ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 26. - Կափառնայումում
ԻՐ ճամփորդությունների ընթացքում Հիսուսը հաճախ կանգ էր առնում Կափառնայումում, որը շուտով սկսեցին անվանել «Նրա քաղաքը”: Այն կառուցված էր Գալիլեայի ծովափին’ Գեննեսարեթի գեղատեսիլ հարթավայրի մոտ: ԴՓ 286.1
Լճի խորությունը հարավային մեղմ կլիմա էր ապահովում լճափնյա հարթավայրի համար: Քրիստոսի ժամանակներում այստեղ աճում էին արմավենիներ և ձիթենիներ, այստեղ կային մրգատու ծառեր և խաղողի այգիներ, կանաչ դաշտեր և շքեղորեն փթթող երփներանգ ծաղիկներ, և այս ամենը ոռոգվում էր լեռներից բխող կենարար ջրերով: Լճի ափերին և մոտակա բլուրների վրա ցիրուցան սփըռված էին քաղաքներ և գյուղեր: Լիճը ծածկված էր ձկնորսական նավերով: Բոլորն աշխուժորեն աշխատում էին, և ամենուրեք եռում էր կյանքը: ԴՓ 286.2
Կափառնայումը շատ հարմար տեղ էր’ Փրկչի գործունեության կենտրոնը լինելու համար: Կառուցված լինելով Դամասկոսից դեպի Երուսաղեմ և Եգիպտոս ու Միջերկրական ծով տանող մայրուղու վրա’ այն երթևեկության մի մեծ խաչմերուկ էր դարձել: Մարդիկ տարբեր երկրներից իրենց ճամփորդությունների ժամանակ անցնում էին քաղաքի միջով կամ էլ կանգ առնում’ այստեղ հանգստանալու: Այստեղ Հիսուսը կարող էր հանդիպել ամեն ազգի և խավի մարդկանց’ հարուստ և բարձրաստիճան, աղքատ և հասարակ, ու Նրա ուսմունքը կտարածվեր մյուս երկրներում և բազմաթիվ ընտանիքներում: Մեծ հետաքրքրություն կառաջանար’ ուսումնասիրելու մարգարեությունները, բոլորի ուշադրությունը կուղղվեր Փրկչի վրա, և Նրա առաքելությունը հայտնի կդառնար ամբողջ աշխարհին: [253] ԴՓ 286.3
Հակառակ Հիսուսի գործունեությունը կասեցնելու ատյանի որոշմանը’ ժողովուրդն անհամբերությամբ էր սպասում Նրա առաքելության զարգացմանը: Ամբողջ երկինքը լարված հետևում էր այս ամենին: Հրեշտակները ճանապարհ էին նախապատրաստում Նրա ծառայության հա- մար’ ազդելով մարդկանց սրտերի վրա և մղելով նրանց դեպի Փրկիչը: ԴՓ 287.1
Կափառնայումում այն ազնվականի որդին, ում Քրիստոսը բուժել էր, վկա էր եղել Նրա զորությանը: Պալատական պաշտոնյան և նրա ընտանիքն ուրախությամբ վկայում էին իրենց հավատի մասին: Երբ հայտնի դարձավ, որ Ուսուցիչն Ինքն է եկել իրենց մոտ, ամբողջ քաղաքն իրար անցավ: Մարդիկ հեղեղի պես սկսեցին հոսել Նրա մոտ: Շաբաթ օրը ժողովարանը լեփ-լեցուն էր մարդկանցով, և շատերը ստիպված դրսում մնացին’ չկարողանալով ներս մտնել: ԴՓ 287.2
Լսելով Փրկչին’ բոլորը «զարմանում էին նրա վարդապետության վրա, որ նրա խոսքը իշխանությունով էր”: «Որովհետև իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում նրանց, և ոչ թե դպիրների պես” (Ղուկաս 4.32, Մատթեոս 7.29): Դպիրների և ծերերի ուսմունքը’ սառն ու ձևական, անգիր արած դաս էր հիշեցնում: Նրանց համար Աստծո խոսքը կենարար զորություն չուներ: Աստվածաշնչյան ուսմունքի տեղը գրավել էին նրանց տեսություններն ու ավանդույթները: Անվերջանալի քարացած ծիսակատարությունների միջոցով նրանք ձևացնում էին, թե բացատրում են օրենքը, սակայն ինչպես նրանք, այնպես էլ նրանց ունկնդիրները չէին զգում Սուրբ Հոգու ներգործությունն իրենց սրտերի վրա: ԴՓ 287.3
