ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Ձեռքբերում, որ պիտի կորչի
Ըստ Ղուկասի 12.13-21:
Քրիստոսը սովորեցնում էր, և ինչպես միշտ, բացի իր աշակերտներից, ուրիշներն էլ էին հավաքվել Նրա շուրջը: Նա խոսում էր աշակերտների հետ այն դեպքերի մասին, որոնց շուտով նրանք մասնակից պիտի լինեին: Նրանք ամենուրեք պետք է հրապարակեին Քրիստոսից ստացած ճշմարտությունները և պիտի ընդհարվեին այս աշխարհի իշխանների հետ: Հանուն Նրա նրանք պիտի կանգնեին դատարաններում’ դատավորների ու թագավորների առջև: Նա խոստացել էր նրանց այնպիսի իմաստնություն, որ ոչ ոք չէր կարող ժխտել: Նրա խոսքերը, որ ազդում էին շատերի սրտերի վրա և շփոթության մեջ գցում նենգ թշնամիներին, վկայում էին այն մշտական կենող Հոգու զորության մասին, որ Նա խոստացել էր Իր հետևորդներին: ՔԱ 193.1
Բայց շատերը կամենում էին ձեռք բերել երկնքի շնորհը միայն իրենց անձնական նպատակներին ծառայեցնելու համար: Նրանք գիտակցում էին Քրիստոսի հրաշալի զորությունը, երբ Նա ճշմարտությունը ներկայացնում էր պայծառ լույսի տակ: Նրանք լսել էին, որ Նա խոստացել է Իր հետևորդներին իմաստնություն տալ խոսելու դատավորների և թագավորների առաջ: Չէ՞ր տա արդյոք Նա Իր զորությունն իրենց աշխարհիկ բարօրության համար: [253] ՔԱ 193.2
«Եվ ժողովրդից մեկն ասաց նրան. Վարդապետ, իմ եղբորն ասիր, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»: Մովսեսի միջոցով Աստված ցուցումներ էր տվել ժառանգության բաժանման վերաբերյալ: Ավագ որդին կրկնակի բաժին էր ստանում հոր ունեցվածքից (Երկրորդ Օրինաց 21.17), մինչդեռ փոքր եղբայրները պետք է կիսեին մնացածը հավասարապես: Այս մարդը կարծում է, թե իր եղբայրը խաբել է իրեն ժառանգությունը բաժանելու մեջ: Նրա ջանքերը իր հասանելիքը ձեռք բերելու մեջ, ինչպես կարծում էր, ձախողվել էին, բայց եթե Քրիստոսը միջամտեր, անշուշտ հնարավոր կլիներ հասնել նպատակին: Նա լսել էր Քրիստոսի հուզիչ կոչերը և Նրա հանդիսավոր մեղադրանքները դպիրներին ու փարիսեցիներին: Եթե այդպիսի հրամայական խոսքեր ասվեին իր եղբորը, վերջինս չէր համարձակվի մերժել տուժածին տալու իր հասանելիքը: ՔԱ 193.3
Այն ժամանակ, երբ Քրիստոսն Իր հանդիսավոր խրատներն էր տալիս, այս մարդը բացահայտեց իր եսասեր բնավորությունը: Նա գնահատում էր Տիրոջ այն ընդունակությունը, որ կարող էր օգտագործվել իր աշխարհիկ գործերն առաջ տանելու համար, բայց հոգևոր ճշմարտությունները տեղ չէին գտնել նրա մտքի և սրտի մեջ: Նա տարված էր ժառանգությանը տիրանե- լու մտքով: Հիսուսը’ Փառաց Թագավորը, որ հարուստ էր, բայց մեզ համար աղքատացավ, նրա առջև բացեց աստվածային սիրո գանձերը: Սուրբ Հոգին խնդրում էր նրան ժառանգելու այն հարստությունը, որ «անեղծ և անարատ և անթառամ է” (Ա Պետրոս 1.4): Վերջինս տեսել էր Քրիստոսի զորության ապացույցը: Այժմ նրան հնարավորություն էր տրված խոսելու մեծ Ուսուցչի հետ, արտահայտելու իր սրտի ամենանվիրական փափագը: Բայց, ինչպես աղբի փոցխը ձեռքին մարդը Բուն- յանի («Պիլիգրիմի ճանապարհորդությունը” գրքի հեղինակը) այլաբանության մեջ, նրա հայացքն ուղղված էր աշխարհի վրա: Նա իր գլխավերևում թագը չտեսավ: Սիմոն մոգի պես, նա Աստծո պարգևը գնահատեց որպես միջոց աշխարհային շահը ձեռք բերելու համար: ՔԱ 194.1
