ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
«Այս տարի էլ թող դրան”
Ըստ Ղուկասի 13.1-9:
Քրիստոսն Իր ուսուցման մեջ ողորմության հրավերը կապում էր գալիք դատաստանի նախազգուշացման հետ: «Մարդի Որդին չեկավ,- ասաց Նա,- մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու» (Ղուկաս 9.56): «Աստված իր Որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի” (Հովհաննես 3.17). Նրա ողորմության առաքելությունը’ կապված Աստծո արդարադատության և դատաստանի հետ, լուսաբանված է անպտուղ թզենու առակում: ՔԱ 162.1
Քրիստոսը զգուշացնում էր ժողովրդին Աստծո արքայության գալու մասին և խիստ հանդիմանում նրանց տգիտությունն ու անտարբերությունը: Նրանք շուտ էին նկատում եղանակը կանխագուշակող նշանները երկնքում, բայց ժամանակի նշանները, որ այդքան հստակ կերպով մատնանշում էին Նրա առաքելությունը, չէին նկատում: ՔԱ 162.2
Սակայն մարդիկ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պատկերացնում են, թե իրենք երկնքի սիրելիներն են, և որ հանդիմանության լուրն ուղղված է ուրիշներին: Ունկնդիրները Հիսուսին պատմեցին մի դեպքի մասին, որը հուզել էր շատերին: Պոնտացի Պիղատոսը’ Հրեաստանի կառավարիչը, որոշ միջոցառումներ էր ձեռնարկել, որոնք վիրավորել էին ժողովըր- դին: [213] Համընդհանուր դժգոհություն էր առաջացել Երու- սաղեմում, և Պիղատոսը փորձել էր ճնշել այն բռնությամբ: Մի անգամ նրա զինվորները նույնիսկ ներխուժել էին տաճարի տարածքը և սպանել մի քանի գալիլեացի ուխտավորների հենց այն պահին, երբ նրանք պիտի մորթեին իրենց զոհը: Հրեաներն աղետը համարեցին տուժածներին պատիժ մեղքերի համար, և քողարկված բավականությամբ էին պատմում այդ բռնության մասին: Նրանց կարծիքով, իրենց հաջողակ վիճակը վկայում էր, որ իրենք շատ ավելի լավն են և հետևաբար ավելի են արժանի Աստծո հավանությանը, քան թե այս գալիլեացիները: Նրանք Հիսուսից մեղադրանքի խոսքեր էին սպասում լսել այդ մարդկանց հասցեին, ովքեր, նրանք չէին կասկածում, լիովին արժանի էին իրենց պատժին: ՔԱ 162.3
Քրիստոսի աշակերտները չհամարձակվեցին հայտնել իրենց տեսակետը, մինչև որ չլսեն իրենց Տիրոջ կարծիքը: Նա սրամիտ դասեր էր տվել նրանց իրենց սահմանափակ դատողությամբ ուրիշների բնավորությունը դատելու և հատուցումը որոշելու վերաբերյալ: Եվ այնուամենայնիվ նրանք սպասում էին, որ Քրիստոսն այդ մարդկանց մյուսներից ավելի մեղավոր կհայտարարի: Մեծ էր նրանց զարմանքը, երբ լսեցինպատասխանը: ՔԱ 163.1
Շրջվելով դեպի բազմությունը’ Փրկիչն ասաց. «Կարծո՞ւմ եք, թե այդ գալիլեացիներն ավելի մեղավոր էին, քան թե բոլոր գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին: Ոչ, ասում եմ ձեզ, այլ եթե չապաշխարեք, ամենքդ էլ այնպես կկորչեք”: Այս կործանիչ աղետները նախատեսված էին նրանց սրտերը խոնարհեցնելու ու մեղքերից ապաշխարելու համար: Կուտակվում էր վրեժխնդրության փոթորիկը, որը շուտով պիտի գար բոլոր նրանց վրա, ովքեր ապաստան չէին գտել Քրիստոսի մեջ: ՔԱ 163.2
Հիսուսը աշակերտների և բազմության հետ խոսելիս մարգարեական հայացքով նայեց առաջ և տեսավ Երուսաղե- մը’ պաշարված զորքերով: Նա լսեց դեպի ընտրյալ քաղաքը օտարների ծանր ոտնաձայները և տեսավ պաշարման մեջ մեռնող բյուրավոր մարդկանց: Շատ հրեաներ, այն գալիլեա- ցիների նման, սպանվում էին տաճարի գավիթում հենց զոհաբերության ժամանակ: [214] Այն աղետները, որ թափվել էին անհատների վրա, Աստծո նախազգուշացումներն էին, տրված մի ազգի, որ հավասարապես մեղավոր էր: «Եթե չապաշխարեք,- ասաց Հիսուսը,- ամենքդ էլ այդպես կկորչեք»: Մի փոքր ժամանակով փորձության օրը հետաձգվեց նրանց համար: Տակավին ժամանակ ունեին հասկանալու այն բաները, որոնք ծառայում էին իրենց հոգու խաղաղությանը: ՔԱ 163.3