Հիսուսը չէր շոշափում այն հարցերը, որոնք տարաձայնություն էին առաջացնում հրեաների մեջ: Նրա գործն էր ներկայացնել ճշմարտությունը: Նրա խոսքերը պայծառ լույս էին սփռում նահապետների և մարգարեների ուսմունքի վրա, և Գրքերն ասես նոր հայտնություն էին դառ- նում մարդկանց համար: Նախկինում երբեք Նրա ունկնդիրներն այդքան խորությամբ չէին ընկալել Աստծո խոսքի նշանակությունը: ԴՓ 287.4
Հիսուսը մարդկանց հետ խոսում էր նրանց հետաքրք- րող նյութերի շուրջ որպես մեկը, ով ծանոթ էր նրանց դժվարություններին: Նա գեղեցկացնում էր ճշմարտությունը’ ներկայացնելով այն պարզ ու հասկանալի: Նրա լեզուն մաքուր էր, հղկված և հստակ’ խոխոջուն առվակի նման: Նրա ձայնն ասես երաժշտություն լիներ նրանց համար, ովքեր միշտ լսել էին վարդապետների միապաղաղ ձայները: Ու թեև Նրա ուսմունքը պարզ էր, սակայն Նա իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում: Եվ հենց այդ պատճառով է, որ Նրա ուսմունքը տարբերվում էր մյուս բոլոր ուսմունքներից: Վարդապետները խոսում էին կասկածանքով ու տատանվելով, կարծես թե Գրքերը կարելի էր մեկ անգամ այսպես մեկնաբանել, մյուս անգամ’ բոլորովին այլ կերպ: Ունկնդիրներն օրեցօր ավելի ու ավելի էին անորոշության մեջ ընկնում: Բայց Հիսուսն Աստծո Խոսքը ներկայացնում էր որպես անվիճելի հեղինակություն և ճշմարտությունը հայտնում էր այնպիսի զորությամբ, որ անհնար էր հերքել այն: [254] ԴՓ 288.1
Բայցևայնպես Նա ավելի շատ լուրջ էր, քան կրակոտ: Խոսելով այնպես, ասես որոշակի նպատակ ուներ իրակա- նացնելու’ Նա ցույց էր տալիս հավիտենական աշխարհի իրողությունները: Նրա ամեն մի խոսքը բացահայտում էր Աստծուն: Հիսուսը ձգտում էր փշրել այն հմայիչ կախարդանքի շղթաները, որոնք կապել էին մարդկանց երկրայինի հետ: Նա, իհարկե, չէր ժխտում մարդու ամենօրյա կարիքների բավարարման կարևորությունը, սակայն դա երկրորդական էր համարում հավիտենական շահերի համեմատությամբ: Նա սովորեցնում էր, որ երկինքն ու երկիրը կապված են իրար հետ, և որ աստվածային ճշմարտության իմացությունն ավելի լավ կարող է մարդուն նախապատրաստել’ կատարելու իր առօրյա կյանքի պարտականությունները: Նա խոսում էր որպես մեկը, ով ծանոթ է երկնքին, գիտակցում է Իր կապն Աստծո հետ, Իր միասնությունը մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ: ԴՓ 288.2
Նա տարբեր մարդկանց ողորմության լուրը մատուցում էր տարբեր ձևերով’ ելնելով նրանց պահանջներից: Նա գիտեր’ ինչպես «վաստակածին օգնել խոսքով» (Եսայիա 50.4), քանի որ շնորհ էր թափվում Նրա շուրթերից, որպեսզի ամենամատչելի ձևով կարողանար մարդկանց հաղորդել ճշմարտության գանձերը: Նա նրբանկատորեն էր մոտենում նախապաշարվածներին և զարմացնում նրանց ուշագրավ օրինակներով, որոնք օգնում էին Նրան թափանցել մարդկանց սրտերը: Իր օրինակները Նա վերցնում էր առօրյա կյանքից, ու թեև դրանք պարզ էին, սակայն իրենց մեջ խոր և հրաշալի իմաստ էին պարունակում: Երկնքի թռչունները, դաշտի շուշանները, սերմը, հովիվն ու ոչխարները. սրանք էին այն առարկաները, որոնց օգնությամբ Քրիստոսը լուսաբանում էր հարատև ճշմարտությունը, և հետագայում’ ամեն անգամ, երբ Նրա ունկնդիրները պատահաբար հանդիպում էին բնության այս առարկաներին, հիշում էին Նրա խոսքերը: Եվ այսպես անընդհատ կրկնվում էին Քրիստոսի դասերը: ԴՓ 289.1
