մարկոս 2.7): ԴՓ 310.2

Իր հայացքն ուղղելով նրանց, ինչից նրանք կծկվեցին և հետ քաշվեցին, Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտերում այդ բաները մտածում: Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել’ թողված են քեզ քո մեղքերը, թե՞ ասել’ վե’ր կաց, քո մահիճդ ա’ռ և մա’ն եկ: Բայց որ իմանաք, թե մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողնելու»: Եվ դառնալով դեպի անդամալույծը’ հրամայեց. «Վե’ր կաց, մահիճդ ա’ռ և գնա’ քո տունը”: ԴՓ 310.3

Եվ ահա նա, ում պատգարակի վրա էին բերել Հիսուսի մոտ, ոտքի է կանգնում երիտասարդին վայել ճկունությամբ և ուժով: Կենսատու արյունը կրկին սկսում է հոսել նրա երակների միջով: Նրա մարմնի ամեն մի օրգան անսպասելիորեն սկսում է գործել: Առողջ վարդագույնը փոխարինում է մոտալուտ մահվան գունատությանը: «Եվ նա շուտով վեր կացավ, մահիճն առավ և ամենի առաջին դուրս գնաց, մինչև որ ամենքը զարմանում էին և Աստծուն փառավորում’ ասելով, թե երբեք այսպիսի բան չենք տեսել»: ԴՓ 310.4

Օ՜, Քրիստոսի զարմանահրաշ սեր, որ խոնարհվում ես’ օգնելու հանցավորին և դժբախտին: Տառապող մարդկության դժբախտությունների համար վշտացող և ողորմած Աստվածությո՜ւն: Օ՜, մարդկանց որդիներին հայտնված հրաշալի զորություն: Ո՞վ կարող է կասկածել փրկության լուրին: Ո՞վ կարող է անտեսել կարեկցող Փրկչի ողորմութ- յունները: [270] ԴՓ 311.1

Առնվազն արարչագործ ուժ էր պահանջվում’ այդ քայքայվող մարմինն առողջացնելու համար: Նույն ձայնը, որ կյանքի էր կոչել հողի փոշուց ստեղծված մարդուն, կյանք տվեց նաև մեռնող անդամալույծին: Եվ այն նույն զորությունը, որ կյանք տվեց մարմնին, նորոգեց նաև նրա սիրտը: Նա, ով արարչագործության ժամանակ «ասաց, և եղավ”, ով «հրամայեց, և հաստատվեց” (Սաղմոս 33.9), կյանք տվեց այն հոգուն, որ մեռած էր հանցանքների ու մեղքերի մեջ: Առողջացած մարմինը վկայում էր այն զորության մասին, որ նորոգել էր սիրտը: Քրիստոսն ան-դամալույ- ծին կարգադրեց վեր կենալ և քայլել: «Բայց որ իմանաք,- ասաց Նա ,- թե մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողելու»: ԴՓ 311.2

Անդամալույծը Քրիստոսի մեջ գտավ թե’ իր հոգու, թե’ իր մարմնի բժշկությունը: Հոգևոր բուժմանը հետևեց մարմնավոր առողջացումը: Այս դասը չպետք է անուշադ- րության մատնվի: Այսօր մարմնական հիվանդություններից տառապող հազարավոր մարդիկ կան, ովքեր ա- նդամալույծի նման կարոտ են լսելու այս խոսքերը. «Քո մեղքերը ներված են քեզ”: Նրանց հիվանդությունների հիմքում ընկած է մեղքի ծանրությունը’ իր տագնապներով ու չբավարարված ցանկություններով: Նրանք չեն կարող հանգիստ գտնել, մինչև չդիմեն հոգու Բժշկին: Այն խաղաղությունը, որ միայն Նա կարող է տալ, կզորացնի միտքն ու կառողջացնի մարմինը: ԴՓ 311.3

Հիսուսը եկավ, «որ սատանայի գործերը քանդի»: «Նրանով էր կյանքը”, և Նա ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան»: Նա «կենդանարար հոգի» է (Ա Հովհաննես 3.8, Հովհաննես 1.4, 10.10, Ա Կորնթացիս 15.45): Եվ հիմա էլ Նա ունի նույն կենսատու զորությունը, ինչպես այն ժամանակ, երբ այս երկրում բուժում էր հիվանդներին և թողություն տալիս մեղավորներին: Նա «ներում է քո բոլոր մեղքերը», Նա «բժշկում է քո ամեն ցավերը» (Սաղմոս 103.3): ԴՓ 312.1