«Մի մարդ,- շարունակեց Նա,- իր այգու մեջ մի թզենի էր տնկել. և եկավ նրա վրա պտուղ որոնելու, և չգտավ: Եվ այգեպանին ասաց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վրա, և չեմ գտնում. կտրիր դրան, ինչո՞ւ դա երկիրն էլ խափանի»: ՔԱ 163.4
Քրիստոսի ունկնդիրները չէին կարող սխալ հասկանալ այդ բառերի նշանակությունը: Դավիթը երգեր էր երգել Իսրայելի մասին, ինչպես խաղողի մի տունկ, որ բերվել էր Եգիպտոսից: Եսայիան գրել էր. «Որովհետև Զորաց Տիրոջ այգին Իսրայելի տունն է, և Հուդայի տունը’ նրա ախորժելի տունկը» (Եսայիա 5.7): ժողովուրդը, որի մոտ եկավ Փրկիչը, ներկայացված է որպես թզենի Տիրոջ այգու մեջ’ Նրա հատուկ խնամքի և օրհնության ներքո: ՔԱ 164.1
Աստծո նպատակն Իր ժողովրդի հանդեպ և նրանց ընձեռված փառավոր հնարավորությունները շարադրված էին հետևյալ գեղեցիկ բառերով. «Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար” (Եսայիա 61.3): ՔԱ 164.2
Մեռնող Հակոբը, Սուրբ Հոգով ոգեշնչված, ասել էր իր ամենասիրելի որդու մասին. «Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ’ աղբյուրի վրա”: Եվ դարձյալ. «Քո հոր” Աստվածը «քեզ կօգնի”, և Ամենակարողը «քեզ կօրհնի երկնքի օրհնություններով’ վերևից, խորության օրհնություններով, որ պառկած է ցածում» (Օննդոց 49.22,25): Այսպիսով Աստված Իսրայելին տնկել էր որպես բարի որթ կյանքի աղբյուրների մոտ: Նա Իր այգին տնկեց «պարարտ լեռնածայրին», «ցանկապատեց նրան, քարերը հանեց միջից և նրանում ընտիր որթեր տնկեց” (Եսայիա 5.1,2): [215] ՔԱ 164.3
«Եվ սպասեց, որ խաղող բերի, բայց նա ազոխ բերեց” (Եսայիա 5.2): Քրիստոսի օրերի հրեաներն ավելի շատ էին ցուցադրում իրենց աստվածապաշտությունը, քան ավելի վաղ դարերի հրեաները, ովքեր ավելի զուրկ էին Աստծո Հոգու քաղցր շնորհներից: Բնավորության այն թանկագին պտուղները, որ Հովսեփի կյանքը դարձրել էին այդքան անուշահոտ և գեղեցիկ, չէին երևում հրեա ժողովրդի մեջ: ՔԱ 164.4
Աստված ի դեմս Իր Որդու պտուղ էր փնտրում, բայց չգտավ ոչ մեկը: Իսրայելը զուր տեղը զբաղեցրել էր հողը: Նրա գոյությունն անգամ անեծք էր, որովհետև նրա տեղը կարող էր մի պտղատու ծառ լինել: Նա կողոպտում էր աշխարհից այն օրհնությունները, որ Աստված նախատեսել էր տալ: Իս- րայելցիները սխալ էին ներկայացրել Աստծուն ազգերի մեջ: Նրանք ոչ միայն անպիտան, այլ նաև լուրջ արգելք էին դարձել: Նրանց կրոնն ավելի շատ մոլորեցնում էր և կործանում, քան թե փրկում: ՔԱ 164.5
Առակում այգեպանի մոտ հարց չէր առաջանում այն մասին, որ եթե ծառն անպտուղ մնա, պիտի կտրվի, բայց նա գիտի և կիսում է տիրոջ շահագրգռվածությունն այն անպտուղ ծառի վերաբերյալ: Նրան ոչինչ այնքան ուրախություն չէր կարող պատճառել, քան տեսնել նրա աճն ու պտղատվությունը, որի համար էլ այսպես է պատասխանում տիրոջ ցանկությանը. «Այս տարի էլ թող դրան, մինչև որ դրա չորս կողմով փորեմ և աղբ ածեմ: Թերևս պտուղ բերի: ՔԱ 165.1
Այգեպանը չի հրաժարվում ծառայել այդպիսի անխոստում- նալի բույսին: Նա պատրաստ է ավելի մեծ խնամք տանելու դրա համար: [216] Նա ամենաբարենպաստ պայմանները կստեղծի դրա շուրջը և իր ողջ ուշադրությունը կկենտրոնացնի դրա վրա: ՔԱ 165.2
Տերն ու այգեպանը հավասարապես են շահագրգռված թզենիով: Այդպես էլ Հայրն ու Որդին միաբան էին ընտրյալ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մեջ: Քրիստոսն ասում էր Իր ունկնդիրներին, որ նրանց ավելի մեծ հնարավորություններ կտրվեն: Բոլոր միջոցները, որ Աստծո սերը կարող է նախատեսել, կգործադրվեն, որպեսզի նրանք դառնան արդարության ծառեր’ պտուղ բերելով աշխարհի օրհնության համար: ՔԱ 165.3