Քրիստոսը երբեք չէր շողոքորթում մարդկանց, երբեք չէր ասում այնպիսի բաներ, որոնք կարող էին դրդել նրանց մեծամտության, և ոչ էլ նրանց գովաբանում էր իրենց խելամիտ հայտնագործությունների համար: Բայց անկանխակալ, խոր մտածողներն ընդունում էին Նրա ուսմունքը և գտնում, որ դրանով պետք է ստուգվի իրենց իմաստությունը: Նրանք ապշում էին, թե ինչպես է հոգևոր ճշմարտությունն արտահայտվում ամենահասարակ լեզվով: Ամենալուսավորյալ մարդիկ հմայվում էին Նրա խոսքերով, իսկ կիսագրագետները միշտ խրատներ էին առնում դրանցից: Նա անգրագետներին նույնպես լուր ուներ հաղորդելու, և անգամ հեթանոսներն էին հասկացել, որ Նրա լուրը վերաբերում է նաև իրենց: ԴՓ 289.2
Նրա գորովալից կարեկցանքը ամոքիչ ազդեցությամբ էր հպվում հոգնատանջ ու մտահոգ սրտերին: Նույնիսկ զայրացած թշնամիների մոլեգնության պահերին Նա պահպանում էր ներքին խաղաղությունը: Նրա դեմքի գեղեցկությունը, Նրա բնավորության վայելչությունը և, մանավանդ, Նրա հայացքի ու ձայներանգի մեջ արտահայտվող սերը դեպի Նրան էին ձգում բոլորին, ովքեր չէին կարծրացել անհավատության մեջ: Եթե Նրա ամեն մի հայացքի և խոսքի մեջ չշողար կարեկցանքի ոգին, Նա չէր կարող դեպի Իրեն գրավել այդքան մեծաթիվ բազմություններ: Նրա մոտ եկող դժբախտ մարդիկ զգում էին, որ Նա իրենց վշտակցում է հավատարիմ ու ջերմ ընկերոջ նման, և ցանկանում էին ավե-լի շատ բան իմանալ այն ճշմարտություն մասին, որ Նա սովորեցնում էր: Երկինքը մոտեցել էր մարդկանց, և նրանք տենչում էին Նրա ներկայությունը, որպեսզի Նրա սիրո մխիթարությունը երբեք չլքի իրենց: [255] ԴՓ 290.1
Հիսուսը մեծ լրջությամբ էր հետևում Իր ունկնդիրների դեմքի արտահայտությունների փոփոխությանը: Նրան մեծ հաճույք էին պատճառում այն հայացքները, որոնք հետաքրքրություն ու բավականություն էին արտահայտում: Երբ ճշմարտության նետերը մխրճվում էին հոգու մեջ’ փշրելով եսասիրության պատնեշն ու դրդելով ապաշխարության և երախտագիտության, Փրկիչն ուրախանում էր: Երբ ծանոթ դեմքեր էր տեսնում Իրեն ունկնդրող բազմության մեջ, Նրա աչքերը փայլում էին ուրախությունից: Նրանց մեջ Նա հուսալի թեկնածուներ էր տեսնում Իր թագավորության համար: Երբ պարզ ասված ճշմարտությունը դիպչում էր փայփայված որևէ կուռքի, Նա նկատում էր դեմքի փոփոխությունը’ սառը, վանող հայացքը, և հասկանում, որ լույսն անցանկալի է: Տեսնելով, թե ինչպես են մարդիկ մերժում խաղաղության լուրը’ Նա վշտանում էր մինչև սրտի խորքը: ԴՓ 290.2
Ժողովարանում Հիսուսը խոսում էր արքայության մասին, որը եկել էր հիմնելու, ինչպես նաև սատանայի գերիներին ազատ արձակելու Իր առաքելության մասին, երբ հանկարծ մի սարսափելի ճիչ ընդհատեց Նրան: Մի խելագար առաջ նետվեց ժողովրդի միջից’ գոչելով. «Թո’ղ տուր, ի՞նչ բան ունես մեզ հետ, Հիսու’ս Նազովրեցի, եկար մեզ կորցնելո՞ւ: Գիտեմ քեզ, դու ով ես, Աստծո Սուրբդ”: ԴՓ 291.1
