ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

20/62

Որոնելու վարձատրությունը

Թող ոչ ոք չմտածի, թե իր համար սովորելու այլևս ոչինչ չկա: Կարելի է չափել մարդկային մտքի խորությունը, կարելի է տիրապետել մարդկային հեղինակների գործերին, սակայն ամենաբարձր, ամենախոր ու ամենալայն երևակայության թռիչքը չի կարող մինչև վերջ ճանաչել Աստծուն: Անսահմանություն է ամեն ինչից այն կողմ, ինչ մենք կարող ենք ըմբռնել: Մենք տեսել ենք աստվածային փառքի, անսահման գիտության և իմաստնության առկայծումները միայն, մենք կարծես աշխատել ենք հանքի մակերեսին, մինչդեռ ոսկու հարուստ հանքաքարը ներքևն է’ վարձատրելու համար նրան, ով փորում է այն գտնելու նպատակով: Հիմնանցքը պետք է ավելի ու ավելի խորացվի հանքի մեջ, և արգասիքը կլինի փառավոր գանձը: ճշմարիտ հավատի միջոցով մարդը կարող է ըմբռնել աստվածային գիտությունը: [114] Ուսումնասիրել Քրիստոսի Հոգով Սուրբ Գիրքը և չպարգևատրվել’ անհնար է: Երբ մարդ պատրաստ է խրատվել փոքրիկ երեխայի պես, երբ նա ամբողջովին ենթարկվում է Աստծուն, նա կգտնի ճշմարտությունը Նրա խոսքի մեջ: Եթե մարդիկ հնազանդ լինեն, նրանք կհասկանան Աստծո կառավարման ծրագիրը: Երկնային աշխարհը կբացի իր շնորհի և փառքի գանձարանները ուսումնասիրության համար: Մարդկային էակները միանգամայն ուրիշ կլինեն, քան այսօր են, որովհետև ճշմարտության հանքաքարերի ուսումնասիրության միջոցով նրանք կազնվանան: Փրկության գաղտնիքը, Քրիստոսի մարմնավորումը, Նրա քավչարար զոհաբերությունն այնպես անորոշ չէր լինի մեր մտքերի մեջ, ինչպես հիմա է: Դրանք ոչ միայն ավելի լավ կհասկացվեն, այլ նաև անհամեմատ ավելի բարձր կգնահատվեն: ՔԱ 80.1

Հորն աղոթելիս Քրիստոսն աշխարհին մի դաս տվեց, որ պետք է սեպվի մտքի և հոգու մեջ: «Եվ սա է հավիտենական կյանքը,- ասաց Նա,- որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր’ Հիսուս Քրիստոսին” (Հովհան- նես 17.3): Սա է ճշմարիտ կրթությունը: Այն զորացնում է: Փորձառական գիտությունն Աստծո և Յիսուս Քրիստոսի մասին, Ում Նա ուղարկեց, վերափոխում է մարդուն Աստծո նմանությամբ: Այն մարդուն ինքնակառավարման ուժ է տալիս’ մարդկային ընկած բնության ստոր կրքերն ու մղումները ենթարկեցնելով մտքի բարձրագույն ուժերի ղեկավարմանը: Այն մարդուն դարձնում է Աստծո որդի և երկնքի ժառանգորդ: Այն հաղորդակից է դարձնում Անսահմանի մտքի հետ և նրա առջև բացում տիեզերքի հարուստ գանձերը: ՔԱ 80.2

Սա է այն գիտությունը, որ ձեռք է բերվում Աստծո խոսքն ուսումնասիրելու միջոցով: Եվ այս գանձը կարող է գտնել ամեն մի մարդ, ով ամեն ինչ կտա այն ձեռք բերելու համար: ՔԱ 81.1

«Երբ որ հասկացողությանը կանչես, և ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես ինչպես արծաթ, և գանձերի նման նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և Աստծո գիտությունը կգտնես» (Առակաց 2.3-5): [115] ՔԱ 81.2