ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Ներման չափը
Ըստ Մատթեոս 18.21-35:
Պետրոսը Քրիստոսի մոտ էր եկել հետևյալ հարցումով. «Քանի՞ անգամ եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք գործի, ես ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ»: Վարդապետները սահմանափակում էին ներումը երեք անգամով: Պետրոսը, հետևելով, ինչպես ինքն էր ենթադրում, Քրիստոսի ուսմունքին, մտածեց հասցնել այն յոթի’ մի թիվ, որ կատարելություն է նշանակում: Բայց Քրիստոսը սովորեցրեց, որ երբեք չպետք է հոգնել ներելուց: «Չեմ ասում քեզ մինչև յոթն անգամ,- ասաց Նա,- այլ մինչև յոթանասուն անգամ յոթ”: ՔԱ 185.1
Հետո Նա ցույց տվեց ճշմարիտ սկզբունքը, որի վրա պետք է հիմնվի ներումը և չներելու վտանգը: Նա մի առակ պատմեց այն մասին, թե ինչպես վարվեց մի թագավոր իր պաշտոնյաների հետ, ովքեր վարում էին նրա կառավարության գործերը: Այս պաշտոնյաներից ոմանք մեծ գումարներ էին ստացել, որոնք պատկանում էին պետությանը: Երբ թագավորը ստուգում էր նրանց վստահված գումարների տնօրինությունը, նրա մոտ բերեցին մի մարդու, որի հաշիվը ցույց տվեց տասը հազար տաղանդի չափ հսկայական գումարի պարտք իր տիրոջը: [244] Նա ոչինչ չուներ վճարելու: Եվ, սովորության համաձայն, թագավորը հրամայեց վաճառել նրան և նրա ողջ ունեցվածքը, որպեսզի պարտքը վճարվեր: Բայց նա սարսափահար ընկավ թագավորի ոտքերը և աղերսեց նրան’ ասելով. «Համբերիր ինձ և բոլորը կհատուցեմ քեզ: Տերն էլ գթաց այն ծառայի վրա’ նրան արձակեց, և պարտքն էլ շնորհեց նրան”: ՔԱ 185.2
«Եվ երբ որ այն ծառան դուրս եկավ, իր ծառայակիցներից մեկին գտավ, որ իրեն հարյուր դահեկան էր պարտական, և նրան բռնած խեղդում էր և ասում, վճարիր ինձ, ինչ որ պարտական ես: Հիմա նրա այն ծառայակիցը նրա ոտներն ընկավ, նրան աղաչում էր և ասում. Համբերիր ինձ և բոլորը կհատուցեմ քեզ: Բայց նա չէր կամենում, այլ գնաց նրան գցեց բանտը, մինչև որ պարտքը վճարի: Երբ որ նրա ծառայակիցները տեսան եղած բաները, շատ տրտմեցին և եկան իրենց տիրոջը հայտնեցին բոլոր եղածը: Այն ժամանակ նրա տերը իր մոտ կանչեց նրան և ասաց. Չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր ինձ: Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր’ ինչպես որ ես քեզ ողորմեցի: Եվ նրա տերը բարկանալով’ նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարի նրան”: ՔԱ 185.3
Այս առակը ներկայացնում է մանրամասնություններ, որոնք անհրաժեշտ են պատկերը լիարժեք դարձնելու համար, որոնք, սակայն նրա հոգևոր նշանակության հետ առնչություն չունեն: Դրանց վրա չպետք է կենտրոնացնել ուշադրությունը: Այստեղ լուսաբանված են որոշ մեծ ճշմարտություններ, և մեր ուշադրությունը պետք է սևեռել դրանց վրա: ՔԱ 186.1