Բոլորը խառնվեցին իրար, և խուճապ առաջացավ: Ժողովրդի ուշադրությունը շեղվեց Քրիստոսից, և Նրա խոսքերը կորան աղմուկի մեջ: Հենց այդ նպատակով էր սատանան իր զոհին ժողովարան բերել: Բայց Հիսուսը հան- դիմանեց դևին՝ ասելով. «Պապանձվի՜ր և դու՜րս եկ դրանից, և դևը նրան գետնին զարկեց մեջտեղը, և դուրս եկավ նրանից, և ոչ մի վնաս չտվեց նրան”: ԴՓ 291.2
Սատանան խավարեցրել էր այս թշվառ տառապյալի միտքը, բայց Փրկչի ներկայությամբ լույսի շողը ճեղքեց խավարը: Նա տենչում էր ազատվել սատանայի իշխանությունից, բայց դևն ընդդիմանում էր Քրիստոսի զորությանը: Երբ մարդը փորձեց օգնություն աղերսել Հիսուսից, նրա շուրթերով խոսեց չար ոգին, և նա ճչաց’ սարսափից տառապելով: Դիվահարը որոշ չափով հասկացել էր, որ գտնվում է Մեկի ներկայությամբ, ով կարող էր ազատել իրեն, բայց երբ նա փորձեց մոտենալ այդ հզոր ձեռքին, մեկ ուրիշի կամքը հետ պահեց նրան, և ուրիշի խոսքերը հնչեցին նրա շուրթերից: Սարսափելի էր պայքարը նրա ազատվելու ցանկության և սատանայի զորության միջև: [256] ԴՓ 291.3
Նա, ով հաղթել էր սատանային փորձության անապատում, կրկին դեմ առ դեմ դուրս եկավ Իր թշնամու հետ: Դևը լարեց իր բոլոր ուժերը, որպեսզի իր իշխանության տակ պահի զոհին: Զիջել’ կնշանակեր հաղթանակը տալ Հիսուսին: Թվաց, թե այդ տանջահար մարդը կորցնելու է իր կյանքը թշնամու դեմ մղվող պայքարում, որ կործանել էր նրա երիտասարդությունը: Բայց Փրկիչը խոսեց իշխանությամբ և ազատ արձակեց գերյալին: Այն մարդը, ով քիչ առաջ գտնվում էր դևի հսկողության տակ, հիմա կանգնած էր ապշած ժողովրդի առջև’ ցնծալով, որ վերստին գտել էր իր կամքի ազատությունը: Նույնիսկ դևը վկայեց Փրկչի աստվածային զորության մասին: ԴՓ 291.4
Մարդը փառաբանեց Աստծուն’ իրեն ազատագրելու համար: Նրա աչքերը, որ քիչ առաջ փայլատակում էին մոլագարության կրակով, այժմ շողում էին խելամտությամբ և լցվել էին երախտագիտության արցունքներով: Մարդիկ պապանձվել էին զարմանքից: Հենց որ նրանց խոսելու կարողությունը վերականգնվեց, սկսեցին հարցուփորձ անել իրար. «Սա ի՞նչ է. ի՞նչ նոր վարդապետություն է դա, որ իշխանությունով պիղծ ոգիներին էլ սաստում է, և հնազանդվում են նրան» (Մարկոս 1.27): ԴՓ 292.1
Այս մարդը, որ մի սոսկալի տեսարան էր դարձել իր ընկերների համար և մի ծանր լուծ’ հենց իր համար, դժբախտացել էր սեփական մեղքի պատճառով: Նա հրապուրված էր եղել մեղավոր հաճույքներով և կամեցել էր իր կյանքը վերածել մի շքեղ տոնահանդեսի: Նրա մտքով անգամ չէր անցել, որ կարող է սարսափ դառնալ աշխարհի համար և նախատինք’ իր ընտանիքին: Նա կարծել էր, թե իր ժամանակն անցնելու է անմեղ հիմարությունների մեջ: Բայց մեկ անգամ ոտք դնելով անկում տանող ճանապարհին’ նա արագորեն ցած էր գլորվել: Անզսպությունն ու թեթևամտությունը այլասերել էին նրա էության ազնիվ հատկանիշները, և սատանան բացարձակ իշխանություն էր ձեռք բերել նրա վրա: ԴՓ 292.2