Փրկչի առաքելությունը երկր վրա արագորեն մոտենում էր իր ավարտին: Մի քանի ամիս էր մնացել միայն, որ ավարտեր այն, ինչի համար Նա եկել էր’ հաստատելու Իր շնորհի արքայությունը: [254] Մինչդեռ ուշադրություն դարձնելով մարդկային ագահության վրա’ Նա կկտրվեր Իր աշխատանքից’ վեճի մեջ մտնելով մի կտոր հողի համար: Սակայն Հիսուսը չպետք է կտրվեր Իր առաքելությունից: Նրա պատասխանն էր. «Մարդ, ո՞վ կարգեց ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար»: ՔԱ 194.2
Հիսուսը պարզապես կարող էր ասել այդ մարդուն, թե որն է ճիշտը: Նա գիտեր, թե նրանցից որ մեկն էր ճիշտ տվյալ պարագայում, բայց եղբայրները վեճի էին բռնվել, քանի որ երկուսն էլ ագահ էին: Ըստ էության Քրիստոսն ասաց’ Իմ գործը չէ նման վիճաբանություններ հարթելը: Նա եկել էր այլ նպատակով’ քարոզել Ավետարանը և այդպիսով արթնացնել մարդկանց’ գիտակցելու համար հավիտենական իրականությունը: ՔԱ 194.3
Քրիստոսի վերաբերմունքն այս պարագայում դաս է բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են հանուն Նրա: Երբ Նա ուղարկեց տասներկուսին’ ասաց. «Եվ երբ որ կգնաք, քարոզեք և ասեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է: Հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեք, մեռելներին հարուցեք, դևերը հանեք, ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.7,8): Նրանք չպետք է խառնվեն մարդկանց աշխարհիկ գործերին: Նրանց աշխատանքն էր մարդկանց համոզել, որ հաշտվեն Աստծո հետ: Մարդկությանն օրհնելու նրանց ունակությունը արտահայտվում է հենց այս աշխատանքում: Մեղքերից ու վշտե- րից ազատվելու մարդկանց միակ դեղամիջոցը Քրիստոսն է: Միայն Նրա շնորհի ավետիսը կարող է բժշկել այն չարիքը, որ նզովում է հասարակությանը: Հարուստների անարդարությունն աղքատների նկատմամբ, աղքատների ատելությունը հարուստների հանդեպ հավասարապես սկիզբ են առնում եսասիրությունից, իսկ դա կարող է արմատախիլ արվել միայն Քրիստոսին հնազանդվելու միջոցով: Միայն Նա կարող է եսասեր, մեղավոր սիրտը փոխարինել նոր, սիրող սրտով: Թող Քրիստոսի ծառաներն ավետարանը քարոզեն երկնքից ուղարկված Հոգով և գործեն Նրա պես մարդկանց բարօրության համար: Այնժամ այնպիսի արդյունքներ կերևան մարդուն օրհնելու և ընկած վիճակից բարձրացնելու գործում, որ միանգամայն անհնար է իրականացնել մարդկային ուժերով: ՔԱ 195.1
Մեր Տերը հարվածեց այն խնդրի արմատին, որ անհան- գըստացնում էր հարցնողին, և նշեց նմանօրինակ բոլոր վիճա- բանությունների սկզբնապատճառը’ ասելով. «Տեսեք և զգույշ կացեք ագահությունից, որ մարդիս ստացվածքի առավելությունից չէ նրա կյանքը”: [255] ՔԱ 195.2