Թագավորի ներումը, որ շնորհեց, խորհրդանշում է Աստծո ներումը, որ քավում է բոլոր մեղքերը: Թագավորը, որ խղճահարությունից դրդված ներեց իր ծառայի պարտքը, ներկայացնում է Քրիստոսին: Մարդը գտնվում էր օրենքի խախտման դատապարտության տակ: Նա ինքն իրեն չէր կարող փրկել, և այդ պատճառով Քրիստոսն եկավ այս աշխարհ, Իր աստվածության վրա մարդկային կերպարանք հագավ և Իր կյանքը տվեց, արդարն անարդարների փոխարեն: [245] Նա Իր կյանքը տվեց մեր մեղքերի համար, և յուրաքանչյուր մարդու առաջարկում է Իր արյան գնով ձեռք բերված ներումն ընդունել: «Տիրոջ մոտ կա ողորմություն, և նրա մոտ կա շատ փրկություն» (Սաղմոս 130.7): ՔԱ 186.2
Սա է սկզբունքը, որով պետք է ղեկավարվենք’ դրսևորելով կարեկցանք մեր մեղավոր ընկերների հանդեպ: «Եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք» (Ա Հովհաննես 4.11): «Ձրի առել եք,- ասաց Քրիստոսը,- ձրի տվեք» (Մատթեոս 10.8): ՔԱ 186.3
Առակում, երբ պարտապանը խնդրեց հետաձգել’ խոստանալով. «համբերիր ինձ համար և բոլորը կհատուցանեմ քեզ”, դատավճիռը չեղյալ հայտարարվեց, և ամբողջ պարտքը ջնջվեց’ հնարավորություն ընձեռելով նրան հետևելու իր տիրոջ օրինակին, որ ներել էր իրեն: Դուրս գալով’ նա հանդիպեց իր ծառայակցին, ով նրան մի փոքր գումար էր պարտք: Նրան ներվել էր տասը հազար տաղանդ, մինչդեռ պարտապանը նրան պարտք էր հարյուր դահեկան Բայց նա, ում հետ այդպես ողորմածաբար էին վարվել, իր ծառայակցի հետ բոլորովին այլ կերպ վարվեց: Նրա պարտապանը նման խնդրանք ներկայացրեց իրեն, ինչպես ինքը’ թագավորին, բայց ապարդյուն: Նա, ում ներել էին քիչ առաջ, բարեխիղճ ու գթասիրտ չէր: Այն ո- ղորմությունը, որ նրա հանդեպ դրսևորվեց, նա չցուցաբերեց իր ծառայակցի հանդեպ: Նա ուշադրություն չդարձրեց այդ խնդրանքին: Անշնորհակալ ծառայի միտքն ամբողջությամբ զբաղված էր պարտքի փոքր գումարով: Նա պահանջեց այն բոլորը, որ նրա կարծիքով իրենն էր, և պնդեց, որ ի կատար ածվի այն նույն դատավճիռը, որից նա այդպես ողորմածաբար ազատվել էր: ՔԱ 186.4
Որքա՜ն շատերն են այսօր դրսևորում նույն հոգին: Երբ պարտապանն իր տիրոջից ողորմություն էր խնդրում, նա ստույգ պատկերացում չուներ իր պարտքի մեծության մասին: Եվ չէր գիտակցում իր անօգնականությունը: Նա հույս ուներ ազատել ինքն իրեն: «Համբերիր ինձ համար,- ասաց նա,- և բոլորը կհատուցեմ քեզ”: Այդպես էլ շատերը հույս ունեն իրենց սեփական գործերով վաստակել Աստծո բարեհաճությունը: [246] Նրանք չեն գիտակցում իրենց անօգնական վիճակը: Նրանք չեն ընդունում Աստծո շնորհը որպես ձրի պարգև, բայց հիմնվում են իրենց ինքնարդարության վրա: Նրանց սրտերը փշրված և խոնարհված չեն մեղքի գիտակցումից, և նրանք խստապահանջ ու աններողամիտ են ուրիշների հանդեպ: [247] Նրանց մեղքերն Աստծո հանդեպ համեմատվում է տասը հազար տաղանդով, և իրենց ընկերների մեղքերն իրենց հանդեպ’ հարյուր դահեկանով, մոտ մեկ միլիոնը’ մեկին հարաբերությամբ, և դեռ նրանք համարձակվում են չներել: ՔԱ 187.1