Զղջումը եկավ չափազանց ուշ: Վերջապես գիտակցելով, որ կորցրած երիտասարդությունը վերադարձնելու համար պետք է զոհաբերի իր հարստությունն ու հրաժարվի հա- ճույքներից’ նա տեսել էր, որ անզոր է չարագործի որոգայթների դեմ: Նա հայտնվել էր թշնամու տարածքում, և սատանան իր հսկողության տակ էր առել Նրա բոլոր ունակությունները: Փորձիչը հրապուրել էր նրան բազմաթիվ դյութիչ հեռանկարներով, և քանի որ այդ թշվառն արդեն նրա իշխանության տակ էր, չար ոգին սկսել էր անասելի տանջանքների ենթարկել իր զոհին: Ահա թե ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր տրվում են չարին: Դյութիչ հաճույքներով լի այդ ճանապարհն ավարտվում է հուսահատության խավարով կամ կործանված հոգու խելագարությամբ: ԴՓ 292.3
Նույն չար ոգին, որ փորձել էր Քրիստոսին անապատում և տիրել Կափառնայումի դիվահարին, իշխում էր նաև ան- հավատ հրեաներին: Բայց նրանց մոտ նա բարեպաշտի տեսք էր ընդունել, որպեսզի մոլորեցնի’ դրդելով մերժել Փրկչին: Նրանց վիճակն ավելի անհուսալի էր, քան դիվա- հարինը, որովհետև նրանք Քրիստոսի կարիքը չէին զգում և դրա համար էլ ամուր կապված էին սատանայի շղթաներով: [257] ԴՓ 293.1
Մարդկանց մեջ Քրիստոսի անձնական ծառայության ժամանակաշրջանը խավարի թագավորության ուժերի ամենաբուռն գործունեության ժամանակն էր: Դարեր շարունակ սատանան իր չար հրեշտակներով ձգտել է իշխել մարդկանց մարմիններին ու հոգիներին, որպեսզի նրանց գցի մեղքի և տառապանքի մեջ, իսկ հետո այդ բոլոր ցավերի համար մեղադրել է Աստծուն: Հիսուսը մարդկանց հայտնում էր Աստծո բնավորությունը: Նա փշրում էր սատանայի զորությունը և ազատ արձակում նրա գերինե- րին: Մարդիկ նոր կյանք, սեր և զորություն էին ստանում երկնքից, և չարի իշխանը ոտքի էր ելել’ պայքարելու իր թագավորության գերիշխանության համար: Սատանան հավաքել էր իր բոլոր ուժերը և ամեն քայլափոխի փորձում էր խանգարել Քրիստոսին Իր աշխատանքում: ԴՓ 293.2
Այդպես կլինի նաև արդարության և մեղքի միջև ընթացող պայքարի վերջին մեծ բախման ժամանակ: Մինչ բարձրից Քրիստոսի աշակերտներին տրվում է նոր կյանք, լույս և զորություն, ցածում սատանան իր հերթին ոտքի է հանում իր գործակալներին: Լարվածությունը երկրում գնալով ավելի է մեծանում: Չարի իշխանը վարպետորեն քողարկվում է’ օգտագործելով դարավոր պայքարի ընթացքում ձեռք բերած խորամանկության իր փորձը: Նա հայտնվում է լույսի հրեշտակի կերպարանքով, և հազարավոր մարդիկ «մտիկ են տալիս մոլար ոգիների և դևերի վարդապետությունների” (Ա Տիմոթեոս 4.1): ԴՓ 293.3
Քրիստոսի օրերում Իսրայելի առաջնորդներն ու ուսուցիչները անզոր էին դիմակայելու սատանայի իշխանությանը: Նրանք արհամարհում էին այն միակ միջոցը, որի օգնությամբ կարող էին դիմակայել չար ոգիներին: Աստծո խոսքով էր, որ Քրիստոսը հաղթեց չարագործին: Իսրայելի առաջնորդներն իրենց Աստծո խոսքի պահապաններն էին համարում, բայց նրանք այն ուսումնասիրել էին միայն իրենց ավանդույթներն ու մարդկային սովորույթները պահպանելու համար: Նրանք այնպիսի մեկնաբա- նություններ էին անում, որ Աստված երբեք չէր տվել: Նրանց խորհրդավոր մեկնությունը անորոշ էր դարձնում այն ամենը, ինչ պարզ էր ու հասկանալի: Հերքելով ամե- նաէական ճշմարտությունները’ նրանք վիճաբանում էին դատարկ հարցերի շուրջ: Այդպես նրանք ամենուրեք անհավատություն էին սերմանում: Աստծո խոսքը զրկելով իր զորությունից’ չար ոգիներն իրենց կամքն էին կատա- րում: [258] ԴՓ 294.1