Առակում Հիսուսը չպատմեց այգեպանի աշխատանքի արդյունքի մասին: Այդտեղ Նրա պատմությունն ընդհատվում է: Եզրակացությունը թողնվեց այն սերնդին, որ լսեց Նրա խոսքերը: Նրանց հանդիսավոր նախազգուշացում էր տրված. «Եթե ոչ, եկող տարի կտրի դրան”: Կասվեի՞ն արդյոք այդ անդառնալի խոսքերը, թե՞ ոչ’ կախված էր նրանցից: Մոտ էր բարկության օրը: Այն աղետներով, որ արդեն հասել էին Իսրայելին, այգու տերը ողորմածաբար նախազգուշացնում էր նրանց անպտուղ ծառի կործանման մասին: ՔԱ 165.4
Նախազգուշացումը վերաբերում է և մեզ’ ներկա ժամանակում ապրողներիս: Ո՜հ անհոգ սիրտ, դու մի անպտուղ ծառ չե՞ս արդյոք Աստծո այգու մեջ: Չե՞ն ասվի շուտով քեզ այս դատավճռի խոսքերը: Որքա՞ն ժամանակ ես ստացել Նրա պարգևները: Որքա՞ն երկար է Նա հսկել ու սպասել փոխադարձ սիրո: Լինելով տնկված Նրա այգում, գտնվելով այգեպանի հոգատար հսկողության ներքո’ ինչպիսի՜ առավելություններ ունես դու: Որքա՜ն հաճախ է Ավետարանի քնքուշ լուրը հուզել քո սիրտը: Դու կրում ես Քրիստոսի անունը, առերևույթ եկեղեցու անդամ ես, որ Նրա մարմինն է, և սակայն դու չես զգում կենդանի կապը սիրող վսեմ սրտի հետ: Նրա կյանքի հեղեղը չի հոսում քո միջով: Նրա բնավորության քաղցր հատկությունները’ «Հոգու պտուղները”, չեն երևում քո կյանքի մեջ: [217] ՔԱ 165.5
Անպտուղ ծառը ստանում է անձրև, արևի լույս և այգեպանի խնամքը: Այն սնունդ է վերցնում հողից: Բայց նրա անպտուղ սաղարթները միայն ստվեր են գցում հողի վրա, այնպես որ պտղատու բույսերը չեն կարողանում աճել նրա ստվերի տակ: Այդպես էլ Աստծո պարգևները, որ առատորեն բաշխվել են քեզ, ոչ մի օրհնություն չեն հաղորդում աշխարհին: Դու կողոպտում ես ուրիշների առավելությունը, որը նրանցը կլիներ, եթե դու չլինեիր Տիրոջ այգում: ՔԱ 166.1
Դու գիտակցում ես, թեև գուցե աղոտ կերպով, որ իզուր հող ես զբաղեցնում: Մինչդեռ Իր մեծ ողորմությամբ Աստված քեզ չի կտրել: Նա քեզ չի նայում սառնությամբ: Նա անտարբեր չի շրջվում քեզնից կամ թողնում, որ կործանվես: [218] Նայելով քեզ’ Նա բացականչում է, ինչպես բացականչեց Իսրայելի համար շատ դարեր առաջ. «Ես քեզ ինչպե՞ս թող տամ, ով Եփրեմ, և քեզ հանձնե՞մ, ով Իսրայել... Ես չեմ գործադրի իմ բորբոքած բարկությունը, կրկին չեմ ավերի Եփրեմին, որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ» (Օվսե 11.8,9): Գթառատ Փրկիչը քո մասին է ասում. «Այս տարի էլ թող դրան, մինչև որ դրա չորս կողմը փորեմ և աղբ ածեմ»: ՔԱ 166.2
Ինչպիսի անխոնջ սիրով Քրիստոսը ծառայեց Իսրայելին’ լրացուցիչ փորձնական ժամկետի ընթացքում: Խաչի վրա նա աղոթեց. «Հայր, թող դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում” (Ղուկաս 22.24): Նրա համբարձումից հետո Ավետարանն ամենից առաջ Երուսաղեմում քարոզվեց: Այնտեղ թափվեց Սուրբ Հոգին: Առաջին ավետարանչական եկեղեցին այնտեղ դրսևորեց հարուցյալ Փրկչի զորությունը: Այնտեղ ՔԱ 166.3
Ստեփանոսը, ում «երեսը հրեշտակի երեսի նման» էր (Գործ առաքելոց 6.15), տվեց իր վկայությունը և զոհեց իր կյանքը: Ամեն ինչ, որ երկինքը կարող էր տալ, շնորհվեց: «Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին,- ասաց Քրիստոսը,- որ ես չեմ արել նրան» (Եսայիա 5.4): Նույնպես էլ քո համար Նրա խնամքն ու աշխատանքը ոչ թե պակասում, այլ ավելանում է: Նա տակավին ասում է. «Ես՜ Տերս եմ նրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ նրան, որպեսզի... ոչ ոք չվնասի, գիշեր և ցերեկ ես նրան պահպանում եմ» (Եսայիա 27.3): ՔԱ 167.1