Առակում Տերը կանչեց անգութ պարտատիրոջը և ասաց. Չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր ինձ: Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր’ ինչպես ես էլ քեզ ողորմեցի: Եվ Նրա Տերը բարկանալով’ նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարի նրան”: «Այդպես էլ,- ասաց Հիսուսը,- իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկդ իր եղբորը’ ձեր բոլոր սրտից չթողեք նրանց հանցանքը»: Նա, ով հրաժարվում է ներել, դրանով իսկ կորցնում է ներված լինելու հույսը: ՔԱ 187.2
Բայց այս առակի ուսուցումը չպետք է չարաշահվի: Աստծո կողմից ներվելը ամենևին չի թուլացնում Նրան հնազանդվելու մեր պարտականությունը: Այդպես էլ մեր բարեկամներին ներելու հոգին չի թուլացնում պարտավորությունների արդարացի պահանջը: Այն աղոթքում, որ Քրիստոսը սովորեցրեց Իր աշակերտներին, Նա ասում է. «Եվ թող մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին” (Մատթեոս 6.12): Սրանով Նա նկատի չուներ, որ մենք մեղքերի թողություն ստանալու համար մեր պարտապաններից չպետք է պահանջենք մեր արդար հասանելիքը: Եթե նրանք չեն կարողանում վճարել, նույնիսկ եթե դա լինի նրանց անխոհեմ գործավարության պատճառով, նրանց չպետք է բանտ նետել, ճնշել կամ էլ նրանց հետ կոպիտ վերաբերվել: Միևնույն ժամանակ առակը մեզ չի սովորեցնում խրախուսել ծուլությունը: Աստծո խոսքը հայտնում է, որ եթե մեկը չաշխատի, չպետք է նաև ուտի: (Բ Թեսաղոնիկեցիս 3.10): Տերը չի պահանջում, որ ջանասեր մարդը նպաստի ուրիշների ծուլությանը: Շատերն, իզուր վատնելով ժամանակը և քիչ ջանալով, աղքատանում են և ընկնում կարիքի մեջ: Նրանք, ովքեր գործում են այս սխալները և չեն ուղղվում, այն ամենն, ինչ արվում է նրանց օգտին, նման է ծակ պայուսակի մեջ դրված գանձին: Սակայն աղքատությունն անխուսափելի է, և մենք պարտավոր ենք նրբանկատ և սիրալիր վերաբերվել նրանց նկատմամբ, ովքեր դժբախտ են [248] Մենք նրանց հետ պիտի վարվենք այնպես, ինչպես կկամենայիք, որ մեզ հետ վարվեն նման հանգամանքներում: ՔԱ 188.1
Պողոս առաքյալի միջոցով Սուրբ Յոգին պատվիրում է մեզ. «Ապա եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սերի սփոփություն, եթե Յոգու հաղորդություն, եթե գթածություն և ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով’ միաշունչ միևնույնը խորհեք: Որ մի բան չլինի գրգռումով և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավը համարի: Մենակ ձեր անձերի բաներին մի նայեք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին էլ: Ձեր ամեն մեկը թող այն մտածի, որ էլ Յիսուս Քրիստոսումն էր» (Փիլիպպեցիս 2.1-5): ՔԱ 188.2
Բայց մեղքին չի կարելի նայել թեթևամտորեն: Տերը պատ- վիրել է մեզ, որ մեր եղբոր սխալի կողքով չանցնենք: Նա ասում է. «Եթե քո եղբայրը մեղանչի քեզ դեմ, հանդիմանիր նրան» (Ղուկաս 17.3): Մեղքը պետք է կոչվի իր ճիշտ անունով և հստակորեն ներկայացվի մեղսագործին: ՔԱ 189.1
Պողոսը, Սուրբ Յոգով լցված, գրում է Տիմոթեոսին. «Վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով և վարդապետությունով” (Բ Տիմոթեոս 4.2): Եվ Տիտոսին նա գրում է. «Որովհետև շատ անհնազանդներ, չարախոսներ, խաբեբաներ կան... սաստիկ հանդիմանիր նրանց, որ առողջ լինեն հավատքում” (Տիտոս 1.10-13): ՔԱ 189.2
«Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչի,- ասաց Քրիստոսը,- գնա նրան հանդիմանիր’ երբ որ դու և նա մենակ լինեք, եթե քեզ լսի, քո եղբայրը շահեցիր: Բայց եթե չլսի, վերցրու մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետև երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի: Բայց եթե նրան էլ չլսի, ասա եկեղեցուն, ապա եթե եկեղեցուն էլ չլսի, թող լինի քեզ համար ինչպես հեթանոս և մաքսավոր» (Մատթեոս 18.15-17): ՔԱ 189.3
Մեր Տերը սովորեցնում է, որ քրիստոնյաների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն եկեղեցու ներսում: [249] Դրանց մասին չպետք է իմանան նրանք, ովքեր չեն վախենում Աստծուց: Եթե քրիստոնյան անիրավություն է կրել իր եղբոր կողմից, թող չդիմի անհավատների արդարադատությանը: Թող նա հետևի Քրիստոսի ցուցումին: Իր համար վերժ լուծելու փոխարեն’ թող ձգտի փրկել իր եղբորը: Աստված կպաշտպա- նի նրանց շահերը, ովքեր սիրում և վախենում են Իրենից, և մենք վստահությամբ կարող ենք մեր դատը հանձնել Նրան, Ով դատում է արդարացիորեն: ՔԱ 189.4
Շատ հաճախ, երբ անիրավություններն անընդհատ կրկըն- վում են, և մեղանչողը խոստովանում է իր սխալը, տուժածը հոգնում է դրանից և մտածում, որ արդեն բավականին շատ է ներել: Բայց Փրկիչը պարզորոշ ասում է, թե ինչպես պետք է վարվենք մոլորվածի հետ. «Եթե քո եղբայրը մեղանչի քեզ դեմ, հանդիմանիր նրան. և եթե ապաշխարի, ներիր նրան» (Ղուկաս 17.3): Հեռու մի քաշվեք նրանից’ ինչպես մեկից, ով արժանի չէ ձեր վստահությանը: «Զգուշացիր քո անձին, որ դու էլ չփորձվես» (Գաղատացիս 6.1): ՔԱ 189.5
Եթե ձեր եղբայրները սխալվում են, դուք պարտավոր եք ներել նրանց: Երբ նրանք ձեզ մոտ են գալիս խոստովանության համար, չպետք է ասեք. «Չեմ կարծում, որ նրանք բավականաչափ խոնարհ են: [250] Չեմ կարծում, որ գիտակցում են իրենց մեղքը”: Ի՞նչ իրավունք ունեք դատելու նրանց, ասես կարդում եք նրանց սիրտը: Աստծո խոսքն ասում է. «Եթե ապաշխարի, ներիր նրան: Եվ եթե օրը յոթ անգամ քեզ դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ մոտ գա և ասի’ ապաշխարում եմ, ներիր նրան» (Ղուկաս 17.3,4): Եվ ոչ յոթ, այլ յոթանասունյոթ անգամ’ ճիշտ այնպես, ինչպես Աստված է մեզ ներում: ՔԱ 190.1
Մենք ինքներս ամեն ինչով պարտական ենք Աստծո առատ շնորհին: Ուխտի շնորհը հաստատեց մեր որդեգրումը: Փրկչի շնորհն էր, որ իրականացրեց մեր փրկությունը, մեր վերածնունդը, և արժանացրեց մեզ Քրիստոսի ժառանգակիցները լինելու պատվին: Թող այս շնորհը հայտնվի նաև մյուսներին: ՔԱ 190.2