«Եվ նրանց մի առակ խոսեց և ասաց. Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տվեց: Եվ նա իր մտքում մտածում էր և ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ: Եվ ասաց. Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ և ավելի մեծերը կշինեմ և իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կժողովեմ: Եվ իմ անձին կասեմ. Ով անձ. շատ բարիքներ ունես շատ տարիների համար ամբարված. հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր: [256] Բայց Աստված նրան ասաց. Անմիտ. հենց այս գիշեր հոգիդ քեզնից հետ կպահանջեն. ապա այս, որ պատրաստեցիր, ո՞ւմ կլինի: Այսպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում, և Աստծով չէ հարուստ»: ՔԱ 195.3
Անմիտ հարուստի առակով Քրիստոսը ցույց տվեց նրանց հիմարությունը, ում համար այս աշխարհն ամեն ինչ է: Այս մարդն Աստծուց ստացել էր ամեն ինչ: Արեգակին թույլ էր տրված շողալու նրա հողի վրա, քանի որ նրա շողերն ընկնում են արդարների և անարդարների վրա: Երկնքից անձրևը թափվում է չարերի և բարիների վրա: Տերն է աճեցնում բույսերը և դաշտերին առատ բերք տալիս: Հարուստն անհանգստացած էր, թե որտեղ է տեղավորելու իր բերքը: Նրա շտեմարանները լեփ-լեցուն էին, և նա այլևս տեղ չուներ բերքի մնացորդը տեղավորելու համար: Նա չէր էլ մտածում Աստծո մասին, Ով իրեն այդքան առատ բարիքներ էր ուղարկել: Նա չէր գիտակցում, որ Աստված իրեն էր հանձնել Իր բարիքների տնօրինությունը, որպեսզի ինքը կարողանար օգնել կարիքավորներին: Նա լավ հնարավորություն ուներ’ դառնալու Աստծո օրհնությունների բաշխողը, բայց մտածում էր միայն այն մասին, թե ինչպես ավելի հարմարավետ դարձնի իր սեփական կյանքը: ՔԱ 196.1
Աղքատների, որբերի, որբևայրիների, նեղվածների, տառապյալների վիճակը ներկայացվեց այս հարուստի ուշադրությանը. շատ տեղեր կային, ուր կարելի էր բաշխել իր բարիքները: Նա հեշտությամբ կարող էր ազատվել բերքի ավելցուկից, և շատ ընտանիքներ կազատվեին կարիքից, շատ սովյալներ կկկերակրվեին, շատ մերկեր կհագնվեին, շատ սրտեր կուրախանային, հագուստի և հացի համար արված շատ աղոթքներ իրենց պատասխանը կստանային, և փառաբանության մեղեդիներ կբարձրանային դեպի երկինք: Տերը լսել էր կարիքավորների աղոթքը և Իր բարեգթությամբ կերակուր էր պատրաստել խեղճերի համար: (Սաղմոս 68.10): Հարուստին շնորհված օրհնությունների միջոցով առատ պաշար էր նախատեսվել շատերի կարիքները բավարարելու համար: Սակայն նա փակեց իր սիրտը կարիքավորի աղաղակի առջև և ասաց իր ծառաներին. [257] «Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ և ավելի մեծերը կշինեմ և իմ բոլոր բերքն ու բարիքները այնտեղ կժողովեմ: Եվ իմ անձին կասեմ. Ով անձ, շատ տարիների համար բարիքներ ունես ամբարած. հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր”: ՔԱ 196.2
Այս մարդու նպատակներն ավելի բարձր չէին, քան անա- սուններինը, որոնք կորչում են: Նա այնպես էր ապրում, կարծես ոչ Աստված կար, ոչ երկինք, ոչ էլ ապագա կյանք, ասես ամեն ինչ որ ուներ’ իր սեփականն էր, և ոչ մի բան պարտք չէր ոչ Աստծուն, ոչ էլ մարդուն: [258] Սաղմոսերգուն այս հարուստին է նկարագում, երբ գրում է. «Անզգամն ասաց իր սրտում’ Աստված չկա” (Սաղմոս 14.1): ՔԱ 197.1