Պատմությունը կրկնվում է: Հայտարարելով, թե հարգում են Աստվածաշնչի հրահանգները’ մեր օրերի կրոնական առաջնորդներն իրականում կոտրում են մարդկանց հավատն Աստծո Խոսքի նկատմամբ: Աղավաղելով խոսքը’ նրանք իրենց կարծիքն ավելի բարձր են դասում, քան Աստվածաշնչի պարզագույն դրույթները: Նրանց ձեռքերում Աստծո խոսքը կորցնում է իր կենսատու զո- րությունը: Ահա թե ինչու է անհավատությունը վեր ածվում ըմբոստության, և լայն տարածում է ստանում անօրենությունը: ԴՓ 294.2
Կոտրելով մարդկանց հավատն Աստվածաշնչի նկատմամբ’ սատանան նրանց լույսի ու զորության այլ աղբյուրներ է առաջարկում: Այդպես նա վստահություն է ներշնչում իր հանդեպ: Նրանք, ովքեր հրաժարվում են Գրքի պարզ ուսմունքից և Աստծո Սուրբ Հոգու համոզիչ զորությունից, իրենց հանձնում են դևերի իշխանությանը: Սուրբ Գրոց քննադատությունն ու սխալ մեկնաբանութ- յունները ճամփա են բացել ոգեհարցության և աստվածիմացության’ հնադարյան հեթանոսության այդ ժամանակակից ձևերի առջև, որոնք կայուն տեղ են գտել նույնիսկ, այսպես կոչված, քրիստոնեական եկեղեցիներում: ԴՓ 295.1
Ավետարանի քարոզին զուգընթաց աշխատում են գործակալներ, ովքեր ոչ այլ ոք են, եթե ոչ մոլար ոգիների միջնորդներ: Մարդիկ հաճախ առնչվում են նրանց հետ զուտ հետաքրքրասիրությունից, բայց տեսնելով, որ գործ ունեն գերմարդկային զորության հետ’ ավելի ու ավելի են գայթակղվում, մինչև որ ընկնում են մի կամքի իշխանության տակ, որն ավելի ուժեղ է, քան իրենցը: Իսկ ազատվել այդ խորհրդավոր իշխանությունից’ նրանք արդեն ի վիճակի չեն: ԴՓ 295.2
Հոգու պաշտպանիչ միջոցները փշրված են: Նա այլևս ուժ չունի դիմակայելու մեղքին: Անհնար է պատկերացնել, թե քայքայման ինչ աստիճանի կհասնի մարդը’ մեկ անգամ մերժելով Աստծո խոսքի և Նրա Հոգու զսպող ուժը: Ծածուկ մեղքը կամ իշխող կիրքը նրան կարող է նույնքան անօգնական գերի դարձնել, որքան Կափառնայումի դի- վահարին: Բայցևայնպես նրանց վիճակն անհուսալի չէ: ԴՓ 295.3
Չարին հաղթելու միակ միջոցն այն է, որն օգտագործեց Քրիստոսը: Դա խոսքի զորությունն է: Աստված չի ղեկավարում մեր մտքերն առանց մեր համաձայնության, բայց եթե մենք ցանկանում ենք իմանալ և կատարել Նրա կամքը, ապա Նրա խոստումները վերաբերում են մեզ. «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը ազատ կդարձնի ձեզ»: «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության մասին” (Հովհաննես 8.32, 7.17): Հավատալով այս խոստումներին’ յուրաքանչյուր մարդ կարող է ազատվել մոլորության որոգայթներից և մեղքի իշխանությունից: ԴՓ 295.4
Մարդն ինքն է ընտրում, թե ինչ իշխանության հնազանդվի: Ոչ ոք այնքան ցածր չի ընկել, ոչ ոք այնքան պիղծ չէ, որ չկարողանա ազատություն գտնել Քրիստոսի մեջ: Դիվահարն աղոթքի փոխարեն կարողացավ արտաբերել միայն սատանայի խոսքերը, բայց լսվեց, այնուամենայնիվ, նրա սրտի լուռ աղաչանքը: Հոգու ամեն մի հառաչանք հասնում է երկինք, եթե նույնիսկ այն չի արտահայտվում բառերով: Նրանք, ովքեր ընդունում են երկնային Աստծո ուխտը, չեն թողնվի ո’չ սատանայի իշխանության տակ, ո’չ էլ իրենց անկայուն բնության հույսին: Փրկիչը հրավիրում է նրանց. «Թող իմ զորությունից բռնեն, ինձ հետ խաղաղություն անեն, և խաղաղություն կանեն ինձ հետ” (Եսայիա 27.5): [259] ԴՓ 296.1