Թույլ մի տվեք, որ սխալվողը հուսահատվի: Այնպես մի արեք, որ փարիսեցու կարծրասրտությունն իշխի ձեզ վրա և վիրավորի ձեր եղբորը: Մի ծաղրեք ձեր եղբոյրը ձեր մտքում կամ սրտում: Թող ոչ մի արհամարհական երանգ չհնչի ձեր ձայնի մեջ: Եթե դուք ձեր կարծիքն եք հայտնում, եթե անտարբերություն, կասկածամտություն կամ անվստահություն եք ցուցաբերում, ապա դա կործանարար ազդեցություն կթողնի անձի վրա: Նա մի այնպիսի եղբոր կարիք է զգում, որ Ավագ եղբոր կարեկից սիրտն ունենա իր մարդկային սրտին դիպչելու համար: Թող նա զգա ձեր կարեկից ձեռքի ուժեղ սեղմումը և լսի ձեր շշնջոցը’ արի աղոթենք: Աստված ձեզ երկուսիդ էլ հարուստ փորձառություն կպարգևի: Աղոթքը միավորում է մեզ իրար և Աստծո հետ: Աղոթքը Հիսուսին մոտեցնում է մեզ և թուլացած ու շվարած հոգուն նոր ուժ է տալիս, որպեսզի հաղթի աշխարհին, մարմնին ու չարին: Աղոթքը հետ է մղում սատանայի հարձակումները: ՔԱ 190.3
Երբ մեկը մարդկային անկատարությունից շրջվում է նա- յե լու Հիսուսին, աստվածային մի բարեփոխում է տեղի ունենում նրա բնավորության մեջ: Սրտի վրա ներգործող Քրիստոսի Հոգին վերափոխում է այն Իր պատկերի նմանությամբ: Ուրեմն ջանք արեք մեծարել Հիսուսին: Թող մտքի աչքերն ուղղվեն «Աստծո Գառի վրա, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): [251] Եվ այս աշխատանքը կատարելիս հիշեք, որ «մեղավորին իր մոլորության ճանապարհից դարձնողը մի հոգի կփրկի մահից և մեղքերի շատությունը կծածկի» (Հակո- բոս 5.20): ՔԱ 190.4
«Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները” (Մատթեոս 6.15): Ոչ մի բան չի կարող արդարացնել չներող հոգին: Նա, ով ողորմած չէ ուրիշների հանդեպ, ցույց է տալիս, որ ինքը մասնակից չէ Աստծո ներման շնորհին: Աստծո ներումից դրդված մեղանչողի սիրտը գերվում ու կապվում է Անսահման Սիրո մեծ սրտին: Աստվածային կարեկցանքի հեղեղը ողողում է մեղավորի սիրտը, իսկ նրանից էլ հոսում է դեպի մյուսների սրտերը: Այն գորովանքն ու ողորմությունը, որ Քրիստոսը ցուցաբերեց Իր թանկագին կյանքում, կերևա նրանց մեջ, ովքեր մասնակից են դառնում Նրա շնորհին: Բայց «եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրանը չէ» (Հռոմեացիս 8.9): Նա օտարացած է Աստծուց և արժանի է միայն մեկընդմիշտ բաժանման Նրանից: ՔԱ 191.1
ճիշտ է, որ նա մեկ անգամ կարող է ներված լինել, սակայն նրա անողորմ հոգին ցույց է տալիս, որ նա այժմ մերժում է Աստծո ներող սերը: Նա ինքն է հեռացել Աստծուց և այն նույն վիճակում է, ինչ որ կար մինչև ներում ստանալը: Նա ուրացել է իր ապաշխարությունը, և նրա մեղքերն իր վրա են, կարծես չի էլ ապաշխարել: ՔԱ 191.2
Բայց առակի մեծ դասը Աստծո գթասրտության և մարդու խստասրտության հակադրության և այն փաստի մեջ է, որ Աստծո ողորմածությունը պետք է մեր ներման չափանիշը լինի: «Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի”: ՔԱ 191.3
Մենք ներում ենք ստանում ոչ թե այն բանի համար, որ ներում ենք, այլ’ երբ ներում ենք: Ներման հիմքը Աստծո չվաստակած սիրո մեջ է, բայց ուրիշների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով մենք ցույց ենք տալիս, թե արդյո՞ք այդ սերը դարձրել ենք մեր սեփականը: Հենց դրա համար էլ Քրիստոսն ասում է. «Ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ” (Մատթեոս 7.2): [252] ՔԱ 191.4