Հարուստն ապրեց և ծրագրեր կազմեց միայն իր համար: Նա տեսնում է, որ ապագան լիովին ապահովված է, այժմ ոչինչ պետք չէ իրեն, բացի իր աշխատանքի պտուղները գանձելուց ու վայելելուց: Նա իրեն ուրիշներից ավելի բախտավոր է համարում և իր խելացի կառավարման պատիվն իրեն է վերագրում: Նա հարգված է իր համաքաղաքացիներից որպես իմաստուն դատողության տեր հաջողակ մի քաղաքացի: Որովհետև «մարդուն կգովեն, երբ իր անձին բարություն է անում” (Սաղմոս 49.18): ՔԱ 197.2
Բայց «այս աշխարհի իմաստնությունը հիմարություն է Աստծո առաջին» (Ա Կորնթացիս 3.19): Մինչ հարուստն անհամբեր սպասում է վայելքի տարիներին, Տերը բոլորովին այլ ծրագիր է կազմում: Անհավատարիմ տնտեսին լուր է հասնում. «Անմիտ. հենց այս գիշեր հոգիդ քեզնից հետ կպահանջեն»: Ահա մի պահանջ, որ հնարավոր չէ բավարարել փողով: Նրա կուտակած հարստությունը չի կարող հետաձգել մահվան դատավճիռը: Մի ակնթարթում արժեզրկվում է այն, ինչ նա կուտակել էր իր ողջ կյանքի ընթացքում: «Ապա այս, որ պատ- րաստեցիր’ ո՞ւմ կլինի”: Նրա ընդարձակ դաշտերն ու լիքը շտեմարաններն այլևս իրեն չեն պատկանի: «Հավաքում է և չգիտի, թե ով պիտի առնի այն” (Սաղմոս 39.6): ՔԱ 197.3
Միակ բանը, որ հիմա արժեք կունենար նրա համար’ նա ձեռք չէր բերել: Իր համար ապրելով’ նա մերժել էր աստվածային սերը, որը կդրսևորվեր ողորմած գործերում իր դրացիների հանդեպ: Այսպիսով, նա մերժել էր կյանքը: Որովհետև Աստված սեր է, իսկ սերը’ կյանք: Այս մարդն աշխարհիկը գերադասել էր հոգևորից, և երկրայինի հետ էլ պիտի կորչի: «Մարդս, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որ կորչում են» (Սաղմոս 49.20): ՔԱ 197.4
«Այսպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում, և Աստծով չէ հարուստ»: [259] Այս առակը կիրառելի է բոլոր ժամանակների համար: Դուք կարող եք ծրագրեր կազմել միայն ձեր անձնական բարօրության համար, կարող եք գանձ դիզել, կարող եք մեծ և բարձրահարկ տներ կառուցել ինչպես հին Բաբելոնի շինարարները, բայց չեք կարող կառուցել այնքան բարձր մի պատ կամ այնպիսի ամուր մի դարպաս, որ ներս չթողնեք ճակատագրի լրաբերներին: Բաղդասար թագավորը «խնջույք արեց իր պալատում» և «գովեցին ոսկի և արծաթի, պղնձի, երկաթի, փայտի և քարի աստվածներին”: Բայց անտեսանելի Մեկի ձեռքը գրեց նրա պատերին դատավճռի խոսքերը, և թշնամու բանակի ոտնաձայները լսվեցին պալատի պարիսպների մոտ: «Նույն գիշերը Քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց”, և մի օտար միապետ նստեց նրա գահին: (Դանիել 5.30): ՔԱ 198.1
Ապրել իր համար’ նշանակում է կորչել: Ագահությունը, եսասիրական շահի փափագը կտրում է հոգին կյանքից: Ամեն ինչ իրեն քաշելն ու կուտակելը սատանայի հոգին է: Քրիստոսի հոգին տալիս է, զոհաբերում է Իրեն ուրիշների բարօրության համար: «Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այս կյանքը նրա Որդու մեջ է: Ով որ Որդին ունի, կյանք ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանք չունի” (Ա Հովհաննես 5.11,12): ՔԱ 198.2
Հենց դրա համար էլ Նա ասում է. «Տեսեք և զգույշ կացեք ագահությունից, որ մարդիս ստացվածքի առավելությունից չէ նրա կյանքը»: [260] ՔԱ 198.3