Խավարի ոգիները պայքարելու են իրենց հսկողության տակ մեկ անգամ ընկած ամեն մի հոգու համար, բայց Աստծո հրեշտակները կպայքարեն ավելի զորեղ ուժով: Տերն ասում է. «Մի՞թե հզորից կառնվի ավարը կամ արդարի գերին կազատվի՞...»: Տերն այսպես է ասում. «Այո’, տղամարդի գերին էլ կառնվի, և հզորի ավարն էլ կազատվի. և քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, և քո որդկանց ես պիտի ազատեմ» (Եսայիա 49.24,25): ԴՓ 296.2
Մարդիկ ժողովարանում դեռ պապանձված էին երկյուղից, երբ Հիսուսը դուրս եկավ և գնաց Պետրոսի տուն’ մի փոքր հանգստանալու: Բայց դժբախտությունն այստեղ էլ ոտք էր դրել: Պետրոսի զոքանչը հիվանդ պառկած էր’ բռնված «սաստիկ տենդով»: Հիսուսը հեռացրեց հիվանդությունը, և տուժածը վեր կացավ ու սկսեց ծառայել Տիրոջը և Նրա աշակերտներին: ԴՓ 296.3
Քրիստոսի հրաշքների մասին լուրն արագորեն տարածվեց ամբողջ Կափառնայումում: Վախենալով վարդապետ- ներից’ ժողովուրդը չէր համարձակվում շաբաթ օրը գալ բուժվելու, բայց արևը դեռ չէր հասցրել թաքնվել հորիզոնի հետևում, երբ մեծ իրարանցում սկսվեց: Տներից, խանութներից, շուկաներից քաղաքի բնակիչները հոծ բազմությամբ շարժվում էին դեպի այն համեստ կացարանը, որտեղ Հիսուսը կանգ էր առել: Հիվանդներին բերում էին իրենց մահիճների վրա: Ոմանք էլ, գավազանին հենված կամ ընկերների օգնությամբ, երերալով շտապում էին դեպի Փրկիչը: ԴՓ 296.4
Նրանք գալիս և գնում էին ժամ ժամի ետևից, քանի որ չգիտեին’ կկարողանա՞ն արդյոք վաղը գտնել Բժշկին, թե ոչ: Կափառնայումը երբևէ այդպիսի բան չէր տեսել: Օդը լցված էր հաղթական ձայներով և բուժվածների բացա- կանչություններով: Փրկիչն Ինքն էլ երջանիկ էր Իր իսկ բերած ուրախությամբ: Երբ Նա տեսնում էր Իր մոտ եկած տառապյալներին, Նրա սիրտն ալեկոծվում էր կարեկցանքից, և Նա հրճվում էր Իր զորությամբ’ վերականգնելով նրանց առողջությունն ու երջանկությունը: ԴՓ 297.1
Հիսուսը չդադարեցրեց Իր գործը, մինչև որ չօգնեց ամե- նավերջին տառապյալին: Ուշ գիշեր էր արդեն, երբ բոլորը հեռացան, և Սիմոնի տունը խաղաղվեց: Երկար, անհանգիստ օրն անցել էր, և Հիսուսը հանգստի կարիք էր զգում: Բայց մինչ քաղաքը սուզված էր խորը քնի մեջ, Փրկիչը «առավոտանց շատ կանուխ վեր կացավ, դուրս եկավ, գնաց մի անապատ տեղ, և այնտեղ աղոթք էր անում»: [260] ԴՓ 297.2
Այսպես էին անցնում Հիսուսի երկրային կյանքի օրերը: Նա հաճախ թույլ էր տալիս Իր աշակերտներին գնալ իրենց տները և հանգստանալ, իսկ Ինքը նրբորեն ընդդիմանում էր Իրեն աշխատանքից կտրելու նրանց ջանքե- րին: Ամբողջ օրը Նա աշխատում էր’ սովորեցնելով անգետներին, բուժելով հիվանդներին, բացելով կույրերի աչքերը, կերակրելով բազմությանը, իսկ իրիկնամուտին կամ վաղ առավոտյան հեռանում էր դեպի լեռների սրբա- րանը’ հաղորդակցվելու Իր Հոր հետ: Հաճախ Նա ամբողջ գիշերն անց էր կացնում աղոթքի և մտորումների մեջ’ լուսաբացին նորից վերադառնալով ժողովրդի մոտ’ Իր աշխատանքին: ԴՓ 297.3
Վաղ առավոտյան Պետրոսն իր ընկերների հետ եկավ Հիսուսի մոտ և ասաց, որ Կափառնայումի ժողովուրդն արդեն փնտրում է Նրան: Աշակերտները դեռևս խիստ դառնացած էին Քրիստոսին ցուցաբերած ընդունելության համար: Երուսաղեմի իշխանությունները ձգտում էին սպանել Նրան: Նրա հայրենի քաղաքի բնակիչներն էլ նույնիսկ փորձել էին զրկել Նրան կյանքից: Իսկ Կափառնայումի ժողովուրդն ուրախ խանդավառությամբ ողջու- նեց Նրան, և աշակերտների հույսերը կրկին բոցավառվեցին: Գուցե ազատասեր գալիլեացիների մեջ ցանկացողներ կգտնվեն’ դառնալու նոր թագավորության ջատա- գովներ: Բայց նրանց զարմանք պատճառեցին Քրիստոսի խոսքերը. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծո արքայությունն ավետարանեմ, որովհետև իսկ սրա համար ուղարկվեցի»: ԴՓ 298.1
Կափառնայումին համակած հուզմունքի մեջ վտանգ կար, որ Նրա առաքելության նպատակը կարող է դուրս մնալ տեսադաշտից: Հիսուսը չէր կամենում, որ Իրեն սոսկ հրաշագործ կամ մարմնական հիվանդությունների բժիշկ համարեին, այլ ուզում էր, որ Իր մեջ մարդիկ տեսնեին իրենց Փրկչին: Ու թեև ժողովուրդը հավատացած էր, որ Նա եկել է որպես թագավոր’ հիմնելու Իր երկրային արքայությունը, Նա ձգտում էր նրանց մտքերը երկրայինից շեղել դեպի երկնայինը: Զուտ աշխարհիկ հաջողությունը կխանգարեր Նրա գործին: ԴՓ 298.2
Նրան հուզում էր նաև անհոգ բազմության հիացմունքը: Նրա կյանքում տեղ չուներ ինքնահաստատումը: Այն փառքն ու պատիվը, որ տալիս է աշխարհը պաշտոնին, հարստությանը կամ տաղանդին, խորթ էր մարդու Որ- դուն: Իր հանդեպ հարգանք կամ վստահություն ներշն- չելու համար Հիսուսը երբեք չէր դիմում այն միջոցներին, որոնցից օգտվում են մարդիկ: Նրա ծնունդից դարեր առաջ մարգարեություն էր արված Նրա մասին. «Նա չի աղաղակի և ձայն չի բարձրացնի և իր ձայնը լսել չի տա դրսում: Ջախջախած եղեգը չի փշրի, և առկայծող պատրույգը չի հանգցնի, իրավունքը պիտի դուրս բերի ճշմարտությամբ: Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ հաստատի իրավունքը երկրի վրա. և կղզիները սպասում են նրա օրենքին” (Եսայիա 42.2-4): [261] ԴՓ 298.3
Փարիսեցիները ձգտում էին աչքի ընկնել իրենց մանրախնդիր ձևամոլությամբ և ցուցադրական բարեպաշտությամբ ու բարեգործությամբ: Քննարկման առարկա դարձնելով կրոնը’ նրանք փորձում էին այդպիսով ապացուցել իրենց ջերմեռանդությունը: Հակադիր աղանդների միջև բարձրաձայն և երկարատև վիճաբանություններ էին լինում, և սովորական բան էր փողոցներում լսել ուսյալ օրենսգետների զայրագին վիճաբանությունները: ԴՓ 299.1
Հիսուսի կյանքը կտրուկ տարբերվում էր այս ամենից: Նա երբեք չի ունեցել ո’չ աղմկոտ վիճաբանություն, ո’չ ցուցադրական երկրպագություն, ո’չ էլ շրջապատի հավանությանն արժանանալու որևէ փորձ: Քրիստոսը ծածկված էր Աստծո մեջ, և Աստված Իրեն հայտնեց Իր Որդու բնավորության մեջ: Այս հայտնությանն էր կամենում Հիսուսն ուղղել մարդկանց մտքերն ու հարգանքը: ԴՓ 299.2
Արդարության Արեգակը չծագեց աշխարհի վրա շքեղությամբ, որպեսզի մարդկանց շլացնի Իր փառքով: Քրիստոսի մասին գրված է. «Արշալույսի պես պատրաստ է նրա ելքը» (Ովսեե 6.3): Արշալույսը դանդաղ է բացվում երկրի վրա’ ցրելով խավարի ստվերներն ու կյանքի կոչելով աշ- խարհին: Ահա այսպես ծագեց Արդարության Արեգակը, և «բժշկություն էր նրա թևերի վրա” (Մաղաքիա 4.2): [262] ԴՓ 299.3