Անդամալույծին բուժելը ժողովրդի վրա այնպիսի տպավորություն թողեց, կարծես երկինքն էր բացվել’ ցույց տալով վերին աշխարհի փառքը: Երբ ապաքինված մարդն անցավ բազմության միջով’ ամեն քայլափոխի օրհնելով Աստծուն և տանելով իր բեռը, որն ասես փետուրի ծանրություն ուներ, ժողովուրդը հետ քաշվեց’ ճամփա տալով նրան, և երկյուղածությամբ լի դեմքերը հառած նրա վրա’ իրենք իրենց մեղմորեն շշնջացին. «Նորանշան բաներ տեսանք այսօր»: ԴՓ 312.2

Փարիսեցիները պապանձվել էին զարմանքից և իրենց ջախջախված էին զգում: Նրանք տեսան, որ բազմության մեջ ոչ ոք չի կիսում իրենց կասկածներն ու նախանձը: Հրաշք կատարվեց այն մարդու հետ, ում նրանք հանձնել էին Աստծո անեծքին, և դա այնպես էր ազդել ժողովրդի վրա, որ վարդապետները որոշ ժամանակ մոռացության էին մատնվել: Նրանք տեսան, որ Քրիստոսն օժտված է մի զորությամբ, որն իրենք միայն Աստծուն են վերագրել, սակայն Նրա հեզաբարո արժանապատվությունը խիստ տարբերվում էր իրենց գոռոզ պահվածքից: Նրանք շփոթված և խայտառակված էին’ գիտակցելով, բայց չկամենալով խոստովանել իրենցից ավելի գերազանց էակի ներկայությունը: Որքան ավելի հաստատ էր այն փաստը, որ Հիսուսը զորություն ուներ երկրի վրա մեղքեր ներելու, այնքան ավելի խորն էին նրանք ընկղմվում իրենց անհավատության մեջ: Պետրոսի տնից, որտեղ տեսել էին, թե ինչպես էր Նրա խոսքը բուժել անդամալույծին, նրանք հեռացան’ նոր ծրագրեր կազմելու, որպեսզի լռեցնեն Աստծո Որդուն: [271] ԴՓ 312.3

Մարմնական հիվանդությունը, որքան էլ անբուժելի և արմատացած’ բուժվել էր Քրիստոսի զորությամբ, բայց հոգեկան հիվանդությունն է’լ ավելի խոր արմատներ էր գցել նրանց մեջ, ովքեր փակել էին իրենց աչքերը լույսի առջև: Կաթվածն ու բորոտությունը այնքան էլ սոսկալի չէին, որքան մոլեռանդությունն ու անհավատությունը: ԴՓ 313.1

Բուժված անդամալույծի տանը մեծ ուրախություն տիրեց, երբ նա իր ընտանիքը վերադարձավ’ հեշտությամբ կրելով այն պատգարակը, որի վրա քիչ առաջ զգուշորեն դուրս էին տարել իրեն: Երջանկության արցունքներ թափվեցին հարազատների աչքերից, երբ նրանք, դժվարությամբ հավատալով իրենց տեսածին, շրջապատեցին նրան: Իր ողջ առնական կայտառությամբ նա կանգնած էր նրանց առջև: Երբեմնի անկենդան ձեռքերը հիմա հեշտությամբ էին ենթարկվում իրեն: Երբեմնի քայքայված և կապարագույն մարմինն այժմ առույգ էր ու վարդագույն: Նրա քայլվածքը թեթև էր ու հաստատուն: Նրա աչքերը բերկրանք և հույս էին ճառագում, իսկ դեմքի պարզությունն ու խաղաղությունը ջնջել էին մեղքի ու տառապանքի հետքերը: Ցնծության ու երախտագիտության բացականչություններ էին հնչում այդ տանը, և Աստված փառավորվում էր Իր Որդու միջոցով, ով վերադարձրել էր վհատի հույսն ու տկարի ուժը: Այս մարդն ու իր ընտանիքը պատրաստ էին իրենց կյանքը տալ Հիսուսի համար: Ոչ մի կասկած չէր մթագնում նրանց հավատը, ոչ մի անհավատություն չէր խեղաթյուրում նրանց հավատարմությունը Նրա հանդեպ, ով լույս էր բերել նրանց մութ բնակարանը: [272] ԴՓ